12.06.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մայիսի 14-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 47.16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 47.16. |
Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը |
1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը`
առաջացնում է տուգանքի նշանակում արտադրողի և ներմուծողի նկատմամբ` տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
3. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների` Հայաստանի Հանրապետության տարածքում իրացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից իննհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
5. Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացված լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված տուգանքների չափերը կազմում են իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան գործունեության իրականացման ժամանակահատվածի հասույթի նկատմամբ նույն մասերով նախատեսված տոկոսները:
6. Ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի և խեժի` տեխնիկական կանոնակարգերով թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` վեց ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
8. Հայաստանի Հանրապետությունում ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
9. Սույն հոդվածի 8-րդ մասի խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` վեց ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 47.17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվտանգության տեխնիկական կանոնակարգերով» բառերը փոխարինել «տեխնիկական կանոնակարգերով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո արտադրված կամ ներմուծված ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 30 Երևան ՀՕ-112-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հունիսի 2025 թվական: