Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 12 ԵՎ 14 ՀՈԴ ...

 

 

020.0810.300609

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 12 ԵՎ 14 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 հունիսի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով.

Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Մարգարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի և 101 հոդվածի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 68 հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 և 14 հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի թվով 35 պատգամավորների` 11.03.2009թ. սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Լսելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, հետազոտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, այդ թվում` դիմողի կողմից ներկայացված միջնորդագիրը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի փետրվարի 20-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2002 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 12-ին:

2. Օրենքի 12 հոդվածը սահմանում է պատգամավորի լիազորությունների դադարման հիմքերը: Համաձայն նշված հոդվածի 1-ին մասի` «Պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե`

ա) ավարտվել է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը.

բ) արձակվել է Ազգային ժողովը.

գ) նա խախտել է Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը.

դ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

ե) մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից նրա բացակայելը, սույն օրենքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով, համարվել է անհարգելի.

զ) նա դատապարտվել է ազատազրկման.

է) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը.

ը) ուժի մեջ է մտել նրա ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումը.

թ) նա տվել է հրաժարական` սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով.

ժ) նա մահացել է»:

Օրենքի 14 հոդվածը սահմանում է խմբակցությունների ստեղծման, խմբակցությունից պատգամավորի դուրս գալու, խմբակցության գործունեության դադարման և վերականգնման կարգը: Հոդվածի 3-րդ մասով, մասնավորապես, սահմանվում է. «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին»:

3. Ըստ դիմող կողմի` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի վիճարկվող 12 հոդվածը չի պարունակում որևէ նորմ, ըստ որի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի լիազորությունների դադարման հիմք կարող է հանդիսանալ նաև պատգամավորի դուրս գալը և/կամ հեռացումը համապատասխան կուսակցությունից ու խմբակցությունից: Մինչդեռ համամասնական ընտրակարգն ունի իր առանձնահատկությունները, որոնք հիմնականում դրսևորվում են նրանում, որ այս ընտրակարգի դեպքում ժողովուրդը կոնկրետ քվեարկում է քաղաքական միավորի` կուսակցության կամ դաշինքի օգտին` հավանություն տալով վերջիններիս նախընտրական ծրագրին և գաղափարական ուղեգծին` արդյունքում հնարավորություն ստանալով իրականացնելու իր իշխանությունը տվյալ քաղաքական միավորի կողմից ձևավորված խմբակցության միջոցով: Համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ժողովուրդը, ՀՀ Սահմանադրության 2 հոդվածին համապատասխան, իր իշխանությունը պատվիրակում է ոչ թե այս կամ այն թեկնածուին, այլ կոնկրետ քաղաքական ուժին, միավորին, կուսակցությանը` որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով: Հետևաբար, համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի` տվյալ խմբակցությունից դուրս գալու հանգամանքը վերջինիս զրկում է ժողովրդի կողմից պատվիրված ծրագրերն ամբողջական ծավալով իրականացնելու հնարավորությունից: Ըստ այդմ` համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի` խմբակցությունից դուրս գալը, որի հնարավորությունն ամրագրված է օրենքի 14 հոդվածում, պետք է հիմք հանդիսանա նրա լիազորությունների դադարման համար:

Դիմող կողմը վկայակոչում է, որ մինչև 1997թ. մայիս ամիսը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը` որպես համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորի լիազորությունների դադարման հիմք, ի թիվս այլոց, նախատեսում էր տվյալ խմբակցությունից պատգամավորի դուրս գալու հանգամանքը: Ներկայումս, ըստ դիմողի, երբ ընտրված է համամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թվաքանակն ավելացնելու քաղաքական ուղեգիծ, առաջանում է նման հիմքի վերականգնման օբյեկտիվ անհրաժեշտություն, որպեսզի հնարավոր լինի տվյալ խմբակցության գոյության ապահովումը: Նման հիմքի առկայությունը պահանջվում է նաև քաղաքական համակարգի կայացումն ապահովելու, տարաբնույթ ներազդեցությունների արդյունքում խորհրդարանական քաղաքական ուժերի հարաբերակցության կամայական փոփոխությունը կանխարգելելու անհրաժեշտությունից ելնելով:

Դիմողի պնդմամբ` ՀՀ Սահմանադրության 67 հոդվածի դրույթն առ այն, որ պատգամավորի լիազորությունները դադարում են նրա հրաժարականի դեպքում, նույնպես ենթադրում է, որ համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն իր խմբակցությունից դուրս գալու դիմումի հետ մեկտեղ պետք է ներկայացնի հրաժարականի դիմումը:

Դիմողի կարծիքով, չնայած նրան, որ ՀՀ Սահմանադրության 66 հոդվածը մերժում է հրամայական մանդատի ինստիտուտը, այդուամենայնիվ, այն դեպքում, երբ խախտվում է ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 2 հոդվածում ամրագրված` ժողովրդի կողմից իր ընտրյալների միջոցով իշխանության իրականացման համաժողովրդական սկզբունքը, օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջանում օրենսդրությամբ` որպես պատգամավորի լիազորությունների դադարման հիմք ամրագրել խմբակցությունից տվյալ պատգամավորի դուրս գալու հանգամանքը:

Ըստ դիմող կողմի` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12 և 14 հոդվածները հակասում են ՀՀ Սահմանադրության 2-րդ, 7-րդ, 30-րդ և 67-րդ հոդվածների պահանջներին:

4. Պատասխանողը նշում է, որ ՀՀ Սահմանադրության 67 հոդվածի 1-ին մասում սահմանվել են այն դեպքերը, որոնց պարագայում դադարում են Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները: Միաժամանակ, ի թիվս Սահմանադրության հիշյալ հոդվածով ամրագրված դեպքերի, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12 հոդվածով սահմանվել են Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների դադարման լրացուցիչ հետևյալ դեպքերը` եթե ուժի մեջ է մտել պատգամավորի ընտրության գրանցումը չեղյալ հայտարարելու մասին սահմանադրական դատարանի որոշումը կամ եթե պատգամավորը մահացել է: Իսկ նույն օրենքի 14 հոդվածի 3-րդ մասի համաձայն` պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ թվում գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին:

Պատասխանողի պնդմամբ` ՀՀ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի հիշատակված հոդվածներում ամրագրված նորմերի բովանդակությունից բխում է, որ պատգամավորական խմբակցությունից պատգամավորի դուրս գալը կամ կուսակցությունից ու պատգամավորական խմբակցությունից պատգամավորին հեռացնելը չեն կարող դիտարկվել որպես հիմք պատգամավորի լիազորությունների դադարման համար:

Պատասխանող կողմը վկայակոչում է նաև այն հանգամանքը, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12 և 14 հոդվածների սահմանադրականության խնդիրը դիմող կողմը պայմանավորում է օրենքի բացի առկայության հանգամանքով: Փաստորեն, դիմողն իրականում վիճարկում է ոչ թե «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12 և 14 հոդվածների սահմանադրականության հարցը, այլ մատնանշում է վիճարկվող հոդվածների լրացման անհրաժեշտությունը: Ընդ որում, սահմանադրականության նշված հարցի ներկայացումը նպատակ է հետապնդում «ստեղծել կոնկրետ իրավական հիմքեր, կուսակցության նախընտրական ծրագրերին և քաղաքական գծին հակառակ դիրքորոշում դրսևորող համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորներին կուսակցությունից և խմբակցությունից հեռացնելու համար»:

Վերոգրյալի հիման վրա պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը և առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12 և 14 հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

5. Վերլուծելով հիմնահարցի վերաբերյալ միջազգային սահմանադրական պրակտիկան և եվրոպական սահմանադրական զարգացումների հիմնական միտումները` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հրամայական մանդատն անհարիր է ժողովրդավարական իրավական համակարգերին: Այն խորթ լինելով Եվրոպական ժողովրդավարություններին` արգելվում է մի շարք երկրների սահմանադրական նորմերով (Անդորրա, հոդվ. 53, Բուլղարիա, հոդվ. 67, Գերմանիա, հոդվ. 38, Իսպանիա, հոդվ. 67, Իտալիա, հոդվ. 67, Լիտվա, հոդվ. 59, Խորվաթիա, հոդվ. 74, Հայաստան, հոդվ. 66, Մոլդովա, հոդվ. 68, Չեխիա, հոդվ. 26, Ռումինիա, հոդվ. 66 և այլն):

Ներկայացուցչական ազատ մանդատի անհրաժեշտության գաղափարն ազատական ժողովրդավարական իրավական համակարգերում արմատավորվեց աստիճանաբար և դարձավ կարևոր երաշխիք երկրում սահմանադրական ժողովրդավարություն հաստատելու համար, որտեղ իշխանության լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է: Ներկայացուցչական ազատ մանդատի էությունն այն է, որ պատգամավորները ներկայացնում են ոչ թե ու ոչ միայն իրենց ընտրողներին, այլ ընդհանրական սուբյեկտ` ժողովրդին, ում կամքը գերակա է տեղական ընտրազանգվածի կամքի նկատմամբ:

Միաժամանակ, միջազգային պրակտիկայում առկա է մեկ այլ ինստիտուտ, որը` առնչվելով հրամայական մանդատի ինստիտուտին, այնուամենայնիվ, տարբեր իրավական բովանդակություն ունի: Դա մանդատի գործողության դադարեցումն է կուսակցական պատկանելության փոփոխության հետևանքով: Այս ինստիտուտը վերաբերում է համամասնական ընտրական համակարգին և տարբեր դրսևորումներ ունի` կապված բուն ընտրական համակարգի առանձնահատկությունների հետ: Այն երկրներում, որտեղ գործում է մեծամասնական-համամասնական խառն ընտրական համակարգ ու որոնցում առկա է կայուն և զարգացած քաղաքական կառուցակարգ, ազատ մանդատի սկզբունքը տարածվում է բոլոր պատգամավորների վրա և կուսակցական պատկանելության փոփոխությունը նման խնդիր չի հարուցում: Խնդիրն առկա է այն պարագայում, երբ պատգամավորության թեկնածուն ընտրական քվեաթերթիկում ներկայացված չէ, և ընտրողը նրա վերաբերյալ որևէ դիրքորոշում չի արտահայտել:

6. Միջազգային սահմանադրաիրավական պրակտիկան վկայում է, որ ընտրական օրենսդրությամբ նախատեսված համամասնական ընտրակարգը կարող է լինել նաև այնպիսին, որ ընտրողը ձայնը տալիս է որևէ քաղաքական ուժի` նրա քաղաքական կողմնորոշումների ու հանրությանը ներկայացրած ծրագրային մոտեցումների հիման վրա` առանձին դիրքորոշում չարտահայտելով կուսակցության համամասնական ընտրական ցուցակներում ներկայացված անձանց վերաբերյալ: Նման պարագայում քաղաքական ուժն է ժողովրդի կողմից պատվիրակված քաղաքական իշխանության կրողը` առանձին կամ քաղաքական կոալիցիա կազմելու ճանապարհով: Նման ընտրակարգում ժողովրդի վստահությունը ոչ թե անձի, այլ քաղաքական ուժի ու նրա կողմից ներկայացված ծրագրային մոտեցումների նկատմամբ է: Այդ վստահությամբ է պայմանավորված նաև ընտրությունների ու դրա արդյունքում ձևավորվող իշխանության լեգիտիմությունը: Քաղաքական մշակույթն այն մակարդակին պետք է լինի, որ ընտրողը կարողանա կողմնորոշվել հենց նման ծրագրային մոտեցումներով: Նման ընտրակարգի պայմաններում համամասնական կարգով թեկնածու են գրանցվում կուսակցությունները կամ նրանց դաշինքները, որոնք նախընտրական քարոզչությունը վարում են այնպիսի ծրագրային մոտեցումների հիման վրա, որոնք ընտրողին պետք է կողմնորոշեն օրենսդիր պետաիշխանական գործառույթը տվյալ կուսակցությանը վստահելու կամ չվստահելու հարցում: Դրանով է նաև որոշվում քաղաքական ուժի իրական տեղն ու դերն օրենսդիր իշխանության համակարգում:

Այսպիսի ընտրակարգ է գործում նաև Հայաստանի Հանրապետությունում: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի (հոդվ. 7)` Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները համարվում են համապետական ընտրություններ: Ընդ որում, 90 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրակարգով, հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից (հոդվ. 95, մաս 2): Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները (հոդվ. 99, մաս 1): Կուսակցություններն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտապես գործող մարմնի որոշմամբ: Կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտը ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշմամբ (հոդվ. 100, մաս 1):

Օրենսգիրքը նաև ուղղակի դրույթ է պարունակում, որ համամասնական ընտրակարգով Ազգային ժողովում մանդատներ ստանում են կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) (հոդվ. 100, կետ 8): Միաժամանակ, օրենսգրքի 115 հոդվածը նախատեսում է, որ Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է նաև (հոդվածներ 99, 100), որ կուսակցություններն են կազմում ու ներկայացնում իրենց պատգամավորության թեկնածուների ցուցակները` որոշելով այդ ցուցակում յուրաքանչյուրի տեղը: Ընտրողն այս հարցում որևէ մասնակցություն չունի: Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկում նշվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) անվանումները` այբբենական հերթականությամբ, ինչպես նաև ընտրական ցուցակի առաջին երեք թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները (հոդվ. 114, մաս 2):

7. Միջազգային պրակտիկայի վերլուծությունը վկայում է նաև, որ այնպիսի ընտրական համակարգերի պարագայում, ինչպիսին առկա է Հայաստանում, համամասնական ընտրակարգով մանդատն ստանալուց հետո իրենց կուսակցությունները լքելու կամ կուսակցական պատկանելությունը փոխելու հանգամանքը պառլամենտական կայունության և ընտրողների կատարած ընտրությանը հավատարիմ մնալու տեսանկյունից դառնում է ժամանակակից ժողովրդավարությունների առջև ծառացած լուրջ հիմնախնդիր: Նման պրակտիկան հանգեցնում է նրան, որ ընտրողների կայացրած որոշումը հաճախ զանգվածաբար փոփոխության է ենթարկվում: Այդ խնդրի լուծման եղանակների ընտրությունը, բնականաբար, մեծապես պայմանավորված է ընտրական համակարգերի առանձնահատկություններով:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տարբեր երկրներ տարբեր միջոցներ են գտել տվյալ հիմնախնդիրը լուծելու համար: Եթե Իսպանիայում դա արվում է կուսակցությունների փոխհամաձայնությամբ ստորագրված դաշնագրի հիման վրա, ապա մի շարք այլ երկրներում փորձ է արվում հարցի լուծումը գտնել օրենսդրական կարգավորումների մակարդակով: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ.

նախ. պատշաճ գնահատել կուսակցությունների տեղն ու դերը երկրի քաղաքական համակարգում.

մասնավորապես, ազգային խորհրդարաններում կուսակցությունների դերի կարևորությունը հիմնականում հանգում է նրան, որ դրանք ապահովում են պետության և հասարակության փոխազդեցությունը և ընտրողների շահերը լիարժեքորեն արտահայտում են միայն այն դեպքում, երբ խորհրդարանում պատշաճ կերպով ներկայացված են հասարակության մեջ իրենց ունեցած ազդեցությանը համապատասխան:

Կուսակցությունների մասին ցանկացած դասական սահմանում ելնում է այն ակնհայտ ճշմարտությունից, որ տվյալ միավորման գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է, քաղաքական իշխանության մաս կազմելը, քաղաքական պատասխանատվություն ստանձնելն ու այն իրականացնելը: Անառարկելի է, որ չի կարող լինել ժողովրդավարական պետական համակարգ` առանց անհրաժեշտ քաղաքական կառուցակարգերի: Չի կարող լինել նաև հասարակական կայունություն` առանց կարողունակ քաղաքական ուժերի կողմից երկրի այսօրվա ու վաղվա համար ժողովրդավարական եղանակներով քաղաքական պատասխանատվություն ստանձնելու: Կուսակցությունն իր հանրային առաքելությունը կարող է իրականացնել միայն այն դեպքում, երբ ոչ միայն ծրագրային ցանկություն, այլև անհրաժեշտ ու բավարար կարողունակություն ունի քաղաքական պատասխանատվություն ստանձնելու համար, և դա տեսանելի ու գնահատելի է ընտրողի կողմից: Համամասնական ընտրակարգով իրականացվող ընտրությունները կոչված են ոչ միայն ձևավորելու կայուն ու գործունակ օրենսդիր իշխանություն, այլև վճռորոշ դեր ունենալու երկրի քաղաքական կառուցակարգի կայացման ու ամրապնդման գործում:

Միջազգային պրակտիկան վկայում է, որ ընտրական օրենսդրությամբ նախատեսված, այսպես կոչված, «մաքուր» համամասնական ընտրակարգն այնպիսին է, որ ընտրողը ձայնը տալիս է որևէ քաղաքական ուժի` նրա քաղաքական կողմնորոշումների ու հանրությանը ներկայացրած ծրագրային մոտեցումների հիման վրա:

Երկրորդ` հաշվի առնել մեծամասնական և համամասնական ընտրակարգերի ոչ միայն տեխնոլոգիական (տեխնիկակազմակերպական) առանձնահատկությունները, այլև դրանց դերը քաղաքական իշխանության ձևավորման և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու և իրացնելու գործում.

համամասնական ընտրակարգի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ապահովում է քաղաքական շահերի և նախապատվությունների առավել լիարժեք ներկայացուցչություն` արտացոլելով հասարակության քաղաքական կամքը, հանդիսանալով որպես հասարակության ժողովրդավարացման կարևորագույն ինստիտուտներից մեկի` բազմակուսակցականության կայացման և զարգացման հզոր խթան:

Միաժամանակ, Հայաստանում արմատավորված համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում ընտրողը ոչ թե մանդատը տալիս է կոնկրետ ներկայացուցչին, այլ արտահայտում է իր քաղաքական նախապատվությունը, ընտրում է այն քաղաքական ուժին, որին ինքը նախընտրում է: Հետևաբար, ընտրություններում ընտրողի կամքի արտահայտության արդյունքը պետք է հանդիսանա այն քաղաքական ուժի առկայությունը խորհրդարանում, որին ընտրողը տվել է իր քաղաքական նախապատվությունը, և հետագայում այդ կամքի արտահայտման արդյունքը պահպանելու միջոց կարող է հանդիսանալ խմբակցությունից կամավոր դուրս գալու հիմքով մանդատը վայր դնելը (երբ կուսակցության ցուցակի ձևավորման վրա ընտրողը որևէ ազդեցություն չունի կամ թեկնածուն ներկայացված չի եղել քվեաթերթիկում), քանզի նման գործընթացի լայնամասշտաբ ծավալների դեպքում ընտրողի կամքն այլևս արտահայտված չի լինի քաղաքական ուժերի խորհրդարանական հարաբերակցությունում, ավելին` տեղի կունենա ընտրողի կամքի աղավաղում և խեղաթյուրում:

Երրորդ` պետության զարգացման քաղաքական ուղենիշները ճշգրտելու և դրանց վերաբերյալ ընտրողների դիրքորոշումը հստակեցնելու հարցում կուսակցությունների և քաղաքական գործիչների ծրագրային մոտեցումների անհրաժեշտությունը և դերը պետության զարգացման ծրագրային մոտեցումների մշակման և ապահովման գործում.

ժողովուրդը` ընտրությունների միջոցով որոշելով, թե խորհրդարանը քաղաքական ուժերի ինչպիսի հարաբերակցությամբ պետք է աշխատի, դրանով իսկ օրենսդիր մարմնին պատվիրակում է իրականացնել օրենսդրական գործունեություն` իր իսկ նախընտրած քաղաքական կողմնորոշումներին համապատասխան: Որևէ կոնկրետ կուսակցության օգտին քվեարկելիս ժողովուրդն ակնկալում է որոշակի ուղղվածություն ունեցող քաղաքականության կյանքի կոչում: Իսկ ընտրությունների պարբերականությունը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ ժողովրդին որոշակի ժամանակահատված հետո գնահատել քաղաքական ուժերի գործունեությունը` եղածին հավանություն տալու կամ նախապատվությունը այլ քաղաքական ուժի տալու համար:

Չորրորդ` ընտրողների կողմից իրենց պետաիշխանական իրավունքի պատվիրակման ժամանակ այն սուբյեկտի ճիշտ ընտրությունը, որին պատվիրակվում է այդ իրավունքի իրացումը.

այն, որ ինչպես մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, այնպես էլ համամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում մանդատի աղբյուրը ժողովուրդն է, անվիճելի է: Սակայն հիմնախնդրի բուն էությունը և դրա իրավաչափությունը բացահայտելու համար հարկ է դրան մոտենալ ոչ միայն այն տեսանկյունից, թե ո՞րն է մանդատի աղբյուրը, այլ նաև` թե այդ աղբյուրը` ժողովուրդը, ու՞մ է պատվիրակել պետաիշխանական իր իրավունքի իրացումը և ի՞նչ նպատակով է պատվիրակել: Պատգամավորների լիազորությունների դադարեցման խնդրո առարկա հիմքի իրավաչափությունը կարող է գնահատվել միայն վերոնշյալ երեք հարցերի պատասխանների եռամիասնության շրջանակներում: Այդ հարցերի պատասխանների արդյունքում պարզ կդառնա, որ պատգամավորի մանդատի գործողության դադարեցման խնդրո առարկա հիմքը պատգամավորի` ոչ թե կուսակցությանը հաշվետու լինելու, այլ հենց իր մանդատի աղբյուրին` ժողովրդին հաշվետու լինելու դրսևորում է: Նման միջոցով ապահովվում է այն պատգամավորի քաղաքական պատասխանատվությունը ժողովրդի առջև, ով շեղվել է այն քաղաքական ուղեգծից, որի իրացման համար ժողովուրդը պատվիրակել էր նրան պետաիշխանական իր իրավունքի իրացումը: Կուսակցության կողմից ծրագրային ուղեգծից շեղվելու հանգամանքի վերաբերյալ ժողովուրդն իր դիրքորոշումն արտահայտում է հերթական ընտրությունների ժամանակ: Այս առումով սկզբունքային նշանակություն ունի նաև ընտրությունների պարբերականության ժամկետային սահմանների ճիշտ որոշումը:

Հինգերորդ` հատկապես անցումային երկրներում ժողովրդի քաղաքական կամքի ազատ դրսևորման արդյունքում ձևավորված պառլամենտական քաղաքական հարաբերակցության վրա իշխանական ազդեցության հետագա բացառումը և իշխանությանը հաճո արտաընտրական նոր հարաբերակցության կանխումը.

ՀՀ սահմանադրական դատարանը ելնում է այն սկզբունքային դիրքորոշումից, որ ամեն դեպքում ընտրողների կամքի արտահայտումը չպետք է խաթարվի: Սահմանադրական դատարանը գտնում է, որ խորհրդարանական խմբակցությունը լքելն արգելող նորմերը միտված են հենց նման հնարավորության կանխարգելմանը և ապահովում են այդ խնդրի լուծումը:

Անհրաժեշտ է համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների տեղը թափուր մնալու ընթացակարգը և խմբակցությունը լքելուն վերաբերող նորմերը դիտարկել համակարգային փոխկապակցվածության մեջ: Համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների տեղը թափուր մնալու դեպքում այն լրացվում է նույն ցուցակի հաջորդ թեկնածուի կողմից: Ինչպես պատգամավորի թափուր տեղը լրացնելու այս կարգը, այնպես էլ կուսակցական պատկանելությունը փոխելու հիմքով մանդատի գործողության դադարեցումն այն հիմնական իրավական միջոցներն են, որոնք ապահովում են մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները խորհրդարանում քաղաքական այն հարաբերակցության պահպանումը, որն սկզբնապես ձևավորվել է ընտրություններում ժողովրդի կամքի արտահայտման արդյունքում: Խորհրդարանում քաղաքական այն հարաբերակցությունը, որը սահմանվում է ըստ ժողովրդի կամաարտահայտության, չի կարող փոփոխություն կրել տվյալ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում: Հետևաբար, պատգամավորի լիազորությունների դադարեցման խնդրո առարկա հիմքն իրավաչափ միջոց է այդ նպատակն ապահովելու համար: Այլապես նման հիմքի բացակայության պայմաններում կստացվի, որ քաղաքական կուսակցությունների գոյությունը, որպես ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման միջոց, միանգամայն շինծու երևույթ է, քանի որ հենց ընտրություններից հետո կարող են տեղի ունենալ պատգամավորական խմբերի ու խմբակցությունների այնպիսի վերադասավորումներ, որ ընտրությունների արդյունքում ձևավորված օրենսդիր մարմինը չարտահայտի ժողովրդի կամքը: Այսինքն` ժողովրդի կամքի արտահայտությունը լինի որոշակի խորհրդարանական քաղաքական հարաբերակցություն, որը, սակայն, հակառակ ժողովրդի կամքի, վերածվի մեկ այլ հարաբերակցության, ինչի արդյունքում ձևավորվի օրենսդիր մարմին, որը չի արտացոլի ընտրությունների իրական արդյունքները: Մինչդեռ ընտրական համակարգի գլխավոր առաքելություններից մեկն այն է, որ կարողանա ապահովել ընտրովի մարմիններում քաղաքական ուժերի հարաբերակցությունը` ընտրողների իրական աջակցությանը համամասնորեն:

Վեցերորդ` կուսակցական պատկանելությունը փոխելու հիմքով մանդատի գործողության դադարեցման ինստիտուտի էության և բովանդակության պատմական զարգացումը.

միջազգային պրակտիկան վկայում է, որ, այսպես կոչված, կուսակցությունների դասալքումը բավականին տարածված և խնդրահարույց պրոբլեմ է: Օրինակ, ըստ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների վերլուծության, Իտալիայում 1996-2001 թթ. պատգամավորների 10 տոկոսը փոխել են իրենց կուսակցությունը: Ռուսաստանի Պետական դումայում 1993-1995 թթ. այդ թիվն հասել է 31 տոկոսի, Չեխիայի պառլամենտում 1992-1996 թթ. այն կազմել է 40 տոկոս: Հնդկաստանում 1967-73 թթ. 2700 պատգամավոր է փոխել կուսակցությունը, որոնցից 212-ը նոր կուսակցությունում դարձել են նախարարներ: ՈՒկրաինայում 1998-2006 թթ. պատգամավորների 60 տոկոսն առնվազն մեկ անգամ փոխել է կուսակցությունը, իսկ առանձին պատգամավորներ փոխել են իրենց խմբակցությունը մինչև 10 անգամ:

Հայաստանում մինչև 1997 թ. մայիս ամիսը ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում էր նորմ, համաձայն որի պատգամավորը կարող էր դուրս գալ խմբակցությունից, եթե նա կամովին հրաժարվում է պատգամավորական լիազորություններից (հոդվ. 29): 1997 թ. մայիսի 27-ի օրենսդրական փոփոխության արդյունքում այդ նորմը փոխարինվեց հետևյալ դրույթով. «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցությանը և Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին հայտարարություն է անում Ազգային ժողովի առաջիկա նիստում»: Նման փոփոխությունն սկիզբ դրեց մամուլում լայն արձագանք ստացած, այսպես կոչված, «առնետավազքին»: 1997-2007 թթ. ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի թվով 85 պատգամավոր փոխել է պատգամավորական խմբակցությունը:

Նման երևույթը, որպես հասարակական կայունությանն սպառնացող լուրջ վտանգ, միջազգային պրակտիկայում, ինչպես նշվեց, կանխման տարբեր կառուցակարգային ձևեր է գտել: Հարկ է նկատել, որ ձևավորվելով տասնիններորդ դարում` այս ինստիտուտն իր պատմական զարգացման ընթացքում փոխել է իր էությունը, բովանդակությունը և նպատակը: Եթե իր սկզբնական իմաստով այն գործում էր որպես խորհրդարանում կուսակցական կարգապահության խախտումների համար կուսակցության կողմից իր կուսակից պատգամավորի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոց, ապա ներկայումս այն կիրառվում է հիմնականում որպես պատգամավորների դասալքությունը կանխելու միջոց: Օրինակ, Պորտուգալիայի Սահմանադրության 160 հոդվածի c) կետն առանց երկիմաստության սահմանում է, որ պատգամավորը կորցնում է իր մանդատը, երբ դառնում է այլ կուսակցության անդամ, որի կողմից նա չի առաջադրվել ընտրությունների ժամանակ: Այդ խնդրին, ինչպես նշվեց, առավել մեղմ լուծում են տվել Իսպանիայում` կուսակցությունների կողմից դասալքության դեմ ստորագրած դաշնագրի միջոցով: Ռուսաստանի Դաշնությունում «Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամի և Պետական դումայի պատգամավորի կարգավիճակի մասին» դաշնային օրենքում 2005 թ. հուլիսին կատարված փոփոխության համաձայն 4-րդ հոդվածի 3-րդ մասում դրույթ ավելացվեց, համաձայն որի` Պետական դումայի պատգամավորը մանդատը կորցնում է նաև այն դեպքում, երբ իր դիմումի համաձայն դուրս է եկել այն խմբակցությունից, որի կուսակցական ցուցակներով նրան թույլատրվել է մասնակցել պատգամավորական մանդատների բաշխմանը:

ՈՒկրաինայում սահմանադրական մակարդակով (սահմանադրական փոփոխությունների արդյունքում) սահմանվեց (հոդվ. 81, մաս 6), որ եթե պատգամավորը չի միանում այն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) խորհրդարանական խմբակցությանը, որի նախընտրական ցուցակներով է ընտրվել, կամ դուրս է գալիս այդ խմբակցությունից, այդ դեպքում նրա լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշում է ընդունում համապատասխան կուսակցության մշտական բարձրագույն մարմինը: ՈՒկրաինայի սահմանադրական դատարանը 2008 թ. հունիսի 25-ի իր N 12-pn/2008 որոշման մեջ հատուկ ընդգծեց օրենսդիր իշխանության կազմում խորհրդարանական խմբակցությունների կարևոր դերը որպես խորհրդարանական քաղաքական մարմին, ինչպես նաև մեկնաբանելով Սահմանադրության 81 հոդվածի 6-րդ մասը` հակասահմանադրական ճանաչեց «ՈՒկրաինայի ժողովրդական պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքի 13 հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի այն դրույթները, որոնց համաձայն պատգամավորը կարող է ազատ դուրս գալ պատգամավորական խմբակցությունից կամ չանդամագրվել այն կուսակցության պատգամավորական խմբակցությանը, որի ցուցակներով ընտրվել է պատգամավոր:

Հետաքրքիր դրույթ է ամրագրված նաև Նորվեգիայի Սահմանադրության 63 հոդվածի d) կետում, համաձայն որի` յուրաքանչյուր ընտրված պատգամավորի պարտականությունն է ընդունել ընտրությունը, որից կարող է բացառություն լինել նաև այն դեպքը, երբ նա հանդիսանում է մի քաղաքական կուսակցության անդամ, սակայն ընտրվել է մեկ այլ կուսակցության ընտրական ցուցակով:

Ակնհայտ է, որ ձևավորված քաղաքական ու իրավական մշակույթը հաշվի առնելով` տարբեր երկրներ փորձում են ուղղակի կամ անուղղակի մեթոդներով կանխել խորհրդարանական կուսակցափոխության այդ ոչ ցանկալի երևույթը: Այս հարցում ավելի առաջ են գնացել Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և մի շարք այլ երկրներ, որտեղ կա նաև այն պրակտիկան, որ ոչ միայն մանդատից զրկվում է տվյալ կուսակցությունից դուրս եկող պատգամավորը, այլև նրանք, ովքեր քվեարկում են դեմ կամ ձեռնպահ են մնում քվեարկությունից` հակադրվելով իրենց կուսակցության դիրքորոշումներին: Հիմնավորումն այն է, որ թույլ չտրվի թուլացնել ընդդիմադիր կուսակցություններին (իշխանության լծակներով փոշիացնել դրանք, նպատակ ունենալով այդ ճանապարհով լրացուցիչ ամրապնդել իշխող կուսակցության դիրքերը), փոխել ընտրողների իրական կամաարտահայտման պատկերը: Սակայն ներկուսակցական հարաբերություններին վերաբերող նշված մոտեցումը չի ընդունվում եվրոպական իրավական համակարգում` կուսակցական կարգապահական խնդիրը տարանջատելով ժողովրդի քաղաքական կամքի արտահայտման ու դրան հավատարիմ մնալու հիմնահարցից: ՀՀ սահմանադրական դատարանն իրավաչափ է համարում այս մոտեցումը: Կուսակցական կարգապահական խնդիրները պետք է լուծվեն ներկուսակցական ժողովրդավարության ամրապնդման շրջանակներում:

8. Տարբեր երկրների պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ բոլոր դեպքերում խորհրդարանական խմբակցությունները լքելու փորձերը գլխավորապես հրահրվում են ընթացիկ քաղաքական նպատակներ հետապնդելով` փոխելով ընտրողների իրական կամաարտահայտման պատկերը: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ երկրի քաղաքական կառուցակարգերի ամրապնդման, քաղաքական կուսակցությունների կայացման, քաղաքական հանդուրժողականության մթնոլորտի ապահովման, քաղաքական պատասխանատվության երաշխավորման համար առանձնապես համակարգային վերափոխումների փուլում անհրաժեշտ է «հակադասալքային» դրույթների ամրագրումն օրենսդրության մեջ: Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որտեղ համամասնական ընտրակարգով ընտրություններում ընտրողներին չի ներկայացվում կուսակցության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը, որպեսզի ընտրողները դիրքորոշում արտահայտեն ցուցակում ընդգրկված անձանց վերաբերյալ: Ընդ որում, միայն այն ընտրական համակարգի դեպքում կարող է կիրառվել «դասալքության» կանխման իրավական կարգավորումը, երբ պատգամավորն ընտրվել է ոչ թե նրա վերաբերյալ ընտրողի կարծիքը հաշվի առնելու հիման վրա, այլ զուտ կուսակցության ծրագրին հավանություն տալու արդյունքում, այսինքն` երբ շեշտադրումը կատարվում է քաղաքական պատասխանատվության և դրա ապահովման կառուցակարգերի վրա: ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության ցանկացած փոփոխություն, որն ընթացիկ շահեր է հետապնդում և փոխում է ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունն օրենսդիր մարմնում, անհամատեղելի է ժողովրդաիշխանության հիմնարար սկզբունքների հետ և իրավաչափ համարվել չի կարող:

9. ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է մի շարք սկզբունքներ, որոնք Հայաստանի Հանրապետությանը հաղորդում են ժողովրդավարական պետության որակներ: Դրանք ընտրակարգի հիմնարար սկզբունքներն են, մասնավորապես, ընտրությունների պարտադրականության և պարբերականության սկզբունքները (Սահմանադրության 2 հոդված` փոխկապակցված 1-ին հոդվածի` «ժողովրդավարական» սահմանադրաիրավական բնութագրիչի հետ, ինչպես նաև 4, 30 հոդվածների հետ), բազմակարծության ու բազմակուսակցության սկզբունքները (Սահմ. 7 հոդված), խոսքի, միավորումների և ժողովների ազատությունը (Սահմ. 27, 28 և 29 հոդվածներ), հանրագրեր ներկայացնելու և պատշաճ պատասխան ստանալու իրավունքը (Սահմ. 27.1. հոդված) և այլն:

Այս ընդհանուր սկզբունքներից բացի, հարկ է առանձնացնել նաև երկու կառուցվածքային սկզբունքներ, որոնք պայմանավորում են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հաստատությունների բուն էությունը.

նախ` ազատ մանդատի սկզբունքը` Ազգային ժողովի պատգամավորի անկախությունը որևէ ցուցումից, պատվիրանից և նրա ենթարկվելը բացառապես իր խղճին և համոզմունքներին (Սահմ. 66 հոդվածի 1-ին մաս): Ազատ մանդատի ուժով պատգամավորը կաշկանդված չէ անգամ ընտրողների կամքով, նա ազատ է իր պատգամավորական գործունեության մեջ, ներառյալ քվեարկությունը խորհրդարանում: Ազատ մանդատի սկզբունքը պատգամավորի սահմանադրական կարգավիճակը պայմանավորող այլ առանցքային երաշխիքների հետ մեկտեղ (ինդեմնիտետ` Սահմ. 66 հոդվածի 2-րդ մաս, անձեռնմխելիություն` Սահմ. 66 հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր) հնարավորություն է տալիս ձևավորելու այլ իշխանության ճյուղերից անկախ օրենսդիր իշխանություն` Ազգային ժողով, և պատգամավորներին դիտարկել որպես ամբողջ ժողովրդի, այլ ոչ թե իրենց ընտրողների կամ թեկուզև ամբողջ ընտրազանգվածի ներկայացուցիչներ, ապահովելով խորհրդարանի համախմբող գործառույթը:

Ազատ մանդատի սկզբունքը` որպես ներկայացուցչական ժողովրդավարության հիմքերից մեկը, հնարավոր է դարձնում կարծիքների բախումը խորհրդարանում և ապահովում Ազգային ժողովի` փոխհամաձայնության հանգելու ունակությունը: Հետևապես, ազատ մանդատի շնորհիվ է խորհրդարանում ապահովվում հավասարակշռությունը տարբեր մասնակի (քաղաքական) շահերի միջև, որով պայմանավորված է բարձրագույն սահմանադրական մարմիններից մեկի գործունակությունը` ընդունելու օրենքներ, կայացնելու որոշումներ և իրականացնելու իր այլ լիազորությունները:

Երկրորդ` ՀՀ Սահմանադրության մակարդակով ամրագրվում է կուսակցությունների սահմանադրական գործառույթը, այն է` ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելը (Սահմ. 7 հոդվածի 2-րդ մաս): Այլ կերպ, Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետությանը` որպես ժողովրդավարական պետության, բնորոշ ևս մեկ սկզբունք, այն է` կուսակցական ժողովրդավարության սկզբունքը:

Այս սկզբունքը պայմանավորում է կուսակցությունների էական դերակատարությունը ժողովրդի քաղաքական կամքի ձևավորման և արտահայտման հարցում, այդ թվում` նաև ընտրական համակարգին առավել ներկայացուցչականություն հաղորդելու համար կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով) ընտրությունների հնարավորությունը, չբացառելով, սակայն, մեծամասնական ընտրակարգի կիրառումը, իսկ այդ երկու եղանակների միջև համամասնությունների որոշումը վերապահելով օրենսդրի հայեցողությանը:

Դրա արդյունքում որևէ կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավորը որոշակիորեն կաշկանդված է լինում իր կուսակցական պատկանելությամբ այն առումով, որ այդ կուսակցության խմբակցությունից նրա կամովի դուրս գալը կամ այդ կուսակցությունում նրա անդամության դադարեցումը առաջացնում են բախում կուսակցական պատկանելության և միայն իր խղճով և համոզմունքներով առաջնորդվելու նրա ազատության միջև, այլ խոսքերով, ազատ մանդատի սկզբունքի և կուսակցական ժողովրդավարության սկզբունքի միջև:

Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 67 հոդվածը սահմանել է պատգամավորի լիազորությունների դադարման սպառիչ ցանկ և օրենքին չի պատվիրակել դրա լրացման հնարավորություն: Համաձայն այդ հոդվածի` «Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովն արձակվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքերում»: Ընդ որում, 65 հոդվածի պայմանները վերաբերում են նրան, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Բացի դրանից, պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով: Ակնհայտ է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12 հոդվածի դրույթները ՀՀ Սահմանադրության 67 հոդվածով նախատեսված հիմքերի թվարկումն են և այս առումով սահմանադրականության որևէ խնդիր չեն առաջացնում:

ՀՀ Սահմանադրությունը ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքին վերապահել է քննության առարկա հարցի շրջանակներում միայն պատգամավորի լիազորությունների դադարման կարգի սահմանումը: Հետևաբար, ոչ թե պետք է օրենքով պատգամավորի լիազորությունների դադարեցման նոր հիմք սահմանվի, այլ վերականգնվի նախկինում եղած դրույթը` կապված պատգամավորական խմբակցությունից պատգամավորի կամովին դուրս գալու հարցի օրենսդրական կարգավորման հետ: Ինչպես նշվեց, մինչև 1997թ. մայիս ամիսը ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգը նախատեսում էր, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից, եթե նա կամովին հրաժարվում է պատգամավորական լիազորություններից (հոդվ. 29): Նման իրավակարգավորումն առկա էր պատգամավորի լիազորությունների դադարեցման սահմանադրական նույն հիմքերի առկայության պայմաններում, ինչն առկա է նաև այսօր: Այսինքն` պատգամավորի լիազորությունների դադարման հիմք էր հանդիսանում Սահմանադրության 67 հոդվածով նախատեսված հրաժարականը, իսկ նման քայլի իրավունքը պատգամավորինն է:

Վերոշարադրյալից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ընտրակարգի շրջանակներում, երբ պատգամավորը մանդատն ստանում է կուսակցությանը տված ձայների շնորհիվ, նշված չի եղել քվեաթերթիկում և նրա վերաբերյալ ընտրողը որևէ կամաարտահայտություն չի դրսևորել, սակայն ցանկանում է դուրս գալ խորհրդարանական խմբակցությունից, ապա դա կարող է անել մանդատը կամավոր վայր դնելուց հետո միայն, քանի որ հակառակ դեպքում կնպաստի խորհրդարանում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությանը, որը փոխում է ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունն օրենսդիր մարմնում և չի բխում իրավական պետության և ժողովրդաիշխանության սահմանադրական հիմնարար սկզբունքներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` «Պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան խմբակցության ղեկավարին» դրույթը` քվեաթերթիկներում որպես ընտրական ցուցակի թեկնածուներ չնշված պատգամավորների առնչությամբ այնքանով, որքանով նպաստում է Ազգային ժողովում ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռության փոփոխությանը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ և 7-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 հունիսի 2009 թվականի

ՍԴՈ-810

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.06.2009
N ՍԴՈ-810
Որոշում