Սեղմել Esc փակելու համար:
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

20.06.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 8-ին

 

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) ազգային չափանմուշ (ազգային էտալոն)` չափանմուշ, որը չափագիտության ազգային մարմնի որոշմամբ ճանաչվել է որպես ելակետային Հայաստանի Հանրապետության տարածքում.

2) աշխատանքային չափանմուշ (աշխատանքային էտալոն)` չափանմուշ, որն օգտագործվում է չափման միջոցների կամ չափիչ համակարգերի տրամաչափարկման կամ ստուգաչափման համար, ինչպես նաև չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից չափման միջոցի չափագիտական կանոններին ու նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս).

3) չափանմուշ (էտալոն)` նյութական չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է համապատասխան անորոշությամբ արժեքի կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման և այլ չափման միջոցներին փոխանցման համար.

4) հետևելիության շղթա` չափման միջոցներին չափանմուշային միավորների արժեքների փոխանցման շղթա, որում ներկայացված են միավորների արժեքների փոխանցման հերթականությունը և անորոշությունների համեմատությունը.

5) չափագիտական ապահովում` օրենսդրական չափագիտության բնագավառում չափման արդյունքների հավաստիության ապահովման համար կիրառվող անհրաժեշտ գործողությունները, տեխնիկական միջոցները և կարգերը.

6) չափագիտություն` գիտություն չափումների և դրանց կիրառման մասին.

i

7) չափագիտության լիազոր մարմին` կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարում.

8) (8-րդ կետն ուժը կորցրել է 09.01.2015 թվականից` 17.12.14 ՀՕ-235-Ն օրենք)

9) չափման միջոց` չափում կատարելու համար նախատեսված սարք, որը կարող է կիրառվել առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ.

10) չափման միջոցների տրամաչափարկում (կալիբրավորում)` գործողությունների ամբողջություն, որի միջոցով որոշակի պայմաններում որոշվում է տրամաչափարկվող չափման միջոցների չափվող արժեքների բաշխման տիրույթն աշխատանքային չափանմուշների կամ չափանմուշային չափման միջոցների համեմատությամբ.

11) չափման միջոցների ստուգաչափում` գործողությունների ամբողջություն, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջները: Չափման միջոցների ստուգաչափումը լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր.

12) չափման միջոցների փորձաքննություն` չափման միջոցների ստուգաչափում, որն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով.

13) չափում` մեծության արժեքի որոշման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն.

14) չափումների միասնականություն` չափումների այնպիսի վիճակ, որի արդյունքներն արտահայտված են մեծությունների ընդունված միավորներով, իսկ չափումների սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից.

15) ստանդարտ նմուշ` չափ, որն օգտագործվում է չափման միջոցների ստուգաչափման, տրամաչափարկման, ճշտության գնահատման, ինչպես նաև նյութերի բաղադրության, հատկությունների տեխնիկական բնութագրերը բնորոշող մեծությունների արժեքների որոշման ժամանակ.

16) տեսակի հաստատման սերտիֆիկատ` փաստաթուղթ, որը հավաստում է չափման միջոցի տեսակի հաստատված լինելը.

17) օրենսդրական չափագիտություն` չափագիտության մաս, որը ներառում է գործունեության այն տեսակները, որոնց վրա տարածվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներ չափումների, չափման միավորների, չափման միջոցների և չափման մեթոդների վերաբերյալ.

18) օրենսդրական չափագիտական հսկողություն` չափման միջոցների տեսակի հաստատում, չափման միջոցների նախնական և հետագա ստուգաչափում, չափագիտական հսկողություն և փորձաքննություն.

18.1) չափագիտական վերահսկողություն` չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելման, բացահայտման և վերացման նպատակով տեսակը չհաստատված, չստուգաչափված, տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման, չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայության, չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանն ուղղված վերահսկողություն.

18.2) չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին (այսուհետ` տեսչական մարմին).

19) գիտական պահապաններ` ազգային չափանմուշների պահպանման համար պատասխանատու անձինք:

(2-րդ հոդ. փոփ. 30.04.13 ՀՕ-42-Ն, 17.12.14 ՀՕ-235-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 3. Չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

1. Հայաստանի Հանրապետության չափագիտության և չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 2
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 4. Մեծությունների միավորները

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները:

2. Սույն հոդվածի առաջին մասով երաշխավորված մեծությունների միավորների հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների արտահամակարգային միավորները` հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ:

3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են`

1) միջազգային առևտրի համար.

2) օդային և ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների և անվտանգության համար:

i

4. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Առևտրում, գովազդում, հրատարակություններում, դասագրքերում արգելվում է կիրառել թույլատրված միավորներից տարբեր միավորներ:

 

Հոդված 5. Չափանմուշներ

 

1. Ազգային չափանմուշների համակարգը ստեղծվում է կիրառման թույլատրված միավորների պահպանման, տարածման և տնտեսության պահանջարկը բավարարելու նպատակով:

2. Մեծությունների միավորները, ազգային և աշխատանքային չափանմուշները չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի տեխնիկական հիմքն են: Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիսանում են ելակետային և նախատեսված են մեծությունների միավորների չափերի վերարտադրման և պահպանման համար, ինչպես նաև տվյալ մեծությունների աշխատանքային չափման միջոցներին դրանց չափի փոխանցման համար:

3. Ազգային չափանմուշները պահպանվում են Չափագիտության ազգային մարմնի գիտական պահապանների կողմից:

i

4. Չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչվում է Չափագիտության ազգային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Ազգային չափանմուշները պետության սեփականությունն են:

 

Հոդված 6. Չափման միջոցները

 

1. Չափման միջոցները նախատեսված են կիրառման թույլատրված միավորներով արտահայտված մեծությունների արժեքը որոշելու համար:

2. Չափման միջոցների չափագիտական բնութագրերը, ինչպես նաև տվյալ չափման միջոցներին ներկայացվող շահագործման պահանջները սահմանվում են տվյալ չափման միջոցն արտադրողի կողմից:

3. Օրենսդրական չափագիտության ենթակա ոլորտներում կիրառվող չափման միջոցները պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

Հոդված 7. Ստանդարտ նմուշները

 

1. Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստանդարտ նմուշները ենթակա են տեսակի հաստատման:

2. Տրամաչափարկման ժամանակ կիրառվող ստանդարտ նմուշները ենթակա են վկայագրման` միջազգային ստանդարտներին համապատասխան:

 

Հոդված 8. Չափումների կատարման մեթոդիկաները

 

1. Չափումների կատարման մեթոդիկան, այդ թվում` էտալոնային մեթոդիկան, փաստաթուղթ է, որով սահմանվում են չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, ինչպես նաև չափման արդյունքի մշակման և հաշվարկման կարգը:

2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման:

(8-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն օրենք)

 

Հոդված 9. Չափման միջոցների տրամաչափարկումը

 

1. Տրամաչափարկումն իրականացվում է չափանմուշների համեմատությամբ տրամաչափարկվող չափման միջոցների չափվող արժեքների բաշխման տիրույթը որոշելու նպատակով:

2. Օրենսդրական չափագիտության ոլորտներում չկիրառվող չափման միջոցները կարող են ենթարկվել տրամաչափարկման:

i

3. Չափման միջոցների տրամաչափարկում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

 

ԳԼՈՒԽ 3
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 10. Չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը:

2. Չափագիտության լիազոր մարմինը`

i

1) մշակում և համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտներում.

2) համակարգում է Չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.

3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.

4) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձևը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը.

5) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը.

i

6) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը.

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 20.06.2021 թվականից` 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

7.1) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության մշտադիտարկում.

8) (8-րդ կետն ուժը կորցրել է 20.06.2021 թվականից` 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

9) ընդունում և գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության և Չափի և կշռի միջազգային համաժողովի ուղեցույցները:

(10-րդ հոդ. փոփ. 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

Հոդված 11. Չափագիտության ազգային մարմինը

 

1. Չափագիտության ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն:

2. Չափագիտության ազգային մարմինը`

1) ստեղծում, պահպանում, կատարելագործում է մեծությունների միավորների ազգային չափանմուշները.

2) ապահովում է ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ.

3) իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին.

4) սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը և իրականացնում է ստանդարտ նմուշների վկայագրում.

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 09.01.2015 թվականից` 17.12.14 ՀՕ-235-Ն օրենք)

6) իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն.

7) իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ հետևելիությունն ապահովելու նպատակով.

8) իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում.

9) (9-րդ կետն ուժը կորցրել է 09.01.2015 թվականից` 17.12.14 ՀՕ-235-Ն օրենք)

10) հաստատում է չափման միջոցների տեսակը.

10.1) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության ժամկետը.

11) վարում է հաստատված չափման միջոցների և ստանդարտ նմուշների գրանցամատյանը.

12) մասնակցում է չափման միջոցների տրամաչափարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման աշխատանքներին.

13) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում.

14) չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն:

(11-րդ հոդ. փոփ. 30.04.13 ՀՕ-42-Ն, 17.12.14 ՀՕ-235-Ն, 01.03.17 ՀՕ-76-Ն օրենքներ)

 

Հոդված 12. Կառավարման խորհուրդը

 

1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է 7 անդամներից` չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների և 3 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

3. Չափագիտության ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է և չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:

4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:

6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհուրդը`

1) ընդունում է որոշումներ Չափագիտության ազգային մարմնի գործունեության պլանավորման և գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ.

2) հաստատում է Չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.

3) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով.

4) քննարկում է Չափագիտության ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը և ներկայացնում է առաջարկություն` այն լիազոր պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ.

5) քննարկում, հաստատում և հրապարակում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները.

6) ապահովում է չափագիտության ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին և գիտատեխնիկական առաջընթացին.

7) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային և տարածաշրջանային չափագիտական աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին և համապատասխան փորձագետների.

8) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ 4
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 13. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները

 

1. Օրենսդրական չափագիտության պահանջները տարածվում են այն չափումների վրա, որոնց արդյունքներն օգտագործվում են`

1) գնորդի և վաճառողի միջև առևտրային գործողություններում, արտադրողի և իրացնողի միջև հաշվարկներում.

2) առողջապահության բնագավառում.

3) շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման և պատահարների կանխման ժամանակ.

4) ճանապարհային երթևեկության վերահսկման և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ.

5) պետական կառավարման մարմինների, արբիտրաժի, դատախազության, դատական մարմինների հանձնարարությամբ կիրառվող չափումների ժամանակ.

6) համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում.

7) ռազմական բնագավառում:

8) ծառայությունների մատուցման ոլորտում:

2. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(13-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 14. Օրենսդրական չափագիտության գործառույթները

 

1. Օրենսդրական չափագիտության գործառույթներն են`

1) չափման միջոցների տեսակի հաստատումը.

i

2) չափման միջոցների ստուգաչափումը.

3) չափագիտական հսկողությունը.

4) չափման միջոցների չափագիտական փորձաքննությունը:

(14-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն օրենք)

 

Հոդված 15. Չափման միջոցների փորձարկումը և տեսակի հաստատումը

 

1. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտում կիրառվող և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են տեսակի հաստատման:

2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձևը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:

3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը` փորձարկումների արդյունքների հիման վրա:

4. Չափման միջոցների փորձարկումներն իրականացվում են դրանց չափագիտական բնութագրերի հետազոտման, ստուգաչափման մեթոդի և միջստուգաչափական ժամանակամիջոցի որոշման նպատակով:

5. Չափման միջոցների փորձարկումների և տեսակի հաստատման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը` Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցներով:

i

6. Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15-րդ հոդ. փոփ. 30.04.13 ՀՕ-42-Ն, 17.12.14 ՀՕ-235-Ն օրենքներ)

 

Հոդված 16. Չափման միջոցների ստուգաչափումը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթակա են ստուգաչափման:

2. Չափման միջոց կիրառող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են իրենց կողմից առևտրային նպատակներով կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափման միջոցները ենթարկել ստուգաչափման:

3. Չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ:

4. Չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման` որպես ստուգաչափող:

i

5. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա և (կամ) անձնագրի վրա, և (կամ) տրվում է ստուգաչափման վկայական:

6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և տալիս է ծանուցագիր չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին:

i

7. Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը` Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա:

8. Չափագիտության ազգային մարմինը չափման միջոցները սահմանված կարգով ստուգաչափման ներկայացնելու համար ծանուցում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին:

9. Ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է:

10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման միջոցների շահագործումն արգելվում է:

11. Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:

(16-րդ հոդ. փոփ. 30.04.13 ՀՕ-42-Ն, 17.12.14 ՀՕ-235-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 17. Չափման միջոցների, ինչպես նաև չափածրարված արտադրանքի և չափիչ սրվակների չափագիտական հսկողությունը

(17-րդ հոդվածն ուժը կորցրել է 09.01.2015 թվականից` 17.12.14 ՀՕ-235-Ն օրենք)

 

i
Հոդված 18. Ներմուծված չափման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը

 

1. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ցանկի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ներմուծման, ներմուծող կազմակերպության, չափման միջոցի ծագման և արտահանման երկրի վերաբերյալ տեղեկատվությունը Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է Չափագիտության ազգային մարմնին և տեսչական մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(18-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 19. Չափման միջոցների փորձաքննությունը

 

1. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, սպառողների և նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով` չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով:

2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը:

(19-րդ հոդ. փոփ. 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 20. Չափագիտական վերահսկողության նպատակները, խնդիրները և տեսակները

 

1. Չափագիտական վերահսկողության նպատակներն են չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելումը և դրանց բացահայտումն ու վերացումը:

2. Չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների վրա:

3. Չափագիտական վերահսկողության խնդիրներն են`

1) տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցների կիրառումը.

2) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը.

3) չափումների միասնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:

(20-րդ հոդ. փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 21.  Տեսչական մարմինը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը չափագիտական վերահսկողություն է իրականացնում հետևյալ ուղղություններով.

1) տեսակը չհաստատված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.

2) չստուգաչափված չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.

3) տեսակը հաստատված և ստուգաչափված, սակայն չափագիտական կանոններին և նորմերին չհամապատասխանող չափման միջոցների շուկայահանման և (կամ) շահագործման նկատմամբ.

4) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված վերահսկողության շրջանակներում լիազորված տեսչական մարմինը չափման միջոցի` չափագիտական կանոններին և նորմերին համապատասխանությունը որոշելիս (ստուգելիս) օգտագործում է աշխատանքային չափանմուշ, աշխատանքային չափանմուշի օգտագործման անհնարինության դեպքում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված կարգով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի և (կամ) պահանջում է չափման միջոցի փորձաքննության իրականացում:

3. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է տեսչական մարմնի ղեկավարը:

(21-րդ հոդ. փոփ. 01.063.17 ՀՕ-76-Ն, խմբ. 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 22. Տեսչական մարմնի ծառայողի իրավասությունները

 

1. Տեսչական մարմնի ծառայողը`

1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի իրացումը.

1.1) ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա տրված կարգադրագրի հետ մեկտեղ կապարակնքում է (դրոշմում է) չափման միջոցը.

2) ստուգում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանությունը չափագիտական կանոններին ու նորմերին` անհրաժեշտության դեպքում հրավիրելով Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցչի.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

(22-րդ հոդ. փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 23. Պետական տեսուչի պատասխանատվությունը

(23-րդ հոդվածն ուժը կորցրել է 15.04.2017 թվականից` 01.03.17 ՀՕ-76-Ն օրենք)

 

i
Հոդված 24. Չափագիտական կանոնների և նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը

 

1. Կարգադրագիրը տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է`

1) տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների իրացման արգելմանը` մինչև հայտնաբերված խախտումների վերացումը.

2) չափման միջոցների շահագործման արգելմանը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեսակը հաստատված չէ, կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին.

3) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի իրացման արգելմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրերով սահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ:

3. Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել տեսչական մարմնին:

4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

4.1. Կարգադրագրի պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և (կամ) առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը (դրոշմը) վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնում է տեսչական մարմնի ղեկավարը` տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:

(24-րդ հոդ. փոփ. 01.03.17 ՀՕ-76-Ն, 26.05.21 ՀՕ-230-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 6
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 25. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

1. Սույն օրենքի դրույթները խախտող անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 7
ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 26. Չափումների միասնականության ապահովման աշխատանքների ֆինանսավորումը

 

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`

1) ազգային չափանմուշների ստեղծումը (ձեռքբերումը), կատարելագործումը, պահպանումը, սպասարկումը.

2) մեծությունների միավորների ազգային չափանմուշների բաղդատումը միջպետական կամ միջազգային չափանմուշների հետ.

3) հիմնարար և կիրառական կարևոր հետազոտական աշխատանքների կատարումը չափագիտության բնագավառում.

4) չափումների միասնականության ապահովման հարցերով նորմատիվ իրավական ակտերի մշակումը.

5) Չափագիտության ազգային մարմնի վերազինման համար սարքավորումների մշակումը, ձեռքբերումը և պահպանումը.

6) չափագիտության միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին անդամավճարները.

7) չափագիտության բնագավառի պետական գիտատեխնիկական ծրագրերի կատարման հետ կապված աշխատանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` որպես դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

 

Հոդված 27. Չափագիտական աշխատանքների և մատուցված ծառայությունների համար վճարումը

 

1. Չափագիտության ազգային մարմնի կողմից իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մատուցված ծառայությունների համար վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:

i

2. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման` մինչև 35000 դրամի սահմաններում` լիազորված մարմնի սահմանած գներին համապատասխան:

3. Պատվիրատու հանդես եկող տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցում է չափագիտական աշխատանքներ կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների` մինչև աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:

(27-րդ հոդ. փոփ. 17.12.14 ՀՕ-235-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 17-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

i

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-83-Ն օրենքը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2012 թ. մարտի 5
Երևան
ՀՕ-22-Ն

 

 

pin
ՀՀ 08.02.2012
N ՀՕ-22-Ն օրենք