Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Ա ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0144.170209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 144-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

(3-րդ մաս)

 

187. Հսկողներն իրավունք չունեն հեռանալու ստորգետնյա կառույցի կամ պահոցի ելանցքի մոտից և զբաղվելու այլ աշխատանքներով, քանի դեռ ստորգետնյա կառույցում կամ պահոցում մարդ է գտնվում: Մեծ խորություն և երկարություն ունեցող ստորգետնյա կառույցում աշխատելու ժամանակ, երբ աշխատողին տեսնելով հսկողություն պահպանելն անհնար է, նրա հետ պետք է կազմակերպվի կապ, ընդունված ազդանշանների օգնությամբ (տես սույն ՏԿ-ի 192-րդ կետը) կամ հեռախոսով: Եթե ստորգետնյա կառույցում աշխատողն իրեն վատ զգա, պետք է դադարեցնի աշխատանքը և դուրս գա, ընդ որում, հսկողը պետք է օգնի նրան` ներգրավելով մոտակայքում գտնվող անձնակազմին: Տուժածի մոտ իջնելու անհրաժեշտության դեպքում հսկողներից մեկը պետք է հագնի մեկուսացնող միջոց (փրկադիմակներ` կԺձ-3, հկԼ-20 և այլն, ճկափողային հակագազ) և փրկարար գոտի` փրկարար պարանի ծայրը տալով վերևում մնացող հսկողին:

188. Աշխատանքի սկզբում պետք է ստուգվի հակագազի և ճկափողի վիճակը: Օդի ստիպողական մատուցումով հակագազում պետք է ստուգվի նաև օդափուքի սարքինությունը և շարժաբերի աշխատանքը: Հակագազի և ճկափողի հերմետիկությունն ստուգվում է հակագազը հագած վիճակում` ձեռքով սեղմելով ճկափողը: Եթե այդ վիճակում շնչելն անհնար է, ապա հակագազը սարքին է:

189. Ստորգետնյա կառույց կամ պահոց իջնելուց առաջ հակագազի դիմակի շնչառական կափույրին օդ մատուցող ծալքավոր ճկափողը պետք է ամրացվի գոտկափոկին: Հակագազի օդառիչ կցափողերը պետք է տեղադրվեն վնասակար նյութերի անջատման կամ հնարավոր անջատման տեղի քամոտ կողմում և ամրացվեն այնպես, որպեսզի անհնար լինի փոշու ներծծումը հողի մակերևույթից: Օդամղիչի օգնությամբ օդի ստիպողական մատուցման բացակայության դեպքում ճկափողի երկարությունը պետք է լինի 15 մ-ից ոչ ավելի: Ճկափողը պետք է չունենա կտրուկ ծալվածքներ կամ որևէ բանով ճզմվի:

190. Ստորգետնյա կառույցում կամ պահոցում օդի վերլուծությունը պետք է կատարվի` օգտագործելով պայթյունից պաշտպանված տեսակի գազավերլուծիչով, իսկ դրա բացակայության դեպքում` օդի նմուշառման ճանապարհով և դրա վերլուծությամբ` կառույցից կամ պահոցից դուրս:

191. Գազավտանգ ստորգետնյա կառույցում կամ պահոցում աշխատելիս` փրկարար գոտիների և պարանների օգտագործումը պարտադիր է: Փրկարար գոտիները պետք է ունենան ուսափոկեր` մեջքի կողմից դրանց խաչման կետում օղակով` փրկարար պարանն ամրացնելու համար: Գոտին պետք է հարմարեցվի այնպես, որպեսզի օղակը տեղավորվի թիակներից ոչ ցածր: Առանց ուսափոկերի գոտիների օգտագործումն արգելվում է: Փրկարար պարանի մյուս ծայրը պետք է լինի հսկողի ձեռքում:

192. Ստորգետնյա կառույցում կամ պահոցում աշխատողի և հսկողի կապի համար օգտագործվում են հետևյալ ազդանշանները`

1) մեկ ձգումը կառույցում (պահոցում) աշխատողի կողմից նշանակում է` «Քաշի՛ր պարանը և ճկափողը»: Ընդ որում, դրանք պետք է քաշել հսկողի կողմից ազդանշան (մեկ ձգում) տալուց և գազավտանգ կառույցից (պահոցից) մեկ ձգման ձևով պատասխան ստանալուց հետո: Եթե պատասխան չի հետևել, պետք է սկսել հանել ոչ միայն ճկափողը և պարանը, այլ նաև աշխատողին, քանի որ հնարավոր է, որ ձգումը տեղի է ունեցել աշխատողի ընկնելու հետևանքով.

2) երկու ձգումը նշանակում է «Իջեցրու՛ ճկափողը և պարանը»: Այդպիսի ազդանշան տալիս է կառույցում կամ պահոցում աշխատողը, երբ նրան անհրաժեշտ է տեղաշարժվել.

3) երեք ձգումը նշանակում է «Ամեն ինչ կարգի՛ն է».

4) բազմակի ձգումներն արար պարանով, որոնք տալիս է աշխատողը, նշանակում է, որ գազավտանգ կառույցում կամ պահոցում աշխատողը պետք է մոտենա ելանցքին կամ վերև բարձրանա: Պահոցում գտնվող աշխատողի տված այդպիսի ազդանշանը նշանակում է նրան հանելու պահանջ աշխատողը, այդ պատճառով հսկողը պետք է այնպես բռնի պարանը և ճկափողը, որպեսզի չխանգարի նրանց ազատ տեղափոխմանը և թույլ չտա, որ նրանք ընկնեն: Հենց որ աշխատողը դադարի տեղաշարժվել, նա պետք է տա ազդանշան` երեք ձգում, որը նշանակում է «Ամեն ինչ կարգի՛ն է»: Հսկողը պարանի և ճկափողի շարժման դադարից հետո չունենալով ազդանշան, պետք է մեկ ձգումով հարցնի աշխատողին, որից նա պետք է ստանա պատասխան` երեք ձգումով:

193. Հսկողները պետք է տեղավորվեն ելանցքի քամոտ կողմում, պարբերաբար հավաստիանան աշխատողի բնականոն ինքնազգացողությանը և նրա ազդանշանով իջեցնեն կամ դուրս քաշեն փրկարար պարանն ու ճկափողը:

194. Եթե, չնայած օդափոխությանը, սարքով հաստատվում է վնասակար նյութերի առկայությունը, աշխատանքները ստորգետնյա կառույցում պետք է դադարեցվեն այնքան ժամանակ, մինչև չվերացվի վնասակար նյութերի մուտքը և կրկնական ստուգումը չհաստատի նրանց բացակայությունը: Եթե անհնար է ուժեղացված օդափոխությունով վերացնել վնասակար նյութերի առկայությունը ստորգետնյա կառույցում, անհրաժեշտ է նրա մեջ իջնել ու դրանում աշխատել փրկադիմակով (հկԼ-20, կԺձ-3 և այլն) կամ ճկափողային հակագազով` պահպանելով սույն ՏԿ-ի 94-րդ կետի պահանջները: Գազավտանգ աշխատանքները պետք է կատարվեն գազի տնտեսությունում` անվտանգության պահանջներին համապատասխան:

195. Արգելվում է բացել և փակել ելանցքների կափարիչներն անմիջապես ձեռքով, պնդօղակային բանալիներով կամ այլ` այդ նպատակի համար չհարմարեցված առարկաներով. այդ նպատակի համար պետք է օգտագործվեն առնվազն 50 սմ երկարությամբ հատուկ կեռիկներ:

196. Աշխատանքի ավարտից հետո, մինչև ելանցքները փակելը, ղեկավարը, աշխատանքներն իրագործողը, պետք է համոզվեն, որ աշխատողներից որևէ մեկը պատահաբար չի մնացել ստորգետնյա կառույցում կամ պահոցում, ինչպես նաև, որ այնտեղ չեն մոռացվել նյութեր, գործիքներ և այլ կողմնակի առարկաներ: Ստորգետնյա կառույցում կամ պահոցում աշխատանքներն ավարտելուց հետո ելանցքները բաց թողնելն արգելվում է:

 

12. ՋԵՐՄԱՓՈԽԱՆԱԿԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

197. Արգելվում է ջերմափոխանակիչ սարքերի շահագործումը հերթական զննության ժամկետը լրանալուց կամ դրանց հուսալի և անվտանգ աշխատանքին սպառնացող թերությունների հայտնաբերումից հետո` պաշտպանության և մակարդակի կարգավորիչների տարրերի բացակայության կամ անսարքության դեպքերում: Դրա մասին պետք է գրանցվի ջերմափոխանակիչ սարքի տեղեկաթերթիկում` նշելով արգելման պատճառը:

198. Բոլոր խողովակաշարերը և ջերմափոխանակիչ սարքերը վերին կետերում պետք է ունենան օդահեռացման գծեր, իսկ ստորին կետերում և գոգավորություններում` մթնոլորտի հետ անմիջական միացումով ջրաքաշ սարքվածքներ: Ջրաքաշ խողովակաշարից ջուրը դատարկելու տեղերը պետք է դուրս բերվեն անձնակազմի համար անվտանգ հեռավորության վրա:

199. Ջերմափոխանակիչ սարքի աշխատանքի ընթացքում արգելվում է կատարել դրա նորոգումը կամ ճնշման տակ գտնվող սարքի առանձին տարրերի միացումների անկիպությունները վերացնող աշխատանքներ` բացառությամբ սույն ՏԿ-ի 210-րդ կետում վերապահված դեպքերի:

200. Ջերմափոխանակիչ սարքի ապահովիչ փականների, ճնշաչափերի և այլ արմատուրների սարքինությունը պետք է ստուգի սպասարկող անձնակազմը` ջերմափոխանակիչ սարքերի սպասարկման հրահանգին համապատասխան:

201. Շոգեջրային ուղիներում ճեղքերի հայտնաբերման դեպքում արտադրամասի հերթափոխի պետը պետք է անհապաղ որոշի վտանգավոր գոտին, դադարեցնի բոլոր աշխատանքները, հեռացնի այնտեղից անձնակազմը, ցանկապատի այդ գոտին և փակցնի անվտանգության նշաններ` «Անցումն արգելվում է», «Զգու՛յշ: Վտանգավոր գոտի է»: Ձեռնարկված միջոցների մասին պետք է զեկուցել վերադաս հերթապահին:

202. Նորոգման ենթակա ջերմափոխանակիչ սարքը կամ խողովակաշարի տեղամասը, դրա մեջ գոլորշու կամ տաք ջրի թափանցումը կանխելու նպատակով, պետք է անջատել ինչպես հարակից խողովակաշարերից ու սարքավորումներից, այնպես էլ ջրաքաշ և շրջանցիկ գծերից: Անմիջապես մթնոլորտի հետ հաղորդակցվող ջրաքաշ գծերը և օդանցքները պետք է բաց լինեն:

203. Ջերմափոխանակիչ սարքերը (խողովակաշարերը) անհրաժեշտ է անջատել երկու հաջորդաբար տեղադրված սողնակներով: Դրանց միջև պետք է լինի մթնոլորտի հետ անմիջականորեն միացված ջրաքաշ սարքվածք: Ոչ կցաշուրթավոր արմատուրի սխեմաներում, առանձին դեպքերում, երբ ջերմափոխանակիչ սարքը (խողովակաշարը) նորոգման համար չի կարելի անջատել երկու իրար հաջորդող սողնակներով, գլխավոր ճարտարագետի թույլտվությամբ թույլատրվում է նորոգվող տեղամասն անջատել մեկ սողնակով: Ընդ որում, նորոգման ընթացքում, անջատված տեղամասում բաց ջրաքաշ սարքվածքից դեպի մթնոլորտ շոգեհարում (հրակորուստ) չպետք է լինի: Գլխավոր ճարտարագետի թույլտվությունը հաստատվում է կարգագրի լուսանցքում` նրա ստորագրությամբ:

204. Նորոգման համար անջատված ջերմափոխանակիչ սարքերից և խողովակաշարերից պետք է հանել ճնշումը և դատարկել ջուրն ու գոլորշին: Անջատող արմատուրների էլեկտրաշարժաբերներից հանել լարումը, իսկ էլեկտրաշարժաբերներով կառավարվող շղթաներից` ապահովիչները: Բոլոր անջատիչ արմատուրները պետք է լինեն փակ վիճակում: Ջրաքաշների` անմիջապես մթնոլորտի հետ միացված փականները, պետք է բաց լինեն: Ջերմափոխանակիչ սարքի (խողովակաշարի) ցամաքեցումից հետո փակ տեսակի ջրաքաշների փականները պետք է փակված լինեն. փակող արմատուրի և ջերմափոխանակիչ սարքի (խողովակաշարի) միջև պետք է լինի անմիջապես մթնոլորտի հետ կապված արմատուր: Անջատիչ արմատուրը և ջրաքաշների փականները պետք է լինեն շղթաներով կապված, կամ այլ հարմարանքներով ուղեկապված և կողպեքով փակված: Անջատիչ արմատուրի փականների և սողնակների վրա անհրաժեշտ է փակցնել անվտանգության պլակատներ ու նշաններ` «Չբացե՛լ, մարդիկ են աշխատում», բաց ջրաքաշների փականներին` «Չփակե՛լ, մարդիկ են աշխատում», անջատիչ արմատուրների էլեկտրաշարժաբերների կառավարման բանալիներին` «Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում», աշխատատեղում` «Աշխատել այստե՛ղ»: Սարքերում և խողովակաշարերում ավելցուկային ճնշման առկայության դեպքում արգելվում է սկսել դրանց նորոգումը: Ջրի և գոլորշու ցամաքեցումը պետք է կատարվի ջրաքաշ արմատուրով:

205. Սողնակների ու փականների բացելն ու փակելը բռնակի կամ թափանիվի բազուկը երկարացնող լծակների օգտագործմամբ, եթե այն չի նախատեսված արմատուրի շահագործման հրահանգում` արգելվում է:

206. Խմբակային սխեմայով միացված բարձր ճնշման տաքացուցիչներից որևէ մեկի նորոգման աշխատանքները կատարելիս պետք է անջատվի տաքացուցիչների ամբողջ խումբը:

207. Խողովակաշարերի կցաշուրթային միացումների հեղույսները հանելու ժամանակ դրանք հարկ է թուլացնել զգուշությամբ` մանեկների աստիճանաբար հետ պտտումով` խուսափելու համար շոգեջրային խառնուրդի հնարավոր արտանետումներից, եթե խողովակաշարերը լրիվ ցամաքեցված չեն: Ընդ որում, անհրաժեշտ է կանխել կցաշուրթերից մետաղյա միջադիրների և չափիչ տափօղակների դուրս գալն ու ցած ընկնելը (ներքևի հատվածամասերի ցանկապատումով, երեսարկմամբ, կրկնատակերի տեղադրմամբ):

208. Ջերմափոխանակիչ սարքերի ներսում մարդկանց աշխատելու, ինչպես նաև անջատիչ կցաշուրթային արմատուրի անբավարար կիպության դեպքում նորոգվող սարքավորումը պետք է առանձնացվի գործողից` խցափակիչների օգնությամբ, որոնց հաստությունը պետք է համապատասխանի աշխատանքային միջավայրի պարամետրերին: Խցափակիչների տեղադրման ստուգումը հեշտացնելու համար դրանք պետք է ունենան լավ տեսանելի պոչամասեր: Թույլատրվում է մեկ սողնակով (առանց խցափակիչների) անջատել ջերմափոխանակիչ սարքը` ըստ այն հոսքերի, որոնցում աշխատանքային ճնշումը չի գերազանցում մթնոլորտայինը, իսկ ջերմակրի ջերմաստիճանը` 45oC-ը:

209. Պայթյունավտանգ, թունավոր և ագրեսիվ նյութեր պարունակող սարքավորումը նորոգման դուրս բերելիս` անհրաժեշտ է այն անջատել, դատարկել, մաքրել (լվանալ, փչահարել) և անկախ տեղափոխվող նյութի ճնշումից ու ջերմաստիճանից` խցափակիչներով զատել գործող սարքավորումներից:

210. Գոլորշու և ջրի խողովակաշարերի փորձարկման և տաքացման ժամանակ կցաշուրթային միացումների հեղույսների ձգումը պետք է կատարել 0,5 ՄՊա (5 կԳ/սմ2)-ից ոչ բարձր ավելցուկային ճնշման դեպքում: Խցուկային փոխհատուցիչների խցուկները պետք է ձգել 1,2 ՄՊա (12 կԳ/սմ2)-ից ոչ բարձր ճնշման տակ` զգուշորեն, այնպես որ հեղույսները չվնասվեն:

211. Փոխհատուցիչների և արմատուրի խցուկները թույլատրվում է խցկել մինչև վերջ, երբ խողովակաշարերում ավելցուկային ճնշումը 0,02 ՄՊա (0,2 կԳ/սմ2)-ից ավելի չէ և ջերմակրի ջերմաստիճանը 45oC-ից բարձր չէ: Փոխհատուցիչների խցուկի խցվածքը թույլատրվում է փոխել` խողովակաշարը լրիվ դատարկելուց հետո:

212. Բոլոր կցաշուրթային միացումներում հեղույսները պետք է ձգել աստիճանաբար, տրամագծորեն հակառակ կողմերից` հերթականությամբ:

213. Պարուրակներից արտահոսքը վերացնելու համար ստուգիչ-չափիչ սարքերի միացման խողովակապտուկները պետք է ձգել միայն մանեկադարձակներով, որոնց չափը պետք է համապատասխանի ձգվող տարրերի նիստերին: Ընդ որում, միջավայրի ճնշումն իմպուլսային գծերում չպետք է գերազանցի 0,3 ՄՊա (3 կԳ/սմ2)-ը: Այդ նպատակների համար այլ դարձակների, ինչպես նաև երկարացնող լծակների օգտագործումն արգելվում է: Նախքան ձգելը պետք է ստուգել պարուրակի տեսանելի մասի վիճակը, հատկապես օդանցքի խողովակապտուկների վրա: Պարուրակային միացումը ձգելիս` բանվորը պետք է գտնվի պարուրակի պոկման դեպքում ջրի կամ գոլորշու շիթի հնարավոր արտանետման հակառակ կողմում:

214. Շոգեմուղների տաքացումը և գործարկումը պետք է կատարվի տեղային հրահանգներին համապատասխան կամ հատուկ ծրագրով:

215. Շոգեմուղների տաքացման ժամանակ սկզբից պետք է բացել ջրաքաշները, այնուհետև դանդաղ և զգուշորեն` կողանցները (շոգեփականները): Հիդրավլիկ հարվածներ առաջանալու դեպքում տաքացումն անհրաժեշտ է դադարեցնել մինչև դրանց վերանալը և ձեռնարկել միջոցներ` այդ հարվածների առաջացման պատճառները վերացնելու համար:

216. Եթե շոգեմուղը տաքացնելու կամ դրանում ճնշումը բարձրացնելու ընթացքում ջրաքաշման խողովակապտուկը խցանվել է, ապա այն պետք է փչահարվի փականի արագ փակումով ու բացումով:

Եթե փչահարումով հնարավոր չէ վերացնել խցանումը, ապա հարկ է շոգեմուղն ամբողջությամբ անջատել և մաքրել ջրաքաշման խողովակապտուկը: Ջրաքաշման խողովակապտուկի փչահարումը կատարող բանվորը պետք է գտնվի խտուցքի կամ գոլորշու արտանետման հակառակ կողմում և աշխատի թաթպաններով:

217. Շոգեմուղների փչահարումը հարկ է իրականացնել տեղակայող, նորոգող կամ գործարկող-կարգաբերող կազմակերպության (տեղամասի) ղեկավարի կողմից հաստատված և տվյալ արտադրամասի ղեկավարության հետ համաձայնեցված հատուկ ծրագրով: Սպասարկման տեղերում ժամանակավոր խողովակաշարը պետք է ծածկված լինի մեկուսիչով: Շենքի սահմաններից դուրս եկած խողովակի վերջնամասի հենարանը պետք է լինի հուսալիորեն ամրացված: Փչահարման ժամանակավոր շոգեմուղի արտանետման խողովակի ելքի տարածքը պետք է ցանկապատվի և դրա սահմաններում կարգվեն հսկողներ: Արտանետման տեղը պետք է ընտրված լինի այնպիսի հաշվարկով, որպեսզի վտանգավոր գոտում չլինեն աշխատողներ, մեխանիզմներ և սարքավորումներ: Փչահարվող շոգեմուղի մոտ լաստակներն ու տախտամածները պետք է քանդվեն: Հիդրավլիկ հարվածների նշաններ հայտնվելու դեպքում պետք է անմիջապես դադարեցվի շոգու մատուցումը շոգեմուղ և լրիվ բացվեն բոլոր ջրաքաշները: Փչահարմանը մասնակցող անձնակազմը պետք է ապահովված լինի հակաաղմկային ականջակալներով կամ ներդրակներով:

 

13. ՊՏՏՎՈՂ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

218. Պտտվող մեխանիզմների նորոգման նախապատրաստումը պետք է իրականացնել կարգագրում նշված աշխատանքների կատարման պայմանների համաձայն: Ընդ որում, մեխանիզմը պետք է կանգնեցվի: Մեխանիզմի էլեկտրաշարժիչից և արմատուրի էլեկտրաշարժաբերներից հանվի լարումը, իսկ էլեկտրաշարժիչը սնող մալուխը հողակցվի` էլեկտրակայանքների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան: Պտտվող մեխանիզմի և էլեկտրաշարժիչի վրա միաժամանակյա աշխատանքի դեպքում կցորդիչը պետք է անջատված լինի: Կցորդիչի անջատումը կատարում է նորոգող անձնակազմը` պտտվող մեխանիզմի նորոգման կարգագրով: Մեխանիզմի փակող արմատուրը (սողնակներ, ձգափականներ, սահափականներ, փականներ և այլն) անհրաժեշտ է դնել աշխատանքի անվտանգ կատարումն ապահովող դիրքում: Արմատուրի կառավարման շարժաբերների ղեկանիվները պետք է փակել կողպեքով` շղթաների կամ այլ սարքերի ու հարմարանքների օգնությամբ: Անջատված շարժաբերների և մեխանիզմի գործարկման սարքվածքի վրա պետք է փակցնել լարման մատակարարումը և փակող արմատուրի հետ գործողություններ կատարելն արգելող անվտանգության նշաններ, իսկ աշխատանքների կատարման տեղում` «Աշխատել այստե՛ղ» անվտանգության պլակատ կամ նշան:

219. Էլեկտրաշարժաբերով պտտվող մեխանիզմները նորոգման դուրս բերելիս` էլեկտրաշարժիչից և արմատուրի էլեկտրաշարժաբերից լարման հանումը պետք է իրագործի էլեկտրատեխնիկական անձնակազմը:

220. Պտտվող մեխանիզմի փորձնական միացման կամ դրա հավասարակշռման ժամանակ պետք է գործի մեխանիզմի էլեկտրաշարժիչի վթարային անջատման կոճակը: Վթարային անջատման կոճակի մոտ պետք է կանգնեցվի հսկող, որպեսզի աշխատանքների ղեկավարի ազդանշանով անջատի մեխանիզմը:

221. Պտտվող մեխանիզմի գործարկումից առաջ, այդ թվում և փորձարկումից առաջ, պետք է հավաքված լինի շաղկապող կցորդիչը, տեղադրված լինեն շարժվող մասերի բոլոր պաշտպանիչ ցանկապատները, հանված լինեն անվտանգության նշանները, հավաքված լինեն գործիքներն ու նյութերը և աշխատատեղերից դուրս բերվեն մարդիկ: Աշխատանքների ղեկավարը պետք է կարգագիրը հանձնի արտադրամասի հերթափոխի պետին: Միջանկյալ կարգագրով աշխատելու դեպքում այն պետք է հանձնվի կարգագիրը տվող անձին: Մեխանիզմի փորձարկումից հետո (նրա վրա աշխատանքները շարունակելու անհրաժեշտության դեպքում) աշխատատեղը նորից է նախապատրաստվում` կարգագրում նշված աշխատանքների կատարման պայմաններին համապատասխան:

222. Պտտվող մեխանիզմի ռոտորի հավասարակշռման ժամանակ բեռներ կարելի է կախել ռոտորի պտտվելը կանխող միջոցներ ձեռք առնելուց հետո միայն:

223. Հատուկ հավասարակշռող հաստոցներով ծխաքաշների կամ օդափոխիչների ռոտորների ստատիկ հավասարակշռում կատարելուց առաջ դրանց վրա պետք է տեղադրվեն ռոտորի ընկնելն արգելակող հենակներ:

224. Դեպի վարընթաց գազանցք ելք ունեցող ծխաքաշի և օդափոխիչի ներսում աշխատանքներ կարող է թույլատրվել այդ գազանցքն ամուր վրաքաշով փակելուց և ռոտորի պտտվելը կանխարգելող միջոցներ ձեռք առնելուց հետո միայն:

225. Քարշափչող մեքենաների ռոտորները հանելու համար օգտագործվող հարմարանքները պետք է համապատասխանեն Հայլեռտեխհսկողության պահանջներին: Քարշափչող մեքենաների ռոտորը հանելու գոտուց մարդիկ պետք է հեռացվեն:

226. Քարշափչող մեքենաների նորոգման աշխատանքները 1,3 մ և ավելի բարձրության վրա պետք է կատարվեն տախտամածներից և լաստակներից` սույն ՏԿ-ի 8-րդ գլխի պահանջներին համապատասխան:

227. Քարշափչող մեքենաների զրահը փոխելիս և թիակները ձուլակցելիս` իրանի կափարիչները պետք է լինեն բացված:

228. Բոլոր եռակցման աշխատանքներն անմիջապես քարշափչող մեքենաների ռոտորի վրա պետք է կատարվեն հողակցված ռոտորի դեպքում:

229. Քարշափչող մեքենաների թիակների ձուլակցման ժամանակ պետք է խուսափել էլեկտրաեռակցողի վրա հալված մետաղի ընկնելուց: Քարշափչող մեքենայի թիակների ձուլակցումն առանց ռոտորը հանելու պետք է կատարվի անհրաժեշտ օդափոխությունն ապահովող օդափոխիչների առկայության դեպքում և էլեկտրաանվտանգության II կամ բարձր խումբ ունեցող հսկողի հսկողությամբ, որը պետք է գտնվի քարշափչող մեքենայից դուրս: Ներսում գտնվող էլեկտրաեռակցողը պետք է կապի ապահովաճոպանով փրկագոտի: Ապահովաճոպանի ծայրը պետք է լինի հսկողի մոտ:

 

14. ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՈՐՄՆԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

230. Աշխատող սարքավորումների վրա արգելվում է կատարել ջերմամեկուսացման աշխատանքներ` բացառությամբ հարդարման աշխատանքներից` ջերմամեկուսիչի պաշտպանիչ շերտի պատրաստումից ու պատենավորումից:

231. Մինչև մեկուսացման ենթակա սարքավորումների վրա աշխատանքներ սկսելը` անհրաժեշտ է համոզվել, որ նրանցում բացակայում են արտահոսքերը, ծորումները, ինչպես նաև, որ հարևան գործող սարքավորումների աշխատանքային ռեժիմը կայուն է:

232. Արգելվում է մեկուսացման աշխատանքներ կատարել սարքավորումների վրա` դրանց հիդրավլիկ և օդաճնշական փորձարկումների ժամանակ, ինչպես նաև փորձարկվող սարքավորումների կամ խողովակաշարերի գոտում:

233. Հեղուկ ապակու և հեղուկ ապակի պարունակող մածիկի տեսքով ջերմամեկուսիչ և այլ նյութերի հետ աշխատանքները, ինչպես նաև կրաասբեստացեմենտային, պերլիտային, վերմիկուլիտային շաղախով ու մածիկով մեկուսապատումն ու սվաղը, պետք է կատարել ռետինե թթվակայուն և հիմնակայուն ձեռնոցներով ու պաշտպանիչ ակնոցներով:

234. Աշխատանքները հանքային և ապակե բամբակի ու դրանցից պատրաստված իրերի հետ պետք է կատարվեն պաշտպանիչ ակնոցով, հակափոշիական շնչադիմակով և հատուկ ձեռնոցներով ու խիտ գործվածքից կարված թաթմաններով: Հատուկ հագուստի (արտահագուստի) թևքերը և օձիքը պետք է կոճկված լինեն: Արգելվում է աշխատել թևքերը քշտած: Անդրավարտիքը պետք է իջնի ճտքակոշիկների վրա:

235. Ջերմամեկուսիչ իրերի կտրումն անշարժ (ստացիոնար) կամ տանովի սկավառակային սղոցով թույլատրվում է դրա կոշտ ամրակման, ցանկապատի տեղադրման և միացված արտածող օդափոխության դեպքում: Սղոցի պտտվող սկավառակին ձեռքերը մոտեցնելն արգելվում է, անհրաժեշտ է օգտագործել փայտե հրիչներ:

236. Անշարժ կամ տանովի սկավառակային սղոցների վրա աշխատել թույլատրվում է միայն ուսուցում և հրահանգավորում անցած բանվորներին: Մետաղալարի օգտագործումով ջերմամեկուսացման աշխատանքներ կատարելիս` մեկուսիչի մետաղալարե հիմնակմախքի և մետաղալարե ամրակման մասերի ծայրերը պետք է ծռվեն և ծածկվեն մեկուսիչ կամ հարդարման շերտով. մետաղալարի ծայրերը թողնել չծռված, ինչպես նաև օգտագործել ոչ շիկափափկած մետաղալար, արգելվում է:

237. Բեռնաթափվող մեկուսիչ նյութերը պետք է պահեստավորվեն դարսակներով` 1,2 մ-ից ոչ ավելի բարձրությամբ: Դարսակներից սորուն նյութերը հարկ է վերցնել միայն վերևից:

238. Մեկուսիչ նյութերի մատուցումը բարձրության վրա պետք է լինի մեքենայացված: Փոշի առաջացնող մեկուսիչ նյութերը, հանքային կամ ապակե բամբակը, պետք է աշխատատեղ մատակարարվեն բեռնարկղերով կամ փաթեթներով` դրանցից փոշու գոյացումը բացառող պայմանների պահպանումով:

239. Մեկուսացման և որմնապատի քանդման ժամանակ արգելվում է հարվածել խողովակաշարերի և սարքավորումների պատերին: Մեկուսացման քանդումն անհրաժեշտ է կատարել պաշտպանիչ ակնոցներով և միայն վերևից ներքև ուղղությամբ: Փոշեգոյացումը կանխելու համար քանդվող մեկուսացումը հարկ է խոնավացնել:

240. Թերթավոր մետաղը և ապակեպլաստիկն անհրաժեշտ է ձևել ու կտրել հատուկ ձեռնոցներով` ծլեպներով և սուր եզրերով ձեռքերը կտրելուց խուսափելու համար: Արգելվում է ձեռքերը պահել աշխատող մկրատի սայրերի մոտ:

241. Մեկուսիչ նյութերի օդաճնշական տեղափոխումից առաջ անհրաժեշտ է համոզվել շաղախի օդաճնշական մատուցման կայանքի սարքինության մեջ: Կայանքի ոչ սարքին տարրերի հետ, ինչպես նաև տեղափոխվող օդի ճնշումը ցույց տվող ճնշաչափի բացակայության կամ անսարքության դեպքում աշխատանքն արգելվում է: Շաղախի կամ մածիկի տեղափոխման խողովակները ծալելն արգելվում է:

242. Տեղակայումից հետո, և հետագայում առնվազն 3 ամիսը մեկ, շաղախամուղները պետք է ենթարկվեն հիդրավլիկ փորձարկման` աշխատանքայինը 1,5 անգամ գերազանցող ճնշումով: Փորձարկումների արդյունքները ձևակերպվում են ակտով և գրանցվում տեխնիկական տեղեկաթերթիկում:

243. Արգելվում է ճնշման տակ գտնվող շաղախամուղների նորոգումը, ինչպես նաև դրանց կցաշուրթային միացումների ձգումը:

244. Շաղախամուղների միացումների (կցվածք) միջով շաղախը չանցնելու դեպքում անհրաժեշտ է անջատել ճնշակը, քանդել անսարք հանգույցը և հեռացնել գոյացած խցանը: Խցանի հեռացման համար շաղախամուղը թխթխկացնելն արգելվում է:

245. Շաղախախառնիչի թմբուկի մաքրման ժամանակ պետք է անջատված լինի հոսանքահատիչը և շաղախախառնիչի էլեկտրաշարժիչից հանված լինեն ապահովիչները: Հոսանքահատիչի վրա պետք է փակցված լինի անվտանգության նշան կամ պլակատ` «Չմիացնե՛լ, մարդիկ են աշխատում»: Շաղախախառնիչի աշխատանքի ժամանակ ձեռքերը մտցնել նրա թմբուկի մեջ, ինչպես նաև բեռնաթափել այդ թմբուկն ընթացքի ժամանակ, արգելվում է: Շաղախախառնիչների թմբուկները պետք է փակված լինեն 70x70 մմ-ից ոչ ավելի չափի անցքեր ունեցող պաշտպանիչ ցանցով: Շերեփը լցնելու շաղախափոսը թույլատրվում է մաքրել միայն շերեփը բարձրացված դիրքում ամրացնելուց հետո: Բարձրացված և չամրացված շերեփի տակ բանվորների գտնվելն արգելվում է:

246. Շաղախամուղի փչահարման և մաքրման ժամանակ անհրաժեշտ է աշխատել պաշտպանիչ ակնոցներով: Շաղախամուղը սեղմված օդով փչահարելու ժամանակ ամբողջ անձնակազմը, բացի այդ աշխատանքն անմիջապես կատարողներից, պետք է հեռացվի փչահարման գոտուց առնվազն 10 մ հեռավորության վրա:

247. 1,3 մ և ավելի բարձրության վրա գտնվող սարքավորումների մեկուսացման համար պետք է կառուցվեն հարթակներ` համաձայն սույն սույն ՏԿ-ի 8-րդ գլխի պահանջների:

 

15. ՃՆՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՏԱՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

248. Ճնշակների և օդատարների շահագործումն ու նորոգումը պետք է կատարվի մնայուն ճնշակային կայանքների, օդատարների և գազատարների սարքվածքի և անվտանգ շահագործման, ինչպես նաև ճնշման տակ աշխատող անոթների սարքվածքի և անվտանգ շահագործման պահանջներին համապատասխան:

249. Ճնշակային կայանքի շինության մուտքը պետք է սարքավորված լինի սպասարկող անձնակազմը կանչող ազդասարքով և դռան վրա պետք է փակցված լինի արգելող պլակատ կամ անվտանգության նշան` «Մուտքն արգելվում է»:

 

16. ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

250. Հողային աշխատանքները պետք է կատարվեն համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով ուժի մեջ մտած ՍՆԻՊ III-4-80-ի:

251. Էներգակազմակերպությունների տարածքում, ինչպես նաև ստորգետնյա հաղորդակցուղիների (էլեկտրամալուխներ, գազատարներ և այլն) պահպանական գոտիներում, հողային աշխատանքները կատարվում են միայն արտադրամասի ղեկավարության կամ այդ հաղորդակցուղիների շահագործման համար պատասխանատու կազմակերպությունների գրավոր թույլտվությամբ: Թույլտվությանը պետք է կցված լինի հաղորդակցուղիների գծագիրը (սխեման)` նշելով դրանց տեղաբաշխումն ու տեղադրման խորությունը: Մինչև աշխատանքներն սկսելը պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ կամ ստորգետնյա հաղորդակցուղիներով տեղերը ցույց տվող մակագրություններ:

252. Գործող ստորգետնյա հաղորդակցուղիների գոտիներում հողային աշխատանքները պետք է իրականացվեն կարգագրով` աշխատանքի ղեկավարի անմիջական հսկողությամբ, իսկ լարման տակ գտնվող մալուխի, գործող գազատարների ու ջերմային ուղեգծի պահպանման գոտում` բացի դրանից, նաև դրանք շահագործող կազմակերպության ներկայացուցչի հսկողությամբ:

253. Գործող ստորգետնյա հաղորդակցուղիներին անմիջապես մոտ (0,3 մ-ից պակաս) տարածության վրա բնահողի մշակումը թույլատրվում է կատարել միայն բահերով` առանց կտրուկ հարվածների:

254. Պայթյունավտանգ նյութերի կամ ռազմամթերքի հայտնաբերման դեպքում, որոնք չեն նշված ստորգետնյա շինությունների աշխատանքային գծագրերում (սխեմաներում), հողային աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, բանվորները դուրս բերվեն անվտանգ գոտի և միջոցներ ձեռք առնվեն` կանխելու օտար մարդկանց մուտքը վտանգավոր գոտի: Մինչև համապատասխան կազմակերպությունից թույլտվություն ստանալը` աշխատանքների վերսկսելն արգելվում է:

255. Խրամուղիներում կամ փոսորակներում վնասակար գազ հայտնաբերելու դեպքում դրանցում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ բանվորները դուրս բերվեն վտանգավոր գոտուց: Աշխատանքները կարող են վերսկսվել աշխատանքային գոտի գազի մուտքը դադարելուց և դրանում եղած գազը հեռացնելուց հետո միայն: Գազալեցուն գոտում աշխատանքների կատարման անհրաժեշտության դեպքում պետք է պահպանվեն սույն ՏԿ-ի 11-րդ գլխի պահանջները:

256. Խրամուղիներում, որոնց մոտակայքում գտնվում է գազատարը կամ որոնցում հնարավոր է գազի կուտակում, բաց կրակի օգտագործումն արգելվում է:

257. Թույլ կամ խոնավ բնահողում խրամուղիներ փորելու ժամանակ, երբ փլուզման վտանգ կա, դրա պատերը պետք է հուսալիորեն ամրացվեն: Սորուն բնահողում աշխատանքները կարելի է կատարել առանց ամրացումների` բայց բնահողի բնական թեքության անկյանը համապատասխանող շեպերով (թեքություններով):

258. Շեպերի և առանց ամրացումների կատարված փորվածքների ուղղաձիգ պատերի մակերևույթների վիճակն անհրաժեշտ է հետևողականորեն հսկել: Ճաքեր հայտնվելու դեպքում բանվորներն անմիջապես պետք է հեռացվեն վտանգավոր գոտիներից, որից հետո ձեռնարկվեն միջոցներ բնահողի փլուզման դեմ:

259. Խրամուղիներ և փոսորակներ հարկ է իջնել միայն բազրիքավոր ձեռնասանդուղքներով կամ հենասանդուղքներով, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 26887:

260. Մարդկանց կամ փոխադրամիջոցների տեղաշարժման վայրերում մշակվող փոսորակներն ու խրամուղիները պետք է ցանկապատվեն ԳՕՍՏ 23407-ի պահանջներին համապատասխան: Ցանկապատի վրա անհրաժեշտ է տեղադրել նախազգուշացնող անվտանգության պլակատներ և նշաններ, իսկ գիշերային ժամերին` ազդանշանային լուսավորություն:

261. Ցանկապատի և երկաթուղու մոտակա ռելսի առանցքի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 2,5 մ:

262. Արգելվում է ավտոտրանսպորտի ու շինարարական մեքենաների կանգառն ու երթևեկությունը, կարապիկների, սարքավորումների, նյութերի և այլ իրերի տեղաբաշխումը փլուզման պրիզմայի սահմաններում` առանց փորվածքների պատերի ամրացման: Ամրացված փորվածքների մոտ, բնահողի փլուզման պրիզմայի սահմաններում, շինարարական մեքենաների և ավտոտրանսպորտի կանգառն ու երթևեկությունը թույլատրվում է աշխատանքների կատարման նախագծում նշվածի հետ ամրացումների ամրության համապատասխանության նախնական հաշվարկային ստուգումներից հետո` հաշվի առնելով բեռնվածության մեծությունն ու հարաշարժությունը:

263. Փոսորակների և խրամուղիների տախտակե ամրակապումները պետք է քանդել ներքևից վերև ուղղությամբ` բնահողը հետ լցնելուն համապատասխան: Ամրակապումները քանդելու ժամանակ, ըստ բարձրության, թույլատրվում է միաժամանակ հեռացնել երեք տախտակից ոչ ավելի, իսկ սորուն և ոչ կայուն բնահողերում` մեկական: Տախտակների հեռացմանը զուգընթաց պահանգները հարկ է տեղափոխել, ընդ որում, եղած պահանգները կարելի է հանել միայն նորերը տեղադրելուց հետո: Ամրակապումները պետք է քանդել աշխատանքների ղեկավարի անմիջական հսկողությամբ:

264. Բնահողի էլեկտրատաքացման հետ կապված աշխատանքները պետք է կատարվեն բացառիկ դեպքերում և ԳՕՍՏ 12.1.013 ԱԱՍՀ «Շինարարություն: Էլեկտրաանվտանգություն: Ընդհանուր պահանջներ», ՀՍՏ 12.1.03 ԱԱՍՀ «Էլեկտրաանվտանգություն: Պաշտպանիչ հողակցում, զրոյացում» պահանջներին համապատասխան:

265. Շոգեհարումով կամ ծխագազերով բնահողի տաքացման ժամանակ պետք է ձեռնարկվեն միջոցներ` կանխելու համար բանվորների այրվածքներն ու թունավորումը վնասակար գազերից:

266. Հողափոր մեքենաների աշխատանքի հետ առնչվող անձնակազմը պետք է իմանա վարորդի (մեքենավարի) կողմից տրվող ձայնային ազդանշանների նշանակությունը:

267. Էքսկավատորի աշխատանքի ժամանակ արգելվում է`

1) ամրացման համար օգտվել այդ նպատակի համար չնախատեսված իրերից: Ամրացումը պետք է կատարվի գույքային հենակներով.

2) գտնվել էքսկավատորի գործունեության գոտուց 5 մ-ից պակաս հեռավորության վրա.

3) բարձրացված դիրքում մաքրել շերեփը:

268. Հողափոր մեքենաների և մեխանիզմների` էլեկտրահաղորդման գծերի մոտով անցնելու և դրանց մոտ աշխատելու դեպքում պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 109-րդ կետի պահանջները:

 

IV. ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

17. ՎԱՌԵԼԻՔԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

269. Երկաթուղային տնտեսության սպասարկումը պետք է կատարվի գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Ներքին երկաթուղով գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների ժամանակ պետք է պահանջվեն հարող երկաթուղային կայարանի հետ համաձայնեցված տեղային հրահանգները:

270. Բոլոր արտաչափային տեղերը պետք է նշվեն նախազգուշացնող մակագրություններով և անհրաժեշտության դեպքում լուսավորվեն:

271. Երկաթուղու հետ հետիոտն ու տրանսպորտային ճանապարհների հատման տեղերում պետք է կառուցել անցումներ ու գծանցներ: Հետիոտն ճանապարհները պետք է կառուցվեն ամենահարմար և ապահով տեղերում և ապահովեն անվտանգ անցում: ՈՒղեգծի վրայով անցումային տեղերում ռելսերի գլխիկների բարձրությամբ պետք է փռված լինեն տախտամածեր: Անցումների մոտ պետք է տեղադրված լինեն հատուկ ցուցատախտակներ` «Անցում երկաթուղու երկայնքով» և «Անցում երկաթուղու վրայով»: Անցումային տեղի լայնությունը պետք է լինի առնվազն 1,5 մ, բեռներով անցնելու համար` առնվազն 2 մ:

272. Երկաթուղու երկայնքով հետիոտնի երթևեկության (բանուկ) ճանապարհները չպետք է ծանրաբեռնվեն ժամանակավոր կամ մշտական` ազատ անցումը խոչընդոտող, կառույցներով:

273. Երկաթուղու գծանցների տեղերում պետք է տեղադրվեն ուղեփակոցներ, ազդասարք, լուսավորություն, պարսպող սյուներ կամ ճաղաշարք և անվտանգության նախազգուշացնող նշաններ: Հսկող գծանցներում պետք է լինի հեռախոսային կապ` մոտակա կայարանի կամ պահակետի հետ:

274. Ազդանշանային սարքվածքների (ուղեփակոցներ, սյուներ, ուղենշաններ և այլն) ներկվածքը տարեկան առնվազն 2 անգամ պետք է թարմացվի:

275. Քիչ գործող երկաթգծերի սլաքային գծանցումները` կախված երթևեկության հաճախությունից ու բնույթից, ճանապարհի պրոֆիլից և այլն, պետք է փակվեն կողպեքներով: Այդ սլաքների ցանկը հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը:

276. ՈՒղեգծի առանցքից 3 մ-ից պակաս հեռավորության վրա գտնվող սլաքային պահակետերի և այլ ծառայական շինությունների դռների ելքը պետք է ուղղված լինի միայն ուղեգծի երկայնքով: Դռան մոտ` ուղեգծի կողմից, պետք է լինեն պաշտպանիչ արգելապատնեշներ: Պաշտպանիչ արգելապատնեշներ պետք է տեղադրվեն նաև մոտեցող շարժակազմը տեսնելուն խանգարող շենքերի ու շինությունների հետևի կողմից` երկաթուղի դուրս եկող տեղերում:

277. Երկաթուղային գծերն ու գծամեջերը (ուղեմեջեր) պետք է մաքրվեն ձյունից, վառելանյութից, խարամից և այլ առարկաներից ու նյութերից և մշտապես պահվեն սահմանված չափսերի սահմանում: Անվտանգ անցումն ապահովելու համար ջրհորների և ջրհորդանների վրա պետք է կառուցվեն ծածկեր:

278. Ձյան տեղումների ժամանակ, երբ հնարավոր չէ ժամանակին հեռացնել ամբողջ ձյունը, անհրաժեշտ է անցումային տեղերում և գործող գծերում, որպես ժամանակավոր միջոց, ուղեմեջերում հավաքված ձյան թմբերում յուրաքանչյուր 9 մ-ը մեկ բացել առնվազն 1 մ լայնությամբ անցումներ:

279. Սառցապատման ժամանակ մանևրային աշխատանքների հիմնական աշխատատեղերում և մարդկանց անցումային տեղերում անհրաժեշտ է ցանել ավազ կամ մոխիր:

280. Արգելակման կալուններն ու վագոնների պահեստամասերը պահելու արկղերն ու դարակաշարերը պետք է տեղավորել ուղեմեջերում` գծերի երկայնքով և չպետք է խանգարեն մանևրային և գնացքներ կազմող բրիգադների աշխատանքին: Վագոնների և դարակաշարերի ու արկղերի միջև անցումները պետք է լինեն առնվազն 1 մ: Արգելվում է արգելակման կալուններն ու վագոնների պահեստամասերը տեղավորել անմիջապես գետնին:

281. Երկաթուղու մոտ բեռնաթափված կամ բեռնման համար նախապատրաստված բեռները պետք է դարսված և ամրացված լինեն սույն ՏԿ-ի 108-րդ կետին համապատասխան:

282. Առանձնացված գծերի վրա գտնվող բեռնվող ու բեռնաթափվող, ինչպես նաև դատարկ վագոնները, պետք է շղթայակցվեն և անշարժացվեն ձեռքի արգելակներով կամ արգելակման կալուններով: Արգելվում է արգելակման կալունների փոխարեն վագոնների անիվների տակ դնել քարեր, աղյուսներ, տախտակներ և այլ առարկաներ:

283. Բոլոր մարդկանց, բացի երկաթուղային տրանսպորտն սպասարկող անձնակազմից, արգելվում է լինել գծերի վրա, քայլել գծերի մեջ և հատել դրանք չնախատեսված տեղերում:

284. Աշխատանքների ընդմիջումներին արգելվում է մնալ երկաթուղագծերի վրա: Ընդմիջման ընթացքում բանվորները պետք է գծերից դուրս գան ճամփեզր` եզրային ռելսից առնվազն 2 մ հեռավորության վրա: Միաժամանակ գծերից պետք է հավաքվեն նաև գործիքները:

285. Յուրաքանչյուր աշխատող, մարդկանց կյանքին կամ երթևեկությանը սպառնացող վտանգ նկատելիս` պետք է կանգառի ազդանշան տա գնացքին կամ մանևրային շարժակազմին:

286. Երկաթուղիներում երթևեկության անվտանգությանն սպառնացող անսարքություն հայտնաբերելիս, վտանգավոր տեղերը պետք է ցանկապատվեն և անսարքությունները վերացնելու միջոցներ ձեռնարկվեն:

287. Մանևրային աշխատանքները պետք է կատարի գնացքներ կազմող բրիգադը կամ մենակ կազմողը: Գնացքաքարշերի կամ գնացքներ կազմող բրիգադների կազմը որոշվում է էլեկտրակայանի ղեկավարության կողմից` կախված տեղային պայմաններից` համաձայնեցնելով այն հարող կայարանի երկաթուղու ծառայությունների հետ: Նեղագիծ երկաթուղային տրանսպորտի շահագործման բոլոր դեպքերում մանևրները կատարվում են մեկ անձի ցուցմունքով` գնացքները կազմողի կամ վագոնակցիչ բանվորի: Մանևրները կատարելիս` արգելվում է օգտվել հրահանգներով չնախատեսված ազդանշաններից:

288. Հաշվի առնելով գնացքաքարշի տեսակը և տեղային պայմանները` թույլատրվում է մանևրային գնացքաքարշերի սպասարկումը մեկ մեքենավարի և մեկ գնացքներ կազմողի կողմից տեխնիկական հրահանգչի համաձայնությամբ:

289. Մեկ մեքենավարի կողմից սպասարկման դեպքում թույլատրվում է մանևրային աշխատանքների համար օգտագործել միայն մանևրային շարքի ջերմաքարշեր: Մեկ մեքենավարի կողմից սպասարկվող ջերմաքարշերի վրա պետք է լինեն`

1) երկկողմանի ռադիոկապ մեքենավարի և արտադրամասի հերթափոխի ավագ հերթապահի միջև.

2) անմիջական ռադիոկապ («Տյուլպան», «Սիրենա» և այլ տեսակի ռադիոկայան)` մեքենավարի և գնացքները կազմող բրիգադի միջև.

3) գրանցող արագաչափ` հխ-2Ծ (ժապավենը հանելու կարգը սահմանվում է տեղային հրահանգով).

4) գնացքաքարշերի թեքուղային ազդասարք` գնացքաքարշային ավտոմատ ազդանշանումով (մանևրային թեքուղու վրա աշխատող ջերմաքարշերի համար).

5) գնացքաքարշերի անընդհատ գործողության ավտոմատ ազդասարք` գնացքաքարշերի շարժման ընթացքում զգոնության ստուգումով.

6) ջերմաքարշի կառավարման երկրորդ վահան` տեղադրված խցիկի ձախ կողմում.

7) ջերմաքարշի խցիկի վրա, աջ և ձախ կողմերում տեղադրված ազդանշանային դեղին լամպեր, որոնք ազդանշանում են մեքենավարի գտնվելու տեղը.

8) ջերմաքարշի ինքնակցիչների հեռագործ շարժաբեր.

9) առջևի և հետևի ձախ տեսադաշտի հայելիներ:

Կառավարման երկրորդ վահանը և ազդանշանային լամպերը պետք է տեղադրվեն այն տեղամասում աշխատող ջերմաքարշերի վրա, որտեղ գնացքներ կազմողն ազդանշանները տալիս է ձեռքով ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից` ելնելով տեսանելիության պայմաններից: Շոգեքարշը վագոններին կցելու բոլոր դեպքերում կցորդման հուսալիությունը, ինչպես նաև ինքնարգելակների միացումն ստուգում է գնացքներ կազմողը կամ նրա օգնականը: Գնացքաքարշի շարժման ընթացքում արգելվում է մեքենավարին և գնացքները կազմող բրիգադին փոխել ազդանշան տալու կողմը և ձախ կամ աջ վահաններից ջերմաքարշի կառավարման կողմերը: Բացառիկ դեպքերում, որոնք որոշվում են տեղային հրահանգներով և կայանի տեխնիկակարգադրական ակտով, թույլատրվում է ջերմաքարշի շարժման ընթացքում փոխել ազդանշաններ տալու և ջերմաքարշի կառավարման կողմերը` պայմանով, որ գնացքները կազմող բրիգադը գտնվի արգելակման հարթակների վրա:

290. Գնացքաքարշեր - գնացքները կազմող կրճատ բրիգադների դեպքում երթևեկության անվտանգությունն ապահովող մանևրային աշխատանքների կատարման կարգը պետք է արտացոլվի մանևրային գնացքաքարշերը մեկ մեքենավարով սպասարկելու տեղային հրահանգում և նշվի տեխնիկակարգադրական ակտում: Մանևրային գնացքաքարշերը մեկ մեքենավարով սպասարկելու տեղային հրահանգում պետք է հաշվի առնվեն անհամապատասխան եզրաչափսերի և կոր տեղերի առկայությունը, տեսանելիության պայմանները, աշխատանքի ծավալները, ինչպես նաև նշվեն միանձնյա աշխատանքի դեպքում սահմանափակումները, շարժակազմի սահմանային երկարությունը և գնացքները կազմողի գտնվելու տեղը` վագոններով առաջ շարժվելու ժամանակ:

291. Թափարգելի սկավառակների բացակայության դեպքում արգելվում է վագոնների պտուտակային կցումը կատարել ձեռքով:

292. Նախատեսված տեղաշարժերի վայրում, մինչև մանևրային աշխատանքներն սկսելն անհրաժեշտ է զննել գծերը և կցման ու անջատման ենթակա վագոնները (ստուգել` ամու՞ր են արդյոք ամրացված բաց վագոնների կողերը, փա՞կ են արդյոք վագոնների մտոցները, չկա՞ արդյոք բեռների տեղաշարժ բաց շարժակազմում, սարքի՞ն են արդյոք կցորդիչ սարքվածքները և այլն), ինչպես նաև ստուգել եզրաչափսերի համապատասխանությունը սահմանվածին և ազդանշանների սարքինությունը: Մանևրներ կատարելու գծերին մոտ գտնվող մարդիկ պետք է հեռացվեն:

293. Մանևրներ կատարելիս` գնացքաքարշերը կամ վագոնները փակուղային հենակին ավելի քան 2 մ մոտեցնելն արգելվում է:

294. Մանևրային գնացքաքարշի արագությունը (կմ/ժ) չպետք է գերազանցի հետևյալ մեծությունները, որտեղ`

    1) ազատ գծով երթևեկելիս`  վագոնները հետևից                40

    2) ազատ գծով երթևեկելիս`  վագոնները առջևից                25

    3) կողմային գծերի վրա ուղեսլաքներով երթևեկելիս            25

    4) մարդկանցով կամ վտանգավոր բեռներով վագոնների դեպքում    15

    5) գնացքաքարշը (վագոններով կամ առանց դրանց) վագոններին     3

մոտեցնելու ժամանակ

    6) բեռնաթափման սարքվածքներում և  զետեղման սպասասրահում     2

    7) վագոնը վագոնին (կցում, անջատում) մոտեցնելիս             5

Շարժակազմի արագությունը` վագոնային կշեռքների վրայով, որոշվում է դրանց սպասարկման հրահանգով:

295. Մանևրային աշխատանքների հետ կապված անձանց արգելվում է`

1) նստել արգելակման հարթակների աստիճաններին կամ վագոնների, գնացքաքարշերի հատուկ ոտնակներին և իջնել դրանցից 3 կմ/ժ-ից ավելի արագության դեպքում, ինչպես նաև սլաքային գծանցումների և գծանցների տեղերում.

2) գիծն անցնել շարժակազմի կամ գնացքաքարշի առջևից.

3) սողոսկել վագոնների տակ.

4) անցնել անջատված վագոնների արանքով, եթե դրանց հեռավորությունը 5 մ-ից պակաս է.

5) կանգնել կամ նստել գծի վրա:

Առավել զգուշություն պետք է ցուցաբերել անբարենպաստ եղանակի դեպքում (մառախուղ, ձյուն, սառցակալում, հողմ և այլն) գծերն անցնելիս կամ գծերի երկայնքով քայլելիս:

296. Մանևրային աշխատանքների ժամանակ երթանցը թույլատրվում է միայն արգելակման հարթակների կամ վագոնների ոտնակների, ցիստեռնների աստիճանների հետ համատեղված ոտնակների և գնացքաքարշերի ոտնակների կամ հարթակների վրա կանգնած, ընդ որում, անհրաժեշտ է ամուր բռնել բռնաձողերից:

297. Մանևրային աշխատանքների ժամանակ շարժակազմով զբաղված գիծը պետք է անցնել միայն վագոնների արգելակման հարթակներով: Մանևրային աշխատանքների հետ կապված անձինք, կանգնած շարժակազմը կամ գնացքաքարշը պետք է շրջանցեն 3 մ-ից ոչ մոտ հեռավորությամբ:

298. Եզրաչափերին չհամապատասխանող տեղերում, բեռնման-բեռնաթափման գծերի վրա և արտադրամասերի ներսում, վագոնների ոտնակների և արգելակման հարթակի աստիճանների վրա գտնվելն արգելվում է:

299. Ազդանշանը` շարժակազմը բաց թողնելու համար ուղեսլաքի պատրաստ լինելու մասին, գնացքաշարի մեքենավարին պետք է տրվի միայն ուղեսլաքի փոխադրումից ու փակելուց և սլաքավարի ուղեմեջ դուրս գալուց հետո: Շարժակազմը սլաքի վրայով անցնելու ժամանակ չի թույլատրվում ոտքով պահել սլաքային հավասարակշռիչ լծակը:

300. Վագոններն արտադրամաս մտցնելու ժամանակ, բեռնման-բեռնաթափման գծի վրա, գնացքներ կազմողը պետք է գնա վագոնների առջևից` պաստառի կողնակի վրայով` զգուշացնելով մարդկանց շարժակազմի մոտենալու մասին: Շարժման արագությունը չպետք է գերազանցի 35 կմ/ժ-ը:

301. Բեռնում-բեռնաթափումը չավարտված վագոնների մանևրային աշխատանքները թույլատրվում է բեռնում-բեռնաթափումը ղեկավարող անձի հետ համաձայնեցնելուց հետո:

302. Էլեկտրիֆիկացված երկաթուղու գնացքաքարշերը և շարժակազմերը զննելու և շահագործելու ժամանակ պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 108-րդ, 109-րդ կետերի պահանջները:

303. Աշխատող շարժիչով գնացքաքարշերը արգելվում է թողնել առանց հսկողության:

 

18. ՄԱԶՈՒԹԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

304. Մազութի տնտեսությունում ամեն տարի, ամպրոպային շրջանից առաջ, պետք է ստուգվի մթնոլորտային էլեկտրականությունից հողակցման արտաքին շղթայի ամբողջականությունը` հողակցման սարքվածքի դիմադրության չափմամբ:

305. Մազութի վերգետնյա պահոցների թմբապատումը պետք է պահվի սարքին վիճակում:

306. Մազութի վերգետնյա պահոցները պետք է ունենան դրանց վրա բարձրանալու ճաղաշարերով սանդուղքներ և ցանկապատ` պահոցի ծածկի ամբողջ շրջագծով: Մազութի պահոցների ծածկերի վրա պետք է տեղակայված լինեն ճաղաշարերով հարթակներ` նմուշառիչներին, արտաձգիչ սարքվածքներին, փողանցքներին մոտենալու և դրանց սպասարկման համար:

307. Արտածող օդափոխության կարճախողովակի վերին մասը պետք է սարքավորված լինի կրակային ապահովիչով:

308. Ընդունիչ, ծախսիչ և պահուստային պահոցների փողանցքները պետք է փակված լինեն միջադիրների վրա դրված, հեղույսներով ձգված կափարիչներով, իսկ մազութի պոմպասրահների առուները` ծածկված լինեն մետաղաթերթերով:

309. Հեղուկաթափ վաքերը պետք է ծածկված լինեն մետաղյա կափարիչներով: Թույլատրվում է հեղուկը թափվելու տեղերում, կափարիչների փոխարեն, տեղադրել առնվազն 200x200 մմ չափի անցքերով վանդակներ:

310. Մազութի տնտեսության տարածքում և շինություններում (մազութի պահոցներում, ընդունող - դատարկող սարքվածքներում, մազութի պոմպասրահներում և այլն) բոլոր կրակային աշխատանքները պետք է կատարվեն կարգագրով:

311. Ավտոմեքենաների և տրակտորների մուտքը պահոցային համակազմ, թույլատրվում է միայն դրանց արտանետիչ խողովակների վրա կայծամարիչներ տեղադրելուց հետո:

312. Մազութի դատարկման տեղամասում ցիստեռնների արգելակումը կայծ արձակող նյութերից պատրաստված կալուններով չի թույլատրվում: Ցիստեռնների տեղաշարժման համար լինգերի, խողովակների և այլ մետաղյա իրերի օգտագործումն արգելվում է: Էստակադի վրա տեղակայված ցիստեռններից բաղկացած շարժակազմը պետք է ամրացվի մինչև գնացքաքարշի անջատումը: Մինչև ցիստեռնների սպասարկումն սկսելը` գնացքաքարշը պետք է հեռացվի դրանցից առնվազն 5 մ հեռավորությամբ:

313. Անսարք սանդուղքներով, հարթակներով կամ առանց դրանց ցիստեռնները հարկ է սպասարկել հարթակներով և ճաղաշարերով տանովի սանդուղքների կամ ճաղաշարերով սանդղակամրջակների կիրառմամբ: Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործվեն ապահովիչ գոտիներ, որոնք զսպանակեռիկներով ամրացվում են էստակադի անշարժ մասերին: Նման ցիստեռնները պետք է սպասարկեն առնվազն 2 մարդ: Անսարք ցիստեռնների սպասարկման թույլտվության պայմանները պետք է որոշված լինեն տեղային հրահանգներում:

314. Ցիստեռնների վրա անցնելու սանդղակամրջակները պետք է սարքավորված լինեն փակիչ սարքվածքներով` ակամա հետ ընկնելը կանխելու համար:

315. Պահոցների և ցիստեռնների փողանցքների կափարիչները բացելն ու փակելը, ինչպես նաև գոլորշին մատուցելու համար ցիստեռնների մեջ մետաղական տաքացնող խողովակներ և արտաքին մետաղական գալարներով տարբեր ճկափողեր մտցնելը, պետք է կատարել զգուշությամբ` բացառելով նրանց վայր ընկնելը և փողանցքի բկանցքին հարվավելը:

316. Հեղուկաթափ էստակադների վրա գտնվող ցիստեռնների սպասարկումը պետք է կատարեն միմյանց տեսադաշտում գտնվող առնվազն 2 բանվոր:

317. Ցիստեռնից մազութը դատարկող բանվորները պետք է ապահովված լինեն գլխին դրվող HԲT (ՆԲՏ) տեսակի վահանակներով:

318. Ցիստեռններում մազութի տաքացումը նախապատրաստելիս, պետք է ստուգվեն`

1) ցիստեռնի բկանցքին անդրաձիգ սանդղակամրջակի ամրացման հուսալիությունը.

2) մետաղաձողի (ճկափողի) հետ շոգեմայրուղու միացման կիպությունը.

3) ցիստեռնի մեջ իջեցված մետաղաձողի (ճկափողի) ամրացման հուսալիությունը:

319. Մազութը դատարկելուց և ցիստեռնը մաքրելուց հետո ցիստեռնի արտաքին մակերեսը 40oC -ից ցածր հովացումից հետո միայն կարելի է լրիվ փակել փողանցքների բկանցքների կափարիչներն ու հեղուկաթափ փականները:

320. Ցիստեռններից և պահոցներից մազութի և այլ վառելիքաքսուքային նյութերի նմուշներն անհրաժեշտ է վերցնել հատուկ նմուշառիչների (ըստ ԳՕՍՏ 2517 «Նավթ և նավթամթերքներ: Նմուշառման մեթոդներ») կիրառմամբ:

321. Մազութի նմուշառման, մակարդակի չափման և ցիստեռնների ու պահոցների փողանցքները բացելու, ինչպես նաև պահոցներից ապրանքատակի ջուրն ու տիղմը թափելու ժամանակ, գոլորշի և գազեր շնչելուց և հագուստի վրա մազութ թափելուց խուսափելու նպատակով, պետք է քամու դիմաց չկանգնել (կանգնել կողքով): Բաց և ապակյա անոթներով մազութի նմուշների տեղափոխումն արգելվում է: Ցիստեռնների, պահոցների և փողանցքների բկանցքների վրա կռանալն արգելվում է: Մակարդակի չափումը պողպատյա չափերիզով (ժապավենով) արգելվում է, եթե պահոցների փողանցքների մուտքային մասերը պաշտպանված չեն այնպիսի նյութից (կապար, ալյումին և այլն) պատրաստված օղակով, որը չափերիզի շարժման ժամանակ կայծ չի առաջացնում: Պողպատյա չափերիզը և նմուշառիչը պետք է սահեն չափվող փողանցքի ուղղորդիչ ակոսով:

322. Գալարախողովակային տաքացուցիչներով սարքավորված պահոցներում մազութի տաքացումը պետք է կատարել միայն այն դեպքում, երբ հեղուկի մակարդակը տաքացուցիչի վրա առնվազն 50 սմ է:

323. Պահոցներում չի թույլատրվում մազութը տաքացնել 90oC-ից ավելի:

324. Պահոցների լրալցնումը մազութի ազատ հոսող շիթով արգելվում է: Մազութն անհրաժեշտ է մղել պահոցում գտնվող հեղուկի մակարդակից ներքև:

325. Արգելվում է մազութամուղն օգտագործել որպես լրացուցիչ բեռնվածք կրող կառուցվածք:

326. Սառած մազութամուղների և շոգեմուղների տաքացնելը պետք է կատարել սույն ՏԿ-ի 89-րդ կետի պահանջների պահպանմամբ:

327. Էլեկտրակայան մազութի փոխարեն այլ վառելիքի (դիզելային, սոլյարային և այլն) հազվադեպ մատակարարման դեպքում պետք է կատարել դրանց անվտանգ օգտագործման հատուկ ցուցումները:

 

19. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԱԶՈՒԹԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՏԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

328. Երկաթուղային ցիստեռնը ձեռքով մաքրելու ժամանակ աշխատանքները պետք է կատարվեն առանց ցիստեռնի մեջ իջնելու` կայծեր չառաջացնող քերակների միջոցով: Ցիստեռնը մաքրելու համար նրանց մեջ մտնելը արգելվում է:

329. Մազութի տնտեսության տարողություններում աշխատանքների ժամանակ պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 11-րդ գլխի և սույն ՏԿ-ի 95-րդ կետի պահանջները: Չի թույլատրվում բանվորին իջնել տարողության մեջ, եթե դրանում օդի ջերմաստիճանը 32oC-ից բարձր է:

330. Ներքին զննումների, նորոգման կամ նստվածքներից մաքրման ենթակա տարողություններն ու պահոցները պետք է մազութից դատարկված և գործող սարքավորումներից անջատված ու խցանված լինեն: Մաքրելուց առաջ տարողություններն ու պահոցները պետք է շոգեհարվեն և օդափոխվեն: Տարողություններն ու պահոցները մաքրելու ժամանակ պետք է պահպանվեն սույն ՏԿ-ի 95-րդ կետի պահանջները: Տարողություններից և պահոցներից հանված նստվածքն անհրաժեշտ է ոչնչացնել (չեզոքացնել) կամ թաղել հատուկ առանձնացված տեղում:

331. Տարողությունների ու պահոցների նորոգման ներքին բոլոր աշխատանքները պետք է կատարվեն շոգեհարելուց, օդափոխելուց և նստվածքները մաքրելուց հետո:

332. Տարողությունների և պահոցների ներքին զննումը, մաքրումը և նորոգման աշխատանքները պետք է կատարել հատուկ հագուստով (արտահագուստ), հատուկ ոտնամաններով և թաթպաններով: Այդ աշխատանքները պետք է կատարվեն փողանցքների բաց վիճակում և անհրաժեշտության դեպքում ստիպողական օդափոխության կիրառումով, որը կապահովի օդում վնասակար նյութերի` N 1 աղյուսակում նշվածից ոչ ավելի խտությունը: Տարողությունների և պահոցների ներսում մաքրման կամ նորոգման աշխատանքներ սկսելուց առաջ և դրանց կատարման ընթացքում պետք է արվի օդի վերլուծություն` համոզվելու համար, որ վնասակար նյութերի պարունակությունը չի գերազանցում սահմանային թույլատրելի խտությունը և թթվածինը բավարար է (20 %` ըստ ծավալի): Վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունը գերազանցելու, թթվածնի անբավարարության և բավարար օդափոխում ապահովելու անհնարինության դեպքերում տարողությունների և պահոցների ներսում աշխատանքներն անհրաժեշտ է կատարել ճկափողային հակագազով: Հակագազի ճկափողը պետք է լինի յուղաբենզինակայուն նյութից: Օդի ստիպողական մատակարարման բացակայության դեպքում դրա երկարությունը չպետք է գերազանցի 15 մ, իսկ օդի ստիպողական մատակարարման դեպքում` մինչև 40 մ: Մազութի տարողություններում (պահոցներում) աշխատելու ժամանակ փրկագոտու օգտագործումը պարտադիր է:

333. Մազութի տնտեսության տարողությունների մեջ առանց սանդուղքի իջնելն արգելվում է: Ներսի մշտական սանդուղքի բացակայության դեպքում տարողությունում պետք է օգտագործվի տանովի փայտե ոչ մետաղապատ (կայծի առաջացումից խուսափելու համար) սանդուղք:

 

20. ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

334. Գազի տնտեսության սարքավորումների սպասարկումը և օդային միջավայրի վերահսկումը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշման պահանջներին: Գազային վառելիք օգտագործող կազմակերպություններում, ճարտարագետատեխնիկական ղեկավար աշխատողների թվից, հրամանով պետք է նշանակված լինի գազի տնտեսության անվտանգ շահագործման համար պատասխանատու անձ:

335. Նորոգման համար անջատված գազամուղի տեղամասի սահմաններում, անջատիչ սարքվածքներից հետո, պետք է տեղադրվեն խցափակիչներ:

336. Գազակարգավորիչ կետերի և գազակարգավորիչ կայանների (առանց մշտական հերթապահ անձնակազմի) շինությունները, ստորգետնյա գազամուղների դիտահորերը, ինչպես նաև գազակուտակման տեսակետից վտանգավոր տեղերը (առանց մշտական սպասարկող անձնակազմի) պետք է սպասարկի հատուկ ուսուցված անձնակազմը` սույն ՏԿ-ի 94-ից մինչև 96-րդ կետերի պահանջներին համապատասխան:

337. Այն բոլոր շինություններում, որտեղով անցնում են գազամուղները, կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ժամկետացանկով, պետք է կատարվեն օդի գազապարունակության ստուգումներ` պայթյունապաշտպան գազավերլուծիչների օգնությամբ: Այդ շինությունների օդում գազի հայտնաբերման բոլոր դեպքերի մասին անմիջապես պետք է տեղյակ պահվեն համապատասխան տեղամասի պետը, կազմակերպության գլխավոր ճարտարագետը և գազի տնտեսության անվտանգ շահագործման համար պատասխանատու անձը: Օդի նմուշառման տեղերը որոշվում են կազմակերպության հրահանգով:

 

21. ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

338. Կաթսայական տեղակայանքների տեղակայումն ու սպասարկումը պետք է համապատասխանի ջրատաքացման և շոգեկաթսաների սարքվածքի և անվտանգ շահագործման, կաթսայակայանքներում մազութի պայթյունաանվտանգության պահանջներին:

339. Կաթսայի (շոգեջրային ուղիների, հնոցի և գազանցքների) ապահովիչ և պայթյունային փականները պետք է ունենան կողմնատարներ` փականների գործարկման ժամանակ շոգեջրային խառնուրդը և պայթուցիկ գազերն աշխատանքային շինության սահմաններից դուրս սպասարկող անձնակազմի համար անվտանգ տեղեր հեռացնելու համար կամ պետք է ցանկապատվեն պաշտպանիչ վահաններով` մարդկանց գտնվելու հնարավոր տեղերի կողմից:

340. Արգելվում է սեպել աշխատող կաթսաների ապահովիչ փականները և բեռի զանգվածի ավելացումով կամ այլ եղանակով մեծացնել ճնշումը փականների սկավառակների վրա: Լծակավոր ապահովիչ փականների բեռները պետք է սևեռվեն և կապարակնքվեն այնպես, որ բացառվի դրանց ակամա տեղաշարժի հնարավորությունը:

341. Կաթսայի բոցամուղների սպասարկման և նորոգման համար պետք է ապահովվի նրանց ազատ, հարմար մոտենալու հնարավորությունը: Բոցի հետադարձ հարվածից այրվածքներ չստանալու (խուսափելու) համար բոցամուղների տեղադրման անցքերի վրա պետք է լինեն էկրաններ, իսկ բոցամուղներին վառելիքի և օդի մատակարարումը կարգավորող կափույրները կամ դրանց շարժաբերները պետք է տեղադրվեն անցքերից քիչ հեռու:

342. Շրջայցի ժամանակ արգելվում է բացել կաթսայի փողանցքները, սողանցքները, բացի դիտանցքների և տեսանցքների կարճաժամկետ բացումից, պայմանով, որ գտնվեն դրանցից քիչ հեռու (կողքից):

343. Արգելվում է հնոցներում վառել վառելիքը, երբ սողանցքներն ու տեսանցքները բաց են: Բոցին անընդհատ հետևելու համար դիտանցքները պետք է լինեն ապակեպատված: Ներմղումով աշխատող կաթսաներում պետք է նախատեսված լինեն ապակիների պայթելը կանխող սարքվածքներ: Զննումն անցկացնող անձնակազմը պետք է կրի պաշտպանական ակնոցներ:

344. Կաթսան վառելուց առաջ պետք է դադարեցվեն նորոգման բոլոր աշխատանքները և արտադրամասի (բլոկի) հերթափոխի պետի կողմից դուրս բերվի վառման հետ առնչություն չունեցող ամբողջ անձնակազմը: Հարևան կաթսաներում պետք է դադարեցվեն նորոգման բոլոր աշխատանքները, որոնք կատարվում են հնոցներից և գազանցքներից դուրս` դեպի վառվող կաթսան ուղղված կողմերում, կամ դրանից ուղիղ տեսանելիության սահմաններում գտնվող կողմերում (ճակատային և հետևի պատեր, առաստաղային ծածկեր): Կաթսայի վրա աշխատանքները վերսկսվում են հերթապահ անձնակազմի ցուցումով:

345. Կաթսայի ստորին կետերի արտափչման ժամանակ նախ պետք է լրիվ բացել ընթացքի ուղղությամբ արտափչվող միջավայրի առաջին փականը, հետո աստիճանաբար` երկրորդը: Արտափչումն ավարտելուց հետո պետք է նախ փակել ընթացքի ուղղությամբ երկրորդ փականը, հետո` առաջինը:

346. Գազի մատակարարումը կաթսայատուն անսպասելի ընդհատվելու դեպքում գազամուղը կաթսայատուն մտնող տեղում և կաթսաների մոտ տեղադրված անջատիչ սարքերը պետք է փակվեն, իսկ անջատված գազամուղի փչահարման մոմերը` բացվեն:

347. Զննման կամ կրակխառնիչ աշխատանքների ժամանակ արգելվում է կանգնել բաց տեսանցքների, դիտանցքների և կրակխառնիչ փողանցքների դիմաց:

348. Կաթսաների տաքացման և վերականգնիչ օդատաքացիչների մակերեսներն իմպուլսային (ջերմալիքային) և այլ մեքենայացված ձևերով մաքրելուց առաջ անձնակազմը պետք է հեռացվի կաթսայի մաքրման ենթակա տարրերի տեղաբաշխման գոտուց: Մաքրման ընթացքում այդ գոտում արգելվում են զննումներն ու նորոգումը:

349. Կաթսայի տաքացվող մակերեսների փչամաքրումից առաջ պետք է մեծացվի քարշը և ապահովվի այրման ռեժիմի կայունությունը: Փչամաքրումը կարող է կատարվել միայն կաթսայի ռեժիմն անմիջականորեն վարող անձի թույլտվությամբ:

350. Կաթսայի մեքենայացված փչամաքրումն անշարժ (ոչ տեղափոխելի) փչամաքրիչ սարքվածքներով պետք է կատարվի համաձայն հատուկ հրահանգների:

351. Անշարժ փչամաքրիչ սարքվածքների բացակայության դեպքում թույլատրվում է փչամաքրումը կատարել ձեռքով:

352. Փչամաքրումը ձեռքով կատարելիս` անձնակազմը պետք է դնի պաշտպանական ակնոցներ, թաթմաններ և թիկնոցով (ուսարկով) սաղավարտներ:

353. Փչամաքրումից առաջ պետք է ստուգվի հնոցից խարամն ու մոխիրն անընդհատ հեռացնող սարքվածքների հիդրոփականի կայունությունը: Խարամն ու մոխիրը պարբերաբար դատարկող սարքվածքով կաթսաներում արգելվում է միաժամանակ կատարել կաթսայի փչամաքրում և խարամի ու մոխրի դատարկում:

354. Եթե փչամաքրման ժամանակ գազերը և խարամը դուրս են խփվում փչամաքրման փողանցքից և հնոցը մթնում է կամ հայտնվում է օտար աղմուկ, ապա փչամաքրումը պետք է դադարեցվի:

355. Սեղմված օդով կաթսայի փչամաքրման ժամանակ արգելվում է մինչև խողովակը հնոց մտցնելը բացել օդային կափույրը և մինչև կափույրի փակելը հնոցից հեռացնել խողովակը: Դռնակները պետք է բացել «դեպի քեզ», կողքի կանգնած և պաշտպանական ակնոց ու թաթմաններ դրած:

356. Շոգեջրային խառնուրդով կաթսայի փչամաքրման ժամանակ արգելվում է բացել դռնակներն ու տեսանցքները հնոցի փչամաքրվող կողմի վրա:

357. Ջրացուցիչ սարքերի փչամաքրման ժամանակ գործողություններն անհրաժեշտ է կատարել հետևյալ հերթականությամբ`

1) աստիճանաբար` ոչ մեծ անկյան տակ բացել ստորին փչամաքրման կափույրը.

2) 8-ից մինչև 10 վայրկյանով փակել ստորին (ջրային) արագագործ ծորակը, հետո նորից բացել.

3) 8-ից մինչև 10 վայրկյանով փակել վերին (շոգու) արագագործ ծորակը, հետո նորից բացել.

4) փակել փչամաքրման ստորին փականը:

Փչամաքրման շոգեջրային խառնուրդը պետք է հեռացվի ստորին փչամաքրման փականից հետո գտնվող ձագարի մեջ, որը փակված է ջրաքաշման խողովակի համար նախատեսված անցք ունեցող կափարիչով: Փչամաքրման ժամանակ բանվորը պետք է ջրաչափի ապակուց մի կողմ կանգնի, և բոլոր գործողությունները կատարի պաշտպանական ակնոցով ու բրեզենտե թաթմաններով:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 144-Ն
Որոշում