Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

i

040.1605.020208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1605-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրատեղակայանքների սարքվածքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էլեկտրակայանների և ցանցերի շահագործման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1605-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները տարածվում են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի հունվարի 21-ի «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» (ՀԴ 006.1-2004) N 6-Ն հրամանով հաստատված դասակարգչին համապատասխան հետևյալ դասիչներով նախատեսված էլեկտրակայանների, էլեկտրական և ջերմային ցանցերի ծառայությունների վրա`

 

    1) 31.10.92.000    Ծառայություններ էլեկտրաշարժիչների, գեներատորների և

                       տրանսֆորմատորների նորոգման, տեխնիկական սպասարկման

                       և փաթաթման.

 

    2) 31.20.92.000    Ծառայություններ էլեկտրաբաշխիչ և  կարգավորող սարքերի

                       նորոգման և տեխնիկական սպասարկման.

 

    3) 31.20.99.000    Ծառայություններ էլեկտրաբաշխիչ և  կարգավորող սարքերի

                       արտադրության բնագավառում, տեղակայման, նորոգման և

                       տեխնիկական սպասարկման.

 

    4) 31.62.92.000    Ծառայություններ այլ էլեկտրասարքավորանքի նորոգման և  

                       տեխնիկական սպասարկման, չներառված ուրիշ

                       խմբավորումներում.

 

    5) 40.30.10.400    Ծառայություններ գոլորշու և  տաք ջրի մատակարարման.

 

    6) 45.31.41.900    Ծառայություններ էլեկտրասարքավորանքի տեղակայման,

                      չներառված ուրիշ խմբավորումներում:

 

2. Վերը թվարկված ծառայությունները մատուցվում են հետևյալ տեղակայանքների համար`

1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին միացված օրգանական վառելիքով աշխատող էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների, բաշխման և հաղորդման էլեկտրական ցանցերի, սպառողներին պատկանող ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցի հետ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգիա արտադրող էլեկտրատեղակայանքների, ինչպես նաև դրանց արտադրական շենքերի, շինությունների, տարածքների.

2) հիդրոէլեկտրակայանների հիդրոտեխնիկական կառույցների, ջրային տնտեսության հիդրոտուրբինային տեղակայանքների.

3) ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցին միացված ջերմային էլեկտրակայանների ջերմատեխնիկական սարքավորումների, արտադրական նշանակության կաթսայական տեղակայանքների և ջերմային ցանցերի:

3. Ընդհանուր նշանակության էլեկտրական ցանցից սնվող սպառողներին (ենթասպառողներին) պատկանող էլեկտրատեղակայանքների տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն:

4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված են տեխնիկական շահագործման աշխատանքների ծավալներին և պարբերականությանը վերաբերող այն նվազագույն պահանջները, որոնց կատարմամբ ապահովված է համարվում էներգետիկական համակարգի մաս կազմող տարբեր սեփականատերերի էլեկտրատեղակայանքների փոխադարձ անվտանգությունը, դրանց հուսալի և կայուն աշխատանքը համակարգում: Ելնելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թ. N 176-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության կանոնների» պահանջներին համապատասխան սահմանված հուսալիության և անվտանգության հարաչափերի սահմանված արժեքներից, էներգատեղակայանքի տեխնիկական վիճակից և համակարգում դրա դերից առանձին էներգատեղակայանքների համար էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև կնքվող պայմանագրերով կարող են սահմանվել տեխնիկական շահագործման ծավալների կամ պարբերականության ավելի խիստ նորմեր:

5. Էլեկտրաէներգետիկայի համակարգում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձինք` արտադրողներ, հաղորդող, բաշխող, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր, հաշվարկային կենտրոն և սույն տեխնիկական կանոնակարգի կարգավորման ոլորտում գտնվող ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման, բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են կազմակերպել և կիրառել շահագործման աշխատանքների կատարման և կառավարման այնպիսի կառուցվածք, որն ապահովում է`

1) էլեկտրական և ջերմային էներգիայի հուսալի, անվտանգ և արդյունավետ արտադրությունը, հաղորդումը, արտահանումը (ներմուծումը) և բաշխումն սպառողներին` համաձայն առևտրային պայմանագրերով նախատեսված քանակների, որակի և հուսալիության ցուցանիշների: Սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի որակը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

2) պահուստում գտնվող սարքավորումների, շենքերի և շինությունների` շահագործմանը պատրաստ վիճակում պահելը.

3) էներգաարտադրության (հաղորդման, տեղափոխման, բաշխման) առավելագույն խնայողականությունը և հուսալիությունը.

4) աշխատողների կյանքը և առողջությունը` համաձայն ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների.

5) քաղաքացիների, ընտանի կենդանիների և շրջակա միջավայրի վրա արտադրական վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցության ռիսկերի նվազեցումը` առնվազն մինչև Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված արժեքները.

6) էներգակայանքների հրդեհային անվտանգությունը.

7) իրենց տնօրինման տակ գտնվող էներգակայանքներում տեղակայված և իրենց սեփականությունը հանդիսացող համակարգային նշանակության հակավթարային ավտոմատիկայի սարքերի շահագործումը և հուսալի աշխատանքը, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող սարքերի, կապի ու կառավարման միջոցների պահպանությունը:

6. ՀՀ Էլեկտրաէներգետիկական համակարգի 110 կՎ և բարձր լարման միջհամակարգային գծերի, դրանց պաշտպանության, համակարգային նշանակության ավտոմատիկայի ու գերլարումներից պաշտպանության սարքերի տեխնիկական շահագործումը պետք է կատարվի կնքված միջհամակարգային պայմանագրերով սահմանված ծավալներով, որոնք հիմնվում են սույն տեխնիկական կանոնակարգի նորմերի վրա:

7. Էներգատեղակայանքների պլանային սպասարկման և աշխատանքային ռեսուրսների վերականգնման (առանձին հանգույցների փոխարինման, նորոգման և այլն) աշխատանքների պարբերականությունը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Սույն տեխնիկական կանոնակարգի և արտադրող կազմակերպության կողմից սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքերում պետք է կատարվեն այն պահանջները, որոնք ապահովում են էներգատեղակայանքների առավել բարձր անվտանգություն և հուսալիություն:

8. Համակարգային նշանակության ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համալիրների սպասարկման պարբերականությունը և ծավալները պետք է սահմանվեն էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով:

9. Լիցենզավորված գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ, հիմք ընդունելով սույն տեխնիկական կանոնակարգի և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, հաշվի առնելով արտադրող կազմակերպության էներգատեղակայանքների շահագործման հրահանգները, էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնները, պարտավոր է մշակել և ներդնել կազմակերպության ստանդարտներ էներգատեղակայանքների անվտանգ շահագործման վերաբերյալ:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

10. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) բաշխիչ սարքվածք` էլեկտրակայանք, որը նախատեսված է միևնույն լարման էլեկտրական էներգիայի ընդունման և բաշխման համար, ունի փոխարկման ապարատներ և դրանք միացնող հավաքովի հաղորդաձողեր (հատվածամասեր), կառավարման և պաշտպանության սարքվածքներ.

2) բաց բաշխիչ սարքվածք` էլեկտրական բաշխիչ սարքվածք, որի սարքավորումները տեղադրված են բացօթյա.

3) գազատուրբինային կայանք` գազային տուրբինից, ճնշակից, գազաօդային ուղուց և օժանդակ սարքավորումներից բաղկացած կայանք, որտեղ տաք գազերի էներգիան կերպափոխվում է մեխանիկական էներգիայի.

4) էլեկտրակայան` էլեկտրակայանք կամ էլեկտրակայանքների խումբ, որը ծառայում է էլեկտրական էներգիա կամ էլեկտրական և ջերմային էներգիա արտադրելու համար.

5) լրակազմ բաշխիչ սարքվածք` էլեկտրական բաշխիչ սարքվածք, որը բաղկացած է պահարաններից կամ հանգույցներից` դրանցում ներկառուցված սարքավորումներով, կառավարման, վերահսկման, պաշտպանության, ավտոմատիկայի և ազդանշանման սարքվածքներով և առաքվում է հավաքված կամ հավաքման համար պատրաստ վիճակում.

6) կաթսայատուն` ջերմամատակարարման կայան, որտեղ ջերմության արտադրության համար օգտագործվում է վառելիքի քիմիական էներգիան.

7) կոնդենսացիոն էլեկտրակայան (ԿէԿ)` շոգետուրբինային էլեկտրակայան` կոնդենսացիոն շրջափուլի օգտագործմամբ էլեկտրական էներգիայի արտադրության համար.

8) հողակցում` էլեկտրակայանքի որևէ մասի կանխամտածված էլեկտրական միացումը հողակցող սարքվածքին.

9) էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններ (շուկայի կանոններ)` ունի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակությունը.

10) չեզոք` էլեկտրասարքավորման ֆազային փաթույթների տարրերի աստղաձև միացման ընդհանուր կետ.

11) ջերմային էլեկտրակայան (ՋէԿ)` վառելիքի քիմիական էներգիան էլեկտրական կամ էլեկտրական և ջերմային էներգիաների կերպափոխող էլեկտրակայան.

12) ջերմային ցանց` ջերմակրի տեղափոխման և բաշխման խողովակաշարերի և սարքվածքների միասնություն.

13) հիդրոէլեկտրակայան` ջրի մեխանիկական էներգիան էլեկտրական էներգիայի կերպափոխող էլեկտրակայան.

14) տրանսֆորմատորային ենթակայան` ենթակայան, որը նախատեսված է տրանսֆորմատորների միջոցով որոշակի լարման էլեկտրաէներգիան մեկ այլ լարման փոխելու համար.

15) փակ բաշխիչ սարքվածք` էլեկտրական բաշխիչ սարքվածք, որի սարքավորումները տեղակայված են սենքում.

11. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված հապավումները`

    1) ԱՀԱՀ     ախտորոշիչ հսկողության ավտոմատացված համակարգ

    2) ԲԱԿ      բլոկային աղազերծման կայանքներ

    3) ԲԲՍ      բաց բաշխիչ սարքվածք

    4) ԲԼԿ      բեռնվածքի տակ լարման կարգավորող սարքվածք

    5) ԲՃՏ      բարձր ճնշման տաքացուցիչ

    6) ԲՍ       բաշխիչ (էլեկտրական) սարքվածք

    7) ԳԱԿ      գրգռման ավտոմատ կարգավորիչ

    8) ԳԿԿ      գազակարգավորիչ կայանք

    9) ԳՏԿ      գազատուրբինային կայանք

    10) ԷԼԲՍ    էլեգազային մեկուսացումով լրակազմ բաշխիչ սարքվածք

    11) ԼԲՍ     լրակազմ բաշխիչ սարքվածք

    12) ԿԱՀ     կառավարման ավտոմատացված համակարգ

    13) ՇԳԿ     շոգեգազատուրբինային կայանք

    14) ՀԷԿ     հիդրոէլեկտրակայան

    15) ՀՀ      Հայաստանի Հանրապետություն

    16) ՀԿԷԿ    հիդրոկուտակչային էլեկտրակայան

17) ՀՀ ՀԾԿ  ՀՀ-ում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

    18) ՉՄ      չափման միջոց

    19) ՋԷԿ     ջերմային էլեկտրակայան

    20) ՌՊԷԱ    ռելեական պաշտպանություն և  էլեկտրաավտոմատիկա

    21) ՎՉՍ     վերահսկիչ-չափիչ սարք

    22) ՓԲՍ     փակ բաշխիչ սարքվածք:

 

II. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12. Էներգաարտադրության հիմնական տեխնոլոգիական օղակը էներգահամակարգն է, որն իրենից ներկայացնում է աշխատանքի ռեժիմի ընդհանրությամբ կապված և կենտրոնացված օպերատիվ կարգավարական կառավարում ունեցող էլեկտրակայանների, կաթսայատների, էլեկտրական և ջերմային ցանցերի (այսուհետ` էներգաօբյեկտներ) համալիր:

13. Էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի պլանավորումը, հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովումը, ռեժիմների վարումը, վթարային ռեժիմների կանխարգելումը և վերացումը, սպառողների էլեկտրամատակարարման ապահովումն իրականացվում է էլեկտրաէներգետիկական շուկայի կանոններով, համակարգում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց լիցենզիայի պայմաններով և նրանց միջև կնքված պայմանագրերով, արտերկրների էներգահամակարգերի հետ կնքված զուգահեռ աշխատանքի և էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրերով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած նորմատիվ ակտերով սահմանված պայմաններով ու կարգերով:

14. Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրման, հաղորդման (փոխադրման) և բաշխման լիցենզիաներ ունեցողները պետք է ապահովեն`

1) էներգահամակարգի զարգացումը` էլեկտրական և ջերմային էներգիայի պահանջմունքները բավարարելու համար.

2) էլեկտրակայանների և ցանցերի արդյունավետ աշխատանքը` արտադրական ծախսերի նվազեցման, տեղակայված սարքավորումների հզորության օգտագործման արդյունավետության բարձրացման, էներգախնայողության ու երկրորդային էներգապաշարների օգտագործմանն ուղղված միջոցառումների կատարման միջոցով.

3) սարքավորումների, շենքերի, շինությունների, սարքվածքների, կառավարման համակարգերի աշխատանքի անվտանգության և հուսալիության բարձրացումը.

4) շահագործման և նորոգման, տեխնոլոգիաների, արտադրության և աշխատանքի կազմակերպման անվտանգ մեթոդների ներդրումն ու յուրացումը.

5) անձնակազմի ուսուցումն աշխատանքների անվտանգ կատարման համար, աշխատանքի անվտանգ պայմանների ապահովումը.

6) էներգահամակարգի հետ կապված բոլոր էլեկտրակայանների (ներառյալ ատոմակայանը), կաթսայատների, ինչպես նաև տարանցիկ ենթակայանների կարգավարական կառավարումը:

15. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում կառուցվածքային ստորաբաժանումների միջև պետք է բաշխվեն սարքավորումների, շենքերի, շինությունների և հաղորդակցուղիների սպասարկման պարտականությունները:

 

4. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

16. ՋԷԿ-երը, ՀԷԿ-երը, կենտրոնական կաթսայատները (շոգե- և ջրատաքացման), էլեկտրական և ջերմային ցանցերի օբյեկտները, դրանց շինարարությունն ավարտվելուց հետո պետք է շահագործման ընդունվեն ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի 739-Ն որոշմամբ հաստատված` 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգին և ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 626-Ն որոշմամբ հաստատված` ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգին համապատասխան: Այս պահանջը տարածվում է նաև ընդարձակումից, վերակառուցումից, տեխնիկական վերազինումից հետո էներգաօբյեկտները շահագործման ընդունելու կարգի վրա:

17. Գործարկվող համալիրը պետք է ընդգրկի էներգաօբյեկտի լրիվ նախագծային ծավալի այն մասը, որը տրված հարաչափերի դեպքում ապահովում է բնականոն շահագործումը և բաղկացած է շինությունների և օբյեկտների ամբողջությունից, որոնք պատկանում են որոշակի էներգակայանքներին կամ ամբողջությամբ էներգաօբյեկտին: Դրա մեջ պետք է մտնեն հիմնական արտադրական, օժանդակ արտադրական, օժանդակ կենցաղային, տրանսպորտային, նորոգման, պահուստային նշանակության սարքավորումներ, շինություններ, շենքեր (կամ դրանց մասեր), բարեկարգ տարածք, կարգավարական տեխնոլոգիական կառավարման միջոցներ կապի միջոցներ, ճարտարագիտական հաղորդակցուղիներ, մաքրիչ շինություններ, էլեկտրական էներգիայի և ջերմության արտադրությունը, հաղորդումը և սպառողներին առաքումն ապահովող շինություններ: Տվյալ գործարկվող համալիրի համար նախագծով նախատեսված ծավալով գործընթացները պետք է ապահովված լինեն աշխատողների համար նորմատիվ սանիտարահիգիենիկ պայմանները և անվտանգությունը, ջրավազանների և շրջակա միջավայրի պահպանությունը, հրդեհային անվտանգությունը:

18. Գործարկվող համալիրների նախագծերը, մինչև հաստատվելը, պետք է ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1399-Ն որոշմամբ հաստատված էներգետիկ փորձաքննության իրականացման կարգի անցնեն էներգետիկ փորձաքննություններ:

19. Էներգաօբյեկտը (գործարկվող համալիրը) շահագործման ընդունելուց առաջ պետք է կատարվեն`

1) սարքավորումների անհատական փորձարկումներ և առանձին համակարգերի գործառնական փորձարկումներ, որոնք էներգաբլոկների համար ավարտվում են հիմնական և օժանդակ սարքավորումների փորձնական գործարկմամբ.

2) սարքավորումների համալիր փորձարկում:

20. Շենքերի և շինությունների շինարարության և հավաքակցման ժամանակ պետք է կատարվի շինությունների և սարքավորումների հանգույցների, ինչպես նաև ծածկված աշխատանքների միջանկյալ ընդունում:

21. Սարքավորումների և առանձին համակարգերի անհատական գործառնական փորձարկումները պետք է անցկացվեն գլխավոր կապալառուի կողմից (եթե նրա հետ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ), ընդգրկելով պատվիրատուի անձնակազմը` ըստ նախագծային սխեմաների, տվյալ հանգույցի բոլոր շինարարական և հավաքակցման աշխատանքներն ավարտելուց հետո: Անհատական և գործառնական փորձարկումներից առաջ պետք է ստուգել տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի ու կանոնների, արտադրող կազմակերպության ցուցումների, սարքավորումների հավաքակցման վերաբերյալ հրահանգների պահանջների կատարումը:

22. Շինարարության և հավաքակցման ընթացքում թույլ տրված թերություններն ու թերացումները, ինչպես նաև անհատական և գործառնական փորձարկումների ընթացքում սարքավորումների բացահայտված թերությունները պետք է վերացվեն շինարարական, հավաքակցող կազմակերպությունների և սարքավորումներ արտադրող կազմակերպությունների կողմից մինչև համալիր փորձարկումն սկսելը:

23. Փորձնական գործարկումները պետք է կատարվեն մինչև էներգաօբյեկտների համալիր փորձարկումը: Փորձնական գործարկման ժամանակ պետք է ստուգվի սարքավորումների և տեխնոլոգիական սխեմաների աշխատունակությունը, դրանց անվտանգությունը, անցկացվեն հսկման և կառավարման բոլոր համակարգերի, այդ թվում` ավտոմատ կարգավորիչների, պաշտպանության և ուղեկապման սարքվածքների, ազդանշանման սարքվածքների և ստուգիչ-չափիչ սարքերի ստուգում և համալարում:

24. Փորձնական գործարկումից առաջ էներգաօբյեկտի հուսալի և անվտանգ շահագործման համար պետք է`

1) համալրվի, ուսուցվի (գիտելիքների ստուգմամբ) շահագործող և նորոգող անձնակազմը, մշակվեն և հաստատվեն շահագործման հրահանգները, աշխատանքի պաշտպանության հրահանգները և օպերատիվ սխեմաները, հաշվառման և հաշվետվության տեխնիկական փաստաթղթերը.

2) նախապատրաստվեն վառելիքի, նյութերի, գործիքների և պահեստամասերի պաշարներ.

3) աշխատանքի մեջ դրվեն կարգավարական տեխնոլոգիական կառավարման միջոցներ (կապի գծերի հետ), հրդեհի ազդանշանման և մարման, վթարային լուսավորության, օդափոխման համակարգերը.

4) հավաքակցվեն և կարգաբերվեն հսկման և կառավարման համակարգերը.

5) էներգաօբյեկտի շահագործման համար ստացվեն թույլտվություններ համապատասխան պետական վերահսկողության մարմիններից:

25. Համալիր փորձարկումը չպետք է իրականացնի պատվիրատուն կամ նրա լիազորած անձը:

26. Համալիր փորձման ժամանակ պետք է ստուգվի հիմնական ագրեգատների և օժանդակ սարքավորումների համատեղ աշխատանքը բեռնվածքի տակ`

1) էներգատեղակայանքի համալիր փորձման սկիզբ է համարվում ցանցին կամ բեռնվածքին այն միացնելու պահը.

2) նախագծով չնախատեսված սխեմաներով սարքավորումների համալիր փորձումն արգելվում է:

27. Համալիր փորձարկման ժամանակ պետք է միացված լինեն նախագծով նախատեսված ռեժիմային կարգաբերում չպահանջող ստուգիչ-չափիչ սարքերը, ուղեկապումները, ազդանշանման և հեռակառավարման, պաշտպանության և ավտոմատ կարգավորման սարքվածքները:

28. Էլեկտրատեղակայանների և կաթսայատների սարքավորումների համալիր փորձարկումը համարվում է իրականացված, եթե հիմնական սարքավորումները բնականոն և անընդհատ աշխատել են հիմնական վառելանյութով 72 ժ անվանական բեռնվածությամբ և շոգու (գազատուրբինային կայանքների համար` գազի) նախագծային հարաչափերով` ջերմային էլեկտրակայանի համար, գործարկման համալիրով նախատեսված ջրի ճնշմամբ և ծախսով` հիդրոէլեկտրակայանի համար, իսկ գործարկման համալիրի մեջ մտնող բոլոր օժանդակ սարքավորումներն աշխատել են անընդհատ կամ հերթականորեն:

29. Էլեկտրական ցանցերում համալիր փորձարկումը համարվում է անցկացված, եթե ենթակայանների սարքավորումները բնականոն և անընդհատ աշխատել են բեռնվածության տակ 72 ժ, իսկ էլեկտրահաղորդման գծերը` 24 ժ:

30. Ջերմային ցանցերում համալիր փորձարկումը համարվում է անցկացված, եթե սարքավորումները բնականոն և անընդհատ աշխատել են բեռնվածության տակ 24 ժ` գործարկման համալիրում նախատեսված անվանական ճնշմամբ:

31. ԳՏԿ-ների համար համալիր փորձարկման պարտադիր պայման է 10, իսկ ՀԷԿ-երի և ՀԿԷԿ-երի հիդրոագրեգատների համար` 3 ավտոմատորեն գործարկումների հաջող անցկացումը:

32. Եթե համալիր փորձարկումը չի կարող անցկացվել հիմնական վառելանյութով, կամ ինչ որ պատճառներով, որոնք կապված չեն գործարկման համալիրում նախատեսված աշխատանքները չկատարելու հետ, ջերմային էլեկտրակայանի համար չեն կարող ստացվել անվանական բեռնվածության և շոգու (ԳՏԿ-ի համար` գազի) նախագծային հարաչափերը, հիդրոէլեկտրակայանի համար` ջրի ճնշումը և ծախսը, ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի համար` բեռնվածքը համատեղ կամ առանձին փորձարկման ժամանակ, ջերմային ցանցերի համար` ջերմակրի հարաչափերը, ապա համալիր փորձարկումը պահուստային վառելանյութով անցկացնելու որոշումը, ինչպես նաև սահմանային հարաչափերի ու բեռնվածքների արժեքներն ընդունվում ու սահմանվում են ընդունող հանձնաժողովի կողմից և այդ մասին նշվում է շահագործման ընդունման մասին ակտի մեջ:

33. Էներգաօբյեկտը (գործարկվող համալիրը) ընդունող հանձնաժողովին ներկայացնելուն նախապատրաստելու համար պատվիրատուի կողմից պետք է նշանակվի աշխատանքային հանձնաժողով, որն ակտով ընդունում է սարքավորումները համալիր փորձարկման համար դրանց անհատական փորձարկումներն անցկացնելուց հետո: Այդ ակտն ստորագրելու պահից պատվիրատուն պատասխանատվություն է կրում սարքավորումների պահպանվածության համար:

34. Թերություններով, թերացումներով սարքավորումների, շենքերի և շինությունների շահագործման ընդունումն արգելվում է:

35. Համալիր փորձարկումից և բացահայտված թերությունների ու թերացումների վերացումից հետո ընդունող հանձնաժողովը կազմում է սարքավորումների և դրանց հետ կապված շենքերի և շինությունների ընդունման ակտ, սահմանում է սերիական սարքավորումների յուրացման ժամանակահատվածը, որի ընթացքում պետք է ավարտվեն անհրաժեշտ փորձարկումները, կարգաբերման և վերջնաշտկման աշխատանքները և ապահովվի սարքավորումների շահագործումը նախագծային ցուցանիշներով:

36. Պատվիրատուն պետք է ընդունող հանձնաժողովին ներկայացնի աշխատանքային հանձնաժողովի նախապատրաստած փաստաթղթերը` ըստ սույն գլխի 16-րդ կետում նշված նորմատիվ փաստաթղթերով նախատեսված ծավալի:

37. Շինարարությունն ավարտված մեկուսի շենքերը, շինությունները և էլեկտրատեխնիկական սարքվածքները, արտադրական, օժանդակ-արտադրական, օժանդակ նշանակության ներշինություն և կցակառույց շինությունները, դրանց մեջ հավաքակցված սարքավորումների, կառավարման և կապի միջոցների հետ միասին, շահագործման են ընդունվում աշխատանքային հանձնաժողովների կողմից:

38. Փորձնական (փորձարարական), փորձաարտադրական էներգատեխնոլոգիական կայանքները ենթակա են ընդունող հանձնաժողովի կողմից ընդունման, եթե դրանք պատրաստ են փորձեր կատարելուն կամ նախագծով նախատեսված արտադրանք թողարկելուն:

 

5. ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

39. Էներգաօբյեկտներում ինքնուրույն աշխատանքի թույլատրվում են այն անձինք, որոնք ունեն համապատասխան մասնագիտական կրթություն, իսկ էներգակայանքների կառավարման աշխատանքներում` նաև աշխատանքի համապատասխան փորձ:

40. Համապատասխան մասնագիտական կրթություն կամ աշխատանքի փորձ չունեցող անձինք, ինչպես նոր ընդունվողները, այնպես էլ նոր պաշտոնի տեղափոխվողները, պետք է անցնեն համապատասխան ուսուցում տվյալ ճյուղում կիրառվող ծրագրերով:

41. Կազմակերպության աշխատողները, որոնք աշխատանքում գործ ունեն վնասակար նյութերի, վտանգավոր և անբարենպաստ արտադրական գործոնների հետ, ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկերը և աշխատանքի պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով պետք է անցնեն նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (աշխատանքային գործունեության ընթացքում) բժշկական զննումներ:

42. Էներգաօբյեկտներում անձնակազմի հետ պետք է տարվի մշտական աշխատանք` մասնագիտական պարտականություններն անվտանգ կատարելու նրա պատրաստականության ապահովման և նրա որակավորման բարձրացման ուղղությամբ: ՈՒսուցումը և աշխատանքի անվտանգության հրահանգավորումը պետք է կրեն անընդհատ և բազմամակարդակ բնույթ:

43. Անձնակազմի պատրաստման, աշխատանքի անվտանգ կատարման համար շահագործող կազմակերպությունները պետք է ունենան վարժահրապարակներ, ուսումնական դասարաններ, արհեստանոցներ` հագեցված ուսուցման և վարժման տեխնիկական միջոցներով: Անձնակազմի ուսուցմանը պետք է ներգրավվեն բարձրորակ մասնագետներ:

44. Սակավաթիվ անձնակազմով շահագործող կազմակերպություններում, որտեղ ուսումնաարտադրական բազայի նյութատեխնիկական միջոցների կազմավորումը տնտեսապես արդարացված չէ, անձնակազմի ուսուցման, որակավորման բարձրացման, գիտելիքների ստուգման աշխատանքները պայմանագրային հիմունքներով կարող են հանձնարարվել այլ մասնագիտացված կազմակերպության, որն ունի համապատասխան ուսումնական բազա:

45. Էներգաօբյեկտներում պետք է կազմակերպվեն և գործեն տեխնիկական գրադարան, տեխնիկական կաբինետ, անվտանգության տեխնիկայի և հրդեհային անվտանգության կաբինետներ, որոնք անհրաժեշտ են անձնակազմին աշխատանքի անվտանգ կատարման ուսուցում կազմակերպելու համար:

46. Կազմակերպությունում և դրա կառուցվածքային ստորաբաժանումներում անձնակազմի հետ աշխատանքի կատարման կարգը, մասնագիտական պահանջները սահմանվում են կազմակերպության նորմատիվ ակտերով:

47. Նոր ընդունված կամ աշխատանքը 6 ամիս և ավելի ընդմիջած աշխատողներն ինքնուրույն աշխատանքի են թույլատրվում, կախված անձնակազմի կարգից` աշխատանքի անվտանգությունից անհրաժեշտ հրահանգավորում ստանալուց, ուսուցումից (ստաժավորումից), գիտելիքների ստուգումից, կրկնորդումից հետո:

48. 30 օրից մինչև 6 ամիս աշխատանքն ընդմիջելու դեպքում աշխատողների ինքնուրույն աշխատանքի անցման թույլատրման պայմանները սահմանում է կազմակերպության կամ ստորաբաժանման ղեկավարը` հաշվի առնելով աշխատողի մասնագիտական պատրաստվածության մակարդակը, աշխատանքային փորձը, ծառայողական գործառուները և այլն: Բոլոր դեպքերում պետք է անցկացվի աշխատողի արտահերթ հրահանգավորում:

 

6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԷՆԵՐԳԱՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

49. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է կազմակերպվի էներգակայանքների (սարքավորումների, շենքերի և շինությունների) տեխնիկական վիճակի մշտական և պարբերական հսկում կազմակերպության կողմից (ստուգումներ, տեխնիկական զննումներ), որոշվեն դրանց վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք, ինչպես նաև նշանակվի տեխնիկական և տեխնոլոգիական հսկողության անձնակազմ և հաստատվեն ներքին նորմատիվ ակտերով:

50. Էլեկտրաէներգետիկական համակարգերի կազմում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն, հաղորդում, կերպափոխում և բաշխում իրականացնող բոլոր էներգաօբյեկտները ենթակա են տեխնիկական և տեխնոլոգիական վերահսկողության` օրենքով լիազորված պետական վերահսկողության մարմինների կողմից:

51. Տեխնոլոգիական համակարգերը, սարքավորումները, շենքերը և շինությունները, այդ թվում` էներգաօբյեկտի կազմի մեջ մտնող հիդրոշինությունները, որոնք «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ, պետք է ենթարկվեն պարբերական տեխնիկական փորձաքննության` նշված օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

52. Սարքավորումների տեխնիկական վիճակի մշտական հսկողությունը պետք է կատարվի էներգաօբյեկտի օպերատիվ և օպերատիվ-նորոգող անձնակազմի կողմից`

1) հսկողության ծավալը սահմանվում է նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան.

2) հսկողության կարգը սահմանվում է ներքին արտադրական և պաշտոնեական հրահանգներով:

53. Սարքավորումների, շենքերի և շինությունների պարբերական զննումները պետք է կատարվեն դրանց անվտանգ շահագործման համար պատասխանատու լիազորված անձանց կողմից`

1) զննումների պարբերականությունը սահմանվում է էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից.

2) զննումների արդյունքները պետք է արձանագրվեն հատուկ մատյանում:

54. Էներգաօբյեկտների շահագործման ժամանակ սարքավորումների, շենքերի և շինությունների վիճակի և անվտանգ շահագործման համար պատասխանատու անձինք պետք է ապահովեն շահագործման պայմանների պահպանումը, դրանց վիճակի հաշվառումը, էներգակայանքների և դրանց տարրերի աշխատանքում խափանումների վերլուծությունն ու հաշվառումը, շահագործման-նորոգման փաստագրության վարումը:

55. Էներգաօբյեկտների այն աշխատողները, որոնք իրականացնում են էներգաօբյեկտի սարքավորումների, շենքերի և շինությունների շահագործման տեխնիկական և տեխնոլոգիական հսկողությունը, պետք է`

1) կազմակերպեն սարքավորումների և շինությունների շահագործման խախտումների վերլուծությունը.

2) կատարեն սարքավորումների աշխատանքի տեխնոլոգիական խախտումների հաշվառումը.

3) վերահսկեն տեխնիկական փաստաթղթերի և վիճակագրության վիճակը և վարումը.

4) վարեն կանխարգելիչ հակավթարային և հակահրդեհային միջոցառումների կատարման հաշվառումը.

5) մասնակցեն անձնակազմի հետ տարվող աշխատանքի կազմակերպմանը:

56. Էներգաարտադրող կազմակերպությունները պետք է իրագործեն`

1) էներգաօբյեկտների շահագործման մշտական հսկողություն.

2) էներգաօբյեկտների սարքավորումների, շենքերի և շինությունների վիճակի պարբերական հսկողություն.

3) պարբերական տեխնիկական զննումներ.

4) տեխնիկական նորմերով սահմանված միջին և հիմնական նորոգումների ժամկետների պահպանման հսկողություն.

5) նորմատիվատեխնիկական և կազմակերպական փաստաթղթերի պահանջների և միջոցառումների կատարման հսկողություն.

6) էներգաօբյեկտներում հրդեհների և տեխնոլոգիական խախտումների պատճառների վերլուծության և քննարկման կազմակերպում և հսկողություն.

7) արտադրության անվտանգության հարցերով օբյեկտում կիրառվող նախազգուշական և կանխարգելիչ միջոցների բավարարության գնահատում.

8) էներգաօբյեկտներում հրդեհների ու վթարների կանխման և դրանց վերացմանը էներգաօբյեկտների պատրաստականության ապահովման, միջոցառումների մշակման և անցկացման հսկողություն.

9) տեխնիկական և տեխնոլոգիական վերահսկողության լիազորված մարմինների կարգադրությունների կատարման հսկողություն.

10) խախտումների հաշվառում, այդ թվում` նաև պետական վերահսկողության մարմինների կողմից վերահսկվող օբյեկտներում.

11) պետական վերահսկողության մարմինների կողմից վերահսկվող օբյեկտներում հակավթարային և հակահրդեհային միջոցառումների կատարման հաշվառում.

12) էներգակայանքների սարքավորումների պատրաստման և մատակարարման տեխնիկական պայմանների վերանայում:

57. Տեխնիկական և տեխնոլոգիական վերահսկողության մարմինների հիմնական խնդիրներն են`

1) տեխնիկական կանոնակարգերով սահմանված` տեխնիկական սպասարկման և նորոգման պարտադիր պահանջների վերահսկողությունը.

2) ռեժիմի անվտանգ, հուսալի և խնայողական վարման պահանջների կատարման վերահսկողությունը.

3) Էլեկտրակայանների, ցանցերի և էներգահամակարգի աշխատանքում տեխնոլոգիական խախտումների և հրդեհների պատճառների վերլուծության և քննարկման կազմակերպում, վերահսկողությունը և արդյունքների օպերատիվ վերլուծությունը.

4) էներգասարքավորումների աշխատանքում հրդեհների, վթարների և այլ տեխնոլոգիական խախտումների կանխարգելիչ միջոցառումների մշակման և իրագործման աշխատանքների վերահսկողություն.

5) էներգակայանքների կառուցման և շահագործման ժամանակ աշխատանքների անվտանգ կատարմանն ու սարքավորումների հուսալի օգտագործմանն ուղղված նորմատիվ պահանջների կիրառման փորձի ընդհանրացումը և դրանց կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակման աշխատանքների կազմակերպումը.

6) արդյունաբերական ու հրդեհային անվտանգության, աշխատանքի անվտանգության հարցերին վերաբերող նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքների կազմակերպումը և տրամադրումն էներգաօբյեկտներին:

58. Էներգաօբյեկտների սեփականատերերը պետք է ապահովեն հսկողության պետական մարմինների ներկայացուցիչների անարգել մուտքն այդ օբյեկտներ` ըստ օրենքով սահմանված կարգի:

 

7. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ, ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

59. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է կազմակերպվեն էներգակայանքների սարքավորումների, շենքերի, շինությունների և հաղորդակցուղիների տեխնիկական սպասարկում, պլանային նորոգում և ռեսուրսներն սպառած կամ էներգահամակարգի հարաչափերին չհամապատասխանող սարքավորումերի վերականգնում, արդիականացում կամ փոխարինում:

60. Տեխնիկական սպասարկման և պլանային նորոգման ծավալը պետք է որոշվի սարքավորումները, շենքերն ու շինությունները հուսալիության սահմանված արժեքներով աշխատունակ վիճակում պահելու անհրաժեշտությամբ` հաշվի առնելով դրանց փաստացի տեխնիկական վիճակը:

61. Էլեկտրակայանների, կաթսայատների և ցանցերի հիմնական սարքավորումների, շենքերի և շինությունների նորոգման բոլոր տեսակների համար պետք է կազմվեն հեռանկարային և տարեկան ժամանակացույցեր`

1) եթե սարքավորումների և շինությունների նորոգման ժամանակացույցերն ազդում են էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության ծավալների կամ հաղորդման պայմանների վրա, ապա դրանք պետք է հաստատվեն էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից`

2) օժանդակ սարքավորումների համար կազմվում են նորոգման տարեկան և ամսական ժամանակացույցեր, որոնք հաստատվում են էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից:

62. Սարքավորումները և շինությունները նորոգման հանելը և դրանք աշխատանքի մեջ մտցնելը պետք է կատարվեն այն ժամկետներում, որոնք նշված են նորոգման տարեկան ժամանակացույցերում և հաստատված են այն կազմակերպության կողմից, որի օպերատիվ կառավարման կամ օպերատիվ վարման տակ դրանք գտնվում են:

63. Սարքավորումների, շենքերի և շինությունների ընդունումը հիմնական և միջին նորոգումից պետք է կատարվի հանձնաժողովի կողմից` ըստ կատարողների հետ համաձայնեցված և էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից հաստատված ծրագրի: Ընդունող հանձնաժողովի կազմը սահմանվում է էներգաօբյեկտի ղեկավարի հրամանով:

64. Էլեկտրակայանների, 35 կՎ և բարձր ենթակայանների հիմնական և միջին նորոգում անցած սարքավորումները ենթակա են ընդունման-հանձնման փորձարկումների` բեռնվածության տակ 48 ժ ընթացքում, ջերմային ցանցերի սարքավորումները` 24 ժ ընթացքում:

65. Սարքավորումների նորոգումից հետո, դրանց ընդունման ժամանակ պետք է իրականացվի նորոգման որակի գնահատում` ըստ`

1) նորոգված սարքավորումների որակի.

2) կատարված նորոգման աշխատանքների որակի.

3) հրդեհային անվտանգության մակարդակի:

66. Որակի գնահատումները լինում են նախնական` ընդունման-հանձնման փորձարկումների ավարտից անմիջապես հետո, և վերջնական` ըստ մեկամսյա վերահսկվող շահագործման արդյունքների, որի ընթացքում պետք է ավարտվի սարքավորումների աշխատանքի ստուգումը բոլոր ռեժիմներում, կատարվեն բոլոր համակարգերի փորձարկումները և կարգաբերումը:

67. Հիմնական (միջին) նորոգման ավարտի ժամանակ է համարվում`

1) էներգաբլոկների, լայնակի կապերով ՋԷԿ-երի շոգետուրբինների, հիդրոագրեգատների և տրանսֆորմատորների համար` գեներատորը (տրանսֆորմատորը) ցանցին միացնելու ժամանակը.

2) լայնակի կապերով ՋԷԿ-երի շոգեկաթսաների համար` կաթսան կայանի թարմ շոգու խողովակաշարին միացնելու ժամանակը.

3) երկիրան կաթսաներով էներգաբլոկների (կրկնական-բլոկների) համար` էներգաբլոկը կաթսայի իրաններից մեկով բեռի տակ միացնելու ժամանակը, ընդ որում, կաթսայի երկրորդ իրանի վառումն ու միացումը պետք է կատարվեն էներգաբլոկի բեռնավորման ժամանակացույցի համապատասխան, եթե նորոգման ուշացումը նախատեսված չէ նորոգման ժամանակացույցով.

4) ջերմային ցանցերի համար` ցանցի միացման և դրա մեջ ցանցային ջրի շրջապտույտի հաստատման ժամանակը.

5) էլեկտրական ցանցերի համար` ցանցին միացնելու պահը, եթե լարման տակ միացնելիս խափանում տեղի չի ունեցել, առանց լարումը հանելու նորոգման դեպքում` աշխատանքների ղեկավարի (իրագործողի) կողմից հերթապահ կարգավարին աշխատանքների ավարտի մասին տեղեկացնելու պահը:

68. Եթե ընդունման-հանձնման փորձարկումների ընթացքում հայտնաբերվել են սարքավորումների անվանական բեռնվածքով աշխատանքին խոչընդոտող թերություններ կամ անհապաղ կանգառ պահանջող թերություններ, ապա նորոգումը համարվում է անավարտ` մինչև այդ թերությունների վերացումը և ընդունման-հանձնման փորձարկումների կրկնական անցկացումը:

69. Եթե ընդունման-հանձնման փորձարկումների ընթացքում առաջանում են սարքավորումների առանձին բաղկացուցիչ մասերի բնականոն աշխատանքի խախտումներ, որոնց դեպքում անհապաղ կանգառ չի պահանջվում, ապա ընդունման-հանձնման փորձարկումների շարունակման հարցը լուծվում է, կախված խախտումների բնույթից, էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից` համաձայնեցնելով նորոգումը կատարողի հետ: Այդ դեպքում հայտնաբերված թերությունները վերացվում են նորոգում կատարողի կողմից` էներգաօբյեկտի հետ համաձայնեցված ժամկետներում:

70. Եթե բեռի տակ սարքավորումների ընդունման-հանձնման փորձարկումներն ընդհատվել են թերությունների վերացման համար, ապա նորոգման ավարտի ժամանակ է համարվում փորձարկումների ընթացքում սարքավորումները վերջին անգամ բեռի տակ դնելու ժամանակը:

71. Էներգաբլոկի կազմի մեջ մտնող բոլոր հիմնական սարքավորումների նորոգումը պետք է կատարվի միաժամանակ:

72. Էներգաօբյեկտները, նորոգող և նորոգող-կարգաբերող կազմակերպությունները պետք է վարեն սարքավորումների, շենքերի և շինությունների նորոգման և տեխնիկական սպասարկման տեխնիկատնտեսական ցուցանիշների կանոնավոր հաշվառում:

73. Էներգաօբյեկտները նորոգող և նորոգող-կարգաբերող կազմակերպությունները նորոգումը ժամանակին և որակով կատարելու համար պետք է ապահովված լինեն նորոգման փաստաթղթերով, գործիքներով և նորոգման աշխատանքներ կատարելու միջոցներով:

74. Էներգաօբյեկտները պետք է ունենան պահեստամասեր, նյութեր և հանգույցների ու սարքավորումների փոխանակային ֆոնդեր` նորոգման պլանավորված ծավալները ժամանակին ապահովելու համար:

 

8. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

75. Յուրաքանչյուր շահագործող կազմակերպությունում պետք է պահվեն հետևյալ փաստաթղթերը`

1) հողամասերի կադաստրային պետական գրանցման վկայագրերը.

2) տեղամասի գլխավոր հատակագիծը, որի վրա պետք է նշվեն շենքերն ու շինությունները` ներառյալ ստորգետնյա տնտեսությունը.

3) տարածքի մասին երկրաբանական, հիդրոերկրաբանական և այլ տվյալներ` բնահողի փորձարկման և գետնաջրերի վերլուծության արդյունքների հետ միասին.

4) հիմքերը դնելու ակտերը` հետախուզահորերի կտրվածքների հետ միասին.

5) ծածկված աշխատանքների ընդունման ակտերը.

6) սարքավորումների ծանրության տակ շենքերի, շինությունների և հիմքերի նստվածքի մասին սկզբնական ակտերը.

7) շինությունների անվտանգությունը, հրդեհային անվտանգությունը, շանթապաշտպանությունը և հակակոռոզիոն պաշտպանությունն ապահովող սարքվածքների փորձարկման սկզբնական ակտերը.

8) ջրամատակարարման, հրդեհային, ջրմուղի, կոյուղու, գազամատակարարման, ջերմամատակարարման, ջեռուցման և օդափոխման ներքին և արտաքին համակարգերի փորձարկման սկզբնական ակտերը.

9) սարքավորումների և տեխնոլոգիական խողովակաշարերի անհատական փորձարկումների սկզբնական ակտերը.

10) ընդունող հանձնաժողովների ակտերը.

11) հաստատված նախագծային փաստաթղթերը` բոլոր հետագա փոփոխությունների հետ միասին.

12) շենքերի, շինությունների, տեխնոլոգիական հանգույցների և համալիրների սարքավորումների տեխնիկական անձնագրերը.

13) սարքավորումների և շինությունների կատարողական աշխատանքային գծագրերը, ստորգետնյա ամբողջ տնտեսության գծագրերը.

14) առաջնային և երկրորդային էլեկտրական միացումների կատարողական աշխատանքային սխեմաները.

15) կատարողական աշխատանքային տեխնոլոգիական սխեմաները.

16) սարքավորումների պահուստամասերի գծագրերը.

17) հրդեհամարման օպերատիվ պլանը.

18) պետական վերահսկողության մարմինների պահանջների համապատասխան փաստաթղթերը.

19) սարքավորումների, շենքերի և շինությունների շահագործման գործող և շրջանառությունից հանված հրահանգների, բոլոր կարգի մասնագետների և հերթապահ անձնակազմին դասվող աշխատակիցների պաշտոնեական հրահանգների և աշխատանքի պաշտպանության հրահանգների լրակազմը:

76. Նշված փաստաթղթերի լրակազմը պետք է պահվի էներգաօբյեկտի տեխնիկական արխիվում «Փաստաթղթեր» դրոշմակնիքով, և սեփականատիրոջ փոփոխության դեպքում լրիվ ծավալով հանձնվի նոր սեփականատերին, որը պարտավոր է ապահովել դրա մշտական պահպանումը:

77. Յուրաքանչյուր էներգաօբյեկտում, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և հաշվարկային կենտրոնի արտադրական ծառայություններում պետք է սահմանվի անհրաժեշտ հրահանգների, կանոնադրությունների, տեխնոլոգիական և օպերատիվ սխեմաների ցանկը` յուրաքանչյուր արտադրամասի, ենթակայանի, տեղամասի, լաբորատորիայի և ծառայության համար: Ցանկը հաստատվում է կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից:

78. Էլեկտրակայանների, կաթսայատների և ենթակայանների հիմնական և օժանդակ սարքավորումների վրա պետք է ամրացվեն ցուցանակներ այդ սարքավորումների անվանական տվյալներով` ըստ դրանց շահագործման փաստաթղթերի:

79. Հիմնական և օժանդակ բոլոր սարքավորումները, այդ թվում` խողովակաշարերը, հաղորդաձողերի հատվածամասերը և համակարգերը, ինչպես նաև գազատար և օդատար խողովակաշարերի մղափականները, ամրանը պետք է համարակալվեն: Կառավարման ընտրողական համակարգի առկայության դեպքում ամրանի համարակալումը տեղում և կատարողական սխեմաների վրա պետք է արվի կրկնակի` նշելով օպերատիվ սխեմային համապատասխանող համարը և համարն ըստ ընտրողական համակարգի: Հիմնական սարքավորումները պետք է ունենան կարգային համարներ, իսկ օժանդակ սարքավորումները` հիմնականների համարները, ավելացնելով A, B, C և լատինական այբուբենի այլ տառեր: Սարքավորումների համարակալումը պետք է կատարվի շենքի հաստատուն կողաճակատից և A շարքից: Կրկնական բլոկներում յուրաքանչյուր կաթսային պետք է տրվի բլոկի համարը` ավելացնելով A և B տառերը: Վառելիքամատուցման համակարգի առանձին օղակները պետք է համարակալվեն հաջորդաբար և վառելանյութի շարժման ուղղությամբ, իսկ զուգահեռ օղակները` այդ համարներին ավելացնելով A և B տառերը` վառելանյութի շարժման ուղղությամբ ձախից աջ:

80. Շահագործման գործընթացում էներգակայանքներում կատարված բոլոր փոփոխությունները պետք է կատարվեն հրահանգներով, սխեմաներով և գծագրերով` մինչև աշխատանքի մտցվելը` պատասխանատու անձի ստորագրությամբ` նշելով նրա պաշտոնը և փոփոխությունը մտցնելու ամսաթիվը:

81. Հրահանգներում, սխեմաներում և գծագրերում փոփոխությունների մասին տեղեկությունների մասին պետք է տեղեկացվեն այն բոլոր աշխատողները (գրառում կատարելով կարգադրությունների մատյանի մեջ), որոնց համար պարտադիր է այդ հրահանգների, սխեմաների և գծագրերի իմացությունը:

82. Տեխնոլոգիական սխեմաների (գծագրերի) համապատասխանությունը փաստացի շահագործական սխեմաներին պետք է ստուգվի առնվազն 2 տարին մեկ` դրանց վրա նշելով ստուգման մասին` միաժամանակ վերանայվում են հրահանգները և անհրաժեշտ հրահանգների ու տեխնոլոգիական սխեմաների ցանկերը:

83. Անհրաժեշտ սխեմաների լրակազմերը պետք է գտնվեն էներգահամակարգի օպերատորի, ջերմային և էլեկտրական ցանցի կարգավարի, էլեկտրակայանի հերթափոխի պետի, յուրաքանչյուր արտադրամասի և էներգաբլոկի հերթափոխի պետի, ենթակայանի, ջերմային և էլեկտրական ցանցի հերթապահի և օպերատիվ-արտագնա բրիգադավարի մոտ: Սխեմաների պահման ձևը որոշվում է ելնելով տեղական պայմաններից:

84. Բոլոր աշխատատեղերը պետք է ապահովվեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան կազմված անհրաժեշտ հրահանգներով` հիմնվելով գործարանային և նախագծային տվյալների, տիպային հրահանգների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, շահագործման փորձի և փորձարկումների արդյունքների վրա, ինչպես նաև հաշվի առնելով տեղական պայմանները: Հրահանգները ստորագրվում են համապատասխան արտադրական ստորաբաժանման (արտադրամասի, ենթակայանի, տեղամասի, լաբորատորիայի, ծառայության) պետի կողմից և հաստատվում էներգաօբյեկտի տեխնիկական ղեկավարի կողմից: Համակարգային նշանակության հրահանգները պետք է`

1) համաձայնեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ և հաստատվեն կազմակերպության ղեկավարի կողմից.

2) համաձայնեցում պահանջող հրահանգների ցանկը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը:

85. Սարքավորումների, շենքերի և շինությունների, ռելեական պաշտպանության, հեռուստամեխանիկայի, կապի միջոցների և յուրաքանչյուր կայանքի ԿԱՀ-ի տեխնիկական միջոցների համալիրի շահագործման հրահանգներում պետք է ներառվեն`

1) կայանքի սարքավորումների, շենքերի և շինությունների համառոտ բնութագրերը.

2) կայանքի կամ կայանքների համալիրի աշխատանքի ռեժիմների և անվտանգ վիճակի չափանիշներն ու սահմանները.

3) գործարկման նախապատրաստման կարգը, բնականոն շահագործման ժամանակ և աշխատանքում խախտումների դեպքում սարքավորումների գործարկման, կանգի և սպասարկման, շենքերի և շինությունների պահպանման կարգը.

4) սարքավորումների, շենքերի և շինությունների զննման, նորոգման և փորձարկումների թույլտվության կարգը.

5) տվյալ կայանքի հատուկ աշխատանքի անվտանգության, պաանվտանգության և հրդեհանվտանգության պահանջները:

86. Յուրաքանչյուր աշխատատեղի պաշտոնեական հրահանգներում պետք է նշվեն`

1) այն սարքավորումների սպասարկման հրահանգների, սարքավորումների և սարքվածքների սխեմաների ցանկը, որոնց իմացությունը պարտադիր է տվյալ պաշտոնում աշխատողների համար.

2) աշխատողի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

3) փոխհարաբերությունները վերադաս, ենթակա և աշխատանքի բերմամբ կապված այլ անձնակազմի հետ:

87. Հերթապահ անձնակազմի մոտ պետք է գտնվեն օպերատիվ փաստաթղթերը, որոնց ծավալը տրված է 1-ին աղյուսակում: Տեղական պայմաններից կախված, օպերատիվ փաստաթղթերի ծավալը կարող է փոփոխվել տվյալ կազմակերպության տեխնիկական ղեկավարի որոշմամբ:

88. Էլեկտրակայանի արտադրամասերի, անձնակազմի մշտական հերթապահությամբ կառավարման վահանների, կարգավարական կետերի օպերատիվ-կարգավարական անձնակազմի աշխատատեղերում պետք է լրացվեն օրական ամփոփագրեր:

89. Վարչական և տեխնիկական անձնակազմը սարքավորումների զննման և շրջայցի սահմանված ժամանակացույցին համապատասխան պետք է ստուգի օպերատիվ փաստաթղթերը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի` սարքավորումների և անձնակազմի աշխատանքի թերություններն ու խախտումները վերացնելու համար:

90. Օպերատիվ փաստաթղթերը, գրանցող ստուգիչ-չափիչ սարքերի դիագրամները, օպերատիվ-կարգավարական խոսակցությունների մագնիսական ձայնագրությունները և ԿԱՀ-ի օպերատիվ-տեղեկատվական համալիրի կազմած ելքային փաստաթղթերը համարվում են պարտադիր հաշվառման փաստաթղթեր և պետք է պահվեն`

1) գրանցող սարքերի ցուցմունքների գրանցումները մագնիսական կրիչների վրա` 4 տարի.

2) բնականոն պայմաններում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները` 30 օր, եթե ժամկետը երկարացնելու ցուցում չի ստացվել.

3) վթարների և աշխատանքում այլ խախտումների դեպքում օպերատիվ խոսակցությունների ձայնագրությունները` 6 ամիս, եթե ժամկետը երկարաձգելու ցուցում չի ստացվել:

 

9. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

91. Կառավարման ավտոմատացված համակարգերը (ԿԱՀ) պետք է ապահովեն էներգաարտադրության արտադրատեխնոլոգիական, օպերատիվ-կարգավարական և կազմակերպական-տնտեսական կառավարման խնդիրների լուծումը: Այդ խնդիրները դրվում են համապատասխանաբար ԿԱՀ-ի հետևյալ տարատեսակների վրա`

1) տեխնոլոգիական գործընթացի ավտոմատացված կառավարման համակարգեր (ՏԳԱԿՀ).

2) կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգեր.

3) արտադրության կառավարման ավտոմատացված համակարգեր:

92. 180 ՄՎտ և ավելի հզորության էներգաբլոկներով յուրաքանչյուր ջերմային էլեկտրակայանում, էլեկտրական ցանցը շահագործող յուրաքանչյուր կազմակերպությունում պետք է գործեն տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացված կառավարման համակարգեր:

93. Էներգաարտադրող կազմակերպությունների, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարական կետերում պետք է գործեն կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգեր:

94. ԿԱՀ-ն շահագործելիս անհրաժեշտ է ղեկավարվել`

1) էներգահամակարգի ԿԱՀ-երի մշակման, ներդրման և շահագործման ղեկավար ցուցումներով.

2) էներգահամակարգի բազմամակարդակ հանրագումարված կազմակերպատեխնոլոգիական ԿԱՀ-երի ստեղծման ներքին նորմատիվ ակտերով:

95. ԿԱՀ-ի առանձին խնդիրների համալիրների ընտրությունը յուրաքանչյուր էներգաօբյեկտում պետք է որոշվի` ելնելով արտադրական և տնտեսական նպատակահարմարությունից` հաշվի առնելով առկա տիպային նախագծային լուծումների, կիրառական ծրագրային փաթեթների և տեխնիկական միջոցների հնարավորությունների նպատակահարմար օգտագործումը:

96. ԿԱՀ-ը շահագործումը պետք է իրականացվի` ընդունման հանձնաժողովի ակտի հիման վրա:

97. ԿԱՀ-ն արդյունաբերական շահագործմանը կարող է նախորդել դրա փորձնական շահագործումը` մինչև 6 ամիս տևողությամբ: ԿԱՀ-ի ստեղծումը և շահագործումը կարելի է իրագործել մեկ կամ երկու հերթով:

 

----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1605-Ն
Որոշում