i
(ուժը կորցրել է 01.01.2026 թվականից` 27.11.2025 թիվ 1694-Ն / որոշումն ունի անցումային դրույթ / որոշում)
040.0246.110306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2006 թվականի N 246-Ն
i
ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության մրցույթի անցկացման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի մարտի 2-ի
N 246-Ն որոշման
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով և պայմաններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից (այսուհետ` կազմակերպիչ) անցկացվող հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության նպատակով մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման կարգը և պայմանները:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2. Մրցույթն անցկացնում է մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):
i
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն ստեղծում է առնվազն 4 անձից բաղկացած հանձնաժողով:
4. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի և պայմանների համաձայն:
5. Հանձնաժողովը`
ա) հաստատում է մրցույթի մասին հրապարակային ծանուցման տեքստը.
բ) բացում և գնահատում է մրցույթի հայտերը.
գ) որոշում է մրցույթի հաղթողին.
դ) իրականացնում է սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
6. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների առնվազն 3/4-ը: Հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին:
7. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի կողմից:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
9. Մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով կազմակերպիչն առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ հրապարակում է մրցույթի անցկացման և պայմանների մասին ծանուցում` նշելով օրենքով նախատեսված տեղեկությունները:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
10. Մրցույթի մասնակից է համարվում այն անձը, որը մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում` սահմանված կարգով հանձնաժողովին ներկայացրել է մրցույթի հայտը, որը ներառում է դիմումը, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև օրենքով նախատեսված տեղեկությունները:
i
11. Մրցույթի հայտն անձի կողմից ներկայացվում է սոսնձված, ստորագրված փակ ծրարով, որի վրա պետք է կատարվի «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումը:
(11-րդ կետը փոփ. 19.07.12 թիվ 901-Ն որոշում)
12. Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված թվով կրկնօրինակներից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ» և «Կրկնօրինակ» բառերը:
13. Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը:
14. Մրցույթին մասնակցելու իրավունք ունի նվազագույնը 3000 օրինակ տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցը, որը հրատարակվում է առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ:
15. Մրցույթի հայտերի բացման նիստի օրը նշանակվում է մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն 3 օր հետո` մրցույթի հրապարակային ծանուցմամբ նախատեսված օրը և ժամին:
16. Մրցույթի մասնակիցների հայտերը քննարկվում են` ըստ դրանց գրանցման հերթականության:
17. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
18. Հանձնաժողովի քարտուղարը բացում է հայտերի ծրարները և հայտերը ներկայացնում հանձնաժողովին:
19. Հանձնաժողովը ծանոթանում է մրցույթի մասնակիցների ներկայացրած հայտերին և բաց քվեարկությամբ կատարում լավագույն առաջարկը ներկայացրած մրցույթի մասնակցի ընտրություն:
20. Ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով`
ա) լրատվամիջոցի տպաքանակը.
բ) լրատվամիջոցի հրատարակման պարբերականությունը.
գ) լրատվամիջոցի տարածվածության աստիճանը Հայաստանի Հանրապետության տարածքում.
դ) լրատվամիջոցի հրատարակման օպերատիվությունը.
ե) հրապարակային ծանուցման հրապարակման գինը.
զ) լրատվամիջոցի մեկ օրինակի վաճառքի գինը:
V. ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼԸ
21. Հանձնաժողովն իր նիստում ընդունում է որոշում սույն կարգի և պայմանների 20-րդ կետի համաձայն ընտրված լավագույն մասնակցին մրցույթում հաղթող ճանաչելու մասին և կազմում մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշվում են օրենքով սահմանված տեղեկությունները:
22. Մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու օրը կազմակերպիչը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցն ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:
23. Արձանագրության ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում մրցույթի հաղթողը կազմակերպչի հետ կնքում է ծառայությունների մատուցման պայմանագիր` մեկ տարի ժամկետով:
24. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
VI. ՉԿԱՅԱՑԱԾ ԵՎ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
25. Հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`
ա) սահմանված ժամկետում ոչ մի հայտ չի ներկայացվել.
բ) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված պահանջներին, ինչպես նաև` եթե հայտեր ներկայացնելը չի համապատասխանել սույն կարգի և պայմանների ու մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին.
գ) արտակարգ իրավիճակների պատճառով անհնար է դառնում մրցույթով նախատեսված ծառայությունների մատուցումը:
26. Սույն կարգի և պայմանների պահանջների խախտմամբ կազմակերպված և անցկացված մրցույթը կարող է դատական կարգով ճանաչվել անվավեր:
27. Մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը: