Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ ԱՆՈՂ, ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՐԱԽՈ ...

 

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2026 թվականի թիվ 109-Ն

 

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ ԱՆՈՂ, ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՂ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեսալսողական հաղորդումներում պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները` համաձայն Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

    հանձնաժողովի նախագահ                   Տ. Հակոբյան

 

2026 թ. սեպտեմբերի 11

ք. Երևան

 

Հավելված

Հեռուստատեսության և

ռադիոյի հանձնաժողովի

2026 թվականի սեպտեմբերի

11-ի թիվ 109-Ն որոշման

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՉ ԱՆՈՂ, ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՂ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ

 

1. Սույն որոշմամբ սահմանվում են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` տեսալսողական հաղորդումներում պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության (այսուհետ նաև` Տեղեկատվություն) տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները:

2. Տեղեկատվության առկայությունը և դրա տարածման` Օրենքով սահմանված արգելքի խախտման գնահատումն իրականացվում է հետևյալ չափորոշիչների համաձայն`

1) Տեղեկատվության առկայությունը որոշվում է տեսալսողական հաղորդման ամբողջական բովանդակության, ներկայացման ձևի և համատեքստի համակցված գնահատման հիման վրա` բացառելով առանձին արտահայտության համատեքստից կտրված դիտարկումը.

2) տեսալսողական հաղորդման ամբողջական բովանդակությամբ, կամ ներկայացման ձևով, կամ ուղերձով կամ համատեքստով պատերազմ սկսելու, վերսկսելու, շարունակելու կամ ծավալելու վերաբերյալ կոչի, կամ հրահանգի, կամ պահանջի կամ առաջարկի առկայությունը.

3) տեսալսողական հաղորդման մեջ պատերազմի, ինչպես նաև դրա սկսումը, վերսկսումը, շարունակումը կամ ծավալումը որպես անհրաժեշտ, կամ անխուսափելի ներկայացնող այնպիսի արտահայտությունների, պնդումների կամ գնահատականների առկայությունը, որոնք իրենց բովանդակությամբ կամ համատեքստով խրախուսում կամ արդարացնում են պատերազմը կամ այդպիսի գործողությունները.

4) տեսալսողական հաղորդման մեջ պատերազմին, դրա սկսմանը, վերսկսմանը, շարունակմանը կամ ծավալմանը աջակցող, ինչպես նաև պատերազմին մասնակցությունը որպես անհրաժեշտություն ներկայացնող արտահայտությունների, պնդումների կամ գնահատականների առկայությունը` բացառությամբ սույն Հավելվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի.

5) տեսալսողական հաղորդման մեջ պատերազմը, դրա սկսման, վերսկսման, շարունակման կամ ծավալման ներկայացումը որպես ցանկալի, նախընտրելի, օրինակելի, թույլատրելի, իրավաչափ կամ հասարակայնորեն ընդունելի ներկայացնող արտահայտությունների, պնդումների կամ գնահատականների միջոցով.

6) տեսալսողական հաղորդման մեջ պատերազմի, դրա սկսմանը, վերսկսմանը, շարունակմանը կամ ծավալմանը դրական գնահատական տվող, դրանք գովաբանող արտահայտությունների, պնդումների կամ գնահատականների առկայությունը:

3. Սույն չափորոշիչները չեն կիրառվում պատերազմի, զինված հակամարտությունների, ազգային անվտանգության, պաշտպանության, միջազգային հարաբերությունների, պատմական իրադարձությունների կամ ռազմական գործողությունների հումանիտար հետևանքների վերաբերյալ տեղեկատվական, վերլուծական, գիտական, կրթական, փաստագրական, գեղարվեստական տեսալսողական նյութերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ նյութն իր ամբողջական բովանդակությամբ, ներկայացման ձևով, ուղերձով կամ համատեքստով պարունակում է պատերազմի կոչ, այդպիսի գործողությունների խրախուսում կամ արդարացում:

4. Տեղեկատվության գնահատման ընթացքում հաշվի է առնվում այն հանգամանքը, թե արդյոք տեսալսողական հաղորդման տարածման ժամանակ ներկայացվել է հակակշռող դիրքորոշում, ապահովվել է դրա քննադատական ներկայացումը կամ այն ներկայացվել է այնպիսի համատեքստում, որը բացառում է տեսալսողական բովանդակության` որպես պատերազմի կոչ անող, այդպիսի գործողությունները խրախուսող, արդարացնող կամ հավանության արժանացնող ուղերձ ընկալելը: ՈՒղիղ եթերում Տեղեկատվության տարածման դեպքում կիրառվում են Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները:

5. Տեսալսողական բովանդակության` որպես կարծիք, անձնական դիրքորոշում կամ գնահատական ներկայացված լինելը, այդ թվում` «կարծում եմ», «իմ կարծիքով», «ըստ իս», «իմ դիրքորոշումն է», «ենթադրում եմ», «իմ գնահատականն է» կամ համարժեք ձևակերպումների գործածումն ինքնին չի բացառում այն որպես Տեղեկատվություն որակելը: Տեսալսողական բովանդակության բնույթը որոշվում է ոչ թե այն ներկայացնողի կողմից դրան տրված բնորոշմամբ, այլ դրա ամբողջական բովանդակության, ներկայացման ձևի, ուղերձի և համատեքստի հիման վրա:

6. Սույն չափորոշիչները չեն տարածվում պատերազմի, դրա հետևանքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամ ինքնապաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ այն տեսալսողական տեղեկատվության վրա, որը ճանաչվել կամ հրապարակվել է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնի պաշտոնական հաղորդագրությամբ, որոշմամբ կամ այլ իրավական ակտով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
Հեռուստառադիոհանձնաժողով
11.09.2026
N 109-Ն
Որոշում