Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Ա ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0144.170209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 144-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

«ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՋԵՐՄԱՈՒԺԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ

(4-րդ մաս)

 

22. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԹՍԱՆԵՐԻ ՀՆՈՑՆԵՐԻ, ԳԱԶԱՆՑՔՆԵՐԻ, ՕԴԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ԹՄԲՈՒԿՆԵՐԻ ՈՒ ԾԽՆԵԼՈՒՅԶՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

 

358. Աշխատանքները կաթսայակայանքի տարրերում, ինչպես նաև օդամուղներում ու գազանցքներում, պետք է կատարվեն`

1) գործող սարքավորումներից և գոլորշու, ջրի, մազութի, գազի և օդի խողովակաշարերից սույն ՏԿ-ի 202, 203, 204 կետերի պահանջներին համապատասխան դրանք անջատելուց և գոլորշու, ջրի, մազութի ու գազի անջատիչ կցաշուրթավոր արմատուրի վրա խցափակիչներ տեղադրելուց հետո.

2) վնասակար գազերից դրանց օդափոխման և օդի գազապարունակության ստուգման դեպքում.

3) սույն ՏԿ-ի 178-րդ և 179-րդ կետերի պահանջների պահպանման դեպքում.

4) քարշափչող կայանքների էլեկտրաշարժիչների վրայից լարումը ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին համապատասխան հանելու դեպքում:

359. Կաթսայակայանքի տարրերի, գազանցքների և օդամուղների ներսում փոխադրովի էլեկտրական լուսատուներով աշխատելիս` լամպերը պետք է լինեն երկուսից ոչ պակաս և սնվեն 12 Վ լարման տարբեր աղբյուրներից: Թույլատրվում է լուսավորել նաև կուտակչային և մարտկոցային լապտերներով:

360. Կաթսայի հնոցի ներսում թույլատրվում է օգտագործել ընդհանուր լուսավորության մինչև 220 Վ լարման շիկացման լամպերով լուսատուներ: Այդ դեպքում լուսատուները պետք է տեղադրվեն աշխատատեղերի վերևում, առնվազն 2,5 մ բարձրության վրա, կամ պետք է ձեռնարկվեն միջոցներ, որոնք կբացառեն լապտերին առանց գործիքների օգտագործման մոտենալու հնարավորությունը: Էլեկտրահաղորդագիծը պետք է տարվի պաշտպանված հաղորդալարերով կամ անցկացվի մետաղյա ճկափողերի մեջ: Կաթսայի հնոցի ներսում, անբավարար լուսավորության դեպքում թույլատրվում է կիրառել 220 Վ լարմամբ լուսարձակ, որը տեղադրվում է հնոցից դուրս` աշխատողների համար անմատչելի տեղում: Լուսավորման սարքերը պետք է տեղադրի էլեկտրատեխնիկական անձնակազմը:

361. Արգելվում է աշխատել հնոցում` փլուզման վտանգ ներկայացնող կախ ընկած խարամի մեծաբեկորների կամ աղյուսների առկայության դեպքում:

362. Կաթսայի հնոցում կախ ընկած մեծաբեկորները հարվածելով պոկել կարելի է նախապես ջրով ողողելուց հետո` սողանցքների, մտոցների և տեսանցքների միջով: Հնոցի վերին մասերի պատերի վրա մնացած խարամի նստվածքը և խարամի գոյացումները կարելի է հարվածելով պոկել` գտնվելով հնոցում: Մինչև հնոցի մեջ մտնելը` պետք է համոզված լինել դրանում ոտքերի համար հենարանների հուսալիության մեջ: Կաթսաների և նրանց տարրերի մաքրումը պետք է կատարվի ծխագազերի շարժման ուղղությամբ: Կաթսայի հնոցի պատերից խարամը պետք է պոկել վերևից ներքև: Բանվորներին արգելվում է գտնվել մաքրվող տեղամասերից ներքև:

363. Հնոցի ներսում աշխատանքներ կատարելիս` դրանում միաժամանակ պետք է գտնվեն առնվազն 2 մարդ:

364. Հնոցի մաքրման ժամանակ կոնվեկտիվ հորանում տեղաբաշխված կաթսայի գազանցքներում և տաքացնող մակերեսներին աշխատանքներն արգելվում են:

365. Մազութ վառող կաթսաների հնոցում և տաքացման կոնվեկտիվ մակերեսների վրա աշխատող անձնակազմը պետք է գիտենա գոյացած նստվածքների և լվացման ջրի վնասակարության մասին և աշխատելիս օգտագործի շնչադիմակներ, թթվակայուն և հիմնակայուն ձեռնոցներ ու թաթմաններ:

366. Կաթսայի հնոց կամ կոնվեկտիվ հորան մտնելու համար արգելվում է օգտագործել այն փողանցքները, որով անցնում են եռակցման մալուխները, գազամատույց - ճկափողերը կամ լուսավորման ցանցի հաղորդալարերը:

367. Առանց հնոցի նախնական մաքրման կաթսայի վթարային նորոգում կատարելիս` դրա մեջ աշխատանքներն սկսելուց առաջ պետք է ձեռնարկվեն անձնակազմի վրա խարամի և աղյուսների ընկնելը կանխող միջոցներ:

368. Խողովակավոր օդատաքացուցիչի հատվածամասերը բարձրացնելուց առաջ պետք է նախապես կապել վերին և ստորին խողովակափունջը` հաշվի առնելով բարձրացվող հատվածամասերի կշիռը և մոխրով ու կոտորակներով նրա խողովակների լցվածությունը:

369. Վերականգնիչ պտտվող օդատաքացուցիչներում նորոգման աշխատանքներ կատարելիս` արգելվում է հանել ճմլված թերթալիցքերի փաթեթները և գտնվել սառը թերթալիցքով փաթեթների տակ` դրանց տեղադրման կամ հանման ժամանակ, ինչպես նաև պատյանի մեջ` ռոտորի տեղաշարժման դեպքում: Ռոտորի շրջումը պետք է կատարվի հատուկ հարմարանքներով:

370. Մինչև կաթսայի թմբուկի ներսում աշխատելը` պետք է բացված լինեն երկու փողանցքները: Կաթսայի թմբուկ բանվորների թույլտվությունից առաջ և թթվային լվացումից հետո պետք է կատարվի օդափոխություն և թմբուկում օդի ստուգում` թթվածնի բավարարության (20 %` ըստ ծավալի) և ջրածնի ու ծծմբային գազի պարունակության: Թմբուկում ջրածնի խտությունը չպետք է գերազանցի բոցավառելիության (աղյուսակ N 2) ստորին սահմանի 1/5-ը, իսկ ծծմբային գազինը` սահմանային թույլատրելի խտության (աղյուսակ N 1) մեծությունը:

371. Կաթսայի թմբուկի օդափոխությունը պետք է ապահովվի փոխադրովի օդափոխիչով կամ թմբուկից դուրս (թմբուկի որևէ բացված փողանցքի մոտ կամ ժամանակավորապես ազատ որևէ խողովակապտուկի մոտ) տեղադրված օդացնցուղային կայանքով: Ստորին թմբուկներում աշխատելիս` աշխատատեղերի օդափոխության ինտենսիվությունը բարձրացնելու համար պետք է բացվեն նաև վերին թմբուկների մոտի փողանցքները:

372. Թմբուկն ու միացնող խողովակները պետք է մաքրեն առնվազն 2 մարդ: Ճկուն լիսեռով էլեկտրական ձեռքի հղկող մեքենայով եռացման խողովակները մաքրելիս` բանվորներից մեկը պետք է հսկի թմբուկի ներսում աշխատողին և թմբուկում աշխատողի ցուցումները կատարելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում էլեկտրաշարժիչն անջատելու համար իր մոտ ունենա փոխարկման սարք: Հսկողի ներկայությունը պարտադիր է նաև այն դեպքերում, երբ էլեկտրաշարժիչն ունի հեռակառավարում:

373. Եռացման խողովակները մաքրելիս, էլեկտրաշարժիչն անջատելուց հետո, հղկագլխիկն անհրաժեշտ է հեռացնել խողովակից: Էլեկտրաշարժիչի կրկնական միացումը պետք է կատարվի միայն այն դեպքում, երբ գլխիկը նորից մտցված կլինի խողովակի մեջ:

374. 12 Վ -ից բարձր լարման էլեկտրաշարժիչները և փոխադրովի ցածրացնող տրանսֆորմատորները, որոնց միացվում են տանովի ձեռքի լուսատուները կամ էլեկտրիֆիկացված գործիք, պետք է տեղադրվեն թմբուկից դուրս, սողանցքի մոտ: Տրանսֆորմատորների իրանը և ամենացածր լարման փաթույթի որևէ արտանցիչը պետք է ունենան հողակցում: Այդ դեպքերում օգտագործվող էլեկտրասարքավորումները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 12.2.007.0 ԱԱՍՀ «Էլեկտրատեխնիկական շինվածքներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ», ԳՕՍՏ 12.2.013.0 ԱԱՍՀ «Ձեռքի էլեկտրական մեքենաներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ» պահանջներին:

375. Տաքացման գալարախողովակային մակերևույթների` գնդիկով գլոցման ժամանակ անհրաժեշտ է օգտվել հատուկ որսիչներից:

376. Ծխնելույզների և գազանցքների արտաքին զննումները պետք է անցկացնեն առնվազն 2 մարդ, ներքին զննումներն ու նորոգումը` առնվազն 3 մարդ` պահպանելով սույն ՏԿ-ի 11-րդ գլխի պահանջները:

377. Գազանցքներում և ծխնելույզներում աշխատանքները պետք է կատարվեն միայն աշխատատեղերը բաց փողանցքներից մանրազնին օդափոխումից և աշխատող կաթսաների կողմից ծխագազերի ներթափանցումից պաշտպանվելուց հետո` կողպեքով փակվող սահափականների փակումով և կիպացումով, կամ աղյուսից կամ փայտից մետաղաթիթեղով երեսպատված և պարագծով մեկ ասբեստաքուղով կիպացված ժամանակավոր հերմետիկ կայուն պատերի կառուցումով: Փչամաքրման գոլորշու ուղիներն անհրաժեշտ է անջատել` դրանց վրա խցափակիչներ տեղադրելով:

378. Ծխնելույզների և գազանցքների ներքին նորոգումը պետք է կատարվի ծխագազերի բացակայության դեպքում և գազանցքի օդափոխման բավարարության ստուգումից հետո:

379. 1,3 մ և ավելի բարձրության վրա աշխատելիս` պետք է տեղադրվեն փայտամածներ և կախալաստակներ` սույն ՏԿ-ի 8-րդ գլխին համապատասխան:

380. Գազանցքների կամ այլ տուփախողովակների ներսում, բանվորների տեղաշարժման անհրաժեշտության դեպքում պետք է ստուգվի դրանց հատակի երեսպատման ամրությունը: Թուլացված կամ վնասված տեղերի հայտնաբերման դեպքում տուփախողովակների հատակին պետք է փռվի տախտամած, իսկ տուփախողովակներում մոխրի առկայության դեպքում` հեռացվի: Աշխատանքի ընթացքում մարդկանց վայր ընկնելը կանխելու նպատակով, տուփախողովակների հորիզոնական դիրքից ուղղաձիգ դիրքի անցման տեղում, դրանք պետք է լինեն ցանկապատված: Գազանցքներում մարդկանց իջնելն ու բարձրանալը պետք է իրագործվի լավ ամրացված սանդուղքներով ու սանդղակամրջակներով:

381. Բանվորներին բարձրացնելու և իջեցնելու ընթացային սանդուղքի հորանը ծխնելույզում անհրաժեշտ է պաշտպանել չորս կողմից` ամբողջ բարձրությամբ և աշխատանքային հարթակից 2,5 մ բարձր ցանցերով:

382. Արգելվում է բանվորների բարձրանալն ու իջնելը վերհանի պարզունակներով, շեղմույթերով կամ ճոպանով, ինչպես նաև մի քանի բանվորի միաժամանակ բարձրանալը կամ իջնելը ծխնելույզի պահանգներով կամ արտաքին ընթացային սանդուղքներով: Լուսացույց հարթակներ ունեցող ծխնելույզների վրա թույլատրվում է բանվորների միաժամանակ բարձրանալը (իջնելը) այդ հարթակների միջև տարբեր մակարդակներում` դրանց վրա փողանցքների պարտադիր փակումով:

383. 1,3 մ և ավելի բարձրության վրա առանց պաշտպանիչ ցանկապատների աշխատելիս` անհրաժեշտ է օգտվել ապահովիչ գոտիներից, որոնք ունեն զսպանակեռիկներով երկու շղթա` փոխառփոխ կառչելու համար: Առանց ապահովիչ գոտիների` անձնակազմին արգելվում է մոտենալ ընթացային սանդուղքներին:

384. Կախովի հարմարանքներից զննումներ կամ նորոգման աշխատանքներ կատարելիս` ծխնելույզի շուրջը, պատվանդանից չափված, նրա բարձրության 1/10 - ի չափով հեռավորության վրա ընկած վտանգավոր գոտին պետք է լինի ցանկապատված: Ցանկապատի վրա պետք է կախված լինեն ցանկապատված գոտի մուտքն արգելող անվտանգության նշաններ: Վտանգավոր գոտու սահմաններում անցումների և երթանցների վրա պետք է սարքված լինեն պաշտպանիչ ծածկեր, կողային ցանկապատներ, ինչպես նաև տեղադրված լինեն կողմնակի անձանց անցումն արգելող անվտանգության նշաններ:

385. Ծխնելույզների ներսում նորոգման աշխատանքները պետք է կատարվեն մոխիրը մաքրելուց հետո:

386. Ծխնելույզների ներսում, միաժամանակ մի քանի հարկաբաժիններում աշխատելիս` դրանցից յուրաքանչյուրն իր վերևինից պետք է առանձնացված լինի պաշտպանիչ հոծ տախտամածով: Աղյուսապատը քանդելու ժամանակ երկու և ավելի հարկաբաժիններում միաժամանակ աշխատանքն արգելվում է:

387. Կաթսաների հնոցների, գազանցքների, օդատարների և թմբուկների ներսում աշխատանքներն ավարտելուց հետո պետք է կատարվեն սույն ՏԿ-ի 196-րդ կետի պահանջները:

 

V. ՇՈԳԵՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

23. ՏՈՒՐԲԱԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

388. Արտաքին, ճնշումային յուղատարները, որոնք գտնվում են տաք մակերևույթների գոտում, պետք է վերցվեն թերթապողպատե հատուկ, կիպ, պաշտպանիչ տուփախողովակների մեջ: Տուփախողովակների ներքևի մասը պետք է ունենա թեքություն` յուղը դեպի հավաքիչ խողովակաշար հոսելու համար: Վերջինս միացված է յուղի վթարային դատարկման տարողության հետ, և անկախ է վթարային դատարկման հավաքիչից: Հիմնական նորոգումների ժամանակ պետք է ստուգվի տուփախողովակների կիպությունը` լցնելով դրանք ջրով:

389. Տուփախողովակներից դուրս դասավորված յուղատարները պետք է անջատված լինեն տաք մակերևույթներից մետաղական, պաշտպանիչ էկրաններով, իսկ նրանց կցաշուրթերը պետք է վերցվեն հատուկ պատյանների մեջ` նրանցից յուղը որևէ անվտանգ տեղ դատարկելու հնարավորությամբ: Պատյանները պետք է ներառնեն կցաշուրթերը, ինչպես նաև մոտակա եռակցման կարերն ու կարից` 100-ից մինչև 120 մմ երկարությամբ խողովակի հատվածը:

390. Անվտանգության ավտոմատի փորձարկման ժամանակ փորձարկմանը անմիջական չմասնակցող անձանց արգելվում է գտնվել տուրբինի սպասարկման հարթակում: Անվտանգության ավտոմատի ստուգումը` ռոտորի պտտման հաճախության մեծացմամբ, պետք է իրականացվի էլեկտրակայանի գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված փորձարկման ծրագրի համաձայն: Մինչև անվտանգության ավտոմատի փորձարկումը, պետք է անցկացվի փորձարկումներին մասնակցող անձնակազմի հրահանգավորում` հրահանգավորումների մատյանում գրանցումով: Փորձարկումը անմիջականորեն պետք է ղեկավարի տուրբինի ռոտորի պտտման հաճախությանը տախոմետրով հետևող արտադրամասի պետը (կամ նրա տեղակալը): Փորձարկմանը մասնակցող մնացած անձնակազմը պետք է տեղաբաշխվի այնպես, որ անհրաժեշտ պահին կարելի լինի արագ անջատել ագրեգատը:

391. Ռոտորի պտտման հաճախության մեծացմամբ անվտանգության ավտոմատի ստուգումից առաջ, պետք է կատարվի նրա ձեռքով անջատումը` պտտման անվանական հաճախության դեպքում և կասեցման ու կարգավորման փականների նստեցումների ստուգումը: Կասեցման և կարգավորման փականների անբավարար նստեցումների դեպքում անվտանգության ավտոմատի աշխատանքի ստուգումը` պտտման հաճախության մեծացմամբ, արգելվում է:

392. Այն դեպքում երբ անվտանգության ավտոմատի ստուգման ժամանակ տուրբինի ռոտորի պտտման հաճախությունը բարձրացել է մինչև այն մակարդակը, որի դեպքում պետք է գործի անվտանգության ավտոմատը, բայց այն չի գործել, ռոտորի պտտման հաճախությունը պետք է անհապաղ իջեցվի` փակելով կարգավորման փականը: Եթե դա չի հաջողվում, պետք է տուրբինն անջատել կանգառի կոճակով և փակել գլխավոր շոգե սողնակներն ու նրանց կողանցները: Այդ դեպքում անվտանգության ավտոմատի կրկնական փորձարկումը` պտտման հաճախության մեծացմամբ, թույլատրվում է միայն թերությունների բացահայտումից և վերացումից հետո:

393. Արգելվում է տուրբինի գործարկումը` կարգավորման և շոգեբաշխման համակարգում թերությունների առկայության դեպքում:

394. Նորոգման կանգնեցված տուրբինը պետք է անջատվի ընդհանուր շոգետարներից սույն ՏԿ-ի 202, 203 և 204 -րդ կետերի պահանջներին համապատասխան:

395. Աշխատանքներն սկսելուց առաջ պետք է զննվեն տուրբինի ռոտորների և գլանների կափարիչների բարձրացման գործարանային հարմարանքները: Հարմարանքները նորոգելուց հետո դրանց վրա պետք է նշվի տեխնիկական զննման ժամանակը:

396. Տուրբինից հանվող ծանր մասերը (ռոտոր, գլանի կափարիչ) պետք է դրվեն դրանց սահքը բացառող իշոտնուկի և տակդիրի վրա` մասերի տեղաբաշխման գծագրին համապատասխան, հաշվի առնելով սույն 32-րդ կետի պահանջները: Արգելվում է որպես տակդիր օգտագործել հականեխիչ նյութերով ներծծված չորսուները:

397. Գլանի կափարիչը բացելու և բարձրացնելու դեպքում անհրաժեշտ է`

1) բարձրացնելու համար օգտվել ունեցած հարմարանքներից (օրինակ` հավասարակշռիչ լծակից).

2) գլանի (կափարիչի) վերևի կեսն անջատել ներքևինից` արտամղման հեղույսների միջոցով.

3) բարձրացումից առաջ համոզվել, որ կափարիչը խնամքով ամրակապված է.

4) տեղադրված ուղղորդիչ հեղույսների (մոմերի) դեպքում կափարիչը մանրազնին ստուգելուց (ուղղելուց) հետո բարձրացնել այն` պատասխանատու անձի հրամանով.

5) բարձրացնելու ժամանակ ստուգել կափարիչի տեղափոխման հավասարաչափությունը գլանի ներքևի կեսի անջատման կցաշուրթի նկատմամբ: Կափարիչի տեղափոխման հավասարաչափության ստուգման, ինչպես նաև դրա բարձրացման ժամանակ ձեռքերը դնել անջատման կցաշուրթի վրա` բարձրացվող կափարիչի տակ, արգելվում է:

398. Տուրբինների գլանների անջատատեղերի կցաշուրթային միացումների պնդօղակների ձգելն ու թուլացնելը պետք է կատարվի ըստ տուրբինն արտադրող գործարանի հրահանգի:

399. Գլանի կափարիչը բարձրացնելու ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ դրա հետ չբարձրանան կիպացման գոտեկապերը, եթե դրանք ըստ կառուցվածքի չեն ամրացվում գլանի կափարիչին և եթե բացառված չէ ցնցումների հետևանքով դրանց ընկնելու հնարավորությունը հետագա բարձրացման ժամանակ: Երբ կափարիչի բարձրացման աննշան բարձրության դեպքում գոտեկապերը չեն կարող տեղահանվել` կափարիչին կապարե կռանով հարվավելիս, ապա այն պետք է տեղադրել տակդիրի վրա և գոտեկապերը ամրացնել կափարիչին:

400. Այն դեպքում, երբ դիաֆրագմաներն ըստ կառուցվածքի ամրացվում են գլանի կափարիչին և բարձրացման աննշան բարձրության դեպքում հայտնաբերվում է դիաֆրագմայի վերին կեսն ամրակապող պտուտակների կտրում, կափարիչի հետագա բարձրացումը պետք է դադարեցվի: Այդ դեպքում գլանի կափարիչը պետք է բարձրացվի այնպիսի բարձրության, որն անհրաժեշտ է դիաֆրագմայի ամրացման համար և տեղադրվի տակդիրների վրա: Դիաֆրագմայի ամրացումից հետո կարող են շարունակվել տուրբինի գլանի կափարիչի բարձրացումն ու տեղափոխությունը:

401. Արգելվում է մաքրել և յուղել դիաֆրագմաների նստեցման տեղերը` բարձրացված դիաֆրագմայի տակ գտնվելիս, ինչպես նաև դիաֆրագմաները մշակել կախված վիճակում:

402. Արգելվում է քերել տուրբինի գլանի ստորին կեսը` գլանի կախված կափարիչի տակ: Այդ աշխատանքը պետք է կատարել, երբ գլանի կափարիչը հեռացված է անվտանգ տեղ կամ տեղադրված է տակդիրների վրա:

403. Գլանի կափարիչի եզրակում թույլատրվում է կատարել միայն աշխատանքների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ: Եզրակելուց առաջ անհրաժեշտ է համոզվել կափարիչի վրա չամրացված մասերի (պնդօղակների, հեղույսների, խցափակիչների, գործիքի և այլն) բացակայության մեջ:

404. Տուրբինի գլանին միացված շոգեմուղների և ջրաքաշների բոլոր բացվածքներն ու անցքերը, այն բացելուց հետո, անմիջապես պետք է փակվեն փայտե խցաններով և կափարիչներով, իսկ խտարարի բկանցքի բացվածքները` ամուր, փայտե վահաններով:

405. Էլեկտրատաքացուցիչները, որոնք օգտագործվում են բարձր ճնշման տուրբինների ամրակման պարուրակային միացությունների տաքացման համար, պետք է հողակցվեն և տաքացուցիչի իրանի և հոսանքակիր մասերի միջև ունենան առնվազն 2 ՄՕմ մեկուսացման դիմադրություն: Էլեկտրատաքացուցիչների հետ անհրաժեշտ է աշխատել ռետինե, դիէլեկտրիկ ձեռնոցներով: Էլեկտրատաքացուցիչների հետ աշխատել թույլատրվում է էլեկտրաանվտանգության առնվազն II խումբ ունեցող անձնակազմին: Էլեկտրատաքացուցիչների հետ աշխատելիս` արգելվում է`

1) քանդել այն` առանց հոսանքատար մալուխը սնող ցանցից անջատելու.

2) ծռել կամ ձևափոխել տաքացուցիչի իրանի պաշտպանիչ փողակը.

3) էլեկտրատաքացուցիչը տեղադրել գամասեղի բացվածքում` հարվածների կամ զգալի ճիգերի կիրառմամբ.

4) տաքացնել փակ, կենտրոնական բացվածքով գամասեղը, երբ բացվածքի երկարությունը փոքր է էլեկտրատաքացուցիչի աշխատանքային երկարությունից.

5) անցնել մեկ պարուրակային միացությունից մյուսին` միացված էլեկտրատաքացուցիչով.

6) աշխատող էլեկտրատաքացուցիչի վրա քանդել հոսանքատար մալուխների զսպախցուկային (ցանգային) հպակները.

7) աշխատանքային վիճակում գտնվող էլեկտրատաքացուցիչը թողնել առանց հսկողության:

406. Տուրբինների գլանի ամրակման արտարկող տաքացուցիչով աշխատանքի ժամանակ բազմաբոց այրիչը պետք է աշխատի առանց պայթյունների և հետադարձ հարվածների: Այրիչի բոլոր միացությունները և անցուղիները` ներառյալ կիպացնող սարքվածքները, պետք է լինեն հերմետիկ: Արտարկող տաքացուցիչի կիրառմամբ աշխատանքներն սկսելուց առաջ տուրբինի հոսանուտ մասի բոլոր աշխատանքները պետք է դադարեցվեն և անձնակազմը հեռացվի: Աշխատանքների կատարման տեղում պետք է լինի թերթային ասբեստ, կրակմարիչ և մետաղաթերթ` այրիչի բոցը կարգավորելու համար: Արտարկող տաքացուցիչի այրիչը պետք է վառել թավայում եղած բոցից: Արգելվում է այդ նպատակով լուցկի օգտագործել: Արգելվում է արտարկող տաքացուցիչով աշխատելիս կանգնել բոցի դիմաց, ինչպես նաև աշխատել յուղոտված հագուստով ու ձեռնոցներով:

407. Տուրբինի գլանների անջատատեղերի գամասեղները տաքացնելու համար, օդային տաքացուցիչներ օգտագործելու ժամանակ, խողովակազտուկը գամասեղի անցքի մեջ` տաք օդ մատուցելու համար, մտցնելն ու տաքացնելուց հետո հեռացնելը պետք է կատարվեն օդի մատուցման փականի փակ վիճակում: Աշխատողները պետք է լինեն ձեռնոցներով և պաշտպանիչ ակնոցներով: Գամասեղների տաքացումը գազային այրիչի բաց կրակով արգելվում է:

408. Տուրբինի արատավոր թիերն էլեկտրաեռակցման կիրառմամբ հանելու ժամանակ ռոտորը պետք է լինի հողակցված: Արգելվում է տուրբինի արատավոր թիերը հանել բեռնամբարձիչի օգնությամբ:

409. Առանցքակալները բացելու և փակելու ժամանակ անհրաժեշտ է`

1) կափարիչները և ներդրակներն առասանել լրիվ ներպտտված կափարիչի մակերևույթին կիպ հարող կապօղակներին.

2) ռոտորի մի փոքր բարձրացման համար, կիսակցորդիչներով կենտրոնարկման ժամանակ, առանցքակալի ստորին ներդրակի գլորահանման դեպքում օգտագործել առանցքակալի անջատատեղում տեղադրված պահանգները: Ներդրակը պետք է պտուտահանել լինգի և կապօղակի միջոցով: Ներդրակի եզրերից ձեռքերով բռնելն արգելվում է: Ներդրակի իրանի ներտաշվածքը թույլատրվում է մաքրել ներդրակի սահքի դեմ միջոցներ ձեռք առնելուց հետո միայն: Արգելվում է փոխել հենարանային առանցքակալի ներդրակի տակի միջադիրները` առանց ներդրակի պատշաճ ամրակման:

410. Առանցքակալների ներդրակները բաբիտով վերալցնելու ժամանակ կաղապարները պետք է չորացված լինեն: Աշխատանքը պետք է կատարել պաշտպանիչ ակնոցներով, ռետինապատ գոգնոցով և ձեռնոցներով: Ներդրակների` կաուստիկ սոդայով ճարպազերծման և թթվով նրանց խածատման դեպքում անհրաժեշտ է պահպանել սույն ՏԿ-ի XII բաժնի համապատասխան պահանջները:

411. Տուրբինի ռոտորի հանելն ու տեղադրելը պետք է կատարել հատուկ հարմարանքներով: Բարձրացնելուց առաջ հարևան ռոտորների կիսակցորդիչները պետք է հեռացվեն այնքան, որպեսզի մի կեսի ելունը դուրս գա մյուսի փորվածքից: Ռոտորի դիրքը` նրա բարձրացման ժամանակ, ամբարձիչի կողմից մետաղաճոպանները ձգելուց հետո, պետք է լինի հորիզոնական: Այն բարձրացման սկզբում որոշվում է ռոտորի վզիկների` ներդրակներից պոկման միաժամանակությամբ, իսկ աննշան բարձրացումից հետո` լիսեռի որևէ մի վզիկի վրա հաստատված մակարդակով: Ծռվածքի, լռվելու և որևէ բանից կառչելու դեպքերում ռոտորի բարձրացումը պետք է անհապաղ դադարեցվի:

412. Կարգավորման և պաշտպանության սարքվածքները քանդելու ժամանակ անհրաժեշտ է`

1) ավտոմատ կասեցման կափույրի քանդման ժամանակ պտուտակահանել աշտարակի անջատատեղի երկու տրամագծորեն հակադիր հեղույսները, դրանց փոխարեն տեղադրել երկու երկարացված, գծային, ամբողջ երկարությամբ ակոս ունեցող գամասեղներ` մանեկներով և միայն դրանից հետո պտուտակահանել մնացած հեղույսները` երկար, գամասեղների մանեկներով, զգուշությամբ բաց թողնելով զսպանակը.

2) հանել դրոսելային կափույրը` մինչև վերջ ներպտուտակված միացնող կիսակցորդիչին առասանելուց հետո: Կափույրի կոթից կամ եզրից բռնելն արգելվում է.

3) թուլացնել կենտրոնախույս կարգավորիչի զսպանակները, դրա քանդման ժամանակ, երկու կողմից հավասարաչափ:

413. Տուրբինի մասերը` խորը սառեցման եղանակով, պրկումով նստեցնելիս, անհրաժեշտ է դնել ձեռնոցներ և աշխատել հատուկ հարմարանքների օգնությամբ: Մասերի սառեցման համար հեղուկ ազոտի օգտագործման ժամանակ, պետք է հաշվի առնել պայթյունավտանգ խառնուրդի առաջացման հնարավորությունը (հեղուկ ազոտաթթվածնային խառնուրդ` 30% -ից ավելի թթվածնի պարունակությամբ): Պայթյունավտանգ խառնուրդների առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է նախապես անցկացնել սառեցվող մասերի և գուռի մանրակրկիտ մաքրում` յուղից և ճարպային աղտոտություններից և սառեցման ընթացքում իրականացնել հսկողություն` ազոտում թթվածնի պարունակության բարձրացման նկատմամբ:

414. Ծայրային կամ դիաֆրագմային խցվածքներում կատարների կտրումն ու մաքրամշակումը պետք է կատարել ձեռնոցներով:

415. Տուրբինի ռոտորը ձեռքով պտտեցնելուց առաջ (կենտրոնադրման դեպքում) անհրաժեշտ է ոտքերով կանգնել տուրբինի հորիզոնական անջատատեղի վրա կամ հորիզոնական անջատատեղի մակարդակի վրա տեղադրված հարթակին: Ռոտորի պտտեցումը ձեռքով պետք է կատարվի աշխատանքներն իրագործողի կամ նրա կողմից` բրիգադի կազմից նշանակված անձի հրամանով: Տուրբինի ռոտորն ամբարձիչի միջոցով պտտելուց առաջ նորոգման աշխատանքները նրա հոսանուտ մասում պետք է դադարեցվեն, իսկ անձնակազմը հեռացվի անվտանգ տեղ: Ամբարձիչի օգնությամբ ռոտորը պտտեցնելու ժամանակ ձգող մետաղաճոպանի շրջանում գտնվելն արգելվում է: Մետաղաճոպանն անհրաժեշտ է փաթաթել հավասարաչափ, առանց կուտակումների, խուսափելով նրա ճմլումից: Միացնող կիսակցորդիչում կիպ դրվող մատը պետք է ունենա ելուն` հենվելու համար, և փորվածք (ակոս)` առասանի օղակը գցելու համար: Մատի երկարությունը պետք է լինի միացնող կիսակցորդիչի կցաշուրթի երկու հաստությունից ոչ պակաս:

416. Հաստոցի վրա տուրբինի ռոտորները հավասարակշռելու դեպքում արգելվում է կիրառել փոկային փոխանցում: Շարժիչի ռոտորը պետք է միացված լինի հավասարակշռվող ռոտորի հետ շարժական կցորդիչի միջոցով, որն ընթացքում հեշտությամբ կարող է անջատվել: Փորձնական բեռների ամրացման տեղերի դիմաց պետք է տեղադրվեն պաշտպանիչ վահաններ: Հաստոցի վրա կամ սեփական առանցքակալներում տուրբինի ռոտորների հավասարակշռման ժամանակ հավասարակշռման տեղը պետք է ցանկապատվի:

417. Տուրբինի կամ յուղապոմպի աշխատելու ժամանակ արգելվում է կատարել յուղատարների արմատուրի փոխարինման ու նորոգման և կարգավորման մասերի քանդման (բացառությամբ ճնշաչափերի փոխարինման) հետ կապված աշխատանքներ:

418. Յուղային համակարգում նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ անհրաժեշտ է`

1) կրակային աշխատանքները կատարել սույն ՏԿ-ի 6-րդ գլխի պահանջներին համապատասխան.

2) հիդրավլիկ փորձարկման ենթարկել յուղամուղների այն տեղամասերը, որոնցում նորոգման ժամանակամիջոցում վերազոդվել են խողովակապտուկների, թեքումների և այլն կցաշուրթային միացությունների եռակցումները.

3) թափված յուղը անհապաղ հավաքել.

4) յուղահամակարգի քիմիական մաքրման դեպքում պահպանել սույն ՏԿ-ի 6-րդ գլխի պահանջները.

5) յուղային համակարգի խողովակների և յուղահովացուցիչի շոգեհարումը կատարել հագեցած գոլորշիով` 0,6 ՄՊա (6 կԳ/սմ2)-ից ոչ բարձր ճնշմամբ, հատուկ սարքավորված հարթակի վրա: Գոլորշու մատակարարման վահանը տեղադրել անմիջապես աշխատատեղի մոտ: Գոլորշու մատակարարման համար ռետինե ճկափողերի օգտագործումն արգելվում է.

6) յուղային բաքերի ներսում աշխատանքները կատարել միայն յուղից և ապարախյուսից դրանք մաքրելուց, շոգեհարումից, օդափոխությունից հետո` սույն ՏԿ-ի 8-րդ գլխում նախատեսված անվտանգության պահանջների կատարումով:

419. Կրակային աշխատանքները, ջրածին պարունակող գազայուղային համակարգի տեղամասերից 10 մ-ից մոտ հեռավորության վրա, պետք է կատարվեն կարգագրով, աշխատանքի անվտանգությունն ապահովող միջոցառումների կատարումով (ցանկապատների տեղադրում, շինության օդում ջրածնի բացակայության ստուգում և այլն): Կրակային աշխատանքների կատարումն անմիջականորեն գեներատորի իրանի վրա, գազայուղային համակարգի խողովակաշարերում և սարքերում, որոնք լցված են ջրածնով, արգելվում է: Գեներատորների և գազայուղային համակարգի սարքվածքների մոտ պետք է կախվեն նախազգուշացնող նշաններ կամ անվտանգության պլակատներ` «Զգու՛յշ: Պայթյունի վտանգ կա»:

 

24. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՀՐԱԿԱՅՈՒՆ ՅՈՒՂԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԵՊՔՈՒՄ

 

420. Հրակայուն յուղերի («Իվվիոլ-3», ՕՄՏԻ) հետ աշխատանքի դեպքում պետք է պահպանվեն դրանց օգտագործման վերաբերյալ հրահանգների պահանջները:

421. Հրակայուն յուղով աշխատող կարգավորման համակարգին պետք է ներկայացվեն բարձրացված պահանջներ` տեղակայման և շահագործման ընթացքում փականների և կցաշուրթերի կիպության ստուգման նկատմամբ: Խողովակաշարերը, որոնցով տեղափոխվում են հրակայուն յուղեր, պետք է ունենան դարչնագույն գունավորում` երեք դեղին օղակներով:

422. Յուղման ու կարգավորման համակարգերի յուղաբաքերը և առանցքակալների հենատուփերը պետք է ունենան արտածող օդափոխություն, որը կանխարգելում է աերոզոլերի արտանետումը դեպի տուրբինային բաժանմունքի սրահ: Գազածծիչից հետո արտանետումը պետք է դուրս բերվի տուրբինային բաժանմունքի տանիքից 1 մ բարձրության վրա:

423. Յուղահովացուցիչում, հովացնող ջրի ճնշումը պետք է գերազանցի յուղի ճնշումը 0,1 ՄՊա (1 կԳ/սմ2)-ով կամ հովացման սխեման պետք է լինի երկշղթա:

424. Յուղապոմպերի գործարկման հետ միաժամանակ պետք է գործարկվի գազածծիչը: Աշխատող գազածծիչի կանգ առնելու դեպքում պետք է միացվի պահուստային գազածծիչը: Գազածծիչը պետք է անջատվի յուղապոմպի կանգ առնելուց առնվազն 15 րոպե հետո: Գազածծիչի կանգ առնելուց հետո միայն թույլատրվում է յուղահամակարգի հանգույցների բացումը:

425. Հերթապահ և նորոգող անձնակազմի աշխատատեղերում պետք է լինեն ԲKՓ մակնիշի զտող հակագազեր կամ համապատասխան շնչադիմակներ: Հրակայուն յուղը` տաք մակերևույթների վրա ընկնելու դեպքում ծուխ է անջատում, որի առկայության դեպքում ծխաշատ գոտում գտնվող անձնակազմը պետք է հագնի հակագազեր և ձեռնարկի միջոցներ` յուղի հոսակորուստը վերացնելու համար:

426. «Իվվիոլ-3» հրակայուն յուղի հետ ուղղակի շփում ունեցող անձնակազմը պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

427. «Իվվիոլ-3» հրակայուն յուղի հետ կապված աշխատանքներ կատարող անձնակազմը գալով աշխատանքի պետք է հանի անձնական հագուստը, կոշիկները և հագնի հատուկ արտահագուստ ու կոշիկներ (բամբակե կտորից կարված կոմբինեզոն կամ տաբատ ու բաճկոն, տակի սպիտակեղեն, գուլպաներ, ռետինե միաձույլ ներբաններով ճտքակոշիկներ կամ ռետինե երկարաճիտ կոշիկներ): Աշխատանքների ժամանակ, երբ հնարավոր է ուղղակի շփում «Իվվիոլ-3» հրակայուն յուղի հետ, անհրաժեշտ է հագնել ռետինե երկարաճիտ կոշիկներ, բնական կաուչուկի կամ կվալիտեքսի հիմքի վրա կարված թեզանիք, գոգնոցներ, ռետինե ձեռնոցներ: Արգելվում է դնել ձեռնոցներ` «Իվվիոլ-3» յուղով կեղտոտված ձեռքերին:

428. ՕՄՏԻ -ի հրակայուն յուղի հետ կապված աշխատանքներ կատարող անձնակազմը պետք է աշխատի արտահագուստով (բամբակե կոմբինեզոն կամ տաբատ` բաճկոնի հետ) և հատուկ կոշիկներով (ճտքակոշիկներով): Առանձին, խիստ յուղոտված հանգույցները քանդելիս պետք է աշխատել տեքստավինիտե գոգնոցներով: Յուղաբաքերի մաքրման ժամանակ և յուղահամակարգի հերմետիկության խախտման դեպքում մեծ քանակության յուղի հավաքմանը ներգրավված անձնակազմը պետք է աշխատի ռետինե երկարաճիտ կոշիկներով ու ձեռնոցներով:

429. Աշխատանքային հագուստը պետք է փոխվի ամեն շաբաթ: Վթարային արտանետման կամ արտահոսքի պատճառով արտահագուստի խիստ կեղտոտվելու դեպքում այն պետք է փոխվի անմիջապես:

430. Սնվել ու ծխել անհրաժեշտ է հատուկ առանձնացված տեղերում` ձեռքերը տաք ջրով, օճառով և խոզանակով խնամքով լվանալուց հետո:

431. Արգելվում է սնունդը պահել և սնվել, ինչպես նաև ծխել աշխատատեղում:

432. Մասերը, հանգույցները, ստուգիչ-չափիչ սարքերը, ավտոմատիկայի սարքվածքները, որոնք փոխանցվելու են նորոգման և կարգաբերման աշխատանքների համար այլ արտադրամասեր, կամ պահելու համար, պետք է մանրակրկիտ մաքրվեն հրակայուն յուղից: «Իվվիոլ-3» հրակայուն յուղի պարամետրերի ստուգման սարքերը նորոգվում, կարգաբերվում և հավաստվում են «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

433. Հրակայուն յուղից մասերն ու գործիքները պետք է լվանալ եռնատրոն ֆոսֆատի 5%-ոց լուծույթով կամ ԿԿ-7 էմուլսարարով:

434. Հրակայուն յուղով աշխատող սարքերի նորոգման համար բրիգադը պետք է ունենա իր` ընդհանուր գործիքային տնտեսությունից առանձին, անհրաժեշտ գործիքների լրակազմը:

435. «Իվվիոլ-3» հրակայուն յուղը մաշկի վրա ընկնելու դեպքում այդ տեղը պետք է սրբել անձեռոցիկով և ապա մի քանի անգամ լվանալ տաք ջրով և օճառով:

436. Աշխատանքի ընդմիջումների ժամանակ և այն ավարտելիս` անհատական պաշտպանության կեղտոտված միջոցները պետք է խնամքով մաքրել տաք ջրով և օճառով, կամ եռնատրոնֆոսֆատով: Ձեռնոցները պետք է լվանալ մինչև դրանց հանելը, իսկ կոշիկի ներբանները սրբել աշխատատեղից հեռանալիս:

437. Հերթափոխի ավարտին, հրակայուն յուղի հետ յուրաքանչյուր աշխատող, պետք է հանի արտահագուստն ու տեղավորի աշխատանքային արտահագուստի պահարանում և ընդունի ցնցուղ: Տնային հագուստը պետք է պահել առանձին պահարանում:

438. Տուրբինային բաժանմունքի սրահում, ամիսն առնվազն մեկ անգամ, պետք է իրականացվի օդային միջավայրում յուղի պարունակության ստուգում:

439. Ամեն շաբաթ անհրաժեշտ է լվացող լուծույթներով մաքրել տուրբինային բաժանմունքի բռնաձողերը, արմատուրի ղեկանիվները, մշտական հարթակներն ու սանդուղքային անցումները: Տուրբինի կարգավորման համակարգի` «Իվվիոլ-3» հրակայուն յուղով աշխատանքի դեպքում պետք է ամեն օր լվացող լուծույթներով, օգտագործելով մազե խոզանակներ, մաքրել հատակը սպասարկման նիշի վրա, և զրոյական նիշի վրա` կարգավորման համակարգի յուղաբաքի ցանկապատի ներսում:

 

25. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՋՐԱՌՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

440. Ջրընդունիչ խցեր իջնելը պետք է կատարվի համապատասխան սույն ՏԿ-ի 8-րդ գլխի պահանջների: Խուց իջնող բանվորները պետք է ունենան փրկարար գոտիներ: Իջնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ մուտքի փականները կիպ փակված և կասեցված են, որ խցի մեջ ջուր չկա, իսկ օդի մեջ չկան վնասակար նյութեր և թթվածինն էլ բավարար է (20 %` ըստ ծավալի):

441. Պոմպերի ներծծող գծերի նորոգումը, եթե ջրընդունիչի հատակին կա ավելի քան 30 սմ հաստության տիղմի շերտ, պետք է կատարվի լաստակների օգնությամբ:

442. Եթե պոմպերի սառած խողովակաշարի և ընդունիչների տաքացման համար օգտագործվում է տաք ջուր, ապա պետք է ձեռք առնվեն համապատասխան միջոցներ` անձնակազմին այրվածքներից զերծ պահելու համար:

443. Պտտվող ցանցերը աղբից ու սառույցից մաքրելու ժամանակ բանվորները պետք է առնվազն 1մ ցանցերից հեռու գտնվեն:

444. Խողովակաշարի ստուգումը ներսից թույլատրվում է պայմանով, որ ստուգվող տեղամասը լինի անջատված, խողովակաշարը լրիվ դատարկված, և խողովակաշարի վերին կետերում օդանցքները լինեն բաց: Ջրատարի ճնշումային գծի ստուգման ժամանակ դիտանցքից օգտվելիս` վերջինիս կափարիչի մանեկները հարկավոր է թուլացնել աստիճանաբար, համոզվելու համար, որ խողովակաշարի անջատված տեղամասում ջուր չկա:

445. Արգելվում է ջրառման կառուցվածքների առբերիչ ջրուղիներում տեղավորել այդ կառուցվածքների սպասարկման հետ կապ չունեցող լողամիջոցներ, ինչպես նաև աղտոտված հոսաջրեր թափել այդ ջրուղիների մեջ:

446. Ճնշումային խողովակաշարի ջրահավաք ստորասրահները պետք է ունենան անհրաժեշտ լուսավորվածություն: Մուտքերն ու միջխողովակային տարածություններն ավելորդ իրերով ծանրաբեռնել չի թույլատրվում:

447. Բանած ջրերը գետ (ջրավազան) լցնելու գոտին պետք է ցանկապատված լինի մինչև գետի (ջրավազանի) եզերքը, իսկ թեքությունները պետք է ամրացված լինեն սալվածքով կամ ճիմով:

448. Ջրի տակ աշխատանքներ կատարելիս` պետք է պահպանել աշխատանքի անվտանգության միասնական կանոնները ջրասուզական աշխատանքներում:

 

26. ՀՈՎԱՑՄԱՆ ԼՃԱԿՆԵՐԻ, ՑԱՅՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՎԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

449. Հովացման լճակների ջրառման և ջրնետման տեղերի մոտ պետք է լինեն առնվազն 1մ բարձրությամբ ցանկապատներ, որոնց վրա պետք է կախված լինեն լողանալն արգելող անվտանգության նշաններ ու պլակատներ: Նույնպիսի պլակատներ ու նշաններ պետք է տեղադրված լինեն ցայտավազանների պարագծով մեկ` միմյանցից 20 մ հեռավորության վրա:

450. Հովարանի պարագծով մեկ պետք է անցկացվի առնվազն 1 մ բարձրությամբ ցանկապատ` դրանց վրա կախելով լողանալն արգելող անվտանգության նշաններ ու պլակատներ:

451. Հովարանների և ցայտավազանների տարածքներից ջրահեռացման առուների վրա, անձնակազմի անցնելու համար, պետք է նախատեսվեն ճաղաշարերով կամրջակներ, որոնց վրա պետք է ամրացված լինեն փրկարար միջոցներ:

452. Հովարանների օդափոխիչները պետք է ցանկապատվեն: Օդափոխիչի ելքի անցքին մոտենալը պետք է բացառվի: Օդափոխիչի աշխատանքի ժամանակ նրա դիֆուզորը մտնելն արգելվում է: Հովարանների զննումների ընթացիկ նորոգումների ժամանակ օդափոխիչները պետք է լինեն անջատված և անշարժացված:

453. Ցայտավազանի ծայրափողակների միջև եղած անցուղիները պետք է պահվեն մաքուր վիճակում: Սառած փականներն ու ծայրափողակները սառույցից պետք է մաքրել սնող ջրի գծի անջատված ժամանակ:

454. Ցայտավազանների ծայրափողակները պետք է մաքրել` օգտվելով ժամանակավոր կամրջակներից:

455. Ցայտավազան մաքրող բանվորները պետք է ապահովված լինեն ձեռնոցներով և ռետինե երկարաճիտք կոշիկներով:

456. Ջրաբաշխիչ համակարգի կամ հովարանների ոռոգիչների ներքին զննումները պետք է կատարեն առնվազն երկու աշխատող:

457. Հովարանների դատարկման գլխադիրները, ափսեներն ու ցայտեցնող ծայրափողակները գոյացած նստվածքներից (տիղմ, ապարախյուս, դիրտ և այլն) մաքրելու համար, դրանք պետք է հանել, խորասուզել 10-ից մինչև 15 % - անոց աղաթթվի կամ ծծմբաթթվի լուծույթի մեջ, որից հետո լվանալ մաքուր ջրով: Ծայրափողակներ, ափսեներ և գլխադիրներ մաքրող անձնակազմը պետք է ծանոթ լինի օգտագործվող թթուների հատկություններին: Աշխատանքներն անհրաժեշտ է կատարել թթվակայուն կտորից կարված հագուստով, ռետինապատված գոգնոցներով, ռետինե երկարաճիտ կոշիկներով, թթվակայուն և հիմնակայուն ձեռնոցներով ու պաշտպանիչ ակնոցներով:

458. Հովարանի արտածող աշտարակի պատվածքի (փայտյա վահաններ, ասբեստացեմենտային թերթեր) փոխարինումը պետք է կատարվի բեռնամբարձիչի կամ կարապիկի և կախալաստակի օգնությամբ` սույն ՏԿ-ի III բաժնի պահանջներին համապատասխան: Հանված փայտյա վահանների կամ ասբեստացեմենտային թերթերի ընդունումն ու նորերի պահեստավորումը պետք է կատարվի ջրաբաշխիչ համակարգի վերին նիշի հարթության վրա տեղադրված փայտյա տախտամածի վրա: Արտածող խողովակի երեսպատման վահանները պետք է տեղադրվեն ներքևից վերև:

459. Նորոգման ժամանակ փոխարինվող ոռոգիչի տարրերն ու փայտյա երեսպատման վահանները պետք է ենթարկվեն հականեխման` ջրով չլվացվող հականեխիչներով (պղնձի թթու քրոմատ, քրոմատ - արսենատ, կամ պղնձի ամիակային արսենատ): Փայտեղենը հականեխման պետք է ենթարկվի մասնագիտացված գործարաններում` ավտոկլավներում, ճնշման տակ:

460. Ասբեստացեմենտային թերթերը, որոնք օգտագործվում են վահանների պատրաստման համար, պետք է ներծծվեն հատուկ պատրաստված տարողություններում լցված և մինչև 95oC տաքացված քարածխի կուպրով: Վերջինիս հետ աշխատելիս` անհրաժեշտ է պահպանել կուպրի փոխադրման և նրա հետ աշխատանքի սանիտարական կանոնների պահանջները:

461. Ջուրը պղնձարջասպով մշակելիս` աշխատողները պետք է իմանան նրա հատկությունների մասին: Նրանք պետք է ապահովված լինեն անհատական պաշտպանիչ միջոցներով` փակ պաշտպանիչ ակնոցներով, ռետինե ձեռնոցներով, համապատասխան շնչադիմակներով, գլխարկներով: Պղնձարջասպի հետ աշխատելուց հետո պետք է ցնցուղ ընդունել:

 

VI. ՔԼՈՐԱՐԱՐ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

27. ԱՇԽԱՏԱՆՔ ՀԵՂՈՒԿ ՔԼՈՐԻ ՀԵՏ

 

462. Երկաթուղային ցիստեռնները, բեռնարկղ-տակառները և բալոնները, որոնցով մատակարարվում է հեղուկ քլորը, պետք է բավարարեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

463. Հեղուկ քլորով բեռնարկղ - տակառներն ու բալոնները պետք է պահվեն պահեստների փակ պահոցներում, որոնք պետք է համապատասխանեն ուժեղ ներգործող թունավոր նյութերի պահեստների սանիտարական կանոնների պահանջներին:

464. Հեղուկ քլորը ցիստեռնից կամ տակառից պետք է դատարկել ցիստեռնի կամ տակառի մեջ սեղմված չոր օդով բարձր ճնշում ստեղծելով: Լցման-դատարկման արմատուրը պետք է սարքավորված լինի գնդիկային տեսակի արագագործ փականներով: Հեղուկ քլորի դատարկումն իրականացնող անձնակազմը պետք է անցնի հատուկ հրահանգավորում: Աշխատողները պետք է ապահովված լինեն զտող հակագազերով (վթարի դեպքում), պաշտպանիչ հերմետիկ ակնոցներով, ռետինե ձեռնոցներով և ռետինապատ գոգնոցներով:

465. Հեղուկ քլորի հետ թույլատրվում է գործ ունենալ միայն ուսուցված անձնակազմին:

466. Քլորարար կայանքների շինությունների դռներին պետք է լինեն անվտանգության պլակատներ ու նշաններ` «Զգու՛յշ: Թունավոր նյութեր են» և «Աշխատել` օգտագործելով շնչառական օրգանները պաշտպանող միջոցներ»: Մինչև անձնակազմի շինություն մտնելը` օդափոխությունը պետք է միացվի:

467. Քլորի պահեստի և քլորարար կայանքի շինության մեջ կատարել աշխատանքներ, որոնք կախված չեն այդ կայանքի սպասարկման հետ և աշխատանքներ` բաց կրակի օգտագործումով, արգելվում են:

468. Այդ շինություններում ծխելն արգելվում է, քանի որ ծխելու ժամանակ քլորի նկատմամբ զգայունությունը նվազում է և մեծանում է դրանով թունավորվելու հնարավորությունը:

469. Քլորի պահեստների և քլորարար կայանքների շինություններում, բոլոր աշխատատեղերը պետք է ապահովված լինեն հրահանգներով, որոնցում պետք է լինեն քլորի հատկությունների պարտադիր նկարագրությունը և քլորով թունավորվելուց պաշտպանվելու միջոցները, ինչպես նաև անձնակազմի գործողությունները` վթարային իրավիճակների ժամանակ: Քլորի բալոնների արտաքին մակերեսը պետք է ներկված լինի պաշտպանիչ գույնի` կանաչ զոլակով: Հեղուկ քլորի բեռնարկղ-տակառների արտաքին մակերեսը պետք է ներկվի բաց-մոխրագույն` պաշտպանիչ գույնի տարբերիչ շերտերով: Բեռնարկղ-տակառների վրա պետք է կանաչ գույնի ներկով ներկված լինեն գրություններ` «Քլոր», «Թունավոր է», «Հեղուկացված գազ»:

470. Աշխատատեղերում պետք է լինեն քլորի չեզոքացման լուծույթներ` հետևյալ քանակությամբ. առնվազն 3 լ 2% -անոց նատրոնի թիոսուլֆատի լուծույթ և 3 լ 0,5%-անոց խմելու սոդայի լուծույթ, ինչպես նաև մաքուր լաթեր, ռետինե ձեռնոցներ, վազելին:

471. Հեղուկ քլորով բալոններ տեղափոխող անձնակազմը պետք է ունենա Թ, Ծ կամ ըԽՂ մակնիշի զտող հակագազեր կամ փրկադիմակ (հկԼ-20), (կԺձ-3) և այլն):

472. Հեղուկ քլորի հոսակորուստների հետ կապված բոլոր աշխատանքների ժամանակ անձնակազմը պարտավոր է օգտվել հակագազերից:

473. Արգելվում է նորոգել գազի ճնշման տակ գտնվող քլորի սարքերը: Նորոգման անհրաժեշտության դեպքում հարկավոր է նախապես դադարեցնել քլորի մատակարարումը և արտարկիչի օգնությամբ արտավել նրա մնացորդները:

474. Քլորարար կայանքների սարքավորումները նորոգումից առաջ պետք է մաքրվեն տաք ջրով` ինտենսիվ լվացման միջոցով և փչվեն չոր օդով` մինչև քլորի լրիվ հեռացումը:

475. Տարբեր մակնիշի և երկարության բալոններ ստանալու դեպքում միացնել նրանց մեկ հավաքիչի, բալոնի համար պատրաստել տակդիր, կամ կտրուկ ծռել միացնող խողովակները` արգելվում է:

476. Քլորարար կայանքներում պետք է ձեռնարկվեն միջոցներ` բացառելու համար քլորի մեջ ջրի թափանցումները`

1) քլորը տեղափոխելու համար ճնշակից եկող օդի չորացում.

2) հիդրավլիկ փորձարկումներից հետո անոթների ցամաքեցում, չորացում.

3) բանած անոթներում և քլորամուղներում գազի ավելցուկային ճնշման պահպանում:

Արտարկիչների անջատման ժամանակ անհրաժեշտ է խուսափել ջրի թափանցումներից` գազի գիծ:

477. Քլորի հոսակորուստների տեղը կարելի է որոշել`

1) գազավերլուծիչով.

2) ըստ հոսակորուստների տեղի սառցակալման.

3) ըստ անոթի ցածր ջերմաստիճանի, որը որոշվում է շոշափելու օգնությամբ.

4) ըստ թանձր, սպիտակ ամպի, որն առաջանում է, երբ հոսակորստի տեղին մոտեցվում է անուշադրի սպիրտով ներծծված բամբակ (ամիակային ջուր):

478. Հոսակորուստների տեղը պետք է փնտրեն և հոսակորուստները վերացնեն առնվազն երկու հոգի, որոնք աշխատում են հակագազերով և միացված օդափոխության ու շինության ելքի դռների բաց պայմաններում:

479. Շինություններում գազի աննշան հոսակորուստների դեպքում պետք է միացնել օդափոխիչները և բացել պատուհաններն ու դռները: Խոշոր վթարի և շինության ներսում մեծ քանակությամբ գազը թափանցման ժամանակ պատուհաններն ու դռները պետք է լինեն փակ` ամպի տարածումը սահմանափակելու համար: Այդ դեպքում շինության օդափոխությունն սկսվում է միայն վթարային հոսակորուստների վերացումից և շինության գազազերծումից հետո:

480. Քլորարար կայանքների բոլոր աշխատողները պարտավոր են հերթափոխության ժամանակ կրել սարքին, հարմարեցված հակագազ: Մնացած դեպքերում հակագազերը պետք է պահպանվեն փակ, անձնական պահարաններում:

481. Քլորի պահեստների և քլորարար կայանքի շինությունների մուտքերի մոտ, կնքված ապակեպատ արկղի մեջ, պետք է պահվեն հաճախ գործածվող չափերի 2-4 պահեստային հակագազ:

482. Հակագազերի զտող արկղիկների պաշտպանական գործողությունների ժամկետը պետք է որոշվի ըստ ժամկետացանկի, առնվազն ամսական 2 անգամ: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն հատուկ մատյանում:

483. Որպես շնչառական օրգանների անհատական պաշտպանության օժանդակ միջոց, երբ անձնակազմն անսպասելիորեն կարող է հայտնվել քլորի մեծ պարունակություն կազմող մթնոլորտում, հարկավոր է օգտագործել ջրում թրջած թաշկինակներ կամ հագուստի բամբակյա մասեր:

 

28. ԱՇԽԱՏԱՆՔ ՔԼՈՐԱԿՐԻ ՀԵՏ

 

484. Քլորակիրը պետք է պահվի փայտե խցանված տակառներով կամ պոլիէթիլենային պարկերով, հատուկ պահեստներում` ծածկերի տակ կամ սառը, օդափոխվող շինություններում:

485. Քլորակրի տակառները պահեստից օգտագործման տեղը պետք է տարվեն ավտոմեքենայով, էլեկտրասայլակով կամ ձեռքի սայլակով: Քլորակրի տակառը գլորելով տեղ հասցնելն արգելվում է:

486. Շինությունը, որտեղ բացվում են քլորակրի տակառներն ու պատրաստվում է կրակաթ, պետք է ունենա օդափոխություն` մեկ ժամվա ընթացքում օդի վեցապատիկ փոխանակությամբ:

487. Քլորակրի տակառները բացելու համար հարկավոր է օգտվել հատուկ գործիքից, որը բացառի քլորակրի փոշին կամ ազատ քլորը շնչուղիներ ընկնելը (կարելի է առաջարկել պահածոների համար օգտագործվող տեսակի բանալի կամ երկարացված բռնակով զարկան):

488. Քլորացումը պետք է կատարվի լավ օդափոխություն և լուսավորվածություն ունեցող հատուկ շինությունում: Շինությունը պետք է լինի չոր: Չի թույլատրվում ջրի կուտակում հատակի վրա:

489. Քլորակրով տակառները ձեռնասայլակներով աշխատատեղ հասցնելու համար անհրաժեշտ է պատրաստել բավական լայն և ամուր լաստակներ:

490. Քլորակրի հետ աշխատելիս` անհրաժեշտ է կանխել դրա թափվելը կամ մաշկի ու հագուստի վրա ընկնելը:

491. Քլորակրով տակառները, ինչպես նաև դատարկվածները բաց վիճակում շինության ներսում թողնելն արգելվում է:

492. Շինություններում, որտեղ տեղադրված են քլորակրի տակառներն ու կատարվում է նրա հանգեցումը, պետք է լինի խմելու սոդայի հետ թիոսուլֆատի նատրոնի (հիպոսուլֆիտի) 5-10%-անոց լուծույթ:

493. Հատակին թափված քլորակրի վրա պետք է լցնել սոդայի հետ հիպոսուլֆիտի լուծույթ, լվանալ ջրով և լցնել ջրաքաշ:

494. Քլորակրի հետ աշխատող անձնակազմը պետք է հագնի փոշեպաշտպանիչ շնչադիմակ, բամբակե հագուստ, ռետինապատ գոգնոց, պաշտպանիչ հերմետիկ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ և ռետինե կոշիկներ: Որպես շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոց` կարող է ծառայել մառլյայի բազմաշերտ փաթաթը:

495. Աշխատողի մարմնին քլորի լուծույթ թափվելու դեպքում հարկավոր է անմիջապես այդ տեղը լվանալ ջրով և օճառով, որոնք մշտապես պետք է գտնվեն աշխատատեղերին մոտ տեղերում:

496. Քլորակրի հետ գործ ունեցող աշխատողներն աշխատանքն ավարտելուց հետո պետք է ցնցուղ ընդունեն:

 

29. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

497. Ջերմաուժային սարքավորումների քիմմաքրման աշխատանքները կատարվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված հատուկ ծրագրով:

498. Էլեկտրակայանի սարքավորումների քիմիական մաքրում իրականացնելիս` սարքավորման քիմմաքրման սխեմայի նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և այդ աշխատանքի համար առանձնացված անձնակազմի անվտանգության համար պատասխանատու է այն արտադրամասի պետը, որի ենթակայության տակ գտնվում է մաքրվող սարքավորումը:

499. Քիմիական ազդանյութերի հետ աշխատելիս` անհրաժեշտ անվտանգության միջոցների հրահանգավորման անցկացման և քիմմաքրման գործընթացի համար պատասխանատու է քիմիական արտադրամասի պետը: Քիմիական արտադրամասի սարքավորումներն սպասարկող անձնակազմը պետք է գիտենա արտադրությունում կիրառվող հիմնական քիմիական նյութերի հատկությունները և դրանց հետ աշխատելու անվտանգության միջոցները:

500. Մասնագիտացված կազմակերպության կողմից սարքավորումների քիմիական մաքրումն իրականացնելիս` քիմմաքրման գործընթացի անցկացման և կարգագրի մեջ մտնող անձնակազմի անվտանգության համար պատասխանատու է այդ կազմակերպության աշխատանքների ղեկավարը:

501. Մինչև քիմիական մաքրումն սկսելը` լվացվող սարքավորման և լվացող պոմպերի գոտում անհրաժեշտ է`

1) ստուգել, որպեսզի հարթակներին և սանդուղքների վրա կողմնակի առարկաներ չլինեն.

2) ապահովել ջրի առբերումը լվացող սարքավորմանը.

3) ապահովել բավարար լուսավորվածություն բոլոր աշխատատեղերում, անցումներում, հարթակներում, ինչպես նաև ստուգիչ-չափիչ սարքերի, մակարդակացույցների և նմուշառիչների մոտ.

4) ցանկապատել գոտին և կախել անվտանգության նախազգուշացնող նշաններ.

5) լվացվող շրջագծի խտության խախտման դեպքերի համար նախատեսել լվացող լուծույթների չեզոքացնող միջոցներ.

6) լվացումներն իրականացնող անձնակազմին ապահովել արտահագուստով, հատուկ կոշիկներով և քիմմաքրման տվյալ ձևին համապատասխանող պաշտպանական միջոցներով.

7) աշխատատեղերը հանդերձել դեղարկղիկներով, դեղամիջոցների հավաքածուներով, որոնք անհրաժեշտ են մինչբժշկական օգնություն ցույց տալու համար, եթե անձնակազմը վնասվածքներ ստանա լվացող լուծույթներից:

502. Լվացմանը չմասնակցող մարդկանց ներկայությունը վտանգավոր գոտում արգելվում է:

503. Քիմմաքրումից հետո սարքավորումների ներքին զննումները պետք է կատարվեն նրա օդափոխումից և վնասակար նյութերի ու ջրածնի բացակայությունը հաստատող օդի վերլուծությունից հետո:

 

VII. ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

30. ԱԶԴԱՆՅՈՒԹԵՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՋՐԻ ՀԻԴՐԱԶԻՆԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

504. Ազդանյութերի պահեստները պետք է մեկուսացված լինեն իոնափոխանակիչ կայանքների շինություններից և սորուն նյութերի պահպանության տեղերից:

505. Սորուն ազդանյութերի (կիր, մագնեզիտ, ֆոսֆատ, մակարդիչ, սոդա) պահպանման շինությունները պետք է լինեն փակ, չոր, ունենան օդափոխության համակարգ և ազդանյութերի մեքենայացված բեռնման-բեռնաթափման սարքվածքներ: Պահեստների հատակները պետք է լինեն ասֆալտապատ: Յուրաքանչյուր ազդանյութի համար պետք է նախատեսված լինի առանձին պահեստ կամ տեղամաս:

506. Շինություններում, որտեղ գործողություններ են կատարվում ազդանյութերի հետ, պետք է լինեն ջրմուղի ջուր և դեղարկղիկներ` մինչբժշկական օգնություն ցույց տալու համար:

507. Զտող և իոնափոխանակային նյութերի պահպանման շինությունները պետք է լինեն չոր, ջեռուցվող և լավ օդափոխվող:

508. Իոնափոխանակիչների հետ նույն շինությունում արգելվում է պահել ցնդող օրգանական միացություններ (բենզին, բենզոլ, տոլուոլ և այլն), քանի որ նրանց շոգիները կլանվում են իոնափոխանակիչների կողմից:

509. Իոնափոխանակիչները պետք է պահեստավորվեն ըստ տեսակի և մակնիշի, գործարանային փաթեթավորմամբ, փայտյա տախտամածների վրա` դարսակներով: Դարսակների հեռավորությունը ջեռուցման սարքերից (ջեռուցիչներից) պետք է լինի առնվազն 1 մ:

510. Սուլֆածուխը պետք է պահվի արտադրողի փաթեթավորմամբ, փակ պահեստային շինություններում` դարսակներով: Դարսակների չափերը պետք է լինեն 2x2x2 մ-ից ոչ ավելի, դրանց միջև անցումները` 1 մ: Սուլֆածուխը բաց վիճակում (առանց փաթեթավորման) պահելն արգելվում է, քանի որ օդի հետ շփվելիս` ընդունակ է բոցավառվելու:

511. Չոր, փոշի ազդանյութերը (կիր, մագնեզիտ, սոդա, ֆոսֆատներ և այլն) դատարկող, կիրը հանգցնող և այդ ազդանյութերը լուծող անձնակազմը պետք է աշխատի բամբակե հագուստով, կրծքամաս ունեցող ռետինապատ գոգնոցներով, պաշտպանիչ ակնոցներով, բրեզենտե թաթմաններով, ռետինե ձեռնոցներով, ռետինե կոշիկներով և փոշեպաշտպանիչ շնչադիմակով:

512. Թթուների, ալկալիների, ամիակի, հիդրազինի խիտ լուծույթները դասվում են վնասակար նյութերի շարքը: Վնասակար նյութերի պահեստների պահպանումը պետք է համապատասխանի գործող` ուժեղ ներգործող թունավոր նյութերի պահեստների նախագծման, սարքավորման և պահպանման սանիտարական նորմերին:

513. Թթուները, ալկալիները, ամիակի, հիդրազինի ու այլ վնասակար նյութերի լուծույթները պետք է պահվեն աշխատանքային շինություններից մեկուսացված պահեստ-ցիստեռններում կամ բաքերում, որոնց վրա պետք է հստակ գրված լինի ազդանյութի անվանումը: Խտացված ծծմբական թթուն` «Սև թթու» (ցածրամոլեկուլային օրգանական թթուների լուծույթներ), ալկալիների և ամիակի լուծույթները պետք է պահվեն պողպատյա տարողություններում, աղաթթուն` պողպատյա հերմետիկ հումինապատ անոթներում: Ապրանքային հիդրազինհիդրատը, որը պարունակում է 64% հիդրազին, պետք է տեղափոխվի և պահվի չժանգոտվող պողպատից կամ ալյումինից պատրաստված տարողություններում: Հիդրազինհիդրատի նոսրացված լուծույթը (30% -անոց և ցածր) կարելի է պահել ածխածնային պողպատից պատրաստված տարողություններում կամ պոլիէթիլենային անոթներում:

514. Թթուները և ալկալիները պահելու տարողություններն օդանցքների օգնությամբ պետք է կապվեն մթնոլորտի հետ և ունենան մակարդակի ցուցիչ ու դատարկելու խողովակ:

515. Հեղուկ ազդանյութը պահելու ցիստեռնները, որոնք պարբերաբար հայտնվում են ճնշման տակ, պետք է գրանցվեն անոթների հաշվառման և զննման գրքում, որը գտնվում է արտադրամասի պետի մոտ: Ամեն ամիս պետք է անցկացվի ցիստեռնների և արմատուրների արտաքին զննում: Ցիստեռնների ներքին զննումներն ու հիդրավլիկ փորձարկումները պետք է անցկացվեն Հայլեռտեխհսկողության կանոններին համապատասխան: Զննումների և փորձարկումների արդյունքները պետք է գրանցվեն մատյանում:

516. Քիմիական արտադրամասում պետք է լինի հաստատուն սխեմա յուրաքանչյուր ազդանյութի դատարկման համար` արմատուրների հստակ համարակալմամբ: Ազդանյութերի խտացված լուծույթների խողովակաշարերը պետք է ներկված լինեն տարբերիչ գույներով: Աշխատատեղում պետք է լինեն յուրաքանչյուր ազդանյութի դատարկման ու պահպանման սխեման և հրահանգները: Թունավոր և ագրեսիվ հեղուկների դատարկումը պետք է կատարվի միայն հատուկ ուսուցված անձնակազմի կողմից, որոնց վերապահված է այդ աշխատանքները` արտադրամասի (տեղամասի) հերթափոխի ավագ հերթապահի ղեկավարությամբ:

517. Բաքերից և երկաթուղային ցիստեռններից թթուների և ալկալիների դատարկումը պետք է կատարվի դրանց վերին բեռնավորման սարքվածքից` սիֆոնի օգնությամբ, կամ դրանցում սեղմված օդով 0,068 ՄՊա (0,7 կԳ/սմ2)-ից ոչ ավելի ճնշում ստեղծելով: Ընդունող տարողությունում նոսրացում պետք է ստեղծվի վակուում-պոմպով կամ արտարկիչով: Ցիստեռնի ստորին ծորակից թթուների և ալկալիների դատարկումն արգելվում է: Դատարկման ժամանակ թթուների և ալկալիների նկատմամբ ոչ կայուն նյութերից պատրաստված ճկափողերի օգտագործումն արգելվում է:

518. Հիդրազինհիդրատը տակառներից ընդունող բաք (բաքը կիսով չափ պետք է լցված լինի ջրով) պետք է դատարկվի չժանգոտվող պողպատից պատրաստված սիֆոնի կամ արտարկիչի օգնությամբ: Հիդրազինհիդրատից դատարկված տակառներն անհրաժեշտ է մի քանի անգամ լվանալ ջրով (մինչև լվացող ջրի չեզոք ռեակցիան` ըստ կարմիր մեթիլենային ցուցասարքի) և այն մղել հիդրազինհիդրատն ընդունող բաք:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 144-Ն
Որոշում