Սեղմել Esc փակելու համար:
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1939.270207

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» փետրվարի 2007 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 նոյեմբերի 2006 թվականի N 1939-Ն

 

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(2-րդ մաս)

 

18) Էլեկտրատեղակայանքների և դրանց տեղադրման շենքերի ու շինությունների հրդեհային անվտանգությունը պետք է համապատասխանի հրդեհային անվտանգության կանոնների, ինչպես նաև առանձին արտադրությունների առանձնահատկությունները հաշվի առնող այլ իրավական ակտերի պահանջներին:

19) Սպառողի բոլոր աշխատողները պետք է անցնեն հակահրդեհային հրահանգավորում:

Էլեկտրատեխնիկական անձնակազմի հրդեհային անվտանգության կանոնների գիտելիքների ստուգումն անց է կացվում էլեկտրատեղակայանքների աշխատանքի նորմերի ու կանոնների վերաբերյալ գիտելիքների պարբերաբար ստուգման հետ միաժամանակ:

20) Էլեկտրատեղակայանքները պետք է համալրված լինեն առաջնային կրակմարիչներով:

21) Էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ պետք է նախատեսվեն միջոցներ, որոնք կկանխեն կամ կսահմանափակեն շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, դեպի մթնոլորտ և ջրային ավազաններ աղտոտող և վնասակար նյութերի արտանետումները, ձայնային ճնշման թուլացումը, թրթռումը, էլեկտրական և մագնիսական դաշտերի և այլ վնասակար ֆիզիկական երևույթների ազդեցությունը և բնական աղբյուրների օգտագործվող ջրի քանակության նվազեցումը:

22) Վնասակար նյութերի արտանետումը մթնոլորտ չպետք է գերազանցի նորմերով սահմանված թույլատրելի արժեքները, վնասակար նյութերի արտանետումը ջրային օբյեկտներ չպետք է գերազանցեն սահմանային թույլատրելի քանակությունները: Էլեկտրական և մագնիսական դաշտերի լարվածությունները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի սահմանային արժեքները, աղմուկի ազդեցությունը չպետք է գերազանցի համապատասխան սանիտարատեխնիկական նորմերով սահմանված սարքավորման ձայնային հզորության նորմերը:

23) Սպառողները, որոնք շահագործում են յուղալցված էլեկտրասարքավորումներ, պետք է մշակեն շրջակա միջավայր յուղի վթարային արտանետումները կանխող միջոցառումներ:

Գլխավոր իջեցնող ենթակայանում և բաշխիչ սարքվածքներում, որտեղ տեղադրված են յուղով լցված էլեկտրասարքավորումներ, պետք է հավաքակցվեն յուղընդունիչներ և յուղակուտակող սարքավորումներ տվյալ լարման սարքավորումների համար ՏԿ-երով կամ ստանդարտներով սահմանված պահանջներին համապատասխան: Յուղընդունիչ սարքավորումները պետք է գտնվեն այնպիսի վիճակում, որպեսզի ապահովեն տարվա ցանկացած ժամանակ յուղի ընդունումը:

24) Սպառողները, որոնց մոտ էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ առաջանում են թունավոր կամ վտանգավոր թափոններ և նյութեր, պետք է ապահովեն դրանց ժամանակին օգտահանումը, վնասազերծումը և թաղումը:

Սպառողի տարածքում թունավոր նյութերի պահեստավորումն ու թաղումը չի թույլատրվում:

25) Էլեկտրատեղակայանքների շահագործումն առանց սանիտարական կանոնների ու նորմերի և բնապահպանական պահանջների պահպանության սարքվածքների կամ անսարք սարքվածքներով, որոնք չեն ապահովում վերը նշված պահանջները, չի թույլատրվում:

26) Էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ ջրային ավազանները կեղտոտվելուց պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ջրավազանները կեղտոտվածությունից պաշտպանելու ազգային ստանդարտներով:

 

7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1) Յուրաքանչյուր սպառող պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

ա) գլխավոր հատակագիծը, որի վրա պատկերված լինեն շենքերը, շինությունները և ստորգետնյա էլեկտրատեխնիկական հաղորդակցուղիները,

բ) հաստատված նախագծային փաստաթղթերը (գծագրեր, բացատրագրեր և այլն)` հետագա փոփոխություններով հանդերձ,

գ) ծածկված աշխատանքների, էներգասարքավորումների փորձարկման ու կարգաբերման և էլեկտրատեղակայանքի շահագործման ընդունման ակտերը,

դ) առաջնային և երկրորդային էլեկտրական միացությունների սխեմաները,

ե) էլեկտրամատակարարող կազմակերպության և սպառողի միջև ըստ գույքային պատկանելության ցանցերի (ըստ հաշվեկշռի) սահմանազատման և շահագործման պատասխանատվության վերաբերյալ ակտերը,

զ) հիմնական էլեկտրասարքավորումների, էներգաօբյեկտի շենքերի և շինությունների տեխնիկական անձնագրերը և համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սարքավորումների ու նյութերի համապատասխանության սերտիֆիկատները կամ համապատասխանության հայտագրերը,

է) էներգատեղակայանքների շահագործման վերաբերյալ արտադրական հրահանգները,

ը) յուրաքանչյուր աշխատատեղի համար պետք է լինեն պաշտոնական հրահանգներ, աշխատատեղերում աշխատանքի անվտանգության ապահովման հրահանգներ, հրդեհային անվտանգության, վթարների կանխարգելման և վերացման, առանց կարգադրության փոխարկումներ կատարելու, էլեկտրաէներգիայի արդյունավետ օգտագործման և հաշվառքի հրահանգներ, էլեկտրատեղակայանքների էլեկտրասարքավորումներն սպասարկող աշխատողների աշխատանքի պաշտպանության հրահանգներ: Բոլոր հրահանգները մշակվում են հաշվի առնելով կատարվող աշխատանքների տեսակները (էլեկտրատեղակայանքներում օպերատիվ փոխարկումներ, աշխատանքներ բարձրության վրա, հավաքակցման, նորոգման, կարգաբերման, փորձարկման, չափման աշխատանքներ և այլն) և հաստատվում են սպառողի ղեկավարի կողմից:

Վերը թվարկված փաստաթղթերի լրակազմը պահվում է սպառողի մոտ և սեփականատիրոջ փոփոխության դեպքում լրիվ ծավալով փոխանցվում է վերջինիս: Փաստաթղթերի պահպանման կարգը սահմանում է սպառողի ղեկավարը:

2) Յուրաքանչյուր սպառող պետք է կառուցվածքային ստորաբաժանումների համար կազմի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված տեխնիկական փաստաթղթերի ցանկ: Հրահանգների լրիվ լրակազմը պահվում է արտադրամասի, տեղամասի էլեկտրատնտեսության պատասխանատուի մոտ, իսկ անհրաժեշտ փաստաթղթեր` համապատասխան աշխատատեղերում:

Ցանկը ենթակա է վերանայման երեք տարին առնվազն մեկ անգամ:

Ցանկում պետք է ընդգրկել հետևյալ փաստաթղթերը`

ա) էլեկտրասարքավորումների հաշվառման մատյանները, որտեղ թվարկվում են հիմնական էլեկտրասարքավորումներն իրենց տեխնիկական տվյալներով և դրանց վերագրված գույքային համարներով (մատյաններին կցվում են շահագործման հրահանգները, սարքավորումների, արտադրանքների տեխնիկական անձնագրերը, սարքավորումների, նյութերի և արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատները կամ համապատասխանության հայտարարագրերը, փորձարկումների և չափումների, սարքավորումների և էլեկտրահաղորդման գծերի նորոգման, ՌՊԱ տեխնիկական սպասարկման արձանագրությունները և ակտերը),

բ) էլեկտրասարքավորումների, էլեկտրատեղակայանքների և կառույցների գծագրերը, պահեստամասերի գծագրերի լրակազմը, օդային և մալուխային ուղեգծերի կատարողական գծագրերը և մալուխային մատյանները,

գ) ստորգետնյա մալուխային ուղեգծերի և հողանցման սարքվածքների գծագրերը` տեղակապելով դրանք շենքերին և մշտական կառույցներին` նշելով մալուխների կցորդիչների տեղադրման և այլ հաղորդակցուղիների հետ հատման տեղերը,

դ) էլեկտրամատակարարման լրիվ սխեման սպառողի համար ամբողջությամբ և առանձին սխեմաներ արտադրամասերի ու տեղամասերի համար,

ե) սպառողի ղեկավարի գրավոր հանձնարարականը կամ ակտը կառուցվածքային ստորաբաժանումների միջև ցանցերի սահմանազատման հաշվեկշռային պատկանելության և շահագործման պատասխանատվության վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),

զ) արտադրամասի, տեղամասի (ստորաբաժանման էլեկտրատեղակայանքների շահագործման) արտադրական հրահանգների լրակազմը և տվյալ ստորաբաժանման (ծառայության) աշխատողների պաշտոնական ու աշխատանքի անվտանգության ապահովման հրահանգների լրակազմը,

է) աշխատողների ցուցակը`

ովքեր իրավասու են օպերատիվ փոխարկումներ կատարելու, օպերատիվ բանակցություններ վարելու, էլեկտրատեղակայանքների և տեխնոլոգիական սարքավորումների էլեկտրատեխնիկական մասերը միանձնյա զննումներ կատարելու,

ովքեր իրավասու են կարգադրություններ և կարգագրեր տալու,

ում տրված է թույլատրողի, աշխատանքների պատասխանատու ղեկավարի, աշխատանքների կատարողի և հսկողի իրավունք,

ստորգետնյա կառույցներում գազի առկայությունն ստուգելու թույլատրված անձանց,

էլեկտրատեղակայանքներում հատուկ աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող աշխատողների, որոնց գիտելիքները ենթակա են ստուգման,

ը) էլեկտրատեղակայանքներում հատուկ աշխատանքների և գազավտանգ ստորգետնյա կառույցների ցանկը,

թ) օդային գծերի (ՕԳ) ցանկը, որոնք անջատումից հետո գտնվում են մակածված լարման տակ,

ժ) ընթացիկ շահագործման կարգով թույլատրված աշխատանքների ցանկը` հաստատված սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից,

ժա) էլեկտրատեղակայանքների ցանկը, որտեղ աշխատանքների կատարման համար պահանջվում են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ,

ժբ) ճարտարագիտատեխնիկական աշխատողների և էլեկտրատեխնոլոգիական անձնակազմի պաշտոնների ցուցակները, ովքեր պետք է ունենան համապատասխան էլեկտրաանվտանգության խումբ,

ժգ) մասնագիտությունների և աշխատատեղերի ցուցակը, որոնց անձնակազմի համար պահանջվում է էլեկտրաանվտանգության առաջին խումբ,

ժդ) էլեկտրատեխնոլոգիական և էլեկտրատեխնիկական անձնակազմերի պարտականությունների բաշխման ցուցակը,

ժե) օպերատիվ կառավարման տակ գտնվող էլեկտրատեղակայանքների ցուցակը,

ժզ) բլանկների հիման վրա կատարվող բարդ փոխարկումների ցանկը,

ժէ) չափիչ սարքերի ցանկը, որոնք ունեն ցուցասարքի (ինդիկատորի) կարգ,

ժը) օբյեկտների միջև բաշխված պաշտպանական գույքային միջոցների ցանկը:

3) Շահագործման ընթացքում էլեկտրատեղակայանքների վրա կատարված բոլոր փոփոխությունները ժամանակին պետք է արտացոլվեն սխեմաներում և գծագրերում էլեկտրատնտեսության պատասխանատուի ստորագրությամբ` նշելով դրա պաշտոնը և փոփոխության կատարման ժամկետը:

Փոփոխությունների մասին պետք է տեղեկացվեն այն բոլոր աշխատողները, որոնց համար տվյալ սխեմաների իմացությունը պարտադիր է և դրա մասին կատարվում է գրառում` կարգագրերով և կարգադրություններով իրականացվող աշխատանքների հաշվառման մատյանում:

4) Սխեմաների վրա կատարված նշումները և համարները պետք է համապատասխանեն իրական կատարվածի հետ:

5) Էլեկտրական (տեխնոլոգիական) սխեմաների (գծագրերի) համապատասխանությունը փաստացիին ստուգվում է երկու տարին առնվազն մեկ անգամ` դրա մասին կատարելով համապատասխան գրառում սպառողի կողմից սահմանված ձևի մատյանում:

6) Էլեկտրամատակարարման սխեմաների լրակազմը պետք է գտնվի էլեկտրատնտեսության պատասխանատուի մոտ, դրա աշխատատեղում:

Տվյալ արտադրամասի տեղամասի (ստորաբաժանման) էլեկտրատեղակայանքների և դրանց հետ էլեկտրական կապեր ունեցող այլ ստորաբաժանումների օպերատիվ սխեմաները պետք է պահվեն տվյալ ստորաբաժանման օպերատիվ անձնակազմի աշխատատեղում:

Հիմնական սխեմաները փակցվում են տվյալ էլեկտրատեղակայանքի սենքում, երևացող տեղում:

7) Յուրաքանչյուր աշխատատեղ պետք է ունենա անհրաժեշտ արտադրական (շահագործման), պաշտոնական, աշխատանքի պաշտպանության և հրդեհային անվտանգության միջոցների մասին հրահանգներ:

8) Էլեկտրասարքավորումների շահագործման պայմանների փոփոխության դեպքում հրահանգում պետք է կատարվի համապատասխան փոփոխություն և դրա մասին տեղեկացվի աշխատողներին (ստորագրությամբ), ում համար պարտադիր է այդ հրահանգների իմացությունը:

Հրահանգները վերանայում են երեք տարին առնվազն մեկ անգամ:

9) Օպերատիվ անձնակազմի աշխատատեղերում (ենթակայաններում, բաշխիչ սարքվածքներում կամ էլեկտրատեղակայանքների սպասարկման անձնակազմի սենյակներում) պետք է վարեն (ընթանան) հետևյալ փաստաթղթերը`

ա) օպերատիվ սխեման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև մակետ-սխեման: Այն սպառողներին, որոնց էլեկտրամատակարարման սխեմաները պարզ են և ակնառու, բավարար է ունենալ առաջնային էլեկտրական միացությունների միագիծ սխեմաները, որտեղ չեն նշվում փոխարկման սարքերի փաստացի դիրքերը,

բ) օպերատիվ մատյանը,

գ) կարգագրերով և կարգադրություններով կատարվող աշխատանքների հաշվառման մատյանը,

դ) էլեկտրատեղակայանքների բանալիներ տալու և վերադարձնելու նշումների մատյանը,

ե) ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և հեռամեխանիկայի մատյանը,

զ) էլեկտրասարքավորումների անսարքությունների և արատների գրանցման մատյանը կամ քարտադարանը,

է) չափման միջոցների և էլեկտրական հաշվիչների ցուցմունքների գրանցման մատյանը,

ը) էլեկտրասարքավորումների հաշվառման մատյանը,

թ) մալուխների գրանցման մատյանը,

ժ) աշխատողների ցուցակը`

ովքեր իրավասու են օպերատիվ փոխարկումներ կատարելու, օպերատիվ բանակցություններ վարելու, էլեկտրատեղակայանքների և տեխնոլոգիական սարքավորումների էլեկտրատեխնիկական մասում միանձնյա զննումներ կատարելու,

ովքեր իրավունք ունեն կարգադրություններ անելու և կարգագրեր տալու,

որոնց տրված են թույլատրողի, աշխատանքների կատարման պատասխանատուի, աշխատանքներ կատարողի և հսկողի իրավունքները,

ում թույլատրված է ստորգետնյա կառույցներում գազի առկայության ստուգումը,

ովքեր էլեկտրատեղակայանքներում հատուկ աշխատանքներ կատարելու իրավունք ունեն և որոնց գիտելիքները ենթակա են ստուգման,

որոնք իրավասու են վարելու էլեկտրամատակարարող կազմակերպության և ենթաբաժանորդ կազմակերպությունների օպերատիվ բանակցությունները,

ժա) սարքավորումների, էլեկտրահաղորդման գծերի և ՌՊԱ-ի սարքվածքների ցանկը, որոնք գտնվում են օպերատիվ կառավարման ներքո, տվյալ ամրագրված տեղամասում,

ժբ) էլեկտրատեղակայանքներում փոխարկումների վերաբերյալ արտադրական հրահանգները,

ժգ) էլեկտրատեղակայանքներում աշխատանքներ կատարելու կարգագիր-թույլտվության բլանկները,

ժդ) ընթացիկ շահագործման կարգով կատարվող աշխատանքների ցանկը:

Կախված տեղական պայմաններից (կազմակերպչական կառուցվածքից, օպերատիվ կառավարման տեսակից, դրա կառավարման ներքո գործող օպերատիվ անձնակազմի և էլեկտրատեղակայանքների կազմից)` օպերատիվ փաստաթղթերի մեջ կարող են ներառվել հետևյալ փաստաթղթերը`

աշխատատեղում հրահանգավորման գրանցման մատյանը,

էլեկտրատեղակայանքների միագիծ էլեկտրական միացումների սխեման` սարքավորումների նորմալ աշխատանքի ռեժիմներում,

օպերատիվ կարգադրություններ տալու իրավասություն ունեցող աշխատողների ցուցակը,

հակավթարային և հակահրդեհային վարժանքների հաշվառման մատյանը,

ռելեական պաշտպանության, ավտոմատիկայի և հեռամեխանիկայի մատյանը, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի նախադրվածքների քարտը,

վթարների կանխարգելման և վերացման տեղական հրահանգը,

բարդ օպերատիվ փոխարկումների ցանկը,

փոխարկումների բլանկները:

Օպերատիվ փաստաթղթերի ծավալը կարող է համալրվել սպառողի ղեկավարի կամ էլեկտրատնտեսության պատասխանատուի որոշմամբ:

10) Վերադաս օպերատիվ կամ վարչատեխնիկական անձնակազմը պետք է պարբերաբար (կազմակերպության սահմանած ժամկետներում, բայց ոչ պակաս ամիսը մեկ անգամ) վերանայի օպերատիվ փաստաթղթերը և ընդունի միջոցներ` հայտնաբերված թերությունների վերացման համար:

11) Օպերատիվ փաստաթղթերը, չափման միջոցների ցուցմունքները գրանցող դիագրամները, հաշվարկային էլեկտրահաշվիչների ցուցմունքների ամփոփագրերը, ելից փաստաթղթերը համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և ենթակա են պահպանման սահմանված կարգով:

 

IV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

8. ՈՒԺԱՅԻՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ՌԵԱԿՏՈՐՆԵՐԸ

 

1) Ռեակտորների և տրանսֆորմատորների տեղակայումը պետք է իրականացվի շինարարական նորմերին և ենթակայանների տեխնոլոգիական նախագծման նորմերին համապատասխան:

Տրանսֆորմատորների և ռեակտորների փոխադրումը, բեռնաթափումը, պահպանումը, տեղադրումը և շահագործման հանձնումը պետք է իրականացվի դրանց շահագործման փաստաթղթերին համապատասխան:

2) ՈՒժային տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) և շունտավորող յուղային ռեակտորների շահագործման ընթացքում պետք է ապահովվի դրանց հուսալի աշխատանքը: Բեռնվածքը, լարման մակարդակը, ջերմաստիճանը, յուղի բնութագրերը և մեկուսացման չափանիշները պետք է գտնվեն սահմանված նորմերի սահմաններում, սարքին վիճակում պետք է լինեն հովացման, լարման կարգավորման, պաշտպանության սարքվածքները, յուղի տնտեսությունը և այլ տարրեր:

3) Գազային պաշտպանության սարքվածքներով կահավորված տրանսֆորմատորները (ռեակտորները) պետք է տեղադրվեն այնպես, որ փականը (բաքի հանովի մասը) ունենա 1%-ից ոչ պակաս թեքություն գազային ռելեի նկատմամբ: Միևնույն ժամանակ յուղատար խողովակի թեքությունը դեպի ընդարձակիչ պետք է լինի 2%-ից ոչ պակաս:

4) Չաշխատող տրանսֆորմատորի (ռեակտորի) ընդարձակիչում յուղի մակարդակը պետք է գտնվի տվյալ պահին տրանսֆորմատորի (ռեակտորի) յուղի ջերմաստիճանին համապատասխանող նշագծի վրա:

Սպասարկող անձնակազմը պետք է հետևի յուղի վերին շերտերի ջերմաստիճանին` ջերմաչափերի և ջերմազդանշանիչների միջոցով, որոնցով կահավորված են ընդարձակիչով տրանսֆորմատորները, ինչպես նաև հերմետիկ տրանսֆորմատորների մանոմետրերի (վակուումամետրերի) ցուցմունքներին, որոնց բեռնվածքը պետք է իջեցվի բաքում ճնշումը 50 կՊա (0,5 գ/սմ2) ավելի բարձրացման դեպքում:

5) Տրանսֆորմատորի ապահովիչ խողովակի օդային տարածքը պետք է միացված լինի ընդարձակիչի օդային տարածքի հետ:

Ապահովիչ խողովակի մեմբրանի մակարդակը պետք է լինի ընդարձակիչի մակարդակից բարձր:

6) Հրդեհամարման անշարժ սարքվածքները պետք է պատրաստ լինեն վթարի դեպքում օգտագործմանը և ստուգվեն` համապատասխան գրաֆիկով:

7) Տրանսֆորմատորի յուղաընդունիչների կոպճային լցվածքը պետք է մաքուր պահվի և լվացվի առնվազն տարին մեկ անգամ:

Կոպճային լցվածքի աղտոտման (փոշի, ավազ և այլն) կամ կոպճի յուղոտման դեպքում դրա մաքրումը պետք է կատարվի աշնանը և գարնանը:

Կոպճային լցվածքի վրա 3 մմ-ից ավելի հաստությամբ նավթամթերքի կոշտ նստվածք առաջանալու, բուսականություն աճելու դեպքերում կամ լցվածքը մաքրման ենթակա չլինելու դեպքում պետք է փոխվի կոպիճը:

8) Արտաքին տեղակայման եռաֆազ տրանսֆորմատորների բաքերի վրա պետք է նշվեն ենթակայանային համարները: Միաֆազ տրանսֆորմատորների և ռեակտորների խմբերի վրա ենթակայանային համարը նշվում է միջին ֆազի վրա:

9) Տրանսֆորմատորային կետերի և խցիկների դռների վրա դրսի և ներսի կողմերից պետք է նշվեն տրանսֆորմատորների ենթակայանային համարները, ինչպես նաև նախազգուշացնող նշանները` արտաքին կողմից: Դռները պետք է միշտ կողպեքով փակված լինեն:

10) Տրանսֆորմատորների և ռեակտորների 3 մ-ից բարձր գտնվող տարրերի տեխսպասարկումը և զննումը պետք է կատարվի բազրիքով և վերևի հարթակով անշարժ սանդուղքներից` անվտանգության կանոնների պահպանմամբ:

11) Տրանսֆորմատորի (ռեակտորի) միացումը ցանցին պետք է իրականացվի միանգամից լրիվ լարման տակ, որոնք աշխատում են գեներատորի հետ բլոկով, կարող են միանալ աշխատանքի գեներատորի հետ, լարման 0-ից բարձրացմամբ:

12) Պահուստային տրանսֆորմատորներն աշխատանքին միանալու մշտական պատրաստականության վիճակում պետք է լինեն:

13) 110 կՎ լարման տրանսֆորմատորների և ռեակտորների փաթույթների չեզոքները պետք է աշխատեն խուլ հողակցման ռեժիմում: 110 կՎ լարման տրանսֆորմատորների չեզոքների աշխատանքի այլ ռեժիմները և դրանց պաշտպանության եղանակները սահմանում է էներգամատակարարող կազմակերպությունը:

14) Տրանսֆորմատորի (ռեակտորի) ներքին վնասվածքից պաշտպանության գործելուց ավտոմատ անջատման դեպքում, այն կարելի է միացնել աշխատանքի միայն զննումից, փորձարկումներից, գազի և յուղի վերլուծությունից և հայտնաբերված արատները (վնասվածքները) վերացնելուց հետո:

15) Ազդանշանից գազային ռելեի գործի ընկնելու դեպքում տրանսֆորմատորը պետք է ենթարկվի արտաքին զննման և ռելեից գազի նմուշառում կատարվի` վերլուծության և այրելիության ստուգման համար:

Անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար գազային ռելեից գազի նմուշառման և դրա գործելու հետ կապված պատճառների հայտնաբերման ընթացքում տրանսֆորմատորը (ռեակտորը) պետք է բեռնաթափվի և անջատվի արագ կերպով:

Եթե ռելեի գազն այրվող չէ և տրանսֆորմատորի վնասված լինելու նշանները բացակայում են, իսկ դրա անջատումը պատճառ է հանդիսացել էլեկտրաէներգիայի թերառաքման, ապա նա կարող է միացվել աշխատանքի գործընթացին մինչև ազդանշանից գազային ռելեի գործի ընկնելու պատճառի բացահայտումը: Այս դեպքում տրանսֆորմատորի աշխատանքի տևողությունը որոշում է սպառողի էլեկտրատնտեսության համար պատասխանատուն: Գազային ռելեից գազի, յուղի վերլուծության և այլ չափումների, փորձարկումների արդյունքներով անհրաժեշտ է պարզել ազդանշանից գազային ռելեի գործի ընկնելու պատճառը, որոշել տրանսֆորմատորի (ռեակտորի) տեխնիկական վիճակը և դրա նորմալ շահագործման հնարավորությունը:

16) Տրանսֆորմատորի (ռեակտորի) ընդարձակիչի յուղը, ինչպես նաև բաքի կամ բեռնվածքի տակ լարման կարգավորման (ԲԼԿ) սարքվածքի ընդարձակիչի յուղը պետք է պաշտպանված լինի օդի հետ շփումից: Յուղի խոնավացումը կանխարգելող հատուկ սարքվածքով կահավորված տրանսֆորմատորներում և ռեակտորներում նշված սարքվածքները տրանսֆորմատորի (ռեակտորի) աշխատանքային ռեժիմից անկախ պետք է միշտ միացված լինեն: Նշված սարքվածքները պետք է շահագործվեն շահագործման փաստաթղթերով սահմանված հրահանգներին համապատասխան:

1000 Վ և բարձր հզորությամբ տրանսֆորմատորները պետք է շահագործվեն ջերմասիֆոնային և ադսորբային (մակակլանող) զտիչներում յուղի անընդհատ վերականգնման համակարգի հետ:

Ոչ հերմետիկ կատարման յուղալեցուն ներանցիչի յուղը պետք է պաշտպանված լինի խոնավացումից և օքսիդացումից:

17) ԲԼԿ սարքվածքով կահավորված չբեռնավորված տրանսֆորմատորի պարապ ընթացքի հոսանքի զատիչով անջատման անհրաժեշտության դեպքում փոխարկիչը, սպառողի կողմի բեռնվածքը հանելուց հետո, պետք է դրվի անվանական լարմանը համապատասխան դիրքում:

18) Տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) զուգահեռ աշխատանքը թույլատրվում է այն դեպքում, եթե փաթույթներից ոչ մեկը տվյալ փաթույթի համար թույլատրելիից գերազանցող հոսանքով ծանրաբեռնված չէ:

Տրանսֆորմատորների զուգահեռ աշխատանքը թույլատրվում է հետևյալ պայմաններում`

ա) փաթույթների միացումների խմբերը միանման են,

բ) տրանսֆորմատորների հզորությունների հարաբերությունը 1:3-ից ավելի չէ,

գ) փոխակերպման (տրանսֆորմացիայի) գործակիցները տարբերվում են 0,5%-ից ոչ ավելի,

դ) կարճ միացման լարումները տարբերվում են 10%-ից ոչ ավելի,

ե) կատարվել է տրանսֆորմատորների ֆազավորում:

Զուգահեռ աշխատող կարճ միացման տարբեր լարումներով տրանսֆորմատորների միջև բեռնվածության հավասարեցման համար թույլատրվում է ճյուղավորումների փոխարկումներով, փոխակերպման գործակցի փոփոխում ոչ մեծ սահմաններում, այն պայմանով, որ տրանսֆորմատորներից ոչ մեկը գերբեռնված չլինի:

19) Յուղային և հեղուկ չայրվող դիէլեկտրիկով տրանսֆորմատորների համար թույլատրվում է ցանկացած փաթույթի երկարատև բեռնվածք ճյուղավորման անվանական հոսանքը 5%-ը գերազանցող հոսանքով, եթե լարումը չի գերազանցում համապատասխան ճյուղավորման անվանական լարումը: Ավտոտրանսֆորմատորում ընդհանուր փաթույթի հոսանքը չպետք է գերազանցի այդ փաթույթի համար ամենամեծ երկարատև թույլատրելի հոսանքը:

Չոր տրանսֆորմատորների շարունակական թույլատրելի բեռնվածքները պետք է սահմանվեն տրանսֆորմատորների որոշակի խմբերի և տեսակների ստանդարտներով:

Յուղային և չոր, ինչպես նաև հեղուկ չայրվող դիէլեկտրիկով տրանսֆորմատորներում թույլատրվում են համակարգված գերբեռնումներ, որոնց արժեքները և տևողությունը կարգավորվում է շահագործման փաստաթղթերով:

20) Վթարային ռեժիմներում թույլատրվում է տրանսֆորմատորների անվանական հոսանքից առավել կարճատև գերբեռնվածություն սառեցման բոլոր համակարգերի առկայության դեպքում, անկախ նախորդ բեռնվածքի տևողությունից ու արժեքից և սառեցնող միջավայրի ջերմաստիճանից, հետևյալ սահմաններում`

 

Յուղային տրանսֆորմատորներ.

    գերբեռնումն ըստ հոսանքի, %      30  45  60  75  100

գերբեռնման տևողությունը, րոպե 120  80  45  20   10

 

Չոր տրանսֆորմատորներ.

    գերբեռնումն ըստ հոսանքի, %      20  30  40  50   60

    գերբեռնման տևողությունը,  րոպե  60  45  32  18    5

 

21) Թույլատրվում է տրանսֆորմատորների շարունակական աշխատանքը (անվանական հզորությունը չգերազանցելու դեպքում), եթե ցանկացած փաթույթի ցանկացած ճյուղավորման լարումը բարձրացել է տվյալ ճյուղավորման անվանական լարման համեմատ 10%-ով: Ընդ որում, ցանկացած փաթույթում լարումը չպետք է լինի բարձր առավելագույն աշխատանքային լարումից:

22) Տրանսֆորմատորի անվանական բեռնվածքի դեպքում յուղի վերին շերտերի ջերմաստիճանը (շահագործման փաստաթղթերով հրահանգներում այլ ջերմաստիճաններ նախատեսված չլինելու դեպքում) պետք է բարձր չլինի`

ա) օդափչումով և յուղի հարկադիր շրջանառության յուղային սառեցման համակարգով կահավորված տրանսֆորմատորներում (այսուհետ` ՕդՇ) - 75 oC,

բ) յուղային սառեցման համակարգով (այսուհետ` Յու) և օդափչումով յուղային սառեցման համակարգով (այսուհետ` Օդ) - 95 oC,

գ) ջրահովացուցչի միջով յուղի հարկադիր շրջանառության յուղային սառեցման համակարգով կահավորված տրանսֆորմատորներում (այսուհետ` Շ) յուղի ջերմաստիճանը յուղահովացուցիչ մուտքում չպետք է լինի 70 oC-ից բարձր:

23) ՕդՇ յուղային սառեցման համակարգերով կահավորված, փաթույթներում յուղի ուղղորդված շրջանառությամբ (այսուհետ` ՈՒՕդՇ), Շ համակարգով փաթույթներով յուղի ուղղորդված շրջանառությամբ և ջրահովացուցչի միջով յուղի հարկադիր շրջանառությամբ (այսուհետ` ՈՒՇ) տրանսֆորմատորներում և ռեակտորներում սառեցման սարքավորումները պետք է ավտոմատ միացվեն (անջատվեն) տրանսֆորմատորի (ռեակտորի) միացման (անջատման) հետ միաժամանակ:

Տրանսֆորմատորների միացումն անվանական բեռնվածքով թույլատրվում է`

ա) Յու և Օդ սառեցման համակարգերով` ցանկացած բացասական ջերմաստիճանի դեպքում,

բ) ՕդՇ և Շ սառեցման համակարգերով` շրջակա օդի մինուս 25 oC ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում: Ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում տրանսֆորմատորը պետք է նախապես տաքացվի միացնելով մինչև 0,5 անվանականի բեռնվածք` յուղի շրջանառության համակարգը գործի չգցելով: Յուղի շրջանառության համակարգը պետք է միացվի աշխատանքի միայն յուղի վերին շերտերի ջերմաստիճանը մինուս 25 oC-ից ավելի բարձրացնելուց հետո:

Վթարային պայմաններում թույլատրելի է տրանսֆորմատորները լրիվ բեռնվածքով աշխատեցնելը` անկախ շրջակա օդի ջերմաստիճանից (ՈՒՕդՇ և Շ սառեցման համակարգերով կահավորված տրանսֆորմատորների համար` գործարանային հրահանգներին համապատասխան):

24) Սառեցման համակարգերում յուղի հարկադիր շրջանառությունը պետք է լինի անընդհատ` տրանսֆորմատորի բեռնվածքից անկախ:

25) Յուղաջրային Շ և ՈՒՇ սառեցման համակարգերի միացման ժամանակ առաջին հերթին պետք է գործի գցվի յուղապոմպը: Հետո յուղի վերին շերտերի ջերմաստիճանի 15 oC բարձր լինելու դեպքում պետք է միանա ջրապոմպը: Ջրապոմպի անջատումն իրականացվում է յուղի վերին շերտերի ջերմաստիճանը մինչև 10 oC իջնելը, եթե շահագործման հրահանգներով այլ բան չի նախատեսված:

Տրանսֆորմատորի ընդարձակիչում յուղը նվազագույն մակարդակում գտնվելիս դրա ճնշումը յուղահովարարներում պետք է շրջանառության մեջ գտնվող ջրի ճնշումից բարձր լինի առնվազն 10 կՊա-ով (0,1 կգ/սմ2):

Անհրաժեշտ է նախատեսել միջոցներ` յուղահովարարների, պոմպերի, ջրային մայրուղիների սառեցման կանխարգելման համար:

26) Բոլոր օդափոխիչների վթարային անջատման ժամանակ Օդ սառեցման համակարգերով տրանսֆորմատորներին թույլ է տրվում անվանական բեռնվածքով աշխատանքը` կախված շրջակա օդի ջերմաստիճանից, հետևյալ տևողությամբ`

 

    Շրջակա օդի ջերմաստիճան, oC              -15  -10    0   10   20   30

 

    Աշխատանքի թույլատրելի տևողությունը,  ժ  60    40   16   10    6    4

 

ՕդՇ և Շ սառեցման համակարգերով կահավորված տրանսֆորմատորների համար թույլատրելի է`

ա) արհեստական հովացման դադարի դեպքում անվանական բեռնվածքով աշխատանքը` 10 րոպե տևողությամբ կամ պարապ ընթացքը` 30 րոպե տևողությամբ, եթե նշված ժամանակի ավարտից հետո յուղի վերին շերտերի ջերմաստիճանը չի հասել 8 oC: 250 ՄՎԱ-ից ավելի հզորություն ունեցող տրանսֆորմատորների համար աշխատանքն անվանական բեռնվածքով թույլատրելի է մինչև նշված ջերմաստիճանին հասնելը, բայց 1 ժ-ից ոչ ավելի,

բ) օդափոխիչների լրիվ կամ մասնակի անջատման դեպքում կամ ջրի շրջանառության դադարի դեպքում, յուղի շրջանառության պահպանմամբ, երկարատև աշխատանք իջեցված բեռնվածքով մինչև յուղի վերին շերտերի 45 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանը:

Սույն կետի պայմաններն ուժի մեջ են, եթե շահագործման հրահանգներում այլ պայմաններ նախատեսված չեն:

27) Օդ սառեցման համակարգերով կահավորված տրանսֆորմատորների համար յուղի 55 oC ջերմաստիճանի դեպքում կամ անվանականին հավասար հոսանքի դեպքում, անկախ յուղի ջերմաստիճանից, պետք է ավտոմատ միանան օդափոխիչների շարժիչները: Օդափոխիչների շարժիչների անջատումն իրականացվում է յուղի վերին շերտերի ջերմաստիճանը մինչև 50 oC իջեցման դեպքում, եթե բեռնվածքի հոսանքն անվանականից ցածր է:

28) Բեռնվածքով լարման կարգավորման (ԲԼԿ) սարքավորումները պետք է աշխատեն ավտոմատ ռեժիմով: Դրանց աշխատանքը պետք է վերահսկվի գործողությունների թվի հաշվիչների ցուցմունքներով:

Սպառողի էլեկտրատնտեսության պատասխանատուի որոշմամբ թույլատրելի է ԲԼԿ-ի հեռափոխարկումը կառավարման վահանակից, եթե ցանցում լարման տատանումները սպառողների պահանջներին բավարարող սահմաններում են: Լարման տակ ձեռքով (բռնակի օգնությամբ) փոխարկումներ չեն թույլատրվում:

Սպառողի տրանսֆորմատորներն սպասարկող անձնակազմը պարտավոր է պահպանել ցանցի լարման և կարգավորվող ճյուղավորման վրա սահմանվող լարման համապատասխանությունը:

29) Առանց գրգռման փաթույթների (այսուհետ` ԱԳՓ) ճյուղավորումների փոխարկիչներով կահավորված տրանսֆորմատորների համար փոխակերպման գործակցի ընտրության իսկությունը պետք է ստուգվի առնվազն տարին 2 անգամ` ձմռան առավելագույն բեռնվածքի և ամռան նվազագույն բեռնվածքի հաստատումից առաջ:

30) Տրանսֆորմատորների (ռեակտորների) զննումն առանց դրանց անջատման պետք է իրականացվի հետևյալ ժամկետներում`

ա) անձնակազմի մշտական հերթապահությամբ ենթակայանների գլխավոր իջեցնող տրանսֆորմատորներինը` օրը մեկ անգամ,

բ) անձնակազմի մշտական և ոչ մշտական հերթապահությամբ էլեկտրատեղակայանքների մյուս տրանսֆորմատորները` ամիսը մեկ անգամ,

գ) տրանսֆորմատորային կետերում` ամիսը առնվազն մեկ անգամ:

Ելնելով տրանսֆորմատորների (ռեակտորների) վիճակից և տեղային պայմաններից` նշված ժամկետները կարող են փոփոխվել սպառողի` էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից:

Տրանսֆորմատորների (ռեակտորների) արտահերթ զննումները կատարվում են`

ա) եղանակի անբարենպաստ ազդեցություններից հետո (ամպրոպ, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն, ուժեղ քամի և այլն),

բ) գազային պաշտպանության ազդանշանման գործելու դեպքում, ինչպես նաև գազային և (կամ) դիֆերենցիալ պաշտպանության գործելու հետևանքով տրանսֆորմատորի (ռեակտորի) անջատման դեպքում:

31) Տրանսֆորմատորների (ռեակտորների) արտահերթ նորոգումները պետք է կատարվեն, եթե դրանց տարրերից որևէ մեկի արատը կարող է աշխատանքի խափանման պատճառ դառնալ: Տրանսֆորմատորի (ռեակտորի) նորոգման համար դրանք կանգնեցնելու որոշումը կայացնում է սպառողի ղեկավարը կամ էլեկտրատնտեսության համար պատասխանատուն:

32) Շահագործման մեջ գտնվող տրանսֆորմատորների ռեակտորների և դրանց տարրերի փորձարկումները պետք է իրականացվեն էլեկտրասարքավորումների փորձարկումների նորմերին և շահագործման հրահանգներին համապատասխան: Փորձարկումների արդյունքներով կազմվում են արձանագրություններ և պահվում տվյալ սարքավորումների փաստաթղթերի հետ:

33) Տրանսֆորմատորը (ռեակտորը) վթարային կերպով հանվում է աշխատանքից, եթե`

ա) տրանսֆորմատորի ներսում ուժեղ անհավասար աղմուկ կամ ճարճատյուն կա,

բ) տրանսֆորմատորն անկանոն և անընդհատ աճով տաքանում է` անվանականից ցածր բեռնվածքի և սառեցման սարքվածքների կանոնավոր աշխատանքի դեպքում,

գ) ընդարձակիչից յուղ է դուրս մղվել կամ արտանետման խողովակի դիաֆրագման պատռվել է,

դ) տեղի է ունեցել յուղի արտահոսք և, եթե յուղի մակարդակն իջնում է յուղաչափի ապակու վրա նշված մակարդակից ներքև:

Տրանսֆորմատորների աշխատանքը դադարեցվում է նաև յուղի անհապաղ փոխարինման անհրաժեշտության դեպքում` ելնելով լաբորատոր վերլուծությունների արդյունքներից:

 

9. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ (ԲՍ) ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԸ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են սպառողների 0,4-ից մինչև 220 կՎ լարման ԲՍ-ին և ենթակայաններին:

2) Կողմնակի կազմակերպություններին պատկանող շենքերին հարող սպառողի ԲՍ սենքը, կահավորված լարման տակ գտնվող սարքավորումներով, պետք է մեկուսացված լինի այդ շենքերից: Նա պետք է առանձին փակվող (կողպեքով) ելք ունենա:

ԲՍ, որոնք սպասարկվում են սպառողի կողմից և օգտագործվում են էներգամատակարարող կազմակերպությունների կողմից, պետք է կառավարվի սպառողի և էներգամատակարարող կազմակերպության միջև փոխհամաձայնեցված հրահանգների հիման վրա:

3) Սենքերում դռները և լուսամուտները պետք է միշտ փակ լինեն, իսկ յուղ պարունակող ապարատների միջև եղած միջնորմերի բացվածքները պետք է լցափակված լինեն: Մալուխների անցկացման վայրերում եղած բոլոր անցքերը պետք է խցված լինեն: Շենքերի արտաքին պատերի անցքերը և բացվածքները պետք է լցափակվեն կամ 1x1սմ չափի անցքերով ցանցերով փակվեն, որպեսզի բացառվի կենդանիների և թռչունների մուտքը:

4) Գործարկման-կարգավորման և պաշտպանական ապարատների հոսանատար մասերը պետք է պատահական հպումներից ցանկապատվեն: Հատուկ սենքերում (էլեկտրամեքենայական, վահանային, ղեկավարման կայանները և այլն) թույլատրվում է ապարատների բաց տեղադրումն առանց պաշտպանական պատյանի:

Էլեկտրասենքերից դուրս տեղադրված բոլոր ԲՍ-ները (վահաններ, հավաքվածքներ և այլն) պետք է ունենան փակող սարքեր, որոնցով կարգելվեն ոչ էլեկտրատեխնիկական անձնակազմի աշխատողների մուտքն այդտեղ:

5) Բոլոր տեսակի և լարման ԲՍ էլեկտրասարքավորումները պետք է բավարարեն աշխատանքային պայմաններին` ինչպես բնականոն ռեժիմներում, այնպես էլ կարճ միացումների, գերլարումների և գերբեռնումների ժամանակ:

Էլեկտրասարքավորման մեկուսացման դասը պետք է համապատասխանի ցանցի անվանական լարմանը, իսկ գերլարումներից պաշտպանության սարքվածքները` էլեկտրասարքավորումների մեկուսացման մակարդակին:

6) Աղտոտված մթնոլորտով տարածքներում գտնվող էլեկտրասարքավորումներում պետք է իրականացվեն մեկուսացման հուսալիությունն ապահովող հետևյալ միջոցառումները`

ա) բաց բաշխիչ սարքվածքներում (այսուհետ` ԲԲՍ)` մեկուսացման ուժեղացում, մաքրում, լվացում, անջրանցիկ մածուկներով պատում,

բ) փակ բաշխիչ սարքավորումներում (այսուհետ` ՓԲՍ) փոշու և վտանգավոր գազերի ներթափանցումից պաշտպանություն,

գ) արտաքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքավորումներում (այսուհետ` ԱԼԲՍ)` պահարանների հերմետիկացում և մեկուսացում անջրանցիկ մածուկներով:

7) Հոսանատար մասերին մոտ գտնվող կոնստրուկցիաների մասերը, որոնք տաքանում են մակածված հոսանքով և մատչելի են անձնակազմի հպման համար, չպետք է ունենան 50 oC-ից բարձր ջերմաստիճան:

8) ՓԲՍ սենքում օդի ջերմաստիճանն ամռանը չպետք է գերազանցի 40 oC: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն սարքավորումների ջերմաստիճանի իջեցման կամ օդի սառեցման համար:

Ճնշակային կայանի սենքում օդի ջերմաստիճանը պետք է պահպանվի 10 oC-ից մինչև 35 oC սահմաններում, էլեգազային բաշխիչ սարքվածքների (այսուհետ` ԷԼԲՍ) սենքերում 1 oC-ից մինչև 40 oC սահմաններում:

ԲՍ-ում հաղորդաձողերի կազմատվող միացումների ջերմաստիճանի հսկողությունը պետք է կազմակերպել հաստատված գրաֆիկով:

9) ԲԲՍ-ի հոսանատար մասերի և ծառերի, բարձր թփերի միջև եղած հեռավորությունը պետք է լինի այնպիսին, որ բացառվի հոսանատար մասերի մակածածկվելու հնարավորությունը:

10) ԲԲՍ, ՓԲՍ և ԱԼԲՍ հատակի ծածկույթը պետք է այնպիսին լինի, որ բացառվի ցեմենտի փոշու գոյացումը:

Էլեգազային մեկուսացմամբ լրակազմ ԲՍ (այսուհետ` ԷԼԲՍ) բջիջների տեղակայման սենքերը, ինչպես նաև սարքավորումների նորոգումից և հավաքակցումից առաջ դրանց վերաստուգման սենքերը, պետք է մեկուսացվեն փողոցից և այլ սենքերից: Պատերը, հատակը և առաստաղը պետք է ներկվեն փոշեանթափանց ներկով:

Սենքերը պետք է մաքրվեն խոնավ կամ վակուումային եղանակով: Սենքերը պետք է կահավորված լինեն ներհոս-արտահոս օդափոխմամբ` օդի ներքևից ներծծմամբ: Ներհոս օդափոխման օդը պետք է անցնի փոշու ներթափանցումը սենք կանխարգելող զտիչներով:

11) ԲԲՍ և ՓԲՍ մալուխային անցուղիները և վերգետնյա մալուխային վաքերը պետք է փակված լինեն չայրվող սալիկներով, մալուխային անցուղիներից, վաքերից, հարկերից մալուխների դուրս գալու տեղերը և մալուխային հատվածամասերի միջև անցումները պետք է կիպացվեն հրակայուն նյութերով:

Թունելները, անցուղիները, նկուղները պետք է մաքուր պահվեն, իսկ ջրաքաշման սարքավորումները պետք է ապահովեն ջրի անարգել հեռացումը:

Յուղընդունիչները, կոպճածածկերը, ջրաքաշման և յուղահեռացման ուղիները պետք է պահվեն սարքին վիճակում:

12) Յուղի մակարդակը յուղային անջատիչներում, չափիչ տրանսֆորմատորներում և ներանցիչներում պետք է գտնվի յուղացուցչի սանդղակի սահմաններում` շրջակա օդի նվազագույն և առավելագույն ջերմաստիճանների դեպքում:

Ոչ հերմետիկ ներանցիչների յուղը պետք է պաշտպանված լինի խոնավությունից և օքսիդացումից:

13) ԲՍ և ենթակայաններ տանող ավտոմեքենայի ճանապարհները պետք է գտնվեն սարքին վիճակում:

Մալուխային անցուղիների վրայով ավտոփոխադրամիջոցների անցումը թույլատրող տեղերը պետք է նշվեն:

14) Կառավարման բոլոր բանալիների, կոճակների և բռնակների վրա պետք է լինեն իրենց նշանակությանը համապատասխան գործողություն ցույց տվող գրառումներ («Միացնել», «Անջատել», «Նվազեցնել», «Ավելացնել» և այլն):

Ազդանշանային ապարատների և լամպերի վրա պետք է լինեն ազդանշանը բնորոշող գրառումներ («Միացված է», «Անջատված է», «Գերտաքացում» և այլն):

15) Անջատիչները և դրանց հաղորդակները պետք է ունենան անջատված և միացված դիրքերի ցուցիչներ:

Ներսարքված հաղորդակներով կամ անջատիչին անմիջապես կից և դրանից անընդհատ անթափանց ցանկապատով (պատով) չանջատած հաղորդակներով անջատիչների վրա թույլատրվում է մեկ ցուցչի տեղադրում` անջատիչի կամ հաղորդակի վրա: Եթե անջատիչի արտաքին հպակներից պարզ երևում է միացված դիրքը, ապա անջատիչի և ներսարքված կամ պատով չանջատված հաղորդակի վրա ցուցչի առկայությունը պարտադիր չէ:

Բաժանիչների, հողակցող դանակների, խզիչների, կարճամիակցիչների և ապարատներից պատով անջատված այլ սարքավորումների հաղորդակները պետք է ունենան անջատված և միացված դիրքերի ցուցիչներ:

Բաժանիչների, խզիչների, կարճամիակցիչների, հողակցող դանակների ցանկապատեր չունեցող բոլոր հաղորդակները պետք է ունենան հարմարանքներ և անջատված, և միացված վիճակում փակելու համար:

Զսպանակային հաղորդակներով անջատիչներով կահավորված ԲՍ-ները պետք է համալրվեն զսպանակային մեխանիզմի լարման համար նախատեսված հարմարանքներով:

16) ԲՍ սպասարկող անձնակազմը պետք է ունենա վթարային և բնականոն պայմաններում աշխատանքի թույլատրելի ռեժիմների մասին փաստաթղթեր:

Հերթապահ անձնակազմը պետք է ունենա չափաբերված հալուն ներդիրների պահուստ: Չչափաբերված հալուն ներդիրների օգտագործումը չի թույլատրվում: Հալուն ներդիրները պետք է համապատասխանեն ապահովիչների տեսակին:

ԲՍ պահուստային տարրերի սարքինությունը (տրանսֆորմատորների, անջատիչների, հաղորդաձողերի և այլնի) պետք է կանոնավոր ստուգվեն` միացվեն լարման տակ, տեղային հրահանգներով սահմանված ժամկետներում:

17) ԲՍ սարքավորումները պետք է պարբերաբար մաքրվեն փոշուց և կեղտից:

Մաքրման ժամկետները որոշում է էլեկտրատնտեսության համար պատասխանատուն` հաշվի առնելով տեղային պայմանները:

ԲՍ սենքերի և էլեկտրասարքավորումների մաքրումը կատարում է ուսուցված անձնակազմը` պահպանելով անվտանգության կանոնները:

18) ԲՍ ուղեկապող սարքավորումները, բացի մեխանիկականից, պետք է միշտ կապարակնքված լինեն: Փոխարկումները կատարող անձնակազմին չի թույլատրվում ինքնակամ ապաուղեկապել դրանք:

19) 1000 Վ-ից բարձր լարումով ԲՍ հողակցման համար օգտագործվում են մնայուն (ստացիոնար) հողակցող դանակներ:

Հողակցող դանակների հաղորդակների բռնակները պետք է ներկված լինեն կարմիր գույնով, իսկ դրանց հաղորդակները` սևով: Ապարատների ձեռքի հաղորդակներով գործողությունները պետք է կատարվեն անվտանգության կանոնների պահպանմամբ:

Մնայուն հողակցող դանակների բացակայության դեպքում պետք է նախապատրաստվեն և նշվեն շարժական հողակցումների միացման տեղերը` հոսանատար մասերին ու հողակցող սարքվածքին:

20) ՓԲՍ խցերի դռներին և ներսի պատերին, ԲԲՍ սարքավորումներին, արտաքին և ներքին տեղակայման ԼԲՍ դիմացի և ներսի մասերում, հավաքվածքներում, ինչպես նաև վահանակների պանելների դիմացի և հակառակ կողմերի վրա պետք է գրվեն միացումների նշանակությունը և դրանց կարգավարական անվանումը:

ԲՍ դռների վրա պետք է լինեն սահմանված ձևի նախազգուշական պլակատներ և նշումներ:

Ապահովիչներով վահանակների և (կամ) միացումների ապահովիչների մոտ պետք է լինեն հալուն ներդիրի անվանական հոսանքը նշող գրառումներ:

21) ԲՍ պետք է գտնվեն էլեկտրապաշտպանական և անձնական պաշտպանության միջոցներ (պաշտպանության միջոցների լրակազմության նորմերին համապատասխան), հակահրդեհային պաշտպանական և օժանդակ միջոցներ (ավազ, կրակմարիչներ) և դժբախտ պատահարներից տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու միջոցներ:

Օպերատիվ արտագնա բրիգադների (այսուհետև` ՕԱԲ) կողմից սպասարկվող ԲՍ-ի պաշտպանության միջոցները կարող են պահվել ՕԱԲ-ի մոտ:

22) Ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի, կապի և հեռամեխանիկայի ապարատուրայի սարքվածքների պահարանները, կառավարման պահարանները և օդային անջատիչների բաշխիչ պահարանները, ինչպես նաև յուղային անջատիչների, բաժանիչների, կարճամիակցիչների հաղորդակների պահարանները և զատիչների շարժիչային հաղորդակների պահարանները, որոնք տեղակայված են ԲՍ-ում, որտեղ օդի ջերմաստիճանը կարող է թույլատրելիից ցածր լինել, պետք է ունենան էլեկտրատաքացման սարքավորումներ:

Էլեկտրատաքացուցիչների միացումն ու անջատումը պետք է իրականացվի ավտոմատ կերպով: Էլեկտրատաքացուցիչների միացման ու անջատման ավտոմատ համակարգը պետք է անընդհատ վերահսկի դրանց ամբողջականությունը` տեղային կառավարման վահանակին և (կամ) կարգավարական պուլտին տեղեկատվության փոխանցումով:

Յուղային անջատիչները պետք է կահավորված լինեն բաքերի հատակի և էլեկտրատաքացման սարքվածքներով, որոնք միացվում են օդի ջերմաստիճանը թույլատրելիից իջնելու դեպքում: Ջերմաստիճանի արժեքները, որոնց դեպքում էլեկտրատաքացուցիչը միացվում և անջատվում է, որոշվում են տեղային հրահանգներով` հաշվի առնելով սարքավորումներն արտադրող գործարանի ցուցումները:

23) Օդային անջատիչների և այլ ապարատների ռեզերվուարները, ինչպես նաև օդակուտակիչները և բալոնները պետք է բավարարեն տվյալ լարման էլեկտրատեղակայանքների համար ՏԿ-ով սահմանված պահանջներին:

24) Անջատիչների, բաժանիչների, զտիչների, կարճմիակցիչների մեխանիզմների և դրանց հաղորդակների շփվող մակերևույթները, առանցքակալները և հոսակապ միացումները պետք է յուղվեն ցածր ջերմաստիճաններում չսառող քսուքներով, իսկ անջատիչների և այլ ապարատների յուղային տատանամարիչները լցվեն յուղով, որի սառեցման ջերմաստիճանն արտաքին օդի ձմեռային նվազագույն ջերմաստիճանից պետք է առնվազն լինի 20 oC ցածր:

25) Օդապատրաստման տեղակայանքի ավտոմատ կառավարման ազդանշանման և պաշտպանության սարքվածքները, ինչպես նաև ապահովիչ կափույրները պետք է կանոնավոր կերպով ստուգվեն և կարգավորվեն` շահագործման հրահանգների պահանջների համաձայն:

26) 4,0-ից մինչև 4,5 ՄՊա (40-ից մինչև 45 կգ/սմ2) աշխատանքային ճնշմամբ աշխատանքային ճնշակների կանգի և հաջորդ գործարկման միջև ընկած ժամանակը (ոչ աշխատանքային դադարը) պետք է լինի առնվազն 60 րոպե, 23 ՄՊա (230 կգ/սմ2) աշխատանքային ճնշմամբ ճնշակներինը` առնվազն 90 րոպե:

Աշխատանքային ճնշակներով օդի ծախսի լրացումը պետք է ապահովվի ոչ ավելի 30 րոպեի ընթացքում` 4-ից մինչև 4,5 ՄՊա աշխատանքային ճնշմամբ ճնշակների համար և ոչ ավելի 90 րոպեի ընթացքում` 23 ՄՊա աշխատանքային ճնշմամբ ճնշակների համար:

27) Փոխարկման ապարատների սեղմած օդի չորացումը պետք է իրականացվի ջերմադինամիկական եղանակով: Սեղմած օդի չորացման պահանջվող աստիճանն ապահովվում է անվանական ճնշակային և փորձարկման ապարատների անվանական աշխատանքային ճնշումների միջև անկումների բազմապատիկը 2-ից ոչ պակաս լինելու դեպքում` 2 ՄՊա (20 կգ/սմ2) անվանական աշխատանքային ճնշմամբ ապարատների համար, և 4-ից ոչ պակաս` 2,6-ից մինչև 4,0 ՄՊա (26-ից մինչև 40 կգ/սմ2) անվանական աշխատանքային ճնշմամբ ապարատների համար:

28) 4-ից մինչև 4,5 ՄՊա (40- ից մինչև 45 կգ/սմ2) ճնշակային ճնշմամբ օդակուտակիչներից խոնավությունը պետք է հեռացվի առնվազն 3 օրը մեկ անգամ, իսկ այն օբյեկտներում, որտեղ մշտական հերթապահ անձնակազմ չկա` հաստատված գրաֆիկով, որը կազմվում է շահագործման փորձից ելնելով:

Օդակուտակչի հատակը և արտաթողման փականը պետք է ջերմամեկուսացվեն էլեկտրատաքացման սարքավորումներով, որոնք միացվում են դրսի օդի բացասական ջերմաստիճանների դեպքում խոնավության հեռացման համար և այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է սառույցի հալեցման համար:

23 ՄՊա (230 կգ/սմ2) ճնշմամբ բալոնների խմբերի խտուցքահավաքիչներից խոնավության հեռացումը պետք է ավտոմատ կատարվի ճնշակի յուրաքանչյուր գործի գցելու ժամանակ: Ջրի սառչելուց խուսափելու համար բալոնների ներքևի մասերը և խտուցքահավաքիչները պետք է տեղակայվեն էլեկտրատաքացուցչով կահավորված ջերմամեկուսացված խցիկում, բացառությամբ այն բալոնների, որոնք տեղադրված են սեղմած օդի մաքրման բլոկներից հետո (այսուհետ` ՕՄԲ): ՕՄԲ խոնավազտիչի փչամաքրումը պետք է իրականացվի առնվազն օրական 3 անգամ:

Չորացման աստիճանի ստուգումն իրականացվում է օրական մեկ անգամ` ՕՄԲ-ի ելքում` օդում ցողի կետի որոշման եղանակով: Ցողի կետը պետք է բարձր չլինի մինուս 50 oC-ից` շրջակա օդի դրական ջերմաստիճանի դեպքում և մինուս 40 oC-ից` բացասականի դեպքում:

29) Ճնշակային ճնշումով բալոնների և օդակուտակիչների ներքին զննումը և հիդրավլիկ փորձարկումները կատարվում են սահմանված պահանջներին համապատասխան: Օդային անջատիչների և այլ ապարատների ռեզերվուարների ներքին զննումն իրականացվում է հիմնական նորոգումների ժամանակ:

Օդային անջատիչների ռեզերվուարների հիդրավլիկ փորձարկումներն իրականացվում են զննման ընթացքում ռեզերվուարների ամրության մեջ կասկած հարուցող արատների հայտնաբերման դեպքում:

Ռեզերվուարների ներքին մակերևույթները պետք է ունենան հակակոռոզիական պատվածք:

30) Օդային անջատիչներում և մյուս փոխարկման ապարատների հաղորդակներում օգտագործվող սեղմած օդը պետք է մաքրվի մեխանիկական խառնուրդներից յուրաքանչյուր օդային անջատիչի բաշխիչ պահարաններում կամ յուրաքանչյուր ապարատի սնող հաղորդակների օդատարում տեղակայված ֆիլտրերի միջոցով:

Օդանախապատրաստող ցանցի հավաքակցման ավարտից հետո օդային անջատիչների և այլ ապարատների հաղորդակների ռեզերվուարներն առաջին անգամ օդով լցնելուց առաջ բոլոր օդատարները պետք է փչամաքրվեն:

Շահագործման ընթացքում սեղմած օդի կեղտոտման նախազգուշացման համար անհրաժեշտ է փչամաքրել`

ա) 2 ամիսն առնվազն մեկ անգամ օդատարերի մայրուղիները` շրջակա օդի դրական ջերմաստիճանի դեպքում,

բ) ապարատի յուրաքանչյուր հիմնական նորոգումից հետո բաշխիչ պահարան հասնող օդատարերը (ցանցից ճյուղավորումներ) և պահարանից մինչև անջատիչների յուրաքանչյուր բևեռի ռեզերվուարները և այլ ապարատների հաղորդակների ռեզերվուարները` դրանք ապարատից անջատելով,

գ) օդային անջատիչների ռեզերվուարները` յուրաքանչյուր հիմնական և ընթացիկ նորոգումից հետո, ինչպես նաև ճնշակային կայանների աշխատանքային ռեժիմների խանգարման դեպքում:

31) Օդային անջատիչներում պետք է պարբերաբար ստուգվի մեկուսիչների ներքին խոռոչների օդափոխման աշխատանքը (ցուցիչներ ունեցող անջատիչներում):

Ստուգումների պարբերականությունը սահմանվում է շահագործման հրահանգների հիման վրա:

32) ԷԼԲՍ-ում էլեգազային անջատիչների էլեգազի խոնավությունը վերահսկվում է սարքավորումն էլեգազով լցնելուց հետո մեկ շաբաթից ոչ ուշ` առաջին անգամ, և հետագայում տարին 2 անգամ` ձմռանը և ամռանը:

33) ԷԼԲՍ և ՓԲՍ շենքերում էլեգազի պարունակության վերահսկումն իրականացվում է հատուկ հոսաթողման որոնիչի օգնությամբ` հատակի մակարդակից 10-ից մինչև 15 սմ բարձրության վրա:

Էլեգազի պարունակությունը սենքերում պետք է լինի ապարատների շահագործման հրահանգներում նշված նորմերի սահմաններում:

Հսկողությունն իրականացվում է սպառողի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված գրաֆիկով:

34) Էլեգազի հոսակորուստը չպետք է գերազանցի տարեկան ընդհանուր զանգվածի 3 %-ը: Էլեգազի ճնշումն անվանականից շեղվելու դեպքում պետք է ձեռնարկել ռեզերվուարներն էլեգազով լցնելու համար համապատասխան միջոցներ:

Էլեգազի ցածր ճնշման ժամանակ անջատիչների հետ գործողություն կատարելը չի թույլատրվում:

35) Աղեղմարիչ վակուումային խցիկները (այսուհետ` ԱՎԽ) փորձարկում են անջատիչների շահագործման հրահանգներով սահմանված ժամկետներում և ծավալներով:

20 կՎ-ից ավելի ամպլիտուդով բարձր լարման տակ ԱՎԽ փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է օգտագործել էկրան` առաջացող ռենտգենյան ճառագայթումից պաշտպանվելու համար:

36) Բեռնվածքի անջատիչների աղեղմարիչ խցիկների ստուգումը, գազագեներացնող աղեղմարիչ ներդիրների մաշվածության և անշարժ աղեղմարիչ հպակների վառվածության աստիճանի որոշումն իրականացվում են պարբերաբար, էլեկտրատնտեսության համար պատասխանատուի կողմից սահմանված ժամկետում` կախված բեռնվածքի անջատիչների գործածման հաճախականությունից:

37) Յուղային անջատիչների բաքերից խոնավությունը հեռացնելու համար անհրաժեշտ է տարեկան 2 անգամ` գարնանը դրական ջերմաստիճանները հաստատվելիս և աշնանը` բացասական ջերմաստիճանների հաստատվելուց առաջ իրականացնել համապատասխան աշխատանքներ:

38) ԲՍ սարքավորումների փորձարկումները, չափումները և կանխազգուշացնող ստուգումները կատարում են էլեկտրասարքավորումների շահագործման հրահանգներով նախատեսված ծավալներով և ժամկետներում:

39) Առանց անջատման ԲՍ զննումը կատարվում է`

ա) մշտական հերթապահ անձնակազմ ունեցող օբյեկտներում` օրական առնվազն մեկ անգամ, պսակապարպման և լիցքաթափման հայտնաբերման դեպքում` առնվազն ամիսը մեկ անգամ մութն ընկնելուց հետո,

բ) մշտական հերթապահ անձնակազմ չունեցող օբյեկտներում` ամիսը առնվազն մեկ անգամ, իսկ տրանսֆորմատորային և բաշխիչ կետերում` առնվազն 6 ամիսը մեկ անգամ:

Անբարենպաստ եղանակների դեպքում (խիստ մառախուղ, թաց ձյուն, մերկասառույց և այլն) կամ ԲԲՍ-ի խիստ աղտոտված լինելու դեպքում պետք է իրականացվեն լրացուցիչ զննումներ:

Սարքավորումների արատների և անսարքությունների մասին մատյանում գրառումներ են արվում բոլոր նկատված թերությունների մասին և, բացի այդ, տվյալ տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատուին:

Նկատված անսարքությունները պետք է վերացվեն նվազագույն ժամկետներում:

40) ԲՍ զննումների ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի`

ա) սենքի վիճակի, դռների և պատուհանների սարքինության, կտուրից և միջհարկային ծածկերից ջրահոսքերի բացակայության, կողպեքի առկայության և սարքինության վրա,

բ) ջեռուցմանը և օդափոխմանը, լուսավորությանը և հողակցման ցանցի սարքինությանը,

գ) հրդեհամարման միջոցների առկայությանը,

դ) փորձարկված պաշտպանական միջոցների առկայությանը,

ե) դեղորայքով ապահովված լինելուն,

զ) յուղի մակարդակը և ջերմաստիճանը, ապարատներից արտահոսքի բացակայությանը,

է) ցածր լարման վահանակի խզիչների հպակների վիճակին,

ը) հաշվիչների վրա կապարակնիքի ամբողջականությանը,

թ) մեկուսացման վիճակին (փոշոտվածությունը, ճաքերի առկայությունը, լիցքաթափումը և այլն),

ժ) վնասվածքների և կոռոզիայի հետքերի բացակայությանը, էլեգազային սարքավորման թրթռումների և ճտճտոցի բացակայությանը,

ժա) ազդանշանային համակարգի աշխատանքին,

ժբ) օդային անջատիչների բաքերում օդի ճնշմանը,

ժգ) անջատիչների օդաճնշիչ հաղորդակների ռեզերվուարներում սեղմած օդի ճնշմանը,

ժդ) օդի արտահոսման բացակայությանը,

ժե) անջատիչների դիրքերի ցուցիչների սարքինությանը և ցուցմունքների ճշգրտությանը,

ժզ) օդային անջատիչների բևեռների օդափոխման առկայությանը,

ժէ) օդային անջատիչների լարման ունակային բաժանարարի կոնդենսատորներից յուղի արտահոսքի բացակայությանը,

ժը) տարվա ցուրտ եղանակներին էլեկտրատաքացման սարքավորումների աշխատանքին,

ժթ) ղեկավարման պահարանների փակման կիպությանը,

ի) փոխարկման ապարատների հասանելիությանը, դյուրինությանը և այլն:

41) ԲՍ սարքավորումների հիմնանորոգումները պետք է իրականացվեն հետևյալ ժամկետներում`

ա) յուղային անջատիչները` 6-8 տարին մեկ անգամ, եթե միջնորոգման ընթացքում հաղորդակով անջատիչների բնութագրերը վերահսկվում են,

բ) բեռնվածքի անջատիչները, բաժանիչները և հողակցող դանակները` 4-8 տարին մեկ անգամ (կախված կոնստրուկտիվ հատկանիշներից),

գ) օդային անջատիչները` 4-6 տարին մեկ անգամ,

դ) բաց դանակով կարճմիակցիչները և զատիչներն ու դրանց հաղորդակները` 2-3 տարին մեկ անգամ,

ե) ճնշակները` 2-3 տարին մեկ անգամ,

զ) ԷԼԲՍ` 10-12 տարին մեկ անգամ,

է) էլեկտրագազային և վակուումային անջատիչները` 10 տարին մեկ անգամ,

ը) հոսանատարները` 8 տարին մեկ անգամ,

թ) բոլոր ապարատները և ճնշակները` պաշարների սպառումից հետո, անկախ շահագործման տևողությունից:

Տեղակայված սարքավորման առաջին հիմնանորոգումը պետք է կատարվի շահագործման փաստաթղթերով սահմանված ժամկետներում:

Ներքին տեղակայման բաժանիչները նորոգվում են անհրաժեշտության դեպքում:

ԲՍ սարքավորումների նորոգումը նույնպես իրականացվում է անհրաժեշտությունից ելնելով` հաշվի առնելով կանխազգուշացնող փորձարկումների և զննումների արդյունքները:

Նորոգումների պարբերականությունը կարող է փոփոխվել սպառողի տեխնիկական ղեկավարի որոշմամբ` ելնելով շահագործման փորձից:

 

10. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԸ ԵՎ ՀՈՍԱՆԱՏԱՐՆԵՐԸ

 

1) Սույն գլխի պահանջները տարածվում են փոփոխական և հաստատուն հոսանքի 0,38 կՎ-ից մինչև 220 կՎ լարման ՕԳ-ին և մինչև 35 կՎ (ներառյալ) լարման օդային հոսանատարներին, որոնք սպասարկվում են սպառողների կողմից:

ՏԿ-ի պահանջները չեն վերաբերում հպակային ցանցի գծերին, էլեկտրոլիզային տեղակայանքների հոսանատարներին և այլ հատուկ օդային գծերին և կառույցներին, որոնց սարքվածքն ու շահագործումը որոշվում են հատուկ կանոններով և նորմերով:

2) Բոլոր նորակառույց և վերակառուցված ՕԳ և հոսանատարները կառուցվում են ՏԿ-ի և գործող շինարարական նորմերին համապատասխան:

3) Նոր նախագծվող (վերակառուցվող) ՕԳ-ի և հոսանատարների տեխնիկական փաստաթղթերի համաձայնեցման ժամանակ սպառողները նախագծող կազմակերպություններին պետք է տրամադրեն նախագծվող ՕԳ, հոսանատարների տարածքի փաստացի պայմանների մասին տվյալներ (կլիմայական պայմաններ, աղտոտվածության բնույթն ու ինտենսիվությունը և այլն) և պահանջեն` նախագծում հաշվի առնել այդ պայմանները: Արտաքին էլեկտրամատակարարման էլեկտրական ցանցին միացվող նոր և վերակառուցվող ՕԳ-ի (հոսանատարների) նախատեսվող նախագծային լուծումները պետք է համաձայնեցվեն էլեկտրամատակարարող կազմակերպության հետ:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.11.2006
N 1939-Ն
Որոշում