Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2022 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 2009 թվականի N 1083-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

(4-րդ մաս)

 

2. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԼԱՐԵՐ

 

343. Էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման համար ստորերկրյա հանքերի փորվածքներում պետք է օգտագործվեն պատյան կամ պաշտպանիչ ծածկույթ ունեցող, այրում չտարածող պղնձե կամ ալյումինե ջղերով մալուխներ`

1) հորիզոնական և թեք` մինչև 45o թեքման անկյունով փորվածքներում` կապարե, պոլիվինիլքլորիդային կամ ալյումինե պատյանով զրահապատված մալուխներ.

2) ուղղաձիգ և թեք` 45o-ից բարձր թեքման անկյունով փորվածքներում` սկզբնական անցկացման համար ուժային և հսկողական լարային զրահով կապարե, ալյումինե կամ պոլիվինիլքլորիդային պատյանով ռետինե կամ տոգորված թղթային մեկուսացմամբ մալուխներ.

3) շարժական մեքենաների ու մեխանիզմների, ինչպես նաև մաքրահանման բլոկներում էլեկտրասարքավորումների սնուցման համար 380-660 Վ լարումով ցանցերում` ճկուն էկրանացված մալուխներ.

4) տեղամասային շարժական ենթակայանների միացման համար` լարային կամ ժապավենային զրահապատ մալուխներ.

5) գազաանվտանգ հանքերում լուսավորության գծերի համար` զրահապատ կամ պոլիվինիլքլորիդային պատյանով մալուխներ:

344. Արգելվում է ուժային մալուխներ անցկացնել մաքուր օդ մատակարարող, ռելսային փոխադրամիջոցներով սարքավորված թեք հանքահորերով և թեքվածքներով, ինչպես նաև փայտե ամրակապ ունեցող ուղղահայաց հանքահորերով:

345. 45o-ից բարձր թեքման անկյունով ուղղաձիգ և թեք փորվածքներով հսկողական շղթաների և կառավարման շղթաների ամրակապման դեպքում պետք է կիրառվեն հսկողական զրահապատ մալուխներ, 45o-ից ցածր թեքման անկյունով հորիզոնական և թեք փորվածքներում` ճկուն մալուխներ:

346. Հեռախոսային կապի բոլոր տեսակի գծերի համար պետք է կիրառվեն հանքային հեռախոսային մալուխներ: Գազի և փոշու տեսակետից անվտանգ հանքերի ազդանշանման և կապի համակարգերի համար, որոնք սնվում են 24 Վ-ից ոչ բարձր լարումով, թույլատրվում է օգտագործել մերկ կամ դաշտային հաղորդալարեր:

 

3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ԱՊԱՐԱՏՆԵՐ

 

347. Ստորերկրյա հանքի փորվածքներում պետք է կիրառվեն հանքային կատարմամբ էլեկտրական մեքենաներ, ապարատներ, տրանսֆորմատորներ և սարքեր: Գազի և փոշու տեսակետից անվտանգ հանքերի հիմնական չոր փորվածքներում թույլատրվում է կիրառել ոչ հանքային կատարմամբ էլեկտրասարքավորումներ:

348. Ձեռքի էլեկտրական մեքենաների և գործիքների (գայլիկոն, հորատամուրճ, զոդիչ, էլեկտրասղոց) սնուցման համար թույլատրվում է կիրառել 220 Վ-ից ոչ բարձր լարում:

349. Էլեկտրաէներգիայի անշարժ ընդունիչների, շարժական ենթակայանների համար, ինչպես նաև հանքահորերի հորատանցման ժամանակ թույլատրվում է կիրառել 6000 Վ-ից ոչ բարձր լարում:

350. Էլեկտրաէներգիայի շարժական ընդունիչների սնուցման համար (բացառությամբ շարժական ենթակայանները) թույլատրվում է կիրառել 1140 Վ-ից ոչ բարձր լարում:

351. Կառավարման շղթաների սնուցման համար թույլատրվում է`

1) անշարժ մեխանիզմների համար` մինչև 60 Վ լարում.

2) շարժական մեխանիզմների համար` մալուխային հաղորդալարերի դեպքում` 42 Վ-ից ոչ բարձր լարում:

352. Արգելվում է ստորերկրյա փորվածքներում մինչև 1140 Վ լարման դեպքում կիրառել յուղեր և այլ տաք հեղուկներ պարունակող փոխարկման (կոմուտաիցայի) և գործարկման ապարատներ:

 

4. ԽՑԵՐ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

353. Նոր կառուցվող բոլոր էլեկտրամեքենայական խցերն ու ենթակայանների խցերը, որոնցում մեկ տարուց ավելի ծառայության ժամկետով տեղադրվում են յուղով լցավորված էլեկտրասարքավորումներ, պետք է ամրացվեն չհրկիզվող նյութերով:

354. Բոլոր փորվածքամիացումները և խցերի մուտքերը, ինչպես նաև դրանց հարող լեռնային փորվածքները, խցի երկու կողմից` 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, պետք է ամրացվեն այն նյութով, ինչով ամրացվում է խուցը: Ստորերկրյա կենտրոնական ենթակայանի և գլխավոր ջրահեռացման խցերի հատակների մակարդակը պետք է բարձր լինի հորանամերձ բակի ռելսուղիների գլխիկների նշագծից` բարձր լինի ոչ պակաս` 0,5 մ-ից:

355. Այն խցերում, որտեղ տեղադրված են էլեկտրասարքավորումներ, հրդեհային դռներից բացի, պետք է լինեն նաև վանդակավոր դռներ` փակիչ սարքերով:

Եթե խցի դռները մշտական չեն սպասարկվում աշխատողների կողմից, պետք է լինեն փակ վիճակում: Խցի մուտքի մոտ պետք է կախվի ցուցանակ` «Կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է» գրառմամբ: Բացի դրանից, խցերի մեջ տեսանելի տեղերում պետք է կախվեն վտանգի նշան պարունակող նախազգուշական միջոցներ:

356. Ենթակայանների 10 մ-ից ավելի երկարությամբ խցերը պետք է ունենան երկու ելք` տեղադրված խցի իրարից համեմատաբար հեռու մասերում:

357. Խցերում ապարատների և մեքենաների միջև դրանց վերանորոգման և տեղափոխման նպատակով պետք է թողնվեն 0.8 մ-ից ոչ պակաս լայնությամբ անցուղիներ: Խցերի պատերի կողմից պետք է թողնվեն հավաքակցման անցատեղեր` 0,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ:

358. Մեքենաներից և ապարատներից տրանսֆորմատորների յուղի հոսքը պետք է դադարեցվի անմիջապես, իսկ թափված յուղը հավաքվի: Խցի մուտքի առջև դրա հատակի մակարդակից 100 մմ-ից ոչ պակաս բարձրության վրա պետք է կառուցվի թեքավուն պատվար: Մեքենայական և տրանսֆորմատորային խցերի պատերը ու տանիքը պետք է ներկվեն սպիտակ գույնի ներկով, խցերում չպետք է լինեն կաթոցներ:

 

5. ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՄԱԼՈՒԽՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

359. 1140 Վ-ից բարձր լարում ունեցող ստորերկրյա ցանցերում պետք է իրականացվեն գծերի, տրանսֆորմատորների և էլեկտրաշարժիչների պաշտպանություն` կարճ միացումներից և հոսանքակորուստներից:

360. Ստորերկրյա հանքի կենտրոնական ենթակայանը սնուցող գծերում թույլատրվում է կիրառել առավելագույն հոսանքային պաշտպանություն` ժամանակի սահմանափակ պահման և ակնթարթային գործողության անջատիչներով, ինչպես նաև պաշտպանություն հողի վրա կարճ միացումից` ժամանակի` մինչև 0,7 վրկ պահմամբ: Էլեկտրաշարժիչների համար պետք է նախատեսվեն նաև զրոյական պաշտպանություն հոսանքի բեռնվածքից և զրոյական պաշտպանություն:

361. Մինչև 1140 Վ լարման դեպքում պետք է իրականացվի`

1) առավելագույն պաշտպանություն կարճ միացման հոսանքից տրանսֆորմատորների և դրանցից դուրս եկող միացումների համար` ավտոմատ անջատիչների միջոցով.

2) պաշտպանություն կարճ միացման հոսանքից` էլեկտրաշարժիչների և դրանց սնուցող մալուխների համար.

3) պաշտպանություն` հոսանքի բեռնվածքից և գերտաքացումից.

4) զրոյական պաշտպանություն.

5) էլեկտրական ցանցի պաշտպանություն դեպի հող վտանգավոր հոսանքակորուստներից` ներառյալ պաշտպանություն ամբողջ էլեկտրական ցանցին միացված, մեկ կամ զուգահեռ միացումով աշխատող տրասֆորմատորների խմբի համար:

362. Մեկ կամ զուգահեռ աշխատող տրանսֆորմատորներին միացված մալուխների ընդհանուր երկարությունը պետք է սահմանափակվի ունակությամբ հողի նկատմամբ, ոչ ավելի 1 մկ Փ յուրաքանչյուր ֆազի համար:

363. Ռելսային պաշտպանության անջատիչ ապարատների սարքերի ընտրությունը, ավտոմատ անջատիչների կամ մագնիսական գործարկիչների առավելագույն հոսանքի գործարկման մեծությունը, հոսանքի առանձին ընդունիչներում դրված ապահովիչների հալուն ներդիրների անվանական հոսանքը, ինչպես նաև այդ սարքերի գործարկման պարամետրերի հաշվարկը և ստուգումը պետք է կատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

 

6. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

364. Բոլոր հանքախորշային մեքենաները պետք է էլեկտրական ցանցին միացվեն մագնիսական գործարկիչների կամ հատուկ մագնիսական կայանների (կառավարման կայան) օգնությամբ: Նշված գործարկիչների և մագնիսական կայանների կառավարումը պետք է իրականացվի հեռակառավարման վահանակից` տեղադրված իրեն մեքենայի վրա, կամ դրան մոտ տարածությունում:

365. Հանքախորշային մեքենաների և մեխանիզմների կառավարման սխեմաները պետք է ապահովեն`

1) զրոյական պաշտպանություն.

2) մեքենաների իրանի հողանցման անընդմեջ հսկողություն.

3) ապարատի ինքնակամ միացման պաշտպանություն` արտաքին շղթայից կարճ միացման դեպքում:

366. Վերանորոգման և օժանդակ աշխատանքները կատարելուց առաջ մեքենաների շարժական մասերից պետք է հանվի լարումը, և ձեռնարկվեն միջոցներ մեքենաների հանկարծակի գործարկումը կանխարգելելու համար:

 

7. ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՑ ՍՆՎՈՂ ԼԱՄՊԵՐՈՎ

 

367. Ստորերկրյա հանքի բոլոր աշխատանքային տեղերը, ինչպես նաև սանդուղքները, մարդկանց համար անցատեղերը և ավտոտրանսպորտային ուղիները, անկախ սնուցման աղբյուրներից, պետք է ունենան հիմնական և վթարային լուսավորություն: Բոլոր տեղերում թույլատրվում է վթարային լուսավորության համար կիրառել մարտկոցային անհատական լուսավորություն:

368. Ցանցային լամպերով պետք է լուսավորվեն հանքի աշխատանքային գոտիները, ինչպես նաև բոլոր լեռնային փորվածքները, որոնք ծառայում են բեռների փոխադրման և մարդկանց տեղաշարժի համար: Մաքրահանման հանքախորշերը պետք է լուսավորվեն մինչև 36 Վ լարմամբ լամպերով, իսկ խցի բարձրությունը 4 մ-ից ավելի լինելու դեպքում` 127 Վ-ից ոչ բարձր լարմամբ լուսարձակներով:

369. Ստորերկրյա հանքերում պետք է կիրառվեն հանքային կատարմամբ լամպեր: Թույլատրվում է լուսավորության համար կիրառել 24 Վ-ից բարձր լարումով լամպեր` առանց արմատուրայի: Ստորերկրյա լուսավորիչ կայանքների սնուցման համար պետք է ընդունել 127 Վ-ից ոչ բարձր լարում: Անշարժ լյումինեսցենտային լուսավորության համար թույլատրվում է գծային լուսավորում` 220 Վ լարումով:

370. Էլեկտրական ցանցից սնվող լամպերով փորվածքների լուսավորությունը պետք է իրականացվի սույն կանոնակարգի N 4 աղյուսակում նշված նվազագույն լուսավորության (լկս) նորմերից ոչ պակաս:

 

Աղյուսակ N 4

._________________________________________________________________.

|Ստորերկրյա հանքի օբյեկտները       |Հարթությունը, որում|Նվազագույն|

|                                  |նորմավորվում է     |լուսավո-  |

|                                  |լուսավորությունը   |րությունը |

|__________________________________|___________________|__________|

|1. Նախապատրաստական հանքախորշեր և  |հատակի վրա`        |        15|

|մաքրահանման հանքախորշերի          |հորիզոնական        |          |

|կեռաշերեփային ուղիներ             |___________________|__________|

|                                  |հանքախորշում`      |        10|

|                                  |ուղղահայաց         |          |

|__________________________________|___________________|__________|

|2. Հիմնական բացատարման փորվածքներ |հատակի վրա`        |         5|

|հատակի վրա` հորիզոնական           |հորիզոնական        |          |

|__________________________________|___________________|__________|

|3. Այլ հիմնական փորվածքներ        |հատակի վրա`        |         2|

|(օդափոխության հանքիջանցքներ,      |հորիզոնական        |          |

|մարդկանց անցումների համար տեղեր և |                   |          |

|այլն)                             |                   |          |

|__________________________________|___________________|__________|

|4. Մարդկանց տեղաշարժի համար       |հատակի վրա`        |         3|

|վերընթաց սանդուղքներով փորվածքներ |հորիզոնական        |          |

|                                  |(սանդուղքի         |          |

|                                  |աստիճանները)       |          |

|__________________________________|___________________|__________|

|5. Ստորերկրյա էլեկտրաենթակայաններ,|հատակի վրա`        |        75|

|տրանսֆորմատորային և  մեքենայական  |հորիզոնական        |          |

|խցեր                              |___________________|__________|

|                                  |ուղղահայաց`        |       150|

|                                  |ստուգիչ-չափիչ      |          |

|                                  |սարքերի վահանակների|          |

|                                  |վրա                |          |

|__________________________________|___________________|__________|

|6. Պայթուցիկ նյութերի պահեստներ   |հատակի վրա`        |        30|

|                                  |հորիզոնական        |          |

|__________________________________|___________________|__________|

|7. Ստորերկրյա բուժկետեր           |հորիզոնական`       |       100|

|                                  |հատակից 0. 8 մ     |          |

|                                  |բարձրության վրա    |          |

|__________________________________|___________________|__________|

|8. Հանքահորերի ընդունման հարթակներ|հատակի վրա`        |        15|

|                                  |հորիզոնական        |          |

|                                  |___________________|__________|

|                                  |ուղղահայաց`        |        20|

|                                  |ազդանշանային       |          |

|                                  |վահանակի վրա       |          |

|__________________________________|___________________|__________|

|9. Մերձհանքահորային շրջիչներ      |հորիզոնական`       |        15|

|                                  |հատակից 0.8 մ      |          |

|                                  |բարձրության վրա    |          |

._________________________________________________________________.

 

371. Արգելվում է ստորերկրյա փորվածքներում լամպերի սնուցման համար օգտագործել հանքային կատարմամբ տրանսֆորմատորներ:

 

8. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ

 

372. Ստորերկրյա հանքի բոլոր աշխատանքային գոտիները, ծառայական նշանակությամբ խցերը, վթարների վերացման համար նախատեսված տեղերը պետք է սարքավորվեն երկլարային հեռախոսակապով, որը կունենա անմիջական ելք երկրի մակերևույթի վրա գտնվող համահանքային հեռախոսակայանի (դիսպետչերական կետի) հետ: Ստորերկրյա հանքերում թույլատրվում է օգտագործել նաև ժամանակակից բջջային հեռախոսներ, ռադիոկապի միջոցներ:

373. Ստորերկրյա հանքի հեռախոսային կապի սարքերի սնուցումը

 

պետք է իրականացվի 127 Վ-ից ոչ բարձր գծային լարումով` լուսավորության ցանցից կամ մարտկոցային կուտակիչներից: Ազդարարման սարքերի սնուցման համար թույլատրվում է 220 Վ-ից ոչ բարձր լարում` հոսանքակորստից պաշտպանության առկայությամբ: Տրանսպորտային ազդարարման սարքերի սնուցումը թույլատրվում է հպակային ցանցից` 275 Վ-ից ոչ բարձր լարումով` հալուն ապահովիչների առկայությամբ: Ստորերկրյա ռադիոկապի և նախազգուշական ազդարարման կապերի սնուցումը պետք է կատարվի 60 Վ-ից ոչ բարձր լարումով աղբյուրից:

374. Բոլոր էլեկտրական մեքենաները, սարքերը, տրանսֆորմատորները և մյուս էլեկտրասարքավորումները, դրանց պայթյունավտանգ պատյանները, մալուխները, հողանցումները պետք է պարբերաբար զննվեն`

1) յուրաքանչյուր հերթափոխում` մեքենաների և մեխանիզմների վրա աշխատողների կողմից, ինչպես նաև հերթապահ էլեկտրափականագործների կողմից.

2) շաբաթը մեկ անգամ` հանքի տվյալ տեղամասի տեխնիկական պատասխանատու անձի (տեղամասի մեխանիկ) կողմից.

3) եռամսյակը մեկ անգամ` հանքի ղեկավար տեխնիկական պատասխանատու աշխատողների (մեխանիկ, էլեկտրիկ) կողմից:

375. Ապարատների պաշտպանությունը հոսանքի կորստից պետք է ստուգվի յուրաքանչյուր հերթափոխից առաջ` տեղամասի տեխնիկական պատասխանատու անձի կողմից: Ստուգման արդյունքները պետք է գրանցվեն հատուկ ցուցատախտակների վրա` պաշտպանության սարքերի տեղադրման վայրերում:

376. Հանքային էլեկտրական տեղակայանքների և մալուխների մեկուսիչների նկատմամբ հողի հարաբերական դիմադրությունը 127-1140 Վ նոմինալ լարվածության դեպքում պետք է լինի հետևյալ նորմերից ոչ ցածր`

1) հանույթի և հորատանցման մեքենաների էլեկտրաշարժիչների համար` 0.5 ՄՕմ.

2) այլ մեքենաների էլեկտրաշարժիչների, լուսավորության տրանսֆորմատորների, գործարկման ագրեգատների, ձեռքի գայլիկոնների համար` 1 ՄՕմ.

3) գործարկման և բաշխիչ ապարատների, ցանկացած երկարությամբ մալուխների համար` 1 ՄՕմ: Արգելվում է չռետինացված պարաններով ճկուն մալուխների կիրառումը: Բոլոր ապարատների ավտոմատ պաշտպանությունը պետք է ստուգվի մինչև դրանք հանք իջեցնելը: Հետագա ստուգումները պետք է իրականացվեն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

377. Տրանսֆորմատորային յուղերը, որոնք օգտագործվում են ստորերկրյա փորվածքներում տեղադրված ապարատներում և սարքերում, պետք է ստուգվեն ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ: Յուղերի ֆիզիկաքիմիական հատկությունները պետք է ստուգվեն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

 

9. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿՈՒՏԱԿԻՉԱՅԻՆ ԼԱՄՊԵՐ

 

378. Արգելվում է մարդկանց իջնել ստորերկրյա հանք, տեղաշարժվել փորվածքներով, ինչպես նաև աշխատանքներ կատարել առանց միացված անհատական կուտակիչային լամպի: Յուրաքանչյուր ստորերկրյա հանքում սարքին վիճակում գտնվող լամպերի քանակը պետք է 10%-ով ավելին լինի հանքի աշխատողների ցուցակային թվից: Ստորերկրյա հանքի աշխատողներին տրված կուտակիչային լամպերը պետք է ապահովեն անընդմեջ նորմալ լուսավորում` 10 ժամից ոչ պակաս տևողությամբ:

379. Լամպերը պետք է տրվեն մաքուր և սարքին վիճակում և հանքի մեխանիկական ծառայության կողմից յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ստուգվեն լամպերի լիցքավորման կայաններում: Լամպերի ստուգման արդյունքները պետք է ձևակերպվեն ակտով, անսարք լամպերն անմիջապես պետք է հանվեն օգտագործումից:

380. Յուրաքանչյուր հանքին կամ փոքր հանքերի խմբերին կից պետք է տեղադրվեն լամպային տնտեսություններ, որոնցում պետք է նախատեսվեն տեղեր ինքնափրկիչների և շնչադիմակների պահման, ստուգման և տրման համար, ինչպես նաև շինություններ`

1) լամպերի ընդունման, հավաքման, մաքրման և կուտակիչների էլեկտրոլիտների նախապատրաստման ու լցման համար.

2) կուտակիչային լամպերի պահման և տրման համար.

3) կուտակիչների լիցքավորման համար.

4) ուղղիչ ագրեգատների համար.

5) օժանդակ շինություններ (արհեստանոց, պահեստարան և այլն): Լամպային տնտեսությունները պետք է սարքավորվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի նաև դրանց ինքնասպասարկումը:

381. Էլեկտրոլիտի լուծույթի նախապատրաստման և դրանք կուտակիչներ լցավորման համար պետք է կիրառվեն հատուկ հարմարանքներ, որոնք կկանխեն էլեկտրոլիտի հոսքը և ցայտումները: Էլեկտրոլիտ պատրաստող աշխատողներին պետք է տրվեն պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ և գոգնոցներ: Շինությունում պետք է պահվեն չեզոքացնող լուծույթներ և փոշիներ` մարդկանց մարմինն էլեկտրոլիտով այրվելու դեպքում օգտագործելու համար:

382. Լամպային տնտեսության բոլոր սենյակները պետք է պահվեն մաքուր վիճակում և ունենան ներծծիչ-արտածծիչ օդափոխություն` ինչպես ընդհանուր, այնպես էլ տեղական: Սեղանները, որոնց վրա կատարում են լամպերի քանդում, մաքրում և լցավորում, նույնպես պետք է ունենան օդափոխություն:

383. Արգելվում է լամպային տնտեսության շինություններում ծխել, ունենալ ծխելու պարագաներ և օգտվել բաց կրակից:

384. Լամպային տնտեսությունում պետք է լինեն կրակմարիչներ, չոր ավազով լցված արկղեր: Տնտեսության բոլոր սենյակները միմյանցից պետք է բաժանվեն չհրկիզվող պատերով և իրար հետ կապվեն դռներով:

 

10. ՀԱՆՔԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄԸ

 

385. Կառուցման, շահագործման և վերակառուցման մեջ գտնվող բոլոր ստորերկրյա հանքերում պետք է իրագործվեն հրդեհային անվտանգության միջոցառումներ` ուղղված հրդեհների առաջացման կանխարգելմանը, ինչպես նաև տեղայնացմանը և վերացմանը: Արգելվում է շահագործման ընդունել նոր հանքեր, հորիզոններ, տեղամասեր, բլոկներ, որոնցում սահմանված չափով չեն նախատեսված հրդեհային անվտանգության պահանջները: Հրդեհային անվտանգության միջոցառումները պետք է արտացոլվեն նոր կամ վերակառուցվող հանքերի նախագծի մեջ, գործող և նախապատրաստվող հորիզոններում, լեռնային աշխատանքների զարգացման պլաններում:

386. Բոլոր բարձրակները և թարմ օդ մատակարարող հանքահորերի, հետախուզահորերի, և հանքուղիների վերհանային շինությունները պետք է կառուցվեն չհրկիզվող նյութերից: Չհրկիզվող նյութերով պետք է ամրապնդվեն`

1) բոլոր ուղղաձիգ և թեք հանքահորերի, հանքուղիների, ինչպես նաև հետախուզահորերի հորաբերանները` երկրի մակերևույթից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.

2) ուղղաձիգ և թեք հանքահորերի, հանքուղիների, հետախուզահորերի կցորդամասերը` հորիզոնների փորվածքներով և հորանամերձ բակերով փոխհատվող փորվածքի մերձակա պատի ամեն կողմից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.

3) հիմնական թեքությունների հորաբերանները, բացատարման և օդափոխության հանքամիջանցքների անցարանները, կցորդամասերը` փոխհատվող փորվածքի մերձակա պատի ամեն կողմից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.

4) գլխավոր և օժանդակ օդափոխության կայանքների շինությունների օդափոխության անցուղիները, ինչպես նաև բոլոր օդաջեռուցիչների (կալորիֆեր) անցուղիները` 10 մ երկարությամբ:

387. Ստորերկրյա հանքի օդամղիչ հորանների, հետախուզահորերի հորաբերանները պետք է ունենան մետաղե կափույրներ, իսկ հանքուղիները` մետաղե դռներ: Կափույրները պետք է գործարկվեն երկու տեղերից` անմիջապես բարձրակից և վերհանքային շինության արտաքին մասից:

388. Արգելվում է ծխել հանքում, վերհանքային շինություններում և սենյակներում, էլեկտրամեքենաշինական խցերում, էլեկտրատեղակայանքներում:

389. Արգելվում է ցանկացած տեսակի վառելիքի, ինքնաբռնկվող ապարների և նյութերի համար տեղակայել պահեստներ` վերհանքային շինություններից մինչև 100 մ հեռավորության վրա:

390. Հակահրդեհային նյութերի, սարքավորումների և հարմարանքների պահման համար պետք է կազմակերպվեն`

1) պահեստներ` տեղադրված վերհանքային շինություններից և հանքուղու բերանից մինչև 100 մ հեռավորության վրա` կապված վերջիններիս հետ երկաթուղով կամ ավտոճանապարհներով.

2) ստորերկրյա պահեստներ` տեղադրված յուրաքանչյուր գործող հորիզոնում համալրված հակահրդեհային միջոցներով, նյութերով, գործիքներով և գույքով: Վթարների վերացման համար պահեստներից ծախսված հակահրդեհային նյութերը և միջոցները պետք է լրացվեն մեկ օրվա ընթացքում:

391. Հանքերում` գազավորված մթնոլորտում, հրդեհաշիջման աշխատանքները պետք է կատարեն միայն լեռնափրկարար ծառայությունների աշխատողները: Հրդեհների վերացմանը` լեռնափրկարարների հսկողությամբ կարող են մասնակցել նաև հանքի և հակահրդեհային ծառայության աշխատողները` ունենալով մեկուսիչ ինքնափրկարարական միջոցներ:

392. Արտաքին հրդեհային ջրատար չունեցող ստորերկրյա հանքերում երկրի մակերևույթի վրա պետք է կառուցվի և միշտ ջրով լցավորված վիճակում պահվի հակահրդեհային ջրավազան, որի տարողությունը որոշվում է հաշվարկով: Ջրավազանները հանքահորի հետ պետք է միացված լինեն խողովակագծով` տրամագիծը` 100 մմ-ից ոչ պակաս: Ջրատար խողովակագծի մոտ պետք է տեղադրվեն պոմպեր (աշխատող և պահուստային), որոնց արտադրողականությունը և ճնշումը որոշվում են ըստ հանքի հակահրդեհային նախագծի: Պոմպերի շինությունները ձմռանը պետք է տաքացվեն:

393. Հրդեհի օջախ ունեցող ստորերկրյա հանքերում օդափոխիչների խափանման կամ օդափոխության հաստատված ռեժիմների խախտումների ժամանակ լեռնային փորվածքներում գտնվող բոլոր մարդիկ պետք է անմիջապես դուրս բերվեն երկրի մակերևույթ: Հրդեհի տեղամասը պետք է մեկուսացվի չհրկիզվող օդաանթափանցիկ և հակահրդեհային միջնապատով` օդի ջերմաստիճանի չափման և օդի մեջ CO, CO2, SO2, O2 գազերի պարունակությունն ստուգելու նպատակով օդի նմուշներ վերցնելու համար: Հրդեհի տեղամասը շահագործվող փորվածքներից բաժանող հակահրդեհային միջնապատի զննումը պետք է կատարվի ամենօրյա: Օդափոխության ռեժիմը վերականգնելուց հետո հանքի բոլոր փորվածքները պետք է լրիվ օդափոխվեն, կատարվի օդի բաղադրության վերլուծություն:

394. Հրդեհով բռնկված տեղամասերում հետագայում հանքաքարի հանույթի ժամանակ անհրաժեշտ է թողնել արգելափակոցային բնամասեր և հանույթը կատարել միայն մշակված տարածության լցափակմամբ:

395. Հրդեհներով բռնկված տեղամասերի բացումը և դրանց նախնական օդափոխությունը պետք է իրականացնեն լեռնափրկարար ծառայության աշխատողները:

396. Միայն դրական արդյունքներ ստանալուց հետո կարելի է թույլատրել աշխատողներին մտնել լեռնային փորվածքներ: Աշխատանքների վերսկսումից հետո, 3 օրվա ընթացքում, հրդեհված տեղամասում պետք է հերթապահեն լեռնափրկարարները և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, ամեն մի փորվածքում որոշեն օդի բաղադրությունը և ջերմաստիճանը:

 

11. ՋՐԻ ԵՎ ԳԱԶԻ ՃԵՂՔՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ

 

397. Ջրապարունակ և ջրավորված օգտակար հանածոների ստորերկրյա հանքավայրերի մշակումը պետք է կատարվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով` փորձաքննություն անցած նախագծով:

398. Եթե ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի սահմաններում կան հեղեղված փորվածքներ, ինչպես նաև փորվածքներ, որոնցում հնարավոր է տաք և թունավոր գազերի կուտակումներ, պետք է որոշվեն դրանցում ջրերի և գազերի ճեղքումների վտանգավոր գոտիները և մտցվեն մարկշեյդերական փաստաթղթերի մեջ:

399. Ջրավազանների տակ գտնվող արգելապատված կամ ապահովիչ բնամասերի սահմաններում լեռնային աշխատանքները կարող են կատարվել միայն ջրահեղեղված փորվածքներից ջուրը բաց թողնելուց կամ երկրի մակերևույթի վրա տեղադրված ջրավազաններից այն հանքավայրի սահմաններից դուրս մղելուց հետո:

400. Եթե ջրահեղեղված փորվածքներում նկատվում են ջրի և գազի հնարավոր ճեղքման նշաններ, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել աշխատանքները, մարդկանց դուրս բերել ջրահեղեղման և գազավորման վտանգի տակ գտնվող փորվածքներից: Միաժամանակ անհրաժեշտ է հերթափոխում ոչ պակաս, քան 3 անգամ անցկացնել օդի բաղադրության արագընթաց վերլուծություն, վերցնել օդի նմուշ և ամիսը երկու անգամ կատարել օդի քիմիական վերլուծություն: Բոլոր հորատանցքերը, բացառությամբ դիտարկման և ջրապարունակ հորիզոնները հատող հորատանցքերից, պետք է ցեմենտածածկվեն:

401. Կազմակերպությունը, որն իրականացնում է հորատման աշխատանքներ, պետք է կազմի երկրաբանական հաշվետվություն, որի մեջ պետք է տեղադրական հատակագծերի (քարտեզների) վրա և կոորդինատների քարտեզացուցակներում ցույց տրվեն ելանցքների, հանքախորշերի ու փորվածքների հետ բոլոր հորատանցքերի հատման տեղերը: Երկրաբանական հաշվետվության մեկ օրինակը պետք է պահվի կազմակերպությունում, որը պարտավոր է հանքերին հաղորդել դրանց վերաբերյալ երկրաբանահետախուզական տվյալները:

402. Ջրի, տղմահողերի կամ խույսի ճեղքի վտանգի պայմաններում, հանքահորերի կառուցման և շահագործման ժամանակ, գործող լեռնային փորվածքները, մերձհանքահորային բակերը և գլխավոր ջրահեռացման սարքավորումները պետք է պատնեշապատվեն անջրաթափանցիկ անջրպետներով: Երկրի մակերևույթի ձագարները և հանքավայրերի մշակման հետևանքով առաջացած բաց ճեղքվածքները, հեղեղատներով անցումները պետք է անջրպետվեն ջրահեռացման առուներով` անձրևաջրերը և հեղեղաջրերը արտամղելու, դրանց մուտքը դեպի լեռնային փորվածքներ արգելափակելու համար:

403. Ջրածածկված ուղղահայաց և թեք փորվածքներից ջրի դուրս մղման ժամանակ պետք է ստուգվեն մթնոլորտի և այդ փորվածքների չօդափոխվող մասերի վիճակը` ջրի հայելամակերեսից վերև: Օդի փորձանմուշները` վերցված լեռնափրկարարների կողմից, պետք է հետազոտվեն ածխածնի (CO), ածխաթթու (CO2), մեթան գազի (CH4), ծծմբաջրածնի (H2S), թթվածնի (O2) և ջրածնի (H2) պարունակության համար:

404. Վնասակար գազերի հնարավոր կուտակման տեղերին մոտեցող փորվածքները պետք է լուսավորվեն մարտկոցային լամպերով: Եթե փորվածքներում հայտնաբերվում են վնասակար գազեր, դրանց չափումը պետք է կատարվի գազորոշիչներով: Այն դեպքերում, երբ հանքախորշերը մոտենում են փորվածքներին, որոնցում հնարավոր է վնասակար և այրվող նյութերի կուտակումներ, պետք է կազմվի գազի ճեղքման դեմ պաշտպանիչ միջոցառումների ծրագիր, որը հաստատվում է կազմակերպության ղեկավարության կողմից:

405. Եթե նույն հանքավայրում տեղակայված մի հանքահորը կամ հանքահորերի խումբը մյուս հանքահորերի համար ստեղծում են հնարավոր ջրահեղեղման կամ գազավորման վտանգ` հանքային դաշտի սահմաններում պետք է թողնվեն արգելապատված բնամասեր:

406. ՈՒղղաձիգ և թեք հանքահորերը, հետախուզահորերը, հանքուղիները պետք է դասավորվեն այնպես, և դրանց ելանցքներն ունենան այնպիսի սարքեր, որպեսզի մակերևութային ջրերը չթափանցեն լեռնային փորվածքներ: Լեռնային փորվածքները շահագործումից հանելու կամ կոնսերվացնելու դեպքում պետք է դրանցում մեկուսացվեն մակերևութային ջրերի հոսքը:

407. Ջրահանման գլխավոր և տեղամասային կայանքները պետք է ունենան երկու ջրահավաքիչներ` բաղկացած երկու և ավելի փորվածքներից:

408. Կառուցվող և վերակառուցվող հանքահորերի և նոր հորիզոնների համար գլխավոր ջրահավաքիչի տարողությունը պետք է հաշվարկված լինի 4 ժամից ոչ պակաս հոսքի համար, տեղամասայինը` 2 ժամից ոչ պակաս հոսքի համար: Ջրաքաշող հանքահորերի գլխավոր ջրահանման կայանքների ջրաքաշիչ տարողությունները պետք է հաշվարկել երկժամյա հոսքի համար:

409. 50 մ3/ժ-ից ավելի ջրային հոսք ունեցող հանքերի ջրհանման գլխավոր կայանքները պետք է սարքավորված լինեն 3-ից ոչ պակաս պոմպային ագրեգատներով: Մեկ պոմպային ագրեգատի արտադրողականությունը գերազանցող ջրային հոսք ունեցող հանքերի համար պահեստային և վերանորոգման մեջ գտնվող ագրեգատների թիվը պետք է ընդունել սույն կանոնակարգի N 5 աղյուսակում բերված տվյալներին համապատասխան:

 

Աղյուսակ N 5

.___________________________________________________.

|Պոմպային ագրեգատների|Այդ թվում`                    |

|ընդհանուր թիվը      |______________________________|

|                    |աշխատանքի|պահուս-|վերանորոգման|

|                    |մեջ      |տային  |մեջ         |

|____________________|_________|_______|____________|

|         4          |    2    |   1   |      1     |

|         5          |    3    |   1   |      1     |

|         7          |    4    |   2   |      1     |

|         8          |    5    |   2   |      1     |

|         9          |    6    |   2   |      1     |

|         11         |    7    |   3   |      1     |

.___________________________________________________.

 

410. Ջրհան կայանքների աշխատանքային պոմպերի արտադրողականությունը պետք է ապահովի շուրջօրյա ջրային հոսքի նորմալ դուրս մղումը` 20 ժամից ոչ ավելի ժամանակով:

411. Գլխավոր ջրհան կայանքը պետք է սարքավորված լինի երկուսից ոչ պակաս ջրահեռացման խողովակագծերով, որից մեկը` պահուստային: Աշխատանքային խողովակագծերը պետք է հաշվարկվեն պոմպային կայանքի լրիվ արտադրողականության վրա: Պոմպային խցում մղիչ խողովակագծերը պետք է լինեն օղակված և ունենան սողնակ` խողովակագծերից յուրաքանչյուրի ագրեգատի փոխարկումն ապահովելու համար:

412. Գլխավոր ջրհան կայանքը պետք է զննվի ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ` հանքի տեխնիկական պատասխանատու անձի կողմից:

413. Յուրաքանչյուր հանքում պարբերաբար, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ, պետք է կատարվի ջրի հոսքի չափում և ջրի քիմիական վերլուծություն:

 

12. ՊԱՀԱՆՋՆԵՐ ՀԱՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

414. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերի մշակման, գործող հանքերի վերակառուցման յուրաքանչյուր նախագիծ պետք է պարունակի հատուկ բաժին, որով սահմանվում են միջոցառումներ հանքում աշխատողների կյանքը և առողջությունը վնասակար գործոնների ազդեցությունից պաշտպանելու համար: Հանքի աշխատանքային գոտում օդի քիմիական նյութերի պարտադիր հետազոտությունները պետք է ներառվեն սույն կանոնակարգի III գլխի 11-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված առողջության պահպանման սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման միջոցառումների ծրագրի մեջ:

415. Հանքավայրի հորիզոններում, բլոկներում և հանքահանման հանքահորերում և այլ փորվածքներում պարտադիր կարգով պետք է նախատեսվեն փոշու դեմ պայքարի սարքավորումների տեղադրում, փոշենստեցման միջոցների անվանացանկը, դրանց աշխատանքային ռեժիմը:

416. Արգելվում է շահագործման հանձնել նոր կամ վերակառուցված հանքեր, եթե դրանց փորվածքներն, ապահովված չեն փոշու դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներով:

417. Արգելվում է հանքերում օդի մղումը կատարել տախտկամածովային վերհան սարքերով և վերելքավանդակներով սարքավորված հանքահորերով, փոխակրիչներով սարքավորված թեք հանքահորերով: Մաքրահանման հանքախորշերով, հանքամիջանցքներով և հանքիջանցքային ձագարներով: Օդը պետք է մղվի օդափոխման վերընթացներով փորվածքների կամ խիտ երեսապատված օդափոխման կամ հետիոտն բաժանմունք ունեցող փորվածքներով:

418. Արգելվում է շահագործել լեռնային մեքենաներ և սարքեր, եթե դրանք սարքավորված չեն ձայնամեղմիչ և հակաթրթռիչ միջոցներով, ինչը կապահովի արտադրական աղմուկին և թրթռմանը ներկայացվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի, հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմեր N 2. III-11. 3», N 138 հրամանով հաստատված և 2006 թվականի մայիսի 7-ի «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմեր» ՀՀ N 2. 2. 4-009-06, N 533-Ն հրամանով հաստատված սանիտարական և հիգիենիկ նորմերի պահանջների կատարումը:

419. Բոլոր լեռնային սարքավորումները, որոնք շահագործման ընթացքում առաջացնում են փոշի, պետք է ունենան սարքին վիճակում գտնվող և անխափան գործող փոշենստեցման կամ փոշեորսման հարմարանքներ: Արգելվում է ստորերկրյա հանքերում օգտագործել ներքին այրման շարժիչներով մեքենաներ` առանց չեզոքացուցիչների:

420. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ փոշու և գազերի նստեցման համար պետք է օգտագործվեն հատուկ միջոցներ (մշուշաստեղծ սարք, ջրափրփուր և այլն):

421. Օդի աղտոտվածության որոշման համար փորձանմուշների վերցման պարբերականությունը պետք է լինի սլիկոզավտանգ հանքախորշերում` ոչ պակաս երկու ամիսը մեկ անգամ, մյուս հանքախորշերում` երեք ամիսը մեկ անգամ:

422. Ստորերկրյա հանքերի բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն հատուկ արտահագուստներով ու կոշիկներով, պաշտպանիչ սաղավարտներով և հակափոշային հակագազերով, աղմուկի դեմ անհատական պաշտպանիչ միջոցներով, խմելու ջրի անոթներով և ստանան հատուկ կաթ:

423. Ստորերկրյա հանքին կից պետք է կառուցվեն սանիտարակենցաղային շենքեր: Նշված շենքերը պետք է հաշվարկված լինեն հանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի համար:

424. Սանիտարակենցաղային շենքերի կազմում պետք է լինեն արտահագուստի հանդերձարան, հագուստի չորացման և փոշեզրկման սենյակ և շնչադիմականոց, առաջին բուժօգնության միջոցներ:

425. Հանդերձարանի և ցնցուղարանի թողունակությունը պետք է ապահովի ստորերկրյա հանքի յուրաքանչյուր հերթափոխի բոլոր աշխատողների լողանալը և զգեստափոխվելը` ոչ ավելի, քան 45 րոպե տևողությամբ:

426. Ցնցուղարանը պետք է ապահովված լինի տաք և սառը ջրով` մեկ ցնցուղին ժամում 500 լիտր հաշվարկով: Տաք ջրի խողովակները պետք է լինեն մեկուսացված կամ հատակից 2 մ բարձրությամբ պաշտպանված: Ցնցուղարանում օդի ջերմաստիճանը պետք է լինի 25o-ից ոչ ցածր:

i

427. Լողանալու համար նախատեսված ջուրը պետք է համապատասխանի խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն N 2-III-Ա2-1 սանիտարական կանոնների ու նորմերի պահանջներին: Ջրի որակի նկատմամբ արտադրական հսկողությունն իրականացնում է տվյալ կազմակերպությունը, իսկ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը:

(427-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)

428. Ցնցուղարանի, հագուստի պահման բաժանմունքի և հանդերձարանի հատակները պետք է լինեն խոնավակայուն և չսայթաքող, պատերը և միջնապատերը` մինչև 2.5 մ բարձրությամբ` երեսպատված մետաղե սալիկներով:

429. Ստորերկրյա հանքի ղեկավարությունը պարտավոր է բոլոր աշխատողներին ապահովել անհրաժեշտ քանակի որակյալ խմելու ջրով: Հանքի խմելու ջուրը, եթե այն ունի ինքնուրույն համակարգ, պարբերաբար նորմատիվներով սահմանված ժամկետներում, պետք է ենթարկվի քիմիամանրէաբանական հետազոտության:

430. Ստորերկրյա հանքի ջրմուղների կառույցների աշխատողները, ովքեր անմիջականորեն առնչվում են խմելու ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ջրամատակարարման ցանցի սպասարկմանը, պետք է ենթարկվեն պարբերական բժշկական զննության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

431. Խմելու ջրի տարաները պետք է պատրաստվեն սահմանված կարգով թույլատրված նյութերից:

i

432. Ստորերկրյա հանքի սանիտարակենցաղային շենքերի ու շինությունների համապատասխանության նկատմամբ հսկողությունն իրականացվում է տվյալ կազմակերպության կողմից, իսկ պետական վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կողմից:

(432-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)

433. Ստորերկրյա հանքի բոլոր սանիտարակենցաղային շենքերն ու շինությունները, համաձայն ՀՀՇՆ IV-12. 02. 01-2000 նորմերի, պետք է ունենան ներծծման-արտածծման օդափոխություն, որը կապահովի օդում վնասակար գազերի, գոլորշիների կամ աէրոզոլների սահմանային թույլատրելի քանակությունը:

434. Ստորերկրյա հանքի հիմնական լեռնային փորվածքներում, տրանսպորտային ագրեգատներում և ցնցուղարանի մաքուր հանդերձարաններում պետք է լինեն առաջին բուժօգնության համապատասխան միջոցներ և դրա կազմակերպման համար ուսուցանված անձինք: Առաջին բուժօգնությունը ցույց տալուց հետո սպասարկումը (եթե դրա անհրաժեշտությունը կա) պետք է կատարվի լիցենզավորված առողջապահական կազմակերպությունում:

435. (435-րդ կետն ուժը կորցրել է 01.11.12 թիվ 1460-Ն որոշում)

i

436. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերի լեռնային փորվածքները և կառույցները կոնսերվացվում ու փակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(436-րդ կետը փոփ. 01.11.12 թիվ 1460-Ն որոշում)

437. Օգտակար հանածոների հանքավայրերն ստորերկրյա եղանակով մշակող կազմակերպությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի, պարտադիր կարգով պետք է մշակեն և հաստատեն հնարավոր վթարների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման գործողությունների պլանները:

438. Օգտակար հանածոների ստորերկրյա եղանակով մշակվող հանքավայրերում պայթեցման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 6-ի «Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները հաստատելու մասին» N 291-Ն որոշման պահանջներին համապատասխան:

439. (439-րդ կետն ուժը կորցրել է 01.11.12 թիվ 1460-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.2009
N 1083-Ն
Որոշում