01.05.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի մարտի 4-ին
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 1. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) անհայտ կորած անձ` զինծառայող, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձ, այդ թվում` մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած կամավորական, որն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում` հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հայտարարված զինադադարի ընթացքում կամ ռազմական գործողություններին հաջորդող վեցամսյա ժամկետում խաղաղ պայմաններում, և, հավաստի տեղեկությունների համաձայն, նրա վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրվանից 72 ժամ անց ծառայության վայրում տեղեկություններ չկան, կամ նրա ընտանիքի անդամները տեղեկություններ չունեն նրա գտնվելու վայրի և ճակատագրի մասին.
2) անհայտ կորած անձի ընտանիքի անդամներ` ամուսին, կին (այդ թվում` փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող), զավակ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով` խորթ, որդեգրված), ծնող (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով` խորթ ծնող, որդեգրող ծնող), պապ, տատ, թոռ, եղբայր, քույր (այդ թվում` համահայր, համամայր, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի իմաստով` խորթ, որդեգրված), խնամակալ, հոգաբարձու, խնամարկյալ, հոգաբարձության ներքո գտնվող անձ (բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածում և 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի).
3) անհայտ կորած անձանց միասնական ռեեստր` տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է անհայտ կորած անձանց, անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքների և պատճառների ուսումնասիրման համար անհրաժեշտ, նրանց գտնվելու վայրի հետախուզման արդյունքով ստացված վերաբերելի բոլոր տեղեկությունների ու տվյալների կենտրոնացման, անհայտ կորած անձանց` հաշվառման համար օգտագործվող տվյալների մշակման, պահպանման, պաշտպանության, օգտագործման և տարածման համար.
4) դիմող` այն անձի հետախուզման մասին դիմում ներկայացրած անձ, որի ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ չկան.
5) շահառու` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի իմաստով` պետության կողմից վնասի հատուցում, ինչպես նաև աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք.
6) անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմին` անհայտ կորած անձանց հետախուզումը և դրա հետ կապված այլ հարցերի կարգավորումը համակարգող մարմին, որը լիազորված է անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ գործողություններ և սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ իրականացնելու համար.
7) անհայտ կորած անձի հետախուզմանը նպաստող արժանահավատ տեղեկատվություն` անհայտ կորած անձի վերաբերյալ ցանկացած տեղեկություն և (կամ) տվյալ, որը կարող է նպաստել նրա գտնվելու վայրը պարզելուն, չնույնականացված մարմինը (մասունքները) նույնականացնելուն, մահացած անձի մարմնի (մասունքների) գտնվելու վայրը կամ հուղարկավորման վայրը պարզելուն.
8) մահացած անձի չնույնականացված մարմին կամ մասունքներ` մահացած մարդու մարմին կամ մասունքներ, որոնց` կոնկրետ անձին պատկանելությունը չի կարող պարզվել` առանց նույնականացման համար լրացուցիչ միջոցառումներ անցկացնելու.
9) անհայտ կորած անձի մարմնի (մասունքների) նույնականացում` անհայտ կորած անձի մահից հետո մարմնի (մասունքների) վերաբերյալ ստացված բոլոր, այդ թվում` փորձագիտական (լաբորատոր) հետազոտական համալիր միջոցառումների արդյունքով ստացված տեղեկությունների, նյութերի, նմուշների համադրում համապատասխան որակավորում ունեցող իրավասու պաշտոնատար անձի կողմից` ուղղված մարմնի անձը (մասունքի` անձին պատկանելությունը) պարզելուն.
10) որոնողական խումբ` անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմնի, կազմակերպությունների և (կամ) առանձին անձանց մարդասիրական առաքելություն` ուղղված անհայտ կորած անձանց, նրանց մարմինների (մասունքների) որոնումներին, անհայտ կորած անձանց հուղարկավորման վայրերի հետախուզմանն ու արձանագրմանը, անհայտ կորած անձանց մարմինների (մասունքների) դուրսբերմանը:
ԳԼՈՒԽ 2
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
| Հոդված 2. |
Անձի անհայտ կորելու դեպքում անհայտ բացակայողի կարգավիճակի ձեռքբերումը |
1. Անհայտ կորած անձը ձեռք է բերում անհայտ բացակայողի կարգավիճակ օրենքով սահմանված կարգով` անհայտ բացակայող ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ուժով, որպիսի տեղեկատվությունը ենթակա է մուտքագրման անհայտ կորած անձանց միասնական ռեեստրում սույն օրենքով նախատեսված կարգով:
2. Անհայտ կորած անձին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելը չի ազդում սույն օրենքով անհայտ կորած անձի և նրա ընտանիքի անդամների համար նախատեսված իրավունքների ծավալի վրա:
| Հոդված 3. |
Անհայտ կորած անձանց իրավունքները |
1. Անհայտ կորած անձն ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված բոլոր իրավունքները, ինչպես նաև իր անհետացման հանգամանքների համակողմանի քննության և իր գտնվելու վայրը պարզելու իրավունք:
2. Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները` անհայտ կորած անձի պատշաճ և արդյունավետ հետախուզման համար:
3. Անհայտ կորած անձի իրավունքներն ու շահերը ենթակա են պաշտպանության մինչև սույն օրենքով նախատեսված կարգով նրա հետախուզման դադարեցման պահը կամ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, նրան մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
| Հոդված 4. |
Ընտանիքի անդամների` անհայտ կորած անձի ճակատագիրը և գտնվելու վայրն իմանալու և այլ իրավունքները |
1. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամներն ունեն անհայտ կորած անձի անհետացման պատճառների և հանգամանքների, գտնվելու դեպքում` գտնվելու վայրի, մահվան դեպքում` մահվան հանգամանքների, հուղարկավորման վայրի (եթե այն հայտնի է) վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու, մարմինը (մասունքները) ստանալու իրավունք:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքներն իրացվում են անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացնելու, նրա հետախուզման ընթացքի ու արդյունքների (անհետացման պատճառների և հանգամանքների, հայտնի դառնալու դեպքում` գտնվելու վայրի և այլն) վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու միջոցով` սույն օրենքով սահմանված կարգով:
3. Անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինը սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր է այդ անձանց ընտանիքի անդամներին տեղեկատվություն տրամադրել նրանց հետախուզման ընթացքի ու արդյունքների վերաբերյալ:
4. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամներն իրենց նախաձեռնությամբ և անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմնի համաձայնությամբ կարող են ներգրավվել վերջինիս անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում օգնություն և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նշված անձինք նաև կարող են համապատասխան մարմիններից ստանալ տեղեկատվություն անհայտ կորած անձի, այն երթուղու ու տարածքի վերաբերյալ, որտեղ անհրաժեշտ և նպատակահարմար է անցկացնել հետախուզումը, այլ տեղեկատվություն, որը կարող է նպաստել անհայտ կորած անձի արդյունավետ հետախուզմանը, բացի օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններից:
| Հոդված 5. |
Անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող արտոնությունները |
1. Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին տարերային աղետի հետևանքով վնաս պատճառվելու կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքերում անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն, որի վճարման կարգը, պայմանները և չափը սահմանում է Կառավարությունը: Սույն մասի իմաստով` անհայտ կորած անձի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները:
2. Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի այն անդամները, որոնք վերջինիս անհայտ բացակայող ճանաչվելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, չորրորդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, հաշվառվում են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, և նրանց սեփականության իրավունքով անհատույց հատկացվում է բնակարան, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Կառավարության սահմանած կարգով և չափերով: Սույն մասի իմաստով` ընտանիքի անդամ են համարվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասում թվարկված անձինք:
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների մինչև 27 տարեկան զավակները, ծնողները, ամուսինը (կինը) Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված բարձրագույն և պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով (քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում) ընդունելության և ուսումնառության իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Կառավարության սահմանած կարգով: Պետությունը սույն մասով սահմանված ուսումնական հաստատությունների վճարովի համակարգի այն սովորողներին, որոնք ուսումնառության ընթացքում ձեռք են բերել սույն մասով նախատեսված կարգավիճակ, տրամադրում է ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով:
4. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը կենսաթոշակի, պետական նպաստի իրավունք ունի, որոնք իրականացվում են «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներով սահմանված կարգով:
5. Զինծառայողի` ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում անհայտ կորելու և դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում նրա ընտանիքին տրվում է դրամական աջակցություն` Կառավարության սահմանած կարգով և չափերով: Սույն մասի իմաստով` ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները:
i
6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված անձինք կամ նրանց ընտանիքի անդամներն օգտվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արտոնություններից` իրենց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հարկից և փոխադրամիջոցի գույքահարկից ազատման տեսքով` Կառավարության սահմանած կարգով:
7. Եթե կամավորականն անհայտ կորել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հանգամանքների հետ չկապված պայմաններում (սակայն մարտական գործողությունների շրջանում), ապա նրա ընտանիքի անդամներն օգտվում են սույն հոդվածով զինծառայողների ընտանիքի անդամների համար սահմանված արտոնություններից:
8. Անհայտ կորած անձի ընտանիքի անդամը, «Սոցիալական աջակցության մասին» օրենքին և պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրման Կառավարության սահմանած կարգին համապատասխան, շահառուների խմբում ընդգրկված լինելու դեպքում սոցիալ-հոգեբանական օգնության իրավունք ունի:
| Հոդված 6. |
Շահառուների` վնասի հատուցում և աջակցություն ստանալու իրավունքը |
1. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված շահառուներն ունեն «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով նախատեսված վնասի հատուցման գումարների, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում` նաև աջակցության գումարի տրամադրման իրավունք, որպիսի գումարները տրամադրվում են նշված օրենքով սահմանված կարգով:
2. Շահառուի` վնասի հատուցման գումարները, ինչպես նաև աջակցության գումարն ստանալու հնարավորությունն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ծագում է անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ անհայտ կորած կամավորականի` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի իմաստով` ընտանիքի անդամի սոցիալական պաշտպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
| Հոդված 7. |
Անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինը |
1. Անհայտ կորած անձանց հարցերով լիազորված մարմինն ազգային անվտանգության ծառայությունն է (այսուհետ` Լիազոր մարմին), որին վերապահված է անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի համակարգումը և դրա հետ կապված այլ հարցերի կարգավորումը:
| Հոդված 8. |
Լիազոր մարմնի լիազորությունները |
1. Լիազոր մարմնին վերապահված են հետևյալ հիմնական լիազորությունները.
1) անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի համակարգում, հետախուզման շրջանակներում օրենքով սահմանված կարգով համագործակցություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, մարդասիրական առաքելությունների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ.
2) տեղեկատվության (ներառյալ անձնական տվյալների) ստացում և պետական մարմիններից ստացված տեղեկատվության հավաքում` սույն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում.
3) անհայտ կորած անձի հետախուզում, նրա գտնվելու վայրի կամ նույնականացմանը նպաստող` ստացված տեղեկատվության և փաստերի հավաքում և ստուգում` ստուգված տեղեկատվության բոլոր աղբյուրներին համապատասխան հղումներով.
4) Լիազոր մարմնի, պետական մարմինների միջև այնպիսի տեղեկատվության փոխանակման կազմակերպում, որը կարող է նպաստել անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացի արդյունավետ իրականացմանը.
5) պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցմամբ որոնողական խմբերի ստեղծում և դրանց աշխատանքի համակարգում.
6) հաղորդակցում անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների հետ, նրանց անհայտ կորած անձանց հետախուզման ընթացքի ու դրա արդյունքների, անհայտ կորած անձանց նույնականացման, անհետացման հանգամանքների ու պատճառների քննության արդյունքների մասին տեղեկատվության տրամադրում` օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում.
7) անհայտ կորած անձանց հետախուզման կատարելագործմանն ուղղված միջոցների վերաբերյալ վերլուծական նյութերի ու առաջարկների, այդ թվում` ռազմավարական ու ծրագրային փաստաթղթերի նախապատրաստում և ներկայացում վարչապետին:
| Հոդված 9. |
Պետական մարմինների, համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմնին տեղեկատվություն հաղորդելու պարտականությունը |
1. Պետական մարմինները, համայնքի ղեկավարը պարտավոր են Լիազոր մարմնի հարցման հիման վրա սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ժամկետներում վերջինիս հաղորդել անհայտ կորած անձանց վերաբերյալ առկա տեղեկատվությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության բացակայության դեպքում` այն ստանալու համար ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:
2. Նախաքննության մարմիններն իրենց վարույթներում քննվող քրեական վարույթներով անհայտ կորած անձանց վերաբերյալ Լիազոր մարմնից գրավոր հարցում ստանալու դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ օրենքով չարգելված տեղեկատվությունը փոխանցում են Լիազոր մարմնին:
| Հոդված 10. |
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը |
1. Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի գործունեության հիմնական խնդիրները, ի թիվս այլ սուբյեկտների, անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց որոնողական ու վերադարձման աշխատանքներին իր իրավասության սահմաններում աջակցելն է և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց ընտանիքների անդամների ու շահառուների, ինչպես նաև շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ մշտական կապ պահպանելը:
2. Հանձնաժողովն ստեղծվում, դրա կազմը և աշխատակարգը հաստատվում են վարչապետի որոշմամբ:
ԳԼՈՒԽ 4
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԸ
| Հոդված 11. |
Անհայտ կորած անձանց միասնական ռեեստրը |
1. Անհայտ կորած անձանց միասնական ռեեստրը (այսուհետ` Ռեեստր) ստեղծվում է անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքների և պատճառների ուսումնասիրման, գտնվելու վայրի արդյունավետ և անհապաղ հետախուզման արդյունքով ստացված վերաբերելի բոլոր տեղեկությունների ու տվյալների` մեկ միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում կենտրոնացման, ինչպես նաև արդյունավետ հետախուզման համար անհրաժեշտ տեղեկատվության հաշվառման համար:
2. Ռեեստրը վարողը Լիազոր մարմինն է, որն ամբողջական ծավալով հասանելիություն ունի Ռեեստր մուտքագրված տեղեկություններին:
3. Լիազոր մարմինը Ռեեստրի վարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում վարչապետի աշխատակազմ:
4. Լիազոր մարմինն իրականացնում է միջոցառումներ` ուղղված Ռեեստրի ծրագրային ապահովմանը, տվյալների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի պահպանմանն ու պաշտպանությանը, պատասխանատու է դրա անխափան աշխատանքի, սահմանված կարգով դրան հասանելիություն տրամադրելու համար:
5. Ռեեստրում պարունակվող տվյալները հասանելի են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, համապատասխան դիմումի հիման վրա` անհայտ կորած անձի ընտանիքի անդամին` համապատասխան անհայտ կորած անձի մասով` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի, պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններին օրենքով ներկայացվող պահանջների պահպանմամբ:
6. Ռեեստրի կառուցվածքը, այն վարելու կարգը, Ռեեստրում առկա` հրապարակման ենթակա տվյալների շրջանակը, այդ տվյալների հրապարակման և տրամադրման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
| Հոդված 12. |
Անձնական տվյալների պաշտպանությունը |
1. Անձնական տվյալների մշակումն իրականացվում է բացառապես սույն օրենքով սահմանված նպատակի իրագործման համար` հաշվի առնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջները:
2. Ռեեստրում պահվող անձնական տվյալները չեն կարող բացահայտվել կամ հանձնվել այլ անձանց ու մարմինների` սույն օրենքին չհամապատասխանող նպատակներով:
ԳԼՈՒԽ 5
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ
| Հոդված 13. |
Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը |
1. Եթե անձը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքերից որևէ մեկին, ապա անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը ներկայացվում է Լիազոր մարմին այդ անձի ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից: Ընդ որում, զինծառայողի անհայտ կորելու դեպքում որպես պետական մարմին անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմում ներկայացնելու իրավասություն ունի այն պետական մարմինը, որի կազմում զինվորական ծառայություն է անցել անհայտ կորած անձը: Հասարակական կազմակերպության կողմից դիմում ներկայացնելու իրավունքը վերապահվում է միայն այն հասարակական կազմակերպություններին, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մարդու իրավունքների, անհայտ կորած անձանց, պատերազմից կամ հակամարտությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության կամ մարդասիրական հարցերով աշխատանքի հետ և դիմում ներկայացնելու օրվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
2. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումում նշվում է այնպիսի տեղեկատվություն, որը կարող է նպաստել այդ անձի հետախուզմանը: Մասնավորապես, անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումը պետք է պարունակի`
1) դիմողի անունը, ազգանունը (դիմող մարմնի կամ կազմակերպության անվանումը),
2) դիմողի հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն և հաղորդակցության համար կոնտակտային տվյալները,
3) այն մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը,
4) հետախուզման ենթակա անձի անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, անհետացման հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ անձն անհետացել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում,
5) հետախուզման ենթակա անձի մասին այլ տվյալներ, այդ թվում` առկայության դեպքում` անձի ծննդյան վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը, ամուսնական կարգավիճակը, ընտանիքի անդամների մասին տեղեկությունները, անձի մասնագիտությունը և զբաղվածության մասին տեղեկությունները, իսկ զինծառայողի դեպքում` կոչումը, հաշվառման և փաստացի բնակության վայրի հասցեն (եթե տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), վայրը, որտեղ անձին վերջին անգամ ողջ են տեսել, օրը և ժամը, երբ անձին վերջին անգամ ողջ են տեսել, հագուստը, որով անձին վերջին անգամ ողջ են տեսել, անձնական իրերը, որոնք սովորաբար կրել է կամ իր մոտ պահել է անձը, անձի` անհետացման պահին հագուստի նկարագրությունը, վերջին հասանելի լուսանկարը, հետախուզման ենթակա անձին վերջին անգամ տեսած անձի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև անձի հետախուզմանը նպաստող վերաբերելի ցանկացած այլ տեղեկատվություն (դաջվածք, սպի, բժշկական, այդ թվում` վիրահատական և ստոմատոլոգիական պատմության տվյալներ),
6) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան) անձի նկատմամբ հետախուզում իրականացնելու վերաբերյալ,
7) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (այդպիսիք ներկայացվելու դեպքում),
8) դիմումը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը,
9) դիմողի ստորագրությունը:
3. Եթե դիմումով պահանջվող` սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը չի տրամադրվել, ապա դիմողին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է այդ մասին` տրամադրելով ողջամիտ ժամկետ` լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու համար: Եթե դիմումով պահանջվող` սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը չի տրամադրվել, և այլ եղանակով հնարավոր չէ ստանալ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը, ապա դիմումը չի քննարկվում:
4. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումի առկայության դեպքում պաշտպանության նախարարությունը կամ այն պետական մարմինը, որի զինծառայող (աշխատակից) է հանդիսանում տվյալ անձը, անհայտ կորած զինծառայողների, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը 72 ժամը լրանալուն հաջորդող 24 ժամվա ընթացքում ներկայացնում է Լիազոր մարմին:
5. Անհայտ կորած անձի հետախուզման մասին դիմումում նշված` անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները ենթակա են Ռեեստրը վարող անձի (կառուցվածքային ստորաբաժանման կողմից)` սույն օրենքով նախատեսված կարգով Ռեեստր մուտքագրման և հաշվառման` անձի անհետացման վերաբերյալ տեղեկատվությունը կամ այդ անձի հետախուզման մասին դիմում ստանալու վերաբերյալ տեղեկատվությունը Լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից 24 ժամվա ընթացքում:
| Հոդված 14. |
Անհայտ կորած անձանց հետախուզումը |
1. Անհայտ կորած անձի հետախուզմանը նպաստող տեղեկատվություն ստանալու նպատակով Լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական մարմիններ, համայնքի ղեկավարին, միջազգային մարդասիրական կազմակերպություններ, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվության:
2. Պետական մարմինները, համայնքի ղեկավարը պարտավոր են հարցումն ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Լիազոր մարմնին գրավոր տեղեկացնել դրա ուսումնասիրման արդյունքների մասին:
3. Եթե տեղեկատվություն ստանալու մասին Լիազոր մարմնի հարցումն օբյեկտիվ պատճառներով չի կարող ուսումնասիրվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ապա համապատասխան մարմինը, որն ստացել է հարցումը, պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել Լիազոր մարմնին` նշելով այն պատճառները, որոնք անհնար են դարձնում տեղեկատվության տրամադրումը սահմանված ժամկետում, և հարցումն ուսումնասիրել այն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում:
4. Հարցումն ստանալու օրվանից 30-օրյա ժամկետում ուսումնասիրելու անհնարինության դեպքում համապատասխան մարմինը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այնպիսի տեղեկատվություն ստանալու նպատակով, որը կարող է նպաստել անհայտ կորած անձի հետախուզմանը, և առկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն ներկայացնել Լիազոր մարմին:
5. Պետական մարմինները շահագրգիռ կազմակերպությունների, հաստատությունների, քաղաքացիների` անձի (դիակի) հետախուզման (նույնականացման) վիճակի մասին հարցումներին պատասխանելիս չեն հաղորդում քննչական (հետախուզական) գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքները, չեն բացահայտում հետախուզական աշխատանքի, օպերատիվ-հետախուզական գործունեության մեթոդներն ու եղանակները:
6. Լիազոր մարմինը պետական մարմիններին, համայնքի ղեկավարին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին ուղղված հարցումների պատասխաններն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ամփոփում է ստացված տեղեկատվությունը` անհայտ կորած անձի հետախուզմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար, որի մասին տեղեկացնում է դիմողին:
7. Լիազոր մարմինն իրականացնում է մշտադիտարկում անհայտ կորած անձի հետախուզմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ, որի շրջանակներում իրավունք ունի իրավասու մարմիններից պահանջելու այդ միջոցառումների կատարման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն` դրանց անցկացման ցանկացած փուլում:
8. Անհայտ կորած անձանց հետախուզման նպատակով Լիազոր մարմինն իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` օրենքով սահմանված կարգով:
| Հոդված 15. |
Անհայտ կորած անձանց հետախուզման դադարեցումը |
1. Անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցվում է ոչ ուշ, քան անհայտ կորած անձի գտնվելու վայրը, հուղարկավորման վայրը կամ այդ անձի մարմնի (մասունքների) գտնվելու վայրը պարզելու օրվանից երեք օրվա ընթացքում` այդ մասին ծանուցելով նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև դիմողին, եթե դիմողը ընտանիքի անդամ չէ: Անհայտ կորած անձի հետախուզումը դադարեցնելու մասին նաև անհապաղ նշում է կատարվում Ռեեստրում:
2. Անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը հիմք չէ նրա հետախուզումը դադարեցնելու համար:
3. Անհայտ կորած անձի` դատարանի վճռով մահացած ճանաչվելու, սակայն նրա մարմինը (մասունքները) հայտնաբերված չլինելու դեպքում հետախուզումը չի դադարեցվում, քանի դեռ մարմինը (մասունքները) հայտնաբերված չէ, կամ հետախուզման դիմում ներկայացրած անձը հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել:
4. Անհայտ կորած անձը, որի նկատմամբ հայտարարված է հետախուզում, համարվում է հայտնաբերված այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված նույնականացման ընթացակարգի արդյունքով հստակորեն կպարզվի տվյալ անձի գտնվելու վայրը, և (կամ) հստակորեն կպարզվի, որ հայտնաբերված մարմնի (մասունքների) ֆիզիկական կամ կենսաբանական բնութագրերը համապատասխանում են անհայտ կորած անձի նման բնութագրերին:
ԳԼՈՒԽ 6
ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ՄԱՍՈՒՆՔՆԵՐԻ) ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ, ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԱՐՏԱՇԻՐՄՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ
| Հոդված 16. |
Անհայտ կորած անձի մարմնի (մասունքների) հետախուզումը և արտաշիրմումը |
1. Անհայտ կորած անձի մահվան փաստի հաստատման դեպքում Լիազոր մարմինը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նրա մարմինը հետախուզելու, արտաշիրմելու և անձնական իրերը գործին կցելու համար:
2. Լիազոր մարմինը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները մահացածների մարմինների (մասունքների) նկատմամբ հարգալից և արժանապատիվ վերաբերմունք ապահովելու համար: Մարմինը (մասունքները) նույնականացվելուց հետո հանձնվում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնած ընտանիքի անդամներին կամ անհատական նշումով հուղարկավորվում է օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե նույնականացված անձը հանդիսանում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքի իմաստով` հայրենիքի պաշտպանության համար զոհված անձ, ապա նրա հուղարկավորումը (վերահուղարկավորումը) իրականացվում է «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքին համապատասխան: Մյուս դեպքերում մարմնի (մասունքների) հուղարկավորումը (վերահուղարկավորումը) իրականացվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով սահմանված կարգով:
3. Մարմնի (մասունքների) նույնականացման անհնարինության դեպքում այն տեղեկատվությունը, որը կարող է նպաստել դրա իրականացմանը, մասնավորապես մարմնի (մասունքների) հայտնաբերման տարին, ամիսը, ամսաթիվն ու վայրը, հետմահու հետազոտման ամբողջական տվյալները (տարիքը, կազմվածքը և այլն), հագուստը և անձնական իրերը, ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) լաբորատորիաներում ստացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) նմուշներն ու պրոֆիլները ենթակա են արձանագրման և մուտքագրման Ռեեստր:
4. Չնույնականացված մարմինների (մասունքների) հուղարկավորումն իրականացվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկատվությունն արձանագրվելուց և Ռեեստր մուտքագրվելուց հետո, երբ սպառվել են մարմինը (մասունքը) նույնականացնելու բոլոր հնարավորությունները:
5. Չնույնականացված մարմինների (մասունքների) հուղարկավորման դեպքում գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանում որպես չնույնականացված անձին առնչվող տեղեկատվություն նշվում են մահացած անձի սեռը, նրա մարմնի հայտնաբերման տարին, ամիսը, ամսաթիվն ու վայրը, մահվան պատճառը և մահվան վկայականի համարը: Նշված տեղեկատվությունը ներառվում է նաև Ռեեստրում:
6. Արտաշիրմում կատարելու անհրաժեշտություն դեպքում այն կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 7
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 17. |
Միջազգային համագործակցությունն անհայտ կորած անձանց հետախուզման շրջանակներում |
1. Անհայտ կորած անձանց հետախուզումն իրականացնելիս համապատասխան մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, որոնց կանոնադրական խնդիրների շարքին է դասվում անհայտ կորած անձանց հետախուզման գործընթացում ներպետական մարմիններին աջակցությունն անհայտ կորած անձանց անհետացման հանգամանքներն ու պատճառները, գտնվելու վայրը պարզելու, նրանց ընտանիքի անդամներին աջակցելու նպատակով:
2. Լիազոր մարմինն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին կարող է տրամադրել և դրանցից ստանալ անհայտ կորած անձանց հետախուզման վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այն միջազգային պայմանագրերի պահանջների պահպանմամբ, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը:
3. Անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին հնարավոր է միայն այն դեպքում, եթե նշված մարմինների միջև սահմանվել է տեղեկատվության հասանելիության այնպիսի ռեժիմ, որն անհնար է դարձնում տեղեկատվության բացահայտումն այլ նպատակների համար կամ դրա հրապարակման ցանկացած այլ եղանակ:
ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 18. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքի պահանջները տարածվում են նաև 1991 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` իննամսյա ժամկետում:
4. Սույն օրենքով նախատեսված Ռեեստրն ստեղծվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշմամբ սահմանված ժամկետում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մարտի 30 Երևան ՀՕ-86-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2026 թվական: