Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԲԱՐՁԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ (ՎԵՐՀԱՆՆԵՐԻ) ԿԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԲԱՐՁԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ (ՎԵՐՀԱՆՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2022 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1449.181209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1449-Ն

 

ԱՄԲԱՐՁԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ (ՎԵՐՀԱՆՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԱՄԲԱՐՁԻՉ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ (ՎԵՐՀԱՆՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(2-րդ մաս)

 

VI. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆԸ, ԶՆՆՄԱՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

172. Ամբարձիչները շահագործման հանձնվելուց առաջ պետք է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված գրանցում և տեխնիկական զննում-վկայագրում անցնեն:

173. Իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոմոբիլային ամբարձիչները պետք է հաշվառվեն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշմամբ հաստատված` տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգի պահանջներին համապատասխան և գրանցվեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և ենթարկվեն տեխնիկական անվտանգության փորձաքննության` համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

174. Ամբարձիչների վերակառուցման (վերազինման), հիմնական վերանորոգման նախագծային փաստաթղթերը ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության` համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

175. Ամբարձիչների օգտագործումը (աշխատանքի թողարկումը) դրա սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից պետք է իրականացվի 173-րդ և 174-րդ կետերի պահանջները կատարելուց հետո:

 

2. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

 

176. Ամբարձիչները, որոնց վրա տարածվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները, մինչև աշխատանքային թողարկումը (շահագործումը), պետք է շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան ծավալով տեխնիկական զննման ենթարկվեն` հնարավոր ռիսկերը բացառելու համար:

177. Կայմային տեսակի ամբարձիչների տեխնիկական զննումը պետք է կատարվի շինարարական բեռնատար ամբարձիչներ արտադրող կազմակերպության շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան:

178. Շահագործման հրահանգում համապատասխան դրույթների բացակայության դեպքում ամբարձիչների զննումը կատարվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

179. Աշխատանքի մեջ գտնվող ամբարձիչների տեխնիկական զննումները պետք է իրականացվեն հետևյալ ժամկետներում`

1) մասնակի` ոչ պակաս 12 ամիսը մեկ.

2) լրիվ` ոչ պակաս 3 տարին մեկ.

3) սահմանային բեռի սահմանափակիչի փորձարկումը` ոչ պակաս 6 ամիսը մեկ:

180. Ամբարձիչների արտահերթ տեխնիկական զննումներ պետք է կատարվեն`

1) ամբարձիչի վերակառուցումից (վերազինումից) հետո.

2) ամբարձիչի մետաղակառուցվածքի հաշվարկային տարրերի փոխման կամ հավաքական միավորների եռակցման օգտագործմամբ կատարված վերանորոգումից հետո.

3) սլաքի ծնկի կամ սլաքն ամբողջությամբ փոխելուց հետո.

4) ամբարձիչի հիմնական վերանորոգումից հետո.

5) օգտագործման նորմատիվային ծառայության ժամկետը լրանալուց հետո, եթե ամբարձիչը գտնվում է ծառայության մեջ.

6) սահմանային բեռի սահմանափակիչը փոխելուց հետո:

181. Մաշված ճոպանների և շղթաների փոխելուց, ինչպես նաև տեղափոխումներից հետո նրանց տեղակայման ճշտությունը և ճոպանի ծայրերի ամրացման հուսալիությունն ապահովելու և ստուգելու համար, պետք է ճոճանում տեղակայված անվանական բեռով իրականացվի ճոպանի ձգում` ամբարձիչը սարքին վիճակում պահելու համար պատասխանատու մասնագետի կողմից արդյունքները պետք է գրանցվեն ամբարձիչի անձնագրում:

182. Տեխնիկական զննումը կատարվում է ամբարձիչի սեփականատիրոջ հրամանով, նշանակված անվտանգ շահագործման համար պատասխանատու հսկող մասնագետի կողմից, ամբարձիչները սարքին վիճակում պահելու համար պատասխանատու մասնագետի մասնակցությամբ: Թույլատրվում է պայմանագրային հիմունքներով տեխնիկական զննման գործընթացի կատարումը հանձնարարել մասնագիտացված կազմակերպությանը:

183. Արտադրող կազմակերպության կողմից թողարկված, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունում վերանորոգման ենթարկված ամբարձիչները, սեփականատիրոջն առաքվելուց առաջ պետք է լրիվ սկզբնական տեխնիկական զննում անցնեն տեխնիկական վերահսկողության բաժնի կողմից: Զննման տարեթիվը և նրա արդյունքները պետք է գրանցված լինեն ամբարձիչի անձնագրում:

184. Մինչև աշխատանքային թողարկումը` ամբարձիչի տեխնիկական զննումները պետք է կատարվեն բացահայտելու համար`

1) անձնագրի տվյալների, տեխնիկական փաստաթղթերի և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների հետ նրա համապատասխանությունը.

2) աշխատանքների անվտանգ կատարումն ապահովելու նրա սարքինության վիճակը.

3) անվտանգության սարքերի և կառուցվածքների սարքին վիճակը.

4) ամբարձիչի հսկողության և սպասարկման կազմակերպման համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների հետ:

185. Ամբարձիչի լրիվ տեխնիկական զննումը պետք է ընդգրկի`

1) ամբարձիչի (այդ թվում` անվտանգության սարքերի և կառուցվածքների) դիտարկումը և աշխատանքի ստուգումը.

2) ստատիկ փորձարկումները.

3) դինամիկ փորձարկումները:

186. Մասնակի տեխնիկական զննման ժամանակ ամբարձիչների ստատիկ փորձարկումներ չեն կատարվում:

187. Ամբարձիչների տեխնիկական զննման ժամանակ աշխատանքի մեջ պետք է դիտվեն և ստուգվեն բոլոր մեխանիզմները, հիդրոսարքավորումները, էլեկտրասարքավորումները, անվտանգության սարքերն ու կառուցվածքները, արգելակները, կառավարման ապարատները, լուսավորությունը և ազդանշանային համակարգը:

188. Ամբարձիչի տեխնիկական զննման ժամանակ նույնպես պետք է արձանագրությամբ ձևակերպվեն և ստուգվեն`

1) ամբարձիչի մետաղակառուցվածքը և նրանց եռակցման միացությունները (ճաքերի բացակայություն, խեղումներ, քայքայման հետևանքով պատերի փոփոխություն և այլ արատներ).

2) ճոճանի (հարթակի) վիճակը, առանցքների և մատերի ամրացումը.

3) ճոպանների վիճակը և նրանց ամրացումը.

4) ամբարձիչի էլեկտրական հողակցման վիճակը:

189. Ամբարձիչի ստատիկ փորձարկումը կատարվում է շահագործման հրահանգում նշված եղանակով, նրա բեռնունակությունը 50 տոկոսով գերազանցող բեռնվածությամբ, ստուգելու ամբարձիչի և նրա առանձին մասերի ամրությունը, ինչպես նաև կայունությունը:

190. Ստատիկ փորձարկումը պետք է իրագործվի ամբարձիչը հարթ հորիզոնական հարթության վրա տեղակայմամբ, հաշվարկային նվազագույն կայունությանը համապատասխանող դիրքում:

191. Ճոճանով սարքավորված ամբարձիչների ստատիկ փորձարկումը կատարվում է նրա անվանական բեռնունակության 110 տոկոս բեռի զանգվածը ճոճանի մեջ տեղադրմամբ և անվանական բեռնունակության 40 տոկոս բեռի զանգվածը գետնից 100-200 մմ բարձրության վրա ճկուն կախոցով` ճոճանից կախված վիճակում 10 րոպե պահելով: Ընդ որում, ամբարձիչի հենարաններից մեկի գետնից կտրվելն այդ դեպքում կայունության կորստի նախանշան չի համարվում:

192. Ամբարձիչը համարվում է փորձարկում անցած, եթե 10 րոպեի ընթացքում բեռի իջեցում տեղի չի ունեցել, ինչպես նաև մետաղակառուցվածքում վնասվածքներ չեն հայտնաբերվել:

193. Անվանական բեռնունակության 150 տոկոս բեռի զանգվածով բեռնված վիճակում ամբարձիչի ցանկացած շարժումն արգելվում է:

194. Ամբարձիչի դինամիկ փորձարկումը կատարվում է ճոճանում անվանական բեռնունակությունից 10 տոկոս գերազանցող զանգվածով բեռի բեռնաբարձման պայմաններում, ամբարձիչի մեխանիզմների և նրանց արգելակների գործողությունների ստուգման նպատակով:

195. Դինամիկ փորձարկումների ժամանակ կատարվում է ճոճանի բոլոր հնարավոր շարժումները երեքից ոչ պակաս պարբերաշրջանով: Ընդ որում, ամբարձիչի հենարաններից մեկի գետնից կտրվելն այդ դեպքում կայունության կորստի նախանշան չի համարվում:

196. Սահմանային բեռի սահմանափակիչի փորձարկումն անհրաժեշտ է համընկացնել տեխնիկական զննման կամ տեխնիկական սպասարկման հետ, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ: Փորձարկումները կատարվում են ամբարձիչը սարքին վիճակում պահելու համար պատասխանատու մասնագետի ներկայությամբ:

197. Սահմանային բեռի սահմանափակիչը պետք է կարգավորված լինի անվանական բեռով և կապարակնքված: Սահմանային բեռի սահմանափակիչի գործարկման փորձարկումը պետք է կատարվի անվանական բեռը մինչև 10 տոկոս չգերազանցող բեռով: Սահմանային բեռի սահմանափակիչի փորձարկման արդյունքները գրանցվում են մեքենավարի հերթափոխային մատյանում:

198. Ամբարձիչների փորձարկման համար սեփականատիրոջ մոտ պետք է առկա լինի վստահելի, զանգվածի փաստացի կշռի նշագրումով փորձարկման բեռների լրակազմ:

199. Տեխնիկական զննման արդյունքները զննումը կատարող մասնագետի կողմից պետք է լրացվեն ամբարձիչի անձնագրում` միաժամանակ ցուցելով հաջորդ զննման ժամկետը:

200. Պատրաստող կազմակերպության տարածքում նոր պատրաստված և լրիվ տեխնիկական զննման ենթարկված ամբարձիչի անձնագրի մեջ գրությամբ պետք է հաստատվի, որ այն դիմակայել է ամրության և կայունության փորձարկումներին, որ ամբարձիչը համապատասխանում է տեխնիկական պայմանների պահանջներին, իսկ շահագործող կազմակերպություններում գործող ամբարձիչի համար, որ այն դիմակայել է փորձարկումներին, գտնվում է սարքին վիճակում և համապատասխանում է տեխնիկական պայմանների և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

201. Ամբարձիչի հետագա աշխատանքի համար փորձարկումներից հետո թույլտվությունը տալիս է նրա սեփականատերը կամ շահագործող կազմակերպության անվտանգ շահագործման համար պատասխանատու մասնագետը:

202. Պարբերական զննումները, տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը պետք է կատարվեն ամբարձիչի շահագործման հրահանգին համապատասխան:

203. Ամբարձիչի սեփականատերերը ապահովում են 202-րդ կետի աշխատանքների կատարումն ըստ ժամանակացանկի և ժամանակին վերացնում են հայտնաբերված անսարքությունները, որոնք կարող են հավանական կամ հնարավոր վթարների և վնասվածքների պատճառ հանդիսանալ:

204. Տեխնիկական սպասարկման և զննման արդյունքները, ամբարձիչի վերանորոգման տվյալները պետք է նշվեն անձնագրում:

205. Ամբարձիչի տեխնիկական փաստաթղթերով կամ անձնագրով սահմանված պահանջներին համապատասխան` ծառայության կամ շահագործման ժամկետն անցած ամբարձիչները պետք է ենթարկվեն փորձագիտական հետազոտության (արատորոշման)` նման գործառույթներ իրականացնող համապատասխան կազմակերպությունների կողմից: Փորձագիտական հետազոտության արդյունքները հետազոտություն անցկացնող կազմակերպության կողմից պետք է նշվեն ամբարձիչի անձնագրի մեջ:

206. Ամբարձիչի սեփականատերը տեխնիկական զննման կամ շահագործման գործընթացի ժամանակ ամբարձիչի պատրաստմանը կամ կառուցվածքին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում պատրաստող կազմակերպությանը կամ մատակարարին ներկայացնում է պահանջ (հայց)` երաշխիքային կտրոնով սահմանված ժամկետում` պահանջագրում ներառելով հետևյալ տվյալները`

1) պահանջ ներկայացնող կազմակերպության կամ շահագործող անձի անվանումը.

2) ամբարձիչի գործարանային համարը և պատրաստման տարեթիվը.

3) անհամապատասխանության (պահանջի) համառոտ բնութագիրը.

4) ձեռնարկված միջոցառումները:

207. Պատրաստող կազմակերպությունը երաշխիքային սպասարկման ժամկետում հաշվի է առնում պատրաստման և կառուցվածքի թերությունները` այդ մասին գրառում կատարելով պահանջագրերի հաշվառման մատյանում և ձեռնարկում է միջոցառումներ դրանց վերացման համար:

208. Պատրաստող կազմակերպությունն ամբարձիչը շահագործող անձին կամ սեփականատիրոջը պետք է տեղեկացնի դրա անվտանգ օգտագործման համար բացահայտված թերությունների վերացման եղանակների մասին, ինչպես նաև տրամադրի փաստաթղթերը, փոխման համար անհրաժեշտ մասերը, նյութերը և հանգույցները:

 

3. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

209. Ամբարձիչների անվտանգ շահագործման հսկողությունը և սպասարկումը պետք է իրականացվեն սեփականատիրոջ կամ շահագործող անձի կողմից` ապահովելով դրանց կատարումը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

210. Ամբարձիչների անհատ սեփականատերերը և կազմակերպության ղեկավարները, շահագործող անձինք պետք է ամբարձիչները պահեն սարքին վիճակում և ապահովեն աշխատանքների անվտանգ պայմաններ, պատշաճ ձևով կազմակերպեն զննման, դիտարկման, վերանորոգման, հսկողության, շահագործման և սպասարկման աշխատանքները և դրանց հետ կապված բոլոր հնարավոր ռիսկերի նվազեցման ու վերացման համար ձեռնարկեն կամ իրականացնեն հետևյալ նվազագույն միջոցառումները`

1) նշանակեն ուսուցանված և համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող պատասխանատու մասնագետներ, այդ թվում` ամբարձիչների`

ա. անվտանգ շահագործման (աշխատանքների անվտանգ կատարման) համար,

բ. սարքին վիճակում պահելու համար,

գ. առնվազն 3 տարին մեկ անգամ «ա» և «բ» ենթակետերում նշված անձանց համար կազմակերպեն մասնագիտական որակավորման դասընթացներ.

2) ամբարձիչները սարքին վիճակում պահելու համար ժամանակին կատարեն վերանորոգման աշխատանքները և սահմանեն կարգ նախապահպանական զննումների, տեխնիկական սպասարկման և վերանորոգման համար.

3) սահմանեն կարգ` ամբարձիչներն սպասարկող անձնակազմի, մեքենավարների և ճոճանի մեջ աշխատողների ուսուցման ու գիտելիքների պարբերական ստուգման համար, ինչպես նաև մասնագետների գիտելիքների ստուգում` սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների տիրապետման վերաբերյալ.

4) ամբարձիչների աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու անձանց` մեքենավարների, ճոճանի աշխատողների և սպասարկող անձնակազմի համար մշակեն արտադրական հրահանգներ, մատյաններ, աշխատանքների կատարման նախագծեր, տեխնոլոգիական քարտեր և այլ գործելակարգեր.

5) ամբարձիչների անվտանգ շահագործման համար մասնագետներին ապահովեն կանոններով, հաստիքային հրահանգներով և ղեկավարող ցուցումներով, իսկ սպասարկող անձնակազմին` արտադրական հրահանգներով.

6) ապահովեն անձնակազմի կողմից սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը, իսկ սպասարկող անձնակազմի կողմից` նաև արտադրական հրահանգների կատարումը.

7) ապահովեն ամբարձիչներն սպասարկող անձնակազմին և մասնագետներին անհատական պաշտպանության միջոցներով, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1631-Ն որոշմամբ հաստատված «Անհատական պաշտպանության միջոցներ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

8) ապահովեն աշխատողների առողջության պահպանման համար սանիտարահիգիենիկ պայմաններ:

211. Ամբարձիչների անվտանգ շահագործման հսկողության ծառայության կառուցվածքը և թվակազմը որոշվում են կազմակերպության ղեկավարության կամ շահագործող անձի կողմից` կախված ամբարձիչների քանակից, շահագործման պայմաններից:

212. Ամբարձիչների անվտանգ շահագործման հսկողության ծառայության կառուցվածքի (պատասխանատու մասնագետի) գործառույթներում պետք է ներառվեն`

1) հսկողություն ամբարձիչների ամբարձիչ հարմարանքների (առկայության դեպքում) ու տեխնիկական վիճակի և անվտանգ շահագործման համար, իսկ անվտանգության կանոնների խախտման դեպքերում մշակվեն դրանց վերացման միջոցառումներ, այդ թվում`

ա. ամբարձիչով աշխատանքների ճիշտ կատարման համար,

բ. աշխատանքների կատարման ժամանակ ամբարձիչի ճիշտ տեղակայման համար,

գ. 247-րդ կետով նախատեսված դեպքերում` կարգագիր-թույլտվության կիրառման պահպանման համար.

2) սույն տեխնիկական կանոնակարգով նախատեսված դեպքերում կատարվեն ամբարձիչների տեխնիկական զննում և տրվի դրանց շահագործման թույլտվություն.

3) վերահսկողություն` համապատասխան կազմակերպությունների կողմից տրված կարգադրությունների կատարման, ինչպես նաև ամբարձիչների պարբերական զննումների և վերանորոգումների ժամանակացանկերի նկատմամբ.

4) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան` ստուգվեն մեքենավարին ամբարձիչի կառավարմանը, իսկ աշխատողներին` ամբարձիչի սպասարկմանը թույլտվության կարգի պահպանման նկատմամբ, ինչպես նաև`

ա. սպասարկող և վերանորոգող անձնակազմի, և

բ. ամբարձիչները սարքին վիճակում պահելու համար պատասխանատու մասնագետների, և

գ. ամբարձիչներով աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու անձանց որակավորման և գիտելիքների պարբերական ստուգման հանձնաժողովների աշխատանքների մասնակցության ապահովումը.

5) վերահսկողություն` մեքենավարների, ճոճանի մեջ աշխատողների, սպասարկող անձնակազմի, ամբարձիչները սարքին վիճակում պահելու համար մասնագետների և ամբարձիչներով աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու անձանց մոտ արտադրական հրահանգների առկայության և դրանց պահանջների կատարման նկատմամբ.

6) վերահսկողություն` ամբարձիչներով աշխատանքների անվտանգ կատարման ժամանակ անվտանգության, աշխատանքների կատարման նախագծերի, տեխնոլոգիական քարտերի և այլ գործելակարգերի կանոնների պահպանման նկատմամբ.

7) վերահսկողություն` սեփականատիրոջ կողմից ամբարձիչների առանձնացման (բաշխման) և օբյեկտներ ուղարկելու համար սահմանված կարգի պահպանման նկատմամբ:

213. Ամբարձիչների անվտանգ շահագործման հսկողության համար պատասխանատու մասնագետն ամբարձիչներում անսարքությունների, ինչպես նաև աշխատանքի և սպասարկման ժամանակ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներից խախտումներ հայտնաբերելու ժամանակ պետք է դադարեցնի ամբարձիչի աշխատանքը և միջոցառումներ ձեռնարկի դրանց վերացման համար:

214. Ամբարձիչների անվտանգ շահագործման հսկողության համար պատասխանատու մասնագետը չպետք է թույլատրի, որ ամբարձիչը շահագործվի հետևյալ ռիսկերի առաջացման ժամանակ և դեպքերում`

1) արգելակների, ճոպանների, շղթաների և նրանց ամրացումների, կեռերի, կարապիկների, ընթացային անիվների, բլոկավորման կառուցվածքների և անվտանգության սարքերի անսարքությունների բացահայտման, ինչպես նաև անձնագրում նշված էլեկտրական սխեմաներից և հիդրոսխեմաներից ունեցած շեղումների.

2) մետաղակառուցվածքում ճաքերի և ձևախեղումների առկայության.

3) ամբարձիչի տեխնիկական զննման կամ օգտագործման նորմատիվային ծառայության ժամկետի ավարտման.

4) վկայական չունեցող մեքենավարների կողմից ամբարձիչների սպասարկման, ինչպես նաև, երբ նշանակված չեն ամբարձիչը սարքին վիճակում պահելու և աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու անձինք.

5) անձնագրի կամ համապատասխան կազմակերպություններում ամբարձիչի գրանցման մասին տեղեկությունների բացակայության.

6) համապատասխան կազմակերպությունների կողմից տրված հանձնարարականների չկատարման:

215. Կազմակերպության անձնակազմից, ամբարձիչը սարքին վիճակում պահելու համար համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող պատասխանատու մասնագետի նշանակման հրամանի համարը և տարեթիվը, ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը և ստորագրությունը պետք է նշված լինեն ամբարձիչի անձնագրում: Այդ տեղեկությունները պետք է նշվեն ամբարձիչի անձնագրում մինչև համապատասխան կազմակերպություններում ամբարձիչի հաշվառումը և գրանցումը, ինչպես նաև յուրաքանչյուր անգամ նոր մասնագետի նշանակման դեպքում:

216. Ամբարձիչը սարքին վիճակում պահելու համար պատասխանատու մասնագետի գործառույթներում պետք է ներառվեն ամբարձիչների սարքինությունը և ռիսկերի նվազեցումն ապահովող հետևյալ միջոցառումները`

1) ամբարձիչը և ամբարձիչ հարմարանքները (դրանց առկայության դեպքում) պահել սարքին վիճակում, ըստ ժամանակացանկի կատարել պարբերական ստուգումներ, տեխնիկական սպասարկումներ և վերանորոգումներ, մշտական հսկողություն իրականացնել պարբերական ստուգման գրանցամատյանի ճիշտ լրացման և բացահայտված թերությունների ժամանակին վերացման համար.

2) ամբարձիչների սպասարկումը և վերանորոգումն իրագործել իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ, փորձ և որակավորում ունեցող անձնակազմով, կատարել անձնակազմի գիտելիքների պարբերական ստուգումներ.

3) վերահսկել մեքենավարների և վերանորոգող անձնակազմի կողմից ամբարձիչների սպասարկման համար հրահանգների ճիշտ կատարմանը.

4) ժամանակին կատարել ամբարձիչի տեխնիկական զննման, իրենց օգտագործման նորմատիվային ծառայության ժամկետը լրացած ամբարձիչների տեխնիկական արատորոշման և փորձագիտական հետազոտման համար նախապատրաստումը.

5) ամբարձիչն ուղարկել վերանորոգման` ըստ ժամանակացանկի.

6) պահպանել ամբարձիչի և ամբարձիչ հարմարանքների (դրանց առկայության դեպքում) անձնագրերը և տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև վարել անձնակազմի գիտելիքների ստուգման և հրահանգավորման գրանցամատյանները.

7) կատարել ամբարձիչների անվտանգ շահագործման և հսկողության վերաբերյալ համապատասխան կազմակերպության և մասնագետի կարգադրագրի պահանջները:

217. Ամբարձիչների հետ կապված ռիսկերի նվազեցման համար նրա սարքին վիճակում պահելու համար պատասխանատու մասնագետը շահագործման հրահանգում նշված տարրերի խոտանման սահմանային չափանիշներին համապատասխան պետք է արգելի ամբարձիչների շահագործումը խոտանման ենթակա տարրերով:

218. Խոտանման պետք է ենթարկվեն ամբարձիչի այն տարրերը, որոնցում հայտնաբերվել են տեխնիկական պահանջներին չհամապատասխանող հետևյալ արատները`

1) ճախարակի շառավիղներ` ճախարակի առվակի 40 տոկոսից ավելի մաշվածություն սկզբնականի նկատմամբ.

2) թմբուկներ` ցանկացած տեսակի ճաքեր կամ թմբուկի առվակի (ակոսիկի) պրոֆիլի մաշվածություն` ավելի քան 2 մմ.

3) կեռեր` ճաքեր և ճեղատումներ մակերևույթի վրա կամ կեռի ուղղաձիգ կտրվածքում բացվածքի սկզբնական բարձրության 10 տոկոսից ավելի մաշվածություն.

4) արգելակային փոկանիվներ` աշխատանքային և նստեցման մակերևույթների վրա դուրս եկող ճաքեր և կոտրվածքներ կամ անվահեցի աշխատանքային մակերևույթի մաշվածություն սկզբնական հաստության նկատմամբ ավելի քան 25 տոկոսով.

5) արգելակային մակարդակներ` գամի անցքին մոտեցող ճաքեր և կոտրվածքներ կամ արգելակային մակարդակի հաստության 50 տոկոսից ավելի մաշվածություն սկզբնականի նկատմամբ կամ մինչև գամագլխիկի երևալը.

6) ժանանիվներ և ատամնաանիվներ` ատամների կոտրվածքներ կամ ցանկացած չափերի ճաքեր կամ ատամների մաշվածություն` հաստությամբ` բարձրացման մեխանիզմում ավելի քան 15 տոկոս, պտտման մեխանիզմում ավելի քան 20 տոկոս, բաց փոխանցումներում ավելի քան 25 տոկոս.

7) պտուտակներով մասեր` երկուսից ավելի պտուտակաթելի կտրվածքներ կամ զննման ժամանակ պտուտակաթելի նկատելի մաշվածություն կամ պտուտակագլխիկի նիստի տրորում կամ պարուրակի քայքայում.

8) մետաղակառուցվածքներ` ծնկի առանցքի անուղղագծություն դելտա L, մմ կամ ծնկի առանցքի անուղղահայացություն դելտա L, մմ հոդակապի առանցքի նկատմամբ L/500, որտեղ L-ն ծնկի առավելագույն թռիչքի երկարությունն է.

9) ճոպաններ` մաշվածություն կամ քայքայում ճոպանի լարի սկզբնական տրամագծի նկատմամբ 40 տոկոս և ավելի կամ հյուսի կամ միջուկի կտրվածք:

219. Յուրաքանչյուր արտադրամասում, շինարարական հրապարակում կամ այլ տեղամասում ամբարձիչներով հերթափոխային աշխատանքների կատարման դեպքում յուրաքանչյուր հերթափոխի համար վարպետներից, աշխղեկներից, տեղամասերի պետերից, ինչպես նաև բրիգադիրներից, կազմակերպության ղեկավարության հրամանով պետք է նշանակվեն ամբարձիչներով աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու անձինք:

220. Ամբարձիչներով աշխատանքների անվտանգ կատարման համար 219-րդ կետում թվարկված անձանցից պատասխանատու անձի նշանակումը պետք է կատարվի համապատասխան կազմակերպությունում որակավորման հանձնաժողովի կողմից արագացված (խտացրած) ծրագրով` պաշտոնական հրահանգների և մեքենավարների ու առասանողների (անհրաժեշտության դեպքում) արտադրական հրահանգների, սույն տեխնիկական կանոնակարգի համապատասխան բաժինների իմացության մասին գիտելիքների ստուգումից հետո: Գիտելիքների ստուգումն անցած անձանց տրվում է համապատասխան վկայական: Տվյալ անձանց գիտելիքների պարբերական ստուգումը պետք է կատարվի յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

221. Ամբարձիչով աշխատանքների անվտանգ կատարման համար համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող պատասխանատու մասնագետի գործառույթներում պետք է ներառվեն անվտանգությունը և ռիսկերի նվազեցումն ապահովող հետևյալ միջոցառումները`

1) ամբարձիչների աշխատանքները կազմակերպել և իրագործել ըստ անվտանգության կանոնների, աշխատանքների կատարման նախագծերի և տեխնոլոգիական քարտերի.

2) մեքենավարներին, ճոճանի մեջ աշխատողներին և առասանողներին (նրանց առկայության դեպքում) հրահանգավորել կատարվելիք աշխատանքների անվտանգ կատարման, ամբարձիչների գերբեռնման բացառման, բեռի ճիշտ առասանման, կառչման, ամբարձիչի ճիշտ տեղակայման համար` առանձնակի ուշադրություն դարձնելով աշխատատեղում աշխատանքների կատարման պայմանների վրա.

3) ամբարձիչի սպասարկման համար, արգելել ուսուցում չանցած և որակավորման վկայական չունեցող անձնակազմին ամբարձիչի աշխատանքի կատարման ժամանակ որոշել ազդանշան տվող անձի նշանակման անհրաժեշտությունը.

4) օգտագործման համար չթույլատրել անսարք կամ բեռի բեռնունակությանը և բնութագրին չհամապատասխանող և մակնշում չունեցող հանովի ամբարձիչ հարմարանքներ.

5) մեքենավարին ցուցել էլեկտրահաղորդման գծերի մոտ աշխատելիս ամբարձիչի տեղակայման տեղը, տալ աշխատանքների կատարման թույլտվություն և դրա մասին գրառում կատարել հերթափոխային մատյանում.

6) սույն տեխնիկական կանոնակարգի մեջ նշված դեպքերում առանց կարգագիր-թույլտվության արգելել աշխատանքների կատարումը.

7) ամբարձիչներով անվտանգ աշխատանքների կատարման համար աշխատողներին ապահովել բոլոր անհրաժեշտ անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցներով, գույքով, գործիքներով.

8) ստուգել մեքենավարների և ճոճանի մեջ աշխատողների կողմից արտադրական հրահանգների, աշխատանքների կատարման նախագծերի, տեխնոլոգիական քարտերի և ուրիշ գործելակարգերի պահանջների կատարումը:

222. Փոքր թվով ամբարձիչներ (մինչև 3 միավոր) ունեցող` կազմակերպության ղեկավարի հրամանով սույն տեխնիկական կանոնակարգի 210-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված` ամբարձիչը սարքին վիճակում պահելու համար պատասխանատու մասնագետի և ամբարձիչի անվտանգ շահագործման համար պատասխանատու մասնագետի պարտականությունները կարելի է համատեղել և թույլատրել այն իրականացնել մեկ պատասխանատու մասնագետի կողմից:

223. Այն դեպքերում, երբ ամբարձիչի սեփականատերը կամ շահագործող անձը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան չի կարող նշանակել պատասխանատու մասնագետներ կամ անձանց, թույլատրվում է նրանց պարտականությունների կատարումը պայմանագրային հիմունքներով այն իրականացնել մեկ ուրիշ կազմակերպությունում աշխատող և համապատասխան վկայական ունեցող մասնագետին:

224. Ամբարձիչների կառավարման և նրանց սպասարկման համար կազմակերպության ղեկավարության կողմից պետք է նշանակված լինեն համապատասխան որակավորում ունեցող մեքենավարներ, փականագործներ, էլեկտրիկներ, հիդրավլիկներ և ճոճանի աշխատողներ` պահպանելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջները:

225. Ավտոմոբիլային ամբարձիչի կառավարումը թույլատրվում է միայն վարորդական իրավունք ունեցող և ամբարձիչների մեքենավարների ծրագրով համապատասխան կազմակերպությունում ուսուցանված և որակավորման դասընթացներ անցած (վկայական ունեցող) անձին:

226. Ամբարձիչի մեքենավարի պարտականությունների կատարման համար նշանակված աշխատողի որակավորման վկայականում պետք է նշված լինեն այն ամբարձիչների տեսակները, որոնց վրա թույլատրվում է աշխատել:

227. Ամբարձիչի կեռից բեռի կառչման և շրջակապման (առասանման) համար պետք է առասանողներ նշանակվեն: Որպես առասանողներ կարող են նշանակվել բեռի շրջակապման աշխատանքներ կատարելու համար ուսուցում անցած ճոճանի աշխատողները: Այդ աշխատողների վկայականում պետք է նշված լինի, որ նա ստացել է նաև բեռառասանողի մասնագիտություն:

228. Այն դեպքերում, երբ ամբարձիչների սպասարկման գոտին չի երևում մեքենավարի կառավարման դիրքից կամ բացակայում է ռադիո և հեռախոսային կապ մեքենավարի և ճոճանում գտնվող աշխատողների միջև, ազդանշաններ տալու համար անհրաժեշտ է ազդանշանորդ նշանակել, որը պետք է տիրապետի ազդանշանների պայմանական նշաններ տալու ձևերին և եղանակներին:

229. Ազդանշանորդներ կարող են նշանակվել միայն որակավորված առասանողներից և ճոճանի աշխատողներից, որոնց նշանակում է ամբարձիչի անվտանգ շահագործման պատասխանատու անձը:

230. Ամբարձիչների մեքենավարները, ճոճանի աշխատողները, էլեկտրամոնտյորները և փականագործները պետք է անցնեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող բնակչության առանձին խմբերի առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության անցկացման կարգը, գործոնների, կատարվող աշխատանքների բնույթի, զննության ծավալի, բժշկական հակացուցումների ցանկը և աշխատանքային պայմանների հիգիենիկ բնութագրման կարգը հաստատելու մասին» N 1089-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

231. Մեքենավարները, փականագործները, էլեկտրամոնտյորները, անվտանգության տեխնիկայի և սարքերի կարգավորողները, առասանողները, ամբարձիչների պատրաստման, շահագործման և սպասարկման գործառույթներում ընդգրկված համապատասխան կադրերը և մասնագետները պետք է լինեն ուսուցանված և ունենան մասնագիտական որակավորում:

232. Մեքենավարը, մի տեսակի ամբարձիչից այլ տեսակի ամբարձիչի վրա աշխատելու համար տեղափոխվելուց առաջ, սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ուսուցում և որակավորում պետք է ունենա, իսկ մի տեսակի ամբարձիչից նույն տեսակի, բայց այլ նմուշի, ցուցանիշի կամ ուրիշ շարժաբերով ամբարձիչի վրա տեղափոխվելիս պետք է ծանոթանա նրա կառուցվածքի և սպասարկման առանձնահատկություններին:

233. Իր մասնագիտության գծով մեկ տարուց ավելի ընդմիջում ունեցող մեքենավարը պետք է նախկին հմտությունները և գիտելիքները վերականգնելու համար որակավորում անցնի հնարավոր պատահական ռիսկերից խուսափելու համար:

234. Սպասարկող անձնակազմի (մեքենավարների, փականագործների, էլեկտրամոնտյորների, անվտանգության սարքերի և կառուցվածքների կարգավորողների և առասանողների) գիտելիքների կրկնվող ստուգումներն ամբարձիչի սեփականատիրոջ կողմից պետք է իրականացվի ոչ ուշ, քան յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ:

235. Ամբարձիչների բնականոն սպասարկման համար սեփականատերը մեքենավարներին, փականագործներին, էլեկտրամոնտյորներին, ճոճանի աշխատողներին պետք է ապահովի իրենց իրավունքները, պարտականությունները, աշխատանքների անվտանգ կատարման կարգը և պատասխանատվությունը որոշող արտադրական հրահանգներով, որոնք պետք է ստորագրությամբ հանձնվեն նրանց աշխատանքի թույլտվությունից առաջ:

236. Գործատուն պետք է ապահովի աշխատատեղերում աշխատողների առողջության պահպանմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարումը:

237. Ամբարձիչի մեքենավարներն աշխատանքներն սկսելուց առաջ պետք է իրականացնեն մեխանիզմների, մետաղակառուցվածքի և անվտանգության սարքերի և սարքավորումների դիտարկումներ, զննումներ:

238. Ամբարձիչի զննման և ստուգման արդյունքները մեքենավարները պետք է գրանցեն հերթափոխային մատյանում, որի ձևը, վարման կարգը որոշվում և հաստատվում են ամբարձիչի սեփականատիրոջ կամ կազմակերպության ղեկավարության կողմից:

 

4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

239. Ամբարձիչն աշխատանքի համար կարող է թույլատրվել միայն այն դեպքում, երբ բարձրացվող բեռի զանգվածը չի գերազանցում նրա թույլատրվելիք բեռնունակությունը, և նա տեղակայված է հենարանների վրա (դրանց առկայության դեպքում): Շահագործման ժամանակ չպետք է խախտվեն նրա անձնագրում և շահագործման հրահանգում նշված պահանջները:

240. Շահագործման մեջ գտնվող ամբարձիչներին պետք է ամրացված լինի պարզ կարդացվող ցուցանակ, որտեղ պետք է նշված լինեն ամբարձիչի գրանցման համարը, բեռնունակությունը և հերթական լրիվ կամ մասնակի տեխնիկական զննման տարեթիվը:

241. Համապատասխան տեխնիկական վկայագրում չանցած անսարք ամբարձիչ հարմարանքները, ինչպես նաև պիտակ (խարան) չունեցող հարմարանքները, ապրանքամանները չի թույլատրվում օգտագործել ճոճանի հատակի վրա բեռի բարձրացման (բեռնաթափման) համար և դրանք չպետք է գտնվեն ամբարձիչի աշխատանքների կատարման տեղերում, և բացառվեն դրանց պատահական օգտագործման հետևանքով առաջացող ռիսկերը:

242. Ամբարձիչների շահագործման ժամանակ անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել բացառելու համար քամու ազդեցությունից կամ տեղանքի թեքության առկայության դեպքում ամբարձիչների շրջման կամ ինքնակամ տեղաշարժման հնարավորությունը:

243. Կեռով հանդերձված ամբարձիչի համար նրա սեփականատիրոջ կողմից պետք է մշակված լինեն բեռի ճիշտ առասանման ու կառչման եղանակները և ապահովված լինի դրանց գծագրական պատկերների (սխեմաների) տրամադրումն առասանողներին և մեքենավարներին կամ դրանք պետք է փակցված լինեն աշխատանքների կատարման տեղերում:

244. Այն բեռների տեղափոխումը, որոնց համար առասանման սխեմաներ չեն մշակվել, տեղափոխումը պետք է կատարվի ամբարձիչի անվտանգ շահագործման համար պատասխանատու մասնագետի ղեկավարությամբ և ներկայությամբ:

245. Ամբարձիչների սեփականատերերը շահագործող կազմակերպության ղեկավարության հետ համատեղ ամբարձիչի շահագործման ժամանակ անվտանգությունն ապահովելու և վթարները նվազեցնելու գործառույթներում պետք է ներառեն հետևյալ լրացուցիչ միջոցառումները`

1) մշակեն և ամբարձիչների աշխատանքային տեղերն ապահովեն աշխատանքների կատարման նախագծերով և տեխնոլոգիական քարտերով.

2) ամբարձիչների անվտանգ շահագործման համար պատասխանատու անձանց, մեքենավարներին, ճոճանի մեջ աշխատողներին և անհրաժեշտության դեպքում առասանողներին ծանոթացնեն (ստորագրությամբ) աշխատանքների կատարման նախագծերին.

3) անհրաժեշտության դեպքում առասանողներին ապահովեն տեղափոխվող բեռի զանգվածին և բնույթին համապատասխանող փորձարկված և պիտակավորված հանովի ամբարձիչ հարմարանքներով և ապրանքամաններով (բեռնարկղերով).

4) վերահսկիչ բեռով և ամբարձիչի շահագործման հրահանգում կամ սահմանային բեռի սահմանափակիչի անձնագրում նշված ժամկետներում կատարեն սահմանային բեռի սահմանափակիչի պարբերական փորձարկումները.

5) որոշեն տրված պատվերներով օբյեկտներին ամբարձիչների առանձնացման և ուղարկման կարգը և ապահովեն դրա կատարումը.

6) որոշեն սահմանային բեռի սահմանափակիչի կապարակնքման կարգը:

246. Ամբարձիչների աշխատանքների կատարման տեղերը պետք է ապահովված լինեն աշխատանքների կատարման նախագծով նախատեսված պահանջներին համապատասխան լուսավորությամբ:

247. Ամբարձիչների տեղակայումը և աշխատանքները 42Վ-ից բարձր լարվածության էլեկտրահաղորդագծի կամ օդային էլեկտրական ցանցի եզրային հաղորդալարից 30 մ-ից փոքր հեռավորության վրա պետք է իրականացվեն միայն կարգագիր-թույլտվության (օրինակելի ձևը` համաձայն N 1 ձևի) հիման վրա` պահպանելով կարգագրի մեջ նշված անվտանգության պայմանների պարտադիր կատարումն աշխատանքի ժամանակ` ապահովելով հետևյալ պահանջների կատարումը`

1) էլեկտրահաղորդման գծերի մոտ աշխատանքների կատարման կազմակերպումը, կարգագիր-թույլտվության տրման և հրահանգավորման կարգը սահմանվում է ամբարձիչի սեփականատիրոջ և աշխատանքի ղեկավարի հրամաններով.

2) կարգագիր-թույլտվությունը մեքենավարին պետք է հանձնվի մինչև աշխատանքների սկսելը.

3) էլեկտրահաղորդման գծերի մոտ ամբարձիչով աշխատանքների կատարումը պետք է իրագործվի աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու անձի ներկայության և անմիջական հսկողության տակ, որը պետք է մեքենավարին ցուցի ամբարձիչի տեղակայման տեղը, ապահովի կարգագիր-թույլտվությունով նախատեսված աշխատանքի պայմանների կատարումը և հերթափոխային մատյանում գրառում կատարի աշխատանքների իրագործման թույլտվություն տալու մասին.

4) էլեկտրահաղորդման գծերի պաշտպանական գոտում ամբարձիչներով աշխատանքների կատարման համար կարգագիր-թույլտվությունը տրվում է միայն էլեկտրահաղորդման գիծը շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից տրված թույլտվության առկայության դեպքում.

5) ճկուն մալուխներով էլեկտրահաղորդման գծերի մոտ ամբարձիչների աշխատանքների կատարման կարգը որոշվում է գծի սեփականատիրոջ կողմից: Այդ դեպքում կարգագիր-թույլտվություն տալը պարտադիր չէ:

248. Գործող էլեկտրակայաններում, ենթակայաններում և էլեկտրահաղորդման գծերում աշխատող ամբարձիչների շահագործումը, եթե իրականացվում է էլեկտրակայանների անձնակազմի կողմից, իսկ ամբարձիչների մեքենավարները հրամանագրված և էներգակազմակերպության աշխատողների հաստիքային ցուցակում են ներառված, ապա լարման տակ գտնվող հաղորդալարերի և սարքավորումների մոտ աշխատանքներ կատարելու համար կարգագիր-թույլտվության տրման կարգը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 144-Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրակայանների և ջերմային ցանցերի ջերմաուժային սարքավորումների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: Ընդ որում, լարման տակ գտնվող հաղորդալարերից ամբարձիչի սլաքի հեռավորությունը պետք է համապատասխանի և փոքր չլինի N 1 աղյուսակում բերված տվյալներից:

 

Աղյուսակ N 1

.________________________________________________________.

| Օդային գծի լարումը, ԿՎ | Նվազագույն հեռավորությունը, մ |

|________________________|_______________________________|

|       1                |               2               |

|________________________|_______________________________|

|   մինչև  1             |              1.5              |

|________________________|_______________________________|

|   1-ից մինչև  20       |              2.0              |

|________________________|_______________________________|

|   35-ից մինչև  110     |              4.0              |

|________________________|_______________________________|

|   150-ից մինչև  220    |              5.0              |

|________________________|_______________________________|

|   330                  |              6.0              |

|________________________|_______________________________|

|   500-ից մինչև  750    |              9.0              |

|________________________|_______________________________|

|   750-ից մինչև  1150   |             12.0              |

.________________________________________________________.

 

249. Ամբարձիչներով աշխատանքների անվտանգ կատարման համար սեփականատերը և աշխատանքները կատարող կազմակերպությունը պետք է կազմակերպեն և իրականացնեն այնպիսի քայլեր, որոնցով հնարավոր կլինի անվտանգության հետևյալ պահանջների պահպանումը, որ`

1) ամբարձիչով աշխատանքների իրականացման տեղում արգելվում է աշխատանքների հետ անմիջականորեն առնչություն չունեցող մարդկանց ներկայությունը.

2) ամբարձիչի դիտարկման, վերանորոգման, մեխանիզմների և էլեկտրասարքավորումների կարգավորման, մետաղակառուցվածքների զննման և վերանորոգման ժամանակ ամբարձիչի շարժիչը կամ ներանցման հոսանահատիչ սարքվածքը (առկայության դեպքում) պետք է անջատված լինեն.

3) ամբարձիչով շինարարական-հավաքման աշխատանքները պետք է իրագործվեն աշխատանքների կատարման նախագծով, որտեղ պետք է նախատեսվեն`

ա. տեղակայվող ամբարձիչների համապատասխանությունը շինարարական-հավաքման աշխատանքների անհրաժեշտ բեռնունակության և վերհանման բարձրության պայմաններին,

բ. ամբարձիչների անվտանգ հեռավորության ապահովումը` էլեկտրահաղորդման օդային գծերից և ցանցերից, հետիոտների և քաղաքային փոխադրամիջոցների երթևեկության տեղերից, ինչպես նաև շինություններին, շինարարական նյութերի և կառուցվածքների պահեստավորման տեղերին մոտենալու դեպքում,

գ. փորվածքների (առու, փոսրակ, խրամուղի) կամ առուների թեքություններին մոտ ամբարձիչի տեղակայման և աշխատանքների պայմանները,

դ. մի քանի ամբարձիչների անվտանգ աշխատանքի պայմանները,

ե. օգտագործվող ամբարձիչ հարմարանքների ցուցակը և կեռերով սարքավորված ամբարձիչների համար բեռների առասանման գրաֆիկական պատկերը (սխեմա),

զ. բեռի պահեստավորման տեղերը և եզրաչափերը, մերձատար ուղիները և այլն,

է. ամբարձիչի տեղակայման տեղամասի պայմաններից ելնելով` աշխատանքների անվտանգ կատարման համար հատուկ միջոցառումներ (շինարարական հրապարակի, հավաքման կամ աշխատանքային գոտիների ցանկապատում), օրվա մութ ժամերին 20 լյուքսից ոչ պակաս լուսավորության աստիճան, իսկ գիշերային հերթափոխի ժամերին ամբարձիչների աշխատատեղերի լուսավորվածության աստիճանը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 1996 թվականի օգոստոսի 6-ի N 82 հրամանով հաստատված ցանկի` ՀՀՇՆ II-8.03-96 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի պահանջներին և այլն:

250. Ամբարձիչի ճոճանից կատարվող աշխատանքները (շինարարական, ներկարարական, լուսատուների սպասարկման և այլն) կարելի է կատարել միայն ճոճանից մարդկանց ընկնելը, էլեկտրական հոսանքի հարվածից, նեղ տեղերում ճոճանի տեղաշարժման ժամանակ ճմլվածքներ ստանալը բացառող անհրաժեշտ միջոցառումների մշակման և իրագործման պայմանների դեպքում:

251. Ճոճանի տեղաշարժման ժամանակ անվտանգության ապահովման համար պետք է պահպանվի հետևյալ կարգը`

1) ճոճան մտնելը և այնտեղից դուրս գալը պետք է կատարվեն նստեցման հարթակից, իսկ ճոճանի բարձրացման և իջեցման ժամանակ նրա մուտքը պետք է փակվի փականային սարքվածքով.

2) ճոճանի աշխատողների բարձրության վրա աշխատելու թույլտվության համար պետք է բժշկական զննման եզրակացություն ունենան, աշխատեն սաղավարտով և ճոճանի կառուցվածքի տարրերին կամ ճարմանդներին ամրացված ապահովիչ գոտիներով.

3) ամբարձիչի աշխատանքային գոտում գտնվող մեքենավարը պետք է սաղավարտով լինի.

4) ճոճանի աշխատողներին արգելվում է նստել կամ կանգնել ճոճանի բազրիքի վրա, աշխատանքային գոտու բարձրության ավելացման համար ճոճանի հատակին առարկաներ տեղակայել, ճոճանի ցանկապատի վրայով կռանալ.

5) ամբարձիչի աշխատանքը պետք է դադարեցվի 10 մ բարձրության վրա քամու 10 մ/վրկ արագության դեպքում, ինչպես նաև ամպրոպի, ուժեղ անձրևի, մառախուղի և ձյան տեղալու ժամանակ, երբ դժվարանում է տեսանելիությունը, ինչպես նաև ամբարձիչի անձնագրում նշված միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում.

6) ամբարձիչի աշխատանքի ժամանակ ճոճանում աշխատողների և մեքենավարի միջև կապը պետք է պահպանվի անընդհատ` մինչ 10 մ բարձրության վրա` ձայնով, 10 մ-ից ավելի բարձրության վրա` նշանային ազդանշանով, 22 մ-ից ավելի բարձրության վրա` ռադիո կամ հեռախոսային կապով.

7) ամբարձիչի տեղաշարժը ճոճանում գտնվող աշխատողներով կամ բեռով արգելվում է.

8) ճոճանում գտնվող բեռի զանգվածը չպետք է գերազանցի անձնագրով սահմանված մեծությանը:

252. Ամբարձիչներով աշխատանքների կատարման համար պետք է հարթակ նախապատրաստվի, որը պետք է բավարարի հետևյալ պահանջների պարտադիր կատարմանը`

1) մուտքային ճանապարհի առկայությունը.

2) թեքությունը չպետք է գերազանցի անձնագրում նշված անկյան մեծությանը.

3) նոր լցված և չտոփանված գրունտը պետք է անպայման տոփանել և պնդացնել.

4) հարթակի չափերը պետք է ապահովեն ամբարձիչի տեղակայումը բոլոր հենարանների վրա, իսկ թույլ գրունտի վրա` հենարանների տակ տեղադրված ամրակայուն տակդիրների վրա, իսկ սայթաքուն գրունտի վրա բութակներով տակդիրների վրա:

253. Ամբարձիչի տեղակայումը պետք է կատարվի այնպես, որ աշխատանքի ժամանակ պտտվող հենահարթակի ցանկացած դիրքի դեպքում նրա հեռավորությունը կառուցվածքներից, բեռների դարսակներից և այլ առարկաներից (սարքավորումներից) լինի 1 մ-ից ոչ պակաս, իսկ փորվածքների շեպերի եզրից ամբարձիչի հենարանի հեռավորությունը պետք է փոքր չլինի N 2 աղյուսակում նշված հեռավորություններից:

 

Աղյուսակ N 2

.________________________________________________________.

|Փորվածքի   |Փորվածքի թեքության սկզբից մինչև  ամբարձիչի  |

|(առու,     |հենարանի եզրը հեռավորությունը` ըստ չլցված   |

|փոս,       |գրունտների տեսակի, մ                        |

|խրամուղի)  |____________________________________________|

|խորությունը|ավազային և |կավա-   |ավազա- |կավային|փխրա-  |

| (մ)       |կոպճային   |ավազային|կավային|       |հողային|

|___________|___________|________|_______|_______|_______|

|    1      |  1.50     |  1.25  |  1.00 |  1.00 |  1.00 |

|           |           |        |       |       |       |

|    2      |  3.00     |  2.40  |  2.00 |  1.50 |  2.00 |

|           |           |        |       |       |       |

|    3      |  4.00     |  3.60  |  3.25 |  1.75 |  2.50 |

|           |           |        |       |       |       |

|    4      |  5.00     |  4.40  |  4.00 |  3.00 |  3.00 |

|           |           |        |       |       |       |

|    5      |  6.00     |  5.30  |  4.75 |  3.50 |  3.50 |

.________________________________________________________.

 

VII. ԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

254. Ամբարձիչի սեփականատերը կամ շահագործող անձը պետք է ապահովի, որ ամբարձիչի շահագործման և սպասարկման հետ կապված բոլոր ռիսկերը` դժբախտ դեպքերը, պատահարները վերանան և նախաձեռնի բոլոր հնարավոր միջոցառումները դրանց նվազեցման համար` կիրառելով սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները:

255. Ամբարձիչի սեփականատերերը կամ շահագործող անձինք պետք է ապահովեն, որ ինքնագնաց ավտոմոբիլային ամբարձիչների վարորդ-մեքենավարները կամ մեխանիզացված փոխադրամիջոցների միջոցով քարշակվող (տեղափոխվող) ամբարձիչների վարորդները ճանապարհներով երթևեկելիս պահպանեն և կատարեն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոններ և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի սահմանված պահանջները:

256. Ամբարձիչի սեփականատերը կամ շահագործող անձն ամբարձիչի շահագործման և սպասարկման հետ կապված, օբյեկտներում տեղի ունեցած յուրաքանչյուր արտադրական պատահարի, վթարի և դժբախտ դեպքի պատճառների բացահայտման, հաշվառման համար գործողությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 488-Ն որոշմամբ հաստատված տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգի պահանջներին համապատասխան:

 

VIII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

257. Ամբարձիչ աշտարակների և վերհանների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվեն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

Կարգագիր-թույլտվության ձև

 

Օդային էլեկտրահաղորդման գծերի մոտ ամբարձիչի աշխատանքների կատարման համար

_________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

 

Կարգագիր-թույլտվություն N ___

 

Կարգագիրը տրվում է 42 Վ-ից բարձր լարում ունեցող էլեկտրահաղորդման գծերի եզրային հաղորդալարից 30 մ-ից պակաս հեռավորության վրա աշխատանքներ կատարելու համար

 

1. Մեքենավարին ____________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________________________________________________

                   (ամբարձիչի տեսակը, գրանցման համարը)

2. Աշխատանքի համար տրված __________________________________________

___________________________________________________________________

                 (ամբարձիչը տրամադրող կազմակերպությունը)

3. Տեղամասում _____________________________________________________

(կազմակերպությունը, որին տրամադրված է ամբարձիչը,

___________________________________________________________________

           աշխատանքների կատարման տեղը, շինարարական հրապարակը,

___________________________________________________________________

                      պահեստը, արտադրամասը և այլն)

4. Էլեկտրահաղորդման գծերի լարումը _________________________________

5. Տեղամասում անվտանգության պայմանները ____________________________

(էլեկտրահաղորդման գծից լարման անջատման

___________________________________________________________________

անհրաժեշտությունը, աշխատանքի ժամանակ հորիզոնական ուղղությամբ

___________________________________________________________________

ամբարձիչի ամենամոտ մասից ծայրային հաղորդալարի ամենանվազագույն

___________________________________________________________________

թույլատրելի հեռավորությունը, ճոճանի տեղաշարժման եղանակը և

___________________________________________________________________

                       անվտանգության այլ միջոցներ)

6. Աշխատանքի սկիզբը _______________________________________________

(ժամը, րոպեն, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

7. Աշխատանքի վերջը ________________________________________________

(ժամը, րոպեն, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

8. Աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու _______________

___________________________________________________________________

                                (պաշտոնը)

___________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, նշանակման մասին հրամանի համարը և

տարեթիվը)

9. Ճոճանի աշխատող _________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________________________________________________

(վկայականի համարը, վերջին անգամ գիտելիքների ստուգման տարեթիվը)

10. Պաշտպանական գոտում աշխատանքի թույլտվությունը __________________

(թույլտվություն տվող

___________________________________________________________________

          կազմակերպությունը, թույլտվության համարը և տարեթիվը)

11. Կարգագիրը տվեց ________________________________________________

___________________________________________________________________

              (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

12. 5-րդ կետում նշված անվտանգության անհրաժեշտ միջոցառումները կատարված են

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

Աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու __________________

(ստորագրությունը)

 

«___» ____________ թ.

 

13. Հրահանգն ստացա` ամբարձիչի մեքենավար

_____________________

                                              (ստորագրությունը)

«___» ____________ թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2009
N 1449-Ն
Որոշում