Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2026 թվականի N 1630-Լ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի (Պ-38-20.10.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. նոյեմբերի

Երևան

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-38-20.10.2026-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

1. Նախագծով առաջարկվող` Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորի` նախապես գրավոր քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը վերացնելու վերաբերյալ կարգավորման առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ դիտարկումները.

Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Միաժամանակ, Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն` պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

Վերոնշյալ սահմանադրական կարգավորումների համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ Ազգային ժողովում քվեարկությանը մասնակցելը պատգամավորի ներկայացուցչական մանդատի իրականացման կարևորագույն դրսևորումներից է, որի միջոցով վերջինս արտահայտում է իր դիրքորոշումը խորհրդարանի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ և մասնակցում համապատասխան որոշումների կայացմանը:

Այս առնչությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորը շարունակում է իրականացնել իր պատգամավորական լիազորություններից բխող գործառույթները, այդ թվում` մասնակցելով միջազգային խորհրդարանական համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումներին և ներկայացնելով Ազգային ժողովը համապատասխան հարթակներում: Հետևաբար, պաշտոնական գործուղման մեջ գտնվելու հանգամանքն ինքնին չպետք է դիտարկվի որպես պատգամավորի` իր ներկայացուցչական մանդատից բխող մյուս լիազորությունների իրականացման հնարավորությունը բացառելու բավարար հիմք:

Հատկանշական է նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 3-րդ մասով Ազգային ժողովի կողմից գործուղման մեջ գտնվելը դիտարկվում է որպես պատգամավորի բացակայության հարգելի պատճառ: Այսինքն` օրենսդիրը, հաշվի առնելով պատգամավորական գործունեության առանձնահատկությունները, արդեն իսկ ճանաչել է պաշտոնական գործուղմամբ պայմանավորված բացակայության օբյեկտիվ և հարգելի բնույթը:

Մինչդեռ նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած պատգամավորը զրկվում է իր բացակայության ընթացքում անցկացվող քվեարկություններին նախապես գրավոր մասնակցելու հնարավորությունից: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ պատգամավորը, իրականացնելով իր պաշտոնական լիազորություններից բխող գործառույթները, միաժամանակ զրկվում է օրենսդրական գործընթացին քվեարկության միջոցով մասնակցելու գործող օրենսդրական հնարավորությունից:

Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ պատգամավորի ներկայացուցչական մանդատի արդյունավետ իրականացումը ենթադրում է նրա լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ երաշխիքների ապահովում: Մասնավորապես, պաշտոնական գործուղման ընթացքում պատգամավորի` Ազգային ժողովի աշխատանքներին ֆիզիկապես ներկա գտնվելու անհնարինությունը պայմանավորված է նրա պատգամավորական գործունեության շրջանակներում իրականացվող այլ գործառույթներով: Հետևաբար, անհրաժեշտ է ապահովել պատգամավորական գործունեության նշված ուղղությունների համատեղելիությունը` հնարավորինս բացառելով այնպիսի իրավիճակների առաջացումը, երբ պատգամավորի կողմից իր պաշտոնական պարտականություններից մեկի իրականացումը հանգեցնում է մյուսի իրականացման հնարավորության կորստին:

Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գաղտնի և բաց քվեարկությունների իրականացման ընթացակարգերը պայմանավորված են դրանց առանձնահատկություններով: Մասնավորապես, գաղտնի քվեարկության դեպքում պատգամավորի անմիջական ներկայության պահանջը պայմանավորված է նաև քվեարկության գաղտնիության և համապատասխան ընթացակարգային երաշխիքների ապահովման անհրաժեշտությամբ, մինչդեռ բաց քվեարկության դեպքում պատգամավորի արտահայտած դիրքորոշումը ենթակա է հրապարակային արձանագրման: Հետևաբար, գաղտնի քվեարկության համար նախատեսված ընթացակարգային պահանջներն ինքնին չեն կարող բավարար հիմնավորում հանդիսանալ բաց քվեարկությանը նախապես գրավոր մասնակցելու հնարավորությունը բացառելու համար:

Միջազգային համեմատական փորձը ցույց է տալիս, որ պատգամավորի քվեարկության իրավունքի անձնական բնույթն ինքնին չի բացառում նրա` խորհրդարանի նիստին ֆիզիկապես ներկա չգտնվելու պայմաններում քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը: Մասնավորապես, Ֆրանսիայի 1958 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 58-1066 օրդոնանսի 1-ին հոդվածով նախատեսվում է պատգամավորի քվեարկության իրավունքի պատվիրակման հնարավորություն, այդ թվում` Կառավարության կողմից հանձնարարված ժամանակավոր առաքելության կամ խորհրդարանի համապատասխան պալատի կողմից նշանակման հիման վրա միջազգային վեհաժողովների աշխատանքներին մասնակցելու դեպքերում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի կանոնակարգի 79-րդ հոդվածով ամրագրված է պատգամավորի քվեի անձնական և չպատվիրակվող բնույթը, մինչդեռ նույն կանոնակարգի 82-րդ հոդվածը նախատեսում է հեռավար քվեարկության հնարավորություն, այդ թվում` որոշակի միջազգային միջոցառումներին մասնակցության, առողջական, ընտանեկան և այլ բացառիկ հանգամանքների առկայությամբ` Կոնգրեսի ղեկավար մարմնի թույլտվությամբ: Ավելին, Իսպանիայի խորհրդարանական պրակտիկայում արձանագրվել են նաև գաղտնի, քվեաթերթիկներով իրականացվող ընտրությունների ժամանակ հեռավար ներկայացված քվեների` քվեատուփում ներառման դեպքեր: Հատկանշական է նաև, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2025 թվականի հունիսի 26-ի «Խորհրդարանական կյանքում ներառական մասնակցության խթանումը. գենդերային հավասարություն, մատչելիություն և ներառական քաղաքականություններ» թիվ 2615 (2025) բանաձևի 10.3.3-րդ կետով Եվրոպայի խորհրդի անդամ և դիտորդ պետություններին, ինչպես նաև Վեհաժողովում դիտորդի կամ ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ ունեցող խորհրդարանների պետություններին կոչ է արել դիտարկել որոշակի դեպքերում պատգամավորի փոխարինման, քվեի պատվիրակման կամ հեռավար քվեարկության ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը:

Նշված կարգավորումները վկայում են, որ պատգամավորի ներկայացուցչական մանդատի շարունակական իրականացումը և քվեարկության իրավունքի արդյունավետ իրացումը կարող են ապահովվել նաև նրա ֆիզիկական բացակայության պայմաններում` պահպանելով պատգամավորի կամարտահայտությունը և սահմանելով համապատասխան ընթացակարգային երաշխիքներ:

Միաժամանակ, անհրաժեշտ է անդրադառնալ առաջարկվող կարգավորման հնարավոր ազդեցությանը նաև խորհրդարանական փոքրամասնության իրավունքների իրականացման տեսանկյունից: Այս առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ Վենետիկի հանձնաժողովն ընդգծում է խորհրդարանական ընթացակարգային կանոնների կայունության և խորհրդարանական փոքրամասնության իրավունքների պաշտպանության կարևորությունը` շեշտադրելով, որ այդ իրավունքներին առնչվող հիմնարար կանոնները ցանկալի է ամրագրել այնպիսի ձևով, որ խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա դրանք փոփոխել իր հայեցողությամբ: Միաժամանակ, Վենետիկի հանձնաժողովը կարևորում է բոլոր պատգամավորների անհատական իրավունքների, այդ թվում` քվեարկելու իրավունքի հավասար ապահովումը` անկախ խորհրդարանական մեծամասնությանը կամ ընդդիմությանը նրանց պատկանելությունից (տե՛ս Վենետիկի հանձնաժողովի CDL-AD(2019)015 փաստաթղթի 33-րդ, 35-րդ, 38-րդ և 40-41-րդ կետերը, ինչպես նաև CDL-AD(2010)025 զեկույցի 95-96-րդ և 100-րդ կետերը):

Վերոնշյալի համատեքստում հարկ է հաշվի առնել, որ Ազգային ժողովի կողմից պաշտոնական գործուղումների մեկնող պատգամավորների թվում կարող են լինել նաև ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ: Հետևաբար, նրանց` գործուղման ընթացքում անցկացվող քվեարկություններին նախապես գրավոր մասնակցելու հնարավորության վերացումը կարող է ազդել խորհրդարանական քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա` որոշ դեպքերում սահմանափակելով նաև խորհրդարանական փոքրամասնության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին: Ուստի կարևոր է առաջարկվող կարգավորումը գնահատել նաև խորհրդարանական փոքրամասնության իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից:

Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ փոփոխությունները վերաբերում են Ազգային ժողովի և պատգամավորների գործունեությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջարկում է սույն դիտարկումները հաշվի առնել նախագծի հետագա քննարկման ընթացքում:

Միևնույն ժամանակ կարծում ենք, որ նախագծի հիմնավորումներում նշված այն մտահոգությունը փարատելու համար, ըստ որի` պատգամավորը իր գրավոր դիրքորոշումը ներկայացնելուց հետո կարող է փոխել իր դիրքորոշումը քվեարկությունից առաջ, կարող է դիտարկվել այնպիսի գործիքների, այդ թվում` առցանց, ներդրումը, որոնք հնարավորություն կընձեռեն պատգամավորին, անցնելով խիստ նույնականացում, առցանց եղանակով հետ կանչել իր դիրքորոշումը քննարկվելիք հարցի վերաբերյալ` դրանով իսկ չմասնակցելով հետագա քվեարկությանը:

2. Նախագծի և դրա հիմնավորման վերաբերյալ առկա են նաև օրենսդրական տեխնիկայի բնույթի հետևյալ դիտարկումները.

1) Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ազգային ժողովի կանոնակարգը» սահմանադրական օրենք է:

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

Բացի այդ, նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ սահմանադրական օրենքի անվանումը պետք է պարունակի «սահմանադրական օրենք» բառերը:

Վերոնշյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կարող են կատարվել բացառապես սահմանադրական օրենքով` պահպանելով նաև վերջինիս անվանմանը ներկայացվող օրենսդրական պահանջները:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք նախագծի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին` այն շարադրելով հետևյալ խմբագրությամբ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:

2) Նախագծի 1-4-րդ հոդվածներում փոփոխվող սահմանադրական օրենքին հղում կատարելիս կիրառվել է «Օրենքի» ձևակերպումը` առանց համապատասխան օրենքի անվանումը նախապես հստակեցնելու:

Այս առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանադրական օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են սահմանադրական օրենքի վերնագիրը, սահմանադրական օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «սահմանադրական օրենք» բառերը:

Միաժամանակ, նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված է նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունների կրճատ տարբերակ սահմանելու հնարավորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք նախագծում փոփոխվող սահմանադրական օրենքի առաջին հիշատակման դեպքում նշել դրա լրիվ անվանումը` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան, իսկ հետագա հիշատակումների համար, անհրաժեշտության դեպքում, սահմանել կրճատ տարբերակ:

3) Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»:

Այս առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, եթե դրանով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

Վերոնշյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ օրենքի ուժի մեջ մտնելը պայմանավորված է դրա պաշտոնական հրապարակմամբ, հետևաբար օրենքի ընդունման պահը չի կարող դիտարկվել որպես դրա ուժի մեջ մտնելու պահ:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք նախագծի 5-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ կարգավորումը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին` նախատեսելով օրենքի ուժի մեջ մտնելը պաշտոնական հրապարակումից հետո:

4) Նախագծի 1-ին հոդվածում կիրառված «6.1-րդ մասն» ձևակերպման առնչությամբ առաջարկում ենք այն փոխարինել «6.1-ին մասն» ձևակերպմամբ` ապահովելով համապատասխան կառուցվածքային միավորի համարի քերականորեն ճիշտ կիրառությունը:

Միաժամանակ, նախագծի 4-րդ հոդվածի առնչությամբ հարկ է նկատի ունենալ, որ «հանել» բառը կիրառվել է կրկնակի, ինչի հետևանքով առկա է շարադրանքի տեխնիկական անճշտություն: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում ենք վերանայել նախագծի 4-րդ հոդվածի շարադրանքը` վերացնելով նշված կրկնությունը և ապահովելով դրա համապատասխանությունը օրենսդրական տեխնիկայի պահանջներին:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2026
N 1630-Լ
Որոշում