Սեղմել Esc փակելու համար:
63-72 ՏԱՐԵԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

63-72 ՏԱՐԵԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2026 թվականի N 1620-Լ

 

63-72 ՏԱՐԵԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 63-72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեով սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսելու վերաբերյալ` 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա ընտրված շահառուներին աջակցության տրամադրումն ապահովելու նպատակով:

4. Սահմանել, որ 2027 թվականին սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակում նոր դիմումների ընդունում և նոր շահառուների ընտրություն չի իրականացվում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. նոյեմբերի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի նոյեմբերի 5-ի

N 1620-Լ որոշման

 

ԾՐԱԳԻՐ 63-72 ՏԱՐԵԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Սույն հավելվածով հաստատվում է 63-72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր), որի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության 63-72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվությունը` ստեղծելով տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն սկսելու, վերականգնելու, ընդլայնելու կամ շարունակելու հնարավորություններ` նպաստելով տեղական մասնավոր հատվածի կայուն զարգացմանը:

2. Ծրագիրը միտված է 63-72 տարեկան քաղաքացիների մասնագիտական փորձի, կարողությունների, գիտելիքի և համայնքային կապերի տնտեսական ներուժի իրացմանը` դրանք վերածելով կայուն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության և եկամտի ձևավորման աղբյուրի: Ծրագրի ակնկալվող արդյունքներն են առնվազն 400 քաղաքացու մասնակցությունը ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրերին և գործարար գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ինչպես նաև ծրագրի ֆինանսական միջոցների շրջանակում առավելագույնը 200 շահառուի աջակցության տրամադրումը` նպաստելով 63-72 տարեկան քաղաքացիների շրջանում նոր կամ շարունակական տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ծավալի աճին: Ծրագրի արդյունավետությունը գնահատվում է սույն ծրագրի 26-րդ կետով սահմանված ցուցանիշներով:

 

2. ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Ծրագրի շրջանակում աջակցության համար կարող են դիմել 63-72 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ներկայացրել են ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի շրջանակում մշակված և սույն ծրագրի 50-րդ կետով սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանող գործարար ծրագիր` ծրագրի 15-րդ կետով նախատեսված նպատակային ուղղություններով, ունեն ձեռնարկատիրական հմտությունների առկայությունը հավաստող փաստաթուղթ (հավաստագիր)` տրամադրված սույն ծրագրի 4-րդ կետով սահմանված պահանջները բավարարող կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպության կողմից, և բավարարում են հետևյալ պայմաններից առնվազն մեկին.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր կամ հանդիսանում են իրավաբանական անձի հիմնադիր կամ գործադիր մարմնի ղեկավար և տվյալ իրավաբանական անձի միջոցով իրականացնում են տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն: Ընդ որում, տվյալ անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին`

ա. հայտը ներկայացնելու օրվան նախորդող 365 օրվա ընթացքում նրա նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթ չի հարուցվել,

բ. հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ,

գ. ունի վարկային զեկույց, համաձայն որի, ըստ ԱՔՌԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում չի ունեցել հանրագումարային 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

2) հայտը ներկայացնելու պահին չունեն սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավիճակներից որևէ մեկը և ծրագրով սահմանված կարգով ընտրվելու դեպքում պարտավորվում են մինչև աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր կամ ձեռք բերել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգավիճակներից որևէ մեկը:

4. Ծրագրի իմաստով կրթական ծրագրեր իրականացնողներ են այն կազմակերպությունները, որոնք`

1) իրականացնում են ձեռնարկատիրական, բիզնեսի զարգացման, զբաղվածության խթանման, կարողությունների զարգացման ոլորտներում ուսուցողական, վերապատրաստման կամ խորհրդատվական ծրագրեր.

2) ունեն նշված ոլորտներում առնվազն 3 տարվա գործունեության փորձ.

3) վերջին 5 տարվա ընթացքում իրականացրել են առնվազն 2 ձեռնարկատիրական կամ կարողությունների զարգացման ծրագիր` պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, զարգացման գործընկերների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կամ այլ դոնոր կառույցների պատվերով, ֆինանսավորմամբ, աջակցությամբ կամ համագործակցությամբ, ընդ որում, ծրագրերից առնվազն մեկը պետք է իրականացված կամ ավարտված լինի վերջին 12 ամսվա ընթացքում: Նշված ծրագրերում կազմակերպության` ուսուցման կամ կարողությունների զարգացման բաղադրիչի իրականացման փորձը պետք է հիմնավորվի պայմանագրով, ծրագրի հաշվետվությամբ, պատվիրատուի կամ գործընկեր կազմակերպության հաստատմամբ կամ իրականացված աշխատանքները հավաստող այլ փաստաթղթով.

4) ունեն սույն ծրագրով նախատեսված թեմատիկ ուղղություններին համապատասխան մասնագիտական գիտելիքներ և գործնական կամ դասավանդման փորձ ունեցող դասընթացավարների կամ փորձագետների ներգրավման հնարավորություն.

5) ունեն սույն ծրագրի 3-րդ կետով սահմանված տարիքային խմբի անձանց համար ուսուցման կամ վերապատրաստման ծրագրերի իրականացման փորձ կամ ապահովում են ուսուցման կազմակերպման հարմարեցում տվյալ թիրախային խմբի առանձնահատկություններին:

5. Կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ընտրությունն իրականացվում է միջազգային գործընկերների կամ այլ դոնոր կազմակերպությունների ընթացակարգերին համապատասխան` սույն ծրագրի 4-րդ կետով սահմանված պահանջները բավարարող կազմակերպություններից: Մասնակիցների գնահատումն ու հավաստագրերի տրամադրումն իրականացվում են ընտրված կրթական կազմակերպությունների կողմից` սույն ծրագրով սահմանված պահանջների պահպանմամբ: Կրթական բաղադրիչն իրականացվում է միջազգային գործընկերների կամ այլ դոնոր կազմակերպությունների ֆինանսական և (կամ) կազմակերպչական աջակցությամբ: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներ չեն նախատեսվում:

6. Ծրագրի 3-րդ կետով նախատեսված հավաստագիրը տրվում է ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագիրն ավարտած այն մասնակիցներին, ովքեր ավարտական գնահատման արդյունքում արձանագրել են նվազագույնը 60 տոկոս արդյունք:

7. Ծրագրի իմաստով ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագիրը պետք է`

1) ներառի առնվազն 20 ակադեմիական ժամ տևողությամբ ուսուցում.

2) ընդգրկի առնվազն հետևյալ թեմատիկ ուղղությունները`

ա. բիզնես գաղափարի մշակում և գնահատում,

բ. գործարար ծրագրի պատրաստում,

գ. ֆինանսական պլանավորման հիմունքներ,

դ. շուկայի և հաճախորդների վերլուծություն,

ե. վաճառքի և մարքեթինգի հիմնական գործիքներ.

3) նախատեսի մասնակցի կողմից գործարար ծրագրի մշակում և դրա գնահատում` կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպության կողմից սահմանված կարգով.

4) ավարտվի սույն ծրագրի 6-րդ կետով նախատեսված հավաստագրի տրամադրմամբ:

8. Հավաստագիրը վավեր է դրա տրամադրման օրվանից 12 ամիս ժամկետով:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

9. Աջակցությունը տրամադրվում է հավաստագիր ստացած դիմողներին` ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների միջոցով: Դիմողների ֆինանսավորման հերթականությունը որոշվում է նախ` ըստ ծրագրի N 1 աղյուսակով սահմանված առաջնահերթության խմբերի, այնուհետև` միևնույն խմբում նախապատվություն տալով կրթական ծրագրին մասնակցելու հայտը ներկայացնելու օրվա դրությամբ կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող դիմողներին, իսկ նշված չափանիշների հավասարության դեպքում` դիմումն ավելի վաղ ամբողջական ներկայացրած դիմողներին: Դիմումների գրանցման, ամբողջականացման ամսաթվի արձանագրման ու տեղեկությունների փոխանցման ընթացակարգերը սահմանվում են լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով` միասնական պահանջների կիրառմամբ:

10. Ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպություններ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բանկերը և վարկային կազմակերպությունները (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն), որոնք լիազոր մարմնի հետ կնքել են ծրագրի իրականացման վերաբերյալ համապատասխան պայմանագիր:

11. Ծրագրին մասնակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկից ֆինանսական կազմակերպության ընտրությունն իրականացնում է շահառուն` իր հայեցողությամբ:

12. Աջակցության տրամադրման ընթացքում միջնորդավճարներ կամ այլ վճարներ չեն կիրառվում: Մասնակից ֆինանսական կազմակերպությունների ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

13. Յուրաքանչյուր շահառու ծրագրի շրջանակում կարող է ստանալ աջակցություն միայն մեկ անգամ և միայն մեկ ֆինանսական կազմակերպության միջոցով: Եթե միևնույն իրավաբանական անձի մի քանի հիմնադիրներ, հիմնադիրը և գործադիր մարմնի ղեկավարը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իմաստով փոխկապակցված անձինք միևնույն բիզնես նախաձեռնության շրջանակում առանձին դիմումներ են ներկայացնում, նրանցից միայն մեկը կարող է ընտրվել որպես ծրագրի շահառու:

14. Ծրագրի շահառու կարող է ընտրվել ծրագրի պահանջները բավարարող այն դիմողը, որի ներկայացրած գործարար ծրագիրը ֆինանսական կազմակերպության ներքին ընթացակարգերի համաձայն իրականացված ֆինանսատնտեսական գնահատման արդյունքում ստացել է դրական եզրակացություն: Ֆինանսատնտեսական գնահատման շրջանակում դիտարկման հիմնական բաղադրիչներ են հանդիսանում գործարար ծրագրով նախատեսված ծախսերի հիմնավորվածությունը, եկամուտների և ծախսերի կանխատեսումների իրատեսականությունը և տնտեսական գործունեության շարունակականության հնարավորությունը:

 

4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Աջակցության գումարը կարող է օգտագործվել հետևյալ նպատակային ուղղություններից մեկի կամ մի քանիսի շրջանակում`

1) սարքավորումների, գործիքների, արտադրական հոսքագծերի, հաստոցների, մասնագիտական գործիքների, տեխնիկայի և տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ նյութատեխնիկական միջոցների ձեռքբերում.

2) հումքի, արտադրական նյութերի և տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ շրջանառու միջոցների ձեռքբերում.

3) տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության իրականացման համար անհրաժեշտ տարածքի վարձակալություն, տարածքի բարեկարգման և հարմարեցման աշխատանքներ, ինչպես նաև տեխնիկական ապահովում.

4) փաթեթավորման, բրենդավորման և մարքեթինգային նյութերի պատրաստում, ինչպես նաև վաճառքի խթանման միջոցառումների իրականացում.

5) թվային գործիքների և համակարգերի ներդրում, այդ թվում` առցանց վաճառքի, հաշվառման և գործունեության կազմակերպման համար նախատեսված լուծումների կիրառում.

6) գործող տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության շարունակականության ապահովման, արդիականացման կամ զարգացման համար անհրաժեշտ այլ հիմնավորված ծախսերի ֆինանսավորում, որոնք անմիջականորեն կապված են ներկայացված գործարար ծրագրի իրականացման հետ.

7) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումների, գործիքների և տեխնիկական միջոցների ձեռքբերում.

8) կացության կազմակերպման ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ կահույքի, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում.

9) սառնարանային տնտեսության կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումների, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում.

10) ջերմատնային տնտեսության, այգեհիմնման, անասնապահության կամ գյուղատնտեսական մթերքների վերամշակման գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների, տեխնիկայի կամ այլ միջոցների ձեռքբերում.

11) սպորտային, մշակութային, ստեղծագործական, ժամանցային և հանդիսությունների կազմակերպման ոլորտներում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների, տեխնիկայի կամ այլ միջոցների ձեռքբերում:

 

5. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

16. Աջակցության գումարն ուղղվում է բացառապես ծրագրով, հաստատված գործարար ծրագրով և աջակցության տրամադրման մասին պայմանագրով նախատեսված նպատակներին: Համապատասխան վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` անմիջապես ապրանք մատակարարողի, աշխատանք կատարողի կամ ծառայություն մատուցողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով` պայմանագրի, հաշիվ-ապրանքագրի կամ այլ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Պայմանագրի կնքումից առաջ կատարված ծախսերը, ձեռք բերված գույքը, իրականացված աշխատանքները կամ ստացված ծառայությունները ծրագրի շրջանակում չեն ֆինանսավորվում:

17. Շահառուն պարտավոր է ապահովել դիմումով ներկայացված տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության փաստացի իրականացումը` աջակցության ամբողջ գումարը ֆինանսական կազմակերպությունում շահառուի համար նախատեսված հատուկ նպատակային հաշվին հաշվառելու օրվանից առնվազն 12 ամիս ժամկետով: Այդ ժամկետի ողջ ընթացքում ծրագրի շրջանակում ձեռք բերված գույքը չի կարող օտարվել, հանձնվել վարձակալության կամ որևէ այլ կերպ փոխանցվել երրորդ անձանց տիրապետմանը կամ օգտագործմանը, ինչպես նաև գրավադրվել:

18. Գործունեության փաստացի իրականացումը և աջակցության նպատակային օգտագործումը գնահատում է ֆինանսական կազմակերպությունը` շահառուի հաշվետվությունների, ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, վճարային տվյալների, օրենքով սահմանված կարգով ստացված հարկային տեղեկությունների, իսկ սույն ծրագրի 27-րդ կետով նախատեսված դեպքերում տեղայց իրականացվելու դեպքում` նաև դրա արդյունքների հիման վրա: Ֆինանսական կազմակերպությունն արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին: Հաշվետվության ձևը սահմանվում է լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

19. Ծրագրի շրջանակում շահառուի ստացած աջակցության գումարը ենթակա է ամբողջական կամ մասնակի վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` սույն ծրագրով և լիազոր մարմնի ու ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով, հետևյալ դեպքերում`

1) աջակցության գումարի կամ դրա մի մասի ոչ նպատակային օգտագործման դեպքում` ոչ նպատակային օգտագործված գումարի չափով, իսկ եթե խախտման բնույթով հնարավոր չէ առանձնացնել այդ գումարը` ստացված աջակցության ամբողջ չափով.

2) եթե աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքումից հետո պարզվում է, որ աջակցության ստացման նպատակով կամ ծրագրի իրականացման ընթացքում ներկայացվել են կեղծ կամ ոչ արժանահավատ տվյալներ կամ փաստաթղթեր.

3) ծրագրով կամ աջակցության տրամադրման մասին պայմանագրով սահմանված պարտավորությունները խախտելու դեպքում.

4) եթե ֆինանսական կազմակերպության կողմից ծրագրի իրականացման ընթացքում, այդ թվում` աջակցության գումարը շահառուի հատուկ նպատակային հաշվին հաշվառելուց հետո իրականացված մշտադիտարկման, ուսումնասիրության կամ տեղայցի արդյունքներով պարզվել է, որ շահառուն դադարեցրել է տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեությունը կամ չի ապահովել գործարար ծրագրով նախատեսված տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության իրականացումը.

5) ծրագրի 17-րդ կետով սահմանված ժամկետում ծրագրի շրջանակում ձեռք բերված գույքն օտարելու, վարձակալության հանձնելու կամ որևէ այլ կերպ երրորդ անձանց տիրապետմանը կամ օգտագործմանը փոխանցելու, ինչպես նաև գրավադրելու դեպքում:

20. Գործարար ծրագրով նախատեսված տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության չիրականացման կամ ոչ լիարժեք իրականացման փաստը գնահատվում է փաստաթղթային ուսումնասիրության արդյունքների, իսկ ռիսկահեն ընտրանքային ուսումնասիրություն և (կամ) տեղայց իրականացված լինելու դեպքում` նաև դրանց արդյունքների հիման վրա: Շտկման ենթակա թերություններ հայտնաբերելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը շահառուին գրավոր տեղեկացնում է դրանց մասին և սահմանում շտկման ողջամիտ ժամկետ` աջակցության տրամադրման մասին պայմանագրով սահմանված կարգով: Սույն ծրագրի 19-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված` վերացման ենթակա խախտման հիմքով միջոցների վերադարձը պահանջվում է սահմանված ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում:

21. Աջակցության գումարը շահառուի հատուկ նպատակային հաշվին հաշվառելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, շահառուն ֆինանսական կազմակերպություն է ներկայացնում իրականացված տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության և դրա շարունակականության վերաբերյալ վերջնական հաշվետվություն` ծրագրի N 2 ձևին համապատասխան:

22. Ֆինանսական կազմակերպությունը շահառուի ներկայացրած վերջնական հաշվետվության, դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև իր մոտ առկա` գործարար ծրագրի իրականացմանը և աջակցության միջոցների նպատակային օգտագործմանը վերաբերող վճարային ու այլ հիմնավորող փաստաթղթերի հիման վրա իրականացնում է փաստաթղթային ուսումնասիրություն` աջակցության միջոցների նպատակային օգտագործումը, գործարար ծրագրով նախատեսված տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության իրականացումը և դրա շարունակականությունը գնահատելու նպատակով:

23. Ֆինանսական կազմակերպությունը ծրագրի իրականացման ընթացքում կարող է ռիսկահեն ընտրանքի հիման վրա իրականացնել լրացուցիչ փաստաթղթային ուսումնասիրություն և (կամ) տեղայց: Նշված ուսումնասիրությունը և (կամ) տեղայցը կարող են իրականացվել նաև սույն ծրագրի 25-րդ կետով նախատեսված ռիսկային չափանիշների առկայության դեպքում: Դրանց հիմքում ընկած փաստական տվյալներն արձանագրվում են ֆինանսական կազմակերպության կողմից: Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունների և տեղայցերի իրականացման կարգը և ժամկետները, ինչպես նաև ներկայացման ենթակա փաստաթղթերի և տեղեկությունների շրջանակը սահմանվում են լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով, իսկ շահառուի` ուսումնասիրությանն ու տեղայցին առնչվող պարտականությունները` ֆինանսական կազմակերպության և շահառուի միջև կնքվող աջակցության տրամադրման մասին պայմանագրով: Տեղայցից առաջ ֆինանսական կազմակերպությունը շահառուին ծանուցում է դրա նպատակի և նախատեսվող ժամկետի մասին` աջակցության տրամադրման մասին պայմանագրով սահմանված կարգով:

24. Ֆինանսական կազմակերպությունն իրականացված ուսումնասիրությունների և մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկությունը ներկայացնում է լիազոր մարմին` լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով: Լիազոր մարմինը ներկայացված հաշվետվությունների և տեղեկությունների հիման վրա գնահատում է ֆինանսական կազմակերպության կողմից ծրագրի իրականացման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում պայմանագրով նախատեսված միջոցներ:

25. Սույն ծրագրի իմաստով`

1) փաստաթղթային ուսումնասիրություն է համարվում շահառուի ներկայացրած հաշվետվությունների և դրանց կից փաստաթղթերի, ինչպես նաև ֆինանսական կազմակերպության մոտ առկա` գործարար ծրագրի իրականացմանը և աջակցության միջոցների նպատակային օգտագործմանը վերաբերող վճարային ու այլ հիմնավորող փաստաթղթերի` ֆինանսական կազմակերպության կողմից իրականացվող ուսումնասիրությունը` դրանց ամբողջականությունը, արժանահավատությունը և ծրագրի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով.

2) ռիսկահեն ընտրանքային ուսումնասիրություն է համարվում ռիսկի նախապես սահմանված չափանիշների հիման վրա ընտրված շահառուի տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեությանը վերաբերող փաստաթղթերի, տեղեկությունների և փաստացի տվյալների ուսումնասիրությունը` աջակցության միջոցների նպատակային օգտագործումը և ծրագրի պայմանների պահպանումը գնահատելու նպատակով:

Ռիսկահեն ընտրանքային ուսումնասիրություններն իրականացվում են առնվազն մեկ ռիսկային չափանիշի առկայության դեպքում`

1) ներկայացված փաստաթղթերի միջև անհամապատասխանությունների առկայություն.

2) կատարված ծախսերի անհամապատասխանություն ներկայացված գործարար ծրագրով նախատեսված նպատակներին.

3) սույն ծրագրի 15-րդ կետով սահմանված նպատակային ուղղությունների շրջանակում նույն ապրանքի, գույքի կամ ծառայության ձեռքբերման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերում էական արժեքային տարբերությունների առկայություն.

4) աջակցության գումարի ոչ նպատակային օգտագործման կամ ծրագրի պայմանների խախտման մասին վկայող փաստական տվյալների առկայություն:

26. Լիազոր մարմինը կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացրած տվյալների հիման վրա իրականացնում է ծրագրի ընդհանուր մշտադիտարկումն ու արդյունավետության գնահատումը: Գնահատման ենթակա հիմնական ցուցանիշներն են`

1) կրթական ծրագրերին մասնակցած և ձեռնարկատիրական գիտելիքներ ու հմտություններ զարգացրած քաղաքացիների թիվը` առնվազն 400.

2) շահառուների կողմից տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության շարունակականության ապահովումը.

3) նոր ստեղծված կամ պահպանված ինքնազբաղվածության դեպքերի թիվը.

4) տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեությունից առաջացող հարկային պարտավորությունների ձևավորումը.

5) մեկ շահառուի հաշվով աջակցության և արձանագրված արդյունքների հարաբերակցությունը:

27. Ծրագրի մշտադիտարկման շրջանակում ֆինանսական կազմակերպության կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև լիազոր մարմնի մասնակցությամբ, տեղայցեր կարող են իրականացվել հետևյալ դեպքերում`

1) անհրաժեշտ է տեղում ստուգել ձեռք բերված գույքի, սարքավորումների կամ իրականացվող տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության առկայությունը.

2) փաստաթղթային ուսումնասիրության արդյունքներով հնարավոր չէ բավարար չափով գնահատել աջակցության գումարի նպատակային օգտագործումը.

3) առկա է սույն ծրագրի 25-րդ կետով նախատեսված ռիսկային չափանիշներից առնվազն մեկը:

28. Ծրագրի մշտադիտարկման և գնահատման արդյունքները կարող են հիմք հանդիսանալ ծրագրի պայմանների, ֆինանսավորման ծավալների և իրականացման մեխանիզմների վերանայման համար:

 

6. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

29. Լիազոր մարմինը կրթական ծրագրին մասնակցելու հայտերի ընդունման մեկնարկից առնվազն 10 աշխատանքային օր առաջ իր պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն` նշելով հայտերի ընդունման ժամկետը (մեկնարկը և վերջնաժամկետը), ներկայացման եղանակը, ինչպես նաև տեղեկատվություն կրթական ծրագիր իրականացնող կազմակերպության կամ կազմակերպությունների վերաբերյալ` ներառյալ անվանումը, կրթական ծրագրի իրականացման վայրը, ժամկետները և հետադարձ կապի տվյալները: Կրթական ծրագրին մասնակցելու հայտը ներկայացվում է լիազոր մարմին` N 1 ձևին համապատասխան: Լիազոր մարմինը ստացված հայտերի հիման վրա ձևավորված անվանացանկերը փոխանցում է համապատասխան կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությանը և հայտ ներկայացրած անձանց տեղեկացնում կրթական ծրագրի իրականացման վայրի, ժամկետների, մասնակցության պայմանների և հետադարձ կապի տվյալների մասին:

30. Մասնակից ֆինանսական կազմակերպությունների ցանկը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում: Սույն ծրագրի 3-րդ կետով սահմանված պայմանները բավարարող անձինք` կրթական հավաստագրի հետ միասին աջակցության դիմումը և ծրագրի 32-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնում են ծրագրին մասնակից ֆինանսական կազմակերպություններից որևէ մեկին` իրենց նախընտրությամբ:

31. Ֆինանսական կազմակերպությունը դիմումների ընդունումը, գրանցումը և դրանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցումը լիազոր մարմնին իրականացնում է լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով:

32. Դիմումին կից ներկայացվում են`

1) դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) սույն ծրագրի 3-րդ կետով նախատեսված հավաստագիրը.

3) կրթական ծրագրի շրջանակում մշակված և սույն ծրագրի 50-րդ կետով սահմանված նվազագույն պահանջներին համապատասխանող գործարար ծրագիրը.

4) գործունեության իրականացման վայրի հասցեն և համառոտ նկարագիրը` ներառյալ տարածքի տեսակը, դրա օգտագործման առկա կամ նախատեսվող հիմքը և գործարար ծրագրի իրականացման համար անհրաժեշտ պայմանները.

5) գործարար ծրագրի հիմնավորման նպատակով ներկայացվող լրացուցիչ փաստաթղթեր` առկայության դեպքում:

33. Ֆինանսական կազմակերպությունն ստուգում է ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը և դիմողի համապատասխանությունը ծրագրի պահանջներին, իրականացնում է նույնականացման ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասխանության ստուգումները, ինչպես նաև իր ներքին ընթացակարգերի համաձայն` գործարար ծրագրի ֆինանսատնտեսական գնահատումը` ծրագրով սահմանված պայմանների և պահանջների պահպանմամբ: Նշված գործողությունների իրականացման ժամկետները, փաստաթղթերի ստուգման, դիմումներում առկա թերությունների շտկման, դիմումներն ամբողջական համարելու և դրանց ամբողջականացման ամսաթիվը որոշելու ընթացակարգերը սահմանվում են լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով` բոլոր մասնակից ֆինանսական կազմակերպությունների համար միասնական պահանջների կիրառմամբ:

34. Դիմումում կամ դրան կից փաստաթղթերում շտկման ենթակա թերություններ հայտնաբերելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը դիմողին գրավոր տեղեկացնում է դրանց մասին և սահմանում շտկման ողջամիտ ժամկետ` լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով: Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում դիմումը մերժվում է:

35. Դիմումը մերժվում է, եթե`

1) դիմողը չի բավարարում ծրագրով սահմանված պահանջները.

2) դիմողը ներկայացրել է կեղծ կամ ոչ արժանահավատ տվյալներ կամ փաստաթղթեր.

3) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ծրագրի պահանջներին, կամ դրանցում առկա թերությունները չեն շտկվել սահմանված ժամկետում.

4) գործարար ծրագիրը ֆինանսական կազմակերպության ներքին ընթացակարգերի համաձայն իրականացված ֆինանսատնտեսական գնահատման արդյունքում ստացել է բացասական եզրակացություն:

36. Ֆինանսական կազմակերպությունը դիմումի մերժման մասին ծանուցում է դիմողին` նշելով մերժման հիմքերը, և համապատասխան տեղեկությունը ներկայացնում է լիազոր մարմին: Ծանուցման եղանակը և ժամկետը, ինչպես նաև լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների կազմն ու ներկայացման կարգը սահմանվում են լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

37. Ֆինանսական կազմակերպությունները դրական գնահատված դիմումների հիման վրա լիազոր մարմին են ներկայացնում շահառուների ցանկերը և ֆինանսավորման հայտերը: Լիազոր մարմինը ներկայացված ցանկերի և ֆինանսավորման հայտերի հիման վրա` N 1 աղյուսակով սահմանված առաջնահերթությունների, սույն ծրագրի 9-րդ կետով նախատեսված նախապատվության ու միասնական հերթականության և առկա բյուջետային հատկացումների հաշվառմամբ, հաստատում է ֆինանսավորման ենթակա շահառուների ցանկը: Ներկայացվող տեղեկությունների կազմը, ներկայացման ժամկետները, դիմումների հերթականության որոշման, ցանկերի և ֆինանսավորման հայտերի ստուգման ու հաստատման ընթացակարգերը սահմանվում են լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով` բոլոր մասնակից ֆինանսական կազմակերպությունների համար միասնական պահանջների կիրառմամբ:

38. Ֆինանսական կազմակերպությունները դրական գնահատված դիմումների հիման ֆինանսավորման ենթակա շահառուների ցանկում ընդգրկված դիմողը ֆինանսական կազմակերպության ծանուցումն ստանալուց հետո ֆինանսական կազմակերպության հետ կնքում է աջակցության տրամադրման մասին պայմանագիր: Պայմանագրի կնքման ժամկետը, ծանուցման եղանակը, պայմանագրի կնքման կարգը և ներկայացման ենթակա փաստաթղթերի շրջանակը սահմանվում են լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով:

39. Սահմանված ժամկետում աջակցության տրամադրման մասին պայմանագիր չկնքած կամ պայմանագրի կնքման պահին ծրագրով սահմանված կարգավիճակը չապահոված դիմողը համարվում է աջակցությունից հրաժարված:

40. Կրթական ծրագրին մասնակցելու հայտերը և աջակցության դիմումներն ընդունվում են N 1 աղյուսակով նախատեսված բոլոր առաջնահերթությունների խմբերի համար միաժամանակ: Կրթական ծրագրին մասնակցության կազմակերպումը, շահառուների ընտրությունը, ֆինանսավորման հերթականությունը որոշվում է նախ` ըստ ծրագրի N 1 աղյուսակով սահմանված առաջնահերթության խմբերի, այնուհետև` միևնույն խմբում նախապատվություն տալով կրթական ծրագրին մասնակցելու հայտը ներկայացնելու օրվա դրությամբ կենսաթոշակ ստացող և վարձու աշխատող չհանդիսացող դիմողներին, իսկ նշված չափանիշների հավասարության դեպքում` դիմումն ավելի վաղ ամբողջական ներկայացրած դիմողներին: Հերթականությունը ձևավորվում է ծրագրին մասնակցող բոլոր ֆինանսական կազմակերպությունների համար միասնական` անկախ դիմումը ներկայացնելու ֆինանսական կազմակերպությունից:

 

7. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Աջակցությունը շահառուին տրամադրվում է ֆինանսական կազմակերպության և շահառուի միջև կնքված աջակցության տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

42. Լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքվող ծրագրի իրականացման պայմանագրով` բոլոր մասնակից ֆինանսական կազմակերպությունների համար միասնական պահանջների հիման վրա, սահմանվում են դիմումների ընդունման, գրանցման և հերթականության որոշման, շահառուների ցանկերի ու ֆինանսավորման հայտերի կազմման և ներկայացման, աջակցության միջոցների փոխանցման, առանձնացված հաշվառման, տեղեկությունների փոխանակման, հաշվետվությունների ներկայացման, մշտադիտարկման, խախտումների արձանագրման և միջոցների վերադարձման ընթացակարգերը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները: Ֆինանսական կազմակերպության և շահառուի միջև կնքվող աջակցության տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում լիազոր մարմնի պաշտոնական կայքում:

43. Լիազոր մարմինը ֆինանսական կազմակերպությունների ներկայացրած շահառուների ցանկերի, ֆինանսավորման հայտերի և շահառուների հետ աջակցության տրամադրման մասին կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հաստատված աջակցության գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կազմակերպությանը` լիազոր մարմնի և ֆինանսական կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում:

44. Աջակցության միջոցները հաշվառվում են առանձին հատուկ նպատակային հաշվով և չեն կարող ուղղվել շահառուի այլ պարտավորությունների մարմանը, հաշվանցվել, բռնագանձվել կամ օգտագործվել ծրագրով չնախատեսված նպատակներով` բացառությամբ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերի:

45. Ծրագրի պահանջներին համապատասխանող, սակայն ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով աջակցություն չստացած դիմումները ներառվում են պահուստային ցանկում և ծրագրի իրականացման ժամկետում ազատված կամ լրացուցիչ հատկացված միջոցների առկայության դեպքում կարող են ֆինանսավորվել` ըստ սահմանված առաջնահերթության և դիմումի ամբողջականացման ժամանակագրության:

46. Ծրագրի նպատակային ուղղություններով նախատեսված գործողությունները պետք է ավարտվեն աջակցության ամբողջ գումարը ֆինանսական կազմակերպությունում շահառուի համար նախատեսված հատուկ նպատակային հաշվին հաշվառելու օրվանից 60 օրվա ընթացքում: Սարքավորումների կամ տեխնիկայի ձեռքբերման և տեղադրման, տարածքի կազմակերպման կամ հարմարեցման, ինչպես նաև առաքման, տեղադրման կամ տեխնիկական միացման գործընթացների առկայության դեպքում ժամկետը կարող է սահմանվել մինչև 120 օր` համապատասխան փաստաթղթային հիմնավորման հիման վրա և ֆինանսական կազմակերպության համաձայնությամբ:

47. Աջակցության գումարը չի կարող օգտագործվել աշխատավարձերի վճարման, անշարժ գույքի և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վարկերի հիմնական գումարի կամ տոկոսների, տույժերի, տուգանքների, հարկային պարտավորությունների մարման կամ անձնական սպառման այլ ծախսերի ֆինանսավորման նպատակով: Այս սահմանափակումը չի տարածվում շահառուի սեփական միջոցներով կամ ֆինանսական կազմակերպության լրացուցիչ վարկով կամ լիզինգով ֆինանսավորվող` հաստատված գործարար ծրագրի շրջանակում ընդունելի ծախսերի վրա:

 

8. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

48. Մեկ շահառուի աջակցության առավելագույն չափը կազմում է մինչև 2,000,000 (երկու միլիոն) դրամ: Գործարար ծրագրի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել աջակցության չափը` շահառուի սեփական միջոցների և (կամ) ֆինանսական կազմակերպության կողմից կամավոր տրամադրվող վարկի կամ լիզինգի հաշվին: Պետությունը չի երաշխավորում լրացուցիչ վարկի կամ լիզինգի վերադարձը և չի ստանձնում դրա հետ կապված վարկային ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ առանձին իրավական ակտով:

49. Ծրագրի իրականացման համար նախատեսվող աջակցության առավելագույն ընդհանուր չափը կազմում է 400,000,000 (չորս հարյուր միլիոն) դրամ` առավելագույնը 200 շահառուի համար: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված հատկացումների սահմաններում: 2027 թվականի հատկացումներն ուղղվում են 2026 թվականին ներկայացված դիմումների հիման վրա ընտրված շահառուներին աջակցության տրամադրմանը:

 

Աղյուսակ N 1

 

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|Կրթական ծրագրին մասնակցելու հայտերի և  աջակցության դիմումների        |

|առաջնահերթության խումբ                                               |

|_____________________________________________________________________|

|ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 17-ի N 713-Ն որոշմամբ հաստատված`  |

|սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներ                                 |

|_____________________________________________________________________|

|ՀՀ կառավարության 2023 թ. սեպտեմբերի 7-ի N 1517-Ն որոշմամբ հաստատված` |

|լեռնային և  բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիներ                   |

|_____________________________________________________________________|

|Սույն աղյուսակի 1-ին և  2-րդ առաջնահերթություններում չընդգրկված      |

|գյուղական համայնքներում բնակվող քաղաքացիներ                          |

|_____________________________________________________________________|

|Քաղաքային համայնքներում բնակվող, ինչպես նաև  սույն աղյուսակի 1-ին,   |

|2-րդ և  3-րդ առաջնահերթություններում չընդգրկված և  ծրագրի պահանջներին|

|համապատասխանող այլ քաղաքացիներ                                       |

._____________________________________________________________________.

 

9. ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

50. Գործարար ծրագիրը մշակվում է ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի շրջանակում` կրթական ծրագիր իրականացնող կազմակերպության կողմից սահմանված ձևաչափով և պետք է առնվազն ներառի ներքոհիշյալ տեղեկությունները`

1) աջակցության գումարի օգտագործման հիմնավորումը և ակնկալվող արդյունքների նկարագրությունը.

2) տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության նկարագրությունը.

3) շուկայի և հնարավոր հաճախորդների համառոտ նկարագրությունը.

4) դիմողի փորձի, գիտելիքների և կարողությունների նկարագրությունը.

5) աջակցության գումարի օգտագործման ուղղությունները և ըստ ծրագրի 15-րդ կետով սահմանված նպատակային ուղղությունների խմբավորված ծախսերի նախահաշիվը.

6) եկամուտների և ծախսերի նախնական գնահատականը.

7) գործունեության իրականացման վայրը:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏ

63-72 ՏԱՐԵԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

(անունը, ազգանունը, հայրանունը)________________________________________

(ծննդյան օրը/ամիսը/տարին)______________________________________________

(անձնագրի կամ նույնականացման քարտի համարը)_____________________________

(բնակության վայրը)_____________________________________________________

(մարզը/համայնքը)_______________________________________________________

(հեռախոսահամարը)_______________________________________________________

(էլ. փոստը)____________________________________________________________

Խնդրում եմ, համաձայն 63-72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի` ինձ ներառել կրթական ծրագրում:

Կից ներկայացնում եմ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, հայտարարում եմ, որ համապատասխանում եմ ծրագրի 9-րդ կետով նախատեսված նախապատվության պայմաններին` [] այո [] ոչ:

«Այո» նշելու դեպքում հաստատում եմ, որ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ դադարեցրել եմ աշխատանքային գործունեությունս և սույն հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վարձու աշխատող չեմ հանդիսանում:

Հաստատում եմ ներկայացված տեղեկությունների հավաստիությունը

Առդիր` _____ էջ:

Ստորագրությունը ________________

Օրը/ամիսը/տարին ________________

 

(Դիմողի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ծրագրի շրջանակում իրականացված տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության վերաբերյալ

Սույն ձևը լրացվում և ներկայացվում է ծրագրի 21-րդ կետով նախատեսված դեպքում:

 

._____________________________________________________________________.

|Իրավական կարգավիճակը (անհատ ձեռ-  |                                  |

|նարկատեր/իրավաբանական անձ)        |                                  |

|__________________________________|__________________________________|

|ԱՁ/Իրավաբանական անձի անվանումը    |                                  |

|__________________________________|__________________________________|

|Գործունեության իրականացման հասցեն |                                  |

|__________________________________|__________________________________|

|Հեռախոսահամարը                    |                                  |

|__________________________________|__________________________________|

|Էլ. փոստը                         |                                  |

._____________________________________________________________________.

 

1. Գործարար ծրագրի իրականացման համառոտ նկարագիրը (նշել իրականացված հիմնական գործողությունները և ձեռք բերված արդյունքները)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

2. Ստացված աջակցության օգտագործումը

 

._____________________________________________________________________.

|Ծախսի ուղղությունը    |Գումարը (դրամ)|Փաստաթղթի |Վճարման ամսաթիվը    |

|                      |              |անվանումը,|                    |

|                      |              |համարը,   |                    |

|                      |              |ամսաթիվը  |                    |

|______________________|______________|__________|____________________|

|______________________|______________|__________|____________________|

|______________________|______________|__________|____________________|

._____________________________________________________________________.

 

3. Ձեռք բերված գույքը կամ սարքավորումները

 

._____________________________________________________________________.

|Անվանումը|Քանակը|Արժեքը (դրամ)|Գտնվելու|Օգտագործվում է|Գտնվում է     |

|         |      |             |վայրը   |(այո/ոչ)      |գործունեության|

|         |      |             |        |              |վայրում (այո/ |

|         |      |             |        |              |ոչ)           |

|_________|______|_____________|________|______________|______________|

|_________|______|_____________|________|______________|______________|

|_________|______|_____________|________|______________|______________|

._____________________________________________________________________.

 

4. Տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության իրականացման վերաբերյալ տեղեկություններ`

1) գործունեությունն իրականացվում է` [ ] այո [ ] ոչ

2) իրականացվող գործունեության տեսակը`

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

3) գործունեության իրականացման մարզը/համայնքը`

______________________________________________________________________

 

4) գործունեության հիմնական արդյունքները`

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

5) ստեղծված կամ պահպանված աշխատատեղերի թվաքանակը`

______________________________________________________________________

 

5. Հաշվետվությանը կից ներկայացվում են հաշվետվությամբ արտացոլված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, մասնավորապես`

- հաշիվ-ապրանքագրեր,

- հարկային հաշիվներ,

- վճարման հանձնարարականներ կամ բանկային քաղվածքներ,

- ընդունման-հանձնման ակտեր, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարներ,

- կատարված ծախսը, ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը հավաստող այլ փաստաթղթեր:

6. Հայտարարություն

Հաստատում եմ, որ սույն հաշվետվությամբ ներկայացված տեղեկությունները ճշգրիտ և ամբողջական են: Հայտարարում եմ, որ հաշվետվությանը կից ներկայացված փաստաթղթերը հավաստում են ծրագրի շրջանակում կատարված ծախսերը, և տեղեկացված եմ, որ կեղծ տվյալներ ներկայացնելու կամ ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու դեպքում կարող եմ կրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և աջակցության տրամադրման մասին պայմանագրով նախատեսված հետևանքները:

Ստորագրությունը _______________________

Ամիսը/ամսաթիվը/տարին ___________________

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

    ղեկավարի տեղակալ                       Ա. Խաչատրյան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2026
N 1620-Լ
Որոշում