02.09.2025 -
040.1179.161015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հոկտեմբերի 2015 թվականի N 1179-Ն
ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 8-րդ հոդվածի 2-րդ մասը և 23.2-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 27.05.2020 թիվ 845-Ն որոշում)
3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.01.16 թիվ 75-Ն որոշում)
(1-ին կետը փոփ. 20.01.16 թիվ 75-Ն, 27.05.2020 թիվ 845-Ն որոշումներ)
1.1. Սահմանել, որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` քաղաքացու բնակության վայրի տարածքային կենտրոն է համարվում այն տարածքային կենտրոնը, որտեղ փաստացի ներկայացվում են սույն որոշմամբ սահմանված դիմումները:
(1.1-ին կետը լրաց. 08.12.16 թիվ 1250-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 8-ի
N 1179-Ն որոշման
ԿԱՐԳ
ՉԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԻՆ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ` չաշխատող անձ) մայրության նպաստ (այսուհետ` նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:
2. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները կիրառվում են օրենքով սահմանված իմաստով: Սույն կարգում կիրառվող այլ հասկացություններն են`
1) դիմող` մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարելու դիմում ներկայացրած անձ.
2) շահառու` անձ, ում պետք է նշանակվի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը.
3) տարածքային կենտրոն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) համապատասխան ստորաբաժանում.
4) անձը հաստատող փաստաթուղթ`
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,
բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,
գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված` փախստական ճանաչված անձանց (այսուհետ` ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական) համար` անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը.
5) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
6) բանկային հաշիվ` շահառուի (սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքում` այն անձի, ում պետք է նշանակվի (վճարվի) մահվան պատճառով չվճարված նպաստի գումար) անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ.
7) տեղեկատվական շտեմարան` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով ստեղծված ժամանակավոր անաշխատունակության նպաստ և մայրության նպաստ հաշվարկելու, նշանակելու, վճարելու համար տեղեկատվական շտեմարան.
8) օգտահաշիվ` Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով` բջջային նույնականացման քարտով կամ էլեկտրոնային ստորագրությունը կարդացող սարքի կիրառմամբ` նույնականացման քարտով անձի նույնականացմամբ բացված անձնական էջ:
3. Օրենքով նպաստի իրավունք ունենալու դեպքում ծառայությունը շահառուին նպաստը նշանակում և վճարում է տեղեկատվական շտեմարանի միջոցով` ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված` անձի հղիության և ծննդաբերության վերաբերյալ տեղեկատվության (տվյալների) հիման վրա, եթե նա բավարարում է օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պահանջները:
4. Հղիության և ծննդաբերության առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով ստանալուց հետո` մինչև նպաստ նշանակելը անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է, իսկ նպաստը նշանակելուց հետո անձի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է առցանց` դիմողի օգտահաշվի միջոցով: Դիմումում կատարվում է դրանում շահառուի տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու նշում: Սույն կարգով փաստաթուղթ ներկայացնելու պահանջ նախատեսված լինելու դեպքում դիմումը ներկայացվում է ծառայության ցանկացած տարածքային կենտրոնում:
6. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումն առցանց եղանակով ներկայացնելու համար անձը մուտք է գործում www.e-social.am կայքէջ` համապատասխան դաշտերում լրացնելով`
1) շահառուի անունը, ազգանունը, ում պետք է նշանակվի (վճարվի) մահվան պատճառով չվճարված նպաստի գումար.
2) շահառուի հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը).
3) բանկի անվանումը, որտեղից շահառուն ցանկանում է ստանալ նպաստը.
4) շահառուի տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) մահացած չաշխատող անձի` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները.
6) եթե դիմումը ներկայացնում է շահառու չհանդիսացող այլ անձ (դիմողը), ապա այդ մասին դիմումում կատարվում է նշում և լրացվում են այդ անձի` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տվյալները:
7. Ըստ անհրաժեշտության` սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
1) նպաստի իրավունք ունեցող անձի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով և հայերեն թարգմանությամբ.
2) նպաստի իրավունք ունեցող անձի մահվան օրվա դրությամբ բնակության միևնույն վայրում նրա հետ հաշվառված չլինելու դեպքում ամուսինը ներկայացնում է ամուսնության վկայականը, երեխան կամ ծնողը` ծննդյան վկայականը կամ սերման փաստը հաստատող այլ փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է մահվանից հետո` 6 ամսվա ընթացքում.
3) ժառանգության իրավունքի վկայագիրը կամ ժառանգություն ընդունելու մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը, եթե դիմումը ներկայացվում է մահվանից 6 ամիս հետո:
8. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը ծառայության տարածքային կենտրոնում ներկայացվելու դեպքում ծառայության տարածքային կենտրոնի աշխատակիցը սույն կարգի համար իրեն տրված օգտանվան և գաղտնաբառի կիրառմամբ դիմողի` սույն կարգի 7-րդ կետում նշված տվյալները, իսկ դիմումին կից ներկայացված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` դրանց լուսապատճենները, իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ շահառուի գրավոր համաձայնության ստորագրված տարբերակի լուսապատճենը մուտքագրում է առցանց դիմումների համակարգ:
9. Որևէ եղանակով շահառուի տվյալները մուտքագրելիս կամ սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով ստանալիս համակարգն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացնում է շահառուի տվյալների ստուգում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի և Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ:
10. Համակարգը հարցման միջոցով (հարցումը կատարում է ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված` մահացած չաշխատող անձի հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարով) ստանում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից` անձի մահվան օրը, ամիսը, տարեթիվը.
2) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրից` շահառուի և մահացած չաշխատող անձի`
ա. անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում),
բ. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
գ. ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
դ. քաղաքացիությունը,
ե. փախստականի կարգավիճակ ունենալը (առկայության դեպքում),
զ. հաշվառման հասցեն և այդ հասցեում հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը:
11. Եթե մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներում`
1) առկա են անհամապատասխանություններ (սխալներ), ապա ներկայացված տվյալների հիման վրա դիմում չի ձևավորվում և դրա մասին առցանց դիմումների համակարգն անմիջապես ծանուցում է.
2) առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ)` շահառուն նույնականացվում է, ապա ներկայացված տվյալների հիման վրա ձևավորվում է դիմում:
12. Դիմումի տվյալները համակարգն ինքնաշխատ եղանակով համադրում է էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացված ժամանակավոր անաշխատունակության թերթիկների (այսուհետ` անաշխատունակության թերթիկ) տվյալների հետ:
13. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումի հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով (եթե դիմումին չեն կցվել փաստաթղթեր) կամ ծառայությունը (եթե դիմումին կցվել են փաստաթղթեր) որոշում է`
1) մերժել նպաստ նշանակելը (վճարելը) և այդ (լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության) մասին տեղեկացնել շահառուին.
2) նշանակել և վճարել նպաստը:
14. Սույն կարգի 4-րդ կետով սահմանված դիմումի հիման վրա մերժվում է նպաստ նշանակելը օրենքի 23.2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում:
15. Դիմումի հիման վրա նպաստ նշանակելու (վճարելու) կամ նպաստ նշանակելը մերժելու մասին համակարգն ինքնաշխատ եղանակով հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով ծանուցում է այն անձին, ում վճարվել է նպաստը (ում վճարելու համար նպաստի գումարը փոխանցվել է բանկ) կամ, ում մերժել է նպաստ նշանակելը` նշելով մերժման հիմքերը:
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված ծանուցումներն ուղարկվում են www.e-social.am կայքէջի (եթե նպաստ ստացողը գրանցված է այդ կայքէջում) կամ azdarar.am կայքէջի (եթե նպաստ ստացողը գրանցված չէ www.e-social.am կայքէջում) միջոցով:
17. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով ստացված տեղեկատվության հիման վրա համակարգն ինքնաշխատ եղանակով նպաստ չի նշանակում, եթե ստացված տվյալներով անձը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի տվյալներով`
1) չի նույնականացվում կամ
2) նույնականացվում է, սակայն չունի նպաստի իրավունք` չի հանդիսանում չաշխատող անձ կամ չի բավարարում օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պայմանները:
18. Նպաստի գումարը վճարում է ծառայությունը` էլեկտրոնային առողջապահության համակարգում ժամանակավոր անաշխատունակության թերթիկում նշված բանկին փոխանցելու միջոցով:
19. Անձի (ում վերաբերյալ տվյալներն անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ համարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն)` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում, եթե`
1) անձին, որպես չաշխատող անձ, նշանակվել և վճարվել է նպաստ, ապա նպաստի գումարը հաշվի է առնվում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված կարգով մայրության նպաստ հաշվարկելիս (վերահաշվարկելիս), նշանակելիս, վճարելիս.
2) անձին, որպես չաշխատող անձ, չի վճարվել նպաստ, ապա նպաստ չի նշանակվում և վճարվում:
(1-ին հավելվածը խմբ. 28.08.2025 թիվ 1237-Ն / տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո / որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 8-ի
N 1179-Ն որոշման
(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 27.05.2020 թիվ 845-Ն որոշում)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2015 թվականի հոկտեմբերի 8-ի
N 1179-Ն որոշման
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏԸ ԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 20.01.16 թիվ 75-Ն որոշում)