Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հուլիսի 2026 թվականի N 91-Ն

 

ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(8-րդ մաս)

 

4.4. ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻ, ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ԱՅԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՀՈՒՅՔԻ, ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ

 

164. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերի, սենքերի և այլ շինությունների տարածքների մաքրության և սանիտարական պայմանների, դրանցում կահույքի և սարքավորումների նվազագույն պահանջները սահմանված են ապահովելու համար շահառուի անվտանգ, արժանապատիվ և հարմարավետ խնամքը:

165. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերի, շինությունների և տարածքի, սանիտարական պայմանների և կահույքի չափորոշիչները մշակվել են հիմք ընդունելով`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13 N 1490-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշումը

3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանը,

4) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանը,

5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջները:

166. Սույն չափորոշչի նպատակն է շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերի նախագծման, վերանորոգման, վերակառուցման, վարձակալության շրջանակներում շահառուի կյանքի, անվտանգության, առողջության պաշտպանությանն, ինչպես նաև զարգացմանը, ուսուցմանը, նրանց և անձնակազմի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված` սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության), հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, քաղաքացիական պաշտպանության, շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության, էներգախնայողության և էներգաարդյունավետության հատուկ և համալիր միջոցառումների նախատեսումը:

167. Շուրջօրյա խնամքի կենտրոնում շահառուների սենյակների բնակելի մակերերսը մեկ անձի հաշվարկով պետք է լինի առնվազն 5 քառակուսի մետր, իսկ մեկ սենյակում պետք է բնակվի առավելագույնը 4 անձ: Յուրաքանչյուր սենյակ պետք է ապահովված լինի մահճակալով, փոքր պահարանով, շահառուների թվով աթոռներով, սեղանով, հանդերձապահարանով, սառնարանով և հեռուստացույցով: Շահառուների քնելու սենյակները տրամադրվում են առանձին` յուրաքանչյուր սեռի համար:

168. Անկողնային խնամք ստացող շահառուների սենյակներում կարող է միաժամանակ խնամք ստանալ մինչև 8 շահառու, եթե ապահովված է մեկ շահառուի հաշվով առնվազն 5 քառակուսի մետր անձնական տարածքի պահանջը:

169. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերի, շինությունների և տարածքի նկատմամբ ընդհանուր հիմնական պահանջներն են.

1) կենտրոնի շենքերում պետք է ստեղծվեն կյանքի և առողջության պաշտպանությունն ապահովող հարմարավետ պայմաններ` հաշվի առնելով տարածքի բարեկարգումը, ճարտարապետահատակագծային լուծումները և սանիտարական կանոնները,

2) բոլոր հիմնական սենքերը պետք է տեղակայել վերգետնյա հարկերում: Թույլատրվում է լվացքատան, բանջարեղենի մառանի, այգու գույքի պահեստի, լրացուցիչ սենքերի տեղաբաշխումը նկուղային և գետնախարսխային հարկերում,

3) տարածքի ֆունկցիոնալ օգտագործումը, դրա տարածքը, սարքավորումները և գույքը պետք է համապատասխանեն շահառուի կարիքներին, առողջական վիճակին և տեղաշարժվելու ունակությանը և կենտրոնի նպատակներին,

4) բակային և շենքային տարածքները պետք է լինեն անվտանգ, հարմարեցված հաշմանդամություն և տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց կարիքներին,

5) շենքի ներքին միջավայրին առնչվող լուծումները պետք է բացառեն ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար գործոնների բացասական

6) շենքում պետք է բացառվի խոնավության առաջացումը, իսկ ներքին ջրամատակարարման համակարգերում` արտահոսքն ու աղտոտումը, տհաճ հոտը,

7) շենքի կոնստրուկտիվ և ինժեներական (ջեռուցման, հովացման, օդափոխության, օդորակման, լուսավորության) համակարգերը պետք է ապահովեն էներգաարդյունավետ և էներգախնայող տեխնոլոգիական լուծումների կիրառում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի N 77 որոշման և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2016 թվականի հունիսի 16-ի N 120-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-01-2016, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 պահանջների,

8) կենտրոնի տարածքում պետք է լինեն կամ անհրաժեշտ է նախատեսել հանգստի և տնտեսական գոտիներ` համապատասխան սահմանազատումով: Հանգստի գոտին պետք է ներառի.

ա. զրուցարան հրապարակներ,

բ. կանաչապատ տարածք,

գ. ընդհանուր ֆիզկուլտուրայի-մարմնամարզային հարթակ (հրապարակ),

9) խմբային հարթակների ինսոլյացիայի տևողությունը (արևի ուղիղ ճառագայթների ազդեցության ժամանակահատվածը) պետք է կազմի առնվազն 3 ժամ` տարածքի մակերեսի 50%-ի համար` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 պահանջների:

10) տնտեսական գոտու կազմում պետք է նախատեսել ապրանքների բեռնաթափման համար տնտեսական հարթակ, որը պետք է ունենա կոշտ ծածկույթ` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 պահանջների:

11) կենտրոնի ներքին տարածքների տարբեր հարթություններում հասանելիությունն ու մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ է ապահովել թեքահարթակներով, վերհան սարքերով (այդ թվում շարժասանդուղքներով) և վերելակներով,

12) կենտրոնի շենքերի ներքին մակերեսները պետք է համալրել նաև հատուկ բազրիքներով, լուսավորությամբ, ցուցանակ կամ ուղեցույցներով, հատուկ ազդանշանային համակարգերով, խելամիտ հարմարեցումներով (հարմարավետ նստատեղեր-աթոռակներ, սեղաններ-խաղասեղաններ, դռան բռնակներ, մատչելի վարդակներ, մատչելի բազրիքներ, այլ սարքեր և սարքավորումներ) և այլն:

170. Շուրջօրյա խնամքի կենտրոնի օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջներ.

1) շենքի ինժեներական ապահովման համակարգերի նախագծային լուծումները պետք է ապահովեն սենքերում բարենպաստ միկրոկլիմա` ներառյալ օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժման արագությունը,

2) բոլոր սենյակներում պետք է ապահովվի բնական կամ արհեստական օդափոխություն, որը պետք է համապատասխանեցվի սանիտարական նորմերին:

171. Շուրջօրյա խնամքի կենտրոնում անվտանգությանը ներկայացվող պահանջները.

1) շենքերի, շինությունների շենքի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները, տարհանման ուղիների մակերեսների հարդարումը, ինչպես նաև ինժեներական ապահովման ներքին համակարգերի տարրերը պետք է սահմանափակեն հրդեհի տարածման և դրա վտանգավոր գործոնների տարածումը հրդեհի օջախի սահմաններից դուրս,

2) հրդեհային անվտանգությունը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պահանջներին,

3) կենտրոնի շենքերում պետք է նախատեսել հրդեհային ավտոմատ ազդանշանների տեղադրումը շինարարական նորմերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հրդեհային ազդանշանային ավտոմատացված համակարգի ակտիվացման մասին ազդանշանը տեղադրվում է հերթապահ անձնակազմի շուրջօրյա տեղակայման սենքում (պահակային սենք) կամ մոտակա հրշեջ ծառայությունում,

4) կենտրոնի յուրաքանչյուր սենյակ պետք է ելք ունենա դեպի միջանցքի տարբեր հատվածներ: Միջանցքները և սենյակների մուտքի դռները տարհանման դեպքում պետք է ապահովեն առավելագույն թողունակություն,

5) սենքերի սահմաններից դուրս տարհանման ուղիների պաշտպանությունն անհրաժեշտ է նախատեսել մարդկանց անվտանգ տարհանման ապահովման տեսանկյունից` հաշվի առնելով դեպի տարհանման ուղի դուրս եկող սենքերի գործառական հրդեհային վտանգավորությունը, տարհանվողների թվաքանակը, շենքի հրակայունության աստիճանը և կոնստրուկտիվ հրդեհային վտանգավորության դասը, հարկից և ամբողջությամբ շենքից տարհանման ելքերի ընդհանուր քանակը,

6) կենտրոնի տանիքի ծածկույթը պետք է լինի չայրվող, ներառյալ ջերմամեկուսիչը: Աստիճանների, պատշգամբների, շահագործվող տանիքների, բաց դարավանդների արտաքին բազրիքները պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից,

7) կենտրոնի միջոցառումների և մարմնամարզության պարապմունքների դահլիճի և տարհանման ուղիների պատերի և առաստաղների հարդարումը պետք է նախատեսված լինի ոչ դյուրավառ նյութերից,

8) ապակեպատ բացվածքները (դռներ, էկրաններ, միջնապատեր, ապակեպատ ծածկապատշգամբներ-ջերմոցներ) պետք է լինեն շահառուի համար անվտանգ և հագեցած պաշտպանիչ սարքերով,

9) անհրաժեշտ է ապահովել շահառուի կյանքի և առողջության առավելագույն անվտանգությունը պատշգամբներում, դարավանդներում, անցում-կամրջակներում (անցումային սրահներում), հարկաբաժնի բարձրադիր հատվածներում,

10) զբաղմունքի սենյակներում արգելքների և միջնորմների համար պետք է օգտագործել անվտանգ, չկոտրվող նյութեր,

11) եթե կենտրոնի ներսում առկա են աստիճաններ, ապա`

ա. ներքևի և վերևի հատվածներում պետք է տեղադրվեն անվտանգ դռնակներ,

բ. աստիճանները պետք է լինեն անվտանգ, ունենան ամուր բռնակներ և ճաղավանդակներ,

գ. աստիճանների տարածքը պետք է լինի պատշաճ լուսավորված,

դ. հենաշարժական և քայլելու դժվարություն ունեցող անձանց համար, եթե բացակայում է վերելակը, ապա ապահովել աստիճանավանդակներին ամրացված անհատական քարշակ,

12) պատուհանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ միջոցներով, որոնք կանխարգելում են բարձրությունից ընկնելու կամ նետվելու ռիսկերը,

13) կենտրոնը պետք է ապահովված լինի բավարար տարածքով մաքրության, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումների, նյութերի պահպանման համար և դրանք պետք է փակ լինեն, ոչ հասանելի հատկապես մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար,

14) կենտրոնի շենքերում անհրաժեշտ է նախագծել կամ հատկացնել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական սենքեր (ապաստարան, թաքստոց)` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03-2020 և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.02-2022 պահանջների,

15) հակաահաբեկչական պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով կենտրոնի շենքերը պետք է համալրվեն ազդարարման և տեսահսկման համակարգերով,

16) կենտրոնում պետք է նախատեսել պահակային սենք:

172. Շուրջօրյա խնամքի կենտրոնում էլեկտրամատակարարման պահանջները.

1) կենտրոնի էլեկտրամատակարարումը և ցածր լարման էլեկտրասարքավորումները պետք է նախատեսել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 568-Ն որոշման պահանջներին համապատասխան,

2) էլեկտրամատակարարման, ինչպես նաև կենտրոնի տարածքում արտաքին լուսավորության բաշխիչ ցանցերը պետք է կատարել մալուխային գծերով` մալուխների ստորգետնյա անցկացմամբ:

173. Շուրջօրյա խնամքի կենտրոնի էներգաարդյունավետ լուսավորության համար պետք է օգտագործել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի պահանջներին համապատասխան էներգախնայող լամպեր և լուսատուներ, ջերմամեկուսիչ նյութեր, էներգախնայող այլ սարքեր և սարքավորումներ:

174. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շենքերում պետք է նախատեսել`

1) հեռախոսային (օպտիկամալուխային) ցանց,

2) խրոցակի վարդակներ,

3) խրոցակի վարդակներ մալուխից զրոյական հաղորդալարով,

4) ինտերնետ,

5) հեռուստատեսային ցանց` հեռուստատեսության հաղորդումների ընդունման համար,

6) պաշտպանական հողակցում,

7) տեսահսկման համակարգ,

8) այլընտրանքային էներգիայի համակարգեր,

9) հակահրդեհային ազդանշանման և տեխնիկական անվտանգության այլ համակարգեր,

10) հենաշարժական, տեսողական, լսողական ֆունկցիաների սահմանափակում ունեցող անձանց համար հատուկ սարքեր և սարքավորումներ, տեխնիկական միջոցներ և համակարգեր` օրինակ ձայնային ուղեկցում, կամ աղմուկի մեղմում:

175. Տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում առանձին սենքեր կարող են սարքավորվել լրացուցիչ կայանքներով:

176. Շուրջօրյա խնամքի կենտրոնում սանիտարական հիմնական պահանջներն են`

1) կենտրոնի տարածքը պետք է լինի մաքուր և ապահով,

2) կենտրոնի շենքերի աղբահավաք տարաները պետք է տեղակայվեն միայն տնտեսական հրապարակի հարթակում, աղբարկղերը պետք է ունենան կափարիչ և տեղադրվեն բետոնապատ կամ ասֆալտապատ հիմքի վրա, հիմնական մասնաշենքից առնվազն 25 մետր հեռավորությամբ, պարբերաբար պետք է լվացվեն,

3) կենտրոնի շենքերը (սենքերը) պետք է կահավորված լինեն ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման (կոյուղու) ներքին ցանցերով, որոնք միացվում են ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին ցանցերին և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 պահանջներին,

4) շահառուի համար հասանելի վայրում պետք է ապահովվի խմելու ջրի աղբյուր, ինչպես նաև հնարավորություն տաք և սառը մաքուր ջրով լվացվելու, ինչը ներառում է`

ա. ալերգիկ նյութեր չպարունակող հեղուկ օճառ, որը պետք է պատշաճ կերպով մակնշված լինի,

բ. ձեռքերը սրբելու համար հասանելի վայրում տեղադրված անձեռոցիկներ կամ չորացուցիչներ` հնարավորինս անաղմուկ,

5) խոհանոցներում պետք է նախատեսել էլեկտրական սարքավորումների տեղադրման համար անհրաժեշտ ինժեներական հանգույցներ:

177. Շուրջօրյա խնամքի կենտրոնում սանհանգույցներին ներկայացվող պահանջներ.

1) տարանջատված լինեն տղամարդկանց և կանանց համար` ապահովելով անձնական հարմարավետությունը,

2) յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսվում է անձնակազմի համար առանձին սանհանգույցներ` զուգարանով, լվացարանով և ցնցուղով,

3) սանհանգույցները պետք է բաղկացած լինեն լվացարանի և զուգարանի գոտիներից: Լվացարանի տարածքում պետք է լինեն լվացարաններ, տրանսֆորմացվող պատնեշով ցնցուղարանի հատակատաշտակ` երեք կողմից մոտեցումով,

4) շահառուի անվտանգությունից ելնելով, լվացարանները և զուգարանները պետք է ունենան դրսից բացվելու հնարավորություն,

5) բոլոր լվացարաններն ու զուգարանները պետք է ապահովված լինեն օդափոխության համակարգով կամ պատուհանով,

6) զուգարանակոնքերը և լվացարանները պետք է համահունչ լինեն շահառուի ֆիզիկական առանձնահատկություններին, որպեսզի մատչելի լինեն բոլոր անձանց համար, պետք է լինեն մատչելի հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար,

7) լվացարաններին միացվող տաք ջուրը պետք է լինի 37 աստիճան ցելսիուսից ոչ բարձր,

8) զուգարաններն ապահովվում են ջրհոսքի հարմարանքով (տրապ),

9) սանհանգույցները պետք է մշտապես ապահովված լինեն ոչ ալերգիկ հիգիենիկ թղթերով:

178. Շուրջօրյա խնամքի կենտրոնի զուգարանակոնքերը և մյուս սարքավորումները շահագործվում են սարքին վիճակում: Լվացարանների, զուգարանակոնքերի և միզամանների, ջրի տակառիկների, օդափոխիչ համակարգերի և այլ սարքավորումների անսարքությունները վերացվում են անմիջապես:

179. Շուրջօրյա խնամքի կենտրոնում սանհանգույցների սանիտարատեխնիկական սարքավորումները պետք է խոնավ մաքրվեն առնվազն օրը 1 անգամ հաճախականությամբ և ըստ անհրաժեշտության:

180. Շուրջօրյա խնամքի կենտրոնում զուգարանների սենքերը և սարքավորումները պահվում են մաքուր վիճակում, ապահովվում են հեղուկ օճառով, ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա միանվագ օգտագործման սրբիչներով, զուգարանի թղթով: Ճանճերից պաշտպանվելու համար, զուգարանների սենքերի լուսամուտների օդանցքները ցանցապատվում են:

181. Շուրջօրյա խնամքի կենտրոնում աշխատակազմի հիգիենայի և վարքագծի պահանջներ.

1) աշխատակազմի անդամները պետք է կրեն մաքուր հագուստ և կոշիկներ, ինչպես նաև բացառեն կենտրոնի տարածքում ծխելը,

2) շահառուի և աշխատակազմի անձնական իրերը պետք է պահվեն առանձնացված պահարաններում,

3) աշխատակազմը պետք է ապահովի, որ շահառուն`

ա. ձեռքերը լվանա հաստատություն մուտք գործելուց առաջ,

բ. ծառայություն ստանալուց առաջ,

գ. սնունդ ընդունելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո:

182. Շուրջօրյա խնամքի կենտրոնում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ.

1) կենտրոնի բժիշկը կամ բուժքույրը շահառուների շրջանում վարակիչ հիվանդությունների հնարավոր դեպքերի բացահայտման նպատակով ամեն օր պետք է իրականացնի մշտադիտարկում` արդյունքները գրանցելով համապատասխան մատյանում, և հիվանդությունների կասկածելի դեպքերի վերաբերյալ ներկայացնի տեղեկատվություն, համաձայն` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբեր 17-ի N 35-Ն հրամանի,

2) վարակիչ հիվանդությունների տարածման դեպքում կենտրոնը պետք է խստորեն կատարի Առողջապահության նախարարի կողմից հաստատված հանրային առողջապահական նորմատիվներով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները,

3) կենտրոնը պետք է հստակ ժամանակացույցով ախտահանի անձանց դիդակտիկ պարագաները, խաղերը:

183. Շուրջօրյա խնամքի կենտրոնի շրջակա միջավայրի անվտանգություն.

1) կենտրոնի սենքերի և ննջասենյակների պատերը պետք է լինեն հարթ և ունենան խոնավ եղանակով մաքրման և ախտահանման համար նախատեսված հարդարանք: Կենտրոնի շենքերի ներքին հարդարման համար օգտագործվող ներկանյութերն ու լաքերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 916-Ն որոշման պահանջներին,

2) կենտրոնի սենքերի, հանդերձարանների, զուգարանների, դահլիճների, խմբակային սենյակների, բուժկետի սենյակի հատակը պետք է նախատեսվի ջերմաձայնամեկուսիչ հիմքի վրա,

3) կենտրոնի պատերի ներքին հարդարումը պետք է իրականացնել անվտանգ և էկոլոգիապես մաքուր ներկերով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 916-Ն որոշման պահանջներին համաձայն,

4) սենքերի հատակները պետք է լինեն հարթ և չսայթաքող: Կենտրոնի առաջին հարկում տեղակայված երաժշտական և ֆիզկուլտուրայի պարապմունքների համար նախատեսված դահլիճներում հատակները պետք է լինեն ջերմամեկուսացված կամ տաքացվող,

5) հիմնական սենքերում, որպես հատակի նյութեր, պետք է օգտագործել էկոլոգիապես մաքուր և անվտանգ, բարձրորակ հարդարման նյութեր,

6) բակում արևից, քամուց և տեղումներից պաշտպանվելու համար պետք է նախատեսել շվաքարաններ,

7) խաղահրապարակը պետք է ունենա անվտանգ ծածկույթ: Խմբային և ընդհանուր ֆիզկուլտուրայի հարթակներում ասֆալտի ծածկույթ չի թույլատրվում,

8) կանաչապատման տարածքում պետք է նախատեսել խոտածածկույթ, ծաղկանոցներ, թփեր և ծառեր, որոնք թունավոր չեն և չեն կարող վնասել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց (առանց սուր փշերի և այլն): Կանաչապատման աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ սահմանված բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներով,

9) չնախատեսված ներթափանցումից և շփումներից պաշտպանվելու նպատակով կենտրոնի տարածքը պետք է ցանկապատված լինի,

10) տարածքում անհրաժեշտ է նախատեսել արտաքին լուսավորություն, այդ թվում խաղային հարթակի և շենքի մուտքերի: Արհեստական լուսավորության մակարդակն օրվա մութ ժամանակահատվածում պետք է լինի առնվազն 10 լյուքս,

11) կենտրոնի շենքերում ապակիները և այլ փխրուն նյութերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

ա. ապակու ջարդման հետևանքով պետք է բացառվի վնասվածքի պատճառումը կամ

բ. ապակին պետք է դիմակայի բեռնվածության ազդեցությանն` առանց կոտրվելու (ջարդվելու),

12) կենտրոնի շենքի տանիքը պետք է սարքավորել արգելապատով` ըստ նախագծային լուծումների: Չշահագործվող տանիքի դեպքում արգելապատի բարձրությունը պետք է լինի 600 մմ ոչ պակաս, իսկ շահագործվող տանիքի համար` 1000 մմ և ավելի,

13) կենտրոնը պետք է ապահովի աղբի տեսակավորում,

14) նախընտրելի է կենտրոնի տարածքում չպահել կենդանիներ, որպեսզի կանխարգելվեն շահառուի մոտ հնարավոր ալերգիկ ռեակցիաները,

15) կենտրոնի տարածքի կազմակերպման դեպքում անհրաժեշտ է առանձին կառուցված շենքի մոտ նախատեսել ավտոմեքենայի անցման հնարավորությունն ապահովող օղակաձև, իսկ կցակառուցված շենքի մոտ` կիսաօղակաձև ավտոմոբիլային անցում կամ գոտի:

184. Շուրջօրյա խնամքի կենտրոնի կահույքի նկատմամբ հիմնական պահանջներն են.

1) արդյունաբերական արտադրության նոր կահույքի բոլոր տեսակները պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) ՄՄ ՏԿ 025/2012 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին,

2) կենտրոնի գույքը պետք է համապատասխանի շահառուի տարիքային առանձնահատկություններին և հասակին,

3) գույքի մակերեսը չպետք է ունենա սուր ծայրեր, անհարթություններ և դուրս եկած հեղյուսներ (բոլտեր): Գույքի հումքը պետք է ունենա բարձր որակ, լինի դիմացկուն, շահառուի պատահական կոտրվածքներից և վնասվածքներից խուսափելու համար: Կոնստրուկցիաների (կառույցների) ծածկույթները պետք է լինեն ջրադիմացկուն, սեղաններն ու աթոռները պետք է պահպանվեն մշտապես մաքուր, իսկ ավազի սեղաններում պետք է օգտագործվի միայն թերապիայի համար նախատեսված ավազ:

185. Շուրջօրյա խնամքի կենտրոնի ներքին տարածքների նկատմամբ պահանջները.

1) կենտրոնի մի հարկաբաժնից դեպի մյուս հարկաբաժին անձանց տեղաշարժն առանց ուղեկցող սոցիալական սպասարկողի կամ դայակի չի թույլատրվում,

2) լվացքատան և չորանոց-արդուկարանի, ինչպես նաև սննդի բլոկի մուտքերի դիմաց խմբային սենյակների մուտքերի տեղաբաշխումը չի թույլատրվում: Կենտրոնի շենքերում սննդի բլոկի բաշխասենյակի մոտ անհրաժեշտ է նախատեսել առանձին վերելակ կամ բեռնատար ամբարձիչ սննդի ուղղահայաց տեղափոխման համար,

3) շենքում վերելակը պետք է նախատեսել շենքի ընդհանուր հաղորդակցության և հանգստի համար նախատեսված տարածքներից մեկուսացված,

4) ընդհանուր սենյակների և ննջասենյակների պատուհանների բացվածքների տեղաբաշխումն անմիջականորեն խոհանոցի և լվացքատան պատուհանների վերևում չի թույլատրվում,

5) բժշկական սենյակը պետք է տեղակայել մեկուսարան-հիվանդասենյակին հարակից հատվածում: Նրանց միջև պետք է նախատեսել ապակեպատ բացվածք` տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց հետևելու համար: Մեկուսարան-հիվանդասենյակը չպետք է լինի միջանցիկ, ապահովված պետք է լինի սանհանգույցով և ունենա նախասրահ: Մեկուսարան-հիվանդասենյակի ընդունարանում պետք է նախատեսել սպասք լվալու և պահելու հատված,

6) կենտրոնում բուժկետի (բժշկի կաբինետ) հագեցվածությունը պետք է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշման 12-րդ հավելվածով սահմանված պահանջներին ու պայմաններին: Բժշկի կաբինետում անհրաժեշտ է ունենալ առաջին օգնության հավաքածու` համապատասխան դեղերով և պարագաներով, բժշկական թախտ, սեղան և աթոռներ բժշկի ու պացիենտի համար, մեծահասակների կշեռք և հասակաչափ, տոնոմետր, բժշկական ջերմաչափեր, ֆոնենդոսկոպ, տեսողության ստուգման աղյուսակ, ինչպես նաև ապակե պահարան` դեղերի և պարագաների համար: Կաբինետում պետք է տեղադրված լինի շիրմա` այցելուի գաղտնիության ապահովման համար, լեզվաբռնիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկիչներ և շպատելներ: Սպասարկումն իրականացվում է միջին բուժաշխատողի կողմից, ով ունի օրենքով սահմանված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր,

7) կենտրոնում մարզադահլիճը նախատեսվում է ֆիզկուլտուրայի և սպորտային պարապմունքների համար: Մարզադահլիճում նախատեսվում է մարզական գույքի պահման սենյակ, տղամարդկանց և կանանց հանդերձարաններ:

186. Մասնագիտացված խնամքի կենտրոնը պետք է լինի հաշմանդամություն ունեցող (այդ թվում` անվասայլակով տեղաշարժվող) անձանց համար մատչելի: Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ապահովել մոտեցման հնարավորություն շենքի ընդհանուր և հանգստի համար նախատեսված տարածք, մասնագիտացված սենքեր, սեկցիաների սենքեր, բժշկական սպասարկման, մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացման կազմակերպումն ապահովող պարապմունքների համար նախատեսված ընդհանուր սենքեր, ծառայողական-տնտեսական գործառույթների սենքեր:

187. Շուրջօրյան խնամքի կենտրոնում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձանց համար պետք է նախատեսել վթարային լուսավորություն` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 22-03-2017 շինարարական նորմերի պահանջները:

188. Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներով անձանց խնամքի կենտրոնում ննջասենյակներում անձնակազմի աշխատանքային գոտում տեղադրվում է տեղային լուսավորություն:

189. Կենտրոնի հողատարածքի կանաչապատումն իրականացնելիս բացառում են թունավոր պտուղներով ծառերի և թփերի առկայությունը: Կենտրոնի սենքերում ևս չեն տեղադրում թունավոր հատկություններով, պտուղներով դեկորատիվ բույսեր:

 

5. ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ

 

190. Համայնքային փոքր տունն ընտանեկան միջավայրին առավելագույնս մոտ, 8-16 անձի համար նախատեսված շուրջօրյա խնամքի տեսակ է, որն ուղղված է անձի անկախ ապրելուն և համայնքում ներառվելուն:

191. Համայնքային փոքր տան բնակիչ կարող է դառնալ այն տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձը, որը չունի մշտական բնակության վայր կամ հանդիսանում է շուրջօրյա խնամքի հաստատության շահառու կամ ընտանիքում չի ստանում անհրաժեշտ խնամք և չունի անկախ կյանք վարելու բավարար հմտություններ: Նման անձը պետք է ունենա կենցաղային աջակցության կարիք, սակայն լինի ինքնուրույն և չպահանջի անկողնային կամ մշտական խնամք: Մշտական բնակության վայր չունեցող կամ ընտանիքում խնամք չստացող անձանց դեպքում համայնքային փոքր տանն ապրելու վերաբերյալ եզրակացությունը տրվում է դեպքի վարման արդյունքում, որն իրականացվում է ՄՍԾ-ի կողմից: Շուրջօրյա խնամքի հաստատությունում գտնվող անձի դեպքում եզրակացությունը տրվում է բազմագործառութային թիմի կողմից:

192. Համայնքային փոքր տուն տեղափոխվելուց առաջ իրականացվում է շահառուի անհատական ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական և վերականգնողական կարիքների, կարողությունների և ցանկությունների գնահատում, կազմակերպվում է նրա ծանոթացումը տան միջավայրի և առկա բնակիչների հետ, և միայն շահառուի համաձայնությամբ իրականացվում է տեղափոխումը:

193. Առաջին գնահատման և հարմարվելու ժամանակահատվածը սահմանվում է 3-6 ամիս, որի ընթացքում որոշվում է շահառուի բնակության շարունակականությունը: Բնակության անհրաժեշտությունը պետք է վերագնահատվի առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ` հաշվի առնելով շահառուի փոփոխվող կարիքները, անկախ կյանքի հմտությունների ձևավորման մակարդակը և համայնքային ներառման առաջընթացը: Եթե գնահատման արդյունքում շահառուն դրսևորում է այն հմտություններն ու կարողությունները, որոնք թույլ են տալիս առավելագույն անկախություն ունենալ նվազագույն աջակցության պայմաններում, ապա նա դուրս է գրվում համայնքային փոքր տնից` տեղափոխվելով սեփական բնակարան կամ ընտանիք, իսկ դրանց բացակայության դեպքում` սոցիալական բնակարան:

194. Եթե համայնքային փոքր տանը շահառուի և այլ բնակիչների միջև առաջանում են կոնֆլիկտներ, և մասնագիտական գնահատումը ցույց է տալիս, որ համատեղ կացությունը բացասաբար է անդրադառնում բնակիչների սոցիալ-հոգեբանական վիճակին, ապա դիտարկվում է տվյալ շահառուի տեղափոխումն այլ համայնքային փոքր տուն կամ ընտանիք` ապահովելու համար բոլոր շահառուների բարեկեցությունը և անվտանգությունը:

195. Համայնքային փոքր տանը շահառուի կարիքների գնահատման հիման վրա տրամադրվում են հետևյալ ծառայությունները.

1) կացարանով ապահովում` տեղավորում անհրաժեշտ իրերով և կահույքով կահավորված սենյակներում,

2) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրում` շահառուի սոցիալական խնդիրների լուծման նպատակով ծառայություններ ստանալու վերաբերյալ խորհրդատվության և աջակցության տրամադրում, հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն միտված աշխատանքների իրականացում,

3) սոցիալ-վերականգնողական օգնություն` ֆունկցիոնալ կարողությունների, ինքնասպասարկման և սոցիալական ինտեգրման հմտությունների զարգացում, շահառուի ֆիզիկական, շարժողական և զգայական կարողությունների վերականգնում, կենցաղային հմտությունների ուսուցում` ներառելով սննդի պատրաստում, տան կառավարման հմտություններ, ֆինանսական և ժամանակի կառավարում, սոցիալական և համայնքային ինտեգրման աջակցություն` համայնքային գործունեության, հանգստի և զբաղվածության ծրագրերի միջոցով` շահառուի անհատական ծրագրի շրջանակում:

3) կենցաղային սպասարկում` աջակցություն շահառուի առօրյա հոգսերի լուծմանը, ըստ անհրաժեշտության` խնամքի, բնակության վայրի մաքրության, անձնական հիգիենայի պահպանման, լոգանքի, շահառուի անձնական միջոցներով գնումներ կատարելու գործում, ուղեկցում զբոսանքի և այլն:

196. Համայնքային փոքր տանը շահառուները ներգրավված են առօրյա կյանքին առնչվող գործունեություններում, ինչպիսիք են` բնակարանի մաքրության պահպանումը, անձնական և հանրային տարածքների մաքրության կազմակերպումը, գնումների կատարումը, սննդի պատրաստումը և այլն: Համայնքային փոքր տան մասնագետներն աջակցում են շահառուին, ապահովում հսկողություն և մասնագիտական ուղղորդում, նպատակ ունենալով խթանել շահառուի ինքնավարությունը, որոշումների կայացման հմտությունները և անհատական պատասխանատվությունը: Համայնքային փոքր տան մասնագետներն աջակցում են շահառուին նաև առօրյա գործողությունների պլանավորման և որոշումների իրականացման հարցում:

197. Շահառուները մասնակցում են համայնքում և դրանից դուրս կազմակերպվող տարբեր մշակութային, սպորտային, ժամանցային և այլ միջոցառումներին: Միջոցառումներին մասնակցությունը կազմակերպվում է շահառուի իրազեկված համաձայնությամբ, նախասիրությունների հիման վրա և անվտանգության գնահատմամբ:

 

5.1 ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ

 

198. Համայնքային փոքր տանը սնունդ մատուցվում է ղեկավարվելով սույն բաժնի ընդհանուր դրույթներով` հաշվի առնելով շուրջօրյա խնամքի համար և սույն ենթաբաժնում նշված առանձնահատկությունները:

199. Համայնքային փոքր տունը պետք է ունենա անվտանգ, մաքուր սնունդ պատրաստելու համար համապատասխան խոհանոց` բոլոր անհրաժեշտ պարագաներով: Որպես ուղենիշ կարող է ծառայել Աղյուսակ 27-ով սահմանված ցանկը:

200. Համայնքային փոքր տանը սնունդը պատրաստելուն աջակցում է սոցիալական սպասարկողը, եթե համատեղ բնակվող շահառուներն ունեն այդ աջակցության կարիքը:

201. Համայնքային փոքր տանը շահառուն ակտիվորեն մասնակցում է ճաշատեսակի ընտրությանը և սննդի պատրաստմանը` ըստ իր կարողությունների օգնելով կամ մասնակցելով նաև սեղանի կահավորմանը, նախապատրաստական աշխատանքներում և մաքրության հարցում` կյանքի հմտություններ զարգացնելու համար:

202. Սնունդ պատրաստելիս հաշվի են առնվում շահառուի նախասիրությունները, առողջական վիճակը, հատուկ սննդակարգի անհրաժեշտությունը, ալերգիաները և սննդային սահմանափակումները:

203. Սննդի մատուցման ժամանակը կամ պարբերականությունը համաձայնեցվում է շահառուների նախասիրություններին, կարիքներին և օրվա գրաֆիկին, և կարգավորվում է համատեղ որոշում կայացնելով:

204. Սնունդը մատուցվում է ընտանեկան ձևաչափով, որտեղ բոլոր շահառուները նստում են միասին` նպաստելով սոցիալական ներառմանը և շահառուների միջև հաղորդակցությանը: Շահառուն կարող է ընտրել նաև առանձին ճաշելու հնարավորությունը, եթե նախընտրում է առանձին սնունդ, ապահովելով անհատական իրավունքների և ընտրության սկզբունքը:

205. Սոցիալական սպասարկողը կամ սոցիալական աշխատողը հետևում է հիգիենայի և սննդի պահպանման կանոններին, հսկողություն է իրականացնում ջերմաստիճանի պահպանման, ինչպես նաև անվտանգ օգտագործման կանոնների նկատմամբ:

206. Աշխատող շահառուները կարող են վերցնել սննդով փաթեթ, որի անվտանգությունը և նրանց կարիքներին համապատասխանությունն ապահովում է սոցիալական սպասարկողը:

207. Ծննդյան տարեդարձների, ազգային և կրոնական տոների ժամանակ, ինչպես նաև ընտանեկան հավաքույթների, ընկերների հյուրասիրությունների ժամանակ պատրաստվող սնունդը պետք է համապատասխանի սույն հավելվածի 4-րդ բաժնի 8-17 Աղյուսակների պահանջներին: Բոլոր միջոցառումները պետք է համապատասխանեն խնամք ստացող շահառուների իրավունքների պաշտպանության ընթացակարգերին, արտաքին այցելուները թույլատրելի են միայն պատշաճ հաստատմամբ, իսկ միջոցառումները պետք է անցկացվեն անձնակազմի վերահսկողությամբ:

 

5.2 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

208. Համայնքային փոքր տան անձնակազմի կառուցվածքային բաժանումները ներառում են աշխատանքների հետևյալ ուղղությունները`

1) ընդհանուր ղեկավարում.

2) սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնության տրամադրում,

3) կենցաղային սպասարկում,

209. Ընդհանուր ղեկավարումը նախատեսում է`

1) գործող օրենսդրության համաձայն իրականացվող բոլոր տեսակի գործառույթների պլանավորում, կառավարում, իրականացված աշխատանքների որակի և արդյունավետության հսկում,

2) աշխատանքային գործառույթների ապահովման և խնամքի ու սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման նպատակով անհրաժեշտ պարագաներով, տեխնիկական միջոցներով, կահույքով և անհրաժեշտ այլ միջոցներով համալրում,

3) աշխատողների կողմից աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, աշխատանքային պայմանների ապահովում,

4) շենքերի, առկա տեխնիկական միջոցների անվտանգ շահագործման, նորոգման ու սպասարկման ապահովում, հակահրդեհային անվտանգության ապահովման կազմակերպում,

5) քաղաքացիական պաշտպանության և պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության դեպքերում աշխատանքների կազմակերպում,

6) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվապահական հաշվառման վարում, այդ աշխատանքների շրջանակներում հիմնական ֆոնդերի, նյութական և դրամական միջոցների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, մթերքների, ինչպես նաև անհրաժեշտ այլ միջոցների հաշվառման կազմակերպում,

7) հարկերի, տուրքերի և վճարման հետ կապված այլ գործառույթների իրականացում,

8) եկամուտների և ծախսերի նախահաշվի կազմում, ստացված միջոցների ծախսման նկատմամբ հսկողության, գույքագրման աշխատանքների իրականացում,

9) ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, ներքին հնարավորությունների բացահայտում, դրանց արդյունավետ իրացմանն աջակցում,

10) աշխատավարձերի և դրանց հավասարեցված այլ եկամուտների հետ կապված հարկերի հաշվարկում և դրանց վճարման իրականացում,

11) հաշվետվությունների կազմում և դրանց ներկայացում,

12) հաշվապահական փաստաթղթերի շրջանառություն և արխիվացում,

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

210. Ընդհանուր ղեկավարումը կազմակերպվում է տնօրենի կողմից, ընդ որում այն կազմակերպության, որը հաղթող է ճանաչվել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով իրականացված մրցույթի արդյունքում: Եթե տվյալ կազմակերպությունը հաղթող է ճանաչվել մեկից ավելի մրցութային դրամաշնորհներով, ապա տնօրենը ղեկավարում է համայնքային բոլոր փոքր տների աշխատանքները և կարող է ունենալ տեղակալ: Լրացուցիչ հաստիքային միավոր նախատեսվում է ոչ պակաս, քան 2, և ոչ ավելի, քան 4 փոքր տների համար` միասին վերցված:

211. Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնությունը տրամադրվում է բազմագործառութային անձնակազմի կողմից և նախատեսում է`

1) շահառուի սոցիալական կարիքների գնահատում, սոցիալական դեպքի վարում,

2) շահառուի անհատական սոցիալական ծրագրով համապատասխան միջոցառումների իրականացում,

3) շահառուի ինքնասպասարկման և կենցաղավարության հմտությունների ուսուցանում և ինքնուրույն որոշումների կայացմանը նպաստում և ապահովում.

3) շահառուին խորհրդատվական օգնության տրամադրում, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, իրավական օգնության տրամադրման ապահովում,

4) շահառուին դժվարությունները հաղթահարելու և ինքնասպասարկումը, կենցաղավարման հմտությունները զարգացնելու կարողությունների բացահայտում, տեղեկատվության տրամադրում, հաղորդակցության ապահովում,

6) շահառուի ֆիզիկական, շարժողական և զգայական վերականգնողական գործընթացների իրականացում.

7) շահառուի սոցիալական կապերի վերականգնման և նոր սոցիալական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, հարկ եղած դեպքում նաև` նրա ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելուն միտված աշխատանքների իրականացում. շահառուի համար տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում աջակցություն և ուղղորդում,

8) ըստ անհրաժեշտության` շահառուին հոգեբանական օգնության տրամադրման ապահովում` անհատական և խմբային խորհրդատվությունների միջոցով, իսկ թեթև մտավոր խնդիրներ ունեցող շահառուների դեպքում` նաև հոգեկան առողջության վերականգնման ծառայությունների ապահովում,

9) շահառուի հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն միտված միջոցառումների իրականացում,

10) ըստ անհրաժեշտության` շահառուին աջակցություն կենսաթոշակների նշանակման, ստացման, ֆունկցիոնալության գնահատման գործընթացի կազմակերպման կամ հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման աջակցություն, այդ թվում` համապատասխան դեղերի ստացման և անհրաժեշտ աջակցող միջոցներով ապահովման հետ կապված հարցերում,

11) շահառուների ժամանցի և հանգստի կազմակերպում, տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաների կազմակերպում` հաշվի առնելով շահառուների նախասիրությունները, պահանջմունքները, բժշկական ցուցումները և հակացուցումները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը, ինչպես նաև շահառուների կողմից մարզամշակութային խմբակների ստեղծման օժանդակում և խրախուսում, համայնքային կյանքին և միջոցառումներին շահառուների մասնակցության խթանում,

12) շահառուի սոցիալական հմտությունների, այլ անձանց հետ համահավասար հիմունքներով համայնքում ապրելու իրավունքի լիակատար իրացմանն օժանդակելու և հասարակության կյանքում շահառուի արդյունավետ և լիարժեք ներգրավվածությանն աջակցելու աշխատանքների կազմակերպում և իրականացում,

13) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

212. Սոցիալ-հոգեբանական և սոցիալ-վերականգնողական օգնություն տրամադրող մասնագետների, ներառյալ էրգոթերապիստի, սուրդոթարգմանչի այլ նեղ մասնագետի կողմից տրամադրվող ծառայությունները կարող են նաև պատվիրակվել` սույն հավելվածի համաձայն:

213. Կենցաղային սպասարկումը նախատեսում է`

1) շահառուի ինքնասպասարկմանն առնչվող հարցերում օժանդակություն,

2) շահառուի լոգանքի կազմակերպում և հագուստի, սպիտակեղենի ու անկողնային պարագաների փոխման ապահովում` կանոններով սահմանված պարբերականությամբ և օրվա ռեժիմին համապատասխան, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ,

3) շահառուներին սննդի կազմակերպման, տան մաքրության ապահովման, սանիտարահիգիենիկ պայմանների, սպասքը հավաքելու և լվանալու գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նկատմամբ հսկողություն,

4) շահառուի ընդհանուր առողջական վիճակին հետևում, մարզական, մշակութային միջոցառումների, էքսկուրսիաների կազմակերպման մասնակցություն, ինքնօգնության խմբերի, տարաբնույթ խմբակների ստեղծման աջակցություն,

5) անհրաժեշտ տնտեսական ապրանքների, մթերքի և դեղերի գնման գործընթացին մասնակցություն, շահառուների հագուստի քիմմաքրման, կոշիկների նորոգման հետ կապված աշխատանքների կազմակերպում,

6) շահառուների մասնակցությամբ ճաշացանկի և գնման ենթակա անհրաժեշտ մթերքների ցանկի կազմում, տարբեր ճաշատեսակների, սառը և տաք նախուտեստների և ուտեստների, խմորեղենի, ոչ ոգելից խմիչքների և այլ կերակրատեսակների պատրաստում,

7) ինքնուրույն տնտեսավարման, սպասքը ճիշտ դասավորելու, հավաքելու և լվանալու հմտությունների ուսուցանում, սպասքի հավաքում և լվացում,

8) շահառուների կողմից խոհանոցում կատարվող աշխատանքների համակարգում և աջակցում,

9) օրենսդրությամբ, աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով այլ իրավունքների և պարտականությունների կատարում:

214. Համայնքային փոքր տան շահառուին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է համայնքում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության կողմից (տվյալ կազմակերպությունում շահառուի սահմանված կարգով գրանցվելու դեպքում):

215. Անհրաժեշտության դեպքում` շահառուին կարող է տրամադրվել հոգեբուժական օգնություն: Նման դեպքերում շահառուի նկատմամբ դիսպանսերային հսկողություն իրականացնում է համայնքային փոքր տան գտնվելու վայրի համապատասխան բժշկական կազմակերպության հոգեբույժը` պայմանագրային հիմունքներով:

216. Համայնքային փոքր տան հաստիքային միավորները որոշվում են` ԱՂՅՈՒՍԱԿ 26-ի համապատասխան:

 

ԱՂՅՈՒՍԱԿ 26. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ  |Հաստիքը              |Տարեցների համար     |Հաշմանդամություն    |

|     |                     |համայնքային փոքր    |ունեցող անձանց համար|

|     |                     |տուն                |համայնքային փոքր    |

|     |                     |                    |տուն                |

|_____|_______________________________________________________________|

|1.   |Բազմագործառութային անձնակազմ                                   |

|_____|_______________________________________________________________|

|1.1  |Սոցիալական աշխատող   |1 հաստիքային միավոր`|1 հաստիքային միավոր`|

|     |(տան համակարգող)     |յուրաքանչյուր       |յուրաքանչյուր       |

|     |                     |համայնքային փոքր    |համայնքային փոքր    |

|     |                     |տան հաշվարկով       |տան հաշվարկով       |

|_____|_____________________|____________________|____________________|

|1.2  |Սոցիալ-հոգեբանական և |2 հաստիքային միավոր`|2 հաստիքային միավոր`|

|     |սոցիալ-վերականգնողա- |յուրաքանչյուր       |յուրաքանչյուր       |

|     |կան օգնություն տրա-  |համայնքային փոքր    |համայնքային փոքր    |

|     |մադրող մասնագետ(ներ) |տան հաշվարկով       |տան հաշվարկով       |

|_____|_______________________________________________________________|

|2.   |Կենցաղային սպասարկման անձնակազմ                                |

|_____|_______________________________________________________________|

|2.1  |Սոցիալական սպասարկող |Ոչ հերթափոխային     |Ոչ հերթափոխային     |

|     |                     |աշխատանքի համար 1   |աշխատանքի համար 1,5 |

|     |                     |հաստիքային միավոր   |հաստիքային միավոր   |

|     |                     |Հերթափոխային        |(շաբաթվա 7 օրերի    |

|     |                     |աշխատանքի համար`    |համար) Հերթափոխային |

|     |                     |1 շուրջօրյա հերթափոխ|աշխատանքի համար` 1  |

|     |                     |                    |շուրջօրյա հերթափոխ  |

|     |                     |                    |յուրաքանչյուր հա-   |

|     |                     |                    |մայնքային փոքր տան  |

|     |                     |                    |համար               |

._____________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Աշխատանքի եւ բարեկեցության /նախկին
31.07.2026
N 91-Ն
Հրաման