Սեղմել Esc փակելու համար:
«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0554.260509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2009 թվականի N 554-Ն

 

«ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԷԼԵԿՏՐԱՈՒԺԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(3-րդ մաս)

 

22. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

227. Կառավարման և լուսավորության շղթաների սնման համար մինչև 42 Վ լարման ցանցերում թույլատրվում է որպես աշխատանքային հաղորդալար օգտագործել ամբարձչի մետաղական կոնստրուկցիաները` ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 4-րդ գլխի 5-րդ կետի պահանջներին համապատասխան:

228. Ամբարձիչների աշխատանքային լուսավորության լուսատուների անվանական լարումը փոփոխական հոսանքի դեպքում չպետք է գերազանցի 220 Վ լարումը: Սնող ցանցի` փոփոխական հոսանքի 380 Վ և բարձր լարման դեպքում լուսատուների սնուցումը պետք է իրականացվի ցածրացնող տրանսֆորմատորների միջոցով: Թույլատրվում է լուսատուները միացնել փոփոխական հոսանքի 380 Վ լարման ուժային ցանցի գծային լարմանը` աստղաձև միացմամբ`

1) 380/220 Վ լարման ցանցին ճկուն քառաջիղ մալուխով միացած շարժական ամբարձիչների լուսատուների սնումը պետք է իրականացնել ֆազ-զրո լարմամբ.

2) թույլատրվում է լուսատուները սնուցել հաստատուն հոսանքի մինչև 600 Վ լարման ուժային շղթայից` միացնելով դրանց հաջորդաբար.

3) ամբարձիչների աշխատանքային տարածքի լուսավորության համար նրանք պետք է ունենան հատուկ լուսատուներ (լուսարձակներ, լապտերներ):

229. Նորոգման լուսավորության համար լուսատուների լարումը չպետք է բարձր լինի 42 Վ-ից: Սնուցումը պետք է իրականացվի տրանսֆորմատորից կամ էլեկտրական կուտակչից, որոնք կարող են գտնվել ամբարձչի վրա կամ նորոգման կետում:

 

23. ՀՈՂԱԿՑՈՒՄԸ ԵՎ ԶՐՈՅԱԿՑՈՒՄԸ

 

230. Հողակցումը և զրոյակցումը պետք է իրագործվեն` ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի VI բաժնի պահանջներին համապատասխան: Համարվում է բավարար, երբ հողակցման և զրոյակցման ենթակա մասերը միակցված են ամբարձչի մետաղական կոնստրուկցիաներին. ընդ որում, պետք է ապահովված լինի մետաղական կոնստրուկցիաների էլեկտրական շղթայի անընդհատությունը: Եթե ամբարձչի էլեկտրասարքավորումը տեղակայված է նրա հողակցված մետաղական կոնստրուկցիաների վրա և հենարանային մակերևույթներին նախատեսված են մաքրված և չներկված տեղեր` էլեկտրական հպման ապահովման համար, ապա լրացուցիչ հողակցում չի պահանջվում:

231. Ամբարձչուղու ռելսերը կցվածքներում պետք է հուսալիորեն միացված լինեն (եռակցմամբ, բավարար կտրվածքի միջակապերի եռակցմամբ, զոդմամբ ենթամբարձչային մետաղյա հեծաններին) մեկը մյուսի հետ` անընդհատ էլեկտրական շղթա ստեղծելու համար: Այն էլեկտրասարքավորումներում, որոնց համար որպես պաշտպանական միջոցառում կիրառվում է հողակցումը կամ զրոյակցումը, ամբարձչի ուղեռելսերը պետք է համապատասխանաբար հողակցվեն կամ զրոյակցվեն: Ամբարձչի` բաց երկնքի տակ տեղակայման դեպքում ամբարձչի ուղեռելսերը, բացի դրանից, պետք է միակցվեն իրար և հողակցվեն. ընդ որում, ռելսերի հողակցման համար պետք է նախատեսվեն 2-ից ոչ պակաս հողակցիչներ` միացված ռելսերին տարբեր տեղերում:

232. Ամբարձչի` մալուխով սնվելու դեպքում պետք է իրագործվեն, բացի սույն ՏԿ-ի 220-րդ և 231-րդ կետերի պահանջներից, նաև ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 43-րդ գլխի պահանջները:

233. Հատակից (գետնից) կառավարվող ամբարձչի կոճակային կառավարման ապարատի հենամարմինը պետք է պատրաստված լինի մեկուսիչ նյութից կամ հողանցվի (զրոյակցվի) ոչ պակաս, քան երկու հաղորդիչներով: Որպես հաղորդիչ կարող է օգտագործվել ճոպանիկը, որից կախված է կոճակային ապարատը:

 

24. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ 1000 Վ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ

 

234. Սույն ՏԿ-ի 235-ից մինչև 243-րդ կետերում բերված պահանջները տարածվում են ամբարձիչների 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրասարքավորումների վրա և լրացնում են սույն բաժնի վերը նշված պահանջները:

235. Ամբարձիչների վրա տեղադրված 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրասարքավորումները պետք է իրագործվեն արտադրողի տեխնիկական պայմաններին համապատասխան:

236. Ամբարձիչների գլխավոր հպանվակների հատվածավորում, լուսային ազդանշանում և նորոգման տարածքների սարքվածքներ չեն պահանջվում:

237. Գլխավոր հպանվակների և ամբարձչի միջև լուսանցիկ հեռավորությունը հորիզոնականով պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս (բացառությունը տե՛ս սույն ՏԿ-ի 238-րդ և 239-րդ կետերում): Եթե գլխավոր հպանվակները տեղադրված են ամբարձչի հարթակների վերևում, որոնց վրա ամբարձչի շահագործման ժամանակ կարող են գտնվել մարդիկ, հպանվակները պետք է տեղադրվեն հարթակի մակարդակից 3 մ-ից ոչ պակաս բարձրությամբ, իսկ հարթակը վերևից պետք է ծածկված լինի ցանցապատնեշով:

238. Գլխավոր հպանվակների հոսանահանիչների տեղակայման հարթակը պետք է ունենա ցանկապատում` դռնով կամ ելանցքով: Հեռավորությունը գլխավոր հպանվակներից մինչև այդ հարթակը հորիզոնականով պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս:

239. Գլխավոր հպանվակների հոսանահանիչների կոնստրուկցիան պետք է հնարավորություն տա հպանվակներից դրանց բաժանման (հեռացման) համար. ընդ որում, անջատիչից առաջ բաժանիչ տեղակայելը պարտադիր չէ (տե՛ս սույն ՏԿ-ի 240-րդ կետը): Հպանվակների և դրանցից հեռացված հոսանահանիչների միջև հեռավորությունը պետք է լինի 0,7 մ-ից ոչ պակաս: Հոսանահանիչների շարժաբերը պետք է ունենա դրանց հեռացված վիճակում կողպեքով փակելու հարմարանք, ինչպես նաև ցուցանակ` «Միացված է», «Անջատված է»:

240. Գլխավոր հպանվակների աշխատանքային հոսանքների, տրանսֆորմատորի պարապ ընթացքի հոսանքի և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրաշարժիչների միացում-անջատումը հոսանահանիչների միջոցով չի թույլատրվում:

241. Ամբարձչի վրա բարձր լարման կողմից պետք է տեղադրված լինի անջատիչ` նախատեսված աշխատանքային հոսանքի անջատման համար: Տրանսֆորմատորի բարձր լարման կողմում թույլատրվում է տրանսֆորմատորի միայն պարապ ընթացքի հոսանքի անջատման համար նախատեսված փոխարկիչ սարքի տեղակայումը. ընդ որում, տրանսֆորմատորի անջատումից առաջ պետք է բարձր լարման կողմում նախապես անջատվի ողջ բեռնվածքը:

242. Հոսանահանիչների տեղակայման հարթակի դուռը (ելանցք տե՛ս սույն ՏԿ-ի 238-րդ կետը), հոսանահանիչների շարժաբերը (տե՛ս սույն ՏԿ-ի 239-րդ կետը) և անջատիչը (տե՛ս սույն ՏԿ-ի 240-րդ կետը) պետք է ունենան արգելափակումներ, որոնք ապահովում են հետևյալ պահանջները`

1) հոսանահանիչների շարժաբերի` հպանվակների բաժանման և դրանց միացման գործողությունը պետք է հնարավոր լինի միայն անջատիչի անջատելուց հետո.

2) հոսանահանիչների տեղակայման հարթակի դռան բացվելը պետք է հնարավոր լինի հպանվակներից հեռացված հոսանահանիչների միայն ծայրագույն դիրքով անջատման դեպքում.

3) հոսանահանիչների շարժաբերի աշխատանքը դրանց` հպանվակներին միացման համար պետք է հնարավոր լինի հոսանահանիչների տեղակայման հարթակի դռան փակվելուց հետո միայն.

4) անջատիչի միացումը պետք է հնարավոր լինի հպանվակներին հոսանահանիչների միացումից հետո միայն և հպանվակներից հոսանահանիչների` մինչև ծայրագույն անջատման դիրք հեռացնելուց հետո միայն:

243. Պետք է նախատեսված լինի հոսանահանիչների բոլոր ֆազերը իրար հետ և հողակցիչին միակցելու հնարավորություն:

244. Նորոգման աշխատանքներ կատարելու համար ամբարձիչը պետք է ունենա 380/220 Վ-ից ոչ բարձր եռաֆազ լարմամբ էլեկտրամատակարարում:

245. Բաց երկնքի տակ ամբարձիչների տեղակայման դեպքում պետք է`

1) գլխավոր հպանվակները պաշտպանել մթնոլորտային գերլարումներից և դրանց կոնստրուկցիաները հողակցել` ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 8-րդ գլխի պահանջներին համապատասխան.

2) ամբարձչի վրա տեղակայված 1000 Վ-ից բարձր լարման տրանսֆորմատորը և էլեկտրաշարժիչները պաշտպանել մթնոլորտային գերլարումներից:

 

VI. ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ

 

25. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

246. Մեքենայական սենքերում ուժային շղթաների լարումը պետք է լինի 660 Վ-ից ոչ բարձր: Խցիկում, հորաններում և հարկային հարթակներում` 380 Վ-ից ոչ բարձր, իսկ բոլոր սենքերի կառավարման, լուսավորության և ազդանշանային շղթաներում` ոչ բարձր 220 Վ-ից (թույլատրվում է 380/220 Վ լարման ցանցի ֆազի և զրոյի օգտագործումը): Ֆազի և զրոյի օգտագործման դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

1) կառավարման, լուսավորության և ազդանշանային համակարգի շղթաների սնուցումը պետք է իրագործվի միևնույն ֆազից.

2) ապարատների փաթույթի մեկ ծայրը պետք է խուլ միակցվի զրոյական հաղորդալարին.

3) տանովի լամպերի շղթաների լարումը պետք է լինի 42 Վ-ից ոչ բարձր.

4) լարման ցածրացման նպատակով ավտոտրանսֆորմատորների կիրառում չի թույլատրվում:

247. Վերելակի կամ վերելակային տեղակայանքի համալիրի մեջ մտնող էլեկտրական մեքենաների, ապարատների և էլեկտրահաղորդալարերի կողմից ռադիոընդունման խանգարման մակարդակը չպետք է գերազանցի ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2298-Ն որոշմամբ սահմանված արժեքները:

 

26. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԻԾԸ ԵՎ ՀՈՍԱՆԱԱՌԲԵՐՈՒՄԸ ԽՑԻԿՈՒՄ

 

248. Վերելակի էլեկտրահաղորդագիծը նրա մեքենայական սենքում, հորանում և խցիկի մեջ պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 961-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 3-րդ և 9-րդ գլուխների, ինչպես նաև հետևյալ պահանջներին`

1) էլեկտրահաղորդագիծը պետք է իրագործվի մեկուսացված լարերով կա՛մ ռետինե, կա՛մ նրան համարժեք այլ մեկուսացմամբ մալուխներով: Տոգորված մալուխային թղթե մեկուսացմամբ ուժային և ստուգիչ մալուխների կիրառում չի թույլատրվում.

2) մալուխների և հաղորդալարերի ջղերի կտրվածքը պետք է լինի 1,5 մմ2-ից ոչ պակաս` պղնձե ջղերի համար և 2,5 մմ2-ից ոչ պակաս` ալյումինե ջղերի համար: Կառավարման շղթաների` սեղմակների հարկային շարքերից և խցիկի սեղմակների շարքերից մինչև հորաններում և խցիկում տեղակայված ապարատներն ընկած տեղամասերում, ինչպես նաև վերելակից օգտվելու անվտանգությունն ապահովող կամ հաճախակի հարվածների և թրթռումների ենթարկվող կառավարման շղթաների տեղամասերում պետք է կիրառվեն պղնձե ջղերով հաղորդալարեր և մալուխներ: Պղնձե բազմալար ջղերով հաղորդալարերի և մալուխների կիրառման դեպքում դրանց կտրվածքը կարող է նվազել` անվտանգության ապարատների միացման շղթաների համար` մինչև 0,5 մմ2, մնացած շղթաներում` մինչև 0,35 մմ2.

3) վերելակային ապարատների և համալիր սարքվածքների ներքին հավաքակցումը պետք է իրագործվի պղնձե հաղորդալարերով.

4) հաղորդալարերի ծայրերը պետք է ունենան մակնշում` նախագծի համաձայն:

249. Խցիկի, ինչպես նաև հակակշռի, նրա վրա անջատիչ-որսիչ կամ այլ ապարատներ տեղադրվելու դեպքում, հոսանաառբերումը պետք է իրագործվի 0,75 մմ2-ից ոչ պակաս կտրվածքի պղնձե ջղերով ճկուն մալուխներով կամ ճկուն հաղորդալարերով, որոնք տեղավորված են մեկ ընդհանուր ռետինե կամ նրան համարժեք ճկափողի մեջ`

1) հոսանաառբերման մեջ պետք է նախատեսվի օգտագործվող ջղերի ընդհանուր թվի 5 տոկոսից ոչ պակաս պահուստային, բայց 2-ից ոչ պակաս ջիղ.

2) մալուխները և ճկափողերը պետք է հաշվարկված լինեն սեփական քաշի ծանրությունը կրելու դիմացկունությամբ: Թույլատրվում է դրանց ուժեղացումը կրող մետաղյա ճոպանին ամրակցմամբ:

250. Հոսանաառբերման մալուխները և ճկափողերը պետք է դասավորված և ամրակցված լինեն այնպես, որ խցիկի շարժման ժամանակ բացառվի դրանց` հորանում գտնվող կոնստրուկցիաներից կառչելու և մեխանիկական վնասվածք ստանալու հնարավորությունը: Հոսանաառբերման համար մի քանի մալուխների և ճկափողերի կիրառման դեպքում նրանք պետք է ամրակցված լինեն իրար:

 

27. ՄԵՔԵՆԱՅԱԿԱՆ ՍԵՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄԸ

 

251. Մեքենայական սենքերում, բացի սակավաբեռ (մինչև 160 կգ) վերհանների սենքերից, էլեկտրական մեքենաների հիմքերի կամ հենամարմինների, էլեկտրական մեքենաների կամ շենքի մասերի կամ սարքավորումների միջև անցուղիները պետք է լինեն 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ: Թույլատրվում է`

1) էլեկտրական մեքենաների ցցված մասերի և սենքի կոնստրուկցիաների միջև անցուղու տեղային նեղացում` մինչև 0,6 մ,

2) ոչ ավելի, քան երկու կողմից փոքրացնել էլեկտրական մեքենաների սպասարկման անցուղին մինչև 0,5 մ. էլեկտրական մեքենայի` սպասարկում չպահանջող կողմերի հեռավորությունը չի կանոնակարգվում:

252. Մեքենայական սենքերում սպասարկման անցուղիները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) կառավարման վահանակի սպասարկման անցուղու լուսանցիկ լայնությունը նրա դիմացի և հետևի կողմից պետք է լինի 0,75 մ-ից ոչ պակաս: Կառավարման վահանի 1 մ-ից ոչ ավելի լայնության և նրան երկու կողմից մոտենալու հնարավորության դեպքում վահանի հետևի կողմից ցցված մասերից մինչև մեքենայական սենքի պատը թույլատրվում է նվազեցնել մինչև 0,2 մ, իսկ վահանի 1 մ-ից ավելի լայնության դեպքում կամ վահանին մեկ կողային կողմից մոտենալու հնարավորության դեպքում` մինչև 0,5 մ: Կառավարման վահանը, որի էլեկտրական ապարատները և միացումները հավաքակցվում են միայն դիմացից, թույլատրվում է տեղակայել մեքենայական սենքի պատին կիպ, ինչպես նաև նրա` կառավարման ապարատների հետ միասին հաստությունից ոչ ավելի խորություն ունեցող որմնախորշերում.

2) անցուղու մի կողմի վրա 2 մ-ից պակաս բարձրության վրա գտնվող չցանկապատված, չմեկուսացված հոսանատար մասերի հեռավորությունը մինչև պատը և ցանկապատված կամ մեկուսացված հոսանատար մասերով էլեկտրասարքավորումները` դասավորված անցուղու մյուս կողմում, պետք է լինի 0,75 մ-ից ոչ պակաս.

3) անցուղու տարբեր կողմերում 2 մ-ից պակաս բարձրությամբ տեղակայված չցանկապատված հոսանատար մասերի միջև հեռավորությունը պետք է լինի 1,2 մ-ից ոչ պակաս:

253. Յուրաքանչյուր վերելակի կառավարման վահանակի վրա պետք է տեղակայված լինի առաջնային և կառավարման շղթաները անջատող ապարատ: Մեքենայական սենքում անմիջապես մուտքին մոտ պետք է տեղակայված լինի ներանցումային ապարատ` ողջ վերելակային տեղակայանքի լարումը անջատելու համար:

254. Մեքենայական սենքում մուտքի մոտ պետք է նախատեսել 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ անցուղի:

 

28. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

255. Վերելակների և վերելակային խմբերի շղթաների և կառավարման շղթաների պաշտպանությունը պետք է կատարվի ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Էլեկտրակայանքների պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 42-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

256. Էլեկտրամեքենայական կերպափոխիչ միացքներով վերելակները պետք է ունենան կերպափոխչային միացքի էլեկտրաշարժիչի` ԿՄ-ից և երկարատև գերբեռնումից պաշտպանություն:

 

29. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

257. Բոլոր տեսակի վերելակների, բացառությամբ փոքր բեռնատարների, խցիկը և համատարած պաշտպանված հորանը, ինչպես նաև մեքենայական սենքը, վերին ճախարակների սենքը, դռների դիմացի հարթակները, հորանները, դեպի վերելակ, վերին ճախարակների սենք և գետնախորշ տանող անցուղիներն ու միջանցքները պետք է սարքավորված լինեն մշտական էլեկտրական լուսավորությամբ: Էլեկտրական լուսավորության սնուցումը, բացառությամբ խցիկի, պետք է իրականացվի շենքի ներքին լուսավորության ցանցից: Ինքնավար դռներով վերհանների փակ հորանների լուսավորությունը թույլատրվում է իրականացնել` տեղադրելով մեկ լամպ խցիկի վերևում և մեկ լամպ խցիկի ներքևում: Հորաններում լուսավորվածությունը պետք է լինի 5 լյուքսից ոչ պակաս: Ապակեպատ կամ ցանցկեն պաշտպանությամբ հորաններում մշտական լուսավորության իրագործումը պարտադիր չէ, եթե արտաքին լուսավորությունը հորանի ներսում ապահովում է բավարար լուսավորվածություն:

258. Մեքենայական սենքում, վերին ճախարակների սենքում և վերելակի խցիկի տանիքին պետք է տեղադրված լինի մեկ կամ մի քանի վարդակ` 42 Վ լարումից ոչ բարձր տանովի լամպի համար:

259. Խցիկի և հորանի լուսավորությունը էլեկտրաշարժիչի առաջնային շղթայից սնուցելու դեպքում լուսավորության լամպերը պետք է ցանցին միացված լինեն վերելակի (վերհանի) ներանցող հատիչից (բաժանիչից) կամ ինքնավար անջատիչից առաջ: Խցիկում մինչև 42 Վ լարմամբ պահուստային լուսավորության առկայության դեպքում թույլատրվում է խցիկի հիմնական լուսավորության միացումը ներանցող հատիչից կամ ինքնավար անջատիչից հետո:

260. Խցիկի և հորանի լուսավորության միացման սարքը տեղակայվում է մեքենայական սենքում: Շարժական հատակով մարդատար վերելակի խցիկի լուսավորությունը թույլատրվում է իրագործել այնպես, որ այն միանա հորանի բաց դռների դեպքում և անջատվի խցիկից բոլոր մարդկանց դուրս գալուց հետո դռները փակվելիս: Թույլատրվում է նաև խցիկի լուսավորության միացման համար օգտագործել փոխանջատիչը, որը նախատեսված է վերելակը հեռակառավարմամբ գործարկելու համար. ընդ որում, խցիկի լուսավորությունը պետք է միանա վերելակի գործարկման հետ միաժամանակ: Այդ փոխանջատիչը պետք է տեղակայվի փակվող պահարանի մեջ` հիմնական նստեցման հարկում:

 

30. ՀՈՂԱԿՑՈՒՄԸ (ԶՐՈՅԱԿՑՈՒՄԸ)

 

261. Վերելակների հողակցումը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 43-րդ գլխի, ինչպես նաև հետևյալ պահանջներին`

1) ձայնա- և թրթռամեկուսացված հենարանների վրա տեղակայված էլեկտրական մեքենաների և ապարատների հողակցումը պետք է իրագործվի ճկուն հաղորդալարով.

2) խցիկի հողակցման համար պետք է օգտագործվի հոսանահաղորդչի հաղորդալարերից մեկը կամ մալուխի ջղերից մեկը: Հանձնարարվում է որպես լրացուցիչ հողակցիչ հաղորդիչ օգտագործել մալուխների էկրանավորող պատյանները և կրող մետաղաճոպանները, ինչպես նաև խցիկը տեղափոխող մետաղյա ճոպանները.

3) խցիկի և հակակշռի մետաղյա ուղղորդիչները, ինչպես նաև հորանի ցանկապատի մետաղյա կոնստրուկցիաները պետք է հողակցված լինեն:

 

31. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՊԱԿ ԱՊԱՐԱՏՆԵՐՈՎ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐ

 

262. Վերելակների կառավարման համար անհպակ ապարատների կիրառման դեպքում պետք է պահպանվեն սույն ՏԿ-ի 263-ից մինչև 271-րդ կետերում նշված պայմանները:

263. Վերելակների խմբի կառավարման բարդ համակարգերը պետք է բաղկացած լինեն կառավարման բլոկների առանձին խմբերից, ընդ որում`

1) յուրաքանչյուր վերելակ պետք է կառավարվի բլոկների առանձին խմբով, որն ապահովում է այդ վերելակի աշխատանքը` անկախ մյուս վերելակների և դրանց բլոկների վիճակից.

2) պետք է նախատեսված լինի վերելակի բլոկի հեշտ տարանջատման հնարավորություն` առանց մյուս վերելակների աշխատանքի խաթարման:

264. Տրամաբանող տարրերով կառավարման համակարգի սնուցման բլոկները պետք է ունենան ԿՄ-ներից, գերբեռնվածքից և ելքային լարման ցածրացումից պաշտպանություն` նրա գործարկման վերաբերյալ ազդանշանմամբ հանդերձ: Պաշտպանությունը պետք է կառուցված լինի այնպես, որ մեկ ելքային շղթայում ԿՄ-ի, գերբեռնվածքի կամ լարման ցածրացման դեպքում անջատվեն սնուցող բլոկի բոլոր ելքային շղթաները:

265. Եթե տրամաբանող տարրերով կառավարման համակարգի ընդհանուր կետը չի հողակցված, սնուցող բլոկում պետք է նախատեսել յուրաքանչյուր ելքային շղթայի հողին միակցման հսկողություն` համապատասխան ազդանշանմամբ:

266. Սնուցման բլոկները պետք է թույլ տան հեռակառավարմամբ միացում և անջատում:

267. Վերելակների կառավարման կայանները, որոնք հավաքված են առանձին բլոկներից, պետք է ապահովված լինեն հիմնական ազդանշանների անցումը ցուցանշող ապարատներով կամ բնիկներով, որոնք թույլ են տալիս այդ ազդանշանների հսկման համար չափիչ սարքերի միացումը:

268. Կառավարման համակարգերի կայանների և լրակազմ սարքվածքների կոնստրուկցիաները պետք է ապահովեն ազատ մուտք դեպի հաղորդալարերը, մալուխները և սեղմակների մուտքային շարքերը:

269. Կառավարման կայանները պահարաններում տեղակայելիս` արգելվում է պահարանների դռներին բացի ազդանշանայինից, այլ ապարատների տեղակայումը:

270. Կառավարման կոճակների, բանալիների, ծայրային և դիրքային անջատիչների շղթաները պետք է լինեն գալվանապես բաժանված: Բաժանումը կարող է իրագործվել մուտքային համաձայնեցնող տարրերի կամ ռելեների օգնությամբ, որոնց սեղմակները նախատեսված են փոքր հոսանքներով շղթաներում աշխատելու համար:

271. Անհպակ տարրերի 220 Վ և ավելի լարման շղթաները պետք է անցկացվեն 220 Վ-ից ցածր լարման շղթաներից առանձին և միացվեն առանձին, այդ նպատակով հատկացված սեղմակների շարքերին կամ հարակցային հպակային միակցիչներին:

 

VII. ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

32. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՍԽԵՄԱՆ. ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

272. Կոնդենսատորային տեղակայանքները կարող են ցանցին միացվել առանձին ապարատի միջոցով, որը նախատեսված է միայն կոնդենսատորների միացման և անջատման համար կամ ուժային տրանսֆորմատորի, անհամաժամ էլեկտրաշարժիչի կամ այլ էլեկտրաընդունիչի հետ մեկ ընդհանուր ապարատով: Այս սխեմաները կիրառելի են ցանկացած լարման կոնդենսատորային տեղակայանքների համար:

273. 10 կՎ և բարձր լարման կոնդենսատորային մարտկոցները հավաքվում են միաֆազ կոնդենսատորներից` դրանց զուգահեռ-հաջորդական միացմամբ: Կոնդենսատորների հաջորդական շարքերի թիվը ընտրվում է այնպես, որ հոսանքի բեռնվածքը կոնդենսատորի վրա բնականոն աշխատանքային ռեժիմներում չգերազանցի անվանական արժեքները: Շարքում կոնդենսատորների թիվն ընտրվում է այնպես, որ դրանցից մեկի ապահովիչը այրվելու պատճառով անջատման դեպքում շարքի մնացած կոնդենսատորների վրա լարումը չգերազանցի անվանականի 110 տոկոսը:

274. 10 կՎ և ցածր լարման կոնդենսատորային մարտկոցները, որպես կանոն, պետք է հավաքվեն ցանցի անվանական լարմանը հավասար անվանական լարում ունեցող կոնդենսատորներից: Ընդ որում, թույլատրվում է միավոր կոնդենսատորների երկարատև աշխատանքը անվանականի 110 տոկոսից ոչ ավելի լարմամբ:

275. Եռաֆազ մարտկոցներում միաֆազ կոնդենսատորները միացվում են աստղաձև կամ եռանկյունաձև: Կարող է կիրառվել նաև միաֆազ կոնդենսատորների հաջորդական կամ զուգահեռ-հաջորդական միացում` եռաֆազ մարտկոցի յուրաքանչյուր ֆազում:

276. Կոնդենսատորային մարտկոցի անջատիչի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնվի զուգահեռ միացված (օրինակ, ընդհանուր հաղորդաձողերով) կոնդենսատորային մարտկոցների առկայությունը: Անհրաժեշտության դեպքում պետք է իրագործվեն սարքվածքներ, որոնք կապահովեն հոսանքի ցնցման նվազեցումը մարտկոցի միացման պահին:

277. Կոնդենսատորային մարտկոցի բաժանիչը պետք է ունենա մարտկոցի կողմից հողակցող դանակներ, որոնք ուղեկապված են իրենց բաժանիչի հետ: Կոնդենսատորային մարտկոցի բաժանիչները պետք է ուղեկապված լինեն մարտկոցի անջատիչի հետ:

278. Կոնդենսատորները պետք է ունենան լիցքաթափման սարքվածքներ: Կոնդենսատորային մարտկոցների համար պետք է կիրառել ներկառուցված լիցքաթափման դիմադրատարրերով միավոր կոնդենսատորներ: Թույլատրվում է առանց ներկառուցված լիցքաթափման դիմադրատարրերի կոնդենսատորների տեղակայումը, եթե միավոր կոնդենսատորի կամ կոնդենսատորների հաջորդական շարքի արտանցիչներին մշտապես միացված է լիցքաթափման սարքվածք: Լիցքաթափման սարքվածքներ կարող են չմիացվել մինչև 1000 Վ լարմամբ մարտկոցներին, եթե նրանք ցանցին միացված են տրանսֆորմատորի միջոցով և մարտկոցի ու տրանսֆորմատորի միջև չկա փոխարկիչ սարք: Որպես լիցքաթափման սարքվածք կարող են կիրառվել`

1) լարման տրանսֆորմատորները կամ ակտիվ-ինդուկտիվ դիմադրությամբ սարքվածքը` 1000 Վ-ից բարձր լարման կոնդենսատորային տեղակայանքների համար.

2) ակտիվ կամ ակտիվ-ինդուկտիվ դիմադրությամբ սարքվածքները` մինչև 1000 Վ լարման կոնդենսատորային տեղակայանքների համար:

279. Ռեակտիվ բեռնվածքի փոփոխական գրաֆիկով էլեկտրական ցանցերի աշխատանքի առավել խնայողական ռեժիմ ապահովելու համար պետք է կիրառել կոնդենսատորային տեղակայանքների հզորության ինքնավար կարգավորում` նրա ամբողջությամբ կամ առանձին մասերի միացմամբ և անջատմամբ:

280. Կոնդենսատորային մարտկոցի ապարատները և հոսանատար մասերը պետք է նախատեսված լինեն այնպիսի երկարատև հոսանքի անցկացման համար, որը կազմում է մարտկոցի անվանական հոսանքի 130 տոկոսը:

 

33. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

281. Կոնդենսատորային տեղակայանքները ամբողջությամբ պետք է ունենան ԿՄ հոսանքներից պաշտպանություն, որն անջատում է տեղակայանքը ցանցից առանց պահաժամի: Պաշտպանությունը պետք է կարգաբերված լինի տեղակայանքի միացման հոսանքների և գերլարումների դեպքում հոսանքի զարկերի անցկացման համար:

282. Կոնդենսատորային տեղակայանքը ամբողջությամբ պետք է ունենա լարման բարձրացումից պաշտպանություն, որն անջատում է մարտկոցը լարման գործող արժեքի` թույլատրելիից ավելի բարձրանալու դեպքում: Անջատումը պետք է իրագործվի 3-5 րոպե պահաժամով: Կոնդենսատորային տեղակայանքի կրկնակի միացումը թույլատրվում է ցանցում լարման` մինչև անվանական արժեքը ցածրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան նրա անջատումից 5 րոպե անց: Պաշտպանություն չի պահանջվում, եթե մարտկոցն ընտրված է` հաշվի առնելով ցանցի հնարավոր առավելագույն լարման արժեքը, այսինքն` այնպես, որ լարման բարձրացման դեպքում միավոր կոնդենսատորներին չի կարող երկարատև կիրառվել անվանականի 110 տոկոսից ավելի լարում:

283. Այն դեպքերում երբ հնարավոր է կոնդենսատորների գերբեռնումը բարձր հարմոնիկների հոսանքներով, պետք է նախատեսված լինի ռելեական պաշտպանություն, որը պահաժամով անջատում է կոնդենսատորային տեղակայանքը միավոր կոնդենսատորների համար հոսանքի գործող արժեքը` անվանականի 130 տոկոսը գերազանցելու դեպքում:

284. Կոնդենսատորային մարտկոցների համար, որոնք ունեն երկու և ավելի զուգահեռ ճյուղեր, խորհուրդ է տրվում կիրառել պաշտպանություն, որը գործարկվում է ճյուղերի հոսանքների հավասարության խախտման դեպքում:

285. Կոնդենսատորների հաջորդական-զուգահեռ միացմամբ մարտկոցներում 1,05 կՎ-ից բարձր լարման յուրաքանչյուր կոնդենսատոր պետք է պաշտպանված լինի արտաքին ապահովիչով, որը գործարկվում է կոնդենսատորի էլեկտրական ծակվելու դեպքում: 1.05 կՎ և ցածր լարման կոնդենսատորները պետք է ունենան հենամարմնի մեջ ներկառուցված, յուրաքանչյուր հատվածամասի համար մեկական հալուն ապահովիչներ, որոնք գործարկվում են հատվածամասերի էլեկտրական ծակվելու դեպքում:

286. Մարտկոցներում, որոնք հավաքված են մի քանի հատվածամասերի էլեկտրական միացումների սխեմայով, պետք է կիրառվի յուրաքանչյուր հատվածամասի պաշտպանություն ԿՄ հոսանքներից` կոնդենսատորային տեղակայանքի ամբողջական պաշտպանությունից անկախ: Այդպիսի պաշտպանությունը պարտադիր չէ, եթե յուրաքանչյուր միավոր կոնդենսատոր պաշտպանված է առանձին արտաքին կամ ներկառուցված ապահովիչով: Հատվածամասի պաշտպանությունը պետք է ապահովի նրա հուսալի անջատումը` ցանցի տվյալ կետում ԿՄ հոսանքների առավելագույն և նվազագույն արժեքների դեպքում:

287. Կոնդենսատորային մարտկոցների էլեկտրական միացումների սխեման և ապահովիչները պետք է ընտրվեն այնպես, որպեսզի առանձին կոնդենսատորների մեկուսացման վնասվելը չհանգեցնի դրանց հենամարմնի քայքայմանը, աշխատանքի մեջ մնացած կոնդենսատորների լարման` երկարատև թույլատրելիից ավելի բարձրացմանը և ընդհանրապես մարտկոցի անջատմանը`

1) 1000 Վ-ից բարձր լարման կոնդենսատորների պաշտպանության համար պետք է կիրառվեն ԿՄ հոսանքի արժեքը սահմանափակող ապահովիչներ.

2) կոնդենսատորների արտաքին ապահովիչները պետք է ունենան դրանց այրված լինելը նշող ցուցիչներ:

288. Կոնդենսատորային տեղակայանքների պաշտպանությունը մթնոլորտային գերլարումներից իրականացվում է այն դեպքերի համար և նույն միջոցներով, որոնք նախատեսված են ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի III բաժնում:

 

34. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐ

 

289. Կոնդենսատորային տեղակայանքի ֆազերի ունակությունները պետք է վերահսկվեն յուրաքանչյուր ֆազում հոսանքի չափման մշտական տեղակայման սարքվածքներով: Մինչև 400 կվար հզորության կոնդենսատորային տեղակայանքների համար թույլատրվում է չափել միայն մեկ ֆազի հոսանքը:

290. Կոնդենսատորների կողմից ցանցին տրված ռեակտիվ էներգիան ենթակա է հաշվառման:

 

35. ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

291. Կոնդենսատորային տեղակայանքի կոնստրուկցիան պետք է համապատասխանի շրջապատող միջավայրի պայմաններին:

292. 600 կգ և ավելի յուղի ընդհանուր զանգվածով յուրաքանչյուր կոնդենսատորային տեղակայանք պետք է տեղադրվի առանձին Ա կամ Բ դասի հրակայուն սենքում, որն ունի ելք դեպի դուրս կամ ընդհանուր սենք:

293. Մինչև 600 կգ յուղի ընդհանուր զանգվածով կոնդենսատորային տեղակայանքներից յուրաքանչյուրը, ինչպես նաև կոնդենսատորային տեղակայանքները, որոնք կազմված են չհրկիզվող հեղուկով կոնդենսատորներից, կարող են տեղավորվել մինչև 1000 Վ և բարձր լարման ԲՍ սենքերում կամ արտադրության օժանդակ սենքերում, որոնք պատկանում են հակահրդեհային պահանջների Դ և Ե դասերի:

294. 1000 Վ-ից բարձր լարման 600 կգ-ից ավելի յուղի ընդհանուր զանգվածով կոնդենսատորային տեղակայանքը սենքում տեղավորելիս պետք է տեղակայանքի տակ նախատեսել յուղընդունիչ սարքվածք, որը հաշվարկվում է բոլոր կոնդենսատորների յուղի ընդհանուր զանգվածի 20 տոկոսի չափով և կառուցվում է ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 121-րդ կետի պահանջներին համապատասխան: Արտաքին տեղակայման դեպքում կոնդենսատորների տակ յուղընդունիչ սարքվածք չի պահանջվում:

295. Ընդհանուր սենքում տեղադրված լինելու դեպքում կոնդենսատորային տեղակայանքները պետք է ունենան ցանցկեն ցանկապատում կամ պաշտպանական պատյան: Պետք է իրագործվեն սարքվածքներ` կոնդենսատորների հենամարմինների հերմետիկության խախտման պատճառով արհեստական հեղուկների հոսքը դեպի մալուխային անցուղիները և հատակը կանխարգելելու, ինչպես նաև այդ հեղուկների գոլորշիների հեռացումն ապահովելու համար:

296. Միավոր կոնդենսատորների միջև հեռավորությունը պետք է լինի 50 մմ-ից ոչ պակաս և պետք է ընտրվի կոնդենսատորների հովացման և մեկուսացումների հեռավորության ապահովման պայմաններով:

297. Կոնդենսատորների արտաքին ապահովիչների այրման ցուցիչները պետք է մատչելի լինեն զննման համար` մարտկոցների աշխատանքի ժամանակ:

298. Կոնդենսատորները շրջապատող օդի ջերմաստիճանը չպետք է դուրս գա նորմատիվային փաստաթղթերով կամ համապատասխան տեսակի կոնդենսատորների տեխնիկական պայմաններով սահմանված վերին և ներքին սահմաններից: Կոնդենսատորային տեղակայանքի սենքը կամ պահարանները պետք է ունենան բնական օդափոխության առանձին համակարգ, եթե այն չի ապահովում ջերմաստիճանի նվազեցումը մինչև առավելագույն թույլատրելին, ապա անհրաժեշտ է կիրառել արհեստական օդափոխություն:

299. Կոնդենսատորները բաց երկնքի տակ պետք է տեղակայել այնպես, որ նվազագույնի հասցվի արեգակնային ճառագայթման բացասական ազդեցությունը:

300. Կոնդենսատորների արտանցիչները իրար հետ և հաղորդաձողերին միացումները կատարվում են ճկուն միջակապերով:

301. Կոնստրուկցիաները, որոնց վրա տեղակայվում են կոնդենսատորները, պետք է պատրաստված լինեն չայրվող նյութերից: Կոնդենսատորների ամրակցման մեթոդի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել կոնդենսատորի հենամարմնի ջերմային ընդարձակումը:

302. Բաց երկնքի տակ տեղակայման դեպքում յուղալեցուն կոնդենսատորների հեռավորությունը մինչև մյուս սարքավորումը, ինչպես նաև հակահրդեհային հեռավորությունները դրանցից մինչև շենքերը և այլ կառույցները պետք է ընդունվեն` ըստ ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Էլեկտրական բաշխիչ սարքերին և ենթակայանների սարքվածքին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1033-Ն որոշմամբ հաստատված ՏԿ-ի 84-ից մինչև 86-րդ կետերի պահանջների:

303. Բաց երկնքի տակ տեղակայման դեպքում յուղալեցուն կոնդենսատորները, հակահրդեհային պահանջներին համապատասխան, պետք է տեղակայվեն խմբերով` յուրաքանչյուրը 30 Մվար-ից ոչ ավելի հզորությամբ: Մեկ կոնդենսատորային տեղակայանքի խմբերի միջև հեռավորությունը պետք է լինի 4 մ-ից ոչ պակաս, իսկ տարբեր կոնդենսատորային տեղակայանքների խմբերի միջև` 6 մ-ից ոչ պակաս:

304. Կոնդենսատորների հետ նույն սենքում թույլատրվում է տեղակայել դրանց պատկանող լիցքաթափման դիմադրատարրերը, բաժանիչները, բեռի անջատիչները, փոքրածավալ անջատիչները և չափիչ տրանսֆորմատորները:

305. Կոնդենսատորային մարտկոցը մասերի բաժանելիս` խորհուրդ է տրվում դրանք այնպես դասավորել, որ յուրաքանչյուր մասի վրա ապահովվի աշխատանքի անվտանգությունը մնացածների միացված լինելու դեպքում:

306. Կոնդենսատորային տեղակայանքի վրա պետք է նախատեսվի հարմարանք` կրող մետաղական կոնստրուկցիաների հողակցման համար, որոնք կարող են գտնվել լարման տակ տեղակայանքի աշխատանքի ժամանակ:

 

VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿ

 

.___________________________________________________________________.

|ԳՕՍՏ 533-2000     |Էլեկտրական մեքենաներ պտտվող: Տուրբոգեներատորներ:|

|                  |Ընդհանուր տեխնիկական պայմաններ (ՄԷԿ 34-3-88)    |

|__________________|________________________________________________|

|ԳՕՍՏ 609-84 (2002)|Էլեկտրական մեքենաներ պտտվող: Համաժամ            |

|                  |փոխհատուցիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ  |

|__________________|________________________________________________|

|ԳՕՍՏ 5616-89(2003)|Գեներատորներ և  գեներատոր - շարժիչներ           |

|                  |էլեկտրական - հիդրո տուրբինային: Ընդհանուր       |

|                  |տեխնիկական պայմաններ (ԳՕՍՏ 5616-81, ԳՕՍՏ        |

|                  |17525-81-երի փոխարեն)                           |

|__________________|________________________________________________|

|ԳՕՍՏ 21558-2000   |Տուրբոգեներատորների, հիդրոգեներատորների և       |

|                  |համաժամ փոխհատուցիչների գրգռման համակարգերը:    |

|                  |Ընդհանուր տեխնիկական պայմաններ:                 |

|__________________|________________________________________________|

|ԳՕՍՏ 27584-88     |Կամրջակային և  սայլակավոր էլեկտրական            |

|                  |ամբարձիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ     |

|                  |(ԳՕՍՏ 23940-79, ԳՕՍՏ 24378-80-երի փոխարեն)      |

.___________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2009
N 554-Ն
Որոշում