Սեղմել Esc փակելու համար:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հոկտեմբերի 2026 թվականի N 1524-Լ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զբաղվածության ապահովման ծրագիրը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 1179-Լ, 2024 թվականի հունվարի 11-ի «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 57-Լ և 2025 թվականի հունիսի 12-ի «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման, աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման և զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» N 770-Լ որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից և չի տարածվում սույն որոշման 2-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրային հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հոկտեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հոկտեմբերի 22-ի

N 1524-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն ծրագրի նպատակն է բարձրացնել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության հնարավորությունները կրթական էլեկտրոնային վաուչերների (այսուհետ` վաուչեր) տրամադրման միջոցով` նպաստելով նրանց մրցունակության, աշխատանքի տեղավորման և կայուն զբաղվածության ապահովմանը:

2. Սույն ծրագրի շահառու կարող են լինել`

1) գործազուրկի կարգավիճակ ունեցող այն անձինք, որոնց ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո չի անցել 2 տարի, որոնք համաձայն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի` վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված և վճարված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, վերջին երկու տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ և երբևէ ընդգրկված չեն եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1179-Լ որոշմամբ հաստատված զբաղվածության պետական ծրագրում.

2) 2020 և 2023 թվականներին Ղարաբաղից տեղահանված այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում զբաղված չեն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որևէ տեսակով, համաձայն «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի` վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված և վճարված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ և երբևէ ընդգրկված չեն եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ և 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1955-Լ որոշումներով հաստատված զբաղվածության պետական ծրագրերում.

3) «Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի` անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձինք, որոնք երբևէ ընդգրկված չեն եղել Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 770-Լ որոշմամբ հաստատված ծրագրում:

3. Ծրագիրը ֆինանսավորվում է`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե բյուջետային գործընթացների արդյունքում, ելնելով հարկաբյուջետային հնարավորություններից, այդ նպատակով հատկացվել են միջոցներ.

2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 2. ՎԱՈՒՉԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում շահառուն պետք է հաշվառված լինի e-work.am հարթակում (այսուհետ` հարթակ) և կատարած լինի համապատասխան նշում` ծրագրում ընդգրկվելու ցանկության վերաբերյալ (դիմի ծրագրում ընդգրկվելու համար): Տվյալ դեպքում անձը նշում է կատարում ծրագրի շրջանակում շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու` ներառյալ օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին: Այն դեպքում, երբ շահառուն Ղարաբաղից տեղահանված անձ է, ապա հարթակում կատարում է նաև նշում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և այնպիսի մարմիններում, որոնց աշխատողների մասով գործում է տեղեկատվության սահմանափակ հասանելիության ռեժիմ (այսուհետ` համապատասխան մարմիններ) աշխատանքային գործունեություն չիրականացնելու մասին և տալիս համաձայնություն նշված տեղեկատվությունն ստուգելու վերաբերյալ: Նշումը կատարելուց հետո ինքնաշխատ եղանակով տվյալ անձի վերաբերյալ հարթակում առկա տեղեկատվությունը համադրվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ առկա տեղեկատվության, Ընտանիքների անապահովության գնահատման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության հետ և սույն ծրագրի 2-րդ կետում նշված չափանիշներին համապատասխանելու դեպքում անձի օգտահաշվում պահպանվում է կատարված նշումը: Նշված չափանիշներին չհամապատասխանելու դեպքում շահառուն հարթակի միջոցով ստանում է ծանուցում մերժման հիմքի մասին:

5. Ծրագրի շահառու համարվելու վերաբերյալ նշումը կատարվելուց հետո հարթակում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է վաուչեր` մինչև 250000 դրամ արժողությամբ` ձևին համապատասխան:

6. Վաուչերը կարող է իրացվել միայն մեկ անգամ, տրամադրվելուց հետո 6 ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջով հրապարակված «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կողմից, որոնք թվային համակարգի գործադրմամբ վաուչերի (QR) կոդի միջոցով անձին նույնականացնելուց հետո ստանում են նրա` շահառու լինելու հավաստումը և ընդգրկում իրենց կողմից իրականացվող կարճաժամկետ ուսուցման դասընթացում: Կազմակերպությունը շահառուի հետ կնքում է ուսուցման իրականացման պայմանագիր, որի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը շահառուի կողմից մուտքագրվում է հարթակ և ինքնաշխատ եղանակով փոխանցվում Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) մասնագետին:

7. Դասընթացն ավարտելուց հետո շահառուին համապատասխան վկայական (սերտիֆիկատ, հավաստագիր) շնորհվելը հավաստվում է հարթակի միջոցով կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվությամբ, որն ինքնաշխատ եղանակով փոխանցվում է տարածքային կենտրոնի մասնագետին և հասանելի է դառնում շահառուի օգտահաշվում:

8. Ավարտական վկայականի տրամադրման վերաբերյալ տեղեկատվությունը տարածքային կենտրոնի կողմից ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայության կողմից կազմակերպության բանկային հաշվեհամարին է փոխանցվում սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված կարճաժամկետ ուսուցման դասընթացի վարձավճարը, բայց ոչ ավելի, քան վաուչերի արժեքն է:

 

ԳԼՈՒԽ 3. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

9. Ծրագրի շրջանակում կարող է աջակցություն տրամադրվել այն գործատուին (բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնց կանոնադրական կապիտալում պետության կամ համայնքի մասնակցությունը կազմում է 50 և ավելի տոկոս), որը վաուչերի հիման վրա ուսուցում անցած և ավարտական վկայական ստացած անձի հետ վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կատարելու համար կնքել է աշխատանքային պայմանագիր (այսուհետ` գործատու):

10. Սույն ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում գործատուն հարթակում նշում է կատարում ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու նպատակով իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և ներկայացնում է դիմում, որտեղ վեբ ծառայության միջոցով ինքնաշխատ եղանակով արտացոլվում են գործատուի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանից` գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման ամսաթիվը, իրավաբանական անձի գտնվելու վայրը, գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, պետական հաշվառման ամսաթիվը և հաշվառման/բնակության կամ գործունեության վայրի հասցեն:

11. Գործատուն դիմումում նշում է հաստիքի անվանումը, աշխատանքի համար անհրաժեշտ մասնագիտական որակավորման և հմտությունների պահանջները:

12. Գործատուի դիմումը հարթակի միջոցով հասանելի է դառնում տարածքային կենտրոնի մասնագետին, որտեղ ցուցադրվում է գործատուի վերաբերյալ սույն ծրագրի 10-րդ կետում նշված տեղեկատվությունը:

13. Գործատուի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով համադրվում են վաուչերի միջոցով հավաստագիր ստացած անձանց տվյալները գործատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորման և հմտությունների պահանջների հետ և ձևավորվում է ծրագրում ընդգրկման ենթակա անձանց ցուցակ (այսուհետ` ցուցակ)` ներառելով անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, ինքնակենսագրական (հրապարակված լինելու դեպքում): Գործատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված անձանցից ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին, և այդ մասին հարթակի միջոցով տեղեկացնում տարածքային կենտրոնի մասնագետին, որն էլ հաստատում է գործատուի դիմումը: Դիմումը հաստատվելու վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է գործատուի օգտահաշվում: Ծրագրում ընդգրկման ենթակա անձանց տվյալները տարբեր ցուցակներում կրկնվելու դեպքում, երբ գործատուների կողմից ընտրվում է իրենց պահանջները բավարարող միևնույն անձը, ապա տվյալ անձն է ընտրություն կատարում, թե որ գործատուի մոտ է ցանկանում աշխատել և այդ մասին հարթակի միջոցով տեղեկացնում է տարածքային կենտրոնի մասնագետին:

14. Գործատուի դիմումը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուի, շահառուի և տարածքային կենտրոնի միջև կնքվում է աջակցություն տրամադրելու մասին եռակողմ էլեկտրոնային պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:

15. Պայմանագիրը կնքելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում գործատուն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով շահառուի հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված դեպքերի, որոնց պարագայում կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատաժամանակ) էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր` առնվազն 3 ամիս ժամկետով, որը հարթակի միջոցով հասանելի է դառնում տարածքային կենտրոնի մասնագետին:

16. Ծրագրի շրջանակում գործատուին տրամադրվում է շահառուի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի փոխհատուցում`

1) աշխատանքային գործունեության առաջին երեք ամսվա համար` 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25 000 դրամը.

2) աշխատանքային գործունեության 4-6-րդ ամիսների համար` 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամը:

17. Շահառուի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվելու դեպքում շահառուին տրամադրվում է միանվագ աջակցություն` 100 000 դրամի չափով, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում` ևս միանվագ աջակցություն` 200 000 դրամի չափով:

18. Ծառայությունը սույն ծրագրի 16-րդ կետով նախատեսված գումարը փոխանցում է գործատուի բանկային հաշվեհամարին եռամսյակային կտրվածքով` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը, իսկ 17-րդ կետով նախատեսված գումարը փոխանցում է շահառուի բանկային հաշվեհամարին` մինչև աշխատանքային պայմանագրի գործողության համապատասխանաբար 3-րդ և 12-րդ ամիսները լրանալուն հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը:

19. Տարածքային կենտրոնի մասնագետը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության հիման վրա տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի ներկայացման վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը տեղեկանում է նախորդ ամսվա ընթացքում աշխատողների համար աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափի վերաբերյալ, որն էլ հիմք է հանդիսանում գործատուին և շահառուին ծրագրով նախատեսված աջակցության տրամադրման համար: Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված հարկային հաշվարկներում փոփոխություն կատարելու դեպքում ծրագրի շրջանակներում արդեն իսկ տրամադրված աջակցության չափերը վերահաշվարկվում են փոփոխությունների արդյունքներով:

20. Ծրագրով նախատեսված աջակցությունը դադարեցվում է`

1) գործատուի կամ շահառուի դիմումի հիման վրա.

2) սույն ծրագրի 19-րդ կետով նախատեսված ժամկետում տարածքային կենտրոնի մասնագետի կողմից Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանում առկա տեղեկատվության ստուգման արդյունքում, եթե պարզվում է, որ լուծվել է ծրագրի շրջանակներում կնքված էլեկտրոնային աշխատանքային պայմանագիրը, կամ նախորդ ամսվա համար շահառուի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափը զրոյական է.

3) շահառուի մահվան դեպքում:

21. Ծրագրի իրականացումը կասեցվում է շահառուի նպատակային արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում և վերսկսվում է կասեցման հիմքի վերացմանը հաջորդող օրվանից:

22. Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման կամ ծրագրի իրականացման կասեցման դեպքերում մեկ օրվա ընթացքում այդ մասին տեղեկատվությունն արտացոլվում է գործատուի և շահառուի օգտահաշիվներում:

23. Տարածքային կենտրոնն առնվազն ամիսը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում ծառայություն մինչև հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը: Ծառայությունն առնվազն եռամսյակը մեկ անգամ իրականացնում է ծրագրի կատարման ընթացքի մոնիթորինգ և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարարություն` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա երկրորդ տասնօրյակի ավարտը:

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՐԹԱԿԱՆ ՎԱՈՒՉԵՐ

 

                        ՍԵՐԻԱ             N 0000

 

Տրված է «----»-------- 20---թ. Ուժի մեջ է մինչև»----»------- 20---թ.

_____________________________________________________________________

                      (անուն, հայրանուն, ազգանուն)

 

Իրավունք ունի`

 

Ընդգրկվելու «Երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր» իրականացնող կազմակերպության կարճաժամկետ ուսուցման դասընթացում:

Վաուչերի արժեք` մինչև 250000 դրամ:

 

Միասնական սոցիալական

ծառայության պետ`

    ____________________________           __________________________

         (ստորագրություն)                       (անուն, ազգանուն)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.10.2026
N 1524-Լ
Որոշում