Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1933.180207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 1933-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(2-րդ մաս)

 

11. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻՆՔ

 

1) Աշխատանքային գործընթացների անվտանգ կազմակերպման և իրականացման համար կազմակերպությունն իր ներքին իրավական ակտերով սահմանում է աշխատանքների անվտանգ կազմակերպման և իրականացման համար պատասխանատու անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, նրանց գիտելիքների ստուգման և նշանակման ընթացակարգերը` հիմք ընդունելով սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2) Աշխատանքային գործընթացները կազմակերպող և (կամ) իրականացնող անձանց գիտելիքներին առաջադրվող պահանջները սահմանվում են կազմակերպության ստանդարտներով: Կազմակերպությունը, ելնելով տեղական պայմաններից, իր էլեկտրակայանքների և տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկություններից, կազմակերպության ներքին իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պահանջներ:

3) Աշխատանքային գործընթացների անվտանգ կազմակերպման և իրականացման պարտականությունները դրվում են հետևյալ պատասխանատու անձանց վրա`

ա) աշխատանքների կատարման գրավոր կարգագիր կամ կարգադրություն տվող,

բ) աշխատանքների կատարման պատասխանատու ղեկավար,

գ) աշխատանքները թույլատրող,

դ) աշխատանքներն իրագործող,

ե) հսկող,

զ) բրիգադի անդամ:

4) Աշխատանքների անվտանգության ապահովման պատասխանատու անձանց պարտականությունները, իրավունքները և պատասխանատվությունը սահմանվում են կազմակերպության ներքին իրավական ակտերով` ելնելով հետևյալ պահանջներից`

5) աշխատանքների կատարման կարգագիր կամ կարգադրություն տվողը պարտավոր է`

ա) մինչև էլեկտրակայանքի վրա աշխատանքի կատարման հանձնարարական տալը` հստակ տեղեկություն ունենա էլեկտրակայանքի սխեմայի, տեխնիկական վիճակի, իրական ռիսկերի և աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տեխնոլոգիական գործընթացների պայմանների մասին,

բ) կարգագրով (կարգադրությամբ) նախատեսել աշխատանքի անվտանգությունն ապահովող սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված, ինչպես նաև իր գնահատմամբ ռիսկերը նվազեցնող այլ միջոցառումներ:

Եթե կարգագիր (կարգադրություն) տվողը գտնում է, որ աշխատատեղում առկա են կամ կարող են առաջանալ այլ ռիսկեր, որոնք կարգագրի (կարգադրության) կազմման ժամանակ չեն նախատեսվել, ապա նա պարտավոր է կարգագրի «Հատուկ ցուցումներ» բաժնում կամ կարգադրությունների մատյանում հանձնարարականներ տալ աշխատանքի ղեկավարին, թույլատրողին կամ աշխատանքն իրագործողին` լրացուցիչ ռիսկերի առաջացման դեպքում լրացուցիչ անվտանգության միջոցառումների կատարման կամ աշխատանքը դադարեցնելու մասին,

գ) նշանակել աշխատանքի ղեկավարին (եթե դա նախատեսված է սույն տեխնիկական կանոնակարգով կամ, իր գնահատմամբ, դա անհրաժեշտ է աշխատանքի անվտանգության ապահովման համար), սահմանել նրա պարտականությունները (թույլտվության մասնակցություն, աշխատանքային գործընթացների անընդհատ հսկողություն և այլն)` դրա մասին գրառումներ կատարելով կարգագրի «Հատուկ ցուցումներ» բաժնում,

դ) նշանակել աշխատանքն իրագործողին և բրիգադի անդամներին` հաշվի առնելով նրանց որակավորումն աշխատանքի անվտանգությունից, աշխատանքների կազմակերպման ունակությունները և տևողությունը:

6) Աշխատանքի ղեկավարը պարտավոր է`

ա) գնահատել կարգագրով նախատեսված անվտանգության միջոցառումների համապատասխանությունը կազմակերպության անվտանգության ստանդարտներին, դրանց բավարար լինելը` աշխատանքային ամբողջ գործընթացի անվտանգության ապահովման առումով, և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններով դիմել կարգագիր-թույլտվություն կամ գրավոր կարգադրություն տվող անձին,

բ) մասնակցել թույլատրողի գործողություններին (եթե դա նախատեսված է կարգագրով) և հսկել աշխատատեղի ճիշտ նախապատրաստման, բրիգադի հրահանգավորման, աշխատանքների թույլատրման ժամանակ,

գ) անընդմեջ հսկել աշխատանքային գործընթացը (եթե դա նախատեսված է կարգագրով),

դ) ընդունել աշխատատեղը` աշխատանքների ավարտից անմիջապես հետո,

ե) կատարել կարգագիր-թույլտվությամբ (կարգադրությամբ) նախատեսված այլ գործողություններ,

զ) աշխատանքների թույլատրման և (կամ) աշխատանքային գործընթացների ժամանակ անթույլատրելի ռիսկերի հայտնաբերման դեպքում` իրականացնել անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ (դրա մասին հայտնելով կարգագիր տվողին) կամ դադարեցնել աշխատանքները` դրա մասին տեղյակ պահելով կարգագիր տվող անձին:

Աշխատանքների ղեկավարն իրավունք չունի ինքնակամ փոփոխելու կամ չկատարելու կարգագրով նախատեսված աշխատանքի անվտանգության միջոցառումները, մասնակցելու աշխատանքային բուն գործընթացներին (եթե դա չի նախատեսված կարգագրով):

7) Աշխատանքները թույլատրողը պարտավոր է`

ա) գնահատել կարգագրով (կարգադրությամբ) նախատեսված անվտանգության միջոցառումների համապատասխանությունը կազմակերպության անվտանգության ստանդարտներին, դրանց բավարար լինելը` աշխատանքային ամբողջ գործընթացի անվտանգության ապահովման առումով, և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններով դիմել աշխատանքի ղեկավարին, իսկ վերջինիս չնշանակման դեպքում` կարգագիր (կարգադրություն) տվող անձին,

բ) կատարել կարգագրով (կարգադրությամբ) նախատեսված բոլոր անջատումները, հողանցումները (եթե դրանք, կարգագրի համաձայն չեն տեղադրվում աշխատանքների ղեկավարի կամ իրագործողի կողմից), ինչպես նաև անվտանգության այլ տեխնիկական միջոցառումներ,

գ) կատարել աշխատանքներն իրագործողի, աշխատանքների պատասխանատու ղեկավարի և անդամների նպատակային հրահանգավորում բոլոր վտանգների մասին (լարման տակ գտնվող սարքավորումներ, ճնշման տակ գտնվող անոթներ և այլն), այնուհետև բրիգադին թույլատրել աշխատանքների` դրա մասին գրառում կատարելով կարգագրում,

դ) հսկել աշխատանքային գործընթացը, եթե դա նախատեսված է կարգագրով (կարգադրությամբ),

ե) ընդունել աշխատատեղն աշխատանքների ավարտից անմիջապես հետո, եթե դա նախատեսված է կարգագրով (կարգադրությամբ),

զ) իրականացնել անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ (դրա մասին հայտնելով կարգագիր տվողին), իսկ դրանց անհնարինության դեպքում` բրիգադին չտալ աշխատանքներին անցնելու թույլտվություն, եթե աշխատանքների թույլատրման ժամանակ հայտնաբերում է անթույլատրելի ռիսկեր, որոնք հաշվի չեն առնվել կարգագիր (կարգադրություն) կազմելիս:

Աշխատանքները թույլատրողն իրավունք չունի ինքնակամ չկատարելու կարգագրով նախատեսված աշխատանքի անվտանգության միջոցառումները, մասնակցելու աշխատանքային բուն գործընթացներին:

8) Աշխատանքներն իրագործողը պարտավոր է`

ա) գնահատել կարգագրով (կարգադրությամբ) նախատեսված անվտանգության միջոցառումների համապատասխանությունն անվտանգության պահանջներին, դրանց բավարար լինելը` աշխատանքային ամբողջ գործընթացի անվտանգության ապահովման առումով, և անհրաժեշտության դեպքում` անվտանգության բարձրացման համար առաջարկություններով դիմել աշխատանքների ղեկավարին կամ կարգագիր (կարգադրություն) տվող անձին,

բ) ապահովել բրիգադին տվյալ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ գործիքներով, հարմարանքներով, անհատական պաշտպանության միջոցներով և սարքավորումներով, պահպանել դրանց օգտագործման կարգն ու պայմանները` աշխատանքային գործընթացներում,

գ) ստուգել աշխատատեղում իրականացված անվտանգության միջոցառումների (անջատումներ, հողանցումներ, ցանկապատերի ու պլակատների տեղադրում և այլն) համապատասխանությունը կարգագրին (կարգադրությանը),

դ) ընդունել աշխատատեղը թույլատրողից (աշխատանքների պատասխանատու ղեկավարից)` բրիգադին հրահանգավորելով աշխատատեղում առկա և աշխատանքային գործընթացներում առաջացող ռիսկերի մասին, և ղեկավարել (իրականացնել) աշխատանքները,

ե) տեղադրել կարգագրով (կարգադրությամբ) նախատեսված բոլոր հողանցումները, (եթե դրանք կարգագրի համաձայն չեն տեղադրվում աշխատանքների ղեկավարի կամ թույլատրողի կողմից), ինչպես նաև անվտանգության այլ տեխնիկական միջոցառումները,

զ) խստիվ պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները և անընդհատ հսկողություն իրականացնել բրիգադի անդամների նկատմամբ` ամբողջ աշխատանքային գործընթացի ժամանակ` նրանց կողմից աշխատանքի անվտանգության կանոնների կատարման համար,

է) աշխատանքային գործընթացում լրացուցիչ ռիսկեր առաջանալու դեպքում գնահատել դրանք, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` դրանց ազդեցությունը կանխարգելելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում դադարեցնել աշխատանքը և բրիգադը դուրս բերել աշխատատեղից: Եթե աշխատանքները կատարվում են պատասխանատու ղեկավարի անընդմեջ հսկողությամբ, ապա սույն կետով սահմանված ձեռնարկումներն ու որոշումները կայացվում են համատեղ:

9) Բրիգադի անդամը պարտավոր է աշխատանքային գործընթացներում պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները, գործիքների, պաշտպանության միջոցների, հարմարանքների օգտագործման կարգը, կատարել աշխատանքների ղեկավարի և իրագործողի ցուցումներն ու կարգադրությունները:

10) Հսկողը պարտավոր է`

ա) ստուգել նախապատրաստված աշխատատեղի համապատասխանությունը կարգագրով սահմանված պահանջներին (անջատումներ, հողանցումներ, շրջափակոցների ու պլակատների տեղադրում և այլն) և դրանց պահպանումն ամբողջ աշխատանքային գործընթացում,

բ) իրականացնել բրիգադի մշտական հսկողություն` էլեկտրաանվտանգության ապահովման նպատակով:

Հսկողը պատասխանատվություն չի կրում աշխատանքային գործընթացների անվտանգ իրականացման համար:

11) Թույլատրվում է աշխատանքների անվտանգության համար պատասխանատու անձանց (կարգագիր տվողի, աշխատանքների ղեկավարի, աշխատանքներն իրագործողի) մեկ համատեղում, եթե աշխատանքները կատարվում են պարզ և ակնառու սխեմայով էլեկտրակայանքներում կամ այն էլեկտրակայանքներում, որոնք չունեն տեղային օպերատիվ անձնակազմ: Բարձր ռիսկայնության աշխատանքներ կատարելու ժամանակ անվտանգության համար պատասխանատու անձանց համատեղում չի թույլատրվում:

12) Աշխատանքի անվտանգության ապահովման համար աշխատանքների պատասխանատու ղեկավար պետք է պարտադիր նշանակվի`

ա) մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքներում, եթե այդ աշխատանքները կատարվում են լարման տակ գտնվող 6000 Վ-ից բարձր լարման գծերի կամ բաց բաշխիչ սարքերի դողերի անվտանգության գոտում,

բ) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում, եթե պահանջվում են էլեկտրասարքերի անջատումներ` բացառությամբ պարզ և ակնառու սխեմայով էլեկտրակայանքների,

գ) տրանսպորտի ինտենսիվ շարժում ունեցող վայրերում` մալուխային գծերի նորոգման աշխատանքների ժամանակ,

դ) հենասյուների տեղակայման կամ ապատեղակայման աշխատանքների ժամանակ,

ե) օդային գծերի և տրանսպորտային ինտենսիվ հաղորդակցուղիների հատման վայրերում, բաց բաշխիչ սարքերի հաղորդալարերի փոխհատման վայրերում, օդային գծերի փոխհատման թռիչքների վրա աշխատանքներ կատարելիս,

զ) 6 կՎ և բարձր լարման օդային նոր գիծը գործող բաշխիչ սարքերին միացնելու աշխատանքների ժամանակ,

է) 6 կՎ և բարձր լարման օդային գծի հաղորդալարերի և մետաղաճոպանների միացման սխեմաների փոփոխման աշխատանքների ժամանակ,

ը) բազմաշղթա օդային գծի մեկ անջատված շղթայի վրա աշխատանքներ կատարելիս, երբ մնացած շղթաները գտնվում են լարման տակ,

թ) նույն էլեկտրակայանքի վրա երկու և ավելի բրիգադների միաժամանակյա աշխատանքների դեպքում,

ժ) օդային գծի ֆազերի հերթականությամբ նորոգման դեպքում,

ժա) մակածված լարման առկայության պայմաններում աշխատանքների ժամանակ,

ժբ) 6 կՎ և բարձր լարման էլեկտրակայանքներում այնպիսի աշխատանքների ժամանակ, որոնք բնութագրվում են որպես աշխատանքային լարման տակ գտնվող հոսանքատար մասերի վրա կատարվող աշխատանքներ,

ժգ) 6 կՎ և բարձր լարման մալուխային գծերի նորոգման աշխատանքների ժամանակ, որոնք կատարվում են փակ մալուխային կառույցներում (թունելներ, էստակադներ և այլն),

ժդ) օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում 6 կՎ և բարձր լարման օդային գծերի նորոգման աշխատանքների ժամանակ,

ժե) վթարային վիճակում գտնվող հենասյուներով օդային գծի սպասարկման աշխատանքներ կատարելիս` հենասյուների վրա 3 մ և ավելի բարձրանալու դեպքում,

ժզ) այլ աշխատանքների ժամանակ, որոնք, ըստ կարգագիր տվող անձի գնահատման, բարձր ռիսկայնության աշխատանքներ են:

 

12. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1) Աշխատանքի անվտանգության ապահովման կազմակերպական միջոցառումները անվտանգության կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն են և ներառում են`

ա) աշխատանքների կատարման առաջադրանք տվողի կողմից աշխատանքների գրավոր ձևակերպումը կարգագրով, կարգադրությամբ կամ նախապես կազմված և կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված շահագործման աշխատանքների անվանացանկով, որոնց կատարումը թույլատրվում է առանց գրավոր առաջադրանքի,

բ) աշխատանքների կատարման թույլատրումը,

գ) հսկողությունն աշխատանքների ընթացքում,

դ) աշխատանքների ընդմիջման, այլ աշխատատեղ տեղափոխման և աշխատանքների ավարտի ձևակերպումները:

2) Կազմակերպությունը, հիմք ընդունելով սույն տեխնիկական կանոնակարգի դրույթները, կազմակերպության ներքին իրավական ակտով սահմանում է`

ա) աշխատանքների ցանկը, որոնք թույլատրվում է կատարել միայն կարգագրով,

բ) աշխատանքների ցանկը, որոնք թույլատրվում է կատարել գրավոր կարգադրությամբ,

գ) ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների ցանկը, որոնց կատարման համար չի պահանջվում կարգադրություն կամ կարգագիր,

դ) կարգագրով կատարվող աշխատանքների ցանկը, որոնց դեպքում պարտադիր նշանակվում է աշխատանքների պատասխանատու ղեկավար:

3) Հետևյալ աշխատանքները պետք է կատարվեն միայն կարգագրով`

ա) բարձր ռիսկայնության պայմաններում կատարվող աշխատանքներ,

բ) բարձր լարման էլեկտրակայանքների վրա միջին ռիսկայնության պայմաններում կատարվող աշխատանքներ, երբ աշխատատեղի նախապատրաստման համար պահանջվում են անջատումների կատարում և (կամ) լարման տակ գտնվող հոսանքատար մասերին մոտենալը կանխարգելող հատուկ արգելափակոցների տեղադրում,

գ) աշխատանքներ էլեկտրակայանքներում, երբ ներգրավվում են նույն կազմակերպության տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներ` միաժամանակյա կամ հաջորդող աշխատանքներ կատարելու համար,

դ) այլ կազմակերպության անձնակազմի կողմից գործատուի գործող էլեկտրակայանքներում կատարվող աշխատանքներ:

4) Կարգագիրը լրացվում է երկու, իսկ կապի միջոցներով փոխանցելու դեպքում` երեք օրինակով, որոնցից մեկը գտնվում է կարգագիր տվողի մոտ: Կարգագրի օրինակելի ձևը և լրացման կարգը սահմանվում են կազմակերպության ստանդարտով:

5) Այն կարգագրերը, որոնցով աշխատանքները լիովին ավարտված են, պետք է պահվեն առնվազն 30 օր: Եթե կարգագրով աշխատանքներ կատարելու ընթացքում տեղի է ունեցել վթար կամ դժբախտ դեպք, ապա այդ կարգագիրը պետք է պահվի արխիվում` քննության նյութերի հետ միասին: Կարգագրով և կարգադրությամբ կատարվող աշխատանքների հաշվառումը կատարվում է հատուկ մատյանում, որի ձևը սահմանվում է կազմակերպության ստանդարտով:

6) Էլեկտրակայանքներում կարգադրությամբ կատարվում են մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացվող աշխատանքները, որոնք ներառված չեն այն աշխատանքների կազմում, որոնց կատարման համար, ըստ սույն գլխի 3-րդ կետի, պահանջվում է կարգագիր:

Աշխատանքի կարգադրությունը տրվում է աշխատանքներն իրագործողին և թույլատրողին: Տեղական օպերատիվ անձնակազմ չունեցող էլեկտրակայանքներում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատատեղում թույլտվություն չի պահանջվում, կարգադրությունը կարող է տրվել անմիջապես աշխատանքները կատարող աշխատողին:

Աշխատանքները, որոնց կատարումը նախատեսված է կարգադրությամբ, կարգադրություն տվողի հայեցողությամբ, կարող են կատարվել կարգագրով:

Կարգադրությամբ աշխատանքների թույլտվություն պետք է ձևակերպվի կարգագրերով և կարգադրություններով աշխատանքների հաշվառման մատյանում:

Օպերատիվ անձնակազմից աշխատանքներ կատարող կամ աշխատանքները հսկող ավագ աշխատողը 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում պետք է ունենա IV խումբ, իսկ մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում` III խումբ: Բրիգադի անդամները, ովքեր աշխատում են 1000 Վ բարձր և ցածր լարման էլեկտրակայանքներում, պետք է ունենան III խումբ:

Աշխատանքներն սկսելուց առաջ պետք է կատարվեն կարգադրություն տվողի կողմից որոշված աշխատանքների նախապատրաստման բոլոր տեխնիկական միջոցառումները:

7) Ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքները կազմակերպվում են աշխատանքային հերթափոխի ընթացքում: Ոչ մեծ ծավալի ընթացիկ շահագործման կարգով իրականացնելու թույլատրված աշխատանքների տեսակները պետք է ներկայացվեն կազմակերպության տեխնիկական ղեկավարի կամ էլեկտրատնտեսության պատասխանատուի կողմից նախօրոք մշակված, ստորագրված և կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված անվանացանկում` պահպանելով հետևյալ պահանջները`

ա) ընթացիկ շահագործման կարգով աշխատանքները (անվանացանկը) տարածվում են միայն մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքների վրա,

բ) աշխատանքները կատարվում են տվյալ սարքավորմանը կամ տեղամասին ամրացված օպերատիվ կամ օպերատիվ-նորոգող անձնակազմի ուժերով,

գ) աշխատատեղը նախապատրաստում են նույն աշխատողները, ովքեր այնուհետև պետք է կատարեն աշխատանքները:

8) Էլեկտրակայանքներում կարգագրով, գրավոր կարգադրությամբ կամ ընթացիկ աշխատանքների անվանացանկով աշխատանքներ կատարող բրիգադի անդամների կազմն ու որակավորումը որոշում է կարգագիր (կարգադրություն) տվողը, անվանացանկ հաստատողը` ելնելով հետևյալ պայմաններից`

ա) բրիգադի թվաքանակը և դրա կազմը պետք է որոշվեն` ելնելով աշխատանքի պայմաններից, ինչպես նաև բրիգադի անդամների նկատմամբ աշխատանքներն իրագործողի (հսկողի) կողմից հսկողություն ապահովելու հնարավորությունից:

Աշխատանքն իրագործողի կողմից ղեկավարվող բրիգադի անդամը պետք է ունենա III խումբ` բացառությամբ ՕԳ վրա կատարվող աշխատանքների, որոնք պետք է կատարի IV խումբ ունեցող բրիգադի անդամը:

Թույլատրվում է բրիգադի կազմում ներառել II խմբի մեկ աշխատողի` III խմբի յուրաքանչյուր աշխատողի դիմաց, բայց II խումբ ունեցող աշխատողների ընդհանուր քանակը բրիգադում չպետք է լինի երեքից ավելի,

բ) հերթապահությունում գտնվող օպերատիվ անձնակազմը վերադաս օպերատիվ անձնակազմի աշխատողի թույլտվությամբ կարող է ներգրավվել բրիգադի աշխատանքներում` դրա մասին գրանցելով օպերատիվ մատյանում և ձևակերպելով կարգագրում:

9) Աշխատատեղի նախապատրաստման իրավունքը և աշխատանքների թույլտվությունը կարող են տրվել միայն վերադաս օպերատիվ անձնակազմից կամ դրա համար լիազորված անձից իրավունք ստանալուց հետո:

Իրավունք տալը կարող է փոխանցվել աշխատատեղի նախապատրաստումը և բրիգադի աշխատանքների թույլտվությունն իրագործող անձնակազմին` անձամբ, հեռախոսով, ռադիոյով, թղթատարի կամ միջակա ենթակայանի օպերատիվ անձնակազմի միջոցով:

Արգելվում է այդպիսի իրավունքը տալ նախօրոք:

10) Բրիգադի թույլտվությունը կարելի է տալ միայն մեկ կարգագրով:

11) Երկու անձով մշտական գործող օպերատիվ անձնակազմով օբյեկտներում աշխատատեղը նախապատրաստում են նշված երկու անձը: Մեկ անձով մշտական գործող օպերատիվ անձնակազմով օբյեկտներում աշխատատեղը նախապատրաստելու համար կարող է ոչ օպերատիվ անձնակազմից ներգրավվել երկրորդ անձը, որն ունի այդ աշխատանքների կատարման իրավունք: Թույլտվությունը կատարում է նրանցից ավագ անձը:

12) Օպերատիվ-նորոգող անձնակազմի կողմից սպասարկվող օբյեկտներում աշխատատեղը նախապատրաստում են այդ անձնակազմից երկու անձ, թույլտվությունը կատարում է նրանցից ավագը:

13) Կարգավարական կետերի կողմից սպասարկվող օբյեկտներում աշխատատեղը նախապատրաստում է կարգավարական կետի օպերատիվ անձնակազմը (երկու անձով) և կատարում թույլտվություն: Աշխատանքների ավարտից հետո աշխատատեղն աշխատանքներ կատարողից (կամ պատասխանատու անձից) ընդունում է թույլտվություն տվողը:

14) Աշխատատեղի նախապատրաստումը և բրիգադին աշխատանքների թույլտվությունը կարգագրով և կարգադրությամբ տարբեր աշխատատեղերի և աշխատանքների համար սահմանվում են, ելնելով հետևյալ պայմաններից`

ա) արգելվում է փոփոխել կարգագրով նախատեսված աշխատատեղերի նախապատրաստման միջոցառումները:

Աշխատատեղի նախապատրաստման միջոցառումների բավարարության և ճշտության, աշխատանքների անվտանգ կատարման հնարավորության վերաբերյալ պատասխանատու ղեկավարի, թույլատրողի մեջ կասկածներ առաջանալու դեպքում` այդ նախապատրաստումը պետք է դադարեցվի, իսկ նախատեսված աշխատանքները` հետաձգվեն.

բ) այն դեպքերում, երբ աշխատանքներն իրագործողը համատեղում է թույլատրողի պարտականությունները, նա պետք է աշխատատեղը նախապատրաստի բրիգադի անդամներից III խումբ ունեցող անձի հետ.

գ) թույլատրողը, թույլտվությունից առաջ պետք է համոզվի, որ աշխատատեղի նախապատրաստման տեխնիկական միջոցառումները կատարված են` անձամբ զննելով, օպերատիվ մատյանի գրանցումներով, օպերատիվ սխեմայով, օպերատիվ կամ օպերատիվ-նորոգող անձնակազմի հաղորդումներով.

դ) աշխատանքների պատասխանատու ղեկավարը և իրագործողը (հսկողը) աշխատանքների թույլտվությունից առաջ պետք է թույլատրողի մոտ պարզեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկված աշխատատեղի նախապատրաստման համար և թույլատրողի հետ միասին պետք է ստուգեն այդ նախապատրաստությունն անձամբ` աշխատատեղի սահմաններում:

Օպերատիվ անձնակազմի բացակայության դեպքում, բայց նրա թույլտվությամբ, աշխատանքների պատասխանատու ղեկավարն աշխատանքներն իրագործողի հետ միասին կարող է ինքնուրույն ստուգել աշխատատեղի նախապատրաստությունը:

15) Կարգագրերով և կարգադրություններով աշխատանքների թույլտվությունը պետք է իրագործվի անմիջապես աշխատատեղում:

Այն դեպքերում, երբ պետք չէ աշխատատեղի նախապատրաստում, կարգադրությամբ կատարվող աշխատանքների թույլտվությունն անմիջապես աշխատատեղում կատարելը պարտադիր չէ, իսկ ՕԳ, կապի օդային գծի (այսուհետ` ԿՕԳ) և մալուխային գծի (այսուհետ` ՄԳ) վրա դա չի պահանջվում:

16) Թույլտվությունը կատարվում է աշխատատեղը պատրաստ լինելն ստուգելուց հետո: Այդ դեպքում թույլատրողը պարտավոր է`

ա) բրիգադի անդամների անձնական վկայականներով ստուգել բրիգադի կազմի համապատասխանությունը կարգագրում կամ կարգադրությունում նշվածին,

բ) ապացուցել բրիգադին, որ լարումը բացակայում է` տեղադրված հողանցումների ցուցադրմամբ կամ, եթե աշխատատեղից հողանցումները չեն երևում, ստուգելով լարման բացակայությունը, իսկ 35 կՎ և ցածր լարման էլեկտրակայանքներում (որտեղ թույլ է տալիս կառուցվածքային կատարումը)` հոսանքատար մասերին հաջորդականորեն ձեռքով հպվելով:

17) Կարգագրով կամ կարգադրությամբ աշխատանքների սկզբին պետք է նախորդի նպատակային հրահանգավորում, որով նախատեսվում են կոնկրետ աշխատանքի անվտանգ կատարման ցուցումներ` կարգագիր, կարգադրություն տվողից մինչև բրիգադի անդամը (կատարողը):

Առանց նպատակային հրահանգավորման անցկացման աշխատանքների թույլտվությունն արգելվում է:

Կարգագրով աշխատանքների նպատակային հրահանգավորումն անցկացնում են`

ա) կարգագիր տվողը` աշխատանքների պատասխանատու ղեկավարին կամ, եթե պատասխանատու ղեկավար նշանակված չէ, աշխատանքներն իրագործողին (հսկողին),

բ) թույլատրողը` աշխատանքների պատասխանատու ղեկավարին, աշխատանքներն իրագործողին (հսկողին) և բրիգադի անդամներին,

գ) աշխատանքների պատասխանատու ղեկավարը` աշխատանքներն իրագործողին (հսկողին) և բրիգադի անդամներին,

դ) աշխատանքներն իրագործողը (հսկողը)` բրիգադի անդամներին:

Կարգադրությամբ աշխատանքների նպատակային հրահանգավորումն անցկացնում են`

ա) կարգադրություն տվողը` աշխատանքներն իրագործողին (հսկողին) կամ անմիջապես աշխատանքները կատարողին, թույլատրողին,

բ) թույլատրողը` աշխատանքներն իրագործողին (հսկողին), բրիգադի անդամներին (կատարողներին):

Բրիգադի կազմում նոր անդամ ներգրավելու դեպքում հրահանգավորումը, որպես կանոն, պետք է անցկացնի աշխատանքներն իրագործողը (հսկողը):

18) Կարգագիր, կարգագրություն տվողը, աշխատանքների պատասխանատու ղեկավարը, աշխատանքներն իրագործողը (հսկողը) իրենց նպատակային հրահանգավորման ժամանակ, բացի էլեկտրաանվտանգության հարցերից, պետք է հստակ ցուցումներ տան աշխատանքների անվտանգ կատարման տեխնոլոգիայի, գործիքների, հարմարանքների, մեխանիզմների և բեռնամբարձ մեքենաների օգտագործման վերաբերյալ:

Աշխատանքներն իրագործողը (հսկողը) նպատակային հրահանգավորման ժամանակ պարտավոր է բրիգադի անդամներին տալ հոսանքահարումը բացառող սպառիչ ցուցումներ:

19) Թույլատրողը նպատակային հրահանգավորման ժամանակ բրիգադի անդամներին պետք է ծանոթացնի կարգագրի, կարգադրության բովանդակությանը, ցույց տա աշխատատեղի սահմանները, մակածված լարման առկայությունը, ցույց տա աշխատատեղին մոտակա սարքավորանքը և նորոգվող ու հարևան միացությունների հոսանքատար մասերը, որոնց արգելվում է մոտենալ` անկախ նրանից` դրանք գտնվում են լարման տակ, թե ոչ:

20) Կարգագրով աշխատելիս նպատակային հրահանգավորումը պետք է ձևակերպվի առաջնային թույլտվության նպատակային հրահանգավորման գրանցման մատյանում` հրահանգավորում անցկացնող և հրահանգավորված աշխատողների ստորագրություններով:

21) Կարգադրությամբ աշխատելիս նպատակային հրահանգավորումը պետք է ձևակերպվի կարգագրերով և կարգադրություններով աշխատանքների հաշվառման մատյանի համապատասխան սյունակում հրահանգավորման էության համառոտ շարադրմամբ, հրահանգավորում անցկացնողի (կարգադրություն տվողի) և հրահանգավորում ստացողների (աշխատանքներն իրագործողի, կատարողի, թույլատրողի) ստորագրություններով:

22) Աշխատանքի թույլտվությունը ձևակերպվում է կարգագրի երկու օրինակում, որոնցից մեկը մնում է աշխատանքներն իրագործողի (հսկողի) մոտ, իսկ երկրորդը` օպերատիվ անձնակազմից թույլատրողի մոտ:

Երբ աշխատանքներն իրագործողը համատեղում է թույլատրողի պարտականությունները, թույլտվությունը ձևակերպվում է կարգագրի մեկ օրինակում:

Աշխատանքի թույլտվությունն ըստ կարգադրության ձևակերպվում է կարգագրերով և կարգադրություններով աշխատանքների հաշվառման մատյանում, օպերատիվ մատյանում` աշխատանքների թույլտվության մասին գրառմամբ:

23) Աշխատանքի թույլտվությունից հետո բրիգադի անվտանգության պահանջների պահպանման հսկողությունը դրվում է աշխատանքներն իրագործողի (հսկողի) վրա, որը պետք է այնպես կազմակերպի իր աշխատանքը, որպեսզի հսկողություն իրականացնի բրիգադի բոլոր անդամների վրա` գտնվելով հնարավորինս աշխատատեղի այն տեղամասում, որտեղ կատարվում են ամենավտանգավոր աշխատանքները:

Հսկողին արգելվում է հսկումը համատեղել որևէ այլ աշխատանքի կատարման հետ:

24) Աշխատատեղից ժամանակավոր հեռանալու անհրաժեշտության դեպքում` աշխատանքներն իրագործողը (հսկողը), եթե նրան չեն կարող փոխարինել աշխատանքների պատասխանատու ղեկավարը, թույլատրողը կամ կարգագիր տալու իրավունք ունեցող աշխատողը, պարտավոր է աշխատատեղից հեռացնել բրիգադը (նրան դուրս բերելով բաշխիչ սարքից (այսուհետ` ԲՍ) և կողպեքով փակելով մուտքի դռները, մարդկանց հանելով ՕԳ հենարանից և այլն):

Աշխատանքներն իրագործողի թույլտվությամբ բրիգադի աշխատողների մի մասը կարող է ժամանակավորապես հեռանալ աշխատատեղից` պայմանով, որ 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքում պետք է մնա առնվազն երկու մարդ` ներառյալ աշխատանքներն իրագործողը (հսկողը):

25) Սույն տեխնիկական կանոնակարգի խախտումների բացահայտման կամ աշխատողների անվտանգությանն սպառնացող այլ հանգամանքների հայտնաբերման դեպքում բրիգադը պետք է հեռացվի աշխատատեղից, և աշխատանքներն իրագործողից (հսկողից) կարգագիրը պետք է հետ վերցվի: Միայն բացահայտված խախտումները վերացնելուց հետո բրիգադը կարող է նորից աշխատանքի անցնելու թույլտվություն ստանալ` պահպանելով առաջնային թույլտվության պահանջները:

26) Բրիգադի կազմը կարող է փոխել միայն կարգագիր (կարգադրություն) տվողը, ինչի մասին կարգագրում գրանցում է կատարվում (կարգագրերի գրանցման մատյանում): Բրիգադի տեղափոխումն այլ աշխատատեղ, աշխատանքների ընդմիջումների ձևակերպումը և աշխատանքների կրկնակի թույլատրումը, աշխատանքների ավարտի ձևակերպումը, էլեկտրակայանքի միացումն աշխատանքների լրիվ ավարտից հետո կատարվում են կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:

 

13. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Աշխատողների անվտանգության ապահովման տեխնիկական միջոցառումները պետք է ապահովեն`

ա) աշխատողների անվտանգությունը` լարումը հանելով հոսանքատար մասերի վրա աշխատանքներ կատարելիս,

բ) աշխատողների անվտանգությունը` էլեկտրակայանքների ոչ հոսանքատար մասերի վրա աշխատանքներ կատարելիս, երբ առկա է աշխատանքային լարումը հոսանքատար մասերի վրա,

գ) աշխատողների և այլ անձանց անվտանգությունը` լարման կողմնակի աղբյուրից փորձարկման աշխատանքներ կատարելիս,

դ) աշխատողների և այլ անձանց անվտանգությունը` լարման տակ գտնվող օդային գծերի և բաց բաշխիչ սարքերի պահպանության գոտիներում վերամբարձ մեխանիզմների կիրառմամբ աշխատանքներ կատարելիս:

 

14. ԼԱՐՈՒՄԸ ՀԱՆԵԼՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

1) Լարումը հանելով աշխատատեղի նախապատրաստման համար պետք է նշված կարգով կատարվեն հետևյալ տեխնիկական միջոցառումները`

ա) կատարվեն անհրաժեշտ անջատումներ և ձեռնարկվեն միջոցներ, որոնք կանխարգելում են աշխատատեղին լարում տալը` փոխարկման ապարատների սխալ կամ ինքնաբերաբար միացման հետևանքով,

բ) փոխարկման ապարատների ձեռքի կառավարման շարժաբերների և հեռակառավարման բանալիների վրա կախվեն արգելող պլակատներ,

գ) ստուգվի լարման բացակայությունը հոսանքատար մասերում, որոնք պետք է հողանցված լինեն` մարդկանց հոսանքահարումից պաշտպանելու համար,

դ) դրվի հողանցում (միացվեն հողանցող դանակները, իսկ այն տեղերում, որտեղ դրանք բացակայում են, տեղադրվեն փոխադրովի հողանցումներ),

ե) կախվեն «Հողանցված է» ցուցական պլակատներ, անհրաժեշտության դեպքում ցանկապատվեն աշխատատեղերը և լարման տակ մնացած հոսանքատար մասերը, կախվեն նախազգուշացնող ու կարգադրիչ պլակատներ:

2) Անջատումների կատարումը

Աշխատատեղի նախապատրաստման ժամանակ պետք է անջատվեն`

ա) հոսանքատար մասերը, որոնց վրա կատարվելու են աշխատանքները,

բ) չցանկապատված հոսանքատար մասերը, որոնց հնարավոր է մարդկանց, մեխանիզմների և բեռնամբարձ մեքենաների պատահական մոտեցումը N 1 աղյուսակում նշվածից պակաս հեռավորությամբ,

գ) շարժաբերների կառավարման և սնման շղթաները, փակվի փոխարկման ապարատների կառավարման համակարգում օդը, հանվի անջատիչների և ընդհատիչների (բաժանիչների) շարժաբերների զսպանակների և ծանրոցների լարքը:

3) 1000 Վ բարձր լարման էլեկտրակայանքներում յուրաքանչյուր կողմից, որտեղից աշխատատեղերին փոխարկման ապարատի միջոցով կարող է տրվել լարում, պետք է լինի տեսանելի խզում: Տեսանելի խզումը կարող է ստեղծվել հաղորդաձողերի և հաղորդալարերի անջատմամբ կամ հանմամբ, ընդհատիչների (բաժանիչների) անջատմամբ, ապահովիչների հանմամբ, բեռնվածքի անջատիչների և զատիչների (խզիչների) անջատմամբ:

Լարման տրանսֆորմատորները և ուժային տրանսֆորմատորները, որոնք կապված են աշխատանքների համար հատկացված էլեկտրակայանքի տեղամասի հետ, պետք է անջատվեն, և սխեմաները պետք է կազմատվեն նաև իրենց այլ փաթույթների կողմից` հետադարձ տրանսֆորմացիայի հնարավորությունը բացառելու համար:

4) Անջատիչների, զատիչների (խզիչների), ընդհատիչների (բաժանիչների) և ձեռքի կառավարմամբ բեռնվածքի անջատիչների անջատումից հետո անհրաժեշտ է դիտարկմամբ համոզվել, որ դրանք անջատված են, և շունտող միջակապերը բացակայում են:

5) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում փոխարկման ապարատների սխալմամբ կամ ինքնաբերաբար միացումը կանխելու համար, որի հետևանքով լարումը կարող է տրվել աշխատատեղին, պետք է կիրառվեն հետևյալ միջոցները`

ա) պետք է մեխանիկական կողպեքով անջատված դիրքում փակված լինեն բեռնվածքի անջատիչների, ընդհատիչների (բաժանիչների) և զատիչների (խզիչների) ձեռքի շարժաբերները (6-10 կՎ լարման միաբևեռ բաժանիչներով էլեկտրակայանքներում մեխանիկական կողպեքի փոխարեն թույլատրվում է դանակների վրա հագցնել դիէլեկտրիկ թասակներ),

բ) օպերատիվ ձողով կառավարվող ընդհատիչների (բաժանիչների) մշտական ցանկապատերը պետք է փակված լինեն մեխանիկական կողպեքով,

գ) հեռագործ կառավարում ունեցող փոխարկման ապարատների շարժաբերներում պետք է անջատվեն ուժային և կառավարման շղթաները, իսկ օդաճնշական շարժաբերներում, բացի դրանից, սեղմված օդի առբերիչ խողովակաշարի վրա պետք է մեխանիկական կողպեքով փակվի սողնակը, և բաց թողնվի սեղմված օդը, ընդ որում, արտաթողման կափույրները պետք է թողնվեն բաց դիրքում,

դ) ծանրոցային և զսպանակային շարժաբերներում միացնող ծանրոցը կամ միացնող զսպանակները պետք է բերվեն ոչ աշխատանքային դիրքի,

ե) պետք է կախվեն արգելող պլակատներ:

Դուրս բերվող սայլակներով լրակազմ բաշխիչ սարքի փոխարկման ապարատների սխալմամբ միացումը կանխելու միջոցները պետք է իրականացվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

6) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքների բոլոր հոսանքատար մասերից, որոնց վրա կատարվելու են աշխատանքներ, լարումը պետք է հանված լինի` ձեռքի շարժաբերով փոխարկման ապարատների անջատմամբ, իսկ սխեմայում ապահովիչների առկայության դեպքում` վերջիններիս հանմամբ: Սխեմայում ապահովիչների բացակայության դեպքում` փոխարկման ապարատների սխալմամբ միացման կանխումը պետք է ապահովվի այնպիսի միջոցներով, ինչպիսիք են պահարանների, բռնակների կամ դռների փակումը, կոճակների ծածկումը, փոխարկման ապարատի հպակների արանքում մեկուսիչ մակադրակների տեղադրումը և այլն: Հեռակառավարմամբ փոխարկման ապարատով լարումը հանելու դեպքում անհրաժեշտ է անջատել միացնող կոճի երկրորդական շղթան:

Նշված միջոցառումները կարող են փոխարինվել հաղորդաձողերը քանդելով կամ մալուխը, հաղորդալարերն անջատելով փոխարկման ապարատից կամ սարքավորումից, որի վրա պետք է կատարվի աշխատանք:

Անհրաժեշտ է կախել արգելող պլակատներ:

7) Տեսանելիության համար անմատչելի հպակներով փոխարկման ապարատների անջատված դիրքը մինչև 1000 Վ լարման դեպքում որոշվում է դրա սեղմակների կամ գնացող հաղորդաձողերի, հաղորդալարերի կամ այդ փոխարկման ապարատներով միացվող սարքավորման սեղմակների վրա լարման բացակայության ստուգմամբ:

8) Արգելող պլակատների կախումը`

ա) ձեռքով կառավարվող փոխարկման ապարատների շարժաբերների (շարժաբերների բռնակների) վրա (ավտոմատներ, ընդհատիչներ (բաժանիչներ), զատիչներ (խզիչներ), անջատիչներ), որոնց միացնելուց կարող է լարում տրվել աշխատատեղին, պետք է կախված լինեն պլակատներ` «Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում»:

Օպերատիվ ձողով կառավարվող ընդհատիչների (բաժանիչների) դեպքում պլակատները կախվում են ցանկապատերի վրա, իսկ միաբևեռ ընդհատիչների (բաժանիչների) դեպքում` յուրաքանչյուր բևեռի շարժաբերի վրա: Սողնակների վրա, որոնք փակում են օդի մուտքն ընդհատիչների (բաժանիչների) օդաճնշական շարժաբերներ, կախվում է պլակատ` «Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում»:

Փոխարկման ապարատ չունեցող` մինչև 1000 Վ լարման միացումների վրա «Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում» պլակատը պետք է կախել հանված ապահովիչների վրա, իսկ լրակազմ բաշխիչ սարքի դեպքում` ըստ 18-րդ գլխի 9-րդ կետի:

Պլակատները պետք է կախվեն տեղային և հեռակառավարման բանալիների ու կոճակների վրա, ինչպես նաև փոխարկման ապարատների կառավարման շղթաների ու շարժաբերների ուժային շղթաների սնման ավտոմատների վրա և հանված ապահովիչների տեղում,

բ) բաժանիչների շարժաբերների վրա, որոնցով աշխատանքների համար անջատված են ՕԳ կամ ՄԳ, անկախ աշխատող բրիգադների թվից, պետք է կախված լինի մեկ պլակատ` «Չմիացնե՛լ, գծում աշխատում են»: Այդ պլակատը կախվում և հանվում է գծի վրա աշխատող բրիգադների թիվը հաշվառող օպերատիվ անձնակազմի ցուցումով:

 

15. ԼԱՐՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

 

1) Լարման բացակայությունն անհրաժեշտ է ստուգել լարման ցուցիչով, որի սարքինությունն օգտագործելուց առաջ պետք է որոշվի այդ նպատակի համար նախատեսված հատուկ սարքերի օգնությամբ կամ հաստատապես լարման տակ գտնվող հոսանքատար մասերին մոտեցնելով:

1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում լարման ցուցիչն անհրաժեշտ է օգտագործել դիէլեկտրիկ ձեռնոցներով:

35 կՎ և բարձր լարման էլեկտրակայանքներում, լարման բացակայության ստուգման համար կարելի է օգտվել մեկուսիչ ձողից` այն մի քանի անգամ հպելով հոսանքատար մասերին: Լարման բացակայության նշան է կայծերի ու ճրթճրթոցների բացակայությունը:

2) ԲՍ-ում լարման բացակայությունը թույլատրվում է ստուգել օպերատիվ անձնակազմի IV խումբ ունեցող մեկ աշխատողի` 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում, և III խումբ ունեցող մեկ աշխատողի` մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում:

ՕԳ-ում լարման բացակայության ստուգումը պետք է կատարեն երկու աշխատողներ` 1000 Վ-ից բարձր լարման ՕԳ-ում` IV և III խումբ ունեցողներ, մինչև 1000 Վ լարման ՕԳ-ում` III խումբ ունեցողներ:

3) 330 կՎ և բարձր լարման միաշղթա օդային գծերի վրա լարման բացակայության բավարար հատկանիշ է հանդիսանում պսակավորման բացակայությունը:

4) Թույլատրվում է լարման բացակայությունն ստուգել տեղում բնօրինակ սխեմայի ստուգմամբ`

ա) լարման հատուկ ցուցիչի բացակայության դեպքում` բաց բաշխիչ սարքում (այսուհետ` ԲԲՍ), արտաքին տեղակայման լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում, լրակազմ բաշխիչ սարքում, ինչպես նաև ՕԳ վրա` մառախուղի, անձրևի, ձյան ժամանակ,

բ) 330 կՎ և բարձր լարման ԲԲՍ-ում և 330 կՎ և բարձր լարման երկշղթա ՕԳ վրա:

Տեղում բնօրինակ սխեմայի ստուգման դեպքում` լարման բացակայությունը ՕԳ և ՄԳ ներանցիչների վրա հաստատվում է հերթապահի կողմից, որի օպերատիվ կառավարման ներքո են գտնվում այդ գծերը:

ՕԳ բնօրինակ սխեմայի ստուգումը կայանում է գծերի ուղղությունների և արտաքին նշանների, ինչպես նաև հենարանների վրա նշումների ստուգման մեջ, որոնք պետք է համապատասխանեն գծերի կարգավարական անվանումներին:

5) 6-20 կՎ լարման ՕԳ վրա լարման բացակայության ստուգման ժամանակ փայտյա կամ երկաթբետոնե հենարաններից, ինչպես նաև փոխագուցավոր վերնակից, ունակային հոսանքի հոսելու սկզբունքով աշխատող ցուցիչով (բացառությամբ իմպուլսայինի) անհրաժեշտ է ապահովել ցուցիչի պահանջվող զգայունությունը: Դրա համար դրա աշխատանքային մասը անհրաժեշտ է հողանցել:

6) ՕԳ վրա, տարբեր մակարդակներով հաղորդալարերի կախվածքի դեպքում, լարման բացակայության ստուգումը ցուցիչով կամ ձողով և հողանցման տեղադրումն անհրաժեշտ է կատարել ներքևից վերև` սկսած ներքևի հաղորդալարից: Հորիզոնական կախվածքի դեպքում ստուգումը պետք է սկսել մոտակա հաղորդալարից:

7) Հողանցված չեզոքով մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում, երկբևեռ ցուցիչի կիրառման դեպքում, լարման բացակայությունը պետք է ստուգել ինչպես ֆազերի միջև, այնպես էլ յուրաքանչյուր ֆազի և սարքավորանքի հողանցված իրանի կամ պաշտպանիչ հաղորդալարի միջև: Թույլատրվում է օգտագործել նախապես ստուգված վոլտաչափ: Արգելվում է օգտվել «ստուգիչ» լամպերից:

8) Ապարատի անջատված դիրքի մասին ազդանշանող սարքվածքները, ուղեկապող սարքվածքները, մշտական միացված վոլտաչափերը և այլն հանդիսանում են միայն որպես լարման բացակայությունը հաստատող լրացուցիչ միջոցներ, և դրանց ցուցմունքների հիման վրա չի կարելի անել եզրակացություն լարման բացակայության մասին:

 

16. ՀՈՂԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

 

Ընդհանուր պահանջներ

 

1) Հոսանքատար մասերի վրա հողանցումներն անհրաժեշտ է տեղադրել անմիջապես լարման բացակայության ստուգումից հետո:

2) Փոխադրովի հողանցումը նախ պետք է միացնել հողանցող սարքվածքին և ապա, լարման բացակայության ստուգումից հետո, տեղադրել հոսանքատար մասերի վրա:

Փոխադրովի հողանցումն անհրաժեշտ է հանել հակառակ հաջորդականությամբ` սկզբում դա հանել հոսանքատար մասերից, ապա անջատել հողանցող սարքվածքից:

3) Փոխադրովի հողակցումների տեղադրումը և հանումը պետք է կատարվեն դիէլեկտրիկ ձեռնոցներով` 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում օգտագործելով նաև մեկուսիչ ձող: Փոխադրովի հողանցումների սեղմակների ամրապնդումը պետք է կատարել այդ նույն ձողով կամ անմիջապես ձեռքերով` դիէլեկտրիկ ձեռնոցներով:

4) Արգելվում է հողանցման համար գործածել այդ նպատակի համար չնախատեսված հաղորդալարեր:

 

Հողանցումների տեղադրումը բաշխիչ սարքերում

 

5) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում պետք է հողանցվեն բոլոր ֆազերի (բևեռների) հոսանքատար մասերը` աշխատանքների համար անջատված տեղամասի բոլոր կողմերից, որտեղից կարող է տրվել լարումը` բացառությամբ աշխատանքների համար անջատված հավաքովի հաղորդաձողերի, որոնց վրա բավական է տեղադրել մեկ հողանցում:

ՕԳ գծային բաժանիչի վրա աշխատանքներ կատարելիս, անկախ բաժանիչի վրա հողանցող դանակների առկայությունից, պետք է տեղադրվի լրացուցիչ հողանցում` ՕԳ կողմից իջնող հաղորդալարերի վրա, որը չպետք է խախտվի բաժանիչների հետ գործողություններ կատարելիս:

6) Հողանցված հոսանքատար մասերը պետք է բաժանված լինեն լարման տակ գտնվող հոսանքատար մասերից տեսանելի խզումով:

Տեղադրված հողանցումները կարող են բաժանված լինել հոսանքատար մասերից, որոնց վրա անմիջականորեն կատարվում են աշխատանքները, անջատված անջատիչներով, ընդհատիչներով (բաժանիչներով), բեռնվածքի անջատիչներով կամ զատիչներով (խզիչներով), հանված ապահովիչներով, ապատեղակայված հաղորդաձողերով կամ հաղորդալարերով:

Անմիջականորեն աշխատատեղում հոսանքատար մասերի վրա պետք է լրացուցիչ հողանցում տեղադրվի այն դեպքերում, երբ այդ մասերը կարող են հայտնվել մակածված լարման (պոտենցիալի) տակ:

7) Փոխադրովի հողանցումներն անհրաժեշտ է միացնել հոսանքատար մասերին` ներկից մաքրված տեղերում:

8) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում ԲՍ հավաքող հաղորդաձողերի, հավաքվածքների, վահանների վրա աշխատանքների ժամանակ լարումը հաղորդաձողերից պետք է հանված լինի, և հաղորդաձողերը (բացառությամբ մեկուսացված հաղորդալարով հաղորդաձողերի) պետք է լինեն հողանցված:

Այդ ԲՍ, վահանների, հավաքվածքների, միացությունների և միացված սարքավորման հողանցման անհրաժեշտությունը և հնարավորությունը որոշում է կարգագիր, կարգադրություն տվողը:

9) Թույլատրվում է աշխատատեղի նախապատրաստման ժամանակ տեղադրված հողանցումների ժամանակավոր հանումը, եթե դա պահանջվում է կատարվող աշխատանքների բնույթով (մեկուսացման դիմադրության չափում և այլն):

Հողանցումների ժամանակավոր հանումը և կրկին տեղադրումը կատարում է օպերատիվ անձնակազմը կամ կարգագիր տվողի ցուցումով աշխատանքներն իրագործողը:

Հողանցումների ժամանակավոր հանման, ինչպես նաև աշխատանքն իրագործողի կողմից այդ գործողությունների կատարման թույլտվությունը պետք է ամրագրված լինի կարգագրի «Առանձին ցուցումներ» տողում` գրանցելով` որտեղ և ինչ նպատակով պետք է հանված լինեն հողանցումները:

10) Էլեկտրակայանքներում, որոնց կառուցվածքն այնպիսին է, որ հողանցման տեղադրումը վտանգավոր է կամ անհնար (օրինակ, որոշ բաշխիչ արկղերում, առանձին տեսակների լրակազմ բաշխիչ սարքերում, ֆազերի ուղղաձիգ դասավորությամբ հավաքվածքներում), պետք է մշակվեն աշխատանքի անվտանգությունն ապահովող լրացուցիչ միջոցառումներ` ընդհատիչների (բաժանիչների) դանակների վրա դիէլեկտրիկ թասակների կամ դիէլեկտրիկ մակադրակների տեղադրում, հաղորդալարերի, մալուխների և հաղորդաձողերի անջատում: Այդպիսի էլեկտրակայանքների անվանացանկը հաստատում է գործատուն և իրազեկում անձնակազմին:

11) Մինչև 1000 Վ լարման էլեկտրակայանքներում հողանցումների տեղադրման և հանման գործողությունները թույլատրվում է կատարել օպերատիվ անձնակազմից III խումբ ունեցող մեկ աշխատողի:

12) 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրակայանքներում փոխադրովի հողանցումների տեղադրումը պետք է կատարեն երկու աշխատողներ` մեկը IV խումբ ունեցող (օպերատիվ անձնակազմից), մյուսը` III խումբ, վերջինս կարող է լինել նորոգող անձնակազմից, իսկ սպառողների միացությունների հողանցման դեպքերում` սպառողների անձնակազմից: Հեռավոր ենթակայաններում, վարչատեխնիկական կամ օպերատիվ անձնակազմի թույլտվությամբ, հիմնական սխեմայում հողանցումների տեղադրման ժամանակ թույլատրվում է սպառողների անձնակազմից III խումբ ունեցող երկրորդ անձի աշխատանքը. հողանցող դանակները կարող է միացնել օպերատիվ անձնակազմից IV խումբ ունեցող մեկ աշխատող:

Հողանցող դանակներն անջատել և փոխադրովի հողանցումները հանել միանձնյա կարող է III խումբ ունեցող մեկ աշխատող օպերատիվ անձնակազմից:

 

Հողանցումների տեղադրումն օդային գծերի վրա

 

13) 1000 Վ-ից բարձր լարման ՕԳ-երը պետք է հողանցված լինեն բոլոր ԲՍ-երում և սեկցիավորող փոխարկման ապարատների մոտ, որտեղ գիծն անջատված է:

Թույլատրվում է`

ա) 35 կՎ և բարձր լարման ճյուղավորումներով ՕԳ չհողանցել այդ ճյուղավորություններին միացված ենթակայաններում` պայմանով, որ ՕԳ հողանցված է երկու կողմերից, իսկ այդ ենթակայաններում հողանցումները տեղադրված են անջատված գծային բաժանիչներից հետո,

բ) 6-20 կՎ լարման ՕԳ հողանցել միայն մեկ ԲՍ-ում կամ մեկ սեկցիավորող ապարատի մոտ, կամ ԲՍ-ին կամ սեկցիավորող ապարատին ամենամոտ հենարանի վրա:

Այդ լարման մնացած ԲՍ-ներում և սեկցիավորող ապարատի մոտ, որտեղ ՕԳ անջատված է, թույլատրվում է այն չհողանցել` պայմանով, որ աշխատատեղի և այդ ԲՍ կամ սեկցիավորող ապարատների միջև ՕԳ վրա տեղադրվեն հողանցումներ: Նշված հողանցումներն ՕԳ վրա պետք է տեղադրել հողանցող սարքվածքներ ունեցող հենարանների վրա:

Մինչև 1000 Վ լարման ՕԳ վրա բավական է հողանցումը տեղադրել միայն աշխատատեղում:

14) Ի լրումն սույն գլխի 13-րդ կետում նշված հողանցումների` ամեն մի բրիգադի աշխատատեղում պետք է հողանցված լինեն բոլոր ֆազերի հաղորդալարերը, իսկ անհրաժեշտության դեպքում` շանթապաշտպան մետաղաճոպանները:

15) Խարսխային թռիչքում հաղորդալարերի տեղակայման դեպքում, ինչպես նաև տեղակայված ՕԳ տեղամասում խարսխային հենարանների վրա հանգույցները միացնելուց հետո հաղորդալարերը (մետաղաճոպանները) պետք է հողանցվեն սկզբնական խարսխային հենարանի և վերջնական միջակա հենարաններից մեկի վրա (վերջին խարսխման հենարանից առաջ):

16) Արգելվում է հողանցել տեղակայված խարսխային թռիչքի, ինչպես նաև ՕԳ տեղակայված տեղամասի խարսխային վերջին հենարանի վրայի հաղորդալարերը (մետաղաճոպանները)` ՕԳ պատրաստի տեղամասի հաղորդալարերից (մետաղաճոպաններից) դրա հաջորդ` տեղակայվող տեղամասի վրա, ամպրոպային պարպման պոտենցիալի և այլ գերլարումների անցումից խուսափելու համար:

17) Տրոհված լարերով ՕԳ վրա թույլատրվում է հողանցել յուրաքանչյուր ֆազի միայն մեկ հաղորդալարը, մեկուսացնող պահանգների առկայության դեպքում պահանջվում է հողանցել ֆազի բոլոր հաղորդալարերը:

18) Մեկ շղթայանոց ՕԳ վրա հողանցումն աշխատատեղերում անհրաժեշտ է տեղադրել այն հենարանի վրա, որի վրա աշխատանքներ են կատարվում, կամ` հարևան հենարանի վրա: Թույլատրվում է հողանցումների տեղադրումը ՕԳ այն տեղամասի երկու կողմերից, որտեղ աշխատում է բրիգադը` պայմանով, որ հողանցումների միջև տարածությունը չգերազանցի 2 կմ-ը:

19) Հենարանից մեկուսացված շանթապաշտպան մետաղաճոպանի կամ հենարանի կառուցվածքների վրա աշխատանքների դեպքում, երբ պահանջվում է այդ մետաղաճոպանին մոտենալ 1 մ-ից պակաս հեռավորության վրա, մետաղաճոպանը պետք է հողանցված լինի: Հողանցումը պետք է տեղադրել կամ այն թռիչքի կողմը, որտեղ մետաղաճոպանը մեկուսացված է, կամ այդ թռիչքում, որտեղ կատարվում են աշխատանքներ:

Հողանցման էջքը հողից մեկուսացված շանթապաշտպան ճոպանին միացնելը կամ անջատելը պետք է կատարվի ճոպանը նախապես հողանցելուց հետո:

Եթե այդ մետաղաճոպանի վրա նախատեսված է սառցակեղևի հալում, ապա աշխատանքներն սկսելուց առաջ մետաղաճոպանը պետք է լինի անջատված և հողանցված այն կողմերից, որտեղից դրա վրա կարող է լարում տրվել:

20) Փոխադրովի հողանցումներն անհրաժեշտ է միացնել մետաղյա հենարաններում` դրանց տարրերին, իսկ հողանցող էջքերով երկաթբետոնե և փայտյա հենարաններում` այդ էջքերին` դրանց ամբողջականությունն ստուգելուց հետո: Հողանցող էջքեր չունեցող երկաթբետոնե հենարանների վրա հողակցումները կարելի է միացնել լայնակներին և հենարանի այլ մետաղյա տարրերին, որոնք ունեն հպում հողանցման սարքվածքի հետ:

Հողանցված չեզոքով մինչև 1000 Վ լարման էլեկտրացանցերում, զրոյական հաղորդալարի կրկնական հողակցման առկայության դեպքում թույլատրվում է փոխադրովի հողանցումները միացնել այդ զրոյական հաղորդալարին:

Հողանցող հաղորդալարերի կամ կառուցվածքների հետ փոխադրովի հողանցումների միացման տեղերը պետք է մաքրված լինեն ներկից:

Աշխատատեղում փոխադրովի հողանցումը կարելի է միացնել գետնի մեջ 0,5 մ-ից ոչ պակաս ուղղաձիգ ընկղմված հողակցիչին: Արգելվում է հողանցիչների տեղադրումը գետնին պատահական կիտվածքների մեջ:

21) Մինչև 1000 Վ լարման ՕԳ վրա հենարանների վրայից կամ առանց մեկուսացնող օղակի փոխագուցավոր վերնակից կատարվող աշխատանքների ժամանակ, հողանցումը պետք է տեղադրված լինի ինչպես նորոգվող գծի հաղորդալարերի վրա, այնպես էլ` այդ հենարաններից կախված բոլոր հաղորդալարերի վրա, այդ թվում` ռադիոհաղորդման և հեռուստամեխանիկայի գծերի չմեկուսացված հաղորդալարերի վրա:

22) Նորոգման համար անջատված ՕԳ վրա տեղադրել, իսկ հետո հանել փոխադրովի հողանցումները և միացնել հենարանների վրա գտնվող հողանցող դանակները պետք է կատարեն օպերատիվ անձնակազմի աշխատողները` մեկը` IV խմբի (1000 Վ-ից բարձր լարման ՕԳ վրա) կամ III խմբի (1000 Վ-ից ցածր լարման ՕԳ վրա), երկրորդը` III խմբի: Թույլատրվում է III խմբի երկրորդ աշխատողի ընդգրկումը` նորոգող անձնակազմից, իսկ սպառողին սնող ՕԳ վրա` սպառողի անձնակազմից:

Հողանցող դանակները թույլատրվում է անջատել օպերատիվ անձնակազմի III խմբի մեկ աշխատողի:

ՕԳ աշխատատեղերում փոխադրովի հողանցումները կարող է տեղադրել աշխատանքներն իրագործողը` բրիգադի անդամի հետ, որն ունի III խումբ: Այդ փոխադրովի հողանցումները, աշխատանքներն իրագործողի կարգադրությամբ, կարող են հանել բրիգադի III խմբի երկու անդամներ:

23) ՕԳ վրա լարման բացակայության ստուգման, հողանցումների տեղադրման և հանման ժամանակ երկու աշխատողից մեկը պետք է գտնվի գետնի վրա և հսկի մյուսին:

24) ՕԳ վրա հողանցումների տեղադրման պահանջները, երբ աշխատանքները կատարվում են այլ ՕԳ հետ հատման թռիչքում, բազմաշղթա ՕԳ անջատած մեկ շղթայի վրա, մակածված լարման տակ ՕԳ վրա և ըստ ֆազերի հերթականության նորոգման դեպքում:

 

17. ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՑԱՆԿԱՊԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԼԱԿԱՏՆԵՐԻ ԿԱԽՈՒՄԸ

 

1) Էլեկտրակայանքներում պետք է կախվեն «Հողանցված է» պլակատներ` բեռնվածքի անջատիչների, զատիչների (խզիչների), ընդհատիչների (բաժանիչների) շարժաբերների վրա, որոնց սխալմամբ միացնելու դեպքում կարող է լարում տրվել էլեկտրակայանքի հողանցված տեղամասին, և փոխարկման ապարատների հեռակառավարման բանալիների ու կոճակների վրա:

2) Լարման տակ մնացած հոսանքատար մասերի ժամանակավոր ցանկապատման համար կարող են օգտագործվել փայտից կամ այլ մեկուսիչ նյութերից պատրաստված վահաններ, պահպանակներ, էկրաններ և այլն:

Առանց լարումը հանելու ժամանակավոր ցանկապատում տեղադրելիս` դրանց հեռավորությունը հոսանքատար մասերից պետք է լինի N 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս: 6-10 կՎ լարման էլեկտրակայանքներում, անհրաժեշտության դեպքում, այդ հեռավորությունը կարող է փոքրացվել մինչև 0,35 մ:

Ժամանակավոր ցանկապատերի վրա պետք է գրված լինի` «Կանգնի՛ր, լարում կա», կամ ամրացված լինեն համապատասխան պլակատներ:

3) Մինչև 20 կՎ լարման էլեկտրակայանքներում, այն դեպքերում, երբ չի կարելի հոսանքատար մասերը ցանկապատել վահաններով, թույլատրվում է մեկուսիչ մակադրակների կիրառում` դրանք տեղադրելով անջատված և լարման տակ գտնվող հոսանքատար մասերի միջև (օրինակ, անջատված ընդհատիչի (բաժանիչի) հպակների արանքում): Այդ մեկուսիչ մակադրակները կարող են հպվել լարման տակ գտնվող հոսանքատար մասերին: Մակադրակները հանել և տեղադրել կարող են IV և III խումբ ունեցող երկու աշխատող (նրանցից ավագը` հերթապահ օպերատիվ անձնակազմից)` օգտվելով դիէլեկտրիկ ձեռնոցներից, մեկուսիչ ձողից (աքցանից):

4) Աշխատատեղին սահմանակից պահարանների, պանելների և խցերի ցանկապատերի վրա պետք է կախված լինեն պլակատներ` «Կանգնի՛ր, լարում կա»:

5) ԲԲՍ-ում գետնից կատարվող աշխատանքների դեպքում և հիմքերի ու առանձին կառուցվածքների վրա տեղադրված սարքավորումների վրա աշխատելիս` աշխատատեղը պետք է ցանկապատված լինի (անցում կամ ճանապարհ թողնելով) բուսական կամ սինթետիկ թելքից պատրաստված ճոպանով, պարանով կամ քուղով` դրանց վրա կախելով դեպի ցանկապատված տարածության ներսն ուղղված պլակատներ` «Կանգնի՛ր, լարում կա»:

Թույլատրվում է ճոպանը կախել աշխատատեղի գոտում չներառվող կառուցվածքներից` պայմանով, որ դրանք մնան ցանկապատված տարածքից դուրս:

Ամբողջ ԲԲՍ-ից լարումը հանելու դեպքում, բացառությամբ գծային բաժանիչների, վերջիններս պետք է ցանկապատվեն ճոպանով, ցանկապատված տարածությունից դեպի դուրս շրջված պլակատներով` «Կանգնի՛ր, լարում կա»:

ԲԲՍ-ում երկրորդական շղթաներում կարգադրությամբ աշխատելիս` չի պահանջվում աշխատատեղը ցանկապատել:

6) ԲԲՍ-ում, կառուցվածքների այն մասերում, որոնցով կարելի է անցնել աշխատատեղից դեպի դրան սահմանակից լարման տակ գտնվող մասերը, պետք է տեղադրված լինեն լավ տեսանելի պլակատներ` «Կանգնի՛ր, լարում կա»: Այդ պլակատները կարող է տեղադրել նորոգող անձնակազմի III խումբ ունեցող աշխատողը` թույլատրողի ղեկավարությամբ:

Կառուցվածքների վրա, որոնք սահմանակից են այն կառուցվածքի հետ, որի վրայով թույլատրվում է բարձրանալ, ներքևում պետք է կախված լինի` «Մի՛ բարձրացիր: Մահացու է» պլակատը:

Անշարժ սանդուղքների և կառուցվածքների վրա, որոնցով թույլատրվում է բարձրանալ` աշխատանքներ կատարելու համար, պետք է կախված լինի` «Բարձրանալ այստեղ» պլակատը:

7) Էլեկտրակայանքներում նախապատրաստված աշխատատեղերում պետք է կախված լինի` «Աշխատել այստե՛ղ» պլակատը:

8) Արգելվում է աշխատատեղերի նախապատրաստման ժամանակ թույլատրողի կողմից տեղադրված պլակատները և ցանկապատերը հավաքել կամ տեղափոխել` մինչև աշխատանքների լրիվ ավարտը` բացառությամբ կարգագրի «Առանձին ցուցումներ» սյունակում վերապահված դեպքերի:

 

18. ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Փոխարկման ապարատներ

 

1) Փոխարկման ապարատի վրա աշխատանքների կատարման թույլտվությունը տրվում է սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված` աշխատանքի անվտանգությունն ապահովող տեխնիկական միջոցառումների կատարումից հետո` ներառյալ փոխարկման ապարատի սխալմամբ բանումն արգելող միջոցառումները:

2) Աշխատանքային ճնշման տակ գտնվող օդային անջատիչի վրա բարձրանալ թույլատրվում է միայն փորձարկման և կարգաբերման աշխատանքների դեպքում: Արգելվում է բարձրանալ օդալեցուն զատիչով (խզիչով) անջատված օդային անջատիչի վրա, երբ զատիչը գտնվում է աշխատանքային ճնշման տակ:

3) Փորձարկելու և կարգաբերելու համար օդային անջատիչի վրա բարձրանալուց առաջ անհրաժեշտ է`

ա) անջատել կառավարման շղթաները,

բ) ուղեկապել տեղային կառավարման կոճակը կամ գործարկման կափույրները` հատուկ խցափակիչներ տեղադրելով, կամ փակել պահարանները և անջատիչի մոտ կանգնեցնել բրիգադի հրահանգավորված անդամի, որն անջատիչի հետ գործողություններ կթույլատրի (օպերատիվ հոսանք տալուց հետո) միայն մեկ որոշակի աշխատողի` աշխատանքներն իրագործողի ցուցումով: Ճնշման տակ գտնվող օդային անջատիչի վրա մարդկանց գտնվելու ժամանակ բոլոր աշխատանքները կառավարման և բաշխման պահարաններում պետք է դադարեցվեն: 220 կՎ բարձր լարման գործող ենթակայանների անջատիչի արտանցիչները պետք է հողանցվեն` մակածված լարումը հանելու համար:

4) Օդահավաքիչների ներսում մարդկանց գտնվելու հետ կապված աշխատանքներ կատարելը թույլատրելուց առաջ անհրաժեշտ է`

ա) փակել այն բոլոր օդատարների սողնակները, որոնցով կարող է օդ մատուցվել, սողնակների շարժաբերները (ղեկանիվները) շղթայի միջոցով կողպել և վրան կախել «Չբացե՛լ, մարդիկ են աշխատում» պլակատները,

բ) բաց թողնել օդահավաքիչների ավելցուկային ճնշման տակ գտնվող օդը` բացված վիճակում թողնելով արտաթողման դրենաժային կափույրը, խցանը կամ սողնակը,

գ) անջատել օդահավաքիչներից օդ մատուցող օդատարները և խցափակել դրանք:

5) Անջատիչների և օդահավաքիչների վրայի ճնշաչափերի զրոյական ցուցմունքը չի կարող ծառայել որպես սեղմված օդի ճնշման բացակայության հավաստի նշան: Մտոցների և դիտանցքերի կափարիչները հանելիս` հեղույսները և մանեկները քանդելուց առաջ աշխատանքներն իրագործողը պետք է անձամբ համոզվի արտաթողման կափույրների, սողնակների, խցանների բաց լինելու մեջ` սեղմված օդի իրական բացակայությունը որոշելու նպատակով: Արտաթողման կափույրները կամ սողնակները թույլատրվում է փակել միայն մտոցի (դիտանցքի) կափարիչն ամրացնող բոլոր հեղույսները և մանեկները ձգելուց հետո:

6) Փորձման, կարգաբերման և փորձարկման համար օդային անջատիչների անջատման ու միացման պահին աշխատողներին արգելվում է գտնվել անջատիչների մոտ: Աշխատանքներն իրագործողն անջատիչով գործողություններ կատարելու մասին հրամանը պետք է տա միայն այն դեպքում, երբ բրիգադի անդամները հեռացվել են անջատիչից անվտանգ հեռավորության վրա կամ մտել են ապաստարան:

7) Փոխարկման ապարատը կարգաբերելիս և կարգավորելիս` փորձնական միացումներ և անջատումներ կատարելու նպատակով թույլատրվում է կարգագիրը չհանձնած օպերատիվ հոսանքի շղթաներին ու շարժաբերի ուժային շղթաներին տալ ժամանակավոր լարում, ինչպես նաև օդ մատուցել անջատիչին: Հանված ապահովիչները տեղադրելը, անջատված ավտոմատները միացնելը և օդ մատուցելու համար սողնակները բացելը, ինչպես նաև փորձարկման ընթացքում անվտանգության պլակատները հանելը պետք է իրականացնի օպերատիվ անձնակազմը: Փոխարկման ապարատը փորձարկելու գործողությունները կարող է կատարել աշխատանքներն իրագործողը, եթե դրա համար ստացված է կարգագիրը տվողի թույլտվությունը` կարգագրի «Առանձին ցուցումներ» տողում գրությամբ հաստատված, կամ` օպերատիվ անձնակազմը` աշխատանքներն իրագործողի պահանջով: Փորձումից հետո փոխարկման ապարատի վրա աշխատանքը շարունակելու անհրաժեշտության դեպքում` օպերատիվ անձնակազմը պետք է կատարի բրիգադի աշխատանքի անցնելու թույլտվության համար պահանջվող տեխնիկական միջոցառումները: Տեղային անձնակազմ չունեցող էլեկտրակայանքներում փոխարկման ապարատի փորձարկումից հետո աշխատանքներն իրագործողին աշխատատեղի նախապատրաստման և աշխատանքների թույլտվության կրկնական իրավունք ստանալ չի պահանջվում:

 

Լրակազմ բաշխիչ սարքվածքներ

 

8) Լրակազմ բաշխիչ սարքից (այսուհետ` ԼԲՍ) պահարանի հատվածամասում կամ սայլակի սարքավորումների վրա աշխատանքներ կատարելիս` անհրաժեշտ է`

ա) սարքավորանքով սայլակը հանել նորոգման դիրքի,

բ) հատվածամասում, որում հոսանքատար մասերը մնացել են լարման տակ, հատվածամասի փականակը փակել կողպեքով և կախել «Կանգնի՛ր, լարում կա» անվտանգության պլակատը,

գ) սայլակի վրա կամ հատվածամասում, որտեղ նախատեսվում է աշխատել, կախել «Աշխատել այստե՛ղ» պլակատը:

9) ԼԲՍ դուրս, դրա հետ միացված սարքավորման կամ միացված ՕԳ և ՄԳ վրա աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է`

ա) անջատիչով սայլակը պահարանից դուրս հանել նորոգման դիրքի,

բ) փականակը կամ դռնակները փակել կողպեքով և դրանց վրա կախել «Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում» կամ «Չմիացնե՛լ, գծում աշխատում են» պլակատները:

Ընդ որում, թույլատրվում է`

գ) հողանցման դանակների և անջատիչով սայլակի մեջ ուղեկապման առկայության դեպքում սայլակը տեղադրել ստուգման դիրքում` այդ դանակները միացնելուց հետո,

դ) այդպիսի ուղեկապման կամ ԼԲՍ-ում հողանցման դանակների բացակայության դեպքում սայլակը տեղադրել ստուգման և նորոգման միջանկյալ դիրքում` այն պայմանով, որ սայլակը փակվի կողպեքով: Սայլակը կարող է տեղադրված լինել միջանկյալ դիրքում` անկախ միացության հողանցված լինելուց:

10) Թույլատրվում են ուժային ապահովիչներով ԼԲՍ-ի սայլակի հետ գործողությունները (միացումը և անջատումը) լարման տակ, բայց` առանց բեռնվածքի:

11) Կառավարման և պաշտպանության շղթաներում աշխատանքներ կատարելու և փորձելու համար, անջատելով սայլակը, ստուգման դիրք թույլատրվում է դնել այն դեպքում, երբ ԼԲՍ-ից դուրս օդային և մալուխային սնվող գծերի կամ դրանց հետ միացված սարքավորումների (ներառյալ էլեկտրական շարժիչներին միացված մեխանիզմները) վրա աշխատանքներ չեն տարվում կամ ԼԲՍ պահարանում կատարված է հողանցում:

12) Վակուումային անջատիչներով բաշխիչ սարքերում աղեղմարիչ խցի փորձարկումներ 20 կՎ և բարձր ամպլիտուդային լարմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է աշխատանքները կատարել հատուկ էկրանի օգտագործմամբ` առաջացող ռենտգենյան ճառագայթումից անձնակազմին պաշտպանելու համար:

 

Կայմային (սյունային) տրանսֆորմատորային ենթակայաններ և լրակազմ

տրանսֆորմատորային ենթակայաններ

 

13) Կայմային և սյունային տրանսֆորմատորային ենթակայաններ (այսուհետ` ՏԵ) և լրակազմ տրանսֆորմատորային ենթակայաններ (այսուհետ` ԼՏԵ) սարքավորումների վրա աշխատելիս, առանց 1000 Վ բարձր լարման սնող գծերն անջատելու, թույլատրվում են միայն այն զննումներն ու նորոգումները, որոնք կարելի է կատարել հարթակի վրա կանգնած և պայմանով, որ պահպանվեն լարման տակ գտնվող հոսանքատար մասերից N 1 աղյուսակում նշված հեռավորությունները: Եթե այդ հեռավորությունները փոքր են թույլատրելիից, ապա աշխատանքները պետք է կատարվեն 1000 Վ բարձր լարմամբ հոսանքատար մասերի անջատմամբ և հողանցմամբ:

14) Կայմային ՏԵ և տաղավարային տեսակի ԼՏԵ, անկախ գծի վրա լարման առկայությունից կամ բացակայությունից, աշխատանքների թույլտվությունը պետք է կատարվի միայն սկզբում` մինչև 1000 Վ լարման փոխարկման ապարատների, այնուհետև 1000 Վ բարձր լարման գծային ընդհատիչի (բաժանիչի) անջատումից և ենթակայանի հոսանքատար մասերի վրա հողանցման վերադրումից հետո: Եթե հնարավոր է լարում տալ 380/220 Վ կողմից, ապա այդ լարման գծերը սնման հակառակ կողմից պետք է անջատվեն, ձեռնարկվեն միջոցներ` դրանց սխալմամբ կամ ինքնաբերաբար միացման դեմ, իսկ ենթակայանում այդ գծերի վրա մինչև փոխարկման ապարատները վերադրվեն հողանցումներ:

15) Կայմային տրանսֆորմատորային ենթակայաններում, փոխարկիչ կետերում և այլ սարքվածքներում, որոնք չունեն ցանկապատեր (արգելապատնեշներ), ընդհատիչների (բաժանիչների), բեռնվածքի անջատիչների շարժաբերները, 1000 Վ բարձր լարման պահարանները և մինչև 1000 Վ լարման վահանները պետք է փակված լինեն կողպեքով: Սպասարկման հարթակի մշտական սանդուղքները պետք է ուղեփակվեն ընդհատիչների (բաժանիչների) հետ և կողպեքով փակված լինեն:

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 1933-Ն
Որոշում