Սեղմել Esc փակելու համար:
2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Երևան                   17 նոյեմբերի 2026 թվականի

 

2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Վլադիմիր Վարդանյանի (նախագահող), Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` Կառավարության (այսուհետ նաև` Դիմող)

ներկայացուցիչ` Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

Կառավարության` 2026 թվականի սեպտեմբերի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա` դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունը 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 1327-Ա որոշմամբ հավանություն է տվել 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 6-ի ՍԴԱՈ-215 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2026 թվականի նոյեմբերի 17-ին, գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանին, իսկ գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ նաև` Համաձայնագիր) ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում` ստորագրող կողմերի (այսուհետ` Կողմեր) պաշտպանական ունակությունը` առկա ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործելու միջոցով, ամրապնդելու նպատակով:

 

2. Հայաստանի և Լեհաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության իրավական հիմքն է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որը նույնպես ստորագրվել է Վարշավայում` 2004 թվականի սեպտեմբերի 6-ին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2004 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-547 որոշմամբ նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից այն վավերացվել է 2005 թվականի մարտի 21-ի Ն-182-3 որոշմամբ:

 

3. Նախաբանից և 8 հոդվածներից բաղկացած քննության առարկա Համաձայնագրում սահմանված են վերջինիս խնդիրը և նպատակը, համագործակցության ոլորտները և միջոցները, գաղտնի տեղեկությունների պաշտպանության, երրորդ երկրներին վաճառքի կարգի մասին, ինչպես նաև ստեղծվելիք հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դրույթներ, Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի կարգավորման, դրա ուժի մեջ մտնելու և դադարելու կարգերը:

 

4. Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` Համաձայնագրի շրջանակներում փոխանակվող գաղտնի տեղեկությունների պաշտպանությունը կիրականացվի հետագայում Կողմերի միջև ստորագրվելիք առանձին համաձայնագրի դրույթների համաձայն, իսկ մինչև գաղտնի տեղեկությունների պաշտպանության մասին առանձին համաձայնագրի ուժի մեջ մտնելը Համաձայնագրի Կողմերը գործելու են «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Լեհաստանի Հանրապետության Կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» 2004 թվականի սեպտեմբերի 6-ին Վարշավայում ստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն:

 

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

5.1. Լեհաստանի Հանրապետության հետ ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունն իրականացնել Համաձայնագրի դրույթներին, Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությանը և միջազգային իրավունքի հաստատված սկզբունքներին ու նորմերին համապատասխան (հոդված 1, կետ 1),

5.2. Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված համագործակցությունն իրականացնել ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրման և փորձարկման վերաբերյալ փորձի և տեղեկությունների փոխանակման միջոցով, գիտական հետազոտությունների և մշակումների իրականացման, ինչպես նաև շահագործման նախապատրաստման աշխատանքների միջոցով այնքանով, որքանով դրանք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի մշակումն ու արդիականացումը և դրանց փորձարկումը Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության զորավարժարաններում (հոդված 3, կետեր 1 և 2),

5.3. Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված համագործակցությունն իրականացնել Կողմերի կարիքներին և հնարավորություններին համապատասխան` տեխնիկական անձնակազմի վերապատրաստման միջոցով և երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության արտադրանքի կատարելագործման, վերանորոգման ու շահագործման հետ կապված ծառայությունների մատուցման միջոցով (հոդված 3, կետեր 3 և 4),

5.4. Լեհաստանի Հանրապետության հետ համագործակցությունն ապահովելու նպատակով կազմավորել համատեղ հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով, որը կազմված է Կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից. ընդ որում` Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Լեհաստանի Հանրապետությունում` հյուրընկալող Կողմի հովանու ներքո (հոդված 6, կետեր 1 և 3):

 

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2026 թվականի փետրվարի 26-ին Վարշավայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    Նախագահող                              Վ. Վարդանյան

 

17 նոյեմբերի 2026 թվականի

ՍԴՈ-1851

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 18 նոյեմբերի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.11.2026
N ՍԴՈ-1851
Որոշում