Սեղմել Esc փակելու համար:
2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄ ...

 

22.05.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 2026 թվականի N 640-Լ

 

2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի մայիսի 8-ի

N 640-Լ որոշման

 

2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման (այսուհետ` միջոցառում) նպատակն է հանրապետության մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին:

 

2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

2. Միջոցառումը նախատեսված է իրականացնել 2026 թվականին, և այն կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը:

3. Միջոցառման մասնակիցներն են`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը (այսուհետ` մարզպետների աշխատակազմեր).

3) Հայաստանի Հանրապետության համայնքները կամ բնակավայրերը (այսուհետ` համայնք կամ բնակավայր).

4) կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները (այսուհետ` շահառու):

4. Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման համար սահմանվում են հետևյալ պայմանները`

1) միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող` 3 գլուխ և ավելի կովեր տնօրինող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային տեղեկատվական համակարգում (այսուհետ` գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգ) և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում.

2) սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ (առավելագույնը 20 գլուխ) կովերի համար` մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով:

(4-րդ կետը փոփ. 21.05.2026 թիվ 703-Լ որոշում)

5. Միջոցառման համաձայն, շահառու են համարվում սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության մարզերում կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը:

6. Սուբսիդավորման տրամադրման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որը սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները:

(6-րդ կետը փոփ. 21.05.2026 թիվ 703-Լ որոշում)

7. Դիմումին կից շահառուն ներկայացնում է նաև`

1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) հետ պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցող անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք` գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումներում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ.

3) գրավոր համաձայնություն` ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ պետական կառավարման համակարգի այլ մարմիններին փոխանցելու մասին:

8. Բնակավայրի վարչական ղեկավարը դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք փոխանցում է համայնքի ղեկավարին: Համայնքի ղեկավարը բնակավայրի վարչական ղեկավարից ստացված, ինչպես նաև իրեն ներկայացված դիմումները 20 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով փոխանցում է համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված հանձնաժողովին (այսուհետ` հանձնաժողով), յուրաքանչյուր շահառուի կողմից ներկայացված կովերի գլխաքանակի տվյալները համադրում է նախ` համայնքների (բնակավայրերի) տնտեսությունների գրքերի, ապա ականջապիտակի գույքային համարները` գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալների հետ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև կազմակերպության` տվյալ տարածաշրջանի համաճարակաբանը:

9. Կովերի գլխաքանակի անհամապատասխանության դեպքում հանձնաժողովի կողմից համապատասխան փոփոխություններ են կատարվում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում, և ելակետային են համարվում համակարգում առկա կենդանիների ճշգրտված տվյալները: Սույն ծրագրի շրջանակում կովերի շարքին են դասվում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում ներառված` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված էգ կենդանիները:

10. Տվյալների համադրման արդյունքում հանձնաժողովը կազմում է հաշվետվություն, որտեղ նշվում են յուրաքանչյուր շահառուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, բնակության վայրը և հասցեն, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում գրանցված և սուբսիդավորման ենթակա կովերի գլխաքանակը, կովերի ականջապիտակների գույքային համարները և սուբսիդավորման ընդհանուր գումարը: Համայնքի ղեկավարը ստորագրված և կնքված ամփոփ հաշվետվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է մարզպետի աշխատակազմ:

(10-րդ կետը փոփ. 21.05.2026 թիվ 703-Լ որոշում)

11. Մարզպետի աշխատակազմը, յուրաքանչյուր համայնքի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, 20 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ` գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգի հետ համադրելով համայնքի շահառուների առնվազն 10%-ի տվյալները: Անճշտությունների առկայության դեպքում հաշվետվությունը վերադարձվում է համայնք` նշելով անճշտությունները, և 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում են համապատասխան ճշգրտումներ, որից հետո ամփոփ հաշվետվությունը ներկայացվում է նախարարություն:

12. Նախարարությունը մարզպետի աշխատակազմից ամփոփ հաշվետվությունը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է կազմակերպությանը` գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա կովերի գլխաքանակի վերաբերյալ տեղեկության ստուգման համար:

13. Կազմակերպությունը նախարարությունից ստացված ամփոփ հաշվետվության հիման վրա 4 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է տվյալների համադրում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ և նախարարություն է ներկայացնում եզրակացություն:

14. Տվյալների համապատասխանության դեպքում կազմակերպությունը ներկայացնում է դրական եզրակացություն, իսկ անհամապատասխանության դեպքում` բացասական եզրակացություն` նշելով անհամապատասխանությունները:

15. Կազմակերպության կողմից ներկայացված դրական եզրակացության դեպքում նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմին տրամադրում է դրական եզրակացություն:

16. Կազմակերպության կողմից ներկայացված բացասական եզրակացության դեպքում նախարարությունը ճշգրտման նպատակով ամփոփ հաշվետվությունը վերադարձնում է մարզպետի աշխատակազմ, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ճշգրտում է և վերադարձնում նախարարություն:

17. Միջոցառման 16-րդ կետով սահմանված` ճշգրտված հաշվետվությունը նախարարությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է կազմակերպությանը, իսկ վերջինս 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դրական կամ բացասական եզրակացություն, որի հիման վրա նախարարությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակված տեղեկատվության վերաբերյալ դրական եզրակացությունը ներկայացնում է մարզպետի աշխատակազմ:

18. Մարզպետի աշխատակազմը, սույն միջոցառման շրջանակում նախատեսված և փոխանցման ենթակա ֆինանսական միջոցները, 10 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի կամ բնակավայրի միջոցով, փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին` մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

19. Փոխհատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:

20. Ֆինանսական միջոցների փոխանցումից հետո մարզպետի աշխատակազմը 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը:

21. Շահառուները, սուբսիդավորում ստանալու նպատակով, դիմումները ներկայացնում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ մարզպետի աշխատակազմից համայնքի ամփոփ հաշվետվությունը նախարարություն է ներկայացվում մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

(21-րդ կետը փոփ. 21.05.2026 թիվ 703-Լ որոշում)

22. Միջոցառման շրջանակներում նախատեսված, սակայն չօգտագործված ֆինանսական միջոցները մարզպետների աշխատակազմերը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը վերադարձնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` այդ մասին գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

23. Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 1 մլրդ 350 մլն դրամ` համաձայն աղյուսակի:

 

(հավելվածը փոփ. 21.05.2026 թիվ 703-Լ որոշում)

Աղյուսակ

 

Միջոցառման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները`

ըստ մարզերի

 

._____________________________________________________________________.

|Մարզը           |Միջոցառման շրջանակում       |Սուբսիդավորման համար   |

|                |սուբսիդավորման ենթակա կովերի|անհրաժեշտ գումարը,     |

|                |գլխաքանակը, հազար գլուխ     |հազար դրամ             |

|________________|____________________________|_______________________|

|Արագածոտն       |           10,9             |              163 500.0|

|________________|____________________________|_______________________|

|Արարատ          |           5,4              |               81 000.0|

|________________|____________________________|_______________________|

|Արմավիր         |           6,7              |              100 500.0|

|________________|____________________________|_______________________|

|Գեղարքունիք     |           14,5             |              217 500.0|

|________________|____________________________|_______________________|

|Լոռի            |           15,8             |              237 000.0|

|________________|____________________________|_______________________|

|Կոտայք          |           7,2              |              108 000.0|

|________________|____________________________|_______________________|

|Շիրակ           |           13,9             |              208 500.0|

|________________|____________________________|_______________________|

|Սյունիք         |           6,8              |              102 000.0|

|________________|____________________________|_______________________|

|Վայոց ձոր       |           2,4              |               36 000.0|

|________________|____________________________|_______________________|

|Տավուշ          |           6,4              |               96 000.0|

|________________|____________________________|_______________________|

|Ընդամենը        |           90 000           |            1 350 000.0|

._____________________________________________________________________.

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.2026
N 640-Լ
Որոշում