ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Երևան 20 հոկտեմբերի 2026թ.
2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ««2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Էդգար Շաթիրյանի (նախագահող), Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող), Սեդա Սաֆարյանի, Վլադիմիր Վարդանյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Կառավարության,
ներկայացուցիչ` Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
Կառավարության` 2026 թվականի օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա` դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2025 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված ««2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունը 2026 թվականի հուլիսի 23-ի N 1067-Ա որոշմամբ հավանություն է տվել 2025 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված ««2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով վերոնշյալ արձանագրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության (այսուհետ նաև` Պայմանավորվող կողմեր) միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում (այսուհետ նաև` Համաձայնագիր) փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում` Համաձայնագրում փոփոխություններ կատարելու, մասնավորապես` սովորական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու նպատակով:
2. Արձանագրությամբ նախատեսված փոփոխությունների արդյունքում Համաձայնագրի անվանումը, նախաբանի 3-րդ պարբերությունը և Համաձայնագրի 1-ից 5-րդ հոդվածները շարադրվում են նոր խմբագրությամբ:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
3.1. Մոնղոլիայի այն քաղաքացիներին, որոնք ունեն դիվանագիտական, պաշտոնական և սովորական վավեր անձնագրեր, ազատել մուտքի արտոնագրի պահանջից Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի, գտնվելու, ելքի կամ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու համար` նրանց մուտք գործելու օրվանից երեսուն (30) օրը չգերազանցող ժամանակահատվածով (Արձանագրության հոդված 1),
3.2. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցող այն քաղաքացիներին, որոնց անձնագիրը կորել, վնասվել կամ գողացվել է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ընթացքում, այդ մասին անմիջապես տեղեկացվելուց հետո (այդ մասին տեղեկացվում են նաև ընդունող պետության իրավասու մարմինները), կտրամադրի նոր անձնագիր կամ իրենց քաղաքացիության պետություն վերադարձն արտոնող ժամանակավոր նույնականացման փաստաթուղթ (Արձանագրության հոդված 2),
3.3. դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող կողմի հետ փոխանակել Հայաստանի Հանրապետության սովորական անձնագրերի նմուշները` ոչ ուշ, քան Արձանագրությունն ստորագրելու օրվանից երեսուն (30) օրվա ընթացքում (Արձանագրության հոդված 3, պարբերություն 1),
3.4. մյուս Պայմանավորվող կողմին տեղեկացնել նոր սովորական անձնագրեր կամ փաստաթղթեր ներդնելու կամ գործող սովորական անձնագրերը փոփոխելու մասին և դիվանագիտական ուղիներով փոխանցել նոր կամ փոփոխված սովորական անձնագրերի կամ փաստաթղթերի նմուշները` դրանք ներդնելուց կամ ցանկացած փոփոխություն ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ (Արձանագրության հոդված 3, պարբերություն 2):
4. Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պետության այն քաղաքացիները, որոնք ունեն դիվանագիտական, պաշտոնական և սովորական վավեր անձնագրեր, պետք է`
1) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում երեսուն (30) օրից ավել մնալու ցանկության դեպքում նախապես ստանան մուտքի արտոնագիր,
2) մուտք գործեն, մեկնեն կամ տարանցիկ երթևեկեն մյուս Պայմանավորվող կողմի պետության այն պետական սահմանի անցման կետով, որը բաց է միջազգային ուղևորափոխադրումների համար, և հետևեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերին` այդ Պայմանավորվող կողմի պետության օրենսդրության և կանոնակարգերի համաձայն,
3) այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում գտնվելու ընթացքում պահպանել մյուս Պայմանավորվող կողմի պետության օրենսդրության ու կանոնակարգերի պահանջները:
5. Համաձայն Արձանագրության 1-ին հոդվածի 7-րդ պարբերության` Համաձայնագիրը չի սահմանափակում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինների իրավունքը` արգելել մյուս Պայմանավորվող կողմի դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցող այն անձանց մուտքը կամ կրճատել, կամ դադարեցնել նրանց գտնվելու իրավունքն իր պետության տարածքում, ովքեր համարվում են անցանկալի անձ:
6. Համաձայն Արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին պարբերության` Արձանագրությունը կազմում է Համաձայնագրի անբաժան մասը, կնքվում է Համաձայնագրի գործողության ժամկետով, և դրա գործողությունը դադարում է Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու հետ միասին:
7. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2025 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված «2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Է. Շաթիրյան
20 հոկտեմբերի 2026 թվականի
ՍԴՈ-1848
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 21 հոկտեմբերի 2026 թվական: