Սեղմել Esc փակելու համար:
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

26.07.2021 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին

 

i

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքի նպատակն է ապահովել կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում, ստեղծել բավարար իրավական երաշխիքներ և աջակցել ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, ցուցադրմանն ու առաջխաղացմանը, կինոժառանգության և կինոտարեգրության պահպանմանն ու հասանելիության ապահովմանը:

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը սահմանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության նպատակներն ու ձևերը, պետական և այլ մարմինների լիազորությունները, կարգավորում է կինեմատոգրաֆիական գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները:

 

Հոդված 2. Կինեմատոգրաֆիայի մասին օրենսդրությունը

 

1. Կինեմատոգրաֆիայի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (այսուհետ` միջազգային պայմանագրեր), սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով (այսուհետ` օրենք) և սույն օրենքին համապատասխան ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով:

2. Եթե միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ազգային ֆիլմ` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պայմանները բավարարող ֆիլմ.

2) աջակցող` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն անհատույց դրամական միջոցներ է հատկացնում ֆիլմերի ստեղծման, տարածման և պահպանման նպատակով` առանց այդ գործընթացներին միջամտելու և գույքային իրավունքներ ձեռք բերելու.

3) դասակարգում` ֆիլմի տարբերակում` ըստ դիտողների տարիքային սահմանափակման չափորոշիչների.

4) դրամագլուխ` անձեռնմխելի կապիտալ, որը ձևավորվում կամ համալրվում է պետական բյուջեից և աջակցողների կողմից կատարվող հատկացումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին.

5) ենթագրում` ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի կամ մեկնաբանություն պարունակող տեքստի արտածում կադրում.

6) լիամետրաժ ֆիլմ` 52 րոպե և ավելի տևողություն ունեցող ֆիլմ.

7) կարճամետրաժ ֆիլմ` մինչև 52 րոպե տևողություն ունեցող ֆիլմ.

8) կինեմատոգրաֆիա` մշակույթի և արվեստի ոլորտ, որը ներառում է ֆիլմի ստեղծման, տարածման, ցուցադրման հետ կապված մասնագիտական, ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական և կրթական գործունեության ամբողջությունը.

9) կինոթատրոն` համապատասխան տեխնիկական միջոցներով էկրանի վրա 50 և ավելի դիտողների համար ֆիլմի ցուցադրման մեկ կամ ավելի սրահ ունեցող վայր.

10) կինոժառանգություն` ժառանգված, պահպանված, հաջորդ սերունդներին փոխանցվող և հանրային սեփականություն հանդիսացող ֆիլմի հիմնանյութը, ֆիլմի բնօրինակը կամ դրա պատճենը, ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ պարագաները (բեմադրական իր, կահույք, հագուստ, սարք, սարքավորում, առարկա, կառույց), շարժական և անշարժ գույքը.

11) կինոռեեստր` ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառումը կազմակերպելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց.

12) կինոտարեգրություն` փաստավավերագրական նյութ, որում ժամանակագրական կարգով արտացոլված է իրողությունների կամ փաստերի հաջորդական պատկերը` այն հետագայում օգտագործելու նպատակով.

13) կինոփառատոն` մեկ և ավելի անվանակարգերում ընտրված ֆիլմերի ցուցադրման նպատակով մրցութային կամ ոչ մրցութային ծրագրով և հաստատված կանոնակարգով անցկացվող միջոցառում.

14) կրկնօրինակում` ֆիլմում գործող անձանց արտահայտած խոսքի վանկավոր արտասանության համաժամանակյա թարգմանության հնչյունագրում.

15) համատեղ արտադրություն` սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանները բավարարող ֆիլմարտադրություն.

16) հավաստագիր` ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով ձեռք բերելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.

17) ձայնային ներկայացում` տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ֆիլմի դրվագների հակիրճ բանավոր նկարագրություն.

18) մատակարար` ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայություններ մատուցող` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսավարող սուբյեկտ.

19) նվազագույն շահավետ գին` տնտեսապես հիմնավորված նվազագույն գին, որով պետության գնային կարգավորման բացակայության դեպքում մատակարարի կողմից կմատուցվեր ծառայությունը.

20) շահառու` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած տնտեսավարող սուբյեկտ, որին, սույն օրենքի համաձայն, հատկացվում է ֆինանսավորում.

21) ստեղծագործական խումբ` ֆիլմի ստեղծմանը մասնակցող աշխատախումբ, այդ թվում` սցենարի հեղինակ, բեմադրող կամ գլխավոր ռեժիսոր, բեմադրող կամ գլխավոր օպերատոր, բեմադրող կամ գլխավոր նկարիչ, երաժշտության հեղինակ, հնչյունային ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր, մոնտաժող, անիմատոր, զգեստների նկարիչ, նկարիչ, դիմահարդար, առաջին, երկրորդ և երրորդ դերի դերասաններ.

22) վարձութային վկայական` ֆիլմի բնօրինակը, դրա պատճենը կամ օրինակները շրջանառության մեջ դնելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.

23) տնտեսավարող սուբյեկտ` կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձ.

24) ֆիլմ` ստեղծագործական խմբի համատեղ գործունեությամբ ստեղծագործական մտահղացման հիմքի վրա ստեղծված, կինոժապավենի կամ այլ տեսակի կրիչների վրա ամրագրված և համապատասխան տեխնիկական միջոցներով հանրությանը ներկայացնելու համար նախատեսված տեսալսողական ստեղծագործություն.

25) ֆիլմ հանձնակատար` Հայաստանի Հանրապետության` որպես ֆիլմարտադրության համար բարենպաստ երկրի, գրավչությունը խթանելու և տարածելու, ինչպես նաև ֆիլմարտադրության տարբեր փուլերում ֆիլմարտադրողներին աջակցություն ցուցաբերելու գործառույթներ իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.

26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)` ֆիլմի տարածումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտ.

27) ֆիլմ ցուցադրող` ֆիլմի ցուցադրումը կազմակերպող տնտեսավարող սուբյեկտ.

28) ֆիլմարտադրող` ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտ, որը նախաձեռնում է ֆիլմարտադրությունը և պատասխանատվություն կրում դրա համար.

29) ֆիլմարտադրություն` ստեղծագործական խմբի ներգրավմամբ, տեխնիկական և այլ միջոցների օգտագործմամբ ֆիլմ ստեղծելու նպատակով ֆիլմարտադրողի կողմից իրականացվող գործունեություն.

30) ֆիլմի բնօրինակ` որակական չափանիշներով ֆիլմի հիմնանյութի ձևաչափին համապատասխանող ֆիլմի վերջնական հաստատված տարբերակի առաջին օրինակը.

31) ֆիլմի հիմնանյութ` նեգատիվ, հակատիպ, տեսահնչյունագրի, երաժշտության, ձայնային համադրման ու մագնիսային հնչյունագրերի բնօրինակը, վերստուգիչ պատճենը և նյութական կրիչի վրա պահվող ու ֆիլմի պահպանման և վերարտադրման համար անհրաժեշտ այլ նյութեր.

32) ֆիլմի նախագիծ` ֆիլմի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի ամբողջություն, որի հիման վրա ընդունվում է ֆիլմարտադրության կամ դրա ֆինանսավորման մասին որոշում.

33) ֆիլմի պահպանություն` ֆիլմի հիմնանյութերի, ֆիլմի բնօրինակի կամ դրա պատճենի և ֆիլմի նախագծի երկարաժամկետ պահպանմանը, պահպանվածության ապահովմանն ու վերականգնմանն ուղղված գործունեություն.

34) ֆիլմի տարածում (դիստրիբյուցիա)` ֆիլմը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելու գործընթաց.

35) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, հեռարձակում հաղորդալարով (ներառյալ մալուխային կապը) կամ առանց հաղորդալարի (ներառյալ հեռուստատեսային կամ արբանյակային կապը):

 

Հոդված 4. Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Կինեմատոգրաֆիայի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) ստեղծագործողների ազատության երաշխավորումը.

2) պետական աջակցության պարտադիր լինելն ու անընդհատությունը.

3) պետական աջակցության թափանցիկությունը.

4) իրավական դաշտի կատարելագործումը և շահերի բախման կառավարելիությունը.

5) բարենպաստ հարկային քաղաքականության ապահովումը.

6) կինոարվեստի պահպանումը, տարածումն ու զարգացումը.

7) ազգային ֆիլմերի ստեղծման և հանրահռչակման առաջնահերթությունը.

8) կինոտարեգրության ստեղծման և ֆինանսավորման պարտադիր լինելը.

9) հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պաշտպանությունը:

 

Հոդված 5. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն ու ձևերը

 

1. Կինեմատոգրաֆիայի պետական աջակցության նպատակներն են`

1) կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը.

2) ազգային ֆիլմերի ստեղծումը, տարածումն ու պահպանումը.

3) կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը.

4) համատեղ արտադրության խթանումը.

5) կինոժառանգության և կինոտարեգրության պահպանումը.

6) օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

2. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցության ձևերն են`

1) ներդրումների իրականացումը և երաշխիքների տրամադրումը.

2) աջակցող ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.

3) արտադրական և տեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովումը.

4) կինոարվեստին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծումը.

5) ֆինանսավորման բարենպաստ պայմանների ապահովումը.

6) ֆիլմերի ստեղծման, տարածման և պահպանման ֆինանսավորումը.

7) կինոփառատոների և կինոարվեստի այլ միջոցառումների ֆինանսավորումը.

8) կինոարվեստի միջոցառումներին մասնակցության ապահովումը.

9) օրենքով չարգելված այլ աջակցություն:

 

Հոդված 6. Կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական միջամտության բացառումը

 

1. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կինեմատոգրաֆիայի ոլորտում պետության` ստեղծագործական գործընթացին միջամտելու բացառումը և երաշխավորում է ազատ ստեղծագործելու ու ինքնաարտահայտվելու հնարավորությունը:

2. Կինեմատոգրաֆիայի ոլորտում գրաքննությունը (այդ թվում` պետական աջակցության մեխանիզմների գործադրման միջոցով) արգելվում է:

 

ԳԼՈՒԽ 2
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7.

Կառավարության լիազորությունները

 

1. Կառավարությունը`

1) հաստատում է պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտին ֆինանսավորում (այսուհետ` պետական ֆինանսավորում) տրամադրելու կարգը.

2) հաստատում է ֆիլմի առանձին կատեգորիաների պետական ֆինանսավորման մասնաբաժինները և սահմանաչափերը.

3) հաստատում է հավաստագիր տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը.

4) հաստատում է համատեղ արտադրության կարգավիճակ տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը.

5) հաստատում է վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու կարգը.

6) հաստատում է ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը.

7) հաստատում է դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը.

8) հաստատում է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը.

9) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 8. Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները

 

1. Մշակույթի ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին)`

1) մշակում և իրականացնում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը.

2) մշակում է կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերն ու հայեցակարգերը.

3) ապահովում է պայմաններ կինեմատոգրաֆիայի ոլորտի միջազգային համագործակցության զարգացման համար.

4) ապահովում է պայմաններ կինեմատոգրաֆիայի ոլորտի կրթական համակարգի զարգացման համար.

5) ապահովում է պայմաններ կինոարվեստի ստեղծագործության բոլոր տեսակների զարգացման համար.

6) ապահովում է պայմաններ ստեղծագործական ներուժի վերարտադրման, իրացման և երիտասարդ ստեղծագործողների լիարժեք ինքնադրսևորման համար.

7) ապահովում է պայմաններ կինոժառանգության և կինոտարեգրության պահպանման համար.

8) ուսումնասիրում է հավաստագիր տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և տրամադրում հավաստագիր.

9) հաստատում է ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունների ցանկն ու նվազագույն շահավետ գների հաշվարկման նորմատիվները.

10) հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը.

11) հաստատում է կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի (այսուհետ` ազգային մարմին) հոգաբարձուների խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամների և ազգային մարմնի գործադիր տնօրենի (այսուհետ` տնօրեն) ընտրության կարգն ու գնահատման չափանիշները.

12) հաստատում է կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների (այսուհետ` մասնագետ) գնահատման չափանիշները.

13) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

 

Հոդված 9. Ազգային մարմնի լիազորությունները

 

1. Ազգային մարմինը`

1) ապահովում է շահերի բախման կառավարելիությունը.

2) ապահովում է կինոռեեստրի ստեղծումը և դրա հետագա վարումը.

3) ապահովում է անձեռնմխելի կապիտալի արդյունավետ կառավարումը.

4) ապահովում է պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը.

5) ապահովում է պետական բյուջեից և դրամագլխից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերահսկումը.

6) աջակցում է ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը.

7) աջակցում է համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը.

8) աջակցում է կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը.

9) աջակցում է կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը.

10) ուսումնասիրում է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև այդ ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները և դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություն.

11) ուսումնասիրում է համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է համատեղ արտադրության կարգավիճակ և դադարեցնում կարգավիճակը.

12) ուսումնասիրում է վարձութային վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերը, տրամադրում է վարձութային վկայական և դադարեցնում դրա գործողությունը.

13) իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ 3
ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ՏՆՕՐԵՆԸ

 

Հոդված 10. Ազգային մարմինը

 

1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի բացառիկ լիազորություններ պետական ֆինանսավորման նպատակով մրցույթներ (այսուհետ` մրցույթ) կազմակերպելու և անցկացնելու գործում:

2. Ազգային մարմինը հանդիսանում է աջակցող և չի կարող ձեռք բերել գույքային իրավունքներ իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ, ինչպես նաև չի կարող իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա:

 

Հոդված 11. Ազգային մարմնի խորհուրդը

 

1. Ազգային մարմնի կառավարման բարձրագույն մարմինը յոթ անդամից բաղկացած խորհուրդն է, որում ընդգրկվում են`

1) լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

2) հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

3) տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը` ի պաշտոնե.

4) չորս մասնագետ (այդ թվում` օտարերկրյա)` մրցութային կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` երեք տարի ժամկետով խորհրդի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից այն թեկնածուն, որն ունի կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) ստացել է կինոփառատոնի մրցանակ.

2) համատեղ արտադրության որևէ ծրագրի մրցանակակիր է.

3) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ:

 

Հոդված 12. Ազգային մարմնի տնօրենը

 

1. Ազգային մարմնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է մրցութային կարգով ընտրված տնօրենը:

2. Տնօրենի ընտրության մրցույթին կարող են մասնակցել արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս քաղաքացիները:

3. Երեք տարի ժամկետով տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած տնօրենի պաշտոնի երեք հավակնորդներից այն թեկնածուն, որի` կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է խորհրդի հավանությանը:

4. Տնօրենը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական ու ստեղծագործական աշխատանքից, և նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում:

 

ԳԼՈՒԽ 4
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԸ, ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ, ՖԻԼՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 13. Ազգային ֆիլմը

 

1. Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոնում ցուցադրելու համար նախատեսված այն ֆիլմը, որը բավարարում է հետևյալ պայմանները.

1) ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

2) ֆիլմի սցենարի հեղինակը և (կամ) բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.

3) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը:

2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը:

 

Հոդված 14. Կինոռեեստրը, ֆիլմի պահպանությունը և ֆիլմի նկատմամբ գույքային իրավունքները

 

1. Ազգային ֆիլմերի, դրանց ստեղծագործական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները ազգային մարմինը հավաքում և գրանցում է կինոռեեստրում` Կառավարության սահմանած կարգով:

2. Ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում` ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության` Կառավարության սահմանած կարգով:

3. Ֆիլմի ստեղծման մասին ֆիլմարտադրողի հետ կնքված պայմանագրով ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներն անցնում են ֆիլմարտադրողին` վերջինիս կողմից ֆիլմի ստեղծման մասին պայմանագրի հիման վրա ստեղծագործական խմբի անդամներին վճարված հեղինակային վարձատրության (ռոյալթիի) դիմաց:

 

ԳԼՈՒԽ 5
ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՖԻԼՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ

 

Հոդված 15. Ֆիլմարտադրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության հանրային տարածքներում ֆիլմարտադրությունն իրականացվում է հասարակական կարգի պահպանման, անվտանգության, անխափան երթևեկության և ազատ տեղաշարժի ապահովման, այլոց առողջության և իրավունքների պաշտպանության, ընդհանուր պատասխանատվության և դժբախտ պատահարներից ապահովագրության, պետական կամ հանրային գույքի օգտագործման և բնության պահպանության հետ կապված օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Ֆիլմարտադրողը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառնությունների, ինչպես նաև ֆիլմարտադրության բնականոն ընթացքն ապահովող այլ (օժանդակ) գործառնությունների կատարումն ամբողջությամբ կամ մասամբ կարող է պատվիրակել ֆիլմ հանձնակատարին:

 

Հոդված 16. Ֆիլմի տարածումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածումն իրականացվում է վարձութային վկայականի հիման վրա:

2. Վարձութային վկայական տրամադրվում է, եթե ֆիլմը բավարարում է հետևյալ պայմանները.

1) կատարված է ֆիլմի դասակարգումը և տարիքային սահմանափակման մասին համապատասխան նշումը` Կառավարության սահմանած կարգով.

2) կատարված է օտարալեզու ֆիլմի հայերեն կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը, բացառությամբ ֆիլմում հնչող երաժշտական ստեղծագործությունների և այն դրվագների, որոնք էական չեն կամ ըստ ստեղծագործական մտահղացման` պետք է լինեն օտարալեզու:

ԻՐՏԵԿ 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից` 30.06.21 ՀՕ-302-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք:    

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջը չի տարածվում`

1) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական ու այլ նմանատիպ ծրագրերի և օտար լեզուների իմացության բարելավման կամ ուսուցման համար նախատեսված ֆիլմերի վրա.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների և կինոփառատոների ու կինոարվեստի այլ միջոցառումների շրջանակում ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի վրա.

3) արբանյակային կամ մալուխային կապի միջոցով հեռարձակվող ֆիլմերի վրա:

 

Հոդված 17. Ֆիլմի ցուցադրումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային ֆիլմերի ցուցադրումը մեկ հեռարձակողի կամ մեկ կինոթատրոնի կողմից չի կարող պակաս լինել ամսական ֆիլմերի ցուցադրման ընդհանուր քանակի 15 տոկոսից:

2. Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների 10 տոկոսը ֆիլմ ցուցադրողները հատկացնում են դրամագլխին` Կառավարության սահմանած կարգով:

3. Ֆիլմ ցուցադրողները ազգային մարմին ներկայացնում են ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկություններ` Կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ, ՎԱՐՁՈՒԹԱՅԻՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

Հոդված 18. Հավաստագրի տրամադրումը և դրա գործողության դադարեցումը

 

1. Հավաստագիր ստանալու համար մինչև ֆիլմարտադրություն իրականացնելը ֆիլմարտադրողը լիազորված պետական մարմին է ներկայացնում`

1) հավաստագիր ստանալու հայտը.

2) ֆիլմարտադրության ժամանակացույցը և ֆինանսավորման պլանը.

3) ֆիլմի նախահաշիվը և ֆինանսավորումը հավաստող փաստաթղթերը:

2. Հավաստագրի տրամադրման հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում.

4) ֆիլմարտադրողը նախկինում խախտել է օրենքով սահմանված պահանջները:

3. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել են սույն օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները.

3) ներկայացվել է հավաստագրի գործողությունը դադարեցնելու դիմում:

4. Հավաստագիրը տրամադրում և դրա գործողությունը դադարեցնում է լիազորված պետական մարմինը` Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 19. Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրումը և դրա դադարեցումը

 

1. Համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու համար մինչև ֆիլմի նկարահանումն իրականացնելը ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում`

1) համատեղ արտադրության նախնական կարգավիճակ ստանալու հայտը.

2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.

3) ֆիլմի համառոտ նկարագիրը, ֆիլմարտադրության նախնական ժամանակացույցը.

4) ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ներդրումների նախնական ցուցակը.

5) ֆիլմի նախահաշիվը.

6) ֆինանսավորման նախնական պլանը.

7) համատեղ արտադրության պայմանագիրը կամ համագործակցության հուշագիրը:

2. Համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու համար ֆիլմի նկարահանման ավարտից հետո ֆիլմարտադրողն ազգային մարմին է ներկայացնում`

1) համատեղ արտադրության վերջնական կարգավիճակ ստանալու հայտը.

2) հեղինակային իրավունքի պայմանագրերի ամբողջական փաթեթը.

3) ֆիլմի վերջնական սցենարը.

4) ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական ներդրումների վերջնական ցուցակը.

5) ֆիլմի ծախսերի հաշվետվությունը.

6) ֆինանսավորման վերջնական պլանը.

7) համատեղ արտադրության պայմանագիրը:

3. Համատեղ արտադրության կարգավիճակի տրամադրման հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում:

4. Համատեղ արտադրության կարգավիճակը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել են սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

5. Համատեղ արտադրության կարգավիճակը տրամադրում և այն դադարեցնում է ազգային մարմինը` Կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 20. Վարձութային վկայականի տրամադրումը և դրա գործողության դադարեցումը

 

1. Վարձութային վկայական ստանալու համար մինչև ֆիլմի տարածումն իրականացնելը ֆիլմ տարածողը ազգային մարմին է ներկայացնում`

1) վարձութային վկայական ստանալու հայտը.

2) հեղինակային իրավունքի վերաբերյալ հայտարարությունը.

3) ֆիլմի դասակարգման և ձայնային ներկայացման վերաբերյալ հայտարարությունը.

4) ֆիլմի կրկնօրինակման և (կամ) ենթագրման վերաբերյալ հայտարարությունը:

2. Վարձութային վկայականի տրամադրման հայտը մերժվում է, եթե`

1) ներկայացված տեղեկատվությունը արժանահավատ չէ.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին.

3) ներկայացված փաստաթղթերը թերի են, և տեղեկացնելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, թերությունները չեն վերացվում:

3. Վարձութային վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`

1) ներկայացվել են ոչ հավաստի տեղեկատվություն կամ կեղծ փաստաթղթեր.

2) խախտվել են սույն օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները:

4. Վարձութային վկայականը տրամադրում և դրա գործողությունը դադարեցնում է ազգային մարմինը` Կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 7
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԴՐԱՄԱԳԼԽԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 21. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական աջակցությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով 100 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի ներդրում կատարելու դեպքում ֆիլմարտադրողը կարող է ստանալ հավաստագիր և դրա հիման վրա մատակարարներից ձեռք բերել ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծառայությունները դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` մատակարարի չստացած (պակաս ստացած) եկամուտը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով:

3. Ֆիլմարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք իրավունք ունեն ֆիլմի նախագծով հաստատված ժամանակահատվածում առանց մուտքի վիզայի գտնվելու Հայաստանի Հանրապետության տարածքում և առանց աշխատանքի թույլտվության մասնակցելու ֆիլմարտադրության աշխատանքներին` Կառավարության սահմանած կարգով:

4. Ֆիլմարտադրության և կինոարվեստի միջոցառումների շրջանակներում ապրանքների ժամանակավոր ներմուծումն ու արտահանումն իրականացվում են մաքսային գործընթացների պարզեցված և արագացված ընթացակարգով` առանց մաքսային վճարների վճարման:

5. Պետական ֆինանսավորման շրջանակներում շահառուների անհատույց ստացված դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ դրանք կամ դրանցով ձեռք բերված կամ ստեղծված ակտիվները ճանաչվում են որպես ծախս:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ֆիլմ ցուցադրողների հարկման բազայի որոշման նպատակով եկամուտ չեն համարվում ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացվող եկամուտները:

 

Հոդված 22. Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը

 

1. Պետական բյուջեի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է լիազորված պետական մարմնի հաստատած ծրագրով` ֆիլմերի ստեղծման, տարածման, կինոժառանգության պահպանման և այլ միջոցառումների համար տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված առանձին հատկացումների տարեկան գումարների սահմաններում:

2. Պետական ֆինանսավորումը չի հանդիսանում պետական պատվեր:

3. Պետական ֆինանսավորումն իրականացվում է ըստ ֆիլմի տարբեր կատեգորիաների համար Կառավարության հաստատած սահմանաչափերի և մասնաբաժնի, որոնք սահմանվում են առանձին`

1) խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմ անվանակարգերի համար.

2) լիամետրաժ ֆիլմ և կարճամետրաժ ֆիլմ տեսակների համար.

3) ֆիլմի զարգացման, արտադրության և հետարտադրության փուլերի համար.

4) ազգային ֆիլմ և այլ համատեղ արտադրության ֆիլմ կարգավիճակների համար.

5) դեբյուտային ֆիլմ, մանկապատանեկան ֆիլմ և այլ քվոտաների համար:

4. Կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված միջոցները տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա պետական բյուջեով կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորման նպատակով միջոցներ չնախատեսելու կամ պակաս նախատեսելու համար:

5. Կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված և տվյալ տարում չօգտագործված միջոցները հատկացվում են դրամագլխին:

 

Հոդված 23. Դրամագլխի հաշվին ֆինանսավորումը

 

1. Դրամագլխի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն իրականացվում է խորհրդի հաստատած տարեկան ծրագրով` դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների տարեկան գումարների սահմաններում:

2. Դրամագլխի կառավարումից ստացված եկամուտները շահառուներին տրամադրվում են ազգային ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով, բացառությամբ այդ եկամուտների 10 տոկոսը չգերազանցող գումարների, որոնք կարող են օգտագործվել ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

3. Դրամագլխի կառավարմամբ ստացված եկամուտների բաշխման կարգն ու ձևը, ֆինանսավորման ուղղությունները, սահմանաչափերն ու մասնաբաժինները, ինչպես նաև դրանց հաշվին ազգային մարմնի վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման չափը հաստատում է խորհուրդը:

4. Դրամագլուխը կառավարելու նպատակով ազգային մարմինը բացում է հաշիվ կենտրոնական գանձապետարանում և վարում է առանձնացված հաշվառում` դրանց մասին տեղեկություններն արտացոլելով խորհրդին ներկայացվող հաշվետվություններում:

 

Հոդված 24. Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները

 

1. Կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

2. Մրցույթներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ` ազգային մարմնի սահմանած ժամանակացույցի համաձայն:

3. Լիազորված պետական մարմնի հաստատած կանոնակարգի համաձայն` ձևավորվում են ֆիլմի` երկու կամ ավելի կատեգորիաներում անցկացվող առանձին մրցույթների առնվազն հինգ անդամից բաղկացած հանձնախմբեր:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ձևավորվող հանձնախմբի անդամ կարող է ընտրվել լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած մասնագետներից (այդ թվում` օտարերկրյա) այն թեկնածուն, որն ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ և արվեստի բնագավառում բարձրագույն կրթություն կամ ստացել է կինոփառատոնի մրցանակ և բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

1) ունի կինոփառատոնի ժյուրիի անդամի աշխատանքի փորձ.

2) ունի համատեղ արտադրություն իրականացնելու փորձ.

3) համատեղ արտադրության որևէ ծրագրի` պաշտոնական ընտրությունն անցած մասնակից է:

5. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողները, որոնց ներկայացրած հայտերը պետք է առնվազն բավարարեն հետևյալ պայմանները.

1) առկա է սցենարի հիմքի վրա ֆիլմ ստեղծելու իրավունք.

2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրող.

3) ստեղծագործական խմբում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

6. Մրցույթին ներկայացված հայտերը գնահատվում են հետևյալ չափանիշներով.

1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը.

2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.

3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.

4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.

5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը:

 

ԳԼՈՒԽ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 25. Միջազգային համագործակցությունը

 

1. Կինեմատոգրաֆիայի միջազգային համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի և սույն օրենքի համաձայն, որը նախատեսում է`

1) համատեղ արտադրության իրականացում.

2) օտարերկրյա պետություններում կազմակերպվող կինոփառատոներին և կինոարվեստի այլ միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցության ապահովում.

3) օտարերկրյա պետություններում ազգային ֆիլմի օրերի, շաբաթների և կինոարվեստի այլ միջոցառումների կազմակերպում.

4) Հայաստանի Հանրապետությունում անցկացվող կինոփառատոների և կինոարվեստի այլ միջոցառումներին օտարերկրյա ֆիլմարտադրողների և միջազգային կազմակերպությունների մասնակցության ապահովում.

5) միջազգային համագործակցության այլ ձևեր:

 

Հոդված 26. Համատեղ արտադրությունը

 

1. Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը բավարարում է հետևյալ պայմանները.

1) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ առավելագույն մասնակցություն ունեցող ֆիլմարտադրողի, որը բավարարում է իր երկրում համատեղ արտադրության ֆիլմը որպես ազգային ֆիլմ ճանաչելու պայմանները.

2) ներառում է ֆիլմարտադրության ստեղծագործական և տեխնիկական փաստացի ներդրումների մեջ նվազագույն մասնակցություն ունեցող մեկ կամ մի քանի ֆիլմարտադրողի.

3) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:

2. Համատեղ արտադրության ֆիլմերն օգտվում են ազգային ֆիլմին սույն օրենքի համաձայն վերապահվող առավելություններից:

 

ԳԼՈՒԽ 9
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 27. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 10
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 28. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժով ազգային ֆիլմեր են համարվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված և սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները բավարարող ֆիլմերը:

3. Սույն օրենքի 10-23-րդ հոդվածների դրույթները գործելու են դրանք կանոնակարգող Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:

4. Մինչև սույն օրենքով սահմանված դրույթները կանոնակարգող Կառավարության որոշումների ու այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունումը կինեմատոգրաֆիական գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

5. Սույն օրենքով նախատեսված` Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերը պետք է ընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` մեկ տարվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. հուլիսի 15
Երևան
ՀՕ-302-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 30.06.2021
N ՀՕ-302-Ն օրենք