Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

02.11.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.

 

«Հոդված 10.1. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը

 

1. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը գործում է սահմանային վերահսկողության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում արտացոլվում է տվյալների հետևյալ համախումբը.

1) անձանց, տրանսպորտային միջոցների (այդ թվում` օդանավերի, երկաթուղային տրանսպորտի)` պետական սահմանը հատելու վերաբերյալ տվյալներ,

2) Հայաստանի Հանրապետություն անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը թույլատրող փաստաթղթերի, ինչպես նաև անձանց` Հայաստանի Հանրապետությունում օրինական գտնվելու հանգամանքը հիմնավորող տվյալներ,

3) անձանց, տրանսպորտային միջոցների, ինչպես նաև այլ շարժական գույքի` Հայաստանի Հանրապետությունից ելքի սահմանափակման վերաբերյալ տվյալներ,

4) «Օտարերկրացիների մասին» օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառված անձանց տվյալներ,

5) միջազգային պայմանագրերով նախատեսված տվյալներ,

6) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի օգտահաշիվների և դրանցով իրականացվող գործողությունների պատմությանը վերաբերող տվյալներ:

3. Սահմանային վերահսկողության ընթացքում անձի նույնականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում կարող են մշակվել նաև սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված անձանց վերաբերյալ կենսաչափական տվյալներ:

4. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարումը, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմիններին ու կազմակերպություններին հասանելիության տրամադրման ապահովումը, ինչպես նաև համակարգի սպասարկման և արդիականացման աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինը:

5. Պետական մարմինները (կազմակերպությունները) կարող են Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունենալ և համակարգում տվյալներ մուտքագրել օրենքով իրենց վերապահված լիազորությունների (գործառույթների) շրջանակում և այդ լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծավալով:

6. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը կարող է օգտագործվել նաև պետական սահմանի պահպանության ոլորտում լիազորված մարմինների կողմից օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման, ահաբեկչության, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության, թրաֆիքինգի, ապօրինի միգրացիայի, անդրսահմանային այլ հանցավորության կանխարգելման, բացահայտման, պետական սահմանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, հանցախմբերի ու առանձին անձանց հետախուզական և ապօրինի գործունեության դեմ պայքարելու նպատակով:

7. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների ցանկը, համակարգին հասանելիություն ունեցող պետական մարմինների ու կազմակերպությունների կողմից համակարգում մուտքագրվող տվյալների շրջանակը և մուտքագրման կարգը, անվտանգության ապահովման պահանջները, համակարգից օգտվելու կարգը և համակարգի շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 10.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. հոկտեմբերի 22
Երևան
ՀՕ-314-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ 02.10.2025
N ՀՕ-314-Ն  օրենք