ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2026 թվականի N 1462-Ն
ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ և 76.1-ին հոդվածի 1-ին մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակը, տեղեկատվության ներկայացման և այդ տեղեկատվության հասանելիության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. հոկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի հոկտեմբերի 8-ի
N 1462-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ և 76.1-ին հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվության շրջանակի, տեղեկատվության ներկայացման և ներկայացված այդ տեղեկատվության հասանելիության հետ կապված հարաբերությունները:
2. Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողն առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանված ԵՏՄ անդամ այլ պետությունում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների վերաբերյալ հարկային մարմին է ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը`
1) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
2) առևտրի էլեկտրոնային հարթակի անվանումը և պաշտոնական էլեկտրոնային հասցեն (ինտերնետային կայքէջի հասցեն).
3) Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման մասով տրանսպորտային (ապրանքաուղեկցող) փաստաթղթի (ապրանքների տեղափոխումը հաստատող այլ փաստաթղթի)` առկայության դեպքում, համարն ու ամսաթիվը.
4) ապրանք մատակարարող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).
5) ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը` ապրանքի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը` նվազագույնը 6 նիշի մակարդակով` նշված վաճառողի կողմից, ապրանքի անվանումը` տվյալ ապրանքի ամբողջական նկարագրությանը համապատասխան, առևտրի էլեկտրոնային հարթակով վաճառքի համար ապրանքի նույնականացման կոդը (արտիկուլը), ապրանքի չափման միավորը, քանակը, արժույթը, միավորի գինը և ընդհանուր արժեքը, ֆիզիկական անձին ապրանքը հանձնելու ամսաթիվը: Ընդ որում, ապրանքի ընդհանուր արժեքը որոշվում է հիմք ընդունելով առևտրի էլեկտրոնային հարթակով վաճառվող ապրանքի համար վաճառողի կողմից սահմանված գինը` հաշվի առնելով վաճառողի կողմից սահմանված զեղչը.
6) վերադարձված ապրանքի կամ վճարված ապրանքից ֆիզիկական անձի հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում` երբ Հայաստանի Հանրապետությունից արտահանված` վերադարձված ապրանքները հետ են ներմուծվում Հայաստանի Հանրապետություն, ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` նվազագույնը 6 նիշի մակարդակով` նշված վաճառողի կողմից, ապրանքի անվանումը (նկարագրությունը), առևտրի էլեկտրոնային հարթակով վաճառքի համար ապրանքի նույնականացման կոդը (արտիկուլը), ապրանքի չափման միավորը, քանակը, արժույթը, միավորի գինը և ընդհանուր արժեքը, ապրանքի արտահանման տրանսպորտային (ապրանքաուղեկցող) փաստաթղթի (ապրանքների տեղափոխումը հաստատող այլ փաստաթղթի)` առկայության դեպքում, համարն ու ամսաթիվը, ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից ֆիզիկական անձի հրաժարվելու ամսաթիվը: Ընդ որում, ապրանքի ընդհանուր արժեքը որոշվում է հիմք ընդունելով առևտրի էլեկտրոնային հարթակով վաճառվող ապրանքի համար վաճառողի կողմից սահմանված գինը` հաշվի առնելով վաճառողի կողմից սահմանված զեղչը:
3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունն առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը հարկային մարմին է ներկայացնում բացառապես էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով` հարկային մարմնի սահմանած ծրագրային ձևաչափին համապատասխան: Տեղեկատվության ներկայացման համար անհրաժեշտ համապատասխան ծրագրային ձևաչափը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
4. Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը սույն կարգի 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմին է ներկայացնում յուրաքանչյուր ամսվա համար` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
5. Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողը հարկային մարմին ներկայացված տեղեկատվությունում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ներկայացնում է ճշտված տեղեկատվություն:
6. Հարկային մարմինը, առևտրի էլեկտրոնային հարթակների կողմից յուրաքանչյուր կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մասով սույն կարգին համապատասխան` ներկայացված տեղեկատվությունը (այդ թվում` ճշտված) ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ապահովում է ներկայացված տեղեկատվության հասանելիությունը` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` տվյալ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու միջոցով:
Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2026 թվական: