06.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 5.1-ին մասից հանել «ոստիկանության ծառայության,» և «, փրկարար ծառայության» բառերը:
i
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքով ծառայությունից ազատվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում պահպանում են զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար սահմանված աշխատավարձից (հիմնական աշխատավարձից, հավելումներից, լրավճարներից): Սույն մասով նախատեսված աշխատավարձը պահպանվում է համապատասխան մարմնի կամ կազմակերպության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքով ծառայությունից ազատվելուց հետո ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոնում նշանակվելուց հետո` վեց ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան ոստիկանության կամ փրկարար ծառայության նշանակված պաշտոնում սահմանված կարգով ատեստավորում անցնելը:»:
i
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ներքին գործերի նախարարության ոստիկանության կամ փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողները ծառայությունից ազատվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում կամ գրասենյակում քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանում են զբաղեցրած վերջին պաշտոնի համար նախատեսված աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Պաշտոնի փոփոխության դեպքում աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) չի պահպանվում:»:
i
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 2.3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.3. Ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարարական ծառայողներին նշանակելու դեպքում պահպանվում է այդ ծառայողների աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և, սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված, այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա համապատասխանաբար ոստիկանության ծառայության, փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված աշխատավարձի (հիմնական աշխատավարձի, հավելումների, լրավճարների) պահպանվող չափի և սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջև տարբերությունը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ծառայողների համար հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողին օրենքով սահմանված կարգով կվճարվի պետական կենսաթոշակ, կամ տվյալ պետական ծառայողի` սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:»:
i
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.4-րդ մասով.
«2.4. Ներքին գործերի նախարարության հանցանքների և վարչական իրավախախտումների ոլորտում պետական վիճակագրություն ձևավորելու գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատման օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում ոստիկանության ծառայողներին, փրկարարական ծառայողներին նշանակելու դեպքում պահպանվում է այդ ծառայողների աշխատավարձը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները), եթե այն բարձր է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձից: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և, սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված, այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա համապատասխանաբար ոստիկանության ծառայության, փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված աշխատավարձի (հիմնական աշխատավարձի, հավելումների, լրավճարների) պահպանվող չափի և սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջև տարբերությունը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ծառայողների համար հաշվարկվում է մինչև այն պահը, երբ տվյալ պետական ծառայողին օրենքով սահմանված կարգով կվճարվի պետական կենսաթոշակ, կամ տվյալ պետական ծառայողի` սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. հոկտեմբերի 24 Երևան ՀՕ-318-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2025 թվական: