28.04.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 7-ին
«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.
«31) սինթետիկ բովանդակություն` տեսալսողական, ձայնային կամ այլ տեղեկատվական նյութ կամ պատկեր, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծվել կամ ձևափոխվել է գեներատիվ արհեստական բանականության (այսուհետ` ԱԲ), մեքենայական ուսուցման կամ թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ և կարող է սպառողի մոտ ստեղծել ակնհայտորեն իրականության անհամապատասխանության ընկալում կամ մոլորություն դրա ծագման, իսկության կամ դրանում ներկայացված անձի խոսքի, պատկերի, գործողությունների կամ երևույթների վերաբերյալ:»:
i
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին հոդվածով.
| «Հոդված 9.1. |
Սինթետիկ բովանդակության պարտադիր մակնշումը |
1. Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները պարտավոր են ապահովել հեռարձակվող տեսալսողական նյութերում սինթետիկ բովանդակության հստակ, լսելի կամ տեսանելի և ընթեռնելի մակնշումը`
1) գեներատիվ արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման վրա հիմնված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ստեղծված կամ ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում` «Ստեղծված է ԱԲ-ի կողմից» նշումով.
2) թվային այլ տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն ձևափոխված սինթետիկ բովանդակության դեպքում` «Ենթարկվել է թվային մշակումների» նշումով:
2. Մակնշումը պետք է իրականացվի հետևյալ եղանակներով.
1) տեսալսողական հաղորդման դեպքում` ցուցադրվի տեսանյութի ամբողջ ընթացքում և արտացոլվի նկարագրության դաշտում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
2) լսողական հաղորդման դեպքում` ներառվի երկու անգամ` լսողական հաղորդման սկզբում և վերջում, այդ թվում` նկարագրության դաշտում.
3) պատկերների դեպքում` արտացոլվի պատկերի վրա և ներառվի պատկերի նկարագրության դաշտում:
3. Այն դեպքում, երբ հաղորդումն ամբողջությամբ սինթետիկ բովանդակության չէ, մակնշումը կատարվում է միայն հաղորդման այն հատվածում, որը պարունակում է սինթետիկ բովանդակություն:
4. Հեռարձակողի, բովանդակությունն ստեղծողի կամ արտադրողի ընտրությամբ ֆանտաստիկ, գեղարվեստական, հումորային, ուսուցողական տեսալսողական հաղորդումները կամ ֆիլմերը պետք է մակնշվեն սույն հոդվածով սահմանված մակնշման եղանակներից որևէ մեկով` նկարագրության մեջ կամ այլ մատչելի ձևաչափով, պայմանով, որ այդ տեղեկացումը հասանելի կամ ընկալելի լինի սպառողի համար:
5. Սինթետիկ բովանդակություն ներառող տեսալսողական հաղորդումների կամ ֆիլմերի մակնշմանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող պետական մարմինը:»:
i
Հոդված 3. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին մասով.
«30.1. Սույն օրենքի 9.1-ին հոդվածի պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 18 Երևան ՀՕ-134-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 18 ապրիլի 2026 թվական: