Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2026 թվականի N 1449-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի «Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները և օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1324-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում «ԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերը փոխարինել «, ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`

«3) օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման կարգը` համաձայն N 3 հավելվածի:».

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում`

ա. 1-ին կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «(բացառությամբ ներդրումային ֆոնդի)» բառերով,

բ. 1-ին կետի 4-րդ ենթակետը «ներառող» բառից հետո լրացնել «` ավարտված» բառով և հանել «, որոնց ներկայացման ժամկետը լրացել է» բառերը,

գ. 1-ին կետի 5-րդ ենթակետից հանել «(կամ)» բառը,

դ. 1-ին կետի 6-րդ ենթակետում «կամ 416-րդ» բառերը փոխարինել «, 416-րդ, 419-րդ, 424-րդ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ» բառերով,

ե. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով`

«6.1) դիտարկվող ժամանակահատվածում օրենսգրքի 407-րդ, 408-րդ կամ 409-րդ հոդվածներով սահմանված իրավախախտման բացակայություն.»,

զ. 1-ին կետի 7-րդ ենթակետում առաջին նախադասության «և (կամ) մաքսային» բառերը փոխարինել «(մաքսային)» բառով, իսկ երկրորդ նախադասության «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով,

է. 1-ին կետի 10-րդ ենթակետում «գործունեությանը:» բառը փոխարինել «գործունեությանը և դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործունեության ոլորտի համար օրենսդրությամբ սահմանված բոլոր լիցենզիաների, արտոնագրերի, ծանուցումների առկայություն.» բառերով,

ը. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ և 12-րդ ենթակետերով`

«11) դիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարում գործունեության արդյունքներով (առանց նախորդ տարիներից փոխանցվող հարկային վնասի) անընդմեջ առաջացած հարկային վնասի բացակայություն.

12) հարկ վճարողը դիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է ամսական 2 և ավելի աշխատողի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ընդ որում բոլոր հաշվարկված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների չափերը գերազանցում են նվազագույն աշխատավարձի չափը:»,

թ. 1.2-րդ կետում «3-րդ,» բառից հետո լրացնել «6-րդ, 6.1-ին,» բառերով, իսկ «հոդվածով» բառը փոխարինել «և 362-րդ հոդվածներով» բառերով,

ժ. 2-րդ կետում «հանրագումարը» բառից հետո լրացնել «կամ նվազեցված հարկային վնասը` նրան համարժեք շահութահարկի գումարի չափով» բառերով, «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով, «(պակասեցվող) գումարը» բառերից հետո լրացնել «կամ նվազել է հարկային վնասը` նրան համարժեք շահութահարկի գումարի չափով)» բառերով, «0,05» թիվը փոխարինել «0,1» թվով, իսկ «4 մլն» բառերը փոխարինել «10 մլն» բառերով,

ժա. 3-րդ կետից հետո լրացնել լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4. Սույն կարգի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, եթե իրավախախտումներն արձանագրվել են 2-ից ոչ ավել անգամ:».

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`

ա. 7-րդ կետը «ցանկերը» բառից հետո լրացնել «հարկային մարմնի ղեկավարի սահմանված կարգով» բառերով,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է անժամկետ` տրամադրվող հավաստագրում նշելով հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը, բացառությամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար տրամադրվող հավաստագրի, որը գործում է տրման օրվանից մինչև հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով`

«8.1. Անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից դադարեցվում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 12-ի N 1324-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով:»,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«9. Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու համար նոր հավաստագիր ստանալու նպատակով հարկ վճարողը կարող է դիմել գործող հավաստագրի տրման օրվան հաջորդող ամսվա 1-ից:»,

ե. N 1 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով`

 

«._____________________________________________________________________.

|3.|Հավաստագրի տեսակ                         |Ձև  N 2    |Ձև  N 3     |

|1.|                                         |___________|____________|

._____________________________________________________________________.

«,

 

զ. N 1 ձևում «հունվարից» բառը փոխարինել «հունվարի 1-ից» բառերով, իսկ «ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «ներկայացնելը» բառով,

է. N 2 ձևով հաստատված հավաստագրի ձևերից հանել «Ուժի մեջ է մինչև ______________________ «, «Expires on _____

                   (օրը, ամիսը, տարեթիվը),               (date)  և

«Դեյստվիտելեն դօ __________________» տողերը.

(դեն, մեսյաց, գօդ)

5) որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից հետո օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացրած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 8-ի

N 1449-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2021 թվականի օգոստոսի 12-ի

N 1324-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՕՐԻՆԱՊԱՀ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 293.1-ին հոդվածի 3.1-ին մասին համապատասխան անժամկետ տրամադրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ժամանակահատվածում հարկային մարմինն իրականացնում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողի գործունեության արդյունքների մշտադիտարկում` եռամսյակային պարբերականությամբ: Մշտադիտարկումն իրականացվում է մշտադիտարկմանը նախորդող տարվա հունվարի 1-ից, մինչև մշտադիտարկման վերջին օրը ներառող ժամանակահատվածում (այսուհետ` մշտադիտարկվող ժամանակահատված) իրականացված փաստացի գործունեության արդյունքների համար:

3. Մշտադիտարկման արդյունքներով օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը հարկային մարմնի կողմից դադարեցվում է հետևյալ դեպքերից որևէ մեկի առկայության պարագայում`

1) մշտադիտարկվող ժամանակահատվածի բոլոր օրերին հարկ վճարողը չի հանդիսացել ավելացված արժեքի հարկ վճարող.

2) հարկ վճարողը մշտադիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար չի հաշվարկել 0-ից մեծ ԱԱՀ-ի հարկման բազա.

3) մշտադիտարկման վերջին օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա են հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող (հաշվառվող) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ (հարկ, տուրք, վճար, տույժ, տուգանք, ինչպես նաև վնասի հատուցման և ծախսերի փոխհատուցման գումարներ).

4) հարկ վճարողը չի ներկայացրել մշտադիտարկվող ժամանակահատվածը ներառող հարկային և մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետու ժամանակաշրջանների համար նախատեսված բոլոր հաշվարկները.

5) հարկ վճարողը չի վճարել մշտադիտարկվող ժամանակահատվածը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սահմանված կարգով և ժամկետներում բոլոր հարկերը, տուրքերը և վճարները (այդ թվում` կանխավճարները).

6) մշտադիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է օրենսգրքի 412-րդ, 416-րդ, 419-րդ, 424-րդ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 165-րդ հոդվածներով սահմանված մեկից ավելի իրավախախտում.

7) մշտադիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է օրենսգրքի 407-րդ, 408-րդ կամ 409-րդ հոդվածներով սահմանված իրավախախտում.

8) հարկային (մաքսային) մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հարկ վճարողի (պաշտոնատար անձի) նկատմամբ մշտադիտարկվող ժամանակահատվածում արձանագրված իրավախախտումների արդյունքում հաշվարկված կամ հարկային (մաքսային) մարմինների կողմից լրացուցիչ առաջադրված պարտավորությունների հանրագումարը կամ նվազեցված հարկային վնասի` նրան համարժեք շահութահարկի գումարի չափով հանրագումարը գերազանցում է մշտադիտարկվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազայի 0,1%-ը կամ ավելին է, քան 10 մլն դրամը: Սույն կետի իմաստով իրավախախտում է համարվում նաև համալիր հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում ստուգվող ժամանակահատվածի համար հարկ վճարողի կողմից հաշվարկների (հայտարարագրերի, այդ թվում` ճշտված) ներկայացումը կամ ընդունված վարչական ակտերով (այդ թվում` ստուգման ակտերով կամ ուսումնասիրության արձանագրություններով) արձանագրված իրավախախտումները` անկախ այդ վարչական ակտերի անբողոքարկելի համարվելու համար օրենքով սահմանված ժամկետներից կամ այդ ակտերի բողոքարկված լինելու հանգամանքից.

9) մշտադիտարկվող ժամանակահատվածում հարկ վճարողի առնչությամբ կամ դրա պաշտոնատար անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ վարույթի նախաձեռնման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ի դրությամբ վարույթը կարճված չէ.

10) մշտադիտարկվող ժամանակահատվածում և դրան նախորդող երկու հարկային տարում գործունեության արդյունքներով (առանց նախորդ տարիներից փոխանցվող հարկային վնասի) անընդմեջ առաջացել է հարկային վնաս.

11) հարկ վճարողը մշտադիտարկվող ժամանակահատվածի կեսից ավելի ամիսների համար հաշվարկել է ամսական 2-ից պակաս աշխատողի աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ կամ բոլոր հաշվարկված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների չափերը չեն գերազանցել նվազագույն աշխատավարձի չափը.

12) սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերը արձանագրվել են 2-ից ավել անգամ:

4. Մշտադիտարկվող ժամանակահատվածում հարկ վճարողի վերակազմակերպված լինելու դեպքում սույն կարգի 3-րդ կետով սահմանված դադարեցման դեպքերի գնահատումը ներառում է նաև իրավանախորդ կազմակերպությունների գործունեության արդյունքները:

5. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված դադարեցման դեպքերի գնահատումը ներառում է նաև մշտադիտարկումը սկսելու օրվա դրությամբ հարկ վճարողի` փոխկապակցված համարվելու կամ փոխկապակցված ճանաչվելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ և 362-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առկայության դեպքում հարկ վճարողի և վերջինիս հետ փոխկապակցված բոլոր հարկ վճարողների գործունեության վերաբերյալ տեղեկությունները:

6. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության ընթացքում մշտադիտարկումն իրականացվում է յուրաքանչյուր եռամսյակ` ամսական (եռամսյակային, տարեկան) հաշվարկների ներկայացման համար նախատեսված վերջնաժամկետին հաջորդող օրվանից` 7 աշխատանքային օրվա ընթացքում:

7. Սույն կարգի 6-րդ կետի ժամկետի ավարտից հետո մշտադիտարկման արդյունքներով գրանցված իրավախախտումների վերաբերյալ 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է եզրակացություն, որի հիման վրա, հարկային մարմնի ղեկավարի հրամանով` հրամանի հաջորդ օրվանից, օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցվում է:

8. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցման մասին հարկային մարմնի ղեկավարի հրամանը 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է հարկ վճարողին` էլեկտրոնային եղանակով:

9. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողության դադարեցումից հետո հարկ վճարողը նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել օրինապահ հարկ վճարողի հավաստագրի դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող 12-րդ ամսվա 1-ից: Նշված ժամկետից շուտ ներկայացված դիմումները մերժվում են: Օրենսդրությամբ սահմանված կարգով, օրինապահ հարկ վճարողի հավաստագրի դադարի հիմքերն անվավեր ճանաչելու դեպքում, հարկ վճարողը նոր հավաստագիր ստանալու համար կարող է դիմել համապատասխան ակտն ուժի մեջ մտնելուց հետո:

10. Օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցվելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, օրինապահ հարկ վճարողի հավաստագրի գործողությունը դադարեցված հարկ վճարողների ցանկը հարկային մարմնի ղեկավարի սահմանված կարգով հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հոկտեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2026
N 1449-Ն
Որոշում