06.07.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2026 թվականի հունիսի 18-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 32-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ կետերով.
«14.1) դատավորի փոխարինումից հետո դատարանը կայացրել է վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում.
14.2) ներկայացվել է սույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված միջնորդություն.
14.3) ներկայացվել է սույն օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով նախատեսված հիմքով միջնորդություն.»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 268-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.
«2.1. Եթե դատավորի փոխարինումից հետո դատարանը որոշում է կայացրել դատական վարույթը շարունակելու մասին, ապա նախքան դատական կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված, բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ: Ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է:
2.2. Կողմի միջնորդությամբ և կողմերի համաձայնությամբ դատարանը կարող է որոշում կայացնել սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 4-10-րդ կետերով նախատեսված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու մասին` առանց տվյալ ապացույցը սույն օրենսգրքի 326-329-րդ և 331-րդ և 332-րդ հոդվածներով նախատեսված կարգով հետազոտելու, եթե դա չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:
2.3. Դատարանի կողմից սույն հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված որոշումը չի կարող կայացվել, եթե մեղադրյալը չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է կամ դիրքորոշումը հայտնել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու:».
2) 3-րդ մասը «հետազոտված» բառից հետո լրացնել «(ինչպես նաև դատական նիստում հետազոտված համարված)» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «Բացառությամբ սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի» բառով, իսկ «նորից» բառը` «սկզբից» բառով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Եթե վարույթն ստանձնած դատավորը, ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում` դատական նախորդ կազմով հետազոտված ապացույցներին, գտնում է, որ գործի դատական վարույթը սկզբից սկսելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա ինքնաբացարկի, բացարկի և վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծելուց հետո լսելով կողմերին` կարող է որոշում կայացնել վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ:»:
i
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 270.1-ին հոդվածով.
| «Հոդված 270.1. |
Դատաքննության ժամկետը |
1. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթն ստանձնելու օրվանից հետո` ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2. Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը` յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:
3. Դատավորի փոխարինման դեպքում սույն հոդվածով նախատեսված ժամկետները շարունակվում են:
4. Դատավորի փոխարինման դեպքում, եթե քրեական վարույթը ստանձնելու օրվա դրությամբ գործի դատաքննության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով երկու անգամ երկարաձգվել է, ապա վարույթն ստանձնած դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է վարույթն ստանձնելու օրվանից հետո` ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում:»:
i
Հոդված 6. Օրենսգրքի 272-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը «նախնական» բառից հետո լրացնել «կամ հիմնական» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է ազատության մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական կամ հիմնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել: Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել:»:
i
Հոդված 7. Օրենսգրքի 311-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Դատավորի փոխարինման արդյունքում վարույթն ստանձնած դատարանը սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հարցը քննարկելուց հետո կարող է քննարկման առարկա դարձնել վարույթն ընդհատված պահից շարունակելու հարցը:
4. Վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կրկին հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված այլ հարցերը չեն քննարկվում, և վարույթը շարունակվում է ընդհատված պահից:»:
i
Հոդված 8. Օրենսգրքի 325-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Կողմն իրավունք ունի մինչև ապացույցի հետազոտումը սկսելը դատարանին միջնորդելու ապացույցը հետազոտված համարելու մասին:».
2) 2-րդ մասի «` հարցաքննության ընթացքում» բառերը փոխարինել «, այդ թվում` հարցաքննության ընթացքում` հիմնավորելով դրա անհրաժեշտությունը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.
«5. Պաշտպանության կողմն իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին ներկայացնելու հետազոտման ենթակա ապացույցների ծավալում չներառված` մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելը հերքող առարկա կամ սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով նախատեսված փաստաթուղթ` միջնորդելով հետազոտել այն և ճանաչել որպես իրեղեն ապացույց կամ արտավարութային փաստաթուղթ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը հետազոտելուց հետո պաշտպանության կողմը ներկայացնում է դրանով պայմանավորված քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության վերաբերյալ հիմնավորումներ` միջնորդելով քննարկել հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցը:
7. Պաշտպանության կողմի փաստարկները լսելուց հետո դատարանը հետազոտման ենթակա վերաբերելի այլ ապացույցների հետագա հետազոտումը սահմանափակելու հարցի վերաբերյալ անցկացնում է խորհրդակցություն հանրային մեղադրողի, պաշտպանի, իսկ առկայության դեպքում` նաև տուժողի լիազոր ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:
8. Խորհրդակցության արդյունքում կողմերը սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգով կարող են միջնորդել սահմանափակել իրենց ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը:»:
i
Հոդված 9. Օրենսգրքի 330-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) կողմերը համաձայն են, որ վկայի կամ փորձագետի ցուցմունքը հրապարակվի առանց վերջիններիս դատարան կանչելու, և եթե դա չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա.».
2) 3-րդ մասը «հաստատելուց» բառից հետո լրացնել «կամ մյուս կողմի համաձայնությունը ստանալուց հետո» բառերով:
i
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 336.1-ին հոդվածով.
| «Հոդված 336.1. |
Հիմնական դատալսումների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու կարգը |
1. Հիմնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-14-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք ի հայտ գալուց հետո դատարանը որոշում է կայացնում քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է մեղադրյալներից մեկին, ապա քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ` առանց վարույթը կարճելու:
2. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ապացույցը վերաբերում է քննության առարկա մեղադրանքի մի մասին, և այդ ապացույցով պայմանավորված ի հայտ է եկել սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հանգամանք, ապա դատարանը որոշում է կայացնում այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
3. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացման վրա տարածվում են սույն օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դրույթները:»:
| Հոդված 11. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ստանձնած գործերի քննության վրա, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, որը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարույթ ստանձնած գործերի քննության վրա:
3. Նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ստանձնած գործերը ենթակա են լուծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և կարող են դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել ոչ ավելի, քան երկու անգամ` յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. հունիսի 25 Երևան ՀՕ-244-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 26 հունիսի 2026 թվական: