Սեղմել Esc փակելու համար:
«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴ ...

17.12.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.04.2002  -ից մինչեւ   17.12.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 24.11.16 թիվ 1204-Ն որոշում)

i

040.0412.160402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2002 թվականի N 412

 

i

«ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1305 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`

ա) 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները` դրանցում ամրագրելով «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության հողերի փոխանակության համար անհրաժեշտ 25 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը.

բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների հաստատումից հետո, դրանց հիման վրա, 1-ամսյա ժամկետում ապահովել «Ագարակ» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող սեփականաշնորհված գյուղատնտեսական նշանակության 25 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերի փոխանակությունը համարժեք հողամասերի հետ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 16-ից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

ապրիլի 16-ի N 412 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԱԳԱՐԱԿ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետև` արգելոց) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 29-ի «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1305 որոշմամբ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածքներում բացահայտված հնավայրի պատմամշակութային բարձրարժեք հուշարձանների ամբողջական պահպանության, հետազոտման և գիտաճանաչողական ու զբոսաշրջության նպատակներով օգտագործման համար:

2. Արգելոց հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

3. Արգելոցի հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

4. Արգելոցը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտամշակութային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետության պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքով ձեռք է բերում ու իրականացնում սույն կանոնադրությամբ իրեն ամրագրված լիազորություններ:

5. Արգելոցն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, և դրա գործունեությունը դադարում է լուծարման պահից:

6. Արգելոցն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով: Արգելոցը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Արգելոցը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

7. Արգելոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք (հայերեն), ձևաթուղթ, խորհրդանիշ ու անհատականացման այլ միջոցներ:

8. Արգելոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

9. Արգելոցի անվանումն է`

հայերեն լրիվ` «Ագարակ» պատմամշակութային արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,

հայերեն կրճատ` «Ագարակ» արգելոց,

ռուսերեն լրիվ` «Ագառակ» իստօրիկօկուլտուրնիյ զապօվեդնիկ - գօսուդառստվեննայա նետօռգօվայա օռգանիզացիյա,

ռուսերեն կրճատ` Զապօվեդնիկ «Ագառակ»,

անգլերեն լրիվ` «Agarak» historical and cultural preservation - state non trade organization,

անգլերեն կրճատ` «Agarak» preservation:

10. Արգելոցի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գ. Ագարակ:

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

11. Արգելոցի գործունեության առարկան դրա տարածքում գտնվող պատմամշակութային անշարժ հուշարձանները, հնագիտական շերտերը, բնապատմական միջավայրը, լանդշաֆտը, արգելոցում հայտնաբերված հնագիտական, արվեստի, մարդասիրական, ազգագրական ու այլ պատմամշակութային արժեք ներկայացնող շարժական հուշարձաններն են:

12. Արգելոցի ստեղծման նպատակներն են `

ա) հնավայրի տարածքի պատմական միջավայրի և պատմամշակութային ու հնագիտական համակարգի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրությունը և նպատակային օգտագործումը.

բ) արգելոցի տարածքում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը, անշարժ հուշարձանների թանգարանային արժեքների հաշվառումն ու պահպանությունը` թանգարանային արժեքների հաշվառման ու պահպանման մասին հրահանգի պահանջների համաձայն: Տարբեր գիտական, լուսավորչական հիմնարկների, կազմակերպությունների և անհատների հետ համագործակցելով` ֆոնդային-հավաքչական աշխատանքների կատարումը` ֆոնդերը համալրելու համար:

Գործուղումների, գիտարշավների, մասնավոր անձանցից թանգարանային, գեղարվեստական արժեքների ու հավաքածուների գնումը կամ որպես նվիրատվություն ընդունումը կազմակերպելը.

գ) հնավայրի տարածքից պեղումներով հայտնաբերված պատմամշակութային և հնագիտական արժեքների բազայի հիման վրա թանգարանի հիմնումը, ինչպես նաև շրջիկ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպումը.

դ) գիտամշակութային, բարոյահոգեբանական ու բնապահպանական գիտելիքների տարածումը և ուսումնադաստիարակչական միջոցառումների իրականացումը.

ե) արգելոցի տարածքում և պահպանական գոտում սահմանված պայմանակարգի (ռեժիմ) պահպանումն ու տնտեսական գործունեության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

զ) գիտական աշխատությունների (մենագրություններ, հոդվածներ, թեզիսներ, մեթոդական նյութեր, կատալոգներ, ուղեցույցներ և այլն) և տեղեկատվական նյութերի պատրաստումն ու հրատարակումը.

է) արգելոցի բնույթին համապատասխան գիտահետազոտական թեմաների ընտրությունը և իրականացումը` համաձայնեցնելով պետական լիազորված մարմնի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ գիտահետազոտական հաստատությունների հետ.

ը) գիտահետազոտական, գիտաֆոնդային, գիտալուսավորչական աշխատանքների արդյունավետության բարձրացման, նյութատեխնիկական բազայի ամրապնդման ծրագրերի և առաջարկությունների մշակումն ու ներդրումը.

թ) հուշարձանների պահպանության, թանգարանագիտության մեթոդական հարցերին նվիրված գիտական նստաշրջանների, համաժողովների, սեմինար-խորհրդակցությունների կազմակերպումը.

ժ) արգելոցի ռեկրեացիոն սպասարկման կազմակերպումը (հատկապես զբոսաշրջության զարգացման խթանումը):

13. Արգելոցի գործունեության հիմնական տեսակներն են`

ա) հնավայրի տարածքի և պատմաճարտարապետական ու հնագիտական հուշարձանների պահպանությունը, բարեկարգումը, ամրակայումը և վերականգնումը.

բ) հնագիտական պեղումների և այլ հետազոտությունների կազմակերպումը.

գ) հանգստի և մշակութային միջոցառումների կազմակերպումը.

դ) գովազդի կազմակերպումը.

ե) հուշանվերների արտադրությունը և դրանց ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը.

զ) զբոսաշրջության և գիտարշավների կազմակերպումը:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

14. Արգելոցի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, պետական լիազորված մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության` որպես բնագավառի պետական լիազորված մարմին, ու արգելոցի գործադիր մարմինը:

 

ԱՐԳԵԼՈՑԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

 

15. Արգելոցի հիմնադիրն ունի արգելոցի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

16. Արգելոցի հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) արգելոցի հիմնադրումը,

բ) արգելոցի գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը,

գ) արգելոցին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը,

դ) արգելոցի կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը,

ե) արգելոցի կառավարման համակարգի սահմանումը,

զ) արգելոցի վերակազմակերպումը և լուծարումը,

է) արգելոցի լուծարման հանձնաժողովի անդամների նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը,

ը) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:

17. Արգելոցի հիմնադիրը սույն կանոնադրության 16-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված իր լիազորությունները վերապահում է լիազորված պետական մարմնին:

 

ԱՐԳԵԼՈՑԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

18. Արգելոցի լիազորված պետական մարմինն իրականացնում է արգելոցի ընդհանուր կառավարումը, ապահովում դրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

19. Արգելոցի լիազորված պետական մարմինը`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է արգելոցի կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը,

բ) իրականացնում է վերահսկողություն արգելոցի գործունեության նկատմամբ,

գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում արգելոցի տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները,

դ) լսում է արգելոցի գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրա գործունեության վերստուգման արդյունքները,

ե) իրականացնում է վերահսկողություն արգելոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ,

զ) իրականացնում է վերահսկողություն արգելոցի սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում տալիս է համաձայնություն` դրա գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար,

է) հաստատում է արգելոցի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը,

ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

ԱՐԳԵԼՈՑԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

20. Արգելոցի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Արգելոցի տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է արգելոցի գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված տնօրենի որոշումների, սույն կանոնադրության ու կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

21. Արգելոցի տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` օրենքով նախատեսված բոլոր հիմքերն ու այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

22. Արգելոցի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

23. Արգելոցի տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով արգելոցին և (կամ) պետությանը պատճառած վնասի համար: Արգելոցի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

Արգելոցի տնօրենի լիազորությունները դադարեցնում է լիազորված պետական մարմինը, որը պարտավոր է օրենքով սահմանված կարգով լուծել նաև նրա կողմից արգելոցին կամ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով արգելոցին կամ պետությանը պատճառած վնասի համար արգելոցի տնօրենի լիազորությունները դադարեցրած պաշտոնատար անձը կրում է լրիվ գույքային պատասխանատվություն:

24. Արգելոցի տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

25. Արգելոցի տնօրենն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և պայմանագրով իրեն վերապահված այլ լիազորություններ:

26. Արգելոցի տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակող մարմնի գրավոր որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

 

ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

27. Արգելոցի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն:

28. Արգելոցի տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`

ա) որը դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,

բ) որին, օրենքի համաձայն, արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնելը,

գ) որը նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իր պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

29. Արգելոցի տնօրենի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե`

ա) նա ներկայացրել է դիմում,

բ) լրացել է նրա 65 տարին,

գ) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի,

դ) ժամանակավոր անաշխատունակության պատճառով ավելի քան 4 ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի,

ե) ավելի քան 3 օր անընդմեջ անհարգելի պատճառով չի ներկայացել աշխատանքի,

զ) նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ առաջացել են սույն կանոնադրության 29-րդ կետով նախատեսված հանգամանքներ,

է) իր գործառույթներն իրականացնելիս արգելոցին կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է արգելոցին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 5 տոկոսը,

ը) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

թ) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը,

ժ) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

ժա) նրա ղեկավարած արգելոցը դատական կարգով սնանկ է ճանաչվել կամ այն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունելուց հետո 6 ամսվա ընթացքում իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն,

ժբ) արգելոցի կողմից վճարման ենթակա հարկերը կամ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարներն իր մեղքով` սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել,

ժգ) մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

30. Արգելոցի տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվան դեպքում:

31. Սույն կանոնադրության 29-րդ կետի «բ», «գ», «ը», «թ», «ժ», «ժբ» և «ժգ» ենթակետերով նախատեսված դեպքերում` արգելոցի տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրը:

Սույն կանոնադրության 29-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում արգելոցի տնօրենի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշված օրվանից:

Սույն կանոնադրության 30-րդ կետով նախատեսված դեպքում արգելոցի տնօրենի լիազորությունները դադարեցվում են նրա մահվան պահից:

Սույն կանոնադրության 29-րդ կետի այլ ենթակետերով նախատեսված դեպքերում արգելոցի տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող 1 ամսվա ընթացքում:

 

ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Արգելոցի տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս արգելոցի անունից, ներկայացնում է դրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով ու սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է արգելոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) տալիս է արգելոցի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է արգելոցի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է արգելոցի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) հաստատում է արգելոցին ենթակա հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

թ) նշանակում է արգելոցին ենթակա հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան լիազորագրեր.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և արգելոց կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՐԳԸ

 

33. Արգելոցի տարածքում արգելվում են`

ա) հնագիտական պեղումների և հետախուզության կատարումը, գյուղատնտեսական և շինարարական նպատակներով հողի օգտագործումը, ճանապարհների, խողովակաշարերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը` առանց սահմանված կարգով թույլտվության.

բ) բնակչության երկարատև հանգստի ու բուժման տարբեր ձևերի կազմակերպումը.

գ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կայանումը` թույլատրված ճանապարհային ցանցից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

դ) երկրահետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը, հանքաելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.

ե) թունաքիմիկատների օգտագործումը.

զ) որսորդության, ձկնորսության և կենդանիների բնական միջավայրի պայմանների խախտումը.

է) հանգստի (ռեկրեացիայի) կազմակերպմանը չառնչվող արտադրական և այլ օբյեկտների շինարարությունն ու շահագործումը.

ը) չնախատեսված վայրում մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը.

թ) մոլեխաղերի, մարդկանց անհանգստացնող այլ միջոցառումների իրականացումը.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող այլ գործունեություն:

Արգելոցի տարածքում արգելվում կամ սահմանափակվում է որևէ գործունեություն, որը կարող է խաթարել պատմամշակութային հուշարձանները, վնասել կամ խախտել բնական, պատմական միջավայրը:

Արգելոցի առանձին հատվածների տարբեր նպատակներով օգտագործումն իրականացվում է արգելոցի գոտևորման նախագծի համաձայն:

 

V. ԱՐԳԵԼՈՑԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

34. Արգելոցի ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և այլ աղբյուրներից, արգելոցի կողմից իրականացվող միջոցառումների, ինչպես նաև դրա կողմից մատուցվող տարբեր ծառայությունների դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

35. Պետպատվերի ձևով ստացված բյուջետային միջոցները, ինչպես նաև արգելոցի ստացած շահույթը տնօրինում է արգելոցը` իր կանոնադրական նպատակներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ԱՐԳԵԼՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

36. Արգելոցը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Արգելոցը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

Արգելոցը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

37. Արգելոցի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իր իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

Արգելոցը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Արգելոցը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

Արգելոցը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Արգելոցի լուծարման դեպքում դրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.04.2002
N 412
Որոշում