ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 նոյեմբերի 2026 թվականի N 100-Ն
«ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով`
Հրամայում եմ`
1. Հաստատել «Միջին խմբի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագիրը` համաձայն Հավելվածի:
Նախարար` Ժ. Անդրեասյան
11/5/2026
Հավելված
Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2026 թվականի նոյեմբերի 5-ի
N 100-Ն հրամանի
ՄԻՋԻՆ ԽՄԲԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ (ՀԻՄՆԱԿԱՆ) ԾՐԱԳԻՐ
I. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
1. Ծրագիրը հասցեագրված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին: Ծրագրի նպատակն է աջակցել 4-5 տարեկան սաների` ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատված «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով» (այսուհետ` չափորոշիչ) սահմանված կարողունակությունների ձևավորման, առօրյայի կազմակերպման, ընդհանուր զարգացման, դաստիարակության խնդիրների իրականացման, զարգացնող, ներառական միջավայրի ստեղծման, սանի գործունեության տարբեր ձևերի կազմակերպման աշխատանքներին:
2. «Միջին» խմբի (4-5 տարեկանների) կրթական հիմնական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) կազմված է չափորոշչի պահանջների հիման վրա` սաների տարիքային հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
3. Ծրագրի ներառում է`
1) սանի ֆիզիկական զարգացումը, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և առողջ կենսակերպին միտված սովորությունների ձևավորումը.
2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացումը.
3) ճանաչողության զարգացումը, փորձարարության և հնարամտության խթանումը, խաղային գործունեության խրախուսումը.
4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորումը.
5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը.
6) անձնային աճը, հուզակամային ոլորտի զարգացումը, համատեղ գործունեության և համագործակցության խթանումը, սոցիալականացումը.
7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորումը [2]:
4. Ծրագրում հաշվի է առնված երեխայակենտրոն ուսուցման ու դաստիարակության, շարունակական կրթության ապահովման պահանջը:
5. Ֆիզիկական, մտավոր, բարոյական, աշխատանքային, տնտեսագիտական, իրավական, էկոլոգիական, սեռային, գեղարվեստագեղագիտական դաստիարակության խնդիրները բխում են հասարակության զարգացման պահանջներից: Դրանք համակցված իրագործվում են ծրագրային առանձին բաղադրիչներում և իրականացնում են նախադպրոցական կրթության վերակառուցման ու նորացման գործընթացը` չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների ապահովման և կարողունակությունների ձևավորման միջոցով:
6. Ծրագիրը սահմանում է`
1) կրթության բովանդակության ընդհանրական կառուցվածքը,
2) ուսումնական տարվա սկիզբը, ավարտը,
3) սաների գործունեության տարբեր ձևերի հերթագայումը,
4) խաղային և ուսումնական գործունեության հարաբերակցությունը տեսանելի դարձնող կանոնակարգը,
5) ծրագրային բաղադրիչներին հատկացվող շաբաթական պարապմունքների քանակը, ակնկալվող վերջնարդյունքները,
6) զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները [2]:
7. Ծրագրում ներկայացված են թեմաներ միայն «Ինձ շրջապատող աշխարհը» և «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» բաղադրիչներից, ինչն ապահովում է թեմատիկ ուսուցման կազմակերպումը` ապահովելով ուսումնասիրվող նյութի վերաբերյալ սաների ամբողջական և համակարգային պատկերացումների ձևավորումը, ծրագրային բաղադրիչների միջև կապերի ապահովումը:
8. Ծրագրի բովանդակությունն ապահովում է 4-5 տարեկան սաների գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի ձևավորումը` յուրաքանչյուր սանի զարգացման առանձնահատկությունների ու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի հաշվառմամբ:
9. Ծրագրին ներկայացվում են հետևյալ պահանջները`
1) համապատասխանությունը չափորոշչին.
2) կրթության աշխարհիկ բնույթը,
3) սաների և մեծահասակների համատեղ գործունեության ընթացքում անհատակողմնորոշված (երեխայակենտրոն) մոտեցման ապահովումը,
4) ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման դիդակտիկական սկզբունքների ապահովումը,
5) ազգային ավանդույթների և համամարդկային արժեքների զուգորդումը [2]:
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
10. Ծրագրում ներկայացված են`
1) դաստիարակության և ուսուցման նպատակները,
2) խնդիրները` ըստ ծրագրային բաղադրիչների,
3) սաների առօրյայի կազմակերպման առանձնահատկությունները,
4) վերջնարդյունքների ապահովման հիմքերը` սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ,
5) զարգացնող միջավայրին ներկայացվող չափանիշները:
11. Ծրագրի նպատակներն են`
1) 4-5 տարեկան սաների տարիքային և անհատական առանձնահատկություններին համապատասխան ներդաշնակ հոգեկան ու ֆիզիկական զարգացման ապահովումը` ըստ չափորոշչով սահմանված ոլորտային վերջնարդյունքների,
2) նախադպրոցական կրթության ավարտին երեխաներից ակնկալվող կարողունակությունների ձևավորումը (գիտելիք, կարողություններ, հմտություններ, դիրքորոշում և արժեհամակարգ):
3) ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում նախադպրոցական հաստատությունների մանկավարժներին աջակցումը,
12. Ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով` յուրաքանչյուր սանի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների հաշվառմամբ:
13. Նախադպրոցական տարիքի երեխաների կրթության բովանդակությունը ներառում է զարգացման հետևյալ ոլորտները`
1) շարժողական (Հապավումը` Շ).
2) խոսքի և հաղորդակցման (Հապավումը` ԽՀ).
3) իմացական (Հապավումը` Ի).
4) հուզական, սոցիալ-անձնային (Հապավումը` ՀՍԱ).
5) ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի (Հապավումը` ԻԱԱԱ) [2]:
14. Ծրագիրը նախատեսում է սանի առօրյայի` համատեղ գործունեությամբ կազմակերպվող 3 ձև`
1) խաղային գործունեություն.
2) պարապմունքներ` որպես ուսուցման կազմակերպման հատուկ ձև.
3) օրվա ընթացքում սանի ազատ ժամանակի տնօրինում [2]:
15. Չափորոշչով սահմանված ինը կարողունակությունների ապահովման անհրաժեշտությունից ելնելով` միջին խմբում սաների հետ օրվա կանոնակարգային պահերին կազմակերպվող աշխատանքն արտացոլվում է ծրագրային 6 բաղադրիչում`
1) խոսքի զարգացում
2) ինձ շրջապատող աշխարհը
3) մաթեմատիկական տարրական պատկերացումներ
4) երաժշտություն
5) կերպարվեստ և կառուցողական աշխատանք
6) ֆիզկուլտուրա [2]:
16. Ծրագրային բաղադրիչների զատումը պայմանական է. դրանք սերտորեն փոխկապակցված են: Սանի զարգացումը համակողմանի և լիարժեք է ընթանում, եթե բոլոր բաղադրիչներով միաժամանակ և շարունակական աշխատանք է տարվում:
17. Ծրագրային բոլոր բաղադրիչներով սահմանված վերջնարդյունքներն ուղղված են առանցքային կարողունակությունների ձևավորմանն ու զարգացմանը`
1) լեզվական և հաղորդակցական կարողունակություն,
2) ճանաչողական և շարժառիթային (մոտիվացիոն) կարողունակություն,
3) ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն,
4) ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն,
5) թվային և մեդիա կարողունակություն,
6) մշակութային կարողունակություն,
7) մաթեմատիկական և տեխնիկական կարողունակություն,
8) տնտեսական կարողունակություն,
9) ֆիզիկական կուլտուրայի և առողջության պահպանմանը միտված կարողունակություն:
III. ՍԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ
18. Շարժողական ոլորտում սանը`
1) կարողանում է ճիշտ կատարել և զուգակցել հիմնական շարժումները,
2) խաղում է շարժախաղեր` հիմնական շարժողական գործողություններով, մասնակցում է մարզախաղերի տարրերով փոխանցումավազքերին` դրսևորելով անհրաժեշտ շարժողական ակտիվություն,
3) գիտի ամառային և ձմեռային մարզաձևերը, ճանաչում է հայ անվանի մարզիկների,
4) խաղում է ջրային խաղեր, ջրում կատարում է ոտքերի և ձեռքերի շարժումներ,
5) կատարում է կեցվածքի շեղման, հարթաթաթությունը կանխարգելող վարժություններ,
6) կատարում է ընդհանուր զարգացնող վարժություններ` առանց առարկաների և առարկաներով, վերին ու ստորին վերջույթների, ուսագոտու, իրանի և որովայնի համար,
7) կատարում է պարզ պարային շարժումներ` դրսևորելով ռիթմի զգացողություն,
8) ինքնուրույն կատարում է տարբեր բնույթի ֆիզիկական վարժություններ` առանց առարկաների և առարկաներով,
9) ֆիզիկական դաստիարակության տարբեր ձևերում դրսևորում է կարգապահություն, ակտիվություն, ընկերասիրություն, համագործակցություն, բարեկիրթ վարքագիծ և հարգանք,
10) տիրապետում է սպորտային վարժություններին` սահում է սահնակով և դահուկներով, վարում է ինքնագնաց, եռանիվ և երկանիվ հեծանիվ,
11) ունի մատիտով, վրձնով, մկրատով, ծեփանյութով աշխատելու կարողություններ:
19. Խոսքի և հաղորդակցման ոլորտում սանը`
1) սանն ընկալում և վերարտադրում է լսած փոքրիկ պատմությունները,
2) նկարագրում է առարկաները, երևույթները, դրանց միջև եղած պարզագույն կապերը. բանավոր խոսքում կիրառում այնպիսի առարկաների և երևույթների անվանումներ, որոնք իր անձնական փորձում չեն եղել,
3) նկարների օգնությամբ կազմում է փոքրիկ պատմություններ, ամբողջացնում կիսատ թողնված միտքը,
4) պատմում է սեփական փորձառության մասին,
5) խոսքն արտահայտում է տարբեր արտահայտչամիջոցներով` փոխելով ձայնի ուժգնությունը, տեմպը, օգտվում է խոսքային դադարներից,
6) քերականորեն ճիշտ է կազմում նախադասությունները` կիրառելով կապական միջոցներ,
7) դրսևորում է հետաքրքրություն գրքերի նկատմամբ, արտահայտում գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,
8) հաղորդակցման ընթացքում ոչ միայն արտահայտում է սեփական վերաբերմունքը որևէ երևույթի նկատմամբ, այլև դրսևորում է դիմացինին լսելու կարողություն,
9) տարբերում է հաղորդակցության անմիջական և միջնորդավորված ձևերը, պատկերացնում է տեխնոլոգիաների դերը հաղորդակցության մեջ.
20. Իմացական ոլորտում սանը`
1) ցուցաբերում է համրանքի, թվերի, քանակի իմացություն, թվաբանական պարզ խնդիրներ լուծելու կարողություն, կռահում է պարզ օրինաչափությունները,
2) մասնակցում է համատեղ կազմակերպվող աշխատանքներին և ավարտին հասցնում առաջադրանքը,
3) հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է իմացական ակտիվություն, հայտնում է սեփական կարծիքը, դիրքորոշումը, վերաբերմունքը,
4) ճանաչում է աշխարհը փորձարկումների, ինքնուրույն գործողությունների միջոցով, խմբավորում առարկաները, պատկերներն ըստ ընդհանուր հատկանիշների,
5) հասկանում է շրջապատող աշխարհի և բնության երևույթների փոխկապվածությունը, ունի տարրական պատկերացումներ կենդանական աշխարհի և անկենդան բնության մասին,
6) կարևորում է մարդու աշխատանքը, դրա արդյունքները,
7) ճանաչում է փոխադրամիջոցները, սպասքը, կահույքը, գիտի դրանց դերը մարդու կյանքում,
8) ունի տարրական պատկերացումներ ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին,
9) մեծահասակի օգնությամբ վերլուծում է տեղեկատվությունը և կատարում նպատակամետ ընտրություն.
21. Հուզական, սոցիալ-անձնային ոլորտում սանը`
1) տարբերակում է շրջապատող մարդկանց հուզական վիճակն ու զգացմունքները, համադրում է իր և մյուսների ցանկությունները,
2) հասակակիցների և մեծահասակների հետ հարաբերություններում դրսևորում է ընդգծված վերաբերմունք, ընկալում է մարդկանց տրամադրվածությունն իր նկատմամբ, փորձում է դրսևորել հանդուրժողականություն, օգնելու, ապրումակցելու կարողություններ,
3) մեծահասակների հետ շփվելիս պահպանում է բարեվարքության նորմերը,
4) խմբային աշխատանքներում և խաղերում դրսևորում է համատեղ գործելու պատրաստակամություն, համագործակցելու ցանկություն, ակտիվ մասնակցում է մեծահասակների և հասակակիցների նախաձեռնություններին,
5) հասակակիցների հետ համատեղ գործունեության ընթացքում դրսևորում է ընդհանուր նպատակին միտված անձնային հատկություններ և սոցիալական կարողություններ` իր և ընկերների ցանկություններն ու գործողությունները համադրելու կարողություն, սեփական վարքը կարգավորելու փորձեր, համբերատարություն, ընկերոջը հասկանալու և աջակցելու պատրաստակամություն,
6) ուսումնասիրում է իր անձի, ընտանիքի անդամների, շրջապատող մարդկանց առանձնահատկությունները, ցուցաբերում է հստակ վերաբերմունք ընտանիքում կամ մանկապարտեզում կատարվող իրադարձություններին,
7) դրսևորում է սեփական հույզերի ու գործողությունների, մտքերի և վերաբերմունքի մասին խոսելու պատրաստակամություն.
22. Ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտում սանը`
1) դրսևորում է անձնական հիգիենայի կանոնների պահպանման կարողություններ և ինքնասպասարկման հմտություններ,
2) պահպանում է օրվա կանոնակարգը և հիգիենայի հիմնական պահանջները,
3) գիտի առողջության պահպանման հիմնական կանոնները, տարբերակում է առողջ և անառողջ սնունդը, պատկերացում ունի սեփական սննդային ալերգիաների վերաբերյալ, պատկերացնում է օգտակար և վնասակար սովորությունների հետևանքները, դրսևորում է բացասական վերաբերմունք վնասակար սովորությունների հանդեպ,
4) կարողանում է նկարագրել իր և մյուսների առողջական վիճակը, բացատրել հիվանդության հիմնական ախտանիշներն ու հնարավոր պատճառները,
5) հասկանում է սեփական անձի, վարքի և կենսագործունեության անվտանգության հիմնական կանոնները և հաճախ առանց հիշեցման հետևում է դրանց,
6) ծանոթ է անվտանգության կանոններին տանը, մանկապարտեզում, փողոցում, այլ վայրերում և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,
7) ծանոթ է երթևեկության հիմնական կանոններին և մեծահասակի հիշեցումով հետևում է դրանց,
8) ունի տարրական գիտելիքներ ֆիզիկական ակտիվության և մարմնի կոփման կարևորության մասին:
IV. ՍԱՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Կանոնակարգը օրվա ընթացքում գործունեության տեսակների` պարապմունքների, դաստիարակչական աշխատանքների ու գործունեության ազատ ձևերի կազմակերպման, սաների ֆիզիկական, մտավոր աշխատանքի, հանգստի ճիշտ հերթագայման և ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխման նախագծումն է:
24. Կանոնակարգի ճիշտ կառուցվածքի հիմնական սկզբունքը դրա համապատասխանությունն է սաների հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններին` չբացառելով անհատական մոտեցման սկզբունքը (քնի տևողություն, գործունեության տեմպ, նախասիրություններ և այլն):
25. Օրվա կանոնակարգը սաների կյանքի կազմակերպման, համակողմանի զարգացման, առողջության ամրապնդման և դաստիարակության կարևոր պայման է: Հաստատության օրվա կանոնակարգը կարող է փոփոխվել մանկավարժական խորհրդի որոշմամբ և տնօրենի հրամանով` հիմնադրի կողմից սահմանված աշխատանքային ռեժիմին և հաստատությունում սաների գտնվելու տևողությանը համապատասխան:
26. Միջին տարիքային խմբի (4-5 տարեկանների) օրինակելի կանոնակարգը ներկայացված է աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1.
._____________________________________________________________________.
|N |Կանոնակարգային պահեր |Հիմնական |Ամառային |
| | |կանոնակարգ |կանոնակարգ |
|___|_________________________________________|___________|___________|
|1. |Սաների ընդունելություն, խաղեր առավոտյան | 8.30-9.30| 8.30-9.30|
| |մարմնամարզություն | | |
|___|_________________________________________|___________|___________|
|2. |Նախաճաշի նախապատրաստում, նախաճաշ | 9.30-10.00| 9.30-10.00|
|___|_________________________________________|___________|___________|
|3. |Պարապմունքի նախապատրաստում |10.00-10.10|10.00-10.10|
| |Պարապմունք առաջին |10.10-10.35|10.10-10.35|
| |Պարապմունք երկրորդ |10.45-11.10| |
| |Պարապմունք երրորդ/ազատ գործունեություն |11.20-11.45| |
|___|_________________________________________|___________|___________|
|4. |Զբոսանքի նախապատրաստում, զբոսանք |11.45-12.30|10.35-12.30|
| |(խաղեր, դիտումներ, աշխատանք) | |(կոփիչ |
| | | |միջոցա- |
| | | |ռումներ) |
|___|_________________________________________|___________|___________|
|5. |Ճաշի նախապատրաստում, ճաշ |12.30-13.00|12.30-13.00|
|___|_________________________________________|___________|___________|
|6. |Ազատ գործունեություն |13.00-13.30|13.00-13.30|
|___|_________________________________________|___________|___________|
|7. |Ցերեկային քնի նախապատրաստում, քուն |13.30-15.15|13.30-15.15|
|___|_________________________________________|___________|___________|
|8. |Աստիճանական արթնացում, վարժություններ |15.15-15.50|15.15-15.50|
| |արթնացումից հետո, ազատ խաղեր | | |
| | | | |
|___|_________________________________________|___________|___________|
|9. |Հետճաշիկի նախապատրաստում, հետճաշիկ |15.50-16.10|15.50-16.10|
|___|_________________________________________|___________|___________|
|10.|Զբոսանքի նախապատրաստում զբոսանք, խաղեր, |16.10-17.30|16.10-17.30|
| |տուն ճանապարհել | | |
._____________________________________________________________________.
27. Շաբաթվա այն օրը, երբ երրորդ պարապմունք չի կազմակերպվում, այն փոխարինվում է սաների ազատ գործունեությամբ:
28. Պարապմունքների բաշխման ցանկի կազմման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սաների ֆիզիկական և մտավոր աշխատանքների ճիշտ հերթագայումը, ծանրաբեռնվածության ներդաշնակ բաշխումը:
29. Միջին տարիքային խմբի շաբաթական պարապմունքների բաշխման օրինակելի տարբերակը ներկայացվում է աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
.___________________________________________________________.
|N | Պարապմունքների տեսակները |Պարապմունքների|
| | |քանակը |
|___|________________________________________|______________|
|1. |Խոսքի զարգացում |2 պարապմունք |
|___|________________________________________|______________|
|2. |Ինձ շրջապատող աշխարհը |1 պարապմունք |
|___|________________________________________|______________|
|3. |Մաթեմատիկական տարրական պատկերացումներ |1 պարապմունք |
|___|________________________________________|______________|
|4. |Նկարչություն |2 պարապմունք |
|___|________________________________________|______________|
|5. |Ծեփակերտում |1 պարապմունք |
|___|________________________________________|______________|
|6. |Կառուցողական աշխատանք/ապլիկացիա |0,5 պարապմունք|
| | |0,5 պարապմունք|
|___|________________________________________|______________|
|7. |Ֆիզկուլտուրա |2 պարապմունք |
|___|________________________________________|______________|
|8. |Երաժշտություն |2 պարապմունք |
|___|________________________________________|______________|
|9. |Շաբաթական ընդամենը |12 պարապմունք |
.___________________________________________________________.
30. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է օգոստոսի 31-ին:
31. Պարապմունքներն անցկացվում են սեպտեմբերի 15-ից մինչև մայիսի 31-ը: Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 20-25 րոպե է, իսկ պարապմունքների միջև ընկած ժամանակահատվածը 10 րոպե է:
32. Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը հարմարման փուլ է, ուստի հատուկ պարապմունքներ չեն անցկացվում:
33. Չորրորդ եռամսյակի համար նախատեսված չէ պարապմունքների բաշխման ցանկ, քանի որ պարապմունքներն անցկացվում են ուսուցանված նյութի կրկնության ու ամրապնդման նպատակով: Բաց թողնված ծրագրային ծավալը կարող է լրացվել չորրորդ եռամսյակում:
34. Ամռան ամիսներին անցկացվում են կոփիչ միջոցառումներ:
35. Սաների կողմից ծրագրային նյութի յուրացման համար հաշվետու ժամանակահատված է սահմանվում յուրաքանչյուր եռամսյակը:
V. ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
36. «Խոսքի զարգացում» (Հապավումը` ԽԶ) ծրագրային բաղադրիչի նպատակներն են`
1) կատարելագործել սաների խոսքի հնչյունային մշակույթը, նպաստել հնչյունների ու բառերի մաքուր արտաբերմանը, ընդարձակել ակտիվ բառապաշարը,
2) զարգացնել խոսքը քերականորեն ճիշտ կառուցելու կարողությունները,
3) զարգացնել կապակցված, ինքնուրույն խոսքը, երկխոսելու և մենախոսելու ունակությունը,
4) դաստիարակել հուզական արձագանք և հետաքրքրություն գրական ստեղծագործությունների նկատմամբ:
37. Ծրագրային բաղադրիչն ապահովում է լեզվի հնչյունային համակարգի բարելավման, բառապաշարի հարստացման և ակտիվացման ձևավորման, քերականական կառուցվածքի յուրացման, կապակցված խոսքի զարգացման աշխատանքների կազմակերպման հաջորդականությունը:
38. Խոսքի զարգացման պարապմունքների, գործունեության տարբեր ձևերի` շրջապատող միջավայրի, բնության հետ ծանոթացման, ինչպես նաև գեղարվեստական գրականության ստեղծագործությունների ընթերցումների ընթացքում, առօրյայում դաստիարակը սաների գիտակցությանն է հասցնում այն գաղափարը, որ առարկաները և երևույթները արտահայտվում են բառերի միջոցով և ունեն որոշակի նշանակություն: Իսկ մտքի առավել ճշգրիտ արտահայտման համար անհրաժեշտ է ընտրել իմաստով համապատասխան բառեր:
39. Ծրագրային այս բաղադրիչը շեշտադրում է «Զարգացնող խոսքային միջավայր»-ի կառուցումը` միտված սաների խոսքի ինքնակազմակերպմանը, ազատ խոսքարտահայտմանը:
40. Միջին խմբում խոսքի զարգացման խնդիրներն են`
1) խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակում,
2) խոսքի քերականական կողմի ձևավորում,
3) բառապաշարի հարստացում և ակտիվացում,
4) կապակցված խոսքի զարգացում,
5) ծանոթացում մանկական գեղարվեստական գրականությանը:
41. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներն այս տարիքային խմբում միտված են`
1) ճիշտ հնչարտաբերման ձևավորմանը,
2) հնչյունային լսողության զարգացմանը,
3) ձայնային ապարատի, խոսքային շնչառության զարգացմանը,
4) խոսքային արտահայտչամիջոցներից և խոսքի առոգանությունից ճիշտ օգտվելու ունակությունների զարգացմանը:
42. Խոսքի հնչյունային մշակույթի դաստիարակության ուղղությամբ անհրաժեշտ է`
1) ամրապնդել ձայնավոր և բաղաձայն հնչյունների ճիշտ արտաբերումը և մշակել շփական, պայթական, հնչյունների արտասանությունը և զարգացնել հնչարտասանական ապարատը,
2) նպաստել որոշակի հնչյունով սկսվող բառերի տարբերակմանը և անվանմանը,
3) շարունակել աշխատանքն խոսքի առոգանության ուղղությամբ,
4) կատարելագործել բառերի և բառակապակցությունների հստակ արտաբերումը,
5) զարգացնել արտահայտիչ խոսքը,
6) սովորեցնել ճիշտ արտասանել բառերը:
43. Բառապաշարի հարստացման և ակտիվացման ուղղությամբ անհրաժեշտ է`
1) ակտիվացնել բառապաշարը` հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերով` խորացնելով շրջապատող աշխարհի առարկաների ու երևույթների մասին գիտելիքները և պատկերացումները,
2) նպաստել ընդհանրացնող բառերի կիրառմանը:
44. Խոսքի քերականական կողմի ձևավորման խնդիրը միտված է նախադասությունները ճիշտ կազմելու, բառերի հաջորդականությունը նախադասությունների մեջ ընկալելու, բառերը ձևափոխության ենթարկելու սաների կարողությունների ձևավորմանը:
45. Խոսքի քերականական կողմի ձևավորման ուղղությամբ անհրաժեշտ է`
1) ստեղծել պայմաններ քերականորեն ճիշտ խոսք կառուցելու համար,
2) խրախուսել տարիքին բնորոշ բառաստեղծման երևույթը,
3) օգնել սաներին` համաձայնեցնել բառերը նախադասությունների մեջ թվով, դեմքով, ժամանակով,
4) ամրապնդել գոյականի եզակի թիվը հոգնակիի վերածելու, հոլովներից ճիշտ օգտվելու, բայերը ճիշտ կիրառելու կարողությունը,
5) նպաստել նախադասությունները ճիշտ կազմելու կարողությունների ձևավորմանը:
46. Կապակցված խոսքի զարգացման խնդիրը միտված է մտքերը տրամաբանական հաջորդականությամբ ինքնուրույն արտահայտելու, երկխոսելու, մենախոսելու կարողությունների ձևավորմանը:
47. Կապակցված խոսքի զարգացման ուղղությամբ անհրաժեշտ է`
1) զարգացնել երկխոսություն վարելու, զրույցներին ակտիվորեն մասնակցելու կարողությունը,
2) խթանել ինքնուրույն խոսքը,
3) սովորեցնել պատասխանել հարցերին և ինքնուրույն հարցեր տալ,
4) սովորեցնել նկարագրել առարկան, երևույթները, իրադարձությունները` ընկալելով գործողությունների սկիզբը, ընթացքը և ավարտը,
5) զարգացնել նկարի շուրջ պատմումներ կազմելու կարողություն,
6) նպաստել մտքերն ինքնուրույն, տրամաբանական հաջորդականությամբ արտահայտելու կարողությունների ձևավորմանը,
7) սովորեցնել բեմականացնել փոքրիկ հեքիաթներ կամ հեքիաթից որևէ հատված,
8) սովորեցնել վերապատմել պարապմունքների ժամանակ ընթերցված կամ արդեն ծանոթ փոքրիկ հեքիաթներ և պատմվածքներ:
48. Մանկական գեղարվեստական գրականությանը ծանոթացումը մեծ ազդեցություն ունի մտածողության, խոսքի զարգացման և արտաքին աշխարհի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման վրա: Անհրաժեշտ է սաների համար ամեն օր կարդալ ինչպես նոր, այնպես էլ նրանց արդեն ծանոթ ստեղծագործություններ:
49. Մանկական գեղարվեստական գրականությանը ծանոթացնելը ենթադրում է`
1) ձևավորել հետաքրքրություն գեղարվեստական գրականության տարբեր ժանրերի հանդեպ (հեքիաթ, պատմվածք, առակ, ոտանավոր)` ծանոթացնելով գրողների, բանաստեղծների, հայ մանկագիրների, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններին,
2) զարգացնել գրական ստեղծագործությունների իմաստն ըմբռնելու, դրանց բովանդակությունը հուզականորեն արտահայտելու կարողությունը,
3) սովորեցնել արտահայտիչ, հուզականորեն արտասանել ոտանավորը, օգտվել տրամաբանական դադարներից, շեշտադրումներից և այլն,
4) զարգացնել գեղարվեստախոսքային գործունեությունը, ձևավորել կատարողական ընդունակություններ, յուրաքանչյուր կերպարին բնորոշ արտահայտչամիջոցներից օգտվելու կարողություն,
5) ձևավորել աուդիո հեքիաթներ լսելու և դրանք քննարկելու կարողություններ:
50. Ստորև ներկայացվում է գեղարվեստական ստեղծագործությունների ցանկ, որը դաստիարակին հնարավորություն կտա իր հայեցողությամբ և սաների ցանկությամբ կատարել ստեղծագործությունների ընտրություն, դրանք կիրառել պարապմունքների և ազատ գործունեության ընթացքում`
1) Պատմելու և ընթերցելու համար` «Ամպն ու սարը» - Հ. Թումանյան, «Փիսիկների գնդակը» - Ռ. Ղարիբյան, «Նունիկի փիսիկը» - Լ. Պողոսյան, «Ով աշխատի, նա կուտի» - ռուսական հեքիաթ, «Այոն ու ոչը» - Հ. Հայրապետյան, «Մեծանում եմ» - Գ. Գաբրիելյան, «Ծիտիկի երգը» - Լ. Թարգյուլ, «Բարի գայլուկը» - Ա. Մովսիսյան, «Խորամանկ կատուն և դյուրահավատ մկնիկը» - Ա. Մովսիսյան, «Ընկերը» - Ա. Մովսիսյան, «Ծիտը» - Հովհ. Թումանյան, «Մե՞ծ եմ, թե՞ փոքր» - Ս. Մուրադյան, «Աշուն քեռին» - Գ. Մովսիսյան, «Տոնածառն անտառում» - Ա. Մովսիսյան, «Աղվեսն ու հավերը» - Վ. Այգեկցի, «Թե ինչպես Ձմեռ պապիկը հալվեց» - Ս. Մուրադյան, «Մեր բանակը» - Ա. Մովսիսյան, «Չորս ցանկություն» - Կ. Ուշինսկի, «Եղանակ քույրերը» - Ս. Մարշակ, «Բարեսիրտ շունը»- Ավ. Իսահակյան, «Լավ ընկերը» - Ա. Մովսիսյան, «Աղջիկն ու սունկերը» - Լ. Տոլստոյ, «Ծաղիկների թագուհին» - Ա. Մովսիսյան, «Ծիածանի ծնունդը» - Ա. Մովսիսյան, «Զատիկ» - հայկական ժող. տոն, «Գառնիկ ախպերը» - Հովհ. Թումանյան, «Ճանապարհորդ Ջեկոն» - Ստ. Զորյան, «Ագռավն ու աղվեսը» - Վ. Այգեկցի, «Երեք արջի հեքիաթը» - Լև Տոլստոյ, «Սուտլիկ որսկանը»- Հովհ. Թումանյան, «Կենդանիների վեճը» - Ղ. Աղայան, «Վատ ընկերը» - Խ. Աբովյան, «Գիշերն անտառում» - Սիմակ, «Մանուշակը» - Գ. Մովսիսյան, «Աղջիկն ու ծաղիկները» - Ա. Մովսիսյան, «Հայր մեր», «Աղոթք երեխաների», «Լորիկներ» - Վ. Անանյան, «Խաղալիքների ժողովը», «Ինչու տխրեցին» - Լ. Պողոսյան:
2) Արտահայտիչ արտասանություն` «Սագիկ» - Ղ. Աղայան, «Բկլիկ ձկնիկ» - Ա. Խնկոյան, «Այս բոլորին» - Հ. Հայրապետյան, «Բադիկ» - Ռ. Պատկանյան, «Ընկերասերը» - Ս. Մուրադյան, «Իմ գնդակը» - Ս. Մուրադյան, «Իմ շնիկը» - Ավ. Ճողորյան, «Գնացքը» - Ս. Կապուտիկյան, «Մուկն ու կատուն» - Ս. Կապուտիկյան, «Կատու» - Հ. Աղաբաբ, «Երևանը» - Ն. Հովնաթան, «Աշնան երգ» - Հ. Հայրապետյան, «Աշուն» - Հ. Հայրապետյան, «Ձմեռ պապի» - Աթ. Խնկոյան, «Ձյունը» - Հ. Հայրապետյան, «Սահմանապահ եղբայրս» - Ս. Մուրադյան, «Գրադարանում»- Ս. Կապուտիկյան, «Հացթուխը»- Ս. Մուրադյան, «Շինարար Լևիկը» - Ս. Կապուտիկյան, «Ժամացույցը» - Ս. Կապուտիկյան, «Ամիսներ և չորս եղանակ» - Ղ. Աղայան, «Ոսկե ձվիկը» - ռուսական հեքիաթ, «Գրիչը» - Հովհ. Թումանյան, «Հայոց լեզու» - Ռ. Ղարիբյան, «Վագրն ու կատուն» - Պ. Սևակ, «Որ մեծանամ» - Ս. Կապուտիկյան, «Կարծում եք, թե կատա՞կ է» - Ս. Կապուտիկյան, «Ինձ լավ լսիր, ա՛յ տիկնիկ» - Ս. Կապուտիկյան, «Համբարձման տոն» - Հովհ. Թումանյան, «Վարդավառ» - Ն. Միքայելյան, «Արտուտիկ» - Հովհ. Թումանյան, «Մանուշակ» - Ղ. Աղայան, «Մեղու» - Ներսես Շնորհալի, «Անհաշտ ծաղիկներ» - Հոբոս-Ապեր, «Ծաղիկներ» - Հովհ. Թումանյան, «Ծիծեռնակ» - Աթ. Խնկոյան, «Ձնծաղիկ» - Ն. Հովնաթան, «Մայիս» - Հ. Հայրապետյան, «Ձնծաղիկ» - Հ. Հայրապետյան, «Մայր ճնճղուկը», «Նկարիչ արջը», «Շլդիկ, մլդիկ նապաստակ», «Հյուրասեր Նունիկը», «Ու՞ր է գնում Նելլին փոքրիկ» - Լ. Պողոսյան, «Մանուկներն ու սագը» - Հովհ. Շիրազ, «Պարտեզ», «Կատու» - Ս. Կապուտիկյան, «Մայիս», «Գարուն», «Մեծամիտ Աքլորը» - Վ. Վարդանյան, «Բարի տուն» - Հ. Բաբաջանյան:
3) Վերապատմում` «Թե ինչու կատուն միայն նախաճաշից հետո է լվացվում» - լիտվական ժող. հեքիաթ, «Ուլիկը» - Հովհ. Թումանյան, «Նապաստակը առյուծի պալատում» - Ս. Մուրադյան, «Նապաստակն ու բադը» - Ս. Մուրադյան, «Գայլն ու կոշկակար նապաստակը» - Ս. Մուրադյան, «Գայլն ու աղվեսը» - Ս. Մուրադյան, «Գառնիկ ախպերը» - Հովհ. Թումանյան, «Շունն ու կատուն» - Հովհ. Թումանյան, «Ճանապարհորդ Ջեկոն» - Ստ. Զորյան, «Ով աշխատի, նա կուտի» - ռուսական ժող. հեքիաթ, «Լեզուն կտրած ծիտիկը» - Հովհ. Թումանյան:
4) Ստեղծագործական պատմումներ` «Իմ սիրելի խաղը», «Աշուն», «Իմ հայրենիքը Հայաստանն է», «Ձմեռ», «Նոր տարի», «Հայոց բանակը, «Գարուն է», «Մայրիկների տոնը», «Կենդանաբանական այգում», «Թանգարանում»:
51. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է`
1) կիրառի հականիշ և հոմանիշ բառեր,
2) նկարագրի առարկաներ` օգտագործելով ածականներ,
3) համեմատի առարկաները` օգտագործելով ածականի համեմատության աստիճանները,
4) կիրառի ընդհանրացնող բառեր,
5) բառին ավելացնի վերջածանցներ` ստեղծելով նոր բառեր,
6) ավարտի նախադասության միտքը,
7) կառուցի քերականորեն ճիշտ խոսք` կապական միջոցների կիրառմամբ,
8) նախադասության մեջ բառերը համաձայնեցնի թվով, դեմքով, ժամանակով,
9) արտահայտի գոյականի հոգնակի թիվը, հոլովական ձևերը,
10) ներկայացնի նկարի բովանդակությունը,
11) հորինի պատմություն` նկարաշարերի կիրառմամբ,
12) վերապատմի լսած պատմությունը և հեքիաթը` պահպանելով մայրենի լեզվի հնչյունների ճիշտ արտասանությունը և խոսքի քերականական կողմը,
13) պատմելիս հաջորդաբար արտահայտի իրադարձությունների սկիզբը, ընթացքը և ավարտը,
14) բեմականացնի ծանոթ հեքիաթից որևէ հատված,
15) դրսևորի արտահայտիչ խոսք` փոխելով ձայնի տեմպը, արագությունը, ուժգնությունը,
16) երևակայությամբ պատմի պատմություններ,
17) պատմի սեփական փորձից,
18) արտասանի բանաստեղծություններ, քառյակներ, հանելուկներ` համապատասխան առոգանությամբ,
19) նկարագրի առարկաներ, երևույթներ, իրադարձություններ,
20) ակտիվ մասնակցի իրեն հետաքրքրող խոսակցությանը,
21) ձևակերպի և առաջադրի իրավիճակային հարցեր` հասակակիցների և մեծահասակների հետ հաղորդակցվելիս,
22) վերահսկի սեփական խոսքի արտահայտչականությունը` անհրաժեշտության դեպքում փոխելով ձայնի ինտոնացիան,
23) բացատրի իր յուրաքանչյուր գործունեությունը (խաղային, կենցաղային և այլն),
24) ձևակերպի իր կարիքները,
25) արտահայտի որոշակի գրական ստեղծագործություն լսելու ցանկություն,
26) հետաքրքրությամբ դիտի մանկական նկարազարդ գրքեր,
27) անվանի սիրելի հեքիաթը,
28) արտահայտի մտքեր, զգացողություններ, զգացմունքներ, ցանկություններ տարբեր երևույթների մասին` հիմնավորելով դրանք,
29) գիտակցի պատճառահետևանքային կապերը` համեմատելով ունկնդրած ստեղծագործության հերոսների արարքները,
30) ունենա տարրական պատկերացում տպագիր գրավոր խոսքի մասին,
31) բռնի գիրքը ճիշտ դիրքով,
32) ձևացնի, թե կարդում է` մատը տողերի վրայով սահեցնելով,
33) կազմի համատեղ պլաններ հասակակիցների հետ,
34) փորձի լուծել իր առջև ծառացած խնդիրները,
35) կիրառի պարզագույն մեդիագործիքներ` ըստ անհրաժեշտության,
36) լսի աուդիոհեքիաթներ և քննարկի դրանք,
37) կատարի էլեկտրոնային խաղ-վարժություններ,
38) օգտագործի ոչ խոսքային հաղորդակցության միջոցներ,
39) մասնակցի 20-25 րոպե տևողությամբ տարբեր աշխատանքներին,
40) մասնակցի խաղերին, քննարկի դրանց հետ կապված հարցեր,
41) հետևի նախապես քննարկված կանոններին` դրսևորելով պատշաճ վարքագիծ,
42) կատարի մի քանի քայլից բաղկացած հանձնարարություններ,
43) լսի դիմացինի խոսքը` առանց ընդհատելու,
44) խոսքի միջոցով լուծի կոնֆլիկտները,
45) ներգրավվի գործունեության տարբեր ձևերում:
52. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հեքիաթներ, պատմվածքներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ, ոտանավորներ, առակներ, ասացվածքներ, խոսքային, հաղորդակցական իրավիճակներ, քննարկումներ:
53. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են` խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների (դիդակտիկ խաղ, զրույց, ոտանավորի ուսուցում և ամրապնդում, վերապատմում, պատմում /նկարով, խաղալիքի նկարագրություն, դաստիարակի ցուցումով, անավարտ պատմության շարունակություն, հիշողությամբ, ստեղծագործական/ գեղարվեստական գրականության ունկնդրում) մշակութային այցերի, Էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, թատրոնների, ինքնուրույն գործունեության, աշխատանքային կենտրոններում իրականացվող աշխատանքի, բնության անկյունում կատարվող հերթապահության ընթացքում:
54. «Խոսքի զարգացում» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ` Շ` (թ), ԽՀ` (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), Ի` (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), ՀՍԱ` (ա), (բ), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ` (ա), (ե), (զ):
VI. ԻՆՁ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ
55. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի (Հապավումը` ԻՇԱ) հիմնական նպատակներն են`
1) նպաստել սանի իմացական կարողությունների, ճանաչողական հետաքրքրությունների զարգացմանը,
2) զարգացնել հաղորդակցական հմտությունները,
3) ձևավորել պատկերացումներ սեփական անձի, շրջակա միջավայրի կենդանական և անկենդան աշխարհի, բնության երևույթների մասին,
4) ձևավորել շրջակա միջավայրի, բնության և կենդանական աշխարհի նկատմամբ հուզական, հոգատար, մարդասիրական վերաբերմունք,
5) նպաստել բնապահպան վարքագծի ձևավորմանը:
56. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են`
1) ընդլայնել իմացական հետաքրքրությունները շրջապատող աշխարհի մասին,
2) ընդլայնել պատկերացումներն իր անձի, ընտանիքի, մանկապարտեզի, փողոցի, հայրենիքի, քաղաքի, գյուղի, տան մասին,
3) խորացնել ընկերասիրության մասին պատկերացումները,
4) զարգացնել պատկերացումները մարմնի մասերի, անձնական հիգիենայի մասին,
5) զարգացնել պատկերացումները զգայարանների մասին,
6) ձևավորել պատկերացումներ հայրենի երկրի, պետական խորհրդանիշների մասին,
7) ընդլայնել պատկերացումներն ազգային տոների, ծեսերի մասին,
8) ընդլայնել պատկերացումները երթևեկության պարզ նշանների, կանոնների, փոխադրամիջոցների մասին,
9) զարգացնել անվտանգ վարքագիծ,
10) նպաստել խաղային փոխհարաբերությունների, խաղային կարողությունների ձևավորմանը,
11) ձևավորել պատկերացումներ սեղանային խաղերի (շախմատ, շաշկի, լոտո, դոմինո) մասին,
12) հարստացնել պատկերացումները հագուստի, սպասքի, կահույքի, մարդու համար դրանց նշանակության ու կարևորության մասին,
13) ընդլայնել պատկերացումները բուսական և կենդանական աշխարհի, թռչունների, միջատների, սնկերի դրանց փոխկապակցվածության մասին,
14) խորացնել պատկերացումները մրգերի, բանջարեղենի մասին,
15) մշակել շրջապատի նկատմամբ, հոգատար և գիտակից վերաբերմունք, ձևավորել բնության մեջ ճիշտ վարքագծի դրսևորման սովորույթներ և հմտություններ, ծանոթացնել վարքի կանոններին, նպաստել բնապահպան վարքագծի ձևավորմանը,
16) ձևավորել տարրական գիտելիք տարվա եղանակների, դրանց հերթագայությամբ պայմանավորված բնության սեզոնային փոփոխությունների, բնության երևույթների և, դրանցով պայմանավորված, մարդկանց կյանքում կատարվող փոփոխությունների մասին,
17) ձևավորել տարրական պատկերացումներ արևի, ջրի, հողի, անձրևի, ձյան, քամու հատկությունների, կենդանի բնության մեջ դրանց կենսական նշանակության մասին,
18) ձևավորել բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը հասկանալու կարողություն,
19) ամրակայել որևէ գործունեությունից տպավորություններ արտահայտելու կարողությունը,
20) խորացնել սաների պատկերացումները մասնագիտությունների, դրանց նշանակության և կարևորության մասին,
21) ձևավորել տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների մասին,
22) նպաստել առողջ/անառողջ սննդի, վիտամինների, առողջ ապրելակերպի, մարդու կյանքում սպորտի կարևորության մասին պատկերացումների ձևավորմանը:
57. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է`
1) ներկայացնի իր ընտանիքը, ընտանիքի անդամներին, նրանց անուններն ու ազգանունները,
2) խոսի ընկերների մասին` կարևորելով ընկերասիրությունը,
3) ունենա սեռադերային պատկերացումներ իր մասին,
4) իմանա իր մարմնի մասերը,
5) հետևի անձնական հիգիենային,
6) իմանա զգայարանները, դրանց նշանակությունը,
7) անվանի հիմնական հույզերը,
8) բացատրի սեփական հույզերի պատճառները,
9) ապրումակցի դիմացինին, դրսևորի սեփական հույզերը,
10) ունենա պատկերացումներ հայրենի երկրի, մայրաքաղաքի, իր բնակավայրի (քաղաք/գյուղ, փողոց, տուն) մասին,
11) իմանա իր հասցեն,
12) ճանաչի իր երկրի պետական դրոշը, զինանշանը, օրհներգը,
13) ունենա պատկերացումներ ազգային տոների, ծեսերի մասին,
14) ճանաչի ազգային հագուստի (տարազ) որոշ տարրեր,
15) իմանա իր մանկապարտեզի անվանումը, ճանաչի աշխատակիցներին,
16) կողմնորոշվի մանկապարտեզի շենքում, բակում, ծանոթ միջավայրում,
17) կառուցի խաղային փոխհարաբերություններ, խաղի հետաքրքիր սյուժեներ,
18) հորինի և խաղա դերային խաղեր,
19) խաղի մեջ կատարի դերաբաշխումներ,
20) հետևի խաղի կանոններին` խաղը հասցնելով ավարտին,
21) իմանա սեղանային մի քանի խաղեր,
22) մասնակցի խաղերին և խաղային իրավիճակներին,
23) խոսի իր հաջողությունների մասին,
24) տարբերի ամառային, ձմեռային հագուստը,
25) ճանաչի իրեն շրջապատող առարկաները` սպասք, կահույք, խաղալիքներ,
26) ճանաչի որոշ մասնագիտություններ, դրանց դերը, համապատասխան աշխատանքային գործիքները,
27) ճանաչի և անվանի մրգերը,
28) ճանաչի և անվանի բանջարեղենը,
29) ներկայացնի մրգերի և բանջարեղենի օգտակարությունը մարդու առողջության համար,
30) տարբերի մրգերը, բանջարեղենը` թե՛ համով, թե՛ արտաքին տեսքով,
31) ճանաչի հատապտուղները և անվանի դրանք,
32) ունենա տարրական պատկերացումներ առողջ/անառողջ սննդի, վիտամինների մասին,
33) ունենա տարրական պատկերացումներ առողջ ապրելակերպի, առողջության ամրապնդման հարցում սպորտի կարևորության մասին,
34) ճանաչի ընտանի, վայրի կենդանիներին, նրանց ձագերին, ներկայացնի նրանց օգտակարությունն ու նշանակությունը,
35) ճանաչի որոշ ջրային կենդանիների, իմանա դրանց առանձնահատկությունները,
36) ճանաչի և տարբերի թռչուններին ըստ արտաքին տեսքի (աղավնի, հավ, թութակ),
37) իմանա որոշ միջատների, դրանց կառուցվածքը,
38) ճանաչի և անվանի ծաղիկներն ըստ արտաքին տեսքի և գույնի (վարդ, կակաչ, մանուշակ և այլն),
39) ճանաչի պտղատու և դեկորատիվ ծառերի տեսակները, իմանա դրանց կառուցվածքը (արմատ, բուն, ճյուղ, տերև, պտուղ),
40) իմանա թփերի մասին,
41) իմանա անտառի, դրա բնակիչների մասին,
42) ճանաչի և անվանի որոշ սնկեր,
43) հետևի առողջության և անվտանգության պահպանման կանոններին,
44) իմանա տարվա եղանակները (գարուն, ամառ, աշուն, ձմեռ), նկարագրի դրանցում տեղի ունեցող փոփոխությունները,
45) ճանաչի և անվանի բնության տարրերը (ջուր, օդ, արև և այլն)` ներկայացնելով դրանց նշանակությունը,
46) ընկալի բնության երևույթների պատճառահետևանքային տարրական կապերը,
47) նկատի բնության գեղեցկությունը,
48) դրսևորի հոգատար վերաբերմունք բնության նկատմամբ,
49) կարևորի մարդու աշխատանքը բնության մեջ,
50) դրսևորի բնապահպան վարքագիծ,
51) ճանաչի երթևեկության պարզ նշանները, կանոնները,
52) իմանա փոխադրամիջոցները, դրանց դերը մարդու կյանքում,
53) մեծահասակի օգնությամբ հետևի երթևեկության կանոններին,
54) դրսևորի անվտանգ վարքագիծ,
55) մասնակցի հողամասում 20-25 րոպե տևողությամբ աշխատանքներին,
56) դրսևորի բարեկիրթ վարքագիծ,
57) համագործակցի հասակակիցների հետ, անհրաժեշտության դեպքում օգնի նրանց,
58) դրսևորի ինքնասպասարկման հմտություններ, ինքնուրույն հանի և հագնի հագուստը,
59) հասկանա սեփական իրավունքներն ու պարտականությունները,
60) հասկանա սեփական արարքների հետևանքները,
61) հետևի անվտանգ վարքի կանոններին:
58. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները`
1) «Ես և իմ ընտանիքը»,
2) «Ես և իմ ընկերները»,
3) «Իմ մարմինը, անձնական հիգիենա»,
4) «Զգայարաններ»,
5) «Հույզեր»,
6) «Հայաստանն իմ տունն է»,
7) «Տոներ»,
8) «Իմ տունը, իմ փողոցը, իմ քաղաքը/գյուղը»,
9) «Իմ մանկապարտեզը»,
10) «Խաղեր»,
11) «Հագուստ»,
12) «Սպասք, կահույք»,
13) «Մասնագիտություններ»,
14) «Միրգ, հատապտուղ»,
15) «Բանջարեղեն»,
16) «Առողջ, անառողջ սնունդ, վիտամիններ»,
17) «Առողջ ապրելակերպ և սպորտ»,
18) «Ընտանի կենդանիներ»,
19) «Վայրի կենդանիներ»,
20) «Թռչուններ»,
21) «Միջատներ»,
22) «Ծաղիկներ»,
23) «Պտղատու ծառեր»,
24) «Դեկորատիվ ծառեր»,
25) «Անտառ»,
26) «Թփեր»,
27) «Սնկեր»,
28) «Ջուր, օդ, հող»,
29) «Ջրային աշխարհ»,
30) «Արև, դրա նշանակությունը»,
31) «Փոխադրամիջոց, երթևեկության կանոնները»,
32) «Տարվա եղանակներ, բնության երևույթներ»,
33)»Անվտանգ միջավայր, անվտանգ վարքագիծ»,
34) «Բարեկիրթ վարքագիծ»,
35) «Իմ իրավունքներն ու պարտականությունները»:
59. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են` խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, մշակութային այցերի, էքսկուրսիաների, զբոսանքների, տոների, միջոցառումների, բեմականացումների, փորձարարության, աշխատանքային կենտրոններում, բնության անկյունում, բակում, բանջարանոցում կատարվող աշխատանքի և ինքնուրույն գործունեության ընթացքում:
60. «Ինձ շրջապատող աշխարհը» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ` Շ` (ա), (գ), (թ), ԽՀ` (ա), (բ), (դ), (է), (ը), (թ), Ի` (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը), (թ), ՀՍԱ` (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), ԻԱԱԱ` (ա), (բ), (գ), (դ), (ե), (զ), (է), (ը):
VII. ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ
61. Մաթեմատիկական տարրական պատկերացումների ձևավորումը միջին տարիքային խմբում սաների մտավոր զարգացմանը նպաստող գործընթաց է, որը նպատակաուղղված է`
1) նպաստելու իմացական գործընթացների, ճանաչողական հետաքրքրության զարգացմանը,
2) զարգացնելու մաթեմատիկական բառապաշարը,
3) ձևավորելու պարզագույն խնդիրներ լուծելու կարողության ձևավորմանը,
4) խթանելու հաղորդակցական հմտությունների ձևավորմանը,
5) հետազոտական գործունեության իրականացման խթանմանը:
62. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչը ներառում է հետևյալ բաժինները`
1) նախաթվային` մեծություն, ձև, տարածական հասկացություններ, ժամանակային հասկացություններ,
2) թվային` քանակ, հաշիվ:
63. «Մեծություն» բաժնի նպատակն է ամրապնդել «մեծ-փոքր», «հաստ-բարակ», «երկար-կարճ», «լայն-նեղ», «բարձր-ցածր» հասկացությունները:
1) «Երկարություն» - ամրապնդվում են «երկարի», «կարճի», «հավասարի» վերաբերյալ գիտելիքները, տարբեր եղանակներով համեմատվում են առարկաների (2-ից 3) երկարությունները:
2) «Բարձրություն» - ամրապնդվում են «բարձրի», «ցածրի», «բարձրությամբ հավասարի» վերաբերյալ գիտելիքները, տարբեր եղանակներով համեմատվում են առարկաների (2-ից 3) բարձրությունները:
3) «Լայնություն»-ամրապնդվում են «լայնի», «նեղի», «լայնությամբ հավասարի» վերաբերյալ գիտելիքները, տարբեր եղանակներով (առդրում, վերդրում) համեմատվում են առարկաների (2-ից 3) լայնությունները:
4) «Հաստություն»-ամրապնդվում են «հաստի» «բարակի», «հաստությամբ հավասարի» վերաբերյալ գիտելիքները, տարբեր եղանակներով համեմատվում են առարկաների (2-ից 3) հաստությունները:
64. «Ձև» բաժնի նպատակն է ձևավորել տարրական պատկերացումներ երկրաչափական մարմինների և պատկերների մասին` խորանարդ, գունդ, բուրգ, գլան, քառակուսի, եռանկյուն, շրջան և ուղղանկյուն:
65. «Տարածական հասկացություններ» բաժնի նպատակն է ամրապնդել տարածական հիմնական հասկացությունների մասին սաների ունեցած պատկերացումները` կողմնորոշվելով սեփական մարմնի դիրքով` աջ, ձախ, վերև, ներքև, առաջ, հետ, հեռու մոտ, վրա, տակ, ներս, դուրս:
66. «Ժամանակային հասկացություններ» բաժնի նպատակն է սաներին ծանոթացնել օրվա փուլերին` առավոտ, կեսօր, երեկո և գիշեր, շաբաթվա օրերին:
67. Թվային հասկացությունների միջոցով ձևավորել 1-5 թվերի, նախորդող, հաջորդող թվերի վերաբերյալ պատկերացումներ, ծանոթացնել մինչև 5 թվի կազմությանը:
68. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի խնդիրներն են`
1) ձևավորել մաթեմատիկական նախագիտելիք` նախաթվային և թվային հասկացությունների մասին,
2) զարգացնել մտավոր գործողություններ կատարելու կարողություններ` համեմատում, խմբավորում, համակարգում, համադրում,
3) ծանոթացնել 1-5 թվանշաններին,
4) սովորեցնել առանձին տարրերից ստանալ թվի կազմությունը. օրինակ` 5-ը` 1,1,1,1, և նորից 1 է, կամ 3 և 2, 4 և 1,
5) ամրապնդել երկրաչափական մարմինների և պատկերների, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ պատկերացումները,
6) զարգացնել տարածության և ժամանակի մեջ կողմնորոշվելու կարողությունները,
7) ամրապնդել առարկայի մեծության մասին պատկերացումները,
8) խրախուսել «քանի», «որքան» բառերի կիրառմամբ հարցադրումներ կատարելու կարողությունները,
9) զարգացնել տրամաբանությունը,
10) սովորեցնել առարկայի առանձին մասերից ստանալ ամբողջական պատկեր և ամբողջի մեջ առանձնացնել մասերը,
11) ձևավորել մաթեմատիկական բովանդակությամբ էլեկտրոնային խաղ-վարժություններ կատարելու կարողություններ,
12) ձևավորել համատեղ գործունեություն ծավալելու կարողություն,
13) ստեղծել նպաստավոր պայմաններ ինքնուրույն գործունեության զարգացման համար:
69. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի վերջնարդյունքների համաձայն սանը պետք է`
1) կատարի ուղիղ և հետ համրանք 5-ի սահմանում,
2) առանձին տարրերով ներկայացնի մինչև 5 թվերի քանակական կազմությունը,
3) ճանաչի 1-5-թվանշանները,
4) տարբերի նախորդ թվերը` 1-5-ի սահմանում, և հաջորդ թվերը` 1-4-ի սահմանում,
5) իմանա 2-5 թվերի միավոր կազմը,
6) ներկայացնի կից թվերը` 1-4-ի սահմանում
7) կատարի պարզ թվաբանական գործողություններ 5-ի սահմանում,
8) ձևակերպի հարցեր` կիրառելով «քանի՞», «որքա՞ն» բառերը,
9) համեմատի միատեսակ առարկաների քանակը` անկախ առարկաների հատկություններից (ձև, չափ, գույն, նյութ),
10) նկարագրի առարկաները, համեմատի առարկաները` ըստ հատկանիշի (2 հատկանիշ),
11) խմբավորի առարկաները` ըստ հատկանիշի (2 հատկանիշ),
12) առդրման, վերդրման եղանակներով համեմատի առարկաները` նշելով դրանց մեծության հետ կապված հատկանիշները,
13) ճանաչի և անվանի երկրաչափական մարմինները և պատկերները («խորանարդ», «գլան», «գունդ», «շրջան», «եռանկյուն», «քառակուսի», «ուղղանկյուն»),
14) որոշի երկրաչափական պատկերների կողմերի, գագաթների և անկյունների քանակը,
15) հայտնաբերի շրջապատում երկրաչափական պատկերների նման առարկաներ,
16) կառուցի երկրաչափական պատկերներով նոր պատկեր,
17) ստեղծի մասերից ամբողջական պատկերներ,
18) ամբողջը բաժանի հավասար և անհավասար մասերի,
19) տարբերի տարածական ուղղությունները` «աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «հետ», «վրա», «տակ», «հեռու», «մոտ», «ներս», «դուրս»,
20) կիրառի տարածություն բնութագրող հասկացություններ («աջ», «ձախ», «վերև», «ներքև», «առաջ», «հետ», «հեռու», «մոտ», «վրա», «տակ», «ներս», «դուրս»),
21) տարբերի և կիրառի ժամանակային հասկացությունները` օրվա փուլերը` («առավոտ», «կեսօր», «երեկո», «գիշեր»), երեկ, այսօր, վաղը, շաբաթ, շաբաթվա օրեր, ամիս, տարի,
22) կատարի չափում` պայմանական չափման (թել, զոլակ, բաժակ և այլն) միջոցներով,
23) կիրառի մաթեմատիկական բառապաշար,
24) կատարի մաթեմատիկական բովանդակությամբ էլեկտրոնային խաղ-վարժություններ,
25) որոշի տրամաբանական պարզ խնդիրներ` ինչպես ինքնուրույն, այնպես էլ հասակակիցների հետ քննարկելու, համագործակցելու արդյունքում:
70. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բովանդակությունը ներառում է հետևյալ թեմաները`
1) «Երկրաչափական մարմիններ, պատկերներ»,
2) «Մեծություն»,
3) «Ժամանակային հասկացություններ»,
4) «Տարածական հասկացություններ»,
5) «Ուղիղ և հետ հաշիվ` 1-5 սահմանում»,
6) «1-5 թվանշաններ»,
7) «Թվի միավոր կազմ»,
8) «Հաջորդ, նախորդ թվեր»,
9) «Կից թվեր»,
10) «Տրամաբանական պարզ խնդիրներ»:
72. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի գործունեության ձևերն են` խաղային, ուսումնական, աշխատանքային, որոնք իրականացվում են խաղերի, պարապմունքների, էքսկուրսիաների, զբոսանքների, աշխատանքային կենտրոններում կատարվող աշխատանքի ընթացքում և ինքնուրույն գործունեության միջոցով:
73. «Մաթեմատիկական տարրական պատկերացումներ» ծրագրային բաղադրիչի կապը չափորոշչի հետ Շ` (թ), ԽՀ` (բ), (ը), (թ), Ի` (ա), (բ), (գ), (դ), (թ), ՀՍԱ` (ա), (գ), (դ), (ե), (է), ԻԱԱԱ` (ե), (զ):
VIII. ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ
74. Անձի տարիքային զարգացման ոչ մի շրջանում ֆիզիկական դաստիարակությունն այնպես ցայտուն չի ներգործում առողջության, ֆիզիկական զարգացման, ֆիզիկական պատրաստվածության, ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման և սոցիալականացման վրա, ինչպես նախադպրոցական տարիքում:
75. Ֆիզիկական դաստիարակության բազմազան միջոցների արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է կիրառել համակողմանի մոտեցում, կանոնավոր համագործակցել ծնողների հետ:
76. «Ֆիզկուլտուրա» ծրագրային բաղադրիչի (Հապավումը` Ֆ) խնդիրներն են`
1) առողջության ամրապնդում ու պահպանում, օրգանիզմի կոփում և դիմադրողականության բարձրացում, հենաշարժողական ապարատի ամրապնդում, ճիշտ կեցվածքի ձևավորում և հարթաթաթության կանխարգելում, ֆիզիկական ներդաշնակ զարգացումը, օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի բարելավում,
2) կենսականորեն անհրաժեշտ շարժողական կարողությունների և հմտությունների (քայլք, ցատկ, սողանցում, մագլցում, նետում, քայլք` դահուկներով, հեծանիվ վարել, լող) ձևավորում, ինչպես նաև դրանց տեխնիկայի ճիշտ կատարում,
3) շարժողական ընդունակությունների (արագաշարժության, դիմացկունության, մկանային ուժի, ճարպկության, հավասարակշռության, կոորդինացիայի) մշակում,
4) շարժախաղերի և մարզախաղերի տարրերի ուսուցում, խաղային գործողությունների ձևավորում, զարգացում,
5) շնչառական և մանր մոտորիկայի զարգացման վարժությունների ուսուցում,
6) տեսական գիտելիքների հաղորդում ֆիզիկական վարժությունների օգտակարության, ֆիզկուլտուրայի պատմության, օլիմպիական խաղերի, առողջ ապրելակերպի վերաբերյալ,
7) անձի բարոյակամային դրական գծերի` ինքնուրույնության, ակտիվության, ընկերասիրության, համագործակցության դաստիարակում:
77. Սաների ֆիզիկական դաստիարակության խնդիրներն իրականացվում են ռեժիմի, սննդի, կուլտուր-հիգիենիկ ունակությունները ու հմտությունների, ինչպես նաև կոփման միջոցառումների փոխկապակցությամբ, որոնց հիմքում ընկած են տարբեր ձևերով կազմակերպվող ֆիզկուլտուրայի ամենօրյա միջոցառումները, սանի ազատ, ինքնուրույն շարժողական գործողությունը:
78. Ծրագրում տրված են նաև շարժողական ընդունակությունների մշակման, մարմնի ճիշտ կեցվածքի ձևավորման, հարթաթաթության կանխման և շնչառությունը կարգավորող վարժություններ, որոնք պետք է իրականացվեն հաստատության ուսումնադաստիարակչական ամբողջ աշխատանքի ընթացքում:
79. Օրվա ընթացքում շարժողական ռեժիմը ապահովվում է մարմնամարզական վարժությունների և երաժշտառիթմիկ պարապմունքների միջոցով, ըստ որի առաջադրվող նյութը բովանդակում է սպորտային վարժությունների պարզ ձևեր, նմանողական շարժումներ, ազգային պարային շարժումների տարրեր և այլն:
80. Շարժողական ընդունակությունների մշակման և շարժողական կարողությունների ու հմտությունների զարգացման համար վարժություններն ընտրվում են հաշվի առնելով`
1) սաների անհատական և տարիքային հնարավորությունները,
2) պարապմունքների և առօրյա աշխատանքների կազմակերպման համար նախադպրոցական ուսումնական հաստատությունում ստեղծված պայմանները:
81. Ամեն օր, մինչև նախաճաշ պետք է անցկացնել առավոտյան մարմնամարզություն, որի համալիրները պետք է կառուցվեն ծանոթ, պարզ, մատչելի, դինամիկ, ուշադրությունը կենտրոնացնող, համազարգացնող, նմանողական խաղային վարժություններից և պարային շարժումներից:
82. Ցերեկային քնից հետո սաներին արթնացնելու, օրգանիզմը թարմացնելու, ակտիվ գործունեության նախապատրաստելու նպատակով առաջարկվում է ամեն օր անցկացնել մարմնամարզական վարժություններ սաներին ծանոթ խաղ վարժություններից, պարային շարժումներից, որոնք զուգակցվում են օդալոգանքով (տևողությունը` 10-15 րոպե):
83. Սանն ազատ ընտրում է իր նախասիրություններին համապատասխանող գործունեություն, որտեղ զարգանում է նրա ստեղծագործական ակտիվությունը: Նա ինքնահաստատման հնարավորություն է ձեռք բերում: Դառնալով իրերի, գործողությունների, հարաբերությունների տեր, նա ինքնաճանաչողության որակ է ձեռք բերում, մշակվում են հասակակիցների հետ համագործակցելու ունակությունները:
84. Առաջարկվում է լայնորեն օգտագործել ծանոթ, ժողովրդական շարժախաղեր, մարզական տարրերով խաղեր ու սպորտային վարժություններ:
85. Սաների ֆունկցիոնալ հնարավորություններն ընդլայնելու, շարժողական կարողությունները զարգացնելու նպատակով անհրաժեշտ է կիրառել արշավներ, հեռավոր զբոսանքներ օգտվելով բնական արգելքներից:
86. Ֆիզիկական դաստիարակության աշխատանքներն ամփոփելու նպատակով ծրագրով առաջարկվում է անցկացնել ժամանցներ, մարմնամարզական հանդեսներ, մարզական-մասսայական, առողջության օր, տասնօրյակներ:
87. Ծրագրային նյութը բարդանում է տարիքային մի խմբից մյուսին անցնելիս: Ընդ որում, կարևորվում է նոր շարժումների տեխնիկայի յուրացումը և մանկական օրգանիզմի ֆիզիկական բեռնվածության աստիճանական բարձրացումը:
88. Ծրագիրը իրականացնելիս անհրաժեշտ է կարևորել հետևյալ հանգամանքները`
1) նպատակաուղղված մշակել շարժողական ընդունակությունները, որոնք էականորեն կնպաստեն հիմնական շարժողական գործողությունների արագ և տեխնիկապես ճիշտ տիրապետմանը,
2) հնարավորինս հաճախ ֆիզկուլտուրային պարապմունքներն անցկացնել բացօթյա,
3) անհրաժեշտ է սովորեցնել սաներին գիտակցաբար հսկել սեփական շարժողական գործողությունների կատարման ընթացքը,
4) արձակուրդի ընթացքում, տոներին անհրաժեշտ է պահպանել շարժողական ռեժիմը, մշտապես հանձնարարել տնային առաջադրանքներ, որում պետք է ընդգրկված լինեն շնչառական և ընդհանուր դիմացկունությունը մշակող վարժություններ,
5) Առանձնահատուկ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքների հաղորդմանը և դրանց գործնական կիրառմանը:
89. Նախադպրոցականները ֆիզիկական կուլտուրայի պարապմունքներին պետք է մասնակցեն սպորտային համազգեստով և մարզակոշիկներով, ձմռանը` տաք մարզահագուստով և տաք կոշիկներով:
90. Դահլիճում և մարզահրապարակում պետք է խստորեն պահպանել սանիտարահիգիենիկ պահանջները և անվտանգության կանոնները:
-------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում