ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
| ԳԼՈՒԽ 9. |
Հակակոռուպցիոն քաղաքականություն |
Հակակոռուպցիոն քաղաքականությունն ուղղված է լինելու ամբողջական և կայուն հակակոռուպցիոն համակարգի ձևավորմանն ու շարունակական զարգացմանը` ապահովելով ոչ միայն կոռուպցիոն բնույթի իրավախախտումների արդյունավետ բացահայտումը, քննությունն ու պատասխանատվության արդյունավետ գործիքակազմերի առկայությունը, այլև օրենսդրական կարգավորումների լավարկման միջոցով կոռուպցիոն ռիսկերի, կոռուպցիայի պատճառների, խթանների և հնարավորությունների համակարգային նվազեցումը:
Այս ուղղությամբ Կառավարությունը ձեռնամուխ է լինելու հետևյալ բարեփոխումների իրականացմանը`
1) Զարգացվելու է կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտը, այդ թվում` կոռուպցիայի կանխարգելման մասին համապարփակ օրենքի ընդունման միջոցով, որում կենտրոնացվելու են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար բարեվարքության համակարգի տարրերի միասնական կիրառման ու կառավարման մեխանիզմները:
2) Իրականացվելու է իրավական ակտերի նախագծերի կոռուպցիոն ռիսկերի պարբերական գնահատում` բացահայտելով և վերացնելով չարաշահումների հնարավորությունները: Ընթացակարգերը թվայնացվելու և ավտոմատացվելու են` ապահովելով թափանցիկություն, հետագծելիություն և հնարավորինս սահմանափակելով պաշտոնատար անձանց ու քաղաքացիների անմիջական շփումը:
3) Բարձրացվելու է կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական և դատական քննության արդյունավետությունը` հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման և կոռուպցիոն գործեր քննող դատավորների, դատախազների և քննիչների մասնագիտական հմտությունների զարգացման միջոցով:
4) Կատարելագործվելու է ազդարարների պաշտպանության համակարգը: Ազդարարման համակարգի բարեփոխումները, ազդարարների պաշտպանության արդյունավետ իրականացումը խթան են հանդիսանալու պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար` միաժամանակ նպաստելով ազդարարումների թվի աճին:
5) Իրականացվելու է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձված գույքի արդյունավետ կառավարում` ձևավորելով բռնագանձված ակտիվների կառավարման մարմին և ներդնելով այդ ակտիվների կառավարման թափանցիկության և հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմներ` օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:
6) Ապահովվելու է միջազգային հակակոռուպցիոն գնահատման և վարկանիշային համակարգերում Հայաստանի արդյունքների բարելավում: Իրականացվելու են նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ` բարեվարքության արժեքների տարածման, հակակոռուպցիոն վարքագծի խթանման և կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ամրապնդման նպատակով:
ԲԱԺԻՆ 6. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
Կառավարության առաջ քաշած հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար առանցքային են կառավարման արդյունավետության բարձրացումը և ինստիտուտների զարգացումը, ինչը հնարավոր է արհեստավարժ մարդկանց շնորհիվ և ժամանակակից տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմամբ: Կառավարությունը հանձնառու է ձևավորելու նոր որակի` թվային, տեխնոլոգիահենք, արհեստավարժ ու օպտիմալ կառավարման համակարգ, որը ծառայելու է քաղաքացու կյանքի որակի բարձրացմանը, երկրի դիմակայունության ու ժողովրդավարության ամրապնդմանը:
Կառավարման բարեփոխումներն առաջնորդվելու են հետևյալ սկզբունքներով`
. մարդակենտրոնություն` քաղաքացու շահը, կարիքներն ու փորձառությունը դնելով մշակվող քաղաքականությունների ու ծառայությունների առանցքում,
. «զրո բյուրոկրատիա»` բացառելով անհարկի վարչարարությունը,
. «Թվային` ըստ նախագծման»` ցանկացած ծառայություն և գործառույթ առաջնահերթ նախագծելով թվային տրամաբանությամբ և թվային միջավայրի համար,
. «Արհեստական բանականությունն առաջինը»` կառավարման խնդիրների լուծման ընթացքում ԱԲ-ն դիտարկելով որպես սկզբնական մոտեցում:
Հաշվի առնելով պետության զարգացման այս փուլի առանձնահատկությունները, կարիքները և միջազգային միտումները` առաջնահերթ բարեփոխումներն են լինելու`
. Իրականացվելու է հանրային իշխանության մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման արմատական բարեփոխում` ստեղծելով բարձր արհեստավարժությամբ և էթիկայով, մրցունակ հանրային ծառայություն:
. Օպտիմալացվելու և ամբողջապես թվայնացվելու են քաղաքացուն և բիզնեսին մատուցվող առանցքային ծառայությունները` միասնական ստանդարտներով և կիբեռանվտանգության ամենաբարձր չափանիշներով:
. Ներդրվելու է հանրային հատվածում ԱԲ գործիքների կիրառման իրավական, էթիկական և տեխնիկական կարգավորման համակարգ` հիմնված ռիսկահենք մոտեցման, կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության և մարդկային վերահսկողության սկզբունքների վրա:
Բարեփոխումները կենտրոնանալու են նաև քաղաքականությունների և որոշումների կայացման արդյունավետության, ինչպես նաև օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառական որակի բարձրացման և հարկաբյուջետային համակարգի դիմակայունության ամրապնդման վրա:
| ԳԼՈՒԽ 1. |
Արհեստավարժ մարդիկ |
Կառավարման բարեփոխումների առանցքում համակարգն իր ամենօրյա աշխատանքով առաջ մղող հանրային ծառայողն է, որը գիտակցում է իր անհատական պատասխանատվությունը կառավարման մեքենան զարգացնելու ու պետության դիմակայունությունն ամրապնդելու հարցում: Հայաստանի Հանրապետության և նրա յուրաքանչյուր բնակչի շահի առաջմղումը պետք է լինի հանրային ծառայողի առաքելությունը թե՛ պետության ներսում, թե՛ միջազգային դերակատարների հետ հարաբերություններում: Այդ նպատակով համակարգին անհրաժեշտ են մասնագիտական բարձր գիտելիքներ, հաղորդակցության գերազանց հմտություններ ու էթիկական արժեքներ ունեցող արհեստավարժ մասնագետներ:
Նման պետական համակարգ ստեղծելու համար առաջնահերթ է բարձրացնել աշխատանքի գրավչությունը, և այս նպատակով իրագործվելու են հետևյալ բարեփոխումները`
1) Գործարկվելու է հանրային ծառայողների ներգրավման ժամանակակից, թափանցիկ և արժանիքահենք համակարգ, որի արդյունքում հնարավոր կլինի ներգրավել լավագույն և ամենահամապատասխան մասնագետներին: Հանրային ծառայության թափուր պաշտոնների ներգրավման համար ընդլայնվելու է արտաքին մրցույթների կիրառությունն ու թափանցիկությունը:
2) Հանրային ծառայության բոլոր տեսակների համար վերանայվելու է վարձատրության և ոչ ֆինանսական խթանների համակարգը` հանրային հատվածի մրցունակությունը մասնավոր հատվածի համադրելի պաշտոնների հետ ապահովելու նպատակով:
3) Վարձատրության համակարգի բարեփոխումների շրջանակում ներդրվելու են կատարողականի գնահատման և հանրային ծառայողների շարունակական կրթությանն ուղղված նոր կարգավորումներ` աշխատանքի արդյունավետության և հանրային ծառայությունների որակի բարձրացման նպատակով:
4) Էականորեն զարգանալու է փորձնակների և կամավորների համակարգը` որպես հանրային ծառայության մեջ երիտասարդ կադրերի ներգրավման մեխանիզմ:
5) Մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր ընթացակարգերը թվայնացվելու և ավտոմատացվելու են մեկ միասնական համակարգի (HRMIS) միջոցով:
Հանրային ծառայողների կարողությունների և աշխատանքի արդյունավետության բարձրացման, ներքին ընթացակարգերի թվայնացման, վարչարարության բացառման շնորհիվ կառավարման համակարգը դառնալու է առավել ճկուն և օպտիմալ:
| ԳԼՈՒԽ 2. |
Փաստահենք և արդյունավետ քաղաքականություններ |
Հանրային քաղաքականության նպատակը քաղաքացու, բիզնեսի, պետության կարիքների բացահայտումը և դրանց հասցեագրման ամենաարդյունավետ ուղիների նախանշումն է: Միաժամանակ, ժողովրդավարական հասարակությունում նույնչափ կարևոր է քաղաքականությունների լեգիտիմությունը. քաղաքացին պետք է ունենա որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորություն և վստահություն հանրային իշխանության մարմինների նկատմամբ:
Հարափոփոխ միջավայրը պահանջում է նաև որոշումների կայացման ճկուն մեխանիզմների առկայություն, որոնք արագ արձագանքի հնարավորություն կտան` առանց էականորեն նվազեցնելու քաղաքականությունների որակը: Բացի դրանից` գործող կարգավորումները ևս պարբերական վերանայման կարիք ունեն` հիմք ընդունելով շահառուներից ստացված հետադարձ կապն ու դրանց արդյունավետությունը: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կարող է հասցեագրել այս մարտահրավերները:
Արդյունքում այս ուղղությամբ`
1) Ապահովվելու է պետական քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման բոլոր փուլերում քաղաքացիների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական համայնքի և մասնավոր հատվածի համակարգային մասնակցությունը` հանրային մասնակցության միասնական ստանդարտների, ինստիտուցիոնալ մեխանիզմների, հանրային խորհուրդների, թվային և ֆիզիկական մասնակցության գործիքների, հետադարձ կապի միասնական մեխանիզմի, ինչպես նաև պետական ծառայողների կարողությունների զարգացման միջոցով:
2) Ներդրվելու է մեծ տվյալների վերլուծության, ԱԲ, քաղաքացիներից ստացվող հետադարձ կապի ու ժամանակակից այլ գործիքների կիրառմամբ քաղաքականությունների արդյունավետության գնահատման համակարգը, որի շնորհիվ բարձրանալու է մշակվող քաղաքականությունների, կայացված որոշումների և օրենքների նախագծերի կիրառական որակը, և կրճատվելու են գործող անհարկի կարգավորումները:
3) Ներդրվելու է պետական կառավարման համակարգում նախագծային կառավարման (project management) համակարգը, ինչի արդյունքում ապահովվելու է Կառավարության առանցքային բարեփոխումների ժամանակին և պատշաճ իրականացումը:
| ԳԼՈՒԽ 3. |
Մարդակենտրոն ծառայություններ և թվային վերափոխում |
Թվային վերափոխման միջոցով հանրային ծառայությունների որակի բարձրացումը Կառավարության գերակայություններից է: Պետական համակարգի հետ ցանկացած շփում պետք է լինի արագ, կանխատեսելի, վստահելի, հնարավորինս առանց ֆիզիկական շփման և պետական որևէ մարմնի մոտ արդեն իսկ առկա տվյալը քաղաքացուց կրկնակի պահանջելու: Մատուցվող ծառայություններից քաղաքացիների գոհունակության շարունակական բարելավումը կլինի այն ցուցանիշը, որը կփաստի բարեփոխումների հաջողության մասին: Այս ուղղությամբ առանցքային է լինելու թվային ենթակառուցվածքների զարգացումը, մասնավորապես`
1) Ներդրվելու է միջազգային լավագույն ստանդարտներին համահունչ էլեկտրոնային նույնականացման և վստահության ծառայությունների նոր համակարգ` ապահովելով քաղաքացիների համար ծառայությունների արագ և անվտանգ ստացումը:
2) Ձևավորվելու և (կամ) միասնական ստանդարտների են բերվելու թվայնացված տվյալների շտեմարաններ: Մասնավորապես`
. բնակչության պետական ռեգիստրը` անձի նույնականացման տվյալներ և կյանքի հիմնական իրադարձություններ` ծննդից մինչև մահ` ներառյալ ընտանեկան կապերը և քաղաքացիական կացության ակտերը,
. իրավաբանական անձանց պետական ռեգիստրը` միջազգային ստանդարտներին համապատասխանող բիզնեսի միասնական նույնականացուցչի հիման վրա բիզնեսի և այլ կազմակերպությունների գրանցման ու նույնականացման տվյալներ,
. հասցեների պետական շտեմարանը` վարչատարածքային միավորների, բնակավայրերի, փողոցների, շենքերի և հասցեի այլ բաղադրիչների միասնական ու ստանդարտացված տվյալներ,
. ազգային տարածական տվյալների շտեմարանները` միջազգային ստանդարտների հիման վրա ստեղծված բազային և թեմատիկ տարածական տվյալներ (կադաստրային, վարչատարածքային, քաղաքաշինական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների, բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի և այլն), որոնք կապահովեն քարտեզագրական շերտերով հագեցած գեոպորտալի ձևավորումը,
. անշարժ գույքի շտեմարանը` անշարժ գույքի միավորների և սեփականության իրավունքների վերաբերյալ տվյալներ,
. տրանսպորտային միջոցների, վարորդների և տրանսպորտային իրավունքների շտեմարանները` ներառյալ վարորդական իրավունքների, տեխնիկական զննության և շահագործման սահմանափակումների տվյալները,
. առողջապահության ոլորտի շտեմարանները` բժշկական ծառայությունների պատմության, բուժաշխատողների, բուժհաստատությունների, լիցենզիաների և դեղերի վերաբերյալ տվյալներ,
. սոցիալական պաշտպանության շտեմարանները` նպաստների, կենսաթոշակների, զբաղվածության, հաշմանդամության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ տվյալներ,
. կրթության ոլորտի շտեմարանները` սովորողների, մանկավարժների, ուսումնական հաստատությունների և գործընթացների, կրթական ծրագրերի և որակավորումների վերաբերյալ տվյալներ,
. արդարադատության ոլորտի շտեմարանները` դատական և քրեական վարույթների, իրավական ակտերի, նոտարական և այլն:
3) Միասնական ստանդարտներով թվայնացված տվյալների շտեմարանների հիման վրա վերափոխվելու կամ էապես բարելավվելու են նաև թվային հանրային ծառայություններ մատուցող պետական տեղեկատվական համակարգերը, այդ թվում`
. Ազգային գեոպորտալը` պետական տարածական տվյալների ինտեգրման, հրապարակման, համադրման, հասանելիության և օգտագործման համար,
. սահմանների ինտեգրված` ներառյալ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգերը, միգրացիոն հոսքերի և սահմանային հատումների արդյունավետ կառավարման համար,
. պաշտոնական վիճակագրության տեղեկատվական համակարգը` վիճակագրության ամբողջականության և տվյալահենք նախագծման, կառուցման և օգտագործման համար,
. պետական ֆինանսների կառավարման միասնական տեղեկատվական համակարգը (GFMIS)` ներառյալ բյուջետային պլանավորումը և գանձապետական գործառույթները,
. հարկային և մաքսային վարչարարության տեղեկատվական համակարգերը` արդյունավետ հարկային վարչարարության թվային գործիքների կիրառման համար` ներառյալ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների, ապրանքների հետագծելիության և խաղային օպերատորի գործիքների ներդրումը,
. էլեկտրոնային առողջապահության միասնական (ԱՐՄԵԴ) և առողջապահության համընդհանուր ապահովագրության տեղեկատվական համակարգերը` առողջապահական տվյալների լիարժեք գրանցման, դրանց հետագծելիության և էլեկտրոնային առողջապահության հասանելիության միջոցով որակյալ ծառայություններ ապահովելու համար,
. սոցիալական պաշտպանության և բարեկեցության միասնական տեղեկատվական համակարգը` սոցիալական կարիքների գնահատման, այդ թվում` սոցիալական սքորինգի գործիքների օգտագործմամբ, դրանց հիման վրա որակյալ ծառայություններ մատուցելու համար,
. արդարադատության և դատական իշխանության տեղեկատվական համակարգերը` քաղաքացիական, վարչական և քրեական վարույթների հետ կապված, ինչպես նաև նոտարական և հարկադիր կատարման որակյալ թվային ծառայություններ մատուցելու համար,
. կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգը` որակյալ կրթական ծառայությունների հասանելիության համար,
. տարածքային կառավարման տեղեկատվական համակարգը` համայնքային զարգացման ծրագրերի և դրանց ֆինանսավորման միջոցով համայնքային ծառայությունների ամբողջական թվայնացման համար:
Այս համակարգերը քաղաքացու և բիզնեսի համար ապահովելու են Կառավարության ծրագրով նախանշված հանրային ծառայությունների բարելավման տեսանելիությունը և չափելիությունը: Դրանք պետք է նաև ապահովեն ծառայությունների մատուցման նպատակով տվյալների անվտանգ և ստանդարտացված փոխանակումը` պահպանելով տվյալի իրավական միակ աղբյուրի և «տվյալը միայն մեկ անգամ» հարցման սկզբունքները:
Կիբեռանվտանգության ամենաբարձր ստանդարտների ապահովումը լինելու է ցանկացած թվային համակարգի գործարկման նախապայմանը:
Այդ ուղղությամբ`
4) Պետական հատվածն առաջնորդելու է իր օրինակով, այդ թվում` ձևավորելով միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան կիբեռանվտանգության պաշտպանություն և կիբեռանվտանգության գործառնական կենտրոն (SOC), որոնք հավաստվելու են անկախ աուդիտի և հավաստագրման միջոցով:
5) Իրականացվելու են պետական տեղեկատվական բոլոր համակարգերի խոցելիության գնահատում, ներթափանցման թեստավորում և աուդիտ ինչպես ներդրումից առաջ, այնպես էլ գործարկման ընթացքում:
Թվային ենթակառուցվածքների զարգացման վերջնանպատակը քաղաքացուն որակյալ ծառայությունների մատուցումն է: Այս ուղղությամբ`
6) Առանցքային հանրային ծառայությունները մատուցվելու են լիովին թվային, միասնական ստանդարտով ու մեկ պատուհանի սկզբունքով` hartak.am կայքէջում` ապահովելով տարեկան առնվազն 300 հազար եզակի այցելու:
7) Բոլոր ծառայություններում ներդրվելու է որակի գնահատման ու հաճախորդի հետ հետադարձ կապի համակարգ, ինչը հնարավորություն է տալու մշտապես բարելավելու դրանք:
8) Իրականացվելու է ԱԲ գործիքների համակարգված ներդրում պետական կառավարման մեջ` առաջնահերթ այն գործընթացներում, որտեղ դրանք կարող են էապես բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, ծառայությունների որակը և որոշումների կայացման արդյունավետությունը: Ձևավորվելու են պետական մարմինների համար անվտանգ ԱԲ միջավայր, ընդհանուր օգտագործման տեխնոլոգիական լուծումներ և տվյալների հասանելիության ու կառավարման համապատասխան մեխանիզմներ` բացառելով նույնատիպ համակարգերի անհարկի կրկնվող մշակումները տարբեր պետական մարմիններում:
| ԳԼՈՒԽ 4. |
Հանրային ֆինանսների և ակտիվների արդյունավետ կառավարում |
Հարկաբյուջետային քաղաքականության նպատակն է իրականացնել աճը խթանող ֆիսկալ քաղաքականություն, որտեղ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխումը և բարենպաստ հարկային միջավայրը գեներացնում են բեկումնային զարգացում, ինչն ապահովում է ֆիսկալ տարածքի շարունակական ընդլայնում` ստեղծելով պետության զարգացման ապագան անխափան ֆինանսավորելու անհրաժեշտ նախապայման:
Կառավարության ծախսային քաղաքականությունն առաջնահերթություն է տալու արտադրողականությունը խթանող ծախսերին` հանրային ռեսուրսներն ուղղելով մարդկային կապիտալի և տնտեսական զարգացումն ապահովող ներդրումներին, որոնք ստեղծում են երկարաժամկետ տնտեսական արժեք, ամրապնդում են ֆիսկալ դիմակայունությունը և նպաստում կայուն ու ներառական տնտեսական աճին:
Արդյունքում`
1) Հետևողականորեն ավելանալու են պետական ներդրումների ծավալները` 2031 թվականին կապիտալ ծախսերի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ հասցնելով 6,3%-ի:
2) Ապահովվելու է հանրային ներդրումների պորտֆելի ընդլայնում` 2031 թվականին հանրային ներդրումների առաջնահերթությունների ցանկում ներառված ծրագրերի ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 6% մակարդակի:
Իրականացվելու է եկամուտների այնպիսի քաղաքականություն, որն ապահովում է պետական ռեսուրսների կայուն համախմբում` միաժամանակ խթանելով տնտեսության արտադրողականությունն ու երկարաժամկետ աճը: Հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու կանխատեսելի, արդար և արդյունավետ տնտեսական ազդակներով հարկային միջավայրի ստեղծմանը, որտեղ հարկային համակարգը կդիտարկվի ոչ թե որպես սահմանափակող գործիք, այլ որպես վստահության ձևավորման հիմք ներդրողների, գործարարների և քաղաքացիների համար: Ի վերջո, պետության գեներացրած հարկային միջոցները ծախսվում են քաղաքացիների և իրավաբանական անձանց կենսագործունեությունը ապահովելու նպատակով. քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը, տնտեսավարողների կենսագործունեության արդյունավետությունը մեծապես կախված են հանրային ֆինանսների ծախսման ծավալից ու արդյունավետությունից:
Հարկային օրենսդրությունը կատարելագործվելու է արդարության, պարզության, կանխատեսելիության և կայունության սկզբունքներով և այն փիլիսոփայությամբ, որ հարկային համակարգը «սոցիալական պայմանագիր» է պետության, գործարար շրջանակների և հանրության միջև` արդյունքում ձևավորելով և ամրապնդելով հարկերը կամովին, «ինքը իրեն» վճարելու մշակույթը: Այս իմաստով էական է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի հետագա զարգացումը, այդ թվում` սոցիալական կրեդիտների հասցեականությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հարկային վարչարարության առաջիկա զարգացման առանցքային ուղղություններից է լինելու թվային առաջադեմ տեխնոլոգիաների և ռիսկերի վերլուծության մեխանիզմների ներդրմամբ անցումը հարկ վճարողների կարիքների գնահատման հիման վրա սպասարկման գործընկերային մոդելին` ձևավորելով փոխադարձ պատասխանատվության ու վստահության միջավայր: Հարկային վարչարարության կատարելագործումն ուղղված է լինելու արդյունավետ, թափանցիկ և տեխնոլոգիապես զարգացած համակարգի ձևավորմանը, որը նպաստելու է ինչպես հարկային եկամուտների կայուն աճին, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը: Միևնույն ժամանակ, հարկային վարչարարության կատարելագործումը նպաստելու է ստվերային շրջանառություններ ունեցող և հարկումից խուսափելու բարձր ռիսկեր գեներացնող հարկ վճարողների բացահայտմանն ու հասցեական վերահսկողությանը` ապահովելու համար ստվերում մնալն ավելի ծախսատար լինելու վերաբերյալ համընդհանուր ընկալումների ձևավորմանը:
Այս նպատակով`
3) Ներդրվելու են հարկային վարչարարության առաջադեմ թվային համապարփակ գործիքներ և հարկային նոր սերնդի թվային պլատֆորմներ («Հարկ վճարող» էլեկտրոնային կառավարման համակարգ, առցանց ՀԴՄ, ֆիզիկական անձանց միասնական հարթակ, ԱԲ և թվային հետախուզության գործիքներ):
4) Ներդրվելու են խաղային ոլորտի հարկային վարչարարության մշտադիտարկման, ապրանքների համապարփակ հետագծելիության, հարկ վճարողների ռեյտինգավորման համակարգեր և ոլորտային կարգապահական ծրագրեր:
5) Ապահովվելու է հարկային եկամուտների աճը` 2031 թվականին կայունացնելով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 26% մակարդակում:
Գնումների քաղաքականության առանցքում կլինի մրցակցային ընթացակարգերի գերակշռող կիրառումը` որպես թափանցիկության, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնական երաշխիք: Միաժամանակ, պետության առաջնահերթ կարիքները ժամանակին և արդյունավետ բավարարելու նպատակով կբարձրացվեն գնումների գործընթացների գործառնական արագությունն ու ճկունությունը` հնարավորինս կրճատելով ընթացակարգային ժամկետները:
Այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումների արդյունքում`
6) Մրցակցային ընթացակարգերի միջոցով (բացառությամբ Կառավարության որոշումների հիման վրա իրականացված ոչ մրցակցային ընթացակարգերի) կնքված պայմանագրերի տեսակարար կշիռն ընդհանուր պայմանագրերի ծավալում բարձրանալու է առնվազն 95%-ի:
7) Մրցակցային ընթացակարգի միջին մասնակցությունը կազմելու է առնվազն 3,5:
8) Հայտարարումից մինչև հաղթողի ընտրություն ընթացակարգերի միջին տևողությունը կազմելու է առավելագույնը 55 օր:
Պետական պարտքի կառավարման քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու Կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովմանը` երկարաժամկետ հատվածում առաջնահերթություն դիտարկելով պարտքի սպասարկման ծախսերի նվազեցումը և պարտքի պորտֆելին բնորոշ ռիսկերի կառավարումը: Այդ նպատակով ձևավորվելու է պետական պարտքի օպտիմալ կառուցվածք` հաշվի առնելով փոխարժեքի, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի ռիսկերը, ինչը թույլ կտա ապահովել պարտքի կայունությունը և պետության ընթացիկ ու հեռանկարային ֆինանսավորման անխափանությունը:
Պետական պարտքի սպասարկման ծախսերի նվազեցումը նախատեսվում է իրականացնել մակրոտնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշների բարելավման պայմաններում, այդ թվում` դրանցից բխող սուվերեն վարկանիշի ամրապնդման, արտաքին և ներքին ներդրողների հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների զարգացման, ինչպես նաև պետական արժեթղթերի շուկայի խորացման միջոցով: Այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումների արդյունքում`
9) Ներքին պարտքի շուկայում ընդլայնվելու է ֆիզիկական անձ ներդրողների մասնակցությունը:
10) Պարտքի սպասարկման տոկոսային ծախսեր/բյուջեի եկամուտներ հարաբերակցությունը 2025 թվականի 12,1%-ից նվազելու է առնվազն 2%-ային կետով:
11) Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը պահպանվելու է 50%-ից ցածր մակարդակում:
Թվայնացված և ինստիտուցիոնալ առումով ամրապնդված պետական ֆինանսների և գույքի կառավարման համակարգը Կառավարության քաղաքականությունների արդյունավետ իրականացման, պետական ռեսուրսների ռազմավարական կառավարման և երկարաժամկետ ֆիսկալ կայունության ապահովման կարևոր երաշխիքն է:
Այս ուղղությամբ`
12) Ամբողջությամբ թվայնացվելու է պետական և համայնքային գույքի կառավարման համակարգը:
13) Ներդրվելու է պետական գույքի իրացման և արդյունավետ կառավարման նոր մեխանիզմ` պետություն-մասնավոր գործընկերության գործիքների կիրառմամբ:
14) Իրականացվելու է պետական ակտիվների դասակարգում և ոչ կրիտիկական ակտիվների մասնակի կամ ամբողջական իրացում, այդ թվում` բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման միջոցով (IPO):
15) Իրականացվելու է պետական ակտիվների գույքագրում և ռեեստրի ձևավորում` ապահովելով ամբողջական և միասնական տեղեկատվության հասանելիություն:
ԱՄՓՈՓՈՒՄ
Այս ծրագրի հիման վրա Կառավարությունն ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը և իրագործելու է այն: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը: Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Լ. Մակունց
Պաշտոնական հրապարակման օրը` 26 օգոստոսի 2026 թվական: