Սեղմել Esc փակելու համար:
2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՔԱՂԱՔ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՔԱՂԱՔ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ Տ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 7 հուլիսի 2026 թ.

 

2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՔԱՂԱՔ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող, զեկուցող), Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի դեկտեմբերի 21-ին քաղաք Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2026 թվականի ապրիլի 30-ի N 575-Ա որոշմամբ հավանություն է տվել «2025 թվականի դեկտեմբերի 21-ին քաղաք Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2026 թվականի մայիսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը (այսուհետ նաև` Համաձայնագիր) ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին քաղաք Սանկտ Պետերբուրգում` Կողմերի(1) միջև ապրանքների առևտուրը ազատականացնելու և պարզեցնելու, այդ թվում` սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, տնտեսական և առևտրային փոխգործակցությանն աջակցելու, ինչպես նաև առևտրի ընդլայնումը խրախուսելու նպատակով:

__________________________

1) Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը (այսուհետ` ԵԱՏՄ անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ` ԵԱՏՄ)` ԵԱՏՄ-ի մասին պայմանագրից բխող իրենց համապատասխան իրավասությունների շրջանակներում գործելով համատեղ կամ առանձին` մի կողմից, և Ինդոնեզիան` մյուս կողմից, այսուհետ առանձին` Կողմ, իսկ միասին` Կողմեր:

 

2. Համաձայնագրի հավելվածները և առդիրները կազմում են Համաձայնագրի անբաժանելի մասը:

Համաձայնագիրը կազմված է հետևյալ հավելվածներից` Հավելված 1. «Սակագնային պարտավորությունների ժամանակացույցներ», Հավելված 2. «Առանձին արտադրատեսակներին առնչվող հատուկ կանոններ», Հավելված 3. «Ծագման սերտիֆիկատ», Հավելված 4. «Ծագման հայտարարագիրը», Հավելված 5. «Մրցակցային մարմինների պաշտոնական վեբ կայքերը», Հավելված 6. «Արբիտրաժի կանոնակարգ», Հավելված 7. «Արբիտրների վարքագծի կանոնները»:

3. ՍԱԳՀ-ի(2) (1994 թվական) I հոդվածը, XI հոդվածը և դրանց բացատրական ծանոթագրությունները, VIII հոդվածը, ինչպես նաև ԱՀԿ համաձայնագրին(3) համապատասխան կիրառվող` ՍԱԳՀ-ի (1994 թվական) I և VIII հոդվածներով սահմանված պարտավորություններից ցանկացած բացառություն, ազատում և հրաժարում և ՍԱԳՀ-ի (1994 թվական) III հոդվածին համապատասխան այդպիսի ռեժիմ տրամադրելուց ցանկացած բացառություն, ազատում և հրաժարում ընդգրկված են Համաձայնագրում և կազմում են դրա մասը:

__________________________

2) «ՍԱԳՀ 1994» նշանակում է 1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագիրը և դրա բացատրական ծանոթագրությունները` նշված ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում:

3) «ԱՀԿ համաձայնագիր» նշանակում է «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի Մարաքեշի համաձայնագիր:

 

ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ներկայացված «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի I բաժինը և «Ներմուծման լիցենզավորման մասին(4)» համաձայնագրի 1-3-րդ հոդվածները, ՍԲՍ համաձայնագիրը(5) և ԱՏԽ համաձայնագրի(6) 2-10-րդ հոդվածները և 3-րդ հավելվածը ներառվում են Համաձայնագրում և կազմում են դրա մասը, իսկ Համաձայնագրի 6-րդ գլխի նպատակներով ԱՏԽ համաձայնագրի 1-ին հավելվածում նշված եզրույթները և դրանց սահմանումները ներառվում են Համաձայնագրի 6-րդ գլխում և կազմում են դրա մասը:

__________________________

4) ««Ներմուծման լիցենզավորման մասին» համաձայնագիր» նշանակում է ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ներառված «Ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի մասին» համաձայնագիր:

5) «ՍԲՍ համաձայնագիր» նշանակում է «Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» համաձայնագիրը` ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածին համաձայն:

6) «ԱՏԽ համաձայնագիր» նշանակում է «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը` ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածին համաձայն:

 

4. Տարեկան հավասար փուլեր անցկացնելու նպատակով սակագնային նվազեցման առաջին փուլը տեղի է ունենում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվին, իսկ հետագա տարեկան նվազեցումները տեղի են ունենում յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ին (հավելված 1, բաժին Ա, պարբերություն 2):

Կողմերը Համաձայնագրով ստեղծում են ազատ առևտրի գոտի` Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի (1994 թվական) XXIV հոդվածին համապատասխան:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

5.1. մյուս Կողմի ապրանքների համար ապահովել ազգային ռեժիմ` ՍԱԳՀ-ի (1994 թվական) III հոդվածին, այդ թվում` դրա բացատրական ծանոթագրություններին համապատասխան (հոդված 2.3),

5.2. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության սակագնային անվանացանկի ցանկացած փոփոխություն կատարվի` առանց խաթարելու Համաձայնագրի 1-ին հավելվածին համապատասխան սահմանված սակագնային զիջումները (Սակագնային պարտավորությունների ժամանակացույց), ընդ որում` ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի և Ինդոնեզիայի առևտրի դասակարգման այդպիսի փոփոխությունը կատարվում է համապատասխանաբար` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ինդոնեզիայի կողմից (հոդված 2.4, պարբերություն 2),

5.3. Համաձայնագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում նվազեցնել կամ վերացնել մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքների համար կիրառվող մաքսատուրքերը` Համաձայնագրի 1-ին հավելվածում (Սակագնային պարտավորությունների ժամանակացույցներ) նշված սակագնային պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության ժամանակացույցին համապատասխան (հոդված 2.5, պարբերություն 1),

5.4. Համաձայնագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքի համար չավելացնել գործող մաքսատուրքը կամ ընդունել նոր մաքսատուրք, որը գերազանցում է Համաձայնագրի 1-ին հավելվածում (Սակագնային պարտավորությունների ժամանակացույցներ) նշված սակագնային պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության ժամանակացույցում սահմանված մակարդակը (հոդված 2.5, պարբերություն 2),

5.5. եթե կոնկրետ ապրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող մաքսատուրքի առավել բարենպաստության ռեժիմով (այսուհետ Համաձայնագրի 2-րդ գլխում` ԱԲՌ) սահմանված դրույքաչափն ավելի ցածր է, քան Համաձայնագրի 1-ին հավելվածում (Սակագնային պարտավորությունների ժամանակացույցներ) նշված սակագնային պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության ժամանակացույցով նախատեսված մաքսատուրքի դրույքաչափը, ապա` մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքի նկատմամբ կիրառել ավելի ցածր դրույքաչափ և ԱԲՌ-ի դրույքաչափի փոփոխությունները հրապարակել համացանցում (հոդված 2.5, պարբերություն 3),

5.6. Համաձայնագրի 2.6-րդ հոդվածով սահմանված կարգով` ապահովել սակագնային պարտավորությունների կատարման արագացումը կամ բարելավումը (հոդված 2.6),

5.7. ներմուծման կամ արտահանման հետ կապված Հայաստանի Հանրապետության կողմից կիրառվող վճարների և գանձումների վերաբերյալ տեղեկություններն անմիջապես տեղադրել համացանցում (հոդված 2.7, պարբերություն 2),

5.8. Համաձայնագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում` չընդունել կամ չպահպանել մյուս Կողմի ապրանքի ներմուծման կամ մյուս Կողմի տարածքի համար նախատեսված ապրանքի արտահանման կամ արտահանման նպատակով վաճառքի որևէ արգելք կամ սահմանափակում` բացառությամբ ԱՀԿ-ի շրջանակներում նրա իրավունքներին և պարտավորություններին համապատասխանող դեպքերի, և այդ նպատակով ՍԱԳՀ-ի (1994 թվական) XI հոդվածը և դրա բացատրական ծանոթագրությունները ներառվում են Համաձայնագրում և կազմում են դրա մասը (հոդված 2.9),

5.9. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության` «Ներմուծման լիցենզավորման մասին» համաձայնագրի 1-3-րդ հոդվածներով սահմանված ներմուծման լիցենզավորման ընթացակարգերն իրականացվեն թափանցիկ և կանխատեսելի ձևով և կիրառվեն «Ներմուծման լիցենզավորման մասին» համաձայնագրին համապատասխան և այս նպատակով «Ներմուծման լիցենզավորման մասին» համաձայնագրի 1-3-րդ հոդվածներն ինկորպորացվում են Համաձայնագրում և կազմում են դրա մասը (հոդված 2.10, պարբերություն 1),

5.10. Կողմի պահանջի դեպքում` հնարավորության սահմաններում ողջամիտ ժամկետներում տրամադրել ներմուծման լիցենզավորման Հայաստանի Հանրապետության ընթացակարգերի իրականացման վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո մյուս Կողմին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության գործող ներմուծման լիցենզիաների մասին, եթե դրանք առկա են, և ծանուցման մեջ ներառել «Ներմուծման լիցենզավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված տեղեկությունները (հոդված 2.10, պարբերություններ 2 և 3),

5.11. ընդունել ապրանքափոխանակության օգտագործումը որպես միջազգային առևտրի այլընտրանքային մեխանիզմ, որը կարող է դյուրացնել առևտրային շրջանառությունը` խթանելով տնտեսական զարգացումը (հոդված 2.11, պարբերություն 1),

5.12. ձգտել նպաստել Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածների միջև ապրանքափոխանակության գործարքների իրականացմանը (հոդված 2.11, պարբերություն 2),

5.13. պահանջի դեպքում փոխանցել և տրամադրել ապրանքափոխանակության կառավարման, այդ թվում` գործող օրենքների և կարգավորումների վերաբերյալ տեղեկություններ (հոդված 2.11, պարբերություններ 3),

5.14. ճանաչել արտոնյալ պայմաններով առևտրի վերաբերյալ տվյալների նշանակությունը` Համաձայնագրի իրականացման վերլուծությունը ճշգրտորեն կատարելու համար, ինչպես նաև համագործակցել` Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև ապրանքների առևտրին վերաբերող տվյալների պարբերական փոխանակումն ապահովելու նպատակով (հոդված 2.12, պարբերություն 1),

5.15. Համաձայնագրի 3-րդ գլխով նախատեսված Ծագման կանոնները կիրառել միայն Համաձայնագրով սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ տրամադրելու նպատակներով (հոդված 3.1),

5.16. Համաձայնագրի 3.17-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նշված Ծագման ապացույցներից որևէ մեկը ներկայացվելու դեպքում` մյուս Կողմի ծագում ունեցող ապրանքների համար, Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ տրամադրել սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ. չնայած վերոհիշյալին` Համաձայնագրի 3.18-րդ հոդվածում (Ծագման ապացույց ներկայացնելուց ազատելը) նշված դեպքերում ծագում ունեցող ապրանքների համար տրամադրել սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ` առանց Համաձայնագրի 3.17-րդ հոդվածում նշված որևէ փաստաթղթի ներկայացման անհրաժեշտության (հոդված 3.17),

5.17. ծագման ապացույց չպահանջել ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ ստանալու համար այն դեպքում, երբ մաքսային արժեքը չի գերազանցում 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլարը կամ Հայաստանի Հանրապետության արժույթով համարժեք գումարը` պայմանով, որ տվյալ ներմուծումը չի կազմի մեկ կամ մեկից ավելի խմբաքանակների մաս, որոնք ողջամտորեն կարող են դիտարկվել որպես Ծագման ապացույց ներկայացնելուց խուսափելու նպատակով նախաձեռնված կամ իրականացված միջոց (հոդված 3.18),

5.18. որպես արտահանող Կողմ` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինն ապահովի, որ Ծագման հավաստագրերը տրամադրվեն ձևաչափին համապատասխան և լրացվեն պատշաճորեն` Համաձայնագրի 3-րդ հավելվածով (Ծագման հավաստագիր) սահմանված պահանջներին համապատասխան (հոդված 3.19, պարբերություն 5),

5.19. ապահովել, որ ներկայացված Ծագման հավաստագրերի իսկությունը հնարավոր լինի ստուգել Համաձայնագրի 3.31-րդ հոդվածում (Էլեկտրոնային տվյալների շտեմարանների օգտագործումը) նշված էլեկտրոնային տվյալների շտեմարանների օգտագործմամբ (հոդված 3.19, պարբերություն 7),

5.20. որպես ներմուծող Կողմ` ծագում ունեցող ապրանքների համար սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ տրամադրել այն դեպքերում, երբ հաշիվ-վավերագիրը տրվում է Կողմում կամ Համաձայնագրի Կողմ չհանդիսացող պետությունում գրանցված անձի կողմից` պայմանով, որ այդպիսի ապրանքները համապատասխանեն Համաձայնագրի 3-րդ գլխի պահանջներին (հոդված 3.25, պարբերություն 1),

5.21. Համաձայնագրով նախատեսված սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը կիրառել Համաձայնագրի 3-րդ գլխի պահանջները բավարարող` ծագում ունեցող ապրանքների նկատմամբ (հոդված 3.26, պարբերություն 1),

5.22. որպես ներմուծող Կողմ` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները ծագում ունեցող ապրանքների համար տրամադրեն սակագնային առանձնաշնորհումների ռեժիմ, եթե` ներմուծվող ապրանքները բավարարում են Համաձայնագրի 3.3-րդ հոդվածում (Ծագման չափորոշիչներ) նշված ծագման չափորոշիչները, կատարվել են Համաձայնագրի 3.15-րդ հոդվածում (Խմբաքանակի անմիջական փոխադրումը) նշված խմբաքանակի անմիջական փոխադրման պահանջները, և ներմուծվող ապրանքների ծագումը հաստատվում է Ծագման ապացույցով` Համաձայնագրի 3-րդ գլխով նախատեսված պահանջների համաձայն (հոդված 3.26, պարբերություն 2),

5.23. եթե ներմուծման պահին խմբաքանակի անմիջական փոխադրման համապատասխան Ծագման ապացույց կամ փաստաթղթային ապացույց չի ներկայացվել, ապա որպես ներմուծող Կողմ սահմանել կիրառելի ԱԲՌ մաքսատուրք կամ պահանջել ներմուծված ապրանքների մասով ապահովման վճարում, եթե կիրառելի է (հոդված 3.26, պարբերություն 4),

5.24. Համաձայնագրի 3.27-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նշված դեպքերից որևէ մեկի առկայության դեպքում` որպես ներմուծող Կողմ` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները մերժեն սակագնային առանձնաշնորհումների ռեժիմի տրամադրումը (հոդված 3.27, պարբերություն 2),

5.25. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակի լիազորված մարմնին և ստուգող մարմնին կամ պահպանի դրանք (հոդված 3.28),

5.26. Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ մյուս Կողմին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջոցով տրամադրել Համաձայնագրի 3.29-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված տեղեկությունները (հոդված 3.29, պարբերություն 1),

5.27 անթուղթ առևտրի հետագա խթանման համար ձգտել էլեկտրոնային տվյալների փոխանակման հայեցակարգի հիման վրա ներդնել Ծագման մասին տվյալների փոխանակման էլեկտրոնային համակարգ (այսուհետ` ԾՏՓԷՀ) և ապահովել դրա գործունեությունը (հոդված 3.32, պարբերություն 1),

5.28. Հայաստանի Հանրապետության կողմից ԾՏՓԷՀ-ի ներդրման դեպքում` Համաձայնագրի 3.26-րդ հոդվածի (Սակագնային առանձնաշնորհումների ռեժիմի տրամադրումը) 2-րդ պարբերության «գ» ենթապարբերության համաձայն ապրանքների ծագումը հաստատելու համար` որպես ներմուծող Կողմ` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները չպահանջեն Ծագման հավաստագրի բնօրինակը, դրա պատճենը կամ ոչ թղթային, այլ էլեկտրոնային ձևաչափով տրված Ծագման հավաստագիրը (հոդված 3.32, պարբերություն 4),

5.29. Համաձայնագրի 3.33-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացնել ծագման ստուգում (հոդված 3.33),

5.30. ստուգման պահանջին ի պատասխան` որպես արտահանող Կողմ` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ստուգման մարմինը հստակորեն նշի` արդյոք Ծագման ապացույցը հավաստի է, և (կամ) ապրանքները կարող են համարվել ծագում ունեցող, այդ թվում` ապրանքներն արտադրողի և (կամ) արտահանողի կողմից ստացված անհրաժեշտ փաստաթղթային ապացույցը տրամադրելով, ինչպես նաև ապահովել, որ վճարված մաքսատուրքերը կամ ապահովման միջոցը փոխհատուցվի, եթե ստուգման ընթացակարգերի իրականացումից ստացված արդյունքներով հաստատվում և հստակ նշվում է, որ ապրանքները որակվում են որպես ծագում ունեցող, և որ Համաձայնագրի 3-րդ գլխի մյուս բոլոր պահանջները բավարարվել են (հոդված 3.33, պարբերություն 6),

5.31. Համաձայնագրի 3.34-րդ հոդվածով սահմանված նպատակով և կարգով անցկացնել ստուգայցեր (հոդված 3.34),

5.32. Համաձայնագրի 3 և 4-րդ գլխի համաձայն տրամադրված բոլոր տեղեկությունները դիտարկել որպես գաղտնի` համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն, և ապահովել, որ այդ տեղեկությունները չբացահայտվեն առանց դրանք տրամադրած անձի կամ Կողմի մարմնի թույլտվության` բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բացահայտելը կարող է անհրաժեշտ լինել դատական վարույթի համատեքստում (հոդվածներ 3.35 և 4.9),

5.33. Համաձայնագրի 3-րդ գլխի հետ կապված` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կարգավորումների խախտման համար նախատեսել քրեական կամ վարչական պատժամիջոցներ (հոդված 3.36),

5.34. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ընթացակարգերը համապատասխանեն Համաձայնագրի 4-րդ գլխի 4.1-ին հոդվածով (Գործողության ոլորտը) սահմանված նպատակներին (հոդված 4.2, պարբերություն 1),

5.35. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային ընթացակարգերը հնարավորության դեպքում և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքների և կարգավորումների շրջանակներում հիմնված լինեն Համաշխարհային մաքսային կազմակերպության չափանիշների և առաջարկվող գործելակերպերի վրա (հոդված 4.2, պարբերություն 3),

5.36. ձգտել վերանայել Հայաստանի Հանրապետության մաքսային ընթացակարգերը` առևտուրը դյուրացնելու նպատակով դրանք պարզեցնելու համար (հոդված 4.2, պարբերություն 4),

5.37. հնարավորության սահմաններում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքները և կարգավորումները հրապարակել անգլերենով և ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները նշանակեն կամ ունենան մեկ կամ մեկից ավելի հարցումների իրականացման կենտրոններ` շահագրգիռ անձանց կողմից մաքսային հարցերի վերաբերյալ հարցումներն ուսումնասիրելու նպատակով, և այդ հարցումների իրականացման կետերի մասին տեղեկությունները հրապարակեն համացանցում (հոդված 4.3, պարբերություններ 1 և 2),

5.38. համապատասխանաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ինդոնեզիայի Հանրապետության մաքսային և ակցիզային հարցերով գլխավոր տնօրինության, Ֆինանսների նախարարության միջոցով մյուս Կողմին ուղարկել հարցումների իրականացման նշանակված կենտրոնների կոնտակտային տվյալները (հոդված 4.3, պարբերություններ 3),

5.39. սահմանել կամ շարունակել կիրառել ապրանքների բացթողումն արագացնելուն ուղղված մաքսային ընթացակարգեր` Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև առևտուրը դյուրացնելու նպատակով, համաձայն որի` նախատեսել ապրանքների բացթողում ժամանումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն սովորական հանգամանքներում` մաքսային հայտարարագրի գրանցումից հետո 24 (քսանչորս) ժամը չգերազանցող ժամկետում` պայմանով, որ բավարարվել են բոլոր նորմատիվ պահանջները, և մինչև ապրանքների ժամանումը սահմանել և պահպանել մաքսային տեղեկությունների էլեկտրոնային ներկայացման և մշակման հնարավորությունը` ժամանելուն պես ապրանքների բացթողումն արագացնելու նպատակով (հոդված 4.4),

5.40. Համաձայնագրի 4.5-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ, 6.11, 7.14 և 8.11-րդ հոդվածներով, 9.20-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ, 9.23, 10.6, 11.9 և 14.5-րդ հոդվածներով սահմանված նպատակներով և կարգով ստեղծել կամ նշանակել կապի ապահովման կենտրոն(ներ) (հոդված 4.5, պարբերություն 7, հոդվածներ 6.11, 7.14, 8.11, հոդված 9.20, պարբերություն 7, հոդվածներ 9.23, 10.6, 11.9 և 14.5),

5.41. մաքսային ընթացակարգերն իրականացնելու նպատակով կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաներ` Համաշխարհային մաքսային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկված համապատասխան չափանիշների և լավագույն գործելակերպերի համաձայն (հոդված 4.6),

5.42. Համաձայնագրի 5-րդ գլխով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կիրառել հակագնագցման, փոխհատուցման և համընդհանուր պաշտպանական միջոցներ` համաձայն ՍԱԳՀ-ի (1994 թվական) VI և XIX հոդվածների, Հակագնագցման համաձայնագրի(7), ՍՓՄ համաձայնագրի(8) «Պաշտպանական միջոցների մասին» համաձայնագրի (հոդված 5.1, պարբերություններ 1),

__________________________

7) ««Հակագնագցման միջոցների մասին» համաձայնագիր» նշանակում է ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ներառված «1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VI հոդվածի իրականացման մասին» համաձայնագիր:

8) «ՍՓՄ համաձայնագիր» նշանակում է «Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին» համաձայնագիրը` ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածի համաձայն:

 

5.43. Համաձայնագրի 5-րդ գլխով կարգավորվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի միջև բոլոր պաշտոնական հաղորդակցությունների և փաստաթղթերի փոխանակումը կատարել Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի իրավասու մարմինների միջև` պահպանելով Համաձայնագրի 5.2 հոդվածով սահմանված հաղորդակցության պահանջները (հոդված 5.2),

5.44. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության քննություն իրականացնող մարմինը գաղտնի տեղեկություն տրամադրող շահագրգիռ կողմերից պահանջի ներկայացնել դրա ոչ գաղտնի ամփոփագիրը (հոդված 5.4),

5.45. Կողմի հետ առևտրի պաշտպանական միջոցների շուրջ համագործակցությունն իրականացնել լավագույն գործելակերպ հանդիսացող երկխոսության ձևով` ներգրավելով Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի իրավասու մարմինների համապատասխան մակարդակի ներկայացուցիչներ (հոդված 5.5, պարբերություն 1),

5.46. ցանկացած վարույթի շրջանակներում, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննություն իրականացնող մարմինը որոշում է իրականացնել պատասխանող կողմի կողմից տրամադրված տեղեկությունների տեղում ստուգում, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության քննություն իրականացնող մարմինը յուրաքանչյուր պատասխանողի անհապաղ տեղեկացնի իր մտադրության մասին` Համաձայնագրի 5.6-րդ հոդվածով սահմանված կարգով (հոդված 5.6),

5.47. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության քննություն իրականացնող մարմինը յուրաքանչյուր ընթացիկ քննության կամ ուսումնասիրության համար վարի ոչ գաղտնի նիշք, որը պարունակում է յուրաքանչյուր ընթացիկ քննության կամ ուսումնասիրության փաստաթղթաբանության կազմում առկա բոլոր ոչ գաղտնի տեղեկությունները` հնարավորության սահմաններում առանց բացահայտելու գաղտնի տեղեկությունները (հոդված 5.7, պարբերություն 1),

5.48. քննության կամ ուսումնասիրության փաստաթղթաբանության կազմում առկա բոլոր ոչ գաղտնի տեղեկությունների ոչ գաղտնի նիշքը ժամանակին հասանելի դարձնել շահագրգիռ կողմերին` պահպանելով Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի օրենքներով և կարգավորումներով սահմանված ընթացակարգերը, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության քննություն իրականացնող մարմինը ժամանակին հնարավորություն ընձեռի էլեկտրոնային ձևով ներբեռնել քննության և ուսումնասիրության փաստաթղթաբանության կազմում առկա ոչ գաղտնի փաստաթղթերը (հոդված 5.7, պարբերություն 2),

5.49. քննությանը մասնակցող շահագրգիռ կողմերին տրամադրել յուրաքանչյուր ընթացիկ քննության կամ ուսումնասիրության փաստաթղթաբանության կազմում առկա փաստաթղթերի թարմացված ցանկը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային ձևով (հոդված 5.7, պարբերություն 3),

5.50. ժամանակավոր հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների սահմանումից անմիջապես հետո կամ ցանկացած պարագայում հակագնագցման կամ փոխհատուցման միջոցների վերաբերյալ վերջնական որոշման կայացումից առաջ բոլոր շահագրգիռ կողմերին հայտնել բոլոր էական փաստերը, որոնք կազմում են համապատասխանաբար ժամանակավոր կամ վերջնական միջոցներ կիրառելու որոշման հիմքը` ներառելով Համաձայնագրի 5.9-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված տեղեկությունները (հոդված 5.9, պարբերություն 1),

5.51. դրական որոշման դեպքում, որով նախատեսվում է վերջնական տուրքի սահմանում կամ գնային պարտավորության ընդունում, ապահովել, որ քննության վերաբերյալ հանրային ծանուցումը պարունակի, կամ էլ առանձին հաշվետվությամբ տրամադրվի բոլոր համապատասխան տեղեկությունները` փաստական հանգամանքների և իրավունքի հարցերի ու հիմքերի վերաբերյալ, որոնց արդյունքում սահմանվում են վերջնական միջոցները, կամ ընդունվում է գնային պարտավորությունը, իսկ գաղտնի տեղեկությունները փաստական հանգամանքների վերաբերյալ համապատասխան տեղեկությունների մաս կազմելու դեպքում Համաձայնագրի 5.10-րդ հոդվածով նախատեսված բացահայտման պարտավորությունն ապահովել, որ կատարի քննություն իրականացնող մարմինը` բացահայտելով այդ տեղեկությունների ոչ գաղտնի ամփոփագրերը, և ապահովել, որ նման ծանուցումը կամ հաշվետվությունը պարունակի Համաձայնագրի 5.10-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները (հոդված 5.10),

5.52. Համաձայնագրի 5.11-րդ հոդվածով սահմանված կարգով` ընդունել շրջանցման գործելակերպերը կանխելու կարևորությունը և համաձայնել համագործակցել մինչև շրջանցումը կանխելու նպատակով քննության իրականացումը (հոդված 5.11),

5.53. Համաձայնագրի 5.13 և 5.14-րդ հոդվածներով սահմանված կարգով` համապատասխանաբար կիրառել համընդհանուր և երկկողմ պաշտպանիչ միջոցներ (հոդվածներ 5.13 և 5.14),

5.54. Համաձայնագրի 6-րդ գլուխը կիրառել ԱՏԽ համաձայնագրի 1-ին հավելվածով սահմանված կարգով այն չափանիշների, տեխնիկական կանոնակարգերի ու համապատասխանության գնահատման ընթացակարգերի պատրաստման, ընդունման և կիրառման նկատմամբ, որոնք կարող են ազդել Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև ապրանքների առևտրի վրա, բացառությամբ պետական մարմինների` արտադրության կամ սպառման պահանջների համար պետական մարմինների կողմից կազմված գնման մասնագրերի և Համաձայնագրի 7-րդ գլխում (Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումները) սահմանված սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների (հոդված 6.3),

5.55. ապահովել Համաձայնագրի 6.7-րդ հոդվածով սահմանված համապատասխանության գնահատման իրականացումը (հոդված 6.7),

5.56. ապահովել Համաձայնագրի 6.9, 7.10, 9.22 և 11.5-րդ հոդվածներով և Համաձայնագրի 13-րդ գլխով սահմանված թափանցիկության պահանջների կատարումը (հոդվածներ 6.9, 7.10, 9.22, 11.5 և գլուխ 13),

5.57. Համաձայնագրի 7-րդ գլուխը կիրառել բոլոր սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների (այսուհետ` ՍԲՍ) նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են ազդել Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև առևտրի վրա (հոդված 7.1),

5.58. եթե Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև շրջանառվող կենդանիների կամ բույսերի առողջությունը կամ արտադրանքի անվտանգությունը հաստատելու համար անհրաժեշտ է անվտանգությունը հաստատող փաստաթուղթ (հավաստագիր), ապա որպես արտահանող Կողմ` ապահովել ներմուծող Կողմի պահանջներին համապատասխանությունը, իսկ որպես ներմուծող Կողմ հանդես գալու պարագայում` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ներմուծման պահանջները կիրառվեն համամասնորեն և առանց խտրականության այնքանով, որքանով անհրաժեշտ է մարդու, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար` հաշվի առնելով միջազգային չափանիշները, ուղեցույցները կամ առաջարկությունները (հոդված 7.8, պարբերություն 1),

5.59. համաձայնել, որ կենդանիների կամ բույսերի առողջությունը կամ արտադրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթերի (հավաստագրերի) ձևերի հաստատման ընթացակարգերն իրականացվեն և ավարտվեն առանց անհարկի ձգձգման, և առևտուրը դյուրացնելու նպատակով խթանել կենդանիների կամ բույսերի առողջությունը կամ արտադրանքի անվտանգությունը հաստատող փաստաթղթերի (հավաստագրերի) մասով էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառումը (հոդված 7.8, պարբերություններ 2 և 3),

5.60. Համաձայնագրի 8-րդ գլուխը կիրառել Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված կամ կիրառված այն միջոցների նկատմամբ, որոնք ազդում են էլեկտրոնային միջոցներով իրականացվող առևտրի վրա, բացառությամբ` պահվող կամ մշակվող տեղեկությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կողմից կամ Հայաստանի Հանրապետության անունից հավաքված կամ փոխանցված տեղեկությունների կամ այդ տեղեկությունների հետ կապված միջոցառումների, այդ թվում` դրանց հավաքման, պահման, մշակման կամ փոխանցման հետ կապված միջոցառումների և պետական գնումների (հոդված 8.2),

5.61. չժխտել, որ էլեկտրոնային ստորագրություններն ունեն նույն իրավական ուժն ու վավերականությունը, ինչ ոչ էլեկտրոնային ստորագրությունները, եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով ու կարգավորումներով այլ բան նախատեսված չէ, և ձգտել փոխադարձաբար ճանաչել էլեկտրոնային ստորագրությունները, որտեղ կիրառելի են, և խրախուսել իսկության էլեկտրոնային հաստատման փոխգործակցող համակարգի կիրառումը (հոդված 8.4, պարբերություններ 1 և 4),

5.62. ընդունել ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար անհրաժեշտ թղթային ձևերի և փաստաթղթերի վերացման կարևորությունը և ձգտել ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրամադրվող կամ վերահսկվող փաստաթղթերի ձևերը հանրությանը հասանելի դարձնել էլեկտրոնային ձևաչափով (հոդված 8.5, պարբերություններ 1 և 2),

5.63. ձգտել ընդունել էլեկտրոնային ձևաչափով ներկայացվող` ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրամադրվող կամ վերահսկվող փաստաթղթերը` որպես այդ փաստաթղթերի թղթային տարբերակի իրավական համարժեք, ինչպես նաև ձգտել իրականացնել այնպիսի նախաձեռնություններ, որոնցով նախատեսվում է անթուղթ առևտրի իրականացում` հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների կողմից հաստատված մեթոդները և առաջարկությունները (հոդված 8.5, պարբերություններ 3 և 4),

5.64. օրենքներով կամ կարգավորումներով այլ բան նախատեսված չլինելու դեպքում չժխտել էլեկտրոնային պայմանագրի իրավական ուժը և իրավաչափությունը(9) բացառապես այն հիմքով, որ պայմանագիրը կնքվել է էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ (հոդված 8.6),

__________________________

9) Ավելի ստույգ` էլեկտրոնային պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որը կնքվել է հաղորդագրությունների փոխանցման ավտոմատացված համակարգի հետ փոխգործակցությամբ:

 

5.65. ընդունել էլեկտրոնային առևտրից օգտվողների անձնական տվյալների պաշտպանության տնտեսական և սոցիալական առավելությունները և էլեկտրոնային առևտրի նկատմամբ սպառողների վստահության բարձրացման գործում դրա կատարած ներդրումը (հոդված 8.7, պարբերություն 1),

5.66. ընդունել կամ կիրառել այն միջոցները, որոնք ապահովում են էլեկտրոնային առևտրից օգտվողների անձնական տվյալների պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության օրենքներին և կարգավորումներին համապատասխան (հոդված 8.7, պարբերություն 2),

5.67. ձգտել կիրառել այն միջոցները, որոնք թույլ են տալիս ստանալ անհատի համաձայնությունն էլեկտրոնային առևտրի իրականացման նպատակով իր անձնական տվյալների անդրսահմանային փոխանցման համար` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և կարգավորումներով սահմանված դեպքերի (հոդված 8.7, պարբերություն 4),

5.68. ընդունել կամ կիրառել միջոցներ` ուղղված մոլորեցնող, խարդախ և խաբեությամբ իրականացվող առևտրային գործունեության արգելմանը, որոնք վնաս կամ հնարավոր վնաս են պատճառում էլեկտրոնային առևտրում ներգրավված սպառողներին (հոդված 8.8, պարբերություն 2),

5.69. ընդունել սպառողների պաշտպանության Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կամ այլ համապատասխան մարմինների միջև համագործակցության, այդ թվում` օրենքների և կարգավորումների, լավագույն գործելակերպերի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի մասով սպառողների իրավունքների խախտման` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համապատասխան դեպքերի շուրջ համագործակցության կարևորությունը (հոդված 8.8, պարբերություն 7),

5.70. ձգտել սպառողների համար ապահովել իրավական պաշտպանության միջոցներ այն անցանկալի առևտրային էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկողների նկատմամբ, որոնք չեն կատարել Հայաստանի Հանրապետության օրենքներին և կարգավորումներին համապատասխան անցանկալի առևտրային էլեկտրոնային հաղորդագրությունների քանակը նվազեցնելու նպատակով ընդունված կամ կիրառված միջոցները (հոդված 8.9, պարբերություն 2),

5.71. վերահաստատել Համաձայնագրի 9.3-րդ հոդվածի 2 և 3-րդ պարբերություններով նշված միջազգային համաձայնագրերով սահմանված Հայաստանի Հանրապետության հանձնառությունները (հոդված 9.3),

5.72. մյուս Կողմի քաղաքացիների համար ԹՐԻՓՍ(10) համաձայնագրի 3 և 5-րդ հոդվածներով սահմանված մտավոր սեփականության պաշտպանության առումով տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապահովվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, ինչպես նաև մյուս Կողմի քաղաքացիների համար ԹՐԻՓՍ համաձայնագրի 4 և 5-րդ հոդվածներով սահմանված մտավոր սեփականության պաշտպանության առումով ապահովել ցանկացած այլ երկրի քաղաքացիների համար ապահովվող ռեժիմից ոչ պակաս բարենպաստ ռեժիմ (հոդվածներ 9.4 և 9.5),

__________________________

10) «ԹՐԻՓՍ [TRIPS] համաձայնագիր» նշանակում է «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիր` ԱՀԿ համաձայնագրի 1Գ հավելվածին համաձայն:

 

5.73. ապահովել Համաձայնագրի 9.6-րդ հոդվածով սահմանված հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների, Համաձայնագրի 9.8-9.11-րդ հոդվածներով սահմանված ապրանքային նշանների, Համաձայնագրի 9.12-րդ հոդվածով սահմանված ապրանքների աշխարհագրական նշումների(11) և ծագման տեղանունների, Համաձայնագրի 9.14-րդ հոդվածով սահմանված բույսերի տեսակների, Համաձայնագրի 9.15-րդ հոդվածով սահմանված արտոնագրերի, Համաձայնագրի 9.16-րդ հոդվածով սահմանված արդյունաբերական նմուշների, Համաձայնագրի 9.17-րդ հոդվածով սահմանված ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների համարժեք, պատշաճ ու արդյունավետ պաշտպանություն` Համաձայնագրի համապատասխան հոդվածներով սահմանված կարգով (հոդվածներ 9.6, 9.8-9.11, 9.12, 9.14, 9.15, 9.16 և 9.17),

__________________________

11) Համաձայնագրի 9.12-րդ հոդվածի նպատակներով «աշխարհագրական նշումներ» նշանակում է նշում, որով այդ ապրանքը սահմանվում է որպես որևէ Կողմի տարածքի կամ այդ տարածքում գտնվող շրջանի կամ տեղանքի ծագում ունեցող, այն դեպքում, երբ այդ ապրանքի տվյալ որակը, համբավը կամ մյուս հատկանիշները հիմնականում պայմանավորված են դրա աշխարհագրական ծագմամբ` ԹՐԻՓՍ համաձայնագրի 22-րդ հոդվածին համապատասխան:

 

5.74. ՄՀԻՊ-ի(12) և ՄԿՀՊ-ի(13) համաձայն սահմանել պատշաճ և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ` արդյունավետ տեխնոլոգիական միջոցառումների շրջանցումը կանխելու համար և ապահովել իրավունքների կառավարման տեղեկությունների պաշտպանությունը (հոդված 9.7, պարբերություններ 1 և 2),

__________________________

12) ՄՍՀԿ-ի` «Հեղինակային իրավունքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագիր (այսուհետ` ՄՀԻՊ):

13) Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ)` «Կատարումների և հնչյունագրերի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 20-ի պայմանագիր (այսուհետ` ՄԿՀՊ):

 

5.75. ընդունել գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և մշակութային ինքնաարտահայտման ավանդական ձևերի ներդրումը գիտական, մշակութային և տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև դրանց աղբյուրի կամ ծագման երկրի ճանաչման կարևորությունը (հոդված 9.13, պարբերություն 1),

5.76. Հայաստանի Հանրապետության համապատասխան իրավունքների և կարգավորումների և Փարիզյան կոնվենցիայի 10bis հոդվածի համաձայն` ապահովել անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանությունը (հոդված 9.18),

5.77. ապահովել մտավոր սեփականության իրավունքների իրականացման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներին և կարգավորումներին, այն միջազգային համաձայնագրերին, որոնց կողմ են Հայաստանի Հանրապետությունը և մյուս Կողմը, ինչպես նաև ԹՐԻՓՍ համաձայնագրին, մասնավորապես` դրա 41-61-րդ հոդվածներին (հոդված 9.19, պարբերություն 1),

5.78. իրավատերերին հնարավորություն ընձեռել կիրառելու քաղաքացիական, վարչական և դատական, այդ թվում` քրեական ընթացակարգեր, որոնք վերաբերում են մտավոր սեփականության իրավունքների իրականացումն ապահովելուն և ձգտել ապահովել մտավոր սեփականության իրավունքների իրականացումը թվային միջավայրում (հոդված 9.19, պարբերություններ 2 և 3),

5.79. Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կարգավորումների և միջազգային համաձայնագրերի համաձայն, որի կողմն են Հայաստանի Հանրապետությունը և մյուս Կողմը, ապահովել մաքսային միջոցների արդյունավետ իրականացումը կեղծ ապրանքային նշան ունեցող ապրանքների(14) և հեղինակային իրավունքի խախտմամբ ստացված ապրանքների(15) նկատմամբ (հոդված 9.20, պարբերություն 1),

__________________________

14) Համաձայնագրի 9.20-րդ հոդվածի նպատակներով «կեղծ ապրանքային նշան ունեցող ապրանքներ» նշանակում է ապրանքներ, ներառյալ` փաթեթվածքը, որոնց վրա առանց թույլտվության պատկերված է այդպիսի ապրանքների համար օրինական գրանցված ապրանքային նշանի հետ նույնական ապրանքային նշան կամ այնպիսի ապրանքային նշան, որն իր հիմնական բնութագրերով հնարավոր չէ տարբերել այդպիսի ապրանքային նշանից` այդպիսով, ներմուծման երկրի օրենսդրության համաձայն, խախտելով տվյալ ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքները:

15) Համաձայնագրի 9.20-րդ հոդվածի նպատակներով «հեղինակային իրավունքի խախտմամբ ստացված ապրանքներ» նշանակում է ապրանքներ, որոնք արտադրության երկրում առանց իրավատիրոջ կամ նրա կողմից պատշաճ ձևով լիազորված անձի համաձայնության ստեղծված կրկնօրինակներ են, և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրկնօրինակվել են որևէ առարկայից այն դեպքում, երբ այդ կրկնօրինակի ստեղծումը, ներմուծման երկրի օրենսդրության համաձայն, կհամարվեր հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի խախտում:

 

5.80. ապահովել, որ այն պահանջները, որոնց կատարումն անհրաժեշտ է իրավատիրոջ կողմից` հնարավոր կեղծ ապրանքային նշան ունեցող ապրանքների կամ հեղինակային իրավունքի խախտմամբ ստացված ապրանքների բացթողումը կասեցնելու ընթացակարգեր սկսելու համար, անհիմն կերպով չխոչընդոտեն տվյալ ընթացակարգերի կիրառումը, և ընդունել այնպիսի ընթացակարգեր, որոնք իրավատիրոջը, որն օրինական հիմքեր ունի կասկածելու, որ տեղի է ունենում կեղծ ապրանքային նշան ունեցող ապրանքների, հեղինակային իրավունքի խախտմամբ ստացված ապրանքների ներմուծում, հնարավորություն են տալիս դիմում ներկայացնելու մաքսային մարմիններ` պահանջելով մտավոր սեփականության իրավունքների իրականացմանն ապահովող միջոցներ ձեռնարկել, եթե տվյալ ներմուծմամբ այն երկրի օրենքների և կարգավորումների համաձայն, որտեղ գտնվում են ապրանքները, խախտվում են մտավոր սեփականության իրավունքները (հոդված 9.20, պարբերություններ 2 և 3),

5.81. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն իրավատիրոջը հայտնեն առնվազն տվյալ ապրանքների հայտարարատուի անվանումը և նրան նույնականացնող այլ լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն առնվազն հայտարարատուին տեղեկացնեն արգելանքի վերցված ապրանքների մասին, ներառյալ` իրավատիրոջ անունը [անվանումը] և նրան նույնականացնող այլ լրացուցիչ տեղեկություններ (հոդված 9.20, պարբերություն 4),

5.82. ընդունել, որ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը և իրականացումը պետք է նպաստեն տեխնոլոգիական նորարարությունների առաջխաղացմանը և տեխնոլոգիաների փոխանցմանը և տարածմանը, տեխնոլոգիական գիտելիքներ ստեղծողների և դրանցից օգտվողների փոխադարձ շահերին և իրականացվեն սոցիալական և տնտեսական բարեկեցության համար նպաստավոր ձևով, ինչպես նաև պետք է նպաստեն մտավոր սեփականության իրավատերերի իրավունքների և օգտվողների օրինական շահերի ու հանրային շահի միջև պատշաճ հավասարակշռություն ապահովելուն (հոդված 9.25, պարբերություն 1),

5.83. Համաձայնագրի 10-րդ գլխով սահմանված կարգով` խթանել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ստեղծել ավելացված արժեքի նոր շղթաներ, խթանել կայուն զարգացումը և համագործակցությունը առևտրի ոլորտում, խթանել համատեղ ծրագրերի իրականացումը, որոնք փոխշահավետ կերպով նպաստում են տնտեսական աճին, ապահովել Համաձայնագրի իրականացումը` նպատակ ունենալով առավելագույնս օգտագործել դրա առավելությունները, խթանել առևտրի դյուրացման ուղիները, նպաստել կայուն ներառական տնտեսական աճին և բարգավաճմանը (գլուխ 10),

5.84. համաձայնել, որ Համաձայնագրի 11.3-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված հակամրցակցային գործելակերպերն անհամատեղելի են Համաձայնագրի պատշաճ գործողության հետ (հոդված 11.3, պարբերություն 1),

5.85. Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն` ձեռնարկել (այն(16) հակամրցակցային գործելակերպերը կանխելուն և վերացնելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք ազդում են Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմի միջև առևտրի վրա (հոդված 11.3, պարբերություն 2),

__________________________

16) Համաձայնագրի 11.3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում առկա է թարգմանչական սխալ, մասնավորապես` անգլերեն բնօրինակ տեքստում բացակայում է «այն» բառը:

 

5.86. Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն` ապահովել, որ այն(17) իրականացնի ձեռնարկությունների համակենտրոնացման գնահատում` մրցակցության պաշտպանության համար անհրաժեշտ ծավալով (հոդված 11.3, պարբերությունն 3),

__________________________

17) Համաձայնագրի 11.3-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում առկա «այն» դերանունը թարգմանված է անգլերեն «it» դերանունից և վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը:

 

5.87. Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր վեճերի կարգավորման կամ դրանից խուսափելու համար առաջնորդվել Համաձայնագրի 12-րդ գլխով, ինչպես նաև 6 և 7-րդ հավելվածներով սահմանված կարգով (գլուխ 12),

5.88. կրել Հայաստանի Հանրապետության նշանակած արբիտրի ծախսերը, սեփական ծախսերը և դատական ծախսերը, իսկ վեճի մյուս Կողմի հետ այլ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում արբիտրաժային կոլեգիայի նախագահի և վարույթն իրականացնելու հետ կապված մյուս ծախքերը կրել վեճի մյուս Կողմի հետ` հավասար չափերով (հոդված 12.18),

5.89. Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների և կարգավորումների համաձայն ապահովել, որ Համաձայնագրով կարգավորվող հարցին առնչվող ընդհանուր կիրառության Հայաստանի Հանրապետության միջոցներն անհապաղ հրապարակվեն, այդ թվում` հնարավորության դեպքում` համացանցում կամ հասանելի դարձվեն այնպիսի եղանակով, որով մյուս Կողմին և շահագրգիռ անձանց կտրվի դրանց ծանոթանալու հնարավորություն (հոդված 13.2, պարբերություն 1),

5.90. առավելագույն հնարավոր չափով մյուս Կողմին ծանուցել ցանկացած միջոցի մասին, որը, Հայաստանի Հանրապետության կարծիքով, կարող է էականորեն ազդել Համաձայնագրի գործողության վրա կամ այլ կերպ էականորեն ազդել մյուս Կողմի` Համաձայնագրով սահմանված շահերի վրա (հոդված 13.3, պարբերություն 1),

5.91. հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և կարգավորումներով նախատեսված կարգով բողոքարկման կամ հետագա վերանայման հնարավորությունը` ապահովել, որ այդ որոշումը կատարվի տվյալ վարչական միջոցի հետ կապված գերատեսչության կամ մարմնի կողմից կամ կարգավորի նրա գործունեությունը (հոդված 13.5, պարբերություն 3),

5.92. հաստատել մյուս Կողմի նկատմամբ Հայաստանի Հանրապետության առկա իրավունքներն ու պարտավորությունները` ԱՀԿ համաձայնագրի և դրա հիման վրա կնքված այլ համաձայնագրերի, ինչպես նաև(18) ցանկացած այլ միջազգային համաձայնագրի համաձայն, որի կողմ է Հայաստանի Հանրապետությունը և մյուս Կողմը (հոդված 14.6, պարբերություն 1),

__________________________

18) Համաձայնագրի 14.6-րդ հոդվածի 1-ին պարբերությունում առկա է թարգմանչական սխալ, մասնավորապես` անգլերեն «and» շաղկապը կարծում ենք պետք է թարգմանվեր «և» կամ «ինչպես նաև», մինչդեռ թարգմանվել է «ինչպես»:

Պարտավորությունը ներկայացված է համապատասխան շտկմամբ:

 

5.93. Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս հաշվի առնել Համաձայնագրի 14.9, 14.10 և 14.11-րդ հոդվածներով սահմանված բացառությունները (հոդվածներ 14.9, 14.10 և 14.11),

5.94. Համաձայնագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե Համաձայնագրին համապատասխան մյուս Կողմը տրամադրում է տեղեկություն և այդ տեղեկությունը սահմանում է որպես գաղտնի, ապա ստանալով տեղեկությունը` պահպանել այդ տեղեկության գաղտնիությունը, օգտագործել այն միայն տեղեկություն տրամադրող Կողմի կողմից նշված նպատակներով և չբացահայտել այն` առանց տեղեկություն տրամադրող Կողմի հատուկ գրավոր թույլտվության (հոդված 14.12, պարբերություն 2),

5.95. եթե Հայաստանի Հանրապետության ժամանակացույցով այլ բան նախատեսված չէ, ապա մաքսատուրքերի նվազեցման կամ վերացման նկատմամբ, Համաձայնագրի 2.5-րդ հոդվածին (Մաքսատուրքերի նվազեցում և վերացում) համապատասխան, կիրառել Համաձայնագրի 1 հավելվածի Ա բաժնի 3-րդ պարբերությամբ սահմանված փուլային կատեգորիաները (հավելված 1, բաժին Ա, պարբերություն 3),

5.96. ադվալորային մաքսատուրքի դեպքում մաքսատուրքերի դրույքաչափերը միջանկյալ փուլերում կլորացնել մինչև տասնորդական` ըստ Համաձայնագրի 1-ին հավելվածի Ա բաժնի 4-րդ պարբերության բանաձևի, իսկ ոչ ադվալորային մաքսատուրքի դեպքում կամ մաքսատուրքի ոչ ադվալորային մասի դեպքում մաքսատուրքի դրույքաչափերը կլորացնել մինչև հազարերորդական` օգտագործելով նույն բանաձևը (հավելված 1, բաժին Ա, պարբերություն 4),

5.97. որպես բողոք ներկայացնող կողմ` պատասխանատու լինել վեճերի կարգավորման վարույթի նյութատեխնիկական ապահովման, մասնավորապես` լսումների կազմակերպման համար, եթե այլ բան համաձայնեցված չէ (հավելված 6, պարբերություն 3):

6. Համաձայնագրի 14.13-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` Համաձայնագրի 14.13-րդ հոդվածով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Համաձայնագրում ոչինչ չի վերաբերում հարկային միջոցներին:

Համաձայնագրի 1-ին հավելվածի Դ բաժնում նշված «TRQ»-ների(19) դեպքում Եվրասիական տնտեսական միությունը տարեկան տրամադրում է անմաքս քվոտա Ինդոնեզիայի Հանրապետության ծագում ունեցող ապրանքների` Համաձայնագրի 1-ին հավելվածի Դ բաժնում նշված քանակի համար:

__________________________

19) «TRQ» նշագրով նշված սակագնային դիրքերում դասակարգված ծագում ունեցող ապրանքների սակագնային քվոտան կիրառվում է Համաձայնագրի 1-ին հավելվածի Դ բաժնին համապատասխան:

 

7. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ սույն գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության և դրա բնօրինակ տեքստերի միջև ի հայտ էին եկել տասնյակ անճշտություններ, թարգմանչական անհամապատասխանություններ և այլն: Սահմանադրական դատարանը գտնում է` թեև թարգմանչական անհամապատասխանություններն ու անճշտությունները բովանդակային առումով խնդիր չեն հարուցում Պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության բացահայտման տեսանկյունից, այդուհանդերձ, կարող են որոշակի խնդիրներ առաջացնել Պայմանագրի մեկնաբանման և կիրառման ներպետական գործընթացներում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2025 թվականի դեկտեմբերի 21-ին քաղաք Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Ա. Դիլանյան

 

7 հուլիսի 2026 թվականի

ՍԴՈ-1836

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում` (concourt.am) 8 հուլիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.07.2026
N ՍԴՈ-1836
Որոշում