03.01.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 47.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգրքի 47.21-րդ հոդվածի վերնագրից հանել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով» բառերը, իսկ նույն հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում` առողջության համընդհանուր ապահովագրության, իսկ դրա բացակայության դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները չկատարելը կամ խախտելը`
առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:»:
i
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.36-րդ հոդվածով.
| «Հոդված 47.36. |
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնության և սպասարկման համար ծառայությունների կամ դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
2. Դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը`
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-472-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2025 թվական: