Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 սեպտեմբերի 2026 թվականի N 1365-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2026 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1365-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների զուգաձև կիրառությունների կանոնարկման առաջարկների ներկայացման, քննարկման և հաստատման կարգը (այսուհետ` կարգ):

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) կանոնարկում` նույն հասկացության կամ հատուկ անվան զուգաձև կիրառություններից մեկի հաստատման գործընթաց.

2) հատուկ անուն` պետության, մայրաքաղաքի, աշխարհագրական անվան, միջազգային կազմակերպության և միավորման անվանում.

3) հասկացություն` փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող որևէ երևույթ, գործընթացը կամ իրողությունը նկարագրող լեզվական միավոր.

4) առաջարկ` պետական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտե ներկայացվող թարգմանված կամ փոխառված հասկացության ու հատուկ անվան կանոնարկման վերաբերյալ փաստաթուղթ.

5) կանոնարկման հանձնաժողով` փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ կիրառվող թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման նպատակով համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներից և մասնագետներից կազմված մասնագիտական հանձնաժողով:

3. Կարգի նպատակն է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ ապահովել թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների միօրինակ կիրառությունը:

 

2. ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

4. Կանոնարկումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտե (այսուհետ` Լեզվի կոմիտե) ներկայացված առաջարկի հիման վրա: Առաջարկը կազմվում է ըստ Ձև 1-ի և ներկայացվում ըստ սույն կարգի:

5. Առաջարկ կարող են ներկայացնել պետական կառավարման համակարգի մարմինները, գիտական կառույցները և պետական այլ հիմնարկներն ու տեղական ինքնակառավարման մարմինները իրենց գործունեության ոլորտը կարգավորող պետական մարմնի միջոցով:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված մարմիններից բացի, այլ մարմիններից ստացված առաջարկությունները ներկայացվում են տվյալ ոլորտը կարգավորող մարմնի միջոցով:

 

3. ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

 

7. Լեզվի կոմիտեն ընդունում է առաջարկը, եթե առաջարկը համապատասխանում է Ձև 1-ին և կարգի պահանջներին:

8. Ձև 1-ին չհամապատասխանող, տեխնիկական թերություններով առաջարկի դեպքում Լեզվի կոմիտեն բացթողումները վերացնելու նպատակով այն վերադարձնում է ներկայացրած մարմնին: Առաջարկը ներկայացրած մարմինը թերությունները վերացրած տարբերակը Լեզվի կոմիտե է ներկայացնում 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:

9. Առաջարկը ստանալուց հետո 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվում է կանոնարկման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

10. Հանձնաժողովը ձևավորվում է ըստ քննարկվող հարցի` համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներից և մասնագետներից: Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է տվյալ կանոնարկման գործընթացի ավարտով:

11. Հանձնաժողովի ձևավորվելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում առաջարկը տրամադրվում է հանձնաժողովի անդամներին` կարծիք տալու նպատակով:

12. Հանձնաժողովի անդամները 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում առաջարկի վերաբերյալ գրավոր կարծիք են ներկայացնում հանձնաժողովի քարտուղարին:

13. Կարծիքները ստանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում նշանակվում է հանձնաժողովի նիստ:

14. Հանձնաժողովն ամփոփիչ նիստում որոշում է կայացնում ներկայացված առաջարկի և հիմնավորումների, ինչպես նաև հանձնաժողովի անդամների կարծիքների հիման վրա:

15. Հանձնաժողովի որոշման հավելվածը ներառում է հասկացությունների և հատուկ անունների կանոնարկված ձևերը և դրանցից յուրաքանչյուրին վերաբերող հիմնավորումը:

16. Կանոնարկման գործընթացն իրականացվում է 3 (երեք) ամսվա ընթացքում, որը չի ներառում բողոքարկման ժամկետները:

17. Բողոքարկման առաջարկ ստանալիս կանոնարկման գործընթացի ժամկետը կասեցվում է:

18. Որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

19. Հանձնաժողովի ընդունած որոշումը առաջարկը ներկայացրած մարմնին է ուղարկվում որոշումն ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում` ծանուցելով բողոքարկման ընթացակարգի մասին:

20. Հանձնաժողովի որոշումներում փոփոխություններ կարող են կատարվել հանձնաժողովի նախագահի կամ անդամների առաջարկությամբ:

 

4. ԿԱՆՈՆԱՐԿՎԱԾ ՁԵՎԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Մինչև կանոնարկված ձևերի որոշումն ուժի մեջ մտնելը որոշման բովանդակությունը կարող է բողոքարկվել Լեզվի կոմիտե` որոշման հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում:

22. Կանոնարկված ձևերի որոշման բողոքարկման առաջարկը ներկայացվում է ըստ Ձև 2-ի:

23. Բողոքարկման առաջարկը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գումարվում է լրացուցիչ նիստ` բողոքարկման առաջարկը քննարկելու և որոշում կայացնելու նպատակով:

 

Ձև 1

 

ԱՌԱՋԱՐԿ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

Ներկայացնող կառույցի, կազմակերպության, ստորաբաժանման անվանումը

(լրիվ և կրճատ անվանումը)

 

Կազմակերպության գործունեության հասցե`

Հեռախոսահամար`

(կոնտակտային անձի)

 

Էլեկտրոնային հասցե`

(կոնտակտային անձի)

 

Կառույցի ղեկավարի անուն-ազգանուն

________________

(ստորագրություն)

 

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

_________________

 

2. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

(առաջարկի հակիրճ նկարագրությունը)

 

3. ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

. իրավիճակի նկարագրությունը (տեղեկություններ զուգաձև կիրառությունների վերաբերյալ)

. կանոնարկման առաջարկի անհրաժեշտությունը

. կանոնարկվող ձևի հիմնավորումը

 

4. ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ/ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ

 

.___________________________________________________________________.

|NN |Հասկացության  |Օտարալեզու այլ|Հայերենում  |Առաջարկվող|Լրացուցիչ|

|ը/կ|կամ հատուկ    |տարբերակները  |գործածվող   |ձևը       |տեղեկու- |

|   |անվան բնօրինակ|              |տարբերակները|          |թյուններ |

|   |(օրիգինալ)    |              |            |          |         |

|   |տարբերակը     |              |            |          |         |

|___|______________|______________|____________|__________|_________|

|___|______________|______________|____________|__________|_________|

|___|______________|______________|____________|__________|_________|

|___|______________|______________|____________|__________|_________|

.___________________________________________________________________.

 

----------------

(ստորագրություն)

 

Ձև 2

 

ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ ԵՎ ՓՈԽԱՌՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՐԿՎԱԾ ՁԵՎԵՐԻ

 

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

 

Բողոքարկման առաջարկը ներկայացնող կառույցի, կազմակերպության, ստորաբաժանման անվանումը

(լրիվ և կրճատ անվանումը)

 

Կազմակերպության գործունեության հասցե`

Հեռախոսահամար`

(կոնտակտային անձի)

 

Էլեկտրոնային հասցե`

(կոնտակտային անձի)

 

Կառույցի ղեկավարի անուն-ազգանուն

__________________

(ստորագրություն)

 

Ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը

________________

 

2. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

(բողոքարկման առաջարկի հակիրճ նկարագրությունը և հիմնավորումը)

_____________________

(ստորագրություն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2026 թվականի սեպտեմբերի 17-ի

N 1365-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կանոնարկման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իրականացնում է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների և հատուկ անունների կանոնարկումը:

2. Հանձնաժողովը ղեկավարվում է սույն կարգով:

3. Հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:

4. Հանձնաժողովն անկախ է և գործում է կոլեգիալության սկզբունքի հիման վրա:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է` հաշվի առնելով ներկայացված առաջարկի բովանդակությունը և ոլորտային առանձնահատկությունները` համապատասխան ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչներից և մասնագետներից:

6. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:

7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է Լեզվի կոմիտեն:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

8. Լեզվի կոմիտեի նախագահն ի պաշտոնե հանձնաժողովի նախագահն է:

9. Հանձնաժողովի նախագահը`

1) ապահովում է հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է հանձնաժողովի նիստերը.

3) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.

4) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) կատարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեության ղեկավարման այլ գործառույթներ:

10. Հանձնաժողովի քարտուղարն ի պաշտոնե Լեզվի կոմիտեի աշխատակիցն է: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ և չի մասնակցում որոշումների կայացմանը:

11. Հանձնաժողովի քարտուղարը`

1) կազմում և նախագահի հետ համաձայնեցնում է նիստերի օրակարգը.

2) հանձնաժողովի անդամներին պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է նիստերի ժամանակի, վայրի և օրակարգի մասին.

3) նախապես հավաքագրում, համադրում և ամփոփում է հանձնաժողովի անդամների տրամադրած կարծիքները.

4) ապահովում է հանձնաժողովի փաստաթղթաշրջանառությունը` ներառյալ աշխատանքային նյութերի էլեկտրոնային և (անհրաժեշտության դեպքում) թղթային տարբերակով պահպանումը.

5) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

6) հանձնաժողովի անդամների պաշտոնական էլեկտրոնային փոստին է ուղարկում ստորագրված որոշումը և արձանագրությունը.

7) կազմակերպում է կանոնարկման գործընթացին վերաբերող ընթացիկ աշխատանքները:

12. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.

2) ուսումնասիրում է կանոնարկման առաջարկները և ներկայացնում կարծիք.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և ստորագրում:

 

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, առկա կամ հեռավար ձևաչափով: Հանձնաժողովի անդամը կարող է մասնակցել նիստին առցանց եղանակով` կապի այնպիսի միջոցներով, որոնք ապահովում են նիստին անդամների միաժամանակյա մասնակցությունը: Հեռավար նիստերի անցկացումը և առանձին անդամների առցանց մասնակցությունն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:

14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի հաստատած օրակարգով, որում նշվում են`

1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը:

15. Օրակարգին կցվում են ներկայացված առաջարկը (առաջարկները) և հանձնաժողովի անդամների կարծիքները:

16. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

17. Նիստն իրավազոր չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը սահմանում է նոր նիստի անցկացման օր և ժամ:

18. Յուրաքանչյուր հարցի քննարկման ավարտից հետո հանձնաժողովում անցկացվում է բաց քվեարկություն:

19. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը և հանձնաժողովի որոշումը հաշվառվում և էլեկտրոնային եղանակով հատուկ կրիչների վրա պահվում են Լեզվի կոմիտեում 5 տարի ժամկետով:

20. Սույն կարգով նախատեսված փաստաթղթերը կարող են ստորագրվել ինչպես ձեռագիր, այնպես էլ էլեկտրոնային/թվային ստորագրությամբ:

 

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

21. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

22. Առաջարկների վերաբերյալ հանձնաժողովի անդամների կարծիքները ներկայացվում են հանձնաժողովի նիստում` այն ներկայացնող հանձնաժողովի անդամի ստորագրությամբ, և կցվում են նիստի արձանագրությանը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.09.2026
N 1365-Ն
Որոշում