ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2026 թվականի N 1391-Ն
ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
79. Սույն կարգի 78-րդ կետում նշված տվյալները որդեգրել ցանկացող անձը պարտավոր է տեղեկատվական համակարգ ներբեռնել համադրման մասնագիտական փուլի մասին տեղեկանալուց տասը աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի 78-րդ կետում նշված տվյալները` համապատասխան մարմիններից ստացված տեղեկանքների ձևով տեղեկատվական համակարգ ներբեռնում է որդեգրել ցանկացող անձը: Սույն կարգի 78-րդ կետով նախատեսված հանգամանքներից որևէ մեկի վերաբերյալ հակառակ տեղեկության առկայության կամ համապատասխան տեղեկանքներ չներկայացնելու դեպքում համադրման մասնագիտական փուլը չի իրականացվում և որդեգրումը չի թույլատրվում:
80. Եթե որպես որդեգրել ցանկացող հաշվառված Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և նրա ընտանիքի սոցիալական գնահատումից հետո անցել է առնվազն 6 ամիս, ապա համադրման մասնագիտական փուլն իրականացնելուց առաջ կազմակերպվում է ընտանիքի սոցիալական գնահատման վերանայում` տրամադրելով սոցիալական գնահատման նոր եզրակացություն, իսկ եթե 6 ամիսը դեռ չի լրացել, ապա հիմք է հանդիսանում նախորդիվ տրամադրված գնահատման եզրակացությունը:
81. Աշխատակազմը տեղեկատվական համակարգի միջոցով դիմում է տարածքային կենտրոնին` ըստ որդեգրել ցանկացող հաշվառված անձի բնակության վայրի` ընտանիքի սոցիալական գնահատման վերանայման նպատակով:
82. Գնահատման վերանայումը կազմակերպվում է տեղեկությունը ստանալուց հետո առավելագույնը հնգօրյա ժամկետում և վերանայված գնահատման եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է տեղեկատվական համակարգում և հասանելի է լինում դիմում ներկայացրած աշխատակազմին:
83. Որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձի և ընտանիքի ընտրության փուլում առաջնահերթությունը տրվում է որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերին, նրա իրավունքներին և կարիքներին առավելագույնս համապատասխանող ու որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին և ընտանիքին` համադրման չափանիշների և չափորոշիչների միջոցով, որոնք պետք է ապահովեն սույն կարգի 67-րդ կետում նշված պահանջները: Եթե որդեգրման ենթակա երեխան ունի քույր կամ եղբայր, ապա բազմամասնագիտական խորհուրդը որդեգրել ցանկացող հաշվառված անձից ճշտում է քրոջ կամ եղբոր որդեգրման ցանկությունն ու դրա առկայությունը կամ բացակայությունը գնահատում որդեգրման ենթակա երեխայի լավագույն շահերից ելնելով:
84. Որդեգրման ենթակա երեխայի ու որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու և ընտանիքի համակեցությունն առավելագույնս ապահովելու համար որդեգրել ցանկացող անձին կամ ընտանիքին աշխատակազմը կարող է տրամադրել խորհրդատվություններ:
85. Աշխատակազմը, տարածքային կենտրոնից տեղեկատվական համակարգի միջոցով ստանալով ընտանիքի սոցիալական գնահատման վերանայված եզրակացությունը, իսկ գնահատումից հետո 6 ամիսը չանցնելու դեպքում` հիմք ընդունելով ընտանիքի սոցիալական գնահատման եզրակացությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկացնում է որդեգրել ցանկացող անձին և որդեգրման ենթակա երեխայի բնակության կամ գտնվելու վայրի մասնագիտացված սոցիալական աշխատողին կամ երեխայի խնամքի հաստատություն կամ կազմակերպություն` որդեգրել ցանկացող անձի ու նրա ընտանիքի և նախնական ընտրված երեխայի հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին:
86. Մասնագիտացված սոցիալական աշխատողը կամ երեխայի խնամքի հաստատությունը կամ կազմակերպությունը, կազմակերպելով որդեգրել ցանկացող անձի ու նրա ընտանիքի և նախնական ընտրված երեխայի հանդիպումները, տեղեկատվական համակարգում ձևավորում է հանդիպումների տեղեկանք, որտեղ յուրաքանչյուր հանդիպումից անմիջապես հետո նշվում են հանդիպումների վայրը, օրն ու ժամերը, յուրաքանչյուր հանդիպման տևողությունը, հանդիպման ներկա գտնվող անձանց անունը, հայրանունը, ազգանունը, ինչպես նաև հոգեբանի կամ սոցիալական աշխատողի կողմից տրված հանդիպման մասին մասնագիտական կարծիքն ու եզրահանգումները:
87. Աշխատակազմը, տեղեկատվական համակարգի միջոցով սույն կարգի 86-րդ կետում նշված տեղեկությունը տեսնելուց հետո, այդ տեղեկություններում երեխայի որդեգրմանը խոչընդոտող տվյալների կամ այդ որդեգրման` երեխայի լավագույն շահերին չհակասելու դեպքում, հանդիպումները սկսելուց մինչև մեկ ամիս հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում որդեգրման վերաբերյալ փաթեթը փոխանցում է բազմամասնագիտական խորհուրդ, որն ուսումնասիրելով որդեգրման փաթեթի բովանդակությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նիստ է հրավիրում, որի ժամանակ կայացնում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`
1) եզրակացություն` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին.
2) եզրակացություն` որդեգրման հիմնավորվածության բացակայության կամ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին չհամապատասխանելու մասին.
3) եզրակացություն` որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին եզրակացություն տալու համար տեղեկության անբավարար կամ մասնակի լինելու մասին:
88. Սույն կարգի 87-րդ կետում նշված եզրակացությունները կազմվում են նիստը հրավիրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում և կազմելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում աշխատակազմ:
89. Սույն կարգի 87-րդ կետի 3-րդ ենթակետում նշված եզրակացության մեջ պարտադիր նշվում են անհամապատասխանությունները, որոնք հայտնաբերվել են բազմամասնագիտական խորհրդի կողմից` կոնկրետ նշելով մասնակի նշված տեղեկությունը:
90. Կենտրոնական նյարդային համակարգի, օրգանական և ֆունկցիոնալ ախտահարումներ, բնածին, ձեռքբերովի մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխայի որդեգրման դեպքում բազմամասնագիտական խորհուրդը համադրման մասնագիտական փուլում սույն կարգի 87-րդ կետի 1-ին ենթակետում նշված եզրակացություն տալիս է այն դեպքում, երբ որդեգրողի մոտ առկա է երեխային բուժման և խնամքի անհրաժեշտ պայմաններով ապահովելու հնարավորությունը, որի մասին պետք է հատուկ նշվի տարածքային կենտրոնի կողմից տրված ընտանիքի սոցիալական գնահատման եզրակացության մեջ:
91. Աշխատակազմը, ստանալով սույն կարգի 87-րդ կետի`
1) 1-ին ենթակետում նշված եզրակացությունը, այն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում կազմում է դրական եզրակացություն համադրման մասնագիտական փուլի մասին և հասանելի է դարձնում որդեգրել ցանկացող անձին` դատական կարգով որդեգրման համար.
2) 2-րդ ենթակետում նշված եզրակացությունը, այն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվական համակարգում կազմում է բացասական եզրակացություն համադրման մասնագիտական փուլի մասին և հասանելի դարձնում որդեգրել ցանկացող անձին.
3) 3-րդ ենթակետում նշված եզրակացությունը, այն ստանալուց հետո` մինչև տասն աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է այն անհամապատասխանությունները, որոնք հայտնաբերվել են բազմամասնագիտական խորհրդի կողմից` կոնկրետ նշելով չբավարարող կամ մասնակի նշված տեղեկությունը լրացնելու փաստը, և որդեգրման լրամշակված փաթեթը կրկին ուղարկում է բազմամասնագիտական խորհրդին` սույն կարգի 87-րդ կետով ընթացք տալու համար:
92. Որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկությունը կցվում է որդեգրել ցանկացող անձի անձնական գործին` տեղեկատվական համակարգում ստեղծելով որդեգրող ընտանիքի գործ: Որդեգրող ընտանիքի գործում միավորվում են հաշվառված որդեգրել ցանկացող անձի կամ անձանց, եթե որդեգրումն իրականացվում է ամուսինների կողմից, անձնական գործերը, որոնք տեղեկատվական համակարգում ձևավորվել էին որդեգրելու ցանկություն հայտնած անձ հաշվառվելու վերաբերյալ համապատասխան դիմումների մուտքագրումից հետո:
93. Եթե որդեգրել ցանկացող անձը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող օտարերկրացի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ցանկանում է որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա, ապա որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի լավագույն շահերին համապատասխանելու մասին եզրակացությունը խնամակալության և հոգաբարձության մարմնի առաջարկությունների հիման վրա տրամադրում է Կենտրոնական մարմինը` առաջնորդվելով սույն կարգի 87-րդ կետով նախատեսված կարգավորումներին համապատասխան:
94. Կենտրոնական մարմինը և աշխատակազմը համադրման նպատակով հիմնվում են սույն կարգի 4-րդ գլխով նախատեսված կարգով ստացված` որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ փաստաթղթերի և Կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված զեկույցի վրա, իսկ լրացուցիչ տեղեկատվության կամ փաստաթղթերի անհրաժեշտության դեպքում Կենտրոնական մարմինը դրանք հայցում է համապատասխան պետության կենտրոնական մարմնից կամ հավատարմագրված կազմակերպությունից կամ դրա ներկայացուցչից կամ ներկայացուցչությունից, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` որդեգրել ցանկացող անձից կամ նրա լիազորված ներկայացուցչից:
6. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
95. Որդեգրել ցանկացող անձը, աշխատակազմից տեղեկատվական համակարգով ստանալով դրական եզրակացությունը, իրավունք ունի դիմել դատարան` որդեգրումը քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված` հատուկ վարույթի կարգով հաստատելու համար:
96. Աշխատակազմը, որդեգրել ցանկացող անձին դրական եզրակացություն տրամադրելու մասին եզրակացությունը կազմելուց հետո անմիջապես տեղեկատվական համակարգով տեղեկացնում է նաև երեխայի բնակության կամ գտնվելու վայրի մասնագիտացված սոցիալական աշխատողին` նշելով դատարանում մասնագիտացված սոցիալական աշխատողի պարտադիր մասնակցության մասին` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում:
97. Աշխատակազմը, որդեգրման ենթակա երեխայի խնամակալի կամ հոգաբարձուի կամ երեխայի խնամքի հաստատության կամ կազմակերպության սոցիալական աշխատողի կամ հոգեբանի միջոցով երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան տեղեկացնում է նրան` որդեգրել ցանկացող անձին դրական եզրակացություն տրամադրելու մասին, ինչի մասին ճշտվում է նաև որդեգրվող երեխայի կարծիքը և համաձայնությունն ու կազմվում է համապատասխան արձանագրություն` դատարանում գնահատվելու նպատակով:
98. Եթե մինչև որդեգրման համար դիմում տալը երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու:
7. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
99. Որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկությունն օտարերկրյա որդեգրման համար հասանելի է դառնում որդեգրման ենթակա երեխային հաշվառելուց հետո` երրորդ ամսվա առաջին օրը, ինչի մասին տեղեկատվական համակարգով առաջինը տեղեկանում է Կենտրոնական մարմինը:
100. Օտարերկրյա որդեգրմանը հասանելի որդեգրման ենթակա երեխաների ապանձնավորված տվյալների վերաբերյալ զեկույցները Կենտրոնական մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում տրամադրվում են Կոնվենցիայի շրջանակներում համագործակից պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը` նրանց կողմից երեխայի կարիքներին համապատասխան որդեգրել ցանկացող անձ գտնելու համար:
101. Կոնվենցիայի անդամ պետությունում բնակվող որդեգրել ցանկացող անձանց դեպքում` նրանց հաշվառմանը զուգահեռ, իսկ այլ պետություններում բնակվող որդեգրել ցանկացող անձանց դեպքում` նրանց հաշվառումից հետո աշխատանքային խումբը տվյալ անձանց փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կատարում է համադրման տեխնիկական փուլը` այդ մասին առաջարկություններ ներկայացնելով Կենտրոնական մարմնին: Կոնվենցիային անդամակցող պետությունում մշտապես բնակվող օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում Կենտրոնական մարմինը համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը ծանուցում է համադրման տեխնիկական փուլի արդյունքների մասին, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում Կենտրոնական մարմինը որպես որդեգրել ցանկացող հաշվառված անձին կամ նրա լիազորված ներկայացուցչին ծանուցում է համադրման տեխնիկական փուլի արդյունքների մասին և ներկայացնում երեխայի վերաբերյալ ապանձնավորված տվյալներ պարունակող զեկույցը` որդեգրման ենթակա կոնկրետ մեկ երեխայի հետ համադրման մասնագիտական փուլն իրականացնելու ցանկության մասին հայտնելու նպատակով: Կենտրոնական մարմինը համադրման տեխնիկական փուլի և որդեգրել ցանկացող անձի` տվյալ երեխայի հետ համադրման մասնագիտական փուլն իրականացնելու ցանկության վերաբերյալ տեղեկատվությունը լրացնում է տեղեկատվական համակարգում, որն անմիջապես հասանելի է դառնում Լիազոր մարմնին:
102. Լիազոր մարմինը համապատասխան ուսումնասիրություն (որդեգրման մասին այլ դիմումների առկայություն և այլն) կատարելուց հետո կասեցնում է որդեգրման ենթակա երեխայի տվյալների տրամադրումը որդեգրել ցանկացող այլ անձանց կամ մարմինների:
103. Որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակը փոխված լինելու դեպքում Լիազոր մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, տեղեկացնում է Կենտրոնական մարմնին: Լիազոր մարմնի կողմից ստացված տեղեկության հիման վրա Կենտրոնական մարմինը որդեգրման գործընթացը դադարեցնում է և նշում կատարում տեղեկատվական համակարգում, ինչը հասանելի է դառնում նաև Լիազոր մարմնին: Լիազոր մարմինը դրա հիման վրա հաշվառման տեղեկատվական համակարգում կատարում է համապատասխան գրառում:
104. Համադրման տեխնիկական փուլից հետո Կենտրոնական մարմինը երեխայի անձնական գործը և ներկայացված այլ փաստաթղթերը տեղեկատվական համակարգի միջոցով անհապաղ հասանելի է դարձնում Ոստիկանության համար, որի կողմից կազմված համապատասխան տեղեկանքը ներկայացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում:
105. Ոստիկանության տեղեկանքում բացասական կարծիք արտահայտվելու դեպքում Կենտրոնական մարմինը կասեցնում է որդեգրման գործընթացը` այդ մասին հայտնելով համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված ներկայացուցչին, ինչպես նաև տեղեկատվական համակարգով տեղեկացնելով Լիազոր մարմնին:
106. Ոստիկանության տեղեկանքում դրական կարծիք արտահայտվելու դեպքում Կենտրոնական մարմինը որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնական գործը հասանելի է դառնում որդեգրման ենթակա երեխայի բնակության կամ գտնվելու վայրի աշխատակազմին` համադրման մասնագիտական փուլը կազմակերպելու համար:
107. Աշխատակազմն օտարերկրյա որդեգրման դեպքում համադրման մասնագիտական փուլն իրականացնում է սույն կարգի 5-րդ գլխի կարգավորումներին համապատասխան այն տարբերությամբ, որ որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի միջև հանդիպումներ չեն իրականացվում մինչև համադրման ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանդիպման կազմակերպումը բխում է երեխայի լավագույն շահերից:
108. Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու հնարավորության մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի առաջարկությունները տեղեկատվական համակարգի միջոցով ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական մարմինը դրա մասին ընդունում է դրական եզրակացություն և տեղեկացնում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին կամ ներկայացուցչությանը, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` որդեգրել ցանկացող անձին կամ նրա լիազորված ներկայացուցչին` նրանց ներկայացնելով Կառավարության սահմանած կարգին համապատասխան կազմված` երեխայի վերաբերյալ զեկույցը:
109. Սույն կարգի 108-րդ կետում նշված եզրակացությունը և զեկույցը ստանալուց հետո համապատասխան պետության կենտրոնական մարմնի կամ հավատարմագրված կազմակերպության կամ դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից որդեգրումն իրականացնելու նպատակահարմարության և որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխային որդեգրելու վերաբերյալ համաձայնություն ներկայացնելու դեպքում, իսկ սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքում` որդեգրել ցանկացող անձի կողմից տվյալ երեխային որդեգրելու վերաբերյալ համաձայնություն ներկայացնելու դեպքում Կենտրոնական մարմինն այդ մասին նշում է կատարում տեղեկատվական համակարգում, որն անմիջապես հասանելի է դառնում Լիազոր մարմնին: Լիազոր մարմինն ապահովում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի հանդիպումը` նախապես տեղեկացնելով հանդիպումների մասին որդեգրման ենթակա երեխայի խնամակալին կամ հոգաբարձուին կամ երեխայի խնամքի հաստատության կամ կազմակերպության աշխատակազմին: Հանդիպման վերաբերյալ տեղեկանքները տեղեկատվական համակարգում հասանելի են դարձվում Կենտրոնական մարմնին:
110. Կենտրոնական մարմինը երեխայի որդեգրման նպատակահարմարության վերաբերյալ Ոստիկանության կարծիքը, որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի, ամուսնության վկայականի (եթե ամուսնացած է) հայերեն թարգմանված օրինակների պատճենները, նրանց վերաբերյալ Կոնվենցիայի 15-րդ հոդվածով նախատեսված զեկույցը, երեխայի վերաբերյալ Կենտրոնական մարմնի կազմած զեկույցը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության պատճենը, որդեգրման ենթակա երեխայի անձնական գործի պատճենահանված օրինակը, աշխատակազմի` հաշվառման մասին տեղեկանքը, որդեգրման թույլտվության Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և հանդիպման վերաբերյալ տեղեկանքը երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Կառավարությունը որդեգրման թույլտվությունը (նախնական համաձայնությունը) տալիս է Կենտրոնական մարմնի դրական եզրակացության հիման վրա:
111. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ որդեգրման թույլտվություն (նախնական համաձայնություն) տալու կամ այն մերժելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Կենտրոնական մարմնին` վերադարձնելով նաև ստացված փաստաթղթերը:
112. Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա որդեգրման մասին ակտը քաղաքացիական կացության ակտերի գործակալությունում գրանցելուց հետո օտարերկրացին կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին Կոնվենցիայի 23-րդ հոդվածով սահմանված վկայականն ստանալու նպատակով դիմումի հետ միասին Կենտրոնական մարմին է ներկայացնում`
1) որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը (պատճենը).
2) երեխայի ծննդյան և որդեգրման վկայականները (պատճենները).
3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
113. Կենտրոնական մարմինը դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է միջպետական որդեգրումը հավաստող վկայական` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևին համապատասխան:
8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ
114. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետություններից երեխա որդեգրելու համար սույն կարգի 3-րդ գլխի համաձայն հաշվառվելուց հետո դիմում են Կենտրոնական մարմին:
115. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրացիները Կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետություններից երեխա որդեգրելու համար որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմում են Կենտրոնական մարմին` ներկայացնելով սույն կարգի 20-23-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը և իր քաղաքացիության պետության իրավասու մարմնի թույլտվությունը կամ երաշխավորագիրը Հայաստանի Հանրապետությունում որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու վերաբերյալ:
116. Կենտրոնական մարմինը սույն կարգի 4-րդ գլխի համաձայն ուսումնասիրում է սույն կարգի 114-115-րդ կետերով նշված` որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերը և տրամադրում օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն, որը տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է դառնում որդեգրել ցանկացող անձին և Լիազոր մարմնին:
117. Դրական եզրակացություն տրամադրելու համար Կենտրոնական մարմինը դիմում է Միասնական սոցիալական ծառայությանը` որդեգրել ցանկացող անձի կենսապայմանների վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու և այդ մասին արձանագրություն տրամադրելու համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը կամ, օրենքով նախատեսված համապատասխան դեպքերում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համաձայնության կամ թույլտվության տրամադրման համար:
118. Սույն կարգի 117-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Կենտրոնական մարմնին տրամադրվում են տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
119. Սույն կարգի 117-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմում է որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ զեկույց, որը ներառում է որդեգրել ցանկացող անձի`
1) անունը, ազգանունը, հայրանունը, բնակության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, վայրը (համայնք և պետություն).
3) սեռը.
4) քաղաքացիությունը, ազգությունը, մայրենի լեզուն, այլ լեզուները և դրանց տիրապետման մակարդակը.
5) կրթության և աշխատանքի վերաբերյալ տվյալներ.
6) ամուսնական կարգավիճակը.
7) համատեղ բնակվող անձանց, այդ թվում` որդեգրել ցանկացող անձի երեխաների վերաբերյալ.
8) երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացության գործողության ժամկետը.
9) առողջական վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունը.
10) ընտանիքի պատմությունը, ներառյալ` որդեգրել ցանկացող անձի մանկության, ծնողների և այլ մերձավոր ազգականների հետ հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունը.
11) կրոնական, ազգային կամ մշակութային պատկանելիության և ավանդույթների վերաբերյալ տվյալներ.
12) որդեգրում իրականացնելու հնարավորության, այդ թվում` բնավորության, ծնողավարման հմտությունների, կենսապայմանների ուսումնասիրության արդյունքների, սույն կարգով նախատեսված նախապատրաստական դասընթացն անցնելու մասին տեղեկություններ, ինչպես նաև որդեգրելու իրավունքը բացառող հանգամանքների բացակայության մասին տեղեկություններ.
13) որդեգրման պատճառները.
14) այն երեխաների բնութագիրը, որոնց որդեգրել ցանկացող անձը ցանկանում է որդեգրել:
120. Զեկույցը պատրաստելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական մարմինը զեկույցը, դրանով ներկայացված տվյալները հավաստող փաստաթղթերը և համապատասխան օտարերկրյա պետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան պետության կենտրոնական մարմնին կամ հավատարմագրված կազմակերպությանը: Կենտրոնական մարմինն ապահովում է որդեգրման գործընթացում որդեգրել ցանկացող անձի և օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի կամ հավատարմագրված կազմակերպության միջև հաղորդակցությունը:
9. ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՎ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՓԱՍՏԻ, ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ, ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴՊԻՍԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
121. Երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի մասին տեղեկության գաղտնիքն օրենքով սահմանված կարգով պահպանվում և պաշտպանվում է:
122. Երեխայի որդեգրման մասին վճիռ կայացրած դատավորը, որդեգրման պետական գրանցում իրականացնող քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի ղեկավարը և աշխատողները, ինչպես նաև մասնագիտական կամ ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տեղյակ այլ անձինք, ներառյալ` տեղեկատվական համակարգի միջոցով այդ տվյալների հետ ծանոթացած անձինք, պարտավոր են պահպանել երեխայի որդեգրման և որդեգրման գործընթացի գաղտնիքը:
123. Սույն կարգի 122-րդ կետում նշված անձինք համարվում են նախազգուշացված, որ երեխայի որդեգրման կամ որդեգրման գործընթացի գաղտնիք հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի կարգավորումները:
124. Եթե որդեգրված երեխայի կենսաբանական ծնողի կողմից նախապես տրվել է գրավոր համաձայնություն որդեգրման և որդեգրման գործընթացի մասին տվյալները կենսաբանական երեխային հայտնելու մասին, ապա որդեգրված երեխան 18 տարին լրանալու դեպքում կարող է դիմել Լիազոր մարմնին, աշխատակազմին կամ մասնագիտացված սոցիալական աշխատողին` իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների, այդ թվում` ազգության, արյան խմբի, հիվանդությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: Սույն կետում նշված տեղեկությունների տրամադրման գործընթացում դիմողի ինքնությունը և իրավասությունը ստուգվում են նախքան տեղեկության տրամադրումը, իսկ տեղեկության տրամադրման փաստն արձանագրվում է այդ տեղեկատվությունը տրամադրողի կողմից:
125. Մասնագիտացված սոցիալական աշխատողը սույն կարգի 124-րդ կետում նշված տեղեկություններ կարող է տրամադրել միայն կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում` հաշվի առնելով սույն կարգի 127-րդ կետում նշված կարգավորումները: Նման համաձայնության բացակայության դեպքում տեղեկությունը կարող է տրամադրվել ապանձնավորված` նշելով որդեգրման փաստի իրականացման տարին, ամիսը և ամսաթիվը, ինչպես նաև որ մարմնի կողմից է այն իրականացվել և որ դատարանի վճռով: Կենսաբանական ծնողի համաձայնության բացակայության դեպքում տրամադրվող ապանձնավորված տեղեկությունը չպետք է պարունակի այնպիսի տվյալներ կամ տվյալների համակցություն, որոնք կարող են հանգեցնել կենսաբանական ծնողի, երեխայի այլ ազգականների կամ որդեգրման գործընթացին առնչվող այլ անձանց նույնականացմանը:
126. Եթե կենսաբանական ծնողի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության բացակայության դեպքում` որդեգրումից հետո կենսաբանական ծնողը փոխել է իր դիրքորոշումը և գրավոր համաձայնություն ներկայացնել սույն կարգի 124-րդ կետում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ, ապա այդ տեղեկությունը տրամադրվում է սույն կարգի համաձայն:
127. Եթե կենսաբանական ծնողը նախապես տվել է գրավոր համաձայնություն սույն կարգի 124-րդ կետում նշված տեղեկության տրամադրման վերաբերյալ, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողը որդեգրված երեխայի 18 տարեկանը լրանալուց հետո այդ անձից տեղեկություն ստանալու դիմումը ստանալուց հետո` մինչև մեկամսյա ժամկետում, հայտնաբերում է նշված համաձայնությունը տված կենսաբանական ծնողին և պարզում նախկինում տրված գրավոր համաձայնության կիրառումը: Եթե կենսաբանական ծնողը չի ցանկանում, որ նախկինում տրված համաձայնությունը կիրառվի, ապա կենսաբանական ծնողը հետ է վերցնում այդ համաձայնությունը, և տեղեկությունը հայցող անձին տրամադրվում է ապանձնավորված:
Եթե մեկամսյա ժամկետում կենսաբանական ծնողը չի հայտնաբերվում կամ գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս և ողջամտորեն հնարավոր չէ ճշտել նրա դիրքորոշումը, ապա կիրառվում է նախկինում տրված գրավոր համաձայնությունը:
128. Կենսաբանական ծնողը կարող է հետ չվերցնել նախկինում տված համաձայնությունը, սակայն փոփոխել այն` վերանայելով տրամադրման ենթակա անձնական տվյալների շրջանակը, որի դեպքում հայցող անձին տրամադրվում է միայն այն տեղեկությունը, որի առնչությամբ կենսաբանական ծնողը վերահաստատել է իր համաձայնությունը:
129. Եթե կենսաբանական ծնողը չի վերանայում կամ հետ վերցնում իր համաձայնությունը, հայցվող տեղեկությունը տրամադրվում է գրավոր համաձայնությամբ նշված ծավալով:
130. Եթե տեղեկությունը հայցող անձը դիմում է Լիազոր մարմնին կամ աշխատակազմ, ապա այդ դիմումը վերահասցեագրվում է մասնագիտացված սոցիալական աշխատողին:
131. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն ստացած անձանց վերաբերյալ անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարի, ամիս, օր, բնակության վայր, առողջական վիճակը և այլն), հաշվառման ժամկետը և ներկայացված փաստաթղթերը, երեխա որդեգրելու նախընտրելի չափանիշները, երեխաների հետորդեգրման գործընթացում ստացված տեղեկությունները, որոնք հայտնի են դառնում որդեգրման գործընթացը կազմակերպող և իրականացնող իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց` հրապարակման ենթակա չեն:
132. Սույն կարգում նշված տեղեկությունները հասանելի են միայն որդեգրման գործընթացին մասնակցող կամ որդեգրման մասին տեղեկություններին հասանելիություն ունեցող մարմիններին, այդ թվում` աշխատակազմին, մասնագիտացված սոցիալական աշխատողին, Ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, պետական վերահսկողական ծառայությանը, Լիազոր մարմնին, Կենտրոնական մարմնին, Կոնվենցիային անդամակցող պետությունների կենտրոնական մարմիններին կամ հավատարմագրված կազմակերպություններին և դրանց ներկայացուցիչներին կամ ներկայացուցչություններին, որդեգրման ենթակա երեխայի և որդեգրել ցանկացող անձի համադրման գործընթացին մասնակցող անձանց, ինչպես նաև դատարանին, դատախազությանը, նախաքննության և հետաքննության մարմիններին` ըստ վերջինների իրավասության և գործառույթների շրջանակի:
133. Որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև համադրման արդյունքում երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն ստացած որդեգրել ցանկացող անձանց և նրանց ներկայացուցիչներին: Սույն կետում նշված անձինք նույնպես պարտավոր են պահպանել որդեգրման գործընթացի գաղտնիությունը:
134. Այլ անձանց, այդ թվում` երեխա որդեգրելու հնարավորության մասին դրական եզրակացություն չստացած և նրանց ներկայացուցիչներին` որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տեղեկությունները տրամադրման ենթակա չեն:
10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
135. Որդեգրել ցանկացող անձը որդեգրման ցանկացած փուլում, ներառյալ` երեխայի հետ հանդիպելուց հետո, իրավունք ունի հրաժարվել որդեգրումից:
136. Որդեգրել ցանկացող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան երեխայի որդեգրումը հաստատելու նպատակով դիմում է երեխայի հաշվառման, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան:
137. Կենտրոնական մարմնի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի որդեգրումը գրանցելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, որդեգրողի կամ որդեգրողների անձը հաստատող փաստաթղթերը և որդեգրման մասին գրանցման ակտը տեղեկատվական համակարգով հասանելի է դարձնում Լիազոր մարմնին:
138. Երեխայի որդեգրումից հետո` երեխայի խնամքի հաստատության, իսկ եթե երեխան չի խնամվել` աշխատակազմի կողմից կամ որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության ժամկետը լրանալուց հետո աշխատակազմի կողմից անձնական գործերն արխիվացվում են և պահվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով ու կարգով:
139. Որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացության ժամկետը լրանալուց հետո որդեգրել ցանկացող օտարերկրացու կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու պահանջով կարող են վերադարձվել նրա անձնագրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների հայերեն թարգմանված օրինակները և դիմելու պահին վավերական այլ փաստաթղթերի բնօրինակները` անձնական գործում պահելով դրանց լուսապատճենները:
140. Այն օտարերկրյա պետության կենտրոնական մարմինը կամ հավատարմագրված կազմակերպությունը կամ դրա ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը, որում մշտապես բնակվող անձինք որդեգրել են երեխային, Կենտրոնական մարմնին յուրաքանչյուր տարին մեկ անգամ` մինչև որդեգրման 3 տարին լրանալը, ներկայացնում է երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ հետորդեգրման զեկույցը: Կենտրոնական մարմինը կարող է պահանջել երեխայի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության տրամադրում:
141. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած` օտարերկրացի երեխաների հաշվառումը և նրանց որդեգրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացվում է սույն կարգին համապատասխան` մինչ հաշվառումը ստանալով որդեգրման ենթակա երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման փաստի մասին տեղյակ երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ:
142. Եթե սույն կարգի 19-21-րդ և 79-րդ կետերով հայցվող տեղեկատվությունը հնարավոր է դառնում ներբեռնել տեղեկատվական համակարգերից` տվյալների փոխանակման շերտի միջոցով ստանալու հնարավորության դեպքում, ապա աշխատակազմը որդեգրել ցանկացող անձից չի պահանջում ներբեռնել հայցվող տեղեկատվությունը և ստանում է դրանք ինքնաշխատ, իսկ որդեգրել ցանկացող անձի հետ համատեղ բնակվող անձանց վերաբերող տեղեկատվության դեպքում` անհրաժեշտ է լինելու նրանց գրավոր համաձայնությունը սույն կարգով նրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունն ինքնաշխատ տեղեկատվական համակարգերից ստանալու համար:
143. Սույն կարգի համաձայն հավաքագրվող տեղեկատվության համար հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալ է համարվում բնակչության պետական ռեգիստրը, իսկ բնակության հասցեի վերաբերյալ տվյալների համար` հասցեների շտեմարանը:
144. Եթե սույն կարգի համաձայն հավաքագրվող տեղեկատվությունն առկա է տեղեկատվական տարբեր համակարգերում, իրավական ուժ ունեցող և սույն կարգի իմաստով հավաստի հիմք հանդիսացող տվյալ համարվում է հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալների շտեմարանից ստացված տեղեկատվությունը: Եթե սույն կարգի համաձայն հավաքագրվող տեղեկատվությունը տեղեկատվական տարբեր համակարգերում տարբեր է կամ հնացած, ապա կիրառվում են ճշտումներ և թարմացումներ` հիմք ընդունելով հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալը:
145. Եթե որդեգրել ցանկացող անձը հայտնաբերում է իր կամ իր հետ համատեղ բնակվող անձի վերաբերյալ տեղեկատվության անճշտություն, ապա նա կարող է վիճարկել տեղեկատվական համակարգից ստացված սխալ կամ հնացած տվյալը և պահանջել ուղղել այն` «Հանրային տեղեկությունների մասին» և «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքներին համապատասխան: Մինչ սույն կետով նախատեսված ճշտումների և ուղղումների իրականացումը որդեգրման գործընթացը կասեցվում է և վերսկսվում է` ճշգրտված տվյալները որդեգրել ցանկացող անձի անհատական օգտահաշվում տեսանելի դառնալու օրվանից:
146. Եթե տեղեկատվական համակարգը ժամանակավորապես անհասանելի է կամ խափանված, ապա որդեգրել ցանկացող անձի դիմումը չի կարող մերժվել մինչև համապատասխան տեղեկատվական համակարգերի խափանման վերացումը կամ տեղեկատվական համակարգի հասանելի դառնալը, որից հետո դիմում ներկայացնելու գործընթացը շարունակվում է` առանց սահմանափակելու որդեգրել ցանկացող անձի իրավունքները:
147. Սույն կարգով նախատեսված տեղեկության փոխանցումն իրականացվում է` պահպանելով որդեգրման գաղտնիությունը: Որդեգրման գործընթացում ներգրավված մարմիններն ու կազմակերպությունները տեղեկատվության փոխանցումը կազմակերպում են այնպիսի եղանակով, որը կբացառի դրանց բովանդակության հասանելիությունը համապատասխան իրավասություն կամ գործառույթ չունեցող անձանց:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2026 թվականի սեպտեմբերի 24-ի
N 1391-Ն որոշման
ԿԱՐԳ
ՈՐԴԵԳՐՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության նպատակը, իրականացման ձևերը, կազմակերպման և իրականացման փուլերը, տեխնիկական կանոնները, վերահսկողության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերման մեթոդները և վերահսկողությանն առնչվող այլ հարաբերություններ:
2. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարվա ընթացքում:
3. Վերահսկողություն իրականացնող մարմիններն են խնամակալության և հոգաբարձության մարմինը` ի դեմս երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողի (այսուհետ` մասնագիտացված սոցիալական աշխատող) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ` Կենտրոնական մարմին, այսուհետ միասին` վերահսկող մարմին)` վերահսկողության արդյունքների հիման վրա փաստաթղթեր ստեղծելով տեղեկատվական համակարգում:
4. Մասնագիտացված սոցիալական աշխատողը վերահսկողություն է իրականացնում`
1) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ.
3) օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ, եթե վերահսկողության ժամանակահատվածում երեխան շարունակում է բնակվել կամ բնակություն է հաստատում Հայաստանի Հանրապետությունում:
5. Սույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վերահսկողության դեպքում` «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) շրջանակում Հայաստանի Հանրապետություն որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության արդյունքով կազմված փաստաթուղթը տեղեկատվական համակարգով մասնագիտացված սոցիալական աշխատողը հասանելի է դարձնում Կենտրոնական մարմնին` համագործակից պետության կենտրոնական մարմնին փոխանցելու նպատակով:
6. Կենտրոնական մարմինը վերահսկողություն է իրականացնում օտարերկրացիների և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, երկքաղաքացիների կողմից որդեգրման դեպքում, եթե որդեգրողի ընտանիքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս.
1) Կոնվենցիայի շրջանակում որդեգրված երեխաների խնամքի նկատմամբ` օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի, հավատարմագրված կազմակերպության կամ դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ համագործակցության միջոցով հարցումների, տնայցերի կազմակերպման կամ օրենսդրությամբ նախատեսված այլ եղանակներով.
2) Կոնվենցիային չանդամակցող պետություն որդեգրված երեխայի որդեգրման դեպքում` այդ երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու նպատակով դիմելով համապատասխան պետության իրավասու մարմնին կամ որդեգրողներին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին` երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու ուղղությամբ նստավայր պետությունում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով:
7. Եթե որդեգրված երեխան տեղափոխվել է օտարերկրյա պետություն, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողի միջնորդության կամ հարցման դեպքում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական մարմինը` օտարերկրյա պետությունից ստացված` երեխայի խնամքի իրականացման վերաբերյալ կազմված փաստաթղթերն ու տեղեկությունները փոխանցելով մասնագիտացված սոցիալական աշխատողին:
2. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
8. Որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս մասնագիտացված սոցիալական աշխատողն իրավունք չունի կիրառել պատժողական որևէ մոտեցում: Մասնագիտացված սոցիալական աշխատողն ապահովում է մասնագիտական ծառայությունների տրամադրումն ընտանիքին` երեխային ընտանիքում ինտեգրելու, համակեցությունն ու համերաշխությունն ապահովելու, ընտանեկան միջավայր ձևավորելու, ինչպես նաև առաջացող սոցիալական խնդիրները կարգավորելու նպատակով:
9. Մասնագիտացված սոցիալական աշխատողն իր կողմից կիրառված աջակցության մասին տվյալները մուտքագրում է տեղեկատվական համակարգ:
10. Որդեգրված երեխայի բնակության վայրի փոփոխության դեպքում որդեգրողը պարտավոր է բնակության վայրի փոփոխությունից հետո` առնվազն մեկ ամսվա ընթացքում, տեղեկացնել նոր բնակության վայրի մասնագիտացված սոցիալական աշխատողին:
3. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
11. Վերահսկող մարմնի կողմից վերահսկողությունն իրականացվում է հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների միջոցով` ապահովելով որդեգրման գաղտնիությունը:
12. Որդեգրված երեխայի հետ հանդիպումներն ու հարցազրույցներն իրականացվում են հաշվի առնելով երեխայի` որդեգրման փաստի մասին իմացության կամ չիմացության փաստը:
13. Երեխայի` որդեգրման փաստի մասին իմացության կամ չիմացության փաստի մասին վերահսկող մարմինը տեղեկանում է որդեգրած անձից, իսկ իմացության մասին` նաև որդեգրված երեխայից:
14. Վերահսկող մարմինը տեղեկատվական համակարգի միջոցով նախնական պայմանավորվածություն է ձեռք բերում հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների ժամկետների մասին, եթե որդեգրողի կամ որդեգրված երեխայի հետ հանդիպումը, հարցազրույցի իրականացումը կամ որդեգրողի ընտանիք այցելությունը պայմանավորված չէ որդեգրված երեխայի կյանքը կամ առողջությունը վտանգող անմիջական սպառնալիքը կանխելու անհրաժեշտությամբ կամ որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ ունեցած այնպիսի տեղեկություններով, որոնք ենթադրում են հրատապ միջամտություն և այդ ժամկետների վերաբերյալ նախնական պայմանավորվածության ձեռքբերումը չի խոչընդոտի որդեգրված երեխայի խնամքի և դաստիարակության վերաբերյալ տեղեկությունների ամբողջական և օբյեկտիվ կերպով ձեռքբերմանը:
15. Հանդիպումների, հարցազրույցների և այցելությունների նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար մասնագիտացված սոցիալական աշխատողը տեղեկատվական համակարգի միջոցով առաջարկում է հանդիպման, հարցազրույցի կամ այցելության երեք տարբերակներ` նշելով օրը և ժամը: Որդեգրած անձը պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընտրել այդ երեք տարբերակներից մեկը և տեղեկատվական անհատական օգտահաշվի միջոցով ամրագրել այդ օրն ու ժամը:
16. Վերահսկող մարմինն առաջին այցելությունն իրականացնում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, դրանից հետո` առնվազն 6 ամիսը մեկ անգամ:
17. Վերահսկող մարմինը`
1) սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի (այսուհետ` սեփականատեր) համաձայնությամբ մուտք է գործում երեխայի բնակության վայր.
2) ուսումնասիրում է երեխայի կենսապայմանները և դրանց ապահովվածությունը, տեղեկություն ստանալու երեխայի առողջության, ախտորոշիչ հետազոտությունների, ինչպես նաև նախասիրությունների, կրթության և այլ տվյալների մասին, անհրաժեշտության դեպքում` ստանում փաստաթղթերի պատճենները, երեխայի լուսանկարները.
3) անարգել շփվում է երեխայի և որդեգրած անձի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև մերձավոր ազգականների, հարևանների, կրթական, բժշկական կազմակերպությունների աշխատողների հետ` պահպանելով որդեգրման գաղտնիությունը.
4) կատարում է երեխայի լավագույն շահերից բխող` օրենքով նախատեսված այլ գործողություններ:
18. Որդեգրած ընտանիքի հետ այցելությունների փուլում նախատեսվում է հարցազրույցի և դիտարկման մեթոդներով պարզել`
1) որդեգրած ընտանիքի բնակության վայրում կենցաղային պայմանների և կոմունալ-կենցաղային հարմարությունների հնարավոր փոփոխությունները, այդ թվում`
ա. սանիտարահիգիենիկ պայմանները,
բ. բնակելի տարածքի չափը և սենյակների թիվը,
գ. ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման, օդափոխման համակարգերի, սանհանգույցի առկայությունը և դրանց վիճակը.
2) որդեգրված երեխայի առողջական վիճակը, առողջապահական ծառայություններից օգտվելու մատչելիությունը, որդեգրված երեխայի բժշկական զննության պարբերականությունը, կանխարգելիչ պատվաստումների առկայությունը (անհրաժեշտության դեպքում), իսկ առողջական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում` նաև վերականգնողական, տեխնիկական միջոցների և այլ օժանդակ սարքերի ձեռքբերման խոչընդոտների առկայությունը.
3) որդեգրված երեխայի զարգացմանն ու կրթությանը վերաբերող տվյալները, այդ թվում` տարիքին և հասունության մակարդակին համապատասխան ուսումնական հաստատություններում ընդգրկված լինելու կամ չլինելու հանգամանքը, առաջադիմությունը, կրթություն ստանալու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրները, կրթություն ստանալու իրավունքի իրականացման մասին այլ անհրաժեշտ տեղեկություններ.
4) որդեգրած ընտանիքում տիրող միջանձնային հարաբերությունները, բարոյահոգեբանական մթնոլորտը, բռնությունների, որդեգրված երեխայի մոտ վարքային շեղումների առկայությունը և որդեգրված երեխայի պաշտպանվածության աստիճանը.
5) որդեգրած ընտանիքի բնակության վայրի փոփոխման դեպքում` նոր բնակության վայրի համապատասխանությունը երեխայի կարիքներին.
6) սոցիալական միջավայրում որդեգրված երեխայի ներգրավվածությունը` հարևանների, ընկերների հետ շփումների առկայությունը կամ դրանց բացակայությունը:
19. Վերահսկող մարմնի կողմից ամփոփվում են ձեռք բերված տեղեկությունները և դրանց հիման վրա, տեղեկատվական համակարգում վերահսկողական գործողություններն ավարտելուց անմիջապես հետո մեկ ժամվա ընթացքում կազմվում է վերահսկողության ընթացիկ արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որում հստակ նշվում են արձանագրության կազմման օրը և ժամը, բնակարանի գտնվելու վայրը, գործողություններին մասնակցած անձանց անունները, ազգանունները, պաշտոնները և իրականացված գործողությունները: Սույն կետում նշված արձանագրությունը ստորագրում են հանդիպում, հարցազրույց կամ այցելություն իրականացրած ծառայողը և որդեգրած անձը:
20. Արձանագրության հիման վրա որդեգրած անձին, նրա ամուսնուն կամ ընտանիքի անդամին, ըստ անհրաժեշտության, մասնագիտացված սոցիալական աշխատողը կարող է տրամադրել խորհրդատվություն և մեթոդական աջակցություն, որի ընթացքն ու արդյունքները լրացվում են տեղեկատվական համակարգում:
21. Սույն կարգի 19-րդ կետում նշված արձանագրությունը տեղեկատվական համակարգի միջոցով հասանելի է լինում որդեգրած անձին:
22. Որդեգրած ընտանիք այցելություններն իրականացվում են`
1) սույն կարգի 16-րդ կետում նշված կարգավորումներին համապատասխան.
2) եթե այդպիսի խնդրանքով վերահսկող մարմին գրավոր դիմել է որդեգրած ծնողը կամ որդեգրված երեխան.
3) եթե առկա է ահազանգ որդեգրած ընտանիքում երեխայի իրավունքների խախտման, առողջական վիճակի վատթարացման, նրա խնամքի կամ դաստիարակության ոչ պատշաճ կատարման մասին.
4) եթե առկա են հիմնավոր պատճառներ որդեգրած ընտանիքում երեխայի վիճակը ռիսկային համարելու համար` երեխայի պաշտպանության դեպք վարելով:
23. Հանդիպումները, հարցազրույցները և այցելությունները կազմակերպվում են այնպես, որ որդեգրած ընտանիքը պաշտպանված լինի հանրային հետաքրքրությունից, բացառվի որդեգրման գաղտնիքի հրապարակումը և չառաջացնի հետաքրքրություն որդեգրած ընտանիքի բնակության վայրում` հարևանների, կրթական, բժշկական և այլ ծառայություններ մատուցող հաստատությունների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ:
24. Նախքան հանդիպումը, հարցազրույցը կամ այցելությունը սկսելը, վերահսկող մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է վկայական (պաշտոնական փաստաթուղթ):
25. Որդեգրած ծնողի և որդեգրված երեխայի հետ հանդիպումները և հարցազրույցները կարող են իրականացվել ինչպես որդեգրած ընտանիքի բնակության վայր կատարված այցելությունների ընթացքում, այնպես էլ նրանց փաստացի գտնվելու ցանկացած այլ վայրում:
26. Որդեգրած անձի և որդեգրված երեխայի հետ հանդիպումները և հարցազրույցներն իրականացվում են միմյանց ներկայությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ միմյանց ներկայությամբ հանդիպումը չի բխում երեխայի լավագույն շահերից:
4. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
27. Վերահսկողության ընթացքում անմիջական շփման փուլում անհրաժեշտ տեղեկությունները ձեռք են բերվում հարցազրույցի և դիտարկման մեթոդների կիրառմամբ:
28. Հարցազրույցի ընթացքում մասնագիտացված սոցիալական աշխատողը զրույց է իրականացնում որդեգրած ծնողի և որդեգրված երեխայի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ընտանիքի այլ անդամների հետ` սահմանված տեղեկությունների ձեռքբերման համար, միաժամանակ ստուգվում է նաև ներկայացվող տվյալների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ մարմիններից կամ կազմակերպություններից ստացված տվյալներին:
29. Դիտարկման մեթոդով ճշտվում է, թե որքանով են որդեգրած ծնողի կամ որդեգրված երեխայի ներկայացրած տվյալները համապատասխանում իրականությանը, ինչպես նաև զննման և հետազոտման միջոցով ստացվում են անհրաժեշտ այնպիսի տեղեկություններ, որոնք չեն պարզվել կամ հնարավոր չէ դրանք պարզվել հարցազրույցի միջոցով:
5. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
30. Եթե վերահսկողության արդյունքում, վերահսկող մարմինը հայտնաբերում է երեխայի իրավունքների խախտում կամ որդեգրած ծնողը չի ապահովում որդեգրված երեխայի հիմնական պահանջմունքները, ներառյալ` սննդի, հագուստի, կոշիկի, հիգիենայի պարագաների, բնակության վայրի, բժշկական օգնության և սպասարկման, միջնակարգ կրթության, բնակարանային կոմունալ ծառայությունների, ապա վերահսկող մարմինը տրամադրում է 30 օր` բացահայտված թերությունները վերացնելու համար, բացառությամբ, եթե երեխայի կյանքին և առողջությանն անմիջական վտանգ է սպառնում:
31. Երեխայի կյանքի կամ առողջությանը վտանգ սպառնալու դեպքում երեխան անմիջապես վերցվում է ընտանիքից` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմակերպելով երեխայի այլընտրանքային խնամքը:
32. Սույն կարգի 30-րդ կետում նշված ժամկետում մասնագիտացված սոցիալական աշխատողն աջակցություն է տրամադրում ընտանիքին, իսկ անհրաժեշտության դեպքում` դիմում նաև ընտանիքի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` օրենքով սահմանված սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
33. Եթե նույն ընտանիքում երկրորդ անգամ է հայտնաբերում երեխայի իրավունքների` սույն կարգի 30-րդ կետով նախատեսված խախտումներից մեկը, ապա վերահսկող մարմինը նախաձեռնում է ծնողական իրավունքների սահմանափակման գործընթաց:
34. Եթե վերահսկողության արդյունքում, վերահսկող մարմինը հայտնաբերում է երեխայի նկատմամբ բռնության դեպք կամ բռնության հիմնավոր կասկած, վերահսկող մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությանը (այսուհետ` Ոստիկանություն):
35. Եթե Ոստիկանությունը որդեգրած անձին «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառում է որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողը որդեգրված երեխային վերցնում է որդեգրող ընտանիքից և նախաձեռնում է ծնողական իրավունքների սահմանափակման գործընթաց:
36. Եթե «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով Ոստիկանության կողմից կանխարգելիչ հաշվառվում է որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ որդեգրող անձանցից մեկը, ապա մասնագիտացված սոցիալական աշխատողը որդեգրված երեխային չի վերցնում որդեգրող ընտանիքից և կազմակերպում է որդեգրող մյուս ծնողի ու որդեգրված երեխայի պաշտպանություն` օրենքով սահմանված կարգով:
37. Եթե որդեգրող ծնողը որդեգրված երեխայի նկատմամբ կատարում է դիտավորյալ հանցագործություն, ապա որդեգրող ծնողի նկատմամբ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, մասնագիտացված սոցիալական աշխատողը դիմում է դատարան` դատապարտյալի կարգավիճակ ունեցող` որդեգրած անձի կողմից` հաստատված որդեգրման վերացման հայցով:
38. Եթե որդեգրող ծնողը չարամտորեն խուսափում է ծնողական պարտականությունները կատարելուց կամ առկա են Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքեր, ապա այդ խուսափելու փաստը կամ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերը հիմնավորող փաստերը Ոստիկանության, դատարանի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարության, մարզերում` մարզպետի աշխատակազմի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի կամ համայնքի կողմից իրենց լիազորությունների շրջանակում արձանագրելուց և դրա մասին գրավոր մասնագիտական սոցիալական աշխատողին իրազեկելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, մասնագիտական սոցիալական աշխատողը դիմում է դատարան` որդեգրման վերացման հայցով:
Պաշտոնական հրապարակման օրը` 28 սեպտեմբերի 2026 թվական: