Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0554.260509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2009 թվականի N 554-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(2-րդ մաս)

 

13. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

113. Էլեկտրաշարժիչների էլեկտրական և մեխանիկական պարամետրերը (անվանական հզորություն, լարում, պտտման հաճախականություն, աշխատանքային ժամանակահատվածի հարաբերական տևողություն, գործարկման նվազագույն և առավելագույն մոմենտներ, հաճախականության կարգավորման սահմաններ և այլն) պետք է համապատասխանեն էլեկտրաշարժիչների կողմից շարժաբերվող մեխանիզմների պարամետրերին` տվյալ տեղակայանքում դրանց աշխատանքի բոլոր ռեժիմներում:

114. Մեխանիզմների համար, որոնց աշխատանքի մեջ պահելը անհրաժեշտ է սնման ընդմիջումների կամ լարման իջեցման դեպքում` պայմանավորված ԿՄ-ը անջատիչով անջատելու, ԻԿՄ-ի կամ ՊԻՄ-ի գործարկումներով և թույլատրելի է ըստ անվտանգության տեխնիկայի պայմանների, պետք է ապահովված լինի էլեկտրաշարժիչների ինքնագործարկումը: Ինքնագործարկումով մեխանիզմների համար ավելի մեծ հզորության էլեկտրաշարժիչների և տրանսֆորմատորների կիրառում, քան անհրաժեշտ է դրանց երկարատև բնականոն աշխատանքի համար, չի պահանջվում:

115. Պտտման հաճախականության կարգավորում չպահանջող մեխանիզմների շարժաբերի համար, անկախ դրանց հզորությունից, պետք է կիրառել համաժամ կամ կարճ միացված ռոտորով անհամաժամ շարժիչներ:

116. Գործարկման կամ աշխատանքի ծանր պայմաններ ունեցող, կամ պտտման հաճախականության փոփոխում պահանջող մեխանիզմների շարժաբերի համար նախընտրելի է կիրառել էլեկտրաշարժիչների գործարկումը կամ պտտման հաճախականությունը կարգավորելու ավելի պարզ ու խնայողական հնարավորություններ, որոնք կարող են կիրառվել տվյալ տեղակայանքում:

117. Համաժամ շարժիչները պետք է ունենան գրգռման ուժեղացման կամ խառնագրգռման սարքվածքներ:

118. Այն դեպքում, երբ համաժամ էլեկտրաշարժիչներն իրենց հզորությամբ բեռի տվյալ հանգույցում կարող են ապահովել ռեակտիվ հզորության ռեժիմի կամ լարման կարգավորում, ապա նրանք պետք է ունենան ԳԻԿ:

119. Հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչներ թույլատրվում է կիրառել միայն այն դեպքերում, երբ փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչները չեն ապահովում մեխանիզմի պահանջվող բնութագրերը կամ խնայողական չեն:

120. Էլեկտրաշարժիչները, որոնք տեղակայվում են բնականոն միջավայրով շինություններում, պետք է ունենան IՌ ՕՕ (IP ՕՕ) կամ IՌ (IP 20) կատարում:

121. Բացօթյա տեղակայվող էլեկտրաշարժիչները պետք է ունենան առնվազն IՌ 44 (IP 44) կամ հատուկ` դրանց աշխատանքի պայմաններին համապատասխանող կատարում (օրինակ, բաց քիմիական տեղակայանքների համար, առանձնապես ցածր ջերմաստիճանների համար):

122. Էլեկտրաշարժիչները, որոնք տեղակայվում են շինություններում, որտեղ հնարավոր է փոշու կամ այլ նյութերի նստում դրանց փաթույթների վրա` խախտելով դրանց բնականոն հովացումը, պետք է ունենան IՌ 44 (IP 44)-ից ոչ պակաս կատարում կամ մաքուր օդի ներփչում` առբերումով: Ներփչումով էլեկտրաշարժիչի հենամարմինը, օդատարները և բոլոր լծորդումներն ու կցվածքները պետք է մանրազնին կերպով խցվեն` օդի ծծումը դեպի օդափոխության համակարգ կանխելու համար: Էլեկտրաշարժիչի` ներփչումով կատարման դեպքում պետք է նախատեսել սողնակ` էլեկտրաշարժիչի կանգի դեպքում շրջապատի օդի ներծծումը կանխելու համար: Արտաքին (սառը) օդի տաքացում չի պահանջվում:

123. Էլեկտրաշարժիչները խոնավ կամ առանձնակի խոնավ տեղերում պետք է ունենան IՌ 43 (IP 43)-ից ոչ պակաս կատարում և մեկուսացում` հաշվարկված խոնավության և փոշու ազդեցության դեպքում (հատուկ քսվածքով, խոնավակայուն և այլն):

124. Էլեկտրաշարժիչները, որոնք տեղակայվում են քիմիապես ակտիվ գոլորշիներով և գազերով տեղերում, պետք է ունենան IՌ 44 (IP 44)-ից ոչ պակաս կամ մաքուր օդի առբերմամբ ներփչումով կատարում` սույն ՏԿ-ի 122-րդ կետում բերված պահանջների պահպանմամբ: Թույլատրվում է նաև IՌ 33 (IP 33)-ից ոչ պակաս կատարման էլեկտրաշարժիչների կիրառում, սակայն քիմիապես դիմացկուն մեկուսացումով և բաց չմեկուսացված հոսանատար մասերը թասակով կամ այլ եղանակով ծածկելու միջոցով:

125. Էլեկտրաշարժիչների համար, որոնք տեղակայվում են օդի պլյուս 40 օC-ից բարձր ջերմաստիճանով շինություններում, պետք է կատարվեն միջոցառումներ, որոնք բացառում են դրանց անթույլատրելի տաքացումը (օրինակ, հարկադրական օդափոխություն` հովացնող օդի առբերմամբ, արտաքին շրջափչում և այլն):

126. Էլեկտրաշարժիչների հարկադրական փակ օդափոխության համակարգի դեպքում պետք է նախատեսել օդի և հովացնող ջրի ջերմաստիճանի հսկման սարքեր:

127. Էլեկտրաշարժիչները, որոնք ունեն փաթույթի կամ մագնիսալարի մեջ դրված ջերմացուցիչներ, պետք է ունենան արտանցիչներ վերջիններից` հատուկ վահանակների վրա, որոնք ապահովում են պարբերական չափումների կատարման հարմարավետությունը: Վահանային չափիչ սարքեր դրա համար չպետք է նախատեսվեն:

 

14. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

128. Էլեկտրաշարժիչները պետք է ընտրվեն և տեղակայվեն այնպես, որպեսզի բացառվի ջրի, յուղի, էմուլսիայի թափանցումը փաթույթների և հոսանահան սարքվածքների վրա, իսկ սարքավորման հիմքերի և շենքի մասերի թրթռումը չգերազանցի թույլատրելի արժեքները:

129. Էլեկտրաշարժիչի և նրա կողմից շարժաբերվող մեխանիզմի համատեղ ստեղծած աղմուկը չպետք է գերազանցի ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում N 2-III-11.3-2002 սանիտարական նորմերը հաստատելու մասին» N 138 հրամանով թույլատրվող մակարդակը:

130. Էլեկտրաշարժիչների հիմքերի կամ հենամարմինների, էլեկտրաշարժիչների և շենքի մասերի կամ սարքավորանքի միջև սպասարկման միջանցքները պետք է լինեն սույն ՏԿ-ի 4-րդ գլխում նշվածներից ոչ պակաս:

131. Էլեկտրաշարժիչները և ապարատները, բացառությամբ IՌ 44 (IP 44)-ից ոչ պակաս պաշտպանության աստիճան ունեցողների, իսկ դիմադրատարրերը և ռեոստատները` բոլոր կատարումների, պետք է տեղակայված լինեն շենքերի` այրվող նյութերից պատրաստված կոնստրուկցիաներից առնվազն 1 մ հեռավորության վրա:

132. 1 ՄՎտ և ավելի հզորության համաժամ էլեկտրական մեքենաներն ու 1 ՄՎտ և ավելի հզորության հաստատուն հոսանքի մեքենաները պետք է ունենան առանցքակալներից մեկի մեկուսացում հիմքային սալից` լիսեռի և մեքենայի առանցքակալների միջոցով հոսանքի փակ շղթան կանխելու համար: Ընդ որում, համաժամ էլեկտրական մեքենաների մոտ պետք է մեկուսացված լինեն առանցքակալը` գրգռիչի կողմից և գրգռիչի բոլոր առանցքակալները: Այդ էլեկտրական մեքենաների յուղատարները պետք է մեկուսացված լինեն դրանց առանցքակալների հենամարմիններից:

133. 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրաշարժիչները թույլատրվում է տեղակայել անմիջապես արտադրական շինություններում` պահպանելով հետևյալ պայմանները`

1) էլեկտրաշարժիչները, որոնք ունեն արտանցիչներ ստատորի տակ կամ հովացման համար պահանջում են հատուկ սարքվածքներ, պետք է տեղակայել խուց ունեցող հիմքի վրա (հիմքային փոսով).

2) էլեկտրաշարժիչի հիմքային փոսը պետք է բավարարի 1000 Վ-ից բարձր լարման ՓԲՍ-ի խցերին ներկայացվող պահանջներին (տես ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի III բաժինը).

3) հիմքային փոսի չափսերը պետք է լինեն մալուխային կիսամիջանցիկ թունելների համար թույլատրելիից ոչ պակաս:

134. Մալուխները և հաղորդալարերը, որոնք միացվում են թրթռումը մեկուսացնող հիմքերի վրա տեղակայված էլեկտրաշարժիչներին, հիմքի շարժական և անշարժ մասերի միջև հատվածամասում պետք է ունենան ճկուն պղնձե ջղեր:

 

15. ՓՈԽԱՐԿՉԱՅԻՆ ԱՊԱՐԱՏՆԵՐ

 

135. Էլեկտրաշարժիչների խմբի համար, որոնք ծառայում են մեկ մեքենայի կամ միասնական տեխնոլոգիական պրոցես իրականացնող մի քանի մեքենաների շարժաբերի համար, պետք է կիրառել ընդհանուր ապարատ կամ փոխարկչային ապարատների լրակազմ, եթե դա արդարացվում է շահագործման հարմարության կամ անվտանգության պահանջներով: Մնացած դեպքերում յուրաքանչյուր էլեկտրաշարժիչ պետք է ունենա առանձին փոխարկչային ապարատ:

136. Փոխարկչային ապարատները էլեկտրաշարժիչի շղթաներում պետք է ցանցից անջատեն լարման տակ գտնվող բոլոր հաղորդիչները միաժամանակ: Առանձին էլեկտրաշարժիչների շղթայում թույլատրվում է ունենալ ապարատ, որն անջատում է ոչ բոլոր հաղորդիչները, եթե այդպիսի էլեկտրաշարժիչների խմբի ընդհանուր շղթայում տեղակայված է բոլոր հաղորդիչներն անջատող ապարատ:

137. Որևէ մեխանիզմի էլեկտրաշարժիչի հեռակառավարման կամ ինքնավար կառավարման առկայության դեպքում վերջինիս մոտակայքում պետք է տեղակայվի վթարային անջատման ապարատ, որը բացառում է էլեկտրաշարժիչի հեռակառավարմամբ կամ ինքնավար գործարկումը մինչև այդ ապարատների ելակետային դիրքին հարկադրաբար վերադարձը: Վթարային անջատման ապարատներ տեղակայել չի պահանջվում այն մեխանիզմների մոտ`

1) որոնք տեղադրված են կառավարման տեղից տեսանելիության սահմաններում.

2) որոնք մատչելի են միայն որակյալ սպասարկող անձնակազմին (օրինակ, օդափոխիչներ` տեղակայված կտուրների վրա, օդափոխիչներ և պոմպեր` տեղակայված առանձին շինություններում).

3) որոնց կառուցվածքային տեսակը բացառում է հպումը շարժական և պտտվող մասերին. այդ մեխանիզմների մոտ պետք է նախատեսվեն կախովի պլակատներ, որոնք նախազգուշացնում են հեռակառավարման կամ ինքնավար գործարկման հնարավորության մասին.

4) որոնք ունեն տեղական կառավարման ապարատ` անջատման հրահանգի սևեռմամբ:

138. Տեղային կառավարման ապարատների (գործարկում, կանգ) տեղակայման նպատակահարմարությունը հեռակառավարվող կամ ինքնավար կառավարվող մեխանիզմների մոտակայքում պետք է որոշվի նախագծելիս` կախված տվյալ տեղակայանքի տեխնոլոգիայի, անվտանգության տեխնիկայի և կառավարման կազմակերպման պահանջներից:

139. Էլեկտրաշարժիչների կառավարման շղթաները թույլատրվում է սնել ինչպես գլխավոր շղթայից, այնպես էլ էլեկտրաէներգիայի ուրիշ աղբյուրներից, եթե դա պայմանավորված է տեխնիկական անհրաժեշտությամբ:

140. Լարումը վերականգնելիս` էլեկտրաշարժիչի հանկարծակի գործարկումից խուսափելու համար գլխավոր շղթաներում պետք է նախատեսված լինի ուղեկապում, որն ապահովում է գլխավոր շղթայի ինքնավար անջատումը` նրանում լարման անհետացման բոլոր դեպքերում, եթե ինքնագործարկում չի նախատեսվում:

141. Կառավարման ապարատների հենամարմինների և զատիչ ապարատների վրա պետք է գծել հատուկ նշաններ, որոնք թույլ են տալիս հեշտությամբ ճանաչել ապարատի կառավարման բռնալծակի միացված և անջատված դիրքերը: Այն դեպքերում, երբ օպերատորը չի կարողանում ըստ կառավարման ապարատի վիճակի որոշել` միացվա՞ծ է, թե՞ անջատված էլեկտրաշարժիչի գլխավոր շղթան, հանձնարարվում է նախատեսել լուսային ազդանշանում:

142. Փոխարկչային ապարատները պետք է առանց վնասվելու և անբնականոն մաշվածքի փոխարկեն դրանց կողմից կառավարվող էլեկտրաշարժիչի բնականոն ռեժիմների ամենամեծ հոսանքները (գործարկման, արգելակման, դարձափոխման, աշխատանքային): Եթե բնականոն ռեժիմներում դարձափոխումներ և արգելակումներ տեղի չեն ունենում, բայց դրանք հնարավոր են ոչ ճիշտ գործողությունների դեպքում, ապա փոխարկչային ապարատները գլխավոր շղթայում պետք է այդ գործողությունները փոխարկեն առանց ավերման:

143. Փոխարկչային ապարատները պետք է դիմացկուն լինեն ԿՄ-ի հաշվարկային հոսանքների նկատմամբ (տես. ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 5-րդ գլուխը):

144. Փոխարկչային ապարատներն իրենց էլեկտրական և մեխանիկական հարաչափերով պետք է համապատասխանեն շարժաբերվող մեխանիզմի բնութագրերին` տվյալ տեղակայանքում նրա աշխատանքի բոլոր ռեժիմներում:

145. Խրոցակով հպակային միակցիչների կիրառումը տանովի էլեկտրաշարժիչների կառավարման համար թույլատրվում է միայն էլեկտրաշարժիչի 1 կՎտ-ից ոչ ավելի հզորության դեպքում: Խրոցակով հպակային միակցիչները, որոնք նախատեսված են 1 կՎտ-ից ավելի հզորության տանովի էլեկտրաշարժիչների միակցման համար, պետք է ունենան ուղեկապում, որի դեպքում միակցիչի միացումը և անջատումը հնարավոր է միայն էլեկտրաշարժիչի գլխավոր (ուժային) շղթայում գործարկման ապարատի անջատված դիրքում:

146. Մագնիսական գործարկիչների, հպարկիչների, ինքնավար անջատիչների փաթույթների միացումը հողակցված չեզոքով մինչև 1000 Վ լարման ցանցում կարող է կատարվել միջֆազային կամ ֆազային լարմամբ: Այդ ապարատների փաթույթները ֆազային լարմանը միացնելիս պետք է նախատեսված լինի դեպի էլեկտրաշարժիչ ճյուղավորման բոլոր երեք ֆազերի անջատում` ինքնավար անջատիչով, իսկ ապահովիչներով պաշտպանության դեպքում` հատուկ սարքվածքներով, որոնք գործարկչի կամ հպարկիչի անջատման վրա ազդում են` մեկ կամ ցանկացած երկու ֆազերում ապահովիչներն այրվելիս: Փաթույթները ֆազային լարմանը միացնելիս նրա զրոյական արտանցիչը պետք է հուսալիորեն միակցվի սնող գծի զրոյական աշխատանքային հաղորդչին կամ առանձին մեկուսացված հաղորդչին, որը միակցված է ցանցի զրոյական կետին:

147. Տրանսֆորմատոր-էլեկտրաշարժիչ բլոկի սխեմայով սնվող էլեկտրաշարժիչների փոխարկչային ապարատները պետք է տեղակայել, որպես կանոն, ցանցից բլոկը սնող ներանցման վրա` չտեղակայելով դրանք դեպի էլեկտրաշարժիչ ներանցման վրա:

148. Մեխանիզմների հեռակառավարման կամ ինքնավար կառավարման առկայության դեպքում պետք է նախատեսված լինի նախնական (գործարկումից առաջ) ազդանշանում կամ ձայնային ազդարարում` առաջիկա միացման մասին: Այդպիսի ազդանշանում և ազդարարում չի պահանջվում այն մեխանիզմների համար, որոնց մոտակայքում վթարային անջատման ապարատի տեղակայում չի պահանջվում (տես. սույն ՏԿ-ի 137-րդ կետը):

149. Հաղորդալարերը և մալուխները, որոնք գործարկման ռեոստատները միակցում են անհամաժամ էլեկտրաշարժիչների ռոտորների հետ, պետք է ընտրվեն ըստ երկարատև թույլատրելի հոսանքի` հետևյալ պայմանների համար`

1) աշխատանք` էլեկտրաշարժիչի օղակների կարճ միացմամբ մեխանիզմի գործարկման ստատիկ մոմենտի դեպքում, որը չի գերազանցում էլեկտրաշարժիչի անվանական մոմենտի 50 տոկոսը (թեթև գործարկում), ռոտորի անվանական հոսանքի 35 տոկոսը, մնացած դեպքերում` ռոտորի անվանական հոսանքի 50 տոկոսը.

2) աշխատանք` առանց էլեկտրաշարժիչի օղակների կարճ միակցման` ռոտորի անվանական հոսանքի 100 տոկոսը:

150. Կարճ միակցված ռոտորով անհամաժամ էլեկտրաշարժիչների և համաժամ էլեկտրաշարժիչների գործարկումը պետք է կատարվի ցանցին անմիջական միացմամբ (ուղիղ գործարկում): ՈՒղիղ գործարկման անհնարինության դեպքում պետք է կիրառել գործարկում ռեակտորի, տրանսֆորմատորի կամ ավտոտրանսֆորմատորի միջոցով: Հատուկ դեպքերում թույլատրվում է ցանցի հաճախականությունը զրոյից բարձրացումով գործարկման կիրառում:

 

16. 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԱՆՀԱՄԱԺԱՄ ԵՎ ՀԱՄԱԺԱՄ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

151. Էլեկտրաշարժիչների վրա պետք է նախատեսվի պաշտպանություն բազմաֆազ միակցումներից (տես սույն ՏԿ-ի 155-րդ կետը) և ստորև մատնանշված դեպքերում` պաշտպանություն հողի հետ միաֆազ միակցումից (տես սույն ՏԿ-ի 159-րդ կետը) պաշտպանություն գերբեռնման հոսանքներից (տես սույն ՏԿ-ի 160-ից մինչև 162-րդ կետերը) և նվազագույն լարման պաշտպանություն (տես սույն ՏԿ-ի 165-րդ և 166-րդ կետերը): Համաժամ էլեկտրաշարժիչների վրա, բացի դրանից, պետք է նախատեսվի պաշտպանություն անհամաժամ ռեժիմից (տես սույն ՏԿ-ի 163-րդ և 164-րդ կետերը), որը կարող է համատեղվել գերբեռնման հոսանքներից պաշտպանության հետ: Պտտման փոփոխվող հաճախականությամբ էլեկտրաշարժիչների պաշտպանությունը պետք է կատարվի պտտման յուրաքանչյուր հաճախականության համար` առանձին լրակազմի տեսքով, որն ազդում է իր անջատիչի վրա:

152. Էլեկտրաշարժիչների վրա, որոնք ունեն առանցքակալների հարկադրական յուղում, պետք է տեղակայել պաշտպանություն, որը գործում է ազդանշանի վրա և էլեկտրաշարժիչի անջատման վրա` ջերմաստիճանը բարձրանալիս կամ յուղման գործողությունը դադարելիս:

153. Էլեկտրաշարժիչների վրա, որոնք ունեն հարկադրական օդափոխություն, պետք է տեղակայել պաշտպանություն, որը գործում է ազդանշանի վրա և էլեկտրաշարժիչի անջատման վրա` ջերմաստիճանը բարձրանալիս կամ օդափոխության գործողությունը դադարելիս:

154. Փաթույթների և ստատորի ակտիվ պողպատի ջրային հովացումով էլեկտրաշարժիչները, ինչպես նաև ջրով հովացվող ներկառուցված օդահովացուցիչներով էլեկտրաշարժիչները պետք է ունենան պաշտպանություն, որն ազդանշանում է` ջրի հոսքը տրված արժեքից փոքրանալիս, և անջատում էլեկտրաշարժիչը` այն դադարելիս: Բացի դրանից, պետք է նախատեսված լինի ազդանշանում, որը գործում է` էլեկտրաշարժիչի հենամարմնի մեջ ջուր հայտնվելիս:

155. Էլեկտրաշարժիչները բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար այն դեպքերում, երբ ապահովիչներ չեն կիրառվում, պետք է նախատեսվի`

1) առանց պահաժամի հոսանային միառելե ընդհատիչ, գործարկման հոսանքների շրջանցմամբ` դուրս բերված գործարկիչ սարքվածքների դեպքում, երկու ֆազերի հոսանքների տարբերության վրա միացված ուղիղ կամ միջանկյալ ռելեով` 2 ՄՎտ-ից փոքր հզորության էլեկտրաշարժիչների համար.

2) առանց պահաժամի հոսանային երկռելե ընդհատիչ, գործարկման հոսանքների շրջանցմամբ` դուրս բերված գործարկիչ սարքվածքների դեպքում, ուղիղ կամ միջանկյալ գործողության ռելեով` 2 ՄՎտ և ավելի հզորության էլեկտրաշարժիչների համար, որոնք ունեն հողի հետ միակցումներից անջատման վրա գործող պաշտպանություն (տես սույն ՏԿ-ի 159-րդ կետը), ինչպես նաև 2 ՄՎտ-ից փոքր հզորության էլեկտրաշարժիչների համար, երբ պաշտպանությունն ըստ սույն կետի 1-ին ենթակետի չի բավարարում զգայնության պահանջները կամ երբ երկռելե ընդհատիչը նպատակահարմար է դառնում լրակազմ պաշտպանությամբ կամ ուղիղ գործողության ռելեով շարժաբերի կատարման համար: Հողի հետ միաֆազ միակցումներից պաշտպանության բացակայության դեպքում 2 ՄՎտ և ավելի հզորության էլեկտրաշարժիչների հոսանային ընդհատիչը պետք է կատարվի եռառելե` հոսանքի երեք տրանսֆորմատորներով: Թույլատրվում է պաշտպանություն երկֆազ կատարմամբ` համալրելով այն հողի հետ կրկնակի միակցումներից պաշտպանությամբ` կատարված զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորի և հոսանային ռելեի օգնությամբ.

3) երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն 5 ՄՎտ և ավելի, ինչպես նաև 5 ՄՎտ-ից ցածր հզորության էլեկտրաշարժիչների համար, եթե հոսանային ընդհատիչների տեղակայումն ըստ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի չի ապահովում զգայնության պահանջները. էլեկտրաշարժիչների երկայնական դիֆերենցիալ պաշտպանությունը դրանց` հողի հետ միակցումից պաշտպանության առկայության դեպքում պետք է ունենա երկֆազ կատարում, իսկ այդ պաշտպանության բացակայության դեպքում` եռաֆազ, հոսանքի երեք տրանսֆորմատորներով: Թույլատրվում է երկֆազ կատարմամբ պաշտպանություն` համալրելով հողի հետ կրկնակի միակցումներից պաշտպանությամբ` կատարված զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորի և հոսանքի ռելեի օգնությամբ: 5 ՄՎտ և ավելի հզորության, առանց ստատորի փաթույթի վեց արտանցիչների կատարման էլեկտրաշարժիչների համար պետք է նախատեսվի հոսանային ընդհատիչ:

156. Տրանսֆորմատոր (ավտոտրանսֆորմատոր) - էլեկտրաշարժիչ բլոկների համար պետք է նախատեսվի ընդհանուր պաշտպանություն բազմաֆազ միակցումներից`

1) հոսանային ընդհատիչ առանց պահաժամի, գործարկման հոսանքների շրջանցմամբ` դուրս բերված գործարկիչ սարքվածքների դեպքում (տես նաև սույն ՏԿ-ի 155-րդ կետը) մինչև 2 ՄՎտ հզորության էլեկտրաշարժիչների համար: Տրանսֆորմատորի փաթույթների միացման աստղ-եռանկյուն սխեմայի դեպքում հոսանային ընդհատիչը կատարվում է երեք հոսանային ռելեներից` երկուսը միացված ֆազային հոսանքներին և մեկը` այդ հոսանքների գումարի վրա: Երեք ռելեների տեղակայման անհնարինության դեպքում (օրինակ, ուղիղ գործողության ռելեների սահմանափակ քանակի դեպքում) թույլատրվում է երկու ռելեով սխեմա, որոնք միացված են հոսանքի երեք տրանսֆորմատորների եռանկյունաձև միացված երկրորդային փաթույթներին.

2) երկռելե կատարմամբ դիֆերենցիալ ընդհատիչ` տրանսֆորմատորի մագնիսացման հոսանքի թռիչքների շրջանցմամբ` 2 ՄՎտ-ից ավելի, ինչպես նաև 2 ՄՎտ և պակաս հզորության էլեկտրաշարժիչների համար, եթե պաշտպանությունն ըստ սույն կետի 1-ին ենթակետի չի բավարարում զգայնության պահանջները` էլեկտրաշարժիչի արտանցիչների վրա երկֆազ ԿՄ-ի դեպքում.

3) երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն` երկռելե կատարմամբ, միջանկյալ հագեցող հոսանքի տրանսֆորմատորներով` 5 ՄՎտ-ից ավելի հզորության, ինչպես նաև 5 ՄՎտ և պակաս հզորության էլեկտրաշարժիչների համար, եթե հոսանային ընդհատիչի կատարումն ըստ 1-ին և 2-րդ ենթակետերի չի բավարարում զգայնության պահանջները: Զգայնության գնահատումը էլեկտրաշարժիչի արտանցիչների վրա ԿՄ-ի դեպքում պետք է կատարվի ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 50-ից մինչև 53-րդ կետերի պահանջներին համապատասխան: Պաշտպանությունը պետք է գործի բլոկի անջատիչի անջատման վրա, իսկ համաժամ էլեկտրաշարժիչների մոտ` նաև ԴԻՄ-ի վրա, եթե այն նախատեսված է:

157. 20 ՄՎտ-ից ավելի հզորության էլեկտրաշարժիչներով բլոկների համար պետք է նախատեսվի պաշտպանություն հողի հետ միակցումից, որն ընդգրկում է էլեկտրաշարժիչի ստատորի փաթույթի գալարների առնվազն 85 տոկոսը և գործում է ազդանշանի վրա` պահաժամով:

158. Տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) և էլեկտրաշարժիչների պաշտպանության մնացած տեսակների կատարման մասին ցուցումները` ըստ ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 85-րդ և 87-ից մինչև 95-րդ կետերի, իսկ դրանց առանձին-առանձին աշխատանքի դեպքում ուժի մեջ են նաև այն դեպքում, երբ նրանք միավորված են տրանսֆորմատոր (ավտոտրանսֆորմատոր) - էլեկտրաշարժիչ բլոկի մեջ:

159. Մինչև 2 ՄՎտ հզորության էլեկտրաշարժիչների պաշտպանությունը հողի հետ միաֆազ միակցումներից, փոխհատուցման բացակայության դեպքում, պետք է նախատեսվի հողի հետ միակցման 10 Ա և ավելի հոսանքների դեպքում, իսկ փոխհատուցման առկայության դեպքում` եթե մնացորդային հոսանքը բնականոն պայմաններում գերազանցում է այդ արժեքը: Այդպիսի պաշտպանությունը 2 ՄՎտ-ից ավելի հզորության էլեկտրաշարժիչների համար պետք է նախատեսվի 5 Ա և ավելի հոսանքների դեպքում`

1) հողի հետ միակցումից էլեկտրաշարժիչի պաշտպանության գործարկման հոսանքը պետք է լինի ոչ ավելի. մինչև 2 ՄՎտ հզորության էլեկտրաշարժիչների համար` 10 Ա և 2 ՄՎտ-ից ավելի հզորության շարժիչների համար` 5 Ա: Հանձնարարվում են պաշտպանության գործարկման ավելի փոքր հոսանքներ, եթե դա չի բարդացնում պաշտպանության կատարումը.

2) պաշտպանությունը պետք է կատարել առանց պահաժամի (բացառությամբ էլեկտրաշարժիչների, որոնց համար պահանջվում է պաշտպանության գործարկման հապաղում` ըստ անցումային պրոցեսներից կարգաբերման պայմանի)` զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորների օգտագործմամբ, որոնք տեղակայվում են ԲՍ-ում: Այն դեպքերում, երբ զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորների տեղակայումը ԲՍ-ում հնարավոր չէ կամ կարող է առաջացնել պաշտպանության պահաժամի մեծացում, թույլատրվում է դրանք տեղակայել էլեկտրաշարժիչի արտանցիչների մոտ` հիմքային փոսի մեջ.

3) եթե պաշտպանությունն ըստ անցումային պրոցեսներից կարգաբերման պայմանի պետք է ունենա պահաժամ, ապա, հողի հետ կրկնական միակցումների արագագործ անջատումն ապահովելու համար, տարբեր կետերում պետք է տեղակայվի լրացուցիչ հոսանային ռելե` գործարկման 50-ից մինչև 100 Ա առաջնային հոսանքով: Պաշտպանությունը պետք է գործի էլեկտրաշարժիչի անջատման վրա, իսկ համաժամ էլեկտրաշարժիչների մոտ` նաև ԴԻՄ սարքվածքի վրա, եթե այն նախատեսված է:

160. Գերբեռնումից պաշտպանություն պետք է նախատեսվի այն էլեկտրաշարժիչների վրա, որոնք ենթարկվում են գերբեռնման տեխնոլոգիական պատճառներով, ինչպես նաև գործարկման և ինքնագործարկման առանձնապես ծանր պայմաններով էլեկտրաշարժիչների վրա (անմիջապես ցանցից գործարկման տևողությունը` 20 վ և ավելի), որոնց գերբեռնումը հնարավոր է գործարկման ժամանակի տևողությունը չափից ավելի մեծանալիս` ցանցում լարման նվազման հետևանքով: Գերբեռնումից պաշտպանությունը պետք է նախատեսել մեկ ֆազում` հոսանքից կախյալ կամ անկախ պահաժամով, որը կարգաբերվում է` ելնելով բնականոն պայմաններում էլեկտրաշարժիչի գործարկման և ՊԻՄ-ի ու ԻԿՄ-ի գործելուց հետո ինքնագործարկման տևողությունից: Համաժամ էլեկտրաշարժիչների գրգռման տևական ուժեղացման դեպքում, գերբեռնումից պաշտպանության ավելորդ գործարկումից խուսափելու համար, պահաժամը պետք է հնարավորին չափ մոտ լինի էլեկտրաշարժիչի ջերմային բնութագրին համապատասխանող թույլատրելի ամենամեծ պահաժամին:

161. Տեխնոլոգիական պատճառներով գերբեռնման ենթակա էլեկտրաշարժիչների վրա պաշտպանությունը պետք է կատարվի ազդանշանի և մեխանիզմի ինքնավար բեռնաթափման վրա գործողությամբ: Պաշտպանության գործողությունը էլեկտրաշարժիչի անջատման վրա թույլատրվում է`

1) մեխանիզմների էլեկտրաշարժիչների վրա, որոնց մոտ բացակայում է ժամանակին, առանց կանգի բեռնաթափման հնարավորությունը կամ էլեկտրաշարժիչների վրա, որոնք աշխատում են առանց անձնակազմի մշտական հերթապահության.

2) թողարկման կամ ինքնաթողարկման ծանր պայմաններ ունեցող էլեկտրաշարժիչների վրա:

162. Այն էլեկտրաշարժիչների համար, որոնց պաշտպանությունը ԿՄ-ի հոսանքներից իրագործվում է իրենց այրվելն ազդանշանելու համար օժանդակ հպակներ չունեցող ապահովիչներով, գերբեռնումից պաշտպանություն պետք է նախատեսվի երկու ֆազերում:

163. Համաժամ էլեկտրաշարժիչների պաշտպանությունն անհամաժամ ռեժիմից կարող է իրականացվել ռելեի միջոցով, որն արձագանքում է ստատորի փաթույթում հոսանքի մեծացմանը. այն պետք է կարգաբերվի ըստ ժամանակի` գործարկման ռեժիմից և գրգռման ուժեղացման հետևանքով մեծացած հոսանքից`

1) պաշտպանությունը պետք է կատարվի պահաժամի` հոսանքից չկախված բնութագրով: Թույլատրվում է հոսանքից կախված բնութագրով պաշտպանության կիրառում ԿՄ-ի` 1-ից ավելի հարաբերություն ունեցող էլեկտրաշարժիչների վրա`

2) պաշտպանության սխեման կատարելիս` պետք է միջոցներ ձեռնարկվեն կանխելու համար պաշտպանության խափանումն անհամաժամ ռեժիմի հոսանքի զարկերի ժամանակ.

3) թույլատրվում է պաշտպանության այլ միջոցների կիրառում, որոնք ապահովում են պաշտպանության հուսալի գործողությունը` անհամաժամ ռեժիմ առաջանալիս:

164. Համաժամ էլեկտրաշարժիչների պաշտպանությունն անհամաժամ ռեժիմից պետք է գործի պահաժամով` հետևյալ սխեմաներից որևէ մեկին համապատասխան`

1) վերահամաժամացում.

2) վերահամաժամացում` մեխանիզմի կարճատև բեռնաթափմամբ մինչև այնպիսի բեռնվածք, որի դեպքում ապահովվում է էլեկտրաշարժիչի ներքաշումը համաժամ ռեժիմ (ըստ տեխնոլոգիական պրոցեսի պայմանների կարճատև բեռնաթափման թույլատրելիության դեպքում).

3) էլեկտրաշարժիչի անջատում և կրկնական ինքնավար գործարկում.

4) էլեկտրաշարժիչի անջատում (նրա բեռնաթափման կամ վերահամաժամացման անհնարին լինելու դեպքում, ինքնավար կրկնական գործարկման և, ըստ տեխնոլոգիական պրոցեսի պայմանների, վերահամաժամացման անհրաժեշտության բացակայության դեպքում`):

165. ԿՄ-ի անջատելուց հետո լարման վերականգնման պայմանները հեշտացնելու և պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների ինքնագործարկումն ապահովելու համար պետք է նախատեսել ոչ պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների անջատում` նվազագույն լարման պաշտպանությամբ, որոնց գումարային հզորությունը որոշվում է սնման աղբյուրների և ցանցի` ինքնագործարկումն ապահովելու հնարավորություններով`

1) նվազագույն լարման պաշտպանության պահաժամերը պետք է ընտրվեն 0,5-ից մինչև 1,5 վ սահմաններում` մեկ աստիճանով մեծ բազմաֆազ ԿՄ-ից արագագործ պաշտպանությունների գործողության ժամանակից, իսկ ըստ լարման նախադրվածքները պետք է լինեն անվանական լարման 70 տոկոսից ոչ բարձր.

2) համաժամ էլեկտրաշարժիչների առկայության դեպքում, եթե լարումն անջատված հատվածամասի վրա մարում է դանդաղ, ՊԻՄ-ի և ԻԿՄ-ի գործողությունն արագացնելու նպատակով կարող է կիրառվել պատասխանատու մեխանիզմների համաժամ էլեկտրաշարժիչների դաշտի մարում` նվազագույն հաճախականության պաշտպանության օգնությամբ կամ ուրիշ եղանակներով, որոնք ապահովում են լարման կորստի արագ սևեռում: Այդ նույն միջոցները կարող են օգտագործվել ոչ պատասխանատու համաժամ էլեկտրաշարժիչների անջատման համար, ինչպես նաև անջատված շարժիչների անհամաժամ միացման նախազգուշացման համար, եթե անջատման հոսանքները գերազանցում են թույլատրելի արժեքները.

3) արդյունաբերական կազմակերպությունների էլեկտրասարքավորումներում, երբ չի կարող իրագործվել պատասխանատու մեխանիզմների բոլոր էլեկտրաշարժիչների միաժամանակյա ինքնագործարկում (տես սույն ՏԿ-ի 114-րդ կետը), պետք է նախատեսվի այդպիսի պատասխանատու մեխանիզմների մի մասի անջատում և դրանց ինքնավար կրկնական գործարկում` էլեկտրաշարժիչների առաջին խմբի ինքնագործարկման ավարտից հետո: Հաջորդ խմբերի միացումը կարող է իրականացվել` ըստ հոսանքի, լարման կամ ժամանակի:

166. 10 վ պահաժամով և, որպես կանոն, անվանական լարման 50 տոկոսից ոչ բարձր արժեքի նախադրվածքով նվազագույն լարման պաշտպանություն (բացի սույն ՏԿ-ի 165-րդ կետում նշված դեպքերից) պետք է տեղակայվի պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների վրա այն դեպքերում, երբ մեխանիզմների ինքնագործարկումը կանգից հետո անթույլատրելի է` ըստ տեխնոլոգիական պրոցեսների պայմանների կամ ըստ անվտանգության պայմանների և, բացի դրանից, երբ չի կարող ապահովվել պատասխանատու մեխանիզմների բոլոր էլեկտրաշարժիչների ինքնագործարկումը (տես սույն ՏԿ-ի 165-րդ կետը): Բացի նշված դեպքերից, այդ պաշտպանությունը պետք է օգտագործել նաև փոխպահուստավորվող մեխանիզմների էլեկտրաշարժիչների ՊԻՄ-ի գործարկման հուսալիությունն ապահովելու համար:

167. Պտտման փոփոխվող հաճախականությամբ պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների վրա, որոնց ինքնագործարկումը թույլատրելի է և նպատակահարմար, նվազագույն լարման պաշտպանությունները պետք է կատարեն ինքնավար փոխարկում պտտման ամենացածր հաճախականության վրա:

168. Համաժամ էլեկտրաշարժիչների վրա պետք է նախատեսվի դաշտի ինքնավար մարում: 2 ՄՎտ և ավելի հզորության էլեկտրաշարժիչների համար ԴԻՄ-ը իրականացվում է գրգռման փաթույթի շղթայի մեջ դիմադրություն մտցնելու միջոցով: 2 ՄՎտ-ից փոքր հզորության էլեկտրաշարժիչների համար թույլատրվում է ԴԻՄ-ն իրագործել` գրգռիչի գրգռման փաթույթի շղթայի մեջ դիմադրություն մտցնելով: 0,5 ՄՎտ-ից փոքր հզորության էլեկտրաշարժիչների համար ԴԻՄ չի պահանջվում: Համաժամ էլեկտրաշարժիչների վրա, որոնք համալրված են կառավարվող կիսահաղորդչային տարրերի վրա կատարված գրգռման համակարգով, ԴԻՄ-ն, անկախ շարժիչի հզորությունից, կարող է իրականացվել կերպափոխմամբ (ինվերտորացմամբ), եթե այն ապահովվում է սնման սխեմայով: Հակառակ դեպքում, ԴԻՄ-ը պետք է իրականացվի` գրգռման փաթույթի շղթայում դիմադրություն մտցնելով:

 

17. ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ (ԱՆՀԱՄԱԺԱՄ, ՀԱՄԱԺԱՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔԻ)

 

169. Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների համար պետք է նախատեսվի պաշտպանություն բազմաֆազ միակցումներից (տես սույն ՏԿ-ի 171-րդ և 172-րդ կետերը), խուլ հողակցված չեզոքով ցանցերում` նաև միաֆազ միակցումներից, իսկ սույն ՏԿ-ի 173-րդ և 174-րդ կետերում նախատեսված դեպքերում, բացի դրանից, պաշտպանություն գերբեռնման հոսանքներից և նվազագույն լարման պաշտպանություն: Համաժամ էլեկտրաշարժիչների վրա (երբ լրիվ բեռնվածքով համաժամացում իրականացնել հնարավոր չէ) լրացուցիչ պետք է նախատեսվի պաշտպանություն անհամաժամ ռեժիմից` համաձայն սույն ՏԿ-ի 175-րդ կետի:

170. Հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչների համար պետք է նախատեսվեն պաշտպանություններ ԿՄ-ից: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կարող են տեղակայվել պաշտպանություններ գերբեռնումից և պտտման հաճախականության` չափից ավելի մեծացումից:

171. Էլեկտրաշարժիչները ԿՄ-երից պաշտպանելու համար պետք է կիրառվեն ապահովիչներ կամ ինքնավար անջատիչներ: Ապահովիչների հալուն ներդիրները և ինքնավար անջատիչների խզիչները պետք է ընտրվեն այնպես, որ ապահովվի էլեկտրաշարժիչի սեղմակների վրա ԿՄ-ի հուսալի անջատում (տես ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 13-րդ գլխի, 2-րդ կետի «բ» ենթակետը) և, դրա հետ մեկտեղ, որ էլեկտրաշարժիչները տվյալ էլեկտրասարքավորման համար բնականոն հոսանքի թռիչքների (տեխնոլոգիական բեռնվածքների գագաթներում, գործարկման, ինքնագործարկման հոսանքների և այլն) դեպքում այդ պաշտպանությամբ չանջատվեն: Այդ նպատակով գործարկման հեշտ պայմաններով մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար էլեկտրաշարժիչի գործարկման հոսանքի հարաբերությունը հալուն ներդիրի հոսանքին պետք է լինի 2,5-ից ոչ ավելի, իսկ գործարկման ծանր պայմաններով էլեկտրաշարժիչների համար (թափառքի մեծ տևողություն, հաճախակի գործարկումներ և այլն) այդ հարաբերությունը պետք է լինի 2,0-ից մինչև 1,6`

1) պատասխանատու մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար ապահովիչները հոսանքի թռիչքներից առանձնապես հուսալիորեն կարգաբերելու նպատակով թույլատրվում է այդ հարաբերությունն ընդունել 1,6-ի հավասար` անկախ էլեկտրաշարժիչի գործարկման պայմաններից, եթե էլեկտրաշարժիչի սեղմակների վրա ԿՄ-ի հոսանքի պատիկությունը համապատասխանում է ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 14-րդ կետի պայմաններին.

2) թույլատրվում է ԿՄ-ից պաշտպանությունն էլեկտրաշարժիչների խմբի համար իրականացնել մեկ ընդհանուր ապարատով` պայմանով, որ պաշտպանությունն ապահովում է գործարկման ապարատների ջերմային դիմացկունությունը և պաշտպանության ապարատներինը` այդ խմբի յուրաքանչյուր էլեկտրաշարժիչի շղթայում կիրառված գերբեռնումներից:

172. Էլեկտրակայաններում հիմնական տեխնոլոգիական պրոցեսների հետ կապված սեփական կարիքների էլեկտրաշարժիչները ԿՄ-ից պաշտպանելու համար պետք է կիրառվեն ինքնավար անջատիչներ: Էլեկտրակայանների սեփական կարիքների համակարգում ինքնավար անջատիչների էլեկտրամագնիսական խզիչների ոչ բավարար զգայնության դեպքում կարող են կիրառվել դուրս բերված ռելեներ` անջատիչի անկախ խզիչի վրա ներգործմամբ: Պաշտպանությունների ընտրողականությունը հուսալիորեն ապահովելու համար էլեկտրակայանների սեփական կարիքների սնող ցանցում, որպես ԿՄ-ից էլեկտրաշարժիչների պաշտպանություն, հանձնարարվում է կիրառել էլեկտրամագնիսական խզիչ-ընդհատիչներ:

173. Գերբեռնումներից էլեկտրաշարժիչների պաշտպանություն պետք է տեղակայվի այն դեպքերում, երբ հնարավոր է մեխանիզմի գերբեռնում տեխնոլոգիական պատճառներով, ինչպես նաև, երբ գործարկման կամ ինքնագործարկման ծանր պայմանների դեպքում անհրաժեշտ է սահմանափակել գործարկման տևողությունը` լարման նվազման դեպքում: Պաշտպանությունը պետք է կատարվի պահաժամով և կարող է իրականացվել ջերմային ռելեով կամ ուրիշ սարքվածքներով: Պաշտպանությունը գերբեռնումից պետք է գործի անջատման վրա, ազդանշանի վրա կամ մեխանիզմի բեռնաթափման վրա, եթե բեռնաթափում հնարավոր է: Գերբեռնումից պաշտպանություն չի պահանջվում կրկնվող-կարճատև աշխատանքի ռեժիմով էլեկտրաշարժիչների համար:

174. Նվազագույն լարման պաշտպանությունը պետք է տեղակայվի հետևյալ դեպքերում`

1) հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչների համար, որոնք չեն կարող միացվել անմիջապես ցանցին.

2) այն մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար, որոնց ինքնագործարկումը կանգից հետո անթույլատրելի է` ըստ տեխնոլոգիական պրոցեսի կամ անվտանգության պայմանների.

3) այլ էլեկտրաշարժիչների մի մասի համար` սույն ՏԿ-ի 165-րդ կետում բերված պայմաններին համապատասխան.

4) պատասխանատու էլեկտրաշարժիչների համար, որոնց ինքնաթողարկումը անհրաժեշտություն է, եթե դրանց միացումը կատարվում է պահող փաթույթներ ունեցող հպարկիչների և գործարկիչների օգնությամբ, պետք է կառավարման շղթայում կիրառվեն պահաժամի մեխանիկական կամ էլեկտրական սարքվածքներ, որոնք ապահովում են էլեկտրաշարժիչի միացումը` տվյալ ժամանակի ընթացքում լարումը վերականգնելիս: Այդպիսի էլեկտրական շղթաների համար, եթե դա թույլատրելի է տեխնոլոգիական պրոցեսների և անվտանգության պայմաններով, կարելի է նաև կառավարման կոճակների փոխարեն կիրառել անջատիչներ, որպեսզի պահող փաթույթների շղթան մնա փակ` գործարկչի օժանդակ հպակի հետ միասին, դրանով ապահովվի ինքնավար հետադարձ միացում լարումը վերականգնվելիս` անկախ սնման ընդմիջման ժամանակից:

175. Համաժամ էլեկտրաշարժիչների պաշտպանությունը անհամաժամ ռեժիմից պետք է, որպես կանոն, իրականացվի ըստ ստատորի հոսանքի` գերբեռնումից պաշտպանության միջոցով:

176. Պաշտպանությունը ԿՄ-ից փոփոխական հոսանքի և հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչներում պետք է նախատեսվի`

1) հողակցված չեզոքով էլեկտրակայանքներում` բոլոր ֆազերում և բևեռներում.

2) մեկուսացված չեզոքով էլեկտրակայանքներում. ապահովիչներով պաշտպանության դեպքում` բոլոր ֆազերում կամ բևեռներում, ինքնավար անջատիչներով պաշտպանության դեպքում` ոչ պակաս, քան երկու ֆազում կամ մեկ բևեռում. ընդ որում, միևնույն էլեկտրակայանքի սահմաններում պաշտպանությունը պետք է իրականացնել միևնույն ֆազերում կամ բևեռներում:

177. Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչի պաշտպանությունը գերբեռնումներից պետք է կատարվի. երկու ֆազերում` էլեկտրակայանքը ԿՄ-ից ապահովիչներով պաշտպանելիս, մեկ ֆազում` էլեկտրակայանքը ԿՄ-ից ինքնավար անջատիչներով պաշտպանելիս: Հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչների պաշտպանությունը գերբեռնումներից պետք է կատարվի մեկ բևեռում:

178. Էլեկտրաշարժիչների պաշտպանության ապարատները պետք է բավարարեն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 3-րդ գլխի պահանջները: ԿՄ-ից, գերբեռնումից, նվազագույն լարումից էլեկտրաշարժիչների պաշտպանության բոլոր տեսակները թույլատրվում է իրականացնել մեկ ապարատի մեջ ներսարքված համապատասխան խզիչներով:

179. Երկու ֆազով աշխատանքից պաշտպանության հատուկ տեսակներ թույլատրվում է կիրառել, բացառության կարգով, այն էլեկտրաշարժիչների վրա, որոնք չունեն գերբեռնումից պաշտպանություն, և որոնց համար գոյություն ունի մեկ ֆազի կորստի բարձր հավանականություն, ինչը կհանգեցնի էլեկտրաշարժիչի շարքից դուրս գալուն` ծանր հետևանքներով:

 

V. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ

 

18. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

180. Ամբարձչի էլեկտրամատակարարումը պետք է իրականացվի`

1) գլխավոր հպանվակներով, այդ թվում` նաև փոքր եզրաչափերով հպանվակային հոսանատարով.

2) անշարժ սնուցող կետերից, որոնց հոսանահանիչ հպակների վրայով սահում են ամբարձչի վրա ամրացված հպանվակների հատվածները («հպակային դահուկներ»).

3) օղակաձև հոսանահաղորդչից,

4) ճկուն մալուխով,

5) անշարժ հոսանահաղորդչից (հիմքի վրա տեղակայված ամբարձիչների համար):

181. Ամբարձչի էլեկտրասարքավորումների կատարման տեսակը պետք է համապատասխանի շրջապատող միջավայրի պահանջներին:

182. Ամբարձչի վրա տեղակայված փոփոխական և հաստատուն հոսանքի շարժիչների, փոխակերպչային միացքների (անշարժ և պտտվող) լարումը պետք է լինի 10 կՎ-ից ոչ ավելի: 1000 Վ-ից բարձր լարման կիրառումը պետք է հիմնավորվի հաշվարկներով:

183. Ամբարձչի վրա թույլատրվում է տեղակայել մինչև 10 կՎ լարմամբ տրանսֆորմատոր և կոնդենսատորներ` ռեակտիվ հզորության փոխհատուցման մակարդակի բարձրացման համար: Տրանսֆորմատորները պետք է լինեն չոր կամ չայրվող հեղուկ դիէլեկտրիկով լեցուն: Կոնդենսատորները պետք է տոգորված լինեն չհրկիզվող արհեստական հեղուկով:

184. Ամբարձչի էլեկտրասարքավորման չմեկուսացված հոսանատար մասերը պետք է լինեն ցանկապատված, եթե դրանց դիրքը չի բացառում ամբարձչի կառավարման խցիկում, ստորանցքերում կամ հարթակների վրա, կամ նրա մոտ գտնվող մարդկանց պատահական հպումը այդ մասերին: Հպանվակների մասով տես սույն ՏԿ-ի 203-րդ և 206-րդ կետերում: Չմեկուսացված հոսանատար մասերով էլեկտրասարքավորումը (մագնիսական հսկիչներ, դիմադրատարրերի արկղ և այլն), որից ինքնավար կերպով լարումը հանվում է նրա տեղադրման վայր մուտք գործելիս, ինչպես նաև ապարատային խցիկներում և այլ` ամբարձչի շահագործման ժամանակ կողպված էլեկտրասենքերում տեղակայված էլեկտրասարքավորումը կարող է չցանկապատվել:

185. Ամբարձիչների խցիկներում ձեռքի կառավարմամբ ապարատները պետք է դասավորված լինեն այնպես, որ մեքենավարը կարողանա աշխատել նստած: Ապարատների բռնակների ու թափանիվների շարժման ուղղությունը պետք է հնարավորինս համապատասխանի դրանց առաջ բերած շարժման ուղղությանը:

186. Կառավարման խցիկում տեղադրված կառավարման վահանները պետք է ունենան հոծ կամ ցանցկեն ցանկապատում: Այդ վահանների սպասարկման անցուղիների լայնությունը պետք է լինի սույն ՏԿ-ի 187-րդ կետում բերվածներից ոչ պակաս: Կառավարման խցիկում էլեկտրաշարժիչների համար նախատեսված դիմադրատարրերի տեղակայում չի թույլատրվում:

187. Ապարատային խցիկներում և այլ էլեկտրասենքերում վահանների և առանձին պանելների սպասարկման միջանցքները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) հոծ կամ ցանցկեն ցանկապատում ունեցող վահանների և պանելների ինչպես դիմացը, այնպես էլ հետևում գտնվող միջանցքների լայնությունը պետք է լինի 0,6 մ-ից ոչ պակաս.

2) հեռավորությունը չցանկապատված և չմեկուսացված հոսանատար մասերից, որոնք գտնվում են 2,2 մ-ից պակաս բարձրության վրա` միջանցքի մի կողմից մինչև պատը և պաշտպանված կամ մեկուսացված հոսանատար մասերով սարքավորումները` միջանցքի մյուս կողմից, պետք է լինի 0,8 մ-ից ոչ պակաս: Հեռավորությունը չմեկուսացված հոսանատար մասերի միջև, որոնք գտնվում են 2,2 մ-ից պակաս բարձրության վրա` միջանցքի տարբեր կողմերում, պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

188. Ամբարձչի կառավարման խցիկում տեղադրված ջեռուցիչ սարքերը պետք է անվտանգ լինեն հրդեհի նկատմամբ, իսկ դրանց հոսանատար մասերը պետք է լինեն փակ: Այդ սարքերը ցանցին պետք է միացնել ներանցումային սարքվածքից հետո: Ջեռուցման սարքի հենամարմինը պետք է հողակցվի:

189. Այն հենամեջերում, որտեղ ընդհանուր ռելսային ամբարձուղիներում աշխատում են երկու և ավելի ամբարձիչներ, դրանցից յուրաքանչյուրի համար պետք է նախատեսված լինի իր նորոգման տարածքը: Այն պետք է համատեղված լինի սպասարկող անձնակազմի` ամբարձչի վրա բարձրանալու համար նախատեսված հարթակի սարքվածքի հետ`

1) հնարավոր է երկու և ավելի ամբարձիչների նորոգման տարածքների համատեղումը, եթե այն չի բերում տեխնոլոգիական գործընթացի անթույլատրելի սահմանափակման` յուրաքանչյուր ամբարձչի արտապլանային նորոգման ժամանակ.

2) նորոգման տարածքներ չեն պահանջվում, եթե ամբարձիչների սնումն իրականացվում է ճկուն գլխավոր հպանվակներից (ճկուն մալուխից):

 

19. ՄԻՆՉԵՎ 1000 Վ ԼԱՐՄԱՆ ՀՊԱՆՎԱԿՆԵՐ

 

190. Գլխավոր հպանվակների նորոգման տեղամասը պետք է էլեկտրականապես մեկուսացված լինի այդ նույն հպանվակների շարունակությունից մեկուսացված կցվածքներով և միացված լինի դրանց բաժանող ապարատներով այնպես, որ բնականոն աշխատանքի ընթացքում այդ տեղամասը գտնվի լարման տակ, իսկ ամբարձիչը նորոգման կանգնեցնելիս` հուսալիորեն անջատված`

1) կցվածքների մեկուսացումը պետք է իրականացվի օդային բացակի տեսքով, որի լայնությունը կախված է հոսանահանիչի կոնստրուկցիայից, բայց մինչև 1000 Վ լարման դեպքում պետք է լինի 50 մմ-ից ոչ պակաս: Հոսանահանիչի լայնությունը պետք է այնպիսին լինի, որ ամբարձչի բնականոն աշխատանքի ժամանակ բացառվեն լարման մատուցման ընդհատումները և նրա անակնկալ կանգը, երբ հոսանահանիչները հատում են հպանվակների մեկուսացված կցվածքները.

2) բաժանարար ապարատները, որոնք նորոգման տեղամասը միացնում են գլխավոր հպանվակների շարունակությանը, պետք է լինեն փակ տիպի և ունենան անջատված վիճակում կողպեքով փակելու հարմարանք:

191. Գլխավոր հպանվակների նորոգման տեղամասը, որը գտնվում է ամբարձչային հենամեջի ճակատամասում, պետք է սարքավորված լինի մեկ մեկուսացված կցվածքով և մեկ բաժանիչ ապարատով: Գլխավոր հպանվակների հենամեջի միջնամասում գտնվող նորոգման տեղամասը պետք է սարքավորված լինի երկու մեկուսացված կցվածքներով (ամեն կողմից մեկ հատ) և երեք բաժանիչ ապարատներով` միացված այնպես, որ հնարավոր լինի, շրջանցելով նորոգման տեղամասը` իրականացնել հպանվակների անընդհատ սնուցումը, ինչպես նաև առանձին անջատել ինչպես նորոգման տեղամասը, այնպես էլ նրա երկու կողմերում գտնվող հպանվակների հատվածամասերը:

192. Գլխավոր հպանվակների` ամբարձչային հենամեջի ճակատամասում գտնվող նորոգման տեղամասի երկարությունը պետք է լինի ոչ պակաս ամբարձչի կամրջակի լայնությունից` գումարած 2 մ, իսկ հենամեջի միջնամասում գտնվող տեղամասի երկարությունը` ոչ պակաս ամբարձչի կամրջի լայնությունից` գումարած 4 մ`

1) եթե ամբարձչի նորոգման համար տեղակայված է էլեկտրաբազմաճախարակ, ապա նորոգման տեղամասի երկարությունը պետք է որոշել` կախված նորոգման ժամանակ կամրջակի ընդունած ծայրագույն դիրքերից.

2) ամբարձչային հենամեջի ճակատամասում գտնվող նորոգման տեղամասում մեկուսացված կցվածքը պետք է 2 մ-ից ոչ պակաս հեռու լինի կամրջակի` ճակատից հաշված ամենահեռու դիրքից, որը նա կարող է ընդունել նորոգման ժամանակ.

3) հենամեջի միջնամասում գտնվող նորոգման տեղամասում մեկուսացված կցվածքները պետք է 2 մ-ից ոչ պակաս հեռու լինեն ամբարձչի կամրջակից` նորոգման ժամանակ ամբարձչի բոլոր հնարավոր դիրքերի համար:

193. Գլխավոր հպանվակների, իսկ դրանց հատվածամասերի բաժանման դեպքում` յուրաքանչյուր հատվածամասի և դրանց նորոգման տեղամասերի վրա պետք է նախատեսված լինի հնարավորություն` տեղակայելու բոլոր ֆազերը (բևեռները) իրար մեջ կարճ փակող և հողակցող միջակապ` ամբարձիչների և հպանվակների զննման ու նորոգման ժամանակ:

194. Գլխավոր հպանվակները և ամբարձչի հպանվակները պետք է իրագործվեն` ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 5-րդ գլխի և սույն բաժնի պահանջներին համապատասխան:

195. Փոքր եզրաչափերով հպանվակային հոսանատարների վրա ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 5-րդ գլխի, ինչպես նաև սույն ՏԿ-ի 196-րդ, 197-րդ, 199-րդ, 212-րդ կետերի և 190-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները չեն տարածվում:

196. Ամբարձչի գլխավոր հպանվակները պետք է պատրաստվեն, որպես կանոն, պողպատից: Թույլատրվում է այդ հպանվակները պատրաստել ալյումինի համաձուլվածքներից: Գլխավոր հպանվակների և ամբարձիչների հպանվակների համար պղնձի և երկմետաղների կիրառումը պետք է հատուկ հիմնավորվի:

197. Հպանվակները կարող են լինել կոշտ և ճկուն: Նրանք կարող են կախվել ճոպաններից և տեղադրվել տուփախողովակի կամ անցուղիների մեջ: Կոշտ հպանվակների կիրառման դեպքում պետք է նախատեսել շենքի նստվածքից և ջերմաստիճանից կախված գծային փոփոխությունների փոխհատուցման սարքվածք:

198. Հպանվակների ամրակապման տեղերի միջև հեռավորությունը պետք է լինի այնպիսին, որ բացառվի դրանց` իրար հետ և հողակցված մասերին միակցումը: Այդ հեռավորությունն ընտրվում է` հաշվի առնելով կախվածքի սլաքը, իսկ դրսում` բացի դրանից, հաշվի առնելով քամու ազդեցության տակ հաղորդչի շեղումը:

199. Սենքերում և դրանցից դուրս տեղակայված 660 Վ լարմամբ ամբարձիչների համար լուսանցիկ հեռավորությունները տարբեր ֆազերի (բևեռների) հպանվակների յուրաքանչյուր հոսանատար մասերի միջև, ինչպես նաև իրար և այլ` հողից չմեկուսացված կոնստրուկցիաների միջև պետք է լինեն 30 մմ-ից ոչ պակաս` մեկը մյուսի նկատմամբ հարաբերական անշարժ մասերի համար և 15 մմ` մեկը մյուսի նկատմամբ հարաբերական շարժվող մասերի համար: 660 Վ-ից բարձր լարման դեպքում այդ հեռավորությունները պետք է լինեն համապատասխանաբար 200 մմ-ից և 125 մմ-ից ոչ պակաս: Նշված հեռավորությունները պետք է ապահովված լինեն ամբարձչի գլխավոր հպանվակների համար` ամբարձչի, նրա սայլակի և այլն, բոլոր հնարավոր տեղաշարժերի ժամանակ:

200. Գլխավոր հպանվակներից և ամբարձչի հպանվակներից մինչև արտադրամասի հատակը կամ գետինն ընկած հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս` մինչև 660 Վ լարման դեպքում` 3,5 մ, իսկ երթևեկելի մասում` 6 մ. 660 Վ-ից բարձր լարումների դեպքում` 7 մ բոլոր տեղերում. նշված հեռավորությունների կրճատումը թույլատրվում է հպանվակների ցանկապատված լինելու դեպքում (սույն ՏԿ-ի 204-ից մինչև 206-րդ կետեր):

201. Հպանվակները հատակի` բետոնե սալիկներով կամ մետաղաթերթերով ծածկված անցուղիներով, ինչպես նաև գետնից 3,5 մ-ից պակաս բարձրությամբ տեղադրված տուփախողովակներով պետք է անցկացնել այնպես, որ հոսանահանիչներով բարձակի տեղաշարժման համար բացակը չհայտնվի հպանվակների հետ միևնույն ուղղաձիգ հարթության վրա: Հպանվակների տուփախողովակները պետք է պատրաստված լինեն ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 3-րդ գլխի պահանջներին համապատասխան: Հատակին գտնվող անցուղիներից պետք է ապահովվի հողային (գրունտային) և տեխնոլոգիական ջրերի հեռացումը:

202. Ամբարձչի էլեկտրասարքավորման սնուցման համար օգտագործվող ճկուն մալուխը այն տեղերում, որտեղ հնարավոր է նրա վնասվելը, պետք է համապատասխան ձևով պաշտպանվի: Մալուխի տեսակը պետք է ընտրվի` հաշվի առնելով նրա աշխատանքի պայմանները և հնարավոր մեխանիկական ներգործությունները:

203. Կամրջակային տիպի ամբարձչի գլխավոր հպանվակները պետք է տեղավորել ամբարձչի կառավարման խցիկի տեղադրման հակադիր կողմում: Բացառություններ թույլատրվում են այդ դեպքում, երբ գլխավոր հպանվակները անմատչելի են դրանց պատահական հպման համար կառավարման խցիկից, նստեցման հարթակից և աստիճաններից:

204. Գլխավոր հպանվակները և դրանց հոսանաարտանցիչները պետք է անմատչելի լինեն պատահական հպման համար ամբարձչի կամրջից, նստեցման և այլ հարթակներից, որտեղ կարող են մարդիկ լինել: Այն պետք է ապահովվի դրանց համապատասխան դասավորությամբ կամ ցանկապատմամբ:

205. Այն տեղերում, որտեղ հնարավոր է բեռնաճոպանի հպում նույն ամբարձչի կամ մեկ հարկ ներքև գտնվող ամբարձչի հպանվակների հետ, պետք է տեղակայված լինեն համապատասխան պաշտպանիչ սարքվածքներ:

206. Ամբարձչի հպանվակները և դրանց հոսանահանիչները, որոնք ինքնավար կերպով չեն անջատվում, պետք է լինեն ցանկապատված կամ տեղադրված լինեն ամբարձչի կամրջակի կրող հենակառույցների միջև այնպիսի հեռավորությամբ, որ անհասանելի լինի ամբարձիչը սպասարկող անձնակազմի համար:

207. Այն շրջաններում, որտեղ հնարավոր է հպանվակների վրա մերկասառույցի գոյացում, պետք է նախատեսվեն սարքվածքներ կամ միջոցառումներ` այն կանխարգելելու կամ վերացնելու համար:

208. Մինչև 1000 Վ լարման գլխավոր հպանվակները սնող գիծը պետք է ունենա փակ տիպի անջատիչ` նախատեսված նույն հենամեջում տեղակայված բոլոր ամբարձիչների աշխատանքային հոսանքն անջատելու համար: Անջատիչը պետք է տեղակայված լինի անջատման համար մատչելի տեղում և անջատի միայն մեկ հենամեջի հպանվակները`

1) եթե գլխավոր հպանվակներն ունեն երկու և ավելի հատվածամասեր, որոնցից յուրաքանչյուրը սնուցվում է առանձին գծով, ապա թույլատրվում է հպանվակների հատվածամասերով անջատումը` ձեռք առնելով այնպիսի միջոցներ, որոնք կբացառեն այլ հատվածամասերից լարման փոխանցումը անջատված հատվածամասին.

2) անջատիչը, իսկ հեռակառավարման դեպքում` անջատիչի կառավարման ապարատը պետք է ունենա անջատված վիճակում կողպեքով փակելու հարմարանք, ինչպես նաև վիճակի ցուցանակ` «Միացված է», «Անջատված է»:

209. Ծանր և շատ ծանր ռեժիմներում աշխատող ամբարձիչների համար մինչև 1000 Վ - լարման գլխավոր հպանվակները սնուցող գիծը խորհուրդ է տրվում պաշտպանել ինքնավար անջատիչով:

210. Գլխավոր հպանվակները պետք է սարքավորված լինեն լարման առկայության լուսային ազդանշանման համակարգով, իսկ հպանվակների հատվածամասերի բաժանման և նորոգման տեղամասերի առկայության դեպքում յուրաքանչյուր հատվածամաս և նորոգման տեղամաս պետք է սարքավորված լինի առանձին ազդանշանային համակարգով`

1) հանձնարարվում է այդ ազդանշանիչները անմիջականորեն միացնել հպանվակներին, որոնցում լամպերը վառվում են լարման առկայության դեպքում և հանգում` նրա անհետանալուն պես: Եռաֆազ հոսանքի հպանվակների դեպքում լամպերի քանակը պետք է հավասար լինի հպանվակների ֆազերի քանակին` մեկական լամպ` միացված յուրաքանչյուր ֆազին, իսկ հաստատուն հոսանքի հպանվակների դեպքում ազդանշանիչը պետք է ունենա երկու լամպ` զուգահեռ միացված.

2) լամպերի երկարակեցության համար պետք է ձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ (օրինակ, լրացուցիչ դիմադրությունների միացում)` բնականոն պայմաններում լարման գործող արժեքը սեղմակների վրա 10%-ով նվազեցնելու նպատակով:

211. Մագնիսական, հեղուկ մետաղ տեղափոխող ամբարձիչների, ինչպես նաև այլ ամբարձիչների, որոնց աշխատանքի ժամանակ լարման անհետացումը կարող է բերել վթարների, գլխավոր հպանվակներին կողմնակի էլեկտրաընդունիչների միացում չի թույլատրվում:

212. Կոշտ տիպի գլխավոր հպանվակները պետք է ներկված լինեն` բացառությամբ դրանց հպակային մակերևույթից: Նրանց ներկի գույնը պետք է տարբերվի շենքի ներկված կոնստրուկցիաների և ամբարձչի հեծանների գույնից. ընդ որում, նախընտրելի է կարմիր գույնը:

213. Սայլակավոր էլեկտրաամբարձիչների ճկուն մալուխին լարման մատուցման համար պետք է տեղակայված լինի հատուկ այդ նպատակի համար նախատեսված աշտարակ:

 

20. ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐԻ ԵՎ ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

214. Ամբարձիչների վրա կիրառվող հաղորդալարերի և մալուխների ընտրությունը և անցկացումը իրականացվում է ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 4-րդ և 9-րդ գլուխների և սույն գլխի պահանջներին համապատասխան:

215. Հաղորդալարերի անցկացումը ամբարձիչների վրա պետք է իրականացնել վաքերի, տուփախողովակների և խողովակների մեջ:

216. Բոլոր տիպի ամբարձիչների վրա կարող են օգտագործվել պղնձե, ալյումինապղնձե կամ ալյումինե ջղերով հաղորդալարեր և մալուխներ`

1) երկրորդային շղթաների հաղորդալարերի և մալուխների ջղերի կտրվածքը պետք է լինի 2,5 մմ2 -ից ոչ պակաս` պղնձե ջղերի համար և 4 մմ2 -ից ոչ պակաս` ալյումինե ջղերի համար: Թույլատրվում է բազմալար ջղերով 15 մմ2 կտրվածքից ոչ պակաս հաղորդալարերի կիրառումը` եթե դրանք չեն ենթարկվում մեխանիկական ազդեցության (տես սույն ՏԿ-ի 218-րդ կետը).

2) ծանր և առավել ծանր ռեժիմներում աշխատող ամբարձիչների, ինչպես նաև հանքային պարարտանյութերի հետ աշխատող ամբարձիչների համար երկրորդային շղթաներում նախընտրելի է կիրառել պղնձե ջղերով հաղորդալարեր և մալուխներ.

3) մինչև 60 Վ լարմամբ երկրորդային շղթաներում թույլատրվում է 0,5 մմ2-ից պակաս ջիղի կտրվածքի մակերես ունեցող բազմալար ջղերով պղնձե հաղորդալարերի և մալուխների կիրառումը պայմանով, որ ջղերի միացումները կատարվեն զոդման միջոցով և հաղորդալարերը չկրեն մեխանիկական բեռնվածք.

4) հեղուկ և շիկացած մետաղների հետ աշխատող ամբարձիչների երկրորդային շղթաները պետք է համալրվեն պղնձե հաղորդալարերով և մալուխներով (տես սույն ՏԿ-ի 219-րդ կետը):

217. Ամբարձիչների առաջնային շղթաներում հաղորդալարերի և մալուխների ալյումինե և ալյումինապղնձե ջղերը պետք է լինեն բազմալար` 16 մմ2 կտրվածքից ոչ պակաս: Միալար ալյումինե և ալյումինապղնձե ջղերով հաղորդալարերի և մալուխների կիրառումը ամբարձիչների առաջնային շղթաներում չի թույլատրվում:

218. Էլեկտրաբազմաճախարակներում, որոնք աշխատում են ինչպես առանձին, այնպես էլ այլ բեռնամբարձ մեքենաների կազմում, թույլատրվում է պաշտպանված, պղնձե ջղերով լարերի կիրառումը, երկրորդային շղթաներում և արգելակի էլեկտրամագնիսի շղթաներում` ոչ պակաս 0,75 մմ2 -ից, էլեկտրաշարժիչի շղթաներում` ոչ պակաս 1,5 մմ2 -ից. բացի այդ, նշված դեպքերում թույլատրվում է ալյումինե բազմալար, 2,5 մմ2 կտրվածքի ջղերով հաղորդալարերի կիրառումը:

219. Հեղուկ և շիկացած մետաղների հետ աշխատող ամբարձիչների հաղորդալարերի և մալուխների անցկացումը պետք է իրագործվի պողպատե խողովակների միջով: Այդ ամբարձիչներում չի թույլատրվում մեկ խողովակի միջով անցկացնել տարբեր մեխանիզմների ուժային շղթաներ, տարբեր մեխանիզմների կառավարման շղթաներ, մեկ մեխանիզմի ուժային և կառավարման շղթաներ:

220. Հեղուկ և շիկացած մետաղների հետ աշխատող ամբարձիչներում պետք է կիրառվեն ջերմադիմացկուն հաղորդալարեր և մալուխներ: Նրանց հոսանքի բեռնվածությունը պետք է որոշել` ելնելով շրջապատող օդի 60 օC ջերմաստիճանից:

221. Այն տեղերում, որտեղ հաղորդալարերի ու մալուխների մեկուսացումը և թաղանթը կարող են ենթարկվել յուղի ներազդմանը, պետք է կիրառվեն յուղադիմացկուն մեկուսացում և թաղանթ ունեցող հաղորդալարեր և մալուխներ: Այդ տեղերում ոչ յուղադիմացկուն մեկուսացում և թաղանթ ունեցող հաղորդալարերի և մալուխների կիրառումը թույլատրվում է այն պայմանով, որ նրանք դեպի էլեկտրաշարժիչները և այլ ապարատներ անցկացվում են հերմետիկ ներանցիչ ունեցող խողովակների միջով:

222. Հաղորդալարերի և մալուխների երկարատև թույլատրելի բեռնվածքը պետք է որոշվի` ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 3-րդ բաժնին համապատասխան:

223. Լարումը էլեկտրաշարժիչների և դրանց կառավարման շղթաների սեղմակների վրա ամբարձչի աշխատանքի բոլոր ռեժիմների դեպքում չպետք է ցածր լինի նրա անվանական արժեքի 85 տոկոսից:

224. Բոլոր շղթաների հաղորդալարերի և մալուխների ջղերը պետք է ունենան մակնշում:

 

21. ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄԸ

 

225. Կառավարման և ավտոմատիկայի շղթաների լարումը պետք է լինի ոչ բարձր 400 Վ-ից` փոփոխական և 440 Վ-ից` հաստատուն հոսանքի դեպքում: 500 Վ լարման էլեկտրացանց ունեցող ձեռնարկությունների համար նախատեսված ամբարձիչների համար թույլատրվում է 500 Վ լարման կիրառումը:

226. Ամբարձիչների էլեկտրասարքավորման պաշտպանությունը պետք է կատարվի սույն ՏԿ-ի IV բաժնի և ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

 

------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2009
N 554-Ն
Որոշում