Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

i

040.0554.260509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2009 թվականի N 554-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթի կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրաուժային տեղակայանքների նախագծման, պատրաստման, կառուցման և շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Էլեկտրաուժային տեղակայանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի մայիսի 14-ի

N 554-Ն որոշման

 

ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Էլեկտրաուժային տեղակայանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` ՏԿ) տարածվում է`

1) էլեկտրամեքենայական սենքերի սարքվածքի և դրանցում էլեկտրասարքավորման տեղակայման վրա: Եթե դրանցում տեղակայվող ամենամեծ մեքենայի կամ կերպափոխիչի հզորությունը 500 կՎտ-ից փոքր է, ապա սույն ՏԿ-ի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 36-րդ և 37-րդ կետերի պահանջների կատարումը պարտադիր չէ.

2) ջերմային և հիդրավլիկ էլեկտրակայանների հատուկ սենքերում կամ բաց երկնքի տակ տեղակայված գեներատորների և համաժամ փոխհատուցիչների տեղակայանքի վրա: Նշված տեղակայանքները պետք է բավարարեն նաև սույն ՏԿ-ի II բաժնի պահանջները` բացառությամբ 3-րդ կետի 4-րդ ենթակետի, 15-ից մինչև 17-րդ, 20-րդ և 34-րդ կետերի.

3) արտադրական և այլ, տարբեր նշանակության շենքերում անշարժ տեղակայանքների էլեկտրաշարժիչների և դրանց փոխարկչային ապարատների վրա.

4) հիմքի, ռելսուղիների վրա տեղակայված կամրջակային, սայլակավոր (պորտալային), աշտարակային, մալուխային և այլ ամբարձիչների (բացի նավային, երկաթուղային և այլ նմանատիպ ամբարձիչների) էլեկտրասարքավորման վրա, ինչպես նաև շենքերում, սենքերում և դրանցից դուրս տեղակայված միառելս սայլակների և էլեկտրաբազմաճախարակների էլեկտրասարքավորման վրա.

5) բնակելի և հասարակական շենքերում, արդյունաբերական կազմակերպությունների և այլ կառույցներում տեղակայվող` մինչև 600 Վ լարման, 50 կգ և ավելի բեռնաամբարձունակությամբ վերելակների (բացի պայթավտանգ սենքերում, հորաններում, լեռնային արդյունաբերության մեջ, նավերում և այլ լողացող կառույցներում, ինքնաթիռներում և այլ թռչող ապարատներում տեղակայվածների, ինչպես նաև հատուկ նշանակության վերելակների) էլեկտրասարքավորման վրա.

6) մինչև 500 կՎ լարման կոնդենսատորային տեղակայանքների (բացի երկայնական փոխհատուցման, զտչային և հատուկ կոնդենսատորային տեղակայանքներից) վրա (անկախ դրանց կառուցվածքից), որոնք զուգահեռ միացվում են 50 Հց հաճախականությամբ փոփոխական հոսանքի էլեկտրական համակարգի ինդուկտիվ տարրերին և նախատեսված են էլեկտրասարքավորումների ռեակտիվ հզորության փոխհատուցման և լարման կարգավորման համար: Մինչև 1000 Վ և ավելի բարձր լարման կոնդենսատորային տեղակայանքները պետք է բավարարեն նաև ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի II և III բաժինների պահանջները:

2. Սույն ՏԿ-ում օգտագործված «առնվազն» կամ «ոչ պակաս» նշումով մեծությունների նորմավորվող արժեքները նվազագույններն են, իսկ «ոչ ավելի» նշումովը` առավելագույնները: Սույն ՏԿ-ում «-ից» վերջավորությամբ և «մինչև» բառով ուղեկցվող մեծությունների բոլոր արժեքները պետք է հասկանալ ներառյալ:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

3. Սույն ՏԿ-ում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

1) գլխավոր հպանվակներ` հպանվակներ, որոնք տեղավորված են ամբարձչից առանձին.

2) ամբարձչի հպանվակներ` ամբարձչի վրա գտնվող հպանվակները.

3) գլխավոր հպանվակների հատվածամաս` հպանվակների տեղամաս, որը գտնվում է նորոգման տարածքի սահմաններից դուրս և զատված է իրեն կից յուրաքանչյուր տեղամասից, այդ թվում և նորոգված տեղամասից, մեկուսացված կցվածքներով.

4) գրգռման համակարգ` համապատասխան շղթաներով միացված սարքավորման, ապարատների և սարքվածքների համախումբն է, որն ապահովում է գեներատորների և համաժամ փոխհատուցիչների անհրաժեշտ գրգռումը արտադրողի և տեխնիկական պայմաններով նախատեսված բնականոն և վթարային ռեժիմներում.

5) էլեկտրամեքենայական սենք (ԷՄՍ)` սենք, որտեղ համատեղ կարող են տեղակայվել էլեկտրական գեներատորներ, պտտվող կամ անշարժ կերպափոխիչներ, էլեկտրաշարժիչներ, տրանսֆորմատորներ, բաշխիչ սարքեր, կառավարման վահաններ և վահանակներ, ինչպես նաև դրանց առնչվող օժանդակ սարքավորումներ.

6) խմբակային վերելակային տեղակայանք` տեղակայանք, որը բաղկացած է մի քանի վերելակներից, որոնք ունեն մեքենայական սենք և կապված են իրար հետ ընդհանուր կառավարման համակարգով.

7) կոնդենսատորային մարտկոց` միմյանց հետ էլեկտրականապես կապված` միավոր կոնդենսատորների խումբը.

8) կոնդենսատորային տարր (հատվածամաս)` կոնդենսատորի անբաժանելի մաս, որը կազմված է դիէլեկտրիկով խզված հոսանահաղորդիչ շրջադիրներից (էլեկտրոդներից).

9) կոնդենսատորային տեղակայանք` էլեկտրատեղակայանք, որը բաղկացած է կոնդենսատորներից, դրանց պատկանող օժանդակ էլեկտրասարքավորումներից, (անջատիչներ, բաժանիչներ, լիցքաթափման դիմադրատարրեր, կարգավորման, պաշտպանության սարքավորումներ և այլն) և հաղորդաձողավորանքից: Կոնդենսատորային տեղակայանքը կարող է կազմված լինել մեկ կամ մի քանի առանձին կոնդենսատորներից, որոնք միացվում են ցանցին փոխարկիչ ապարատների միջոցով.

10) հաջորդական շարք` մարտկոցի ֆազում կոնդենսատորների զուգահեռ-հաջորդական միացման դեպքում մարտկոցի մաս, որը կազմված է զուգահեռ միացված կոնդենսատորներից.

11) միավոր կոնդենսատոր` մեկ կամ մի քանի կոնդենսատորային տարրերի` արտաքին արտանցիչներով կոնստրուկտիվ միացումը մեկ ընդհանուր հենամարմնի մեջ: «Կոնդենսատոր» տերմինն օգտագործվում է, երբ չկա «Միավոր կոնդենսատոր», «Կոնդենսատորային մարտկոց» տերմինների տարբեր իմաստներն ընդգծելու անհրաժեշտությունը.

12) նորոգման տարածք` առանձնացված հատուկ տեղ, որտեղ ամբարձիչը կանգնեցվում է նորոգման ժամանակ.

13) գլխավոր հպանվակների նորոգման տեղամաս` գլխավոր հպանվակների հատված, որը գտնվում է նորոգման տարածքում.

14) վերելակ` խցիկում կամ հենահարթակի վրա մարդկանց կամ բեռների տեղափոխման համար նախատեսված սարքվածք, որը շարժվում է ուղղաձիգ կոշտ ուղղորդիչներով վերամբարձ մեխանիզմի միջոցով, որը գործարկվում է նրա հետ կոշտ կամ ճկուն կապված շարժիչով` անմիջականորեն կամ ռեդուկտորի միջոցով.

15) փոքր եզրաչափերով հպանվակային հոսանատար (հաղորդաձող)` պատյանով պաշտպանված սարքվածք, որը կազմված է հպանվակներից, մեկուսիչներից, թմբուկից և հոսանահաններից: Փոքր եզրաչափով հպանվակային հոսանատարով կարող է իրականացվել ամբարձչի կամ նրա սայլակի սնուցումը, միառելս սայլակների և էլեկտրաբազմաճախարակների կառավարման սնուցումը և այլն:

4. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հապավումները`

1) ԲՍ - բաշխիչ սարք

2) ԳԻԿ - գրգռման ինքնավար կառավարում

3) ԴԻՄ - դաշտի ինքնավար մարում

4) ԷՄՍ - էլեկտրամեքենայական սենք

5) ԻԿՄ - ինքնավար կրկնական միացում

6) ԼԲՍ - լրակազմ բաշխիչ սարք

7) ԿՄ - կարճ միացում

8) ՀՀ - Հայաստանի Հանրապետություն

9) ՊԻՄ - պահուստի ինքնավար միացում

10) ՏԿ - տեխնիկական կանոնակարգ

11) ՓԲՍ - փակ բաշխիչ սարք

 

II. ԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՍԵՆՔԵՐԸ

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

i

5. ԷՄՍ-երը պետք է դասվեն հրդեհավտանգ արտադրական սենքերի Գ դասին` ըստ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի N 263-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 595-Ն հրամանի պահանջների:

(5-րդ կետը փոփ. 19.05.16 թիվ 696-Ն որոշում)

6. ԷՄՍ-երը պետք է ապահովված լինեն հեռախոսային կապով և հրդեհային ազդանշանման և այլ տեսակի ազդանշանային համակարգերով, որոնք անհրաժեշտ են` ըստ աշխատանքային պայմանների:

7. ԷՄՍ-երում հասանելի բարձրության վրա տեղակայված սարքավորումների պտտվող մասերը պետք է լինեն ցանկապատված` ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջներին համապատասխան:

8. ԷՄՍ-երում պետք է նախատեսվեն եռակցման տրանսֆորմատորների, տանովի լուսատուների և էլեկտրագործիքների, ինչպես նաև սենքի մաքրման էլեկտրամեքենաների սնման ցանցեր:

9. Էլեկտրասարքավորումների փչահարման համար ԷՄՍ-երը պետք է սարքավորված լինեն 0,2 ՄՊա-ից ոչ ավելի ճնշման չոր, մաքուր օդի մատուցման սարքվածքներով` շարժական կոմպրեսորից կամ չորացուցիչներով և զտիչներով համալրված սեղմված օդի ցանցից:

10. Էլեկտրական մեքենաների և կերպափոխիչների տեղափոխման, հավաքակցման, քանդման ու հավաքման և այլ աշխատանքների իրականացման համար ԷՄՍ-երում պետք է նախատեսել վերամբարձ (անշարժ կամ շարժական) և տրանսպորտային գույքային միջոցներ:

 

4. ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

11. ԷՄՍ-ում դասավորվածքը պետք է լինի այնպիսին, որ թույլատրի սարքավորումների հարմար տեղափոխումը և հավաքակցումը: ԷՄՍ-երի ներքնահարկերում պետք է նախատեսվեն անցուղիներ էլեկտրասայլակների և տրանսպորտային սայլակների համար, եթե ներքնահարկի երկարությունը գերազանցում է 100 մ-ը: Տեղափոխվող սարքավորումների տարրերի և շենքի տարրերի միջև լուսանցիկ հեռավորությունները պետք է լինեն 0,5 մ` ըստ հորիզոնականի և 0,3 մ` ըստ ուղղաձիգի:

12. Անցումների լուսանցիկ լայնությունը մեքենաների հենամարմինների կամ հիմքերի միջև, մեքենաների և շենքի կամ սարքավորումների մասերի միջև պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս: Մեքենաների ցցված մասերի և շինարարական կոնստրուկցիաների միջև թույլատրվում է անցումների տեղային նեղացումներ մինչև 0,6 մ` 0,5 մ-ից ոչ ավելի երկարության վրա:

13. Լուսանցիկ հեռավորությունը մեքենայի հենամարմնի և շենքի պատի կամ մեքենաների հենամարմինների միջև, ինչպես նաև իրար կողք գտնվող մեքենաների կողաճակատների միջև, մեքենայի մյուս կողմից անցման առկայության դեպքում պետք է լինի 0,3 մ-ից ոչ պակաս` մեքենայի` մինչև 1 մ բարձրության դեպքում (հաշված հատակից), և ոչ պակաս 0,6 մ-ից` մեքենայի 1 մ-ից ավելի բարձրության դեպքում:

14. Սպասարկման անցումների լայնությունը մեքենաների և կառավարման վահանակի սպասարկման դիմային կողմի միջև պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս: Վահանակները պահարանի մեջ տեղադրելու դեպքում այդ հեռավորությունը հաշվվում է մեքենայից մինչև պահարանի փակ դուռը կամ պատը: Այդ պահանջը չի տարածվում հաղորդակների տեղային կառավարման կետերի վրա: Մեքենայի հենամարմնի և կառավարման վահանակի կամ վահանի կողաճակատի միջև անցուղու լայնությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

15. Սպասարկման անցուղու լուսանցիկ լայնությունը մինչև 1000 Վ լարման էլեկտրասարքավորումներ ունեցող պահարանների շարքի և շենքի մասերի կամ սարքավորումների միջև պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս, իսկ պահարանի բաց դռան դեպքում` 0,6 մ-ից ոչ պակաս: Պահարանների երկշարք դասավորման դեպքում դրանց միջև անցման լուսանցիկ լայնությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս, իսկ հակադիր բաց դռների դեպքում` 0,6 մ-ից ոչ պակաս`

1) թույլատրվում է մինչև 10 կՎտ հզորության էլեկտրական մեքենաների և փոքր եզրաչափքերով սարքավորման տեղակայումը բաշխիչ վահանների, դարակաշարերի, կառավարման վահանակների և ԲՍ-ի այլ նմանատիպ տարրերի հետևի անցուղիներում` այդ անցուղիների տեղային նեղացումների հաշվին, բայց 0,6 մ-ից ոչ պակաս լուսանցիկ հեռավորությամբ. ընդ որում, մեքենայի հենամարմնի կամ ապարատի հեռավորությունը մինչև վահանի հոսանատար մասերը չպետք է փոքր լինեն ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 25-րդ կետի 2-րդ ենթակետում նշված արժեքներից.

2) բաշխիչ սարքերի, վահանների և այլ սարքավորման սպասարկման անցուղիների չափերը պետք է բավարարեն 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 25-րդ, 26-րդ և 104-րդ կետերի պահանջները:

16. ԷՄՍ-ի ներքնահարկում պետք է նախատեսել մալուխային հարկ կամ մալուխային թունել` ներքնահարկի ամենածանրաբեռնված մասում 350-ից ավելի ուժային ու հսկման մալուխների կամ 150-ից ավելի ուժային մալուխների համար` դրանց բաց անցկացման դեպքում:

17. Մալուխային շինություններում անցումների լայնությունը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 21-րդ գլխի 12-րդ և 14-րդ կետերի պահանջներին: Այդ շինություններում մալուխներով բեռնավորված մալուխային կոնստրուկցիաների շարքերը չպետք է առաջացնեն 7 մ-ը գերազանցող երկարությամբ փակուղիներ: Փակուղիների առաջացումը կանխելու համար թույլատրվում է մալուխների տակ սարքավորել անցուղի, որի լուսանցիկ բարձրությունը պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս` հաշված հատակից: Թույլատրվում է նման անցումների վրա դարակների միջև հեռավորությունների նվազեցում` մինչև 100 մմ:

18. Անմիջապես ԷՄՍ-ում թույլատրվում է բաց տեղակայել`

1) մինչև 600 կգ յուղի զանգվածով թողարկման և թողարկման-կարգավորման յուղալեցուն սարքվածքներ (ավտոտրանսֆորմատորներ, ռեակտորներ, ռեոստատներ և այլն)` 1000 Վ-ից ցածր և բարձր լարման էլեկտրական մեքենաների համար.

2) մինչև 1,6 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորներ, մինչև 2000 կգ յուղի զանգվածով ավտոտրանսֆորմատորներ, չափիչ տրանսֆորմատորներ և այլ ապարատներ, որոնց բաքը ունի բարձր ամրություն և յուղի արտահոսքը բացառող խցվածք, ինչպես նաև ազդանշանման վրա գործող գազային պաշտպանություն կամ ճնշման ռելե (ավտոտրանսֆորմատորների և տրանսֆորմատորների համար): Թույլատրվում է ոչ ավելի, քան երկու նշված տրանսֆորմատորների (ապարատների) խմբի համատեղ տեղադրումը, եթե պահպանվում է առանձին խմբերի միջև 10 մ-ից ոչ պակաս լուսանցիկ հեռավորություն,

3) չոր կամ չայրվող հեղուկով լցված տրանսֆորմատորներ` առանց հզորության և քանակի սահմանափակման.

4) մետաղական ԼԲՍ-եր, մինչև 1000 Վ և բարձր լարման ենթակայաններ, կոնդենսատորային մարտկոցներ կամ առանձին կոնդենսատորներ.

5) փակ տիպի կուտակչային մարտկոցներ` պայմանով, որ դրանք սարքավորված լինեն օդի արտամղման հարմարանքներով, կամ դրանց լիցքավորումը կատարվի հատուկ սենքերում կամ պահարաններում.

6) կիսահաղորդչային կերպափոխիչներ.

7) կառավարման, պաշտպանության, չափման, ազդանշանման վահաններ, ինչպես նաև կառավարման կայանների և բլոկների վահաններ` դրանց վրա տեղակայված ապարատներով, որոնք դիմային կամ ետևի մասում ունեն բաց հոսանահաղորդիչ մասեր.

8) մինչև 1000 Վ և բարձր լարման չմեկուսացված հոսանահաղորդիչներ.

9) էլեկտրական մեքենաների հովացման սարքավորումներ:

19. ԷՄՍ-ում սարքավորված փակ խցերում յուղալեցուն էլեկտրասարքավորումների տեղադրման դեպքում, եթե դրանք ԷՄՍ-ի մեջ են գլորահանվում, մեկ խցում կամ հարակից խցերի խմբում տեղադրված սարքավորումների մեջ յուղի զանգվածը պետք է լինի 6500 կգ-ից ոչ ավելի, իսկ երկու խցերի կամ խցերի խմբերի միջև լուսանցիկ հեռավորությունը պետք է լինի 50 մ-ից ոչ պակաս: Եթե այդ հեռավորությունը հնարավոր չէ պահպանել կամ, եթե մեկ խցում կամ հարակից խցերի խմբում յուղի զանգվածը ավելի է 6500 կգ-ից, ապա յուղալեցուն էլեկտրասարքավորումը պետք է տեղակայվի գլորահանվող խցերում դեպի դուրս, կամ այդ նպատակի համար նախատեսված` միջանցք, կամ դեպի հրդեհաանվտանգ արտադրական սենք:

20. Մեխանիկական սարքավորման (կերպափոխիչային, գրգռման, լիցքավորման միացքներ և այլն) հետ չկապված պտտվող մեքենաների հիմքային սալերի վերին մակերևույթի նիշը պետք է լինի մաքուր հատակի նիշից բարձր` 50 մմ-ից ոչ պակաս: Մեխանիկական սարքավորումների հետ կապված պտտվող մեքենաների հիմքային սալերի վերին մակերևույթի նիշը որոշվում է դրա տեղակայման պահանջներով:

21. ԷՄՍ-ի միջով պայթավտանգ գազեր, այրվող կամ դյուրավառ հեղուկներ պարունակող խողովակաշարերի միջանցիկ անցկացումը չի թույլատրվում: ԷՄՍ-ում թույլատրվում է անցկացնել միայն այն խողովակաշարերը, որոնք անմիջականորեն առնչվում են այնտեղ տեղակայված սարքավորումների հետ: Սառը խողովակաշարերը պետք է ունենան պաշտպանություն` արտաքին մակերեսի վրա ջրի խտուցքի առաջացումից: Տաք խողովակաշարերը պետք է ունենան չայրվող ջերմային պաշտպանություն այն տեղերում, որտեղ դա անհրաժեշտ է անձնակազմի կամ սարքավորումների պաշտպանության համար: Խողովակաշարերը պետք է ունենան տարբերակիչ ներկվածք:

22. Երբ մեքենայի հիմքային սալի վերին նիշը բարձր կամ ցածր է ԷՄՍ-ի հատակի նիշից 400 մմ-ից ավելի, մեքենայի շուրջը պետք է նախատեսված լինի աստիճաններով և բռնաձողով, 600 մմ լայնությամբ հրդեհակայուն հարթակ: Եթե սպասարկման հարթակը գտնվում է հատակի մակարդակից մինչև 2 մ բարձրության վրա, ապա այն պետք է ցանկապատվի ճաղաշարով, իսկ 2 մ-ից բարձրի դեպքում` ճաղաշարով և կողային արգելապատով: Հարթակ մուտք գործելու համար պետք է նախատեսվեն աստիճաններ:

23. Էլեկտրական մեքենաները պետք է տեղադրվեն այնպես, որ դրանց աշխատանքը չառաջացնի այդ մեքենայի, հիմքի կամ շենքի մասերի` թույլատրելի արժեքները գերազանցող աղմուկ և թրթռումներ:

24. Հավաքակցման և նորոգման աշխատանքների կատարման համար ԷՄՍ-ում պետք է նախատեսվեն հատուկ հարթակներ (հավաքակցման հարթակներ) կամ օգտագործվեն սարքավորումների միջև ազատ հարթակները, որոնք գտնվում են ԷՄՍ-ի բեռնամբարձ սարքվածքների գործողության գոտում և հաշվարկված են գործնականում հնարավոր ամենածանր բեռնվածքի սարքավորումների համար: Հավաքակցման հարթակի հատակի արտաքին եզրագծերը պետք է լինեն ներկված կամ պատված կերամիկական սալիկներով, որոնց գույնը տարբերվում է հատակի այլ մասերի գույնից`

1) ԷՄՍ-ի հատվածամասերը, որոնցով փոխադրվում է էլեկտրասարքավորումը, պետք է հաշվարկված լինեն փոխադրվող սարքավորման բեռնվածքի համար: Այդ տեղամասերի եզրագծերը պետք է տարբերակվեն ներկով կամ սալիկներով.

2) հավաքակցային հարթակի չափսերը որոշվում են ամենամեծ մանրամասի (փաթեթավորված վիճակում) եզրաչափերով (որոնց տեղավորման համար հարթակը նախատեսված է) և կողքից 1 մ պաշարով: Մոնտաժային հարթակում խոշոր էլեկտրական մեքենաների խարիսխների տեղավորման կանգնակների տեղադրման վայրը պետք է հաշվարկված լինի այդ խարիսխների և կանգնակների կշռի բեռնվածքի համար և ունենա տարբերակիչ գունավորում: Հավաքակցման հարթակի վրա պետք է արվեն մակագրություններ` թույլատրելի առավելագույն բեռնվածքի նշումով:

25. ԷՄՍ-ում էլեկտրական լուսատուները չպետք է տեղադրվեն բաշխիչ սարքերի բաց հաղորդաձողերի և բաց հոսանահաղորդիչների վերևում: Հատակից սպասարկվող էլեկտրական լուսատուները չպետք է տեղադրվեն պտտվող մեքենաների վերևում:

 

5. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱԿԱԼՆԵՐԻ ՅՈՒՂՈՒՄԸ

 

26. Էլեկտրական մեքենաների և տեխնոլոգիական մեխանիզմների յուղման շրջանառու համակարգերը կարելի է միավորել, եթե կիրառվող յուղի տեսակը նույնն է երկուսի համար և, եթե տեխնոլոգիական մեխանիզմները չեն հանդիսանում մետաղական փոշիներով, ջրով կամ այլ վնասակար խառնուրդներով յուղի աղտոտման աղբյուր:

27. Կենտրոնացված յուղման համակարգի սարքավորումները, այդ թվում` նաև միայն էլեկտրական մեքենաների համար նախատեսվածները, պետք է տեղակայվեն ԷՄՍ-ից դուրս:

28. 1 ՄՎտ և ավելի հզորության էլեկտրական մեքենաների յուղման համակարգը պետք է ապահովված լինի յուղի մակարդակի ցուցիչներով և յուղի ու առանցքակալների ջերմաստիճանի հսկման սարքերով, իսկ շրջապտուտային յուղման դեպքում` նաև յուղի հոսքի հսկման սարքերով:

29. Յուղի և ջրի խողովակները կարող են անցկացվել դեպի առանցքակալները բաց կամ չայրվող նյութերից պատրաստված բացվող կափարիչներով անցուղիներով: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է խողովակների անցկացումն իրականացնել հողի կամ բետոնի միջով: Փականները և դիաֆրագմաները պետք է տեղակայվեն էլեկտրական մեքենաների առանցքակալներին անմիջապես քսայուղի մոտեցման տեղում:

30. Խողովակները, որոնք յուղ են մատուցում հիմքի սալից էլեկտրականապես մեկուսացված առանցքակալներին, պետք է էլեկտրականապես մեկուսացված լինեն առանցքակալներից և մեքենայի այլ մասերից: Յուրաքանչյուր խողովակ պետք է ունենա առնվազն երկու մեկուսացնող միջակայքեր կամ 0,1 մ-ից ոչ պակաս երկարությամբ մեկուսացնող ներդիր:

31. Անհրաժեշտության դեպքում ԷՄՍ-երը պետք է սարքավորվեն խողովակաշարերի համակարգով և ամբարներով` յուղալեցուն էլեկտրասարքավորումներից կեղտոտ յուղի դատարկման համար: Յուղի դատարկումը կոյուղատարի մեջ արգելվում է:

 

6. ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՈՒՄ

 

32. ԷՄՍ-երում պետք է նախատեսվեն միջոցներ ավելցուկային ջերմության հեռացման համար, որն անջատվում է էլեկտրական մեքենաներից, դիմադրատարրերից (ռեզիստորներից) և այլ սարքավորումներից`

1) ԷՄՍ-ում, որտեղ աշխատում են մարդիկ, օդի ջերմաստիճանը պետք է համապատասխանի սանիտարական նորմերին (տես ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ-ը).

2) աշխատող էլեկտրական մեքենաների հովացման համար մատուցվող օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40 օC-ը: Էլեկտրական մեքենաների հովացման համար մատուցվող օդը պետք է մաքրվի փոշուց: Կանգնեցված էլեկտրական մեքենաներին մատուցվող օդի ջերմաստիճանը պետք է լինի 5 օC-ից ոչ պակաս.

3) օդափոխության բաց համակարգ ունեցող մեքենաների համար մատուցման և հեռացման օդատարների վրա պետք է նախատեսվեն փակվող շերտափեղկեր` կանգնեցված էլեկտրական մեքենայի մեջ օդի ներծծումը կանխելու համար.

4) ԷՄՍ-երը պետք է սարքավորվեն օդի ջերմաստիճանի հսկման սարքերով:

33. ԷՄՍ-ի ներսում գտնվող բաց կուտակիչ մարտկոցների և կոնդենսատորային տեղակայանքների սենքերը պետք է ունենան առանձին օդափոխության համակարգեր, որոնք համապատասխանում են անվտանգության պահանջներին:

34. Շրջակա օդի աղտոտվածությամբ շրջաններում ԷՄՍ-ի շենքերը պետք է կառուցվեն այնպես, որ հնարավոր լինի միայն մաքրված օդի մուտքը ԷՄՍ: ՈՒստի դռները, դարպասները և այլ որմնաբացվածքները պետք է ունենան խցվածքներ: ԷՄՍ-ի ընդհանուր օդափոխության համակարգը պետք է կանխարգելի չմաքրված օդի ներծծումը:

35. Օդափոխման խցերով և սանիտարատեխնիկական անցուղիներով մալուխների և հաղորդալարերի անցկացումն արգելվում է: Խցերի և անցուղիների հետ մալուխների և հաղորդալարերի փոխհատումը թույլատրվում է միայն մետաղական խողովակների մեջ: Թույլատրվում է էլեկտրական մեքենաների խցերով և անցուղիներով չայրվող և դժվարայրվող թաղանթներով մալուխների և հաղորդալարերի, ինչպես նաև չմեկուսացված հաղորդաձողերի անցկացումը: Արգելվում է մեքենաների խցերում և օդափոխման անցուղիներում մալուխային կցորդիչների կամ այլ էլեկտրասարքավորումների տեղադրումը:

36. ԷՄՍ-ում պետք է նախատեսել օդափոխության առանձին համակարգեր ներքնահարկի, առաջին հարկի և այլ մեկուսացված սենքերի համար: Թույլատրվում է օդափոխության ընդհանուր համակարգի կիրառում կառավարվող սահափականների առկայության դեպքում, որոնք հնարավորություն են տալիս հրդեհի դեպքում կասեցնել օդի մուտքը առանձին սենքեր: ԷՄՍ-ում չպետք է տեղակայվեն դրանց կից հրդեհավտանգ սենքերի օդափոխման սարքվածքները:

 

7. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍ

 

37. Անձնակազմի մշտական հերթապահությամբ ԷՄՍ-ում պետք է նախատեսվեն հարմարավետ սենքեր հերթապահ անձնակազմի համար` սարքավորված անհրաժեշտ ազդանշանման, կապի և չափման միջոցներով, օդորակիչներով, սպասարկող անձնակազմի համար սանհանգույցով և ջեռուցմամբ` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի «ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ-ի պահանջների:

38. ԷՄՍ-ի պատերը մինչև 2 մ բարձրությամբ պետք է ներկվեն բաց գույնի յուղաներկով, իսկ մնացած մակերեսները` բաց գույնի սոսնձային ներկով` համաձայն արտադրական սենքերի արդյունավետ գունաներկման վերաբերյալ ցուցումների: Օդափոխման անցուղիները, այդ թվում` մեքենաների հիմքերում անցուղիները ներքին ամբողջ մակերեսով պետք է ներկվեն բաց գույնի չայրվող ներկով կամ երեսպատվեն ջնարակապատ սալիկներով կամ պլաստիկ ծածկույթով, որը չի տարածում այրումը: ԷՄՍ-երի հատակները պետք է ունենան փոշի չառաջացնող ծածկույթ (օրինակ, ցեմենտային` մարմարե խճով, հախճասալիկներով և այլն):

39. Որպես ԷՄՍ-ի ներքնահարկի ծածկի հենարան` թույլատրվում է օգտագործել մեքենաների հիմքերը, եթե դրանք բավարարում են շինարարական նորմերի պահանջներին: ԷՄՍ-ի ծածկերում պետք է նախատեսվեն հավաքակցային անցքեր ու որմնանցքեր` ծանր և մեծածավալ սարքավորումները մի հարկից մյուսը տեղափոխելու համար: Այդ անցքերը պետք է լինեն վերամբարձ սարքվածքների աշխատանքային գոտում: Անցքերի ծածկերը պետք է ունենան նույն հրակայունության աստիճանը, ինչ այն ծածկերը, որտեղ բացված են անցքերը:

40. ԷՄՍ-ի ներքնահարկը պետք է ունենա ջրքաշ սարքվածք, իսկ բնահողային ջրերի բարձր մակարդակի դեպքում` նաև ջրամեկուսացում:

41. ԷՄՍ մուտք գործող մալուխային թունելները ԷՄՍ-ին կիպ մոտենալու տեղում պետք է անջատվեն դրանից 0,75 ժ-ից ոչ պակաս հրակայունության միջնապատով կամ ոչ պակաս 0,6 ժ հրակայունության դռներով: Դռները պետք է բացվեն երկու կողմ և ունենան ինքնափակվող փական, որը բացվում է թունելի կողմից առանց բանալու:

 

III. ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԺԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑԻՉՆԵՐԸ

 

8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

42. Գեներատորները, համաժամ փոխհատուցիչները և դրանց օժանդակ սարքավորումները, որոնք տեղակայվում են բաց երկնքի տակ, պետք է ունենան հատուկ կատարում, որոնք պաշտպանված են շրջակա միջավայրի ազդեցությունից:

43. Գեներատորների և համաժամ փոխհատուցիչների կոնստրուկցիան պետք է ապահովի դրանց բնականոն շահագործումը 20-ից մինչև 25 տարվա ընթացքում: Մաշված և վնասված մասերի և հանգույցների փոխարինումը պետք է իրականացվի առանց մեքենայի լրիվ կազմատման` հիմնական վերամբարձ մեխանիզմների օգնությամբ և փոքր մեխանիզացիայի միջոցով:

44. Հիդրոգեներատորի և նրա ջրամատակարարման համակարգի կոնստրուկցիաներով պետք է նախատեսվի ջրի լրիվ հեռացման հնարավորություն և ապահովվի տարվա ցանկացած եղանակին նորոգելու դեպքում լճագոյացման գոտիների բացակայությունը:

45. Գեներատորները և համաժամ փոխհատուցիչները պետք է սարքավորված լինեն հսկիչ-չափիչ սարքերով` ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի V բաժնի պահանջներին համապատասխան, կառավարման, ազդանշանային, պաշտպանության սարքվածքներով` ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 7-րդ և 9-րդ գլուխների պահանջներին համապատասխան, գերլարումներից ռոտորի պաշտպանության ԴԻՄ-ի սարքվածքով, ԳԻԿ-ով` ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 288-ից մինչև 297-րդ կետերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև գործարկման, աշխատանքի և կանգառի ապահովման ինքնավար սարքվածքներով: Բացի այդ, 100 ՄՎտ և ավելի հզորությամբ տուրբոգեներատորները և ջրածնային հովացմամբ համաժամ փոխհատուցիչները պետք է սարքավորված լինեն առանցքակալների թրթռման` հեռակառավարմամբ հսկողության սարքվածքներով: 300 ՄՎ.Ա և ավելի հզորության տուրբո- և հիդրոգեներատորները պետք է սարքավորված լինեն նաև նախավթարային ընթացքը գրանցող տատանագրիչներով:

46. Կառավարման, ռելեական պաշտպանության, ավտոմատիկայի, գրգռման և հիդրոգեներատորի անմիջական ջրային հովացման վահանները պետք է տեղավորված լինեն անմիջապես նրա մոտ:

47. Հզոր տուրբո- և հիդրոգեներատորների էլեկտրական և մեխանիկական հարաչափերը պետք է ընդունվեն օպտիմալ բեռնավորման ունակության տեսակետից: Աշխատանքի կայունության ապահովման անհրաժեշտության դեպքում գեներատորների հարաչափերը կարող են ընդունվել բեռնավորման ունակության տեսակետից օպտիմալից տարբեր` տեխնիկատնտեսական հաշվարկներով հիմնավորելու դեպքում:

48. Գեներատորների լարումը պետք է ընդունվի հիմնավոր տեխնիկատնտեսական հաշվարկների միջոցով` համաձայնեցնելով այն արտադրող կազմակերպության հետ:

49. Հիդրոգեներատորները, որպես համաժամ փոխհատուցիչներ, օգտագործելու համար լրացուցիչ սարքավորման տեղակայումը պետք է հիմնավորվի համապատասխան տեխնիկատնտեսական հաշվարկներով:

50. Գեներատորների, համաժամ փոխհատուցիչների և դրանց օժանդակ սարքավորումների հավաքակցման, քանդման (կազմատման) և հավաքման համար պետք է նախատեսվեն անշարժ կամ շարժական վերամբարձ-տրանսպորտային հարմարանքներ և մեխանիզմներ:

51. Հիդրոէլեկտրակայաններում արտաքին բեռնամբարձիչների կիրառման դեպքում պետք է նախատեսվեն հասարակ միջոցառումներ` հավաքակցման հարթակները և սենքերը երկարատև բացօթյա մնալու դեպքում սարքավորումների վրա ձյան և անձրևի ներգործությունը բացառելու համար:

52. Ստատորի փաթույթի պահուստային ձողերի պահպանման համար էլեկտրակայանները պետք է ունենան սենքեր: Սենքերը պետք է լինեն չոր, ջեռուցվող, սարքավորված դարակաշարերով. ջերմաստիճանը այդ սենքերում պետք է լինի 5 օC-ից ոչ ցածր:

 

9. ՀՈՎԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՍԱՅՈՒՂՈՒՄԸ

 

53. Գազահովացուցիչները, ջերմափոխանակիչները և յուղահովացուցիչները, խողովակաշարերը և դրանց ամրանները աղի կամ քայքայիչ ներգործություն ունեցող քաղցրահամ ջրով սնուցվելու դեպքում պետք է պատրաստվեն կոռոզիայի նկատմամբ կայուն նյութերից:

54. Հովացման բաց համակարգով գեներատորները և համաժամ փոխհատուցիչները, ջեռուցման համար օդի մասնակի առմամբ 1 ՄՎտ և ավելի հզորության հիդրոգեներատորները դրսից դրանց մեջ մտնող օդի մաքրման համար պետք է ապահովված լինեն զտիչներով, ինչպես նաև գեներատորի կամ համաժամ փոխհատուցչի բռնկման դեպքում նրա հոսքն արագ դադարեցնելու համար նախատեսված սարքվածքով:

55. Օդային հովացման փակ համակարգով գեներատորների և համաժամ փոխհատուցիչների համար պետք է իրականացվեն հետևյալ միջոցառումները`

1) տաք և սառը օդի խցիկները պետք է ունենան կիպ փակվող ապակեպատ դիտանցքեր.

2) տաք և սառը օդի խցիկների դռները պետք է լինեն պողպատյա, կիպ փակվող, դեպի դուրս բացվող և ինքն իրեն փակվող կողպեքներով. դռները խցիկի ներսի կողմից պետք է բացվեն առանց բանալու.

3) տաք և սառը օդի խցիկներում պետք է սարքավորված լինի լուսավորություն` դուրս բերված անջատիչներով.

4) տաք օդի տուփախողովակները, ինչպես նաև կոնդենսատորները և շոգետուրբինների ջրահաղորդակները, եթե դրանք գտնվում են հովացման խցիկներում, պետք է պատված լինեն ջերմամեկուսիչներով` սառը օդի տաքացումից և խողովակների վրա խտուցքի առաջացումից խուսափելու համար.

5) սառը օդի խցիկներում պետք է սարքավորված լինեն օդահովացուցիչների վրա առաջացած խտուցքի (ջրի) հեռացման առվակուղիներ: Տուրբոգեներատորների համար ջուրը դեպի ջրքաշ անցուղի դուրս բերող խողովակի ծայրը պետք է ապահովված լինի հիդրավլիկ փակաղակով, ընդ որում, խորհուրդ է տրվում ազդանշանային սարքվածքի տեղակայում, որն արձագանքում է ջրաթափ խողովակում ջրի հայտնվելուն.

6) հենամարմինը, կցվածքները, օդատարը և մյուս տեղամասերը պետք է մանրազնին խցված լինեն` օդի ներծծումը օդափոխանակության փակ համակարգ կանխարգելելու համար: Տուրբոգեներատորների և համաժամ փոխհատուցիչների սառը օդի խցիկների դռների մեջ պետք է իրագործվի օդի կազմակերպված ներծուծ զտիչի միջոցով, որը տեղակայվում է նոսրացման վայրում (օդահովացուցիչից հետո).

7) խցիկների և օդային տուփախողովակների պատերը պետք է լինեն կիպ. նրանք պետք է ներկված լինեն այրմանը չնպաստող ներկերով կամ երեսպատված լինեն ջնարակապատ սալիկներով կամ այրմանը չնպաստող պլաստիկ ծածկույթով: Խցիկների հատակը և հիմքերը պետք է ունենան փոշի չառաջացնող ծածկույթ (օրինակ, ցեմենտային` մարմարի խճով, կերամիկական սալիկներով):

56. Ջրածնային հովացմամբ տուրբոգեներատորները և համաժամ փոխհատուցիչները պետք է սարքավորված լինեն`

1) ջրածնի կենտրոնացված մատակարարման տեղակայանքով` գազի գլանանոթների մեքենայացված բեռնավորմամբ և բեռնաթափմամբ, գազով լրասնուցման գազատարներով և գեներատորների և համաժամ փոխհատուցիչի մեջ գազի հարաչափերի (ճնշում, մաքրություն և այլն) հսկման սարքերով: Գազային ռեզերվուարներից դեպի մեքենայական սենք ջրածնի մատուցման համար նախատեսվում է մեկ մայրուղի (անհրաժեշտության դեպքում կարող են տեղադրվել երկուսը): Գազատարների սխեման իրականացվում է օղակաձև հատվածավորված: Համաժամ փոխհատուցիչների համար իրականացվում է մեկ մայրուղի: Պայթավտանգ գազային խառնուրդի առաջացման կանխարգելման համար ջրածնային սնուցող գծերի վրա և օդի մատուցման գծերի վրա պետք է ապահովված լինի տեսանելի խզումներ առաջացնելու հնարավորություն` տուրբոգենորատորից և համաժամ փոխհատուցչից առաջ.

2) իներտ գազի (ածխաթթու գազ կամ ազոտ) կենտրոնացված մատակարարման, գազի գլանանոթների բեռնման և բեռնաթափման մեքենայացված տեղակայանքով` գեներատորի (համաժամ փոխհատուցչի) միջից ջրածնի դուրս մղման, տուրբինի յուղի գլխավոր բաքի, գեներատորի հենարանային առանցքակալների և հոսանահաղորդիչների փչամաքրման և հրդեհի մարման համար.

3) ջրածնային խցումների յուղամատակարարման հիմնական և պահուստային, իսկ տուրբոգեներատորները, բացի դրանից, նաև վթարային աղբյուրներով, մեղմիչ բաքով` ճակատային խցումները յուղով սնուցելու համար այն ժամանակամիջոցում, որն անհրաժեշտ է վակուումը խախտված տուրբինով գեներատորի վթարային կանգի համար` 60 ՄՎտ և ավելի հզորությամբ տուրբոգեներատորների համար: Յուղամատակարարման պահուստային և վթարային աղբյուրները պետք է ինքնավար կերպով մտնեն աշխատանքի մեջ հիմնական յուղամատակարարման աղբյուրի անջատման կամ ճնշման ցածրացման դեպքում.

4) տուրբոգեներատորների ջրածնային խցումների` յուղի ճնշման ինքնավար կարգավորիչներով: Յուղամատակարարման սխեմայում կարգավորիչների շրջանցող կափույրները պետք է լինեն կարգավորող, և ոչ թե փակող` յուղի ճնշման ցատկերի բացառման համար` ձեռքի կարգավորումից դեպի ինքնավար կարգավորում և ընդհակառակը անցման դեպքում.

5) տուրբոգեներատորում և համաժամ փոխհատուցչի մեջ ջրածնի շրջանառության կոնտուրի մեջ մտնող ջրածնի չորացման սարքվածքներով.

6) նախազգուշական ազդանշանումով, որը գործում է ջրածնային հովացման գազայուղային համակարգի անսարքությունների և նրա հարաչափերի (ճնշման, ջրածնի մաքրության, յուղ-ջրածին ճնշման անկման)` տրված արժեքներից շեղումների դեպքում.

7) չափիչ-հսկիչ սարքերով և ինքնավար կառավարման ռելեներով` ջրածնային հովացման գազայուղային համակարգի կառավարման և հսկման համար. ընդ որում, չի թույլատրվում գազային և էլեկտրական սարքերի տեղավորումը մեկ փակ վահանի վրա.

8) օդափոխության տեղակայանքներով` տուրբոգեներատորի յուղի գլխավոր բաքի, յուղի դատարկման խցիկների, հիմնական առանցքակալների գազի կուտակման տեղերում: Տուրբոգեներատորների և համաժամ փոխհատուցիչների հիմքերում չպետք է լինեն փակ տարածքներ, որտեղ հնարավոր է ջրածնի կուտակում: Շինարարական կոնստրուկցիաներով պարփակված ծավալների առկայության դեպքում, որտեղ հնարավոր է ջրածնի կուտակում, այդ ծավալների ամենավերին կետերից պետք է ապահովվի ջրածնի ազատ ելքը վերև (օրինակ, խողովակների զետեղմամբ),

9) ջրքաշ սարքվածքներով` հենամարմնի միջից ջրի և յուղի դատարկման համար: Ջրքաշ համակարգը պետք է բացառի շատ տաք գազերի հաղորդահոսքը սառը գազի բաժանմունք.

10) տուրբոգեներատորի (համաժամ փոխհատուցչի) հենամարմնի մեջ հեղուկի ի հայտ գալու ցուցիչով.

11) 0,2 ՄՊա-ից ոչ պակաս հավելյալ ճնշմամբ սեղմած օդի աղբյուրով` համալրված օդի զտիչով և չորացուցիչով:

57. Փաթույթների ջրային հովացմամբ գեներատորները և համաժամ փոխհատուցիչները պետք է սարքավորված լինեն`

1) թորած ջրի մատուցման և հեռացման խողովակաշարերով, որոնք պատրաստված են կոռոզիայի նկատմամբ կայուն նյութերից.

2) թորած ջրի հիմնական և պահուստային պոմպերով.

3) թորած ջրի մեխանիկական, մագնիսական և իոնիտային զտիչներով և գազային խառնուրդներից մաքրման սարքվածքներով: Թորած ջուրը չպետք է ունենա աղերի և գազերի խառնուրդներ.

4) ընդարձակիչ բաքով` արտաքին միջավայրից թորած ջրի պաշտպանությամբ.

5) հիմնական և պահուստային ջերմափոխանակիչներով` թորած ջրի հովացման համար: Ջերմափոխանակիչներում որպես առաջնային հովացման ջուր պետք է կիրառվեն. հիդրոգեներատորների և համաժամ փոխհատուցիչների համար` տեխնիկական ջուրը, տուրբոգեներատորների համար` տուրբինի խտուցային պոմպերի խտուցքը (կոնդենսատ) և որպես պահուստային` գեներատորների գազահովացուցիչների շրջապտույտի պոմպերի տեխնիկական ջուրը.

6) նախազգուշացնող ազդանշանմամբ և պաշտպանությամբ, որը գործում է ջրային հովացման համակարգի` բնականոն աշխատանքային ռեժիմից շեղումների դեպքում.

7) չափիչ-հսկիչ սարքավորումներով և ռելեներով` ջրային հովացման համակարգի ինքնավար կառավարման և հսկման համար.

8) դեպի ստատորի փաթույթի ջրային հովացման ուղեգիծ ջրածնի արտահոսքի հայտնաբերման սարքվածքներով.

9) ծորակներ ունեցող ստուգիչ փողակներով, որոնք դուրս են բերված թորած ջրի ճնշման և դատարկման հավաքիչների ամենաբարձր կետերից` ստատորի փաթույթի ջրային հովացման համակարգից օդի հեռացման համար` թորած ջրով այն լցնելու ժամանակ:

58. Գազահովացուցիչներին, ջերմափոխանակիչներին և յուղահովացուցիչներին ջրի առբերման խողովակաշարերի յուրաքանչյուր համակարգում պետք է տեղակայել զտիչներ. ըստ որում, պետք է նախատեսվի դրանց մաքրման և լվացման հնարավորություն` առանց գեներատորի և համաժամ փոխհատուցչի բնականոն աշխատանքային ռեժիմի խախտման:

59. Գազահովացուցիչների և ջերմափոխանակիչների յուրաքանչյուր հատվածամաս պետք է ունենա սողնակներ` ճնշման և դատարկման հավաքիչներից նրա անջատման և առանձին հատվածամասերին ջրի բաշխման համար:

60. Յուրաքանչյուր գեներատորի հովացման բոլոր հատվածամասերից ջրի ընդունման ընդհանուր խողովակաշարի վրա պետք է տեղակայված լինի սողնակ` հովացուցչի բոլոր հատվածամասերի միջով ջրի ծախսի կարգավորման համար: Տուրբոգեներատորների համար այդ փականի ղեկանիվային բանեցումը խորհուրդ է տրվում դուրս բերել մեքենայական սենքի հատակի մակարդակին:

61. Գազահովացուցիչների և ջերմափոխանակիչների յուրաքանչյուր հատվածամաս իր ամենաբարձր կետում պետք է ունենա օդահանման ծորակներ:

62. Գեներատորների և համաժամ փոխհատուցիչների գազի կամ օդի հովացման համակարգում պետք է նախատեսված լինի հովացնող ջրի ջերմաստիճանի կարգավորում` վերաշրջանառության սարքվածքների օգնությամբ:

63. Հովացնող ջրի մատուցման սխեմայում պետք է նախատեսված լինի պահուստային պոմպի ինքնավար միացում` աշխատանքի մեջ գտնվող պոմպի անջատման, ինչպես նաև հովացնող ջրի ճնշման անկման դեպքերում: Համաժամ փոխհատուցիչների մոտ պետք է նախատեսված լինի պահուստային սնուցում` հովացնող ջրի մշտական գործող հուսալի աղբյուրից (տեխնիկական ջրի համակարգ, բաքեր և այլն):

64. Գեներատորների տեխնիկական ջրամատակարարման սնուցող խողովակաշարերի վրա պետք է տեղակայվեն ծախսաչափեր:

65. Ջրային կամ ջրածնային հովացում ունեցող տուրբոգեներատորի հետ միացված տուրբինի հարթակի վրա պետք է տեղակայված լինեն ճնշաչափեր, ճնշման հավաքչում ջրի ճնշման նկատմամբ ազդանշանային սարքվածք, գազի կառավարման կետ, գազայուղային և ջրային տնտեսության կառավարման վահաններ: Ճնշաչափերը պետք է ցույց տան`

1) հովացնող ջրի ճնշումը ճնշման հավաքչի մեջ.

2) ջրածնի ճնշումը տուրբոգեներատորի հենամարմնի մեջ.

3) ածխաթթու գազի (ազոտի) ճնշումը դեպի գեներատոր գնացող գազատարի մեջ.

66. Գազահովացուցիչների, ջերմափոխանակիչների և յուղահովացուցիչների պոմպերի տեղակայման վայրում ճնշման հավաքչի և պոմպերի վրա պետք է տեղակայվեն ճնշաչափեր:

67. Գազահովացուցիչների, ջերմափոխանակիչների և յուղահովացուցիչների ճնշման և դատարկման խողովակների վրա պետք է ներկառուցված լինեն պարկուճներ` սնդիկային ջերմաչափերի համար:

68. Բաց երկնքի տակ տեղակայված համաժամ փոխհատուցիչների համար պետք է նախատեսված լինի հովացման համակարգից ջրի դատարկման հնարավորություն` միացքի կանգառի դեպքում:

69. Գազային համակարգը պետք է բավարարի ջրածնային հովացման բնականոն շահագործման և տուրբոգեներատորում ու համաժամ փոխհատուցչում հովացման միջավայրի փոխարինմանն ուղղված գործառույթների իրականացման պահանջները:

70. Գազային ցանցը պետք է իրագործվի ամբողջաձիգ խողովակներով` գազակիպ ամրանների կիրառմամբ: Գազատարները պետք է մատչելի լինեն զննման ու նորոգման համար և ունենան մեխանիկական վնասվածքներից պաշտպանություն:

71. Ջրածնային հովացմամբ տուրբոգեներատորների և համաժամ փոխհատուցիչների յուղման և ջրածնային խցումների շրջապտուտային համակարգերի խողովակաշարերը պետք է իրագործվեն ամբողջաձիգ խողովակներով:

72. 3 ՄՎտ և ավելի հզորությամբ տուրբոգեներատորների` տուրբինի հակառակ կողմում գտնվող առանցքակալները, գրգռիչի առանցքակալները և ջրածնային խցումները պետք է էլեկտրականապես մեկուսացված լինեն հենամարմնից և յուղատարներից:

73. Մեկուսացված առանցքակալի և ջրածնային խցումների կոնստրուկցիան պետք է ապահովի դրանց մեկուսացման պարբերաբար հսկումը միացքի աշխատանքի ժամանակ: Համաժամ փոխհատուցիչների առանցքակալները պետք է էլեկտրականապես մեկուսացված լինեն փոխհատուցչի հենամարմնից և յուղատարներից: Անմիջականորեն միացված գրգռիչով համաժամ փոխհատուցչի մոտ թույլատրվում է մեկուսացնել միայն մեկ առանցքակալ (գրգռիչի հակառակ կողմում գտնվողը): Հիդրոգեներատորների կրնկակալները և առանցքակալները, որոնք տեղավորված են ռոտորի վերևում, պետք է էլեկտրականապես մեկուսացված լինեն հենամարմնից:

74. Տուրբոգեներատորների, համաժամ փոխհատուցիչների և հորիզոնական հիդրոգեներատորների էլեկտրականապես մեկուսացված առանցքակալների յուրաքանչյուր յուղատարի վրա պետք է տեղակայել հաջորդաբար երկու էլեկտրականապես մեկուսացված կցաշուրթային միացումներ:

75. Տուրբոգեներատորների, համաժամ փոխհատուցիչների և դրանց գրգռիչների առանցքակալները, ինչպես նաև ջրածնային խցումները, հիդրոգեներատորների առանցքակալների և կրնկակալների յուղային տաշտակները պետք է պատրաստված լինեն այնպես, որ բացառեն յուղի ցայտերը և նրա ու նրա գոլորշիների` փաթույթների հպակային օղակների և հավաքչի վրա ընկնելու կամ թափանցելու հնարավորությունը: Շրջապտուտային յուղմամբ առանցքակալների և ջրածնային խցումների դատարկման խողովակաոստերը պետք է ունենան դիտապակի` դուրս եկող յուղի շիթին հետևելու համար: Դիտապակիների լուսավորման համար պետք է կիրառվեն լուսատուներ, որոնք միացվում են վթարային լուսավորության ցանցին:

76. Անմիջական ջրածնային հովացմամբ փաթույթներով տուրբոգեներատորների մոտ պետք է տեղակայված լինեն ինքնավար գազաանալիզատորներ` առանցքակալների հենատուփերում (կարտերներում) և փակ հոսանատարներում ջրածնի առկայության հսկման համար:

77. Գեներատորների և համաժամ փոխհատուցիչների հովացման խառը համակարգերը պետք է համապատասխանեն սույն ՏԿ-ի 54-ից մինչև 56-րդ կետերի պահանջներին:

 

10. ԳՐԳՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

78. Սույն ՏԿ-ի 79-ից մինչև 96-րդ կետերի պահանջները տարածվում են տուրբո և հիդրոգեներատորների և համաժամ փոխհատուցիչների անշարժ տեղակայման գրգռման համակարգերի վրա:

79. Գեներատորի (համաժամ փոխհատուցչի) գրգռման համակարգի մեջ մտնում են գրգռիչը (հաստատուն հոսանքի գեներատոր, փոփոխական հոսանքի գեներատոր կամ կերպափոխիչով տրանսֆորմատոր), գրգռման ինքնավար կարգավորիչը, փոխարկչային ապարատները, չափիչ սարքերը, գերլարումներից ռոտորի պաշտպանության միջոցները և գրգռման համակարգի սարքավորման` վնասվածքներից պաշտպանությունը:

80. Գրգռման համակարգերի էլեկտրասարքավորումը և ապարատները պետք է համապատասխանեն համաժամ գեներատորների և փոխհատուցիչների մասին ԳՕՍՏ-երի և այդ սարքավորման և ապարատների տեխնիկական պայմանների պահանջներին:

81. Գրգռման համակարգերը, որոնց շահագործման լարման գործող արժեքը կամ տևական գերլարումը (օրինակ, առաջանցիկ գրգռման դեպքում) գերազանցում է 1000 Վ լարումը, պետք է իրագործվեն 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրատեղակայանքներին ներկայացվող պահանջներին համապատասխան: Գրգռման վենտիլային համակարգերի համար գերլարումները որոշելիս հաշվի են առնում նաև փոխարկչային գերլարումները:

82. Գրգռման համակարգերը պետք է սարքավորված լինեն կառավարման, պաշտպանության, ազդանշանային սարքվածքներով և չափիչ-հսկիչ սարքերով այն ծավալով, որը կապահովի ինքնավար թողարկումը, աշխատանքը բոլոր նախատեսված ռեժիմներում, ինչպես նաև գեներատորի և համաժամ փոխհատուցչի կանգը` առանց անձնակազմի մշտական հերթապահության էլեկտրակայաններում և ենթակայաններում:

83. Կառավարման վահանակները և վահանները, հովացման համակարգի հսկիչ սարքերը և ազդանշանային ապարատները, ինչպես նաև տիրիստորային և այլ կիսահաղորդչային գրգռիչների ուժային կերպափոխիչները պետք է տեղաբաշխվեն անմիջապես մեկը մյուսին մոտ: Թույլատրվում է ջերմափոխանակիչների տեղակայումն այլ սենքում. ընդ որում, ջերմափոխանակչի կառավարման վահանը պետք է տեղակայվի նրա մոտ: Կառավարման վահանը, որով կարելի է կատարել գրգռման կառավարումը, պետք է սարքավորված լինի գրգռման հսկման սարքերով:

84. Գեներատորների և համաժամ փոխհատուցիչների գրգռման համակարգերի ուղղիչային տեղակայանքները պետք է սարքավորված լինեն ազդանշանմամբ և պաշտպանությամբ, որոնք գործարկվում են հովացման միջավայրի կամ վենտիլների ջերմաստիճանը թույլատրելիից ավելի բարձրանալու դեպքում, ինչպես նաև ապահովված լինեն հովացնող միջավայրի ջերմաստիճանի և տեղակայանքի հոսանքի ուժի հսկման սարքերով: ՈԻղղիչային տեղակայանքներում ուղղիչների մի քանի խմբերի առկայության դեպքում պետք է հսկվի յուրաքանչյուր խմբի հոսանքի ուժը:

85. Գրգռման համակարգերը պետք է սարքավորված լինեն մեկուսացման հսկման սարքվածքներով, որոնք թույլ կտան մեկուսացման չափումն աշխատանքի ընթացքում, ինչպես նաև ազդանշանել մեկուսացման դիմադրության` նորմից ցածր իջնելու մասին: Թույլատրվում է այդպիսի ազդանշանում չիրագործել գրգռման անխոզանակ համակարգերի համար:

86. Գրգռման համակարգի շղթաները, որոնք կապված են ուղղիչային տեղակայանքի անոդային և կատոդային շղթաների փորձարկման լարումներին համապատասխանող մեկուսացման մակարդակ:

87. ՈԻղղիչների անոդային շղթաների, առանձին խմբերի կատոդային շղթաների, ինչպես նաև այլ շղթաների կապերը չչեզոքացված բաբախող և փոփոխական հոսանքների առկայության դեպքում պետք է իրագործվեն մետաղական պատյան չունեցող մալուխով:

88. Գեներատորի կամ համաժամ փոխհատուցչի գրգռման փաթույթի լարման շղթաները` չափումների և ԳԻԿ-ի սարքվածքի միացման համար պետք է իրագործվեն առանձին, մեկուսացման բարձրացված մակարդակով մալուխով` առանց սեղմակների սովորական շարքի միջոցով անցկացնելու: Գրգռման փաթույթին միացումը պետք է կատարվի հատիչի միջոցով:

89. Ռոտորի շղթայի խզմամբ ԴԻՄ-ի սարքվածքի կիրառման, ինչպես նաև կերպափոխիչներով անշարժ գրգռիչների օգտագործման դեպքերում ռոտորի փաթույթը պետք է պաշտպանվի բազմակի գործողության, գործարկման ազդանշանում ունեցող պարպիչով: Թույլատրվում է միանգամյա պարպիչների օգտագործումը: Պարպիչը պետք է զուգահեռ միացվի ռոտորին ակտիվ դիմադրության միջոցով: Դիմադրությունը հաշվարկվում է պարպիչի էլեկտրական ծակվելու դեպքում երկարատև աշխատանքի համար, երբ գրգռման լարումը հավասար է անվանականի արժեքի 110 տոկոսին:

90. Գեներատորների և համաժամ փոխհատուցիչների գրգռման համակարգը պետք է իրագործվի այնպես, որպեսզի`

1) ԳԻԿ-ի և գրգռիչի շղթաներում փոխարկիչ ապարատներից որևէ մեկի անջատումը չբերի կեղծ ուժեղացումների գեներատորի թողարկման, կանգի և աշխատանքի մեջ` պարապ ընթացքի ժամանակ,

2) ԳԻԿ-ի և գրգռիչի կառավարման շղթաներում օպերատիվ հոսանքի լարման անհետացումը չբերի գեներատորի և համաժամ փոխհատուցչի աշխատանքի խաթարման,

3) հնարավորություն լինի կատարել նորոգման և այլ աշխատանքներ ուղղիչների և դրանց օժանդակ սարքվածքների վրա, երբ տուրբոգեներատորն աշխատում է պահուստային գրգռիչով: Այս պահանջը չի տարածվում գրգռման անխոզանակ համակարգերի վրա,

4) բացառվի գրգռման համակարգի վնասման հնարավորությունը` ռոտորի շղթայում և նրա հպակային օղակների վրա ԿՄ-ի դեպքում: Անշարժ կերպափոխիչների կիրառման դեպքում թույլատրվում է դրանց պաշտպանությունն ինքնավար անջատիչներով և հալուն ապահովիչներով:

91. Գրգռման տիրիստորային համակարգերը պետք է նախատեսեն գեներատորների և համաժամ փոխհատուցիչների դաշտի մարման հնարավորություն` կերպափոխչի անցմամբ ինվերտորային ռեժիմի: Անշարժ կերպափոխիչներով գրգռման համակարգերում, որոնք իրագործված են ինքնագրգռման սխեմայով, ինչպես նաև էլեկտրամեքենայական գրգռիչներով գրգռման համակարգերում պետք է կիրառվի ԴԻՄ-ի սարքվածք:

92. Գրգռման բոլոր համակարգերը (հիմնական և պահուստային) պետք է ունենան սարքվածքներ, որոնք դաշտի մարման բաբախման իմպուլսի դեպքում ապահովում են գեներատորի և համաժամ փոխհատուցչի ապագրգռումը (դաշտի մարումը)` անկախ ԴԻՄ-ի գործարկումից:

93. Գրգռիչի ջրային հովացման համակարգը պետք է ապահովի համակարգից ջրի լրիվ դատարկման, համակարգը ջրով լցվելիս օդի բացթողման և ջերմափոխանակիչների պարբերաբար մաքրման հնարավորություն: Գրգռիչներից մեկի հովացման համակարգի փականների փակումը և բացումը չպետք է բերի մյուս գրգռիչի հովացման համակարգի ռեժիմի փոփոխության:

94. Ջրային հովացման համակարգով ուղղիչային տեղակայանքների սենքերի հատակը պետք է պատրաստված լինի այնպես, որ ջրի արտահոսքի դեպքում բացառվեն հոսանահաղորդիչների, ԼԲՍ-ի և այլ` հովացման համակարգից ցածր գտնվող էլեկտրասարքավորումների վրա նրա լցվելու կամ ցայտելու հնարավորությունը:

95. Հաստատուն հոսանքի էլեկտրամեքենայական գրգռիչները (հիմնականները` առանց ԳԻԿ-ի և պահուստայինները) պետք է ունենան գրգռման ռելեական ուժեղացում:

96. Տուրբոգեներատորները պետք է ունենան պահուստային գրգռում, որի սխեման պետք է ապահովի աշխատող գրգռիչից փոխարկումը պահուստայինի և հակադարձ փոխարկումը` առանց գեներատորները ցանցից անջատելու: 12 ՄՎտ և ավելի փոքր հզորության տուրբոգեներատորների համար պահուստային գրգռման անհրաժեշտությունը սահմանվում է էներգահամակարգի օպերատորի կողմից: Հիդրոէլեկտրակայաններում պահուստային գրգռիչներ չեն տեղակայվում:

97. Ռոտորի փաթույթի անմիջական հովացմամբ տուրբոգեներատորների աշխատանքային գրգռումից պահուստայինի փոխարկումը և հակադարձ փոխարկումը պետք է կատարվի հեռակառավարմամբ:

98. Հիդրոգեներատորի գրգռման համակարգը պետք է ապահովի նրա սկզբնական գրգռումը` հիդրոէլեկտրակայանի սեփական կարիքների համակարգում փոփոխական հոսանքի բացակայության դեպքում:

99. Պատվիրատուի պահանջով գրգռման համակարգը պետք է հաշվարկված լինի ինքնավար կառավարման համար` համաժամ գեներատորների և փոխհատուցիչների պահուստավորման նպատակով կանգառի և պահուստում գտնվողների գործարկման դեպքում:

100. Գրգռման բոլոր համակարգերը ԳԻԿ-ի շարքից դուրս գալու ընթացքում պետք է ունենան համաժամ մեքենայի բնականոն գրգռում, ապագրգռում և դաշտի մարում ապահովող միջոցներ:

 

11. ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԺԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

101. Գեներատորների և համաժամ փոխհատուցիչների հեռավորությունը շենքի պատերից, ինչպես նաև իրար միջև հեռավորությունը պետք է որոշվեն տեխնոլոգիական պայմաններով, բայց պետք է լինեն սույն ՏԿ-ի 11-ից 13-րդ կետերում բերվածներից ոչ փոքր: Մեքենայական սենքի չափերը ընտրվում են` հաշվի առնելով`

1) միացքների հավաքակցման և ապահավաքակցման հնարավորությունները` առանց աշխատող միացքների կանգառի.

2) հատուկ, առավելապես կոշտ կալիչ (բռնիչ) հարմարանքներով ամբարձիչների կիրառումը, որոնք թույլ են տալիս ամբողջապես օգտագործել ամբարձչի ընթացքը.

3) միացքի երկար, բայց համեմատաբար ոչ շատ ծանր առանձին մասերի (ձողեր, քաշանքներ)` ամբարձիչով բարձրացման և իջեցման մերժումը դրանց` վերհան հարմարանքների միջոցով հավաքակցմամբ.

4) հանգույցների և մասերի տեղաբաշխման հնարավորությունը` միացքի հավաքակցման և նորոգման ժամանակ:

102. Գեներատորների և համաժամ փոխհատուցիչների կոնստրուկցիան և հիմքը պետք է իրագործվեն այնպես, որ սարքավորման աշխատանքի ժամանակ սարքավորման, հիմքի և շենքի թրթռումը չգերազանցի ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի «Աշխատատեղում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը ՀՆ N 2.2.4-009-06 հաստատելու մասին» N 533-Ն հրամանով սահմանված արժեքները:

103. Թույլատրվում է հիդրոգեներատորների մոտ տեղակայել սեղմած օդի օդահավաքիչներ:

104. Օդային հովացմամբ տուրբոգեներատորները և համաժամ փոխհատուցիչները, ինչպես նաև հիդրոգեներատորները պետք է ունենան հրդեհը ջրով մարելու սարքվածքներ: Թույլատրվում է նաև այլ միջոցների կիրառումը`

1) ավտոմատացված հիդրոէլեկտրակայանի հիդրոգեներատորների, ինչպես նաև օդային հովացմամբ, առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայաններում տեղակայված համաժամ փոխհատուցիչների հրդեհաշիջումը պետք է կատարվի ինքնավար կերպով: Մեքենայի մեջ ջրի ներթողման փականային սարքվածքների թողարկումն իրականացվում է կամ անմիջապես դիֆերենցիալ պաշտպանության կողմից, կամ դիֆերենցիալ պաշտպանության և հրդեհաշիջման համար նախատեսված հատուկ տվիչների համատեղ գործարկմամբ.

2) ջրի առբերումը դեպի մեքենա պետք է իրագործվի այնպես, որ իսպառ բացառվի շահագործման պայմաններում գեներատորի և համաժամ փոխհատուցչի մեջ ջրի ծծանցման հնարավորությունը.

3) հիդրոգեներատորների հրդեհաշիջման համակարգը պետք է նախատեսի օգտագործված ջրի հեռացումը դեպի ջրքաշ համակարգ:

105. Անուղղակի ջրածնային հովացմամբ տուրբոգեներատորներում և համաժամ փոխհատուցիչներում մեքենայի` օդով աշխատելու դեպքում (կարգաբերման շրջան) հրդեհը մարելու համար պետք է նախատեսված լինի ածխաթթու գազի (ազոտի) տեղակայանք օգտագործելու հնարավորություն` կառուցված սույն ՏԿ-ի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան:

106. Ածխաթթու գազով (ազոտով) գլանանոթները, որոնք տեղակայված են գլխավոր ածխաթթվային (ազոտային) տեղակայանքներում, պետք է պահպանվեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

 

IV. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈԽԱՐԿՉԱՅԻՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԸ

 

12. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

107. Սնուցման հուսալիության ապահովման միջոցները պետք է ընտրվեն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 5-րդ գլխի պահանջներին համապատասխան` կախված էլեկտրաընդունիչների պատասխանատվության խմբից: Այդ միջոցները կարող են կիրառվել ոչ թե առանձին էլեկտրաշարժիչների, այլ դրանց սնուցող տրանսֆորմատորների ու կերպափոխչային ենթակայանների, սարքվածքների ու կետերի նկատմամբ`

1) էլեկտրաշարժիչն անմիջապես սնուցող գծի պահուստավորում չի պահանջվում` անկախ էլեկտրամատակարարման հուսալիության խմբից.

2) եթե անհրաժեշտ է ապահովել տեխնոլոգիական գործընթացի անընդհատությունը էլեկտրաշարժիչի, նրա փոխարկչային ապարատների կամ էլեկտրաշարժիչն անմիջապես սնուցող գծի շարքից դուրս գալու դեպքում, ապա պահուստավորումը պետք է իրականացնել պահուստային տեխնոլոգիական միացքի տեղակայմամբ կամ այլ կերպ:

108. Էլեկտրաշարժիչները և դրանց փոխարկչային ապարատները պետք է ընտրվեն ու տեղակայվեն և, ըստ անհրաժեշտության, ապահովված լինեն հովացման այնպիսի համակարգով, որ դրանց ջերմաստիճանն աշխատանքի ժամանակ չգերազանցի թույլատրելի արժեքները (տես նաև սույն ՏԿ-ի 125-րդ կետը):

109. Էլեկտրաշարժիչները և դրանց փոխարկչային ապարատները պետք է տեղակայված լինեն այնպես, որ նրանք մատչելի լինեն զննման և փոխարինման, ինչպես նաև, հնարավորության դեպքում, տեղում նորոգման համար: Եթե էլեկտրատեղակայանքը պարունակում է 100 կգ և ավելի զանգված ունեցող էլեկտրաշարժիչներ և փոխարկչային ապարատներ, ապա պետք է նախատեսված լինեն հարմարանքներ դրանց տեղափոխման համար:

110. Էլեկտրաշարժիչների պտտվող մասերը և դրանց` մեխանիզմներին միացնող մասերը (կցորդիչներ, փոկանիվներ) պետք է ունենան պատահական հպումներից պաշտպանություն:

111. Էլեկտրաշարժիչները և դրանց փոխարկչային ապարատները պետք է հողակցված լինեն կամ զրոյակցված` ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի VI բաժնի պահանջներին համապատասխան:

112. Էլեկտրաշարժիչների կատարումը պետք է համապատասխանի շրջակա միջավայրի պահանջներին:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2009
N 554-Ն
Որոշում