ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Քաղ. Երևան |
1 փետրվարի 2022 թ. |
ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Ա. Դանիելյանի (ներկայացուցիչ Զ. Ապրեսյան),
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,
i
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
i
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց Գ Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
i
Օրենսգրքի «Դատական ակտին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 6-րդ հոդվածը սահմանում է.
«1. Դատական ակտը պետք է լինի օրինական:
2. Դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով»:
i
Օրենսգրքի «Դատական ակտի պատճառաբանվածությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածը սահմանում է.
«1. Դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
2. Եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին և ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերևույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որևէ դատավարական ժամկետ, և այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:
3. Դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով` բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:
4. Դատական ակտը չի կարող պատճառաբանվել վերացական դատողություններով: Դատարանը չի կարող փաստել, որ գործին մասնակցող որևէ անձ չի կատարել որևէ փաստական հանգամանք ապացուցելու պարտականությունը` առանց ցույց տալու, թե տվյալ փաստական հանգամանքն ինչ պատճառով չի կարող ապացուցված համարվել գործում առկա ապացույցներով:
5. Այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ծագել է վեճ կիրառման ենթակա նորմի վերաբերյալ, ապա դատական ակտում պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը»:
Վիճարկվող դրույթներն Օրենսգրքի ընդունումից ի վեր փոփոխությունների կամ լրացումների չեն ենթարկվել:
Գործի քննության առիթը Աղասի Դանիելյանի (այսուհետ` դիմող)` 2021 թվականի օգոստոսի 16-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
i
2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-18 որոշմամբ Սահմանադրական դատարանը մասամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի և 397-րդ հոդվածի մասով, կարճել է սույն գործի վարույթը:
Ուսումնասիրելով դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, Դատական դեպարտամենտից ստացված թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի նյութերը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Գործի դատավարական նախապատմությունը
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի` Աղասի Շավարշի Դանիելյանի ընդդեմ համապատասխանողների, հայցվորի կողմում հանդես եկող և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի, պատասխանողների կողմում հանդես եկող և վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու, գումար և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսներ բռնագանձելու, բռնագանձումը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա տարածելու, դրա անբավարարության դեպքում` համապատասխանողներին պատկանող այլ գույքի վրա տարածելու վերաբերյալ պահանջների մասին, 2020 թվականի ապրիլի 10-ին վճռել է հայցը բավարարել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 29-ին որոշել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով 2020 թվականի ապրիլի 10-ի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել:
i
Վճռաբեկ դատարանը 2021 թվականի փետրվարի 17-ին որոշել է թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ Աղասի Դանիելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակության հիմքի առկայության մասով` վճռաբեկ բողոքում նշված փաստարկների հակիրճ շարադրանքից և Օրենսգրքի համապատասխան դրույթների մեջբերումից հետո նշելով. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև բողոք բերած անձը որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը, սակայն բողոքում ներկայացված հիմնավորումը Վճռաբեկ դատարանը գտնում է ոչ բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված պայմանի առկայությունը հիմնավորված համարելու, ուստիև այդ հիմքով բողոքը վարույթ ընդունելու համար»: Նույն որոշմամբ վճռաբեկ բողոքում մարդու իրավունքների և ազատությունների առերևույթ խախտման հիմքի առկայության մասով Վճռաբեկ դատարանը նշել է. «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»:
2. Դիմողի դիրքորոշումը.
Դիմողը, սույն սահմանադրաիրավական վեճին վերաբերող մասով ներկայացնելով թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի դատավարության պատմության հիման վրա իր փաստարկները, նշում է, որ Վճռաբեկ դատարանը 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ մերժել է ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը` առանց նշելու նման եզրահանգման համար հիմք հանդիսացած դատողությունների ընթացքը` ըստ էության, չպատճառաբանելով հիշատակված որոշումը: Ըստ Դիմողի` Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չպատճառաբանելու պրակտիկան ակնհայտորեն սահմանափակում է անձի արդար դատաքննության իրավունքը:
3. Պատասխանողի դիրքորոշումը
Ազգային ժողովը (այսուհետ նաև` պատասխանող), վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի որոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, առարկել է դիմումին այն բովանդակությամբ, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականությունը, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի` խնդրո առարկա որոշման իրավաչափության հարցը, մինչդեռ դատական ակտի իրավաչափության գնահատումը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Վերոգրյալի լույսի ներքո` պատասխանողը խնդրել է սույն գործի վարույթն ամբողջությամբ` ներառյալ նաև վիճարկվող իրավական նորմերի մասով, կարճել կամ վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:
4. Սահմանադրաիրավական վեճի շրջանակները
Սահմանադրական դատարանը սույն սահմանադրաիրավական վեճը քննում է Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներով նախատեսված դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մասով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության` Սահմանադրության 63-րդ հոդվածին համապատասխանությունը ստուգելու շրջանակում, պարզելով`
i
ա) արդյոք պատճառաբանված դատական ակտի իրավունքը ներառված է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի ծավալում,
բ) եթե այո, ապա արդյո՞ք վիճարկվող իրավական նորմերը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մասով համապատասխանում են այդ իրավունքի բովանդակությանը և, միաժամանակ, չե՞ն պարունակում արդյոք այդ իրավունքի սահմանափակումներ, իսկ նման սահմանափակումներ պարունակելու դեպքում արդյո՞ք իրավունքի այդ սահմանափակումների նպատակը սահմանադրական է, իսկ ընտրված միջոցը` պիտանի, անհրաժեշտ և համարժեք սահմանափակման նպատակին:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը
i
5.1. 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, (... արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք»: 2005 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված փոփոխություններով Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում էր նույնաբովանդակ դրույթ (դատաքննության ողջամիտ տևողության պահանջի մասին լրացմամբ): 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված փոփոխություններով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
i
Դատական ակտերի պատճառաբանվածության իրավական պահանջի նպատակների և այդ պահանջն անտեսելու հետևանքներին անդրադառնալով` Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձնելու լիազորությանը և դրա կիրառմամբ կայացվող որոշմանն առնչվող վերլուծություններում 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշմամբ Սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշել է. «...... սույն գործով վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետի դրույթը` 10-օրյա ժամկետում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման վերաբերյալ, չնայած հետապնդվող անհրաժեշտ նպատակին, առանց այդպիսի որոշման պատճառաբանման նորմատիվ պահանջի չի կարող բավարարել արդարացի հավասարակշռության, որոշակիության, իրավահավասարության և իրավունքի գերակայության իրավական սկզբունքների պայմանները: Սահմանադրական դատարանի գնահատմամբ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարևոր երաշխիք է ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 2-րդ կետի դրույթները հստակ չնախատեսելով վճռաբեկ բողոքը վերադարձնելու պատճառաբանման պահանջ, չեն կարող երաշխավորել անձի` Սահմանադրության 18 և 19 հոդվածներով նախատեսված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը»:
i
2010 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության պահանջին` Սահմանադրական դատարանը նշել է. «(...) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»:
i
5.2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև ՄԻԵԴ) ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները չպատճառաբանելը ճանաչելով արդար դատական քննության իրավունքի խախտում, նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ` կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հանրային հսկողություն ապահովելու նպատակով (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Salov v. Ukraine), թիվ 65518/01, § 89, ՄԻԵԴ 2005-VIII (քաղվածքներ), Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (Garcia Ruiz v. Spain) [ՄՊ], թիվ 30544/96, § 26, ՄԻԵԴ 1999-I):
Դատական ակտի պատճառաբանվածությունը ՄԻԵԴ-ը դիտարկել է որպես արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքի պահանջ: Այս պարտականությունը ներառում է առնվազն հստակ անդրադարձ այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել տվյալ գործի համար (տես` Ռուիզ Տորիխան ընդդեմ Իսպանիայի գործով (Ruiz Torija v. Spain), 1994 թվականի դեկտեմբերի 9, § 29-30, Շարք A թիվ 303-A), Հիգգինսը և այլք ընդդեմ Ֆրանսիայի գործով (Higgins and Others v. France), 1998 թվականի փետրվարի 19, § 42-43, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1998-I): Ավելին, այն գործերը, որոնք կարող են առնչվել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել նաև այն հարցը, թե որքանով են դատական ակտերում բերված պատճառաբանությունները եղել բովանդակալից, այլ ոչ` ձևական բնույթի (տես, mutatis mutandis, Պարադիսոն և Կամպանելլին ընդդեմ Իտալիայի գործով (Paradiso and Campanelli v. Italy) [ՄՊ], թիվ 25358/12, § 210, 2017 թվականի հունվարի 24)` դատական ակտի պատճառաբանվածության սկզբունքի պահպանված լինելու նկատմամբ իրականացնելով բովանդակային վերահսկողություն:
i
ՄԻԵԴ-ի վերը նշված մոտեցումները դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի ընդհանուր կանոններն են, որոնք բարձր (մասնավորապես` վճռաբեկ) դատարաններին վերաբերելի մասով մասնավորեցվել են ըստ այնմ, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը դատական ակտերը վերանայող դատարաններին չի պարտավորեցնում որոշումների պատճառաբանություններում արձագանքել կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին, և, օրինակ, այնպիսի իրավիճակներում, երբ որոշումը վերանայող դատարանները համաձայնում են բողոքարկվող որոշումը կայացրած դատարանների որոշմանը, ապա համապատասխան բողոքները մերժելու մասին որոշումներում ընդունելի են ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումների հաստատումները, որպես դատարանի պատճառաբանություն (տես, օրինակ` Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով վերը նշված վճիռը, § 26, Հելլն ընդդեմ Ֆինլանդիայի գործով (Helle v. Finland), 1997 թվականի դեկտեմբերի 19, §§ 59-60, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1997-VIII):
Դատական ակտին առաջադրվող պատճառաբանվածության պահանջի կարևորությունն իր որոշումներում ընդգծել է նաև Միավորված ազգերի կազմակերպության միջազգային դատարանը` այն դիտարկելով որպես արդար դատաքննության հանրորեն ճանաչված բաղադրիչ և արդարադատության արդյունավետության չափանիշ (տես` Միավորված ազգերի կազմակերպության վարչական դատարանի թիվ 158 վճռի վերանայման գործով միջազգային դատարանի 1973 թվականի հուլիսի 12-ի Խորհրդատվական կարծիք, §§ 92, 95):
i
5.3. Սահմանադրական դատարանը, վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջի մասին նախկինում արտահայտված դիրքորոշումները, գտնում է, որ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի սույն բաղադրիչը դատական քննության որակի առաջնային չափանիշ է, իսկ դատական ակտի պատճառաբանության բացակայությունը կասկածի տակ է առնում դատարանի կողմից տվյալ դատական ակտի կայացմամբ արդարադատության նպատակին համահունչ գործունեությունը: Կոնկրետ գործով դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության գնահատման առաջնային չափանիշը, անկախ դատական ակտի նկատմամբ ձևավորված հանրային կարծիքից կամ կողմերի կամ հասարակության կամ դրա մի մասի վերաբերմունքից, տվյալ գործով փաստերի և իրավունքի հարցերի վերաբերյալ դատական ակտի հիմքում ընկած ողջամիտ և համոզիչ պատճառաբանությունն է: Ավելին, դատավարական կողմերի մրցակցող և հակասող շահերի բախման պայմաններում ընթացող դատական վեճերում դատական ակտի պատճառաբանության բացակայությունը նման պատճառաբանության առկայության իրավական պահանջի պայմաններում կարող է սասանել կողմերի և հանրության վստահությունն առ այն, որ բացակայում են տվյալ դատական ակտը կանխորոշող այլ` արդարադատության նպատակների հետ չառնչվող պատճառներ:
i
Բացի դրանից, դատական ակտի պատճառաբանվածությունը կողմի համար այն արդյունավետորեն բողոքարկելու և նման բողոքարկման հաջողության գնահատականի հիմք է: Այս կապակցությամբ դատական ակտի բողոքարկման ներքո նկատի է առնվում ոչ միայն դատական ակտի եռաստիճան դատական համակարգում բողոքարկման հնարավորությունը` փաստերի գնահատման կամ իրավունքի նորմերի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ, այլ նաև դատական ակտի պատճառաբանության մեջ վկայակոչված իրավական նորմերի սահմանադրականության ստուգման հնարավորությունը նման իրավունքն ունեցող անձի` Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով, ինչպես նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան միջազգային համապատասխան մարմիններ ներկայացվող բողոքին:
Միաժամանակ, դատական ակտի պատճառաբանվածության պահանջն ուղղված է դատարանների կողմից նույնանման գործերով ձևավորվող պրակտիկայի հստակ ուղենիշների ամրագրմանը, որի նպատակն է ապահովել իրավունքի մեկնաբանության և կիրառության կանխատեսելիությունը, բացառել կամայական որոշումների հավանականությունը` դատական ակտերի հիմքում ընկած պատճառաբանությունների հրապարակայնության պայմաններում բարձրացնելով դատարանների հաշվետվողականությունը:
i
Ի վերջո, վերը նշված բոլոր նկատառումներով հանդերձ, և բացի անհատի արդար դատաքննության սահմանադրական իրավունքից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (Կոնվենցիայի 6-րդ հոդված, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966 թվականի դեկտեմբերի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի թիվ 2200 A (XXI) բանաձևով հաստատված միջազգային դաշնագրի 14-րդ հոդված) ստանձնած պարտավորության մաս լինելուց, դատական ակտի պատճառաբանվածությունը նաև դատավորի մասնագիտական վարքագծին առաջադրվող և միջազգայնորեն ճանաչված սկզբունք է (տես` ԵԴԽԽ Դատավորների մագնա կարտա (Հիմնարար սկզբունքներ), 17/11/2010թ., կետ 16):
i
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատական ակտերի պատճառաբանված լինելու սահմանադրական հրամայականի վերաբերյալ նախկինում իր արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները, շեշտում է, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է համոզելու, որ դատական ակտի հիմքում ընկած են ոչ թե դատավորների անհատական կամ խմբակային մոտեցումներն ու շահերը, նրանց սուբյեկտիվ վերաբերմունքը վեճի լուծման որևէ տարբերակի նկատմամբ, այլ իրավունքը: Հետևաբար` ձախողելով տրամաբանական շղթայի մեջ արտացոլել վեճի լուծման համար նշանակություն ունեցող և կողմերի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկներն ընդունելու կամ մերժելու մասին դատարանի դատողությունների ընթացքը և դրանց եզրահանգումը դատական ակտում` վերջինս արդարադատություն իրականացնող հանրային իշխանության ատյանի ակտից վերածվում է այն հեղինակող դատավորի կողմից վեճի լուծման վերաբերյալ սուբյեկտիվ մոտեցման շարադրանքի` վտանգելով Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված` անհատի արդար դատաքննության իրավունքը:
5.4. Վերոնշյալի լույսի ներքո վերլուծելով վիճարկվող իրավական դրույթները` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանցով Օրենսգրքի ընդհանուր` հիմնարար դրույթներում նախատեսված է դատական ակտերի պատճառաբանվածության պահանջը` որպես քաղաքացիական դատավարությունում դատական ակտին ներկայացվող ընդհանուր պահանջ: Մասնավորապես` Օրենսգրքի 6-րդ հոդվածով սույն սահմանադրաիրավական վեճին վերաբերելի մասով նախատեսված է, որ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ օրենսգրքով (մաս 2), իսկ Օրենսգրքի 9-րդ հոդվածը մանրամասնում է դատական ակտին առաջադրվող պատճառաբանվածության պահանջի բովանդակությունը` սահմանելով, որ պատճառաբանվածության պահանջը ներառում է ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները (մաս 1): Օրենսդիրը դատական ակտին ներկայացվող նշյալ պահանջները պարտադիր է համարել բոլոր ատյանների դատարանների համար: Այսինքն` ցանկացած ակտ կայացնելիս դատարանը կաշկանդված է դրա պատճառաբանվածությունն ապահովելու օրենսդրական պահանջի սկզբունքով և չի կարող դատական ակտ կայացնել առանց այն պատճառաբանելու, եթե Օրենսգրքով նախատեսված չէ պատճառաբանվածության ընդհանուր պահանջից բացառություն:
i
Օրենսգրքի` դատական ակտերին առաջադրվող պահանջները պարունակող մյուս դրույթներում դատական ակտերի բովանդակությանը վերաբերող հատուկ պահանջներով ավելի մանրամասնված է դատական ակտի պատճառաբանվածության ընդհանուր պահանջների բովանդակությունը (առաջին ատյանի դատարանի վճիռների մասով` Օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մաս, 196-րդ հոդվածի 1-ին մաս, և վերաքննիչ քաղաքացիական դատարանի` վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասով` Օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մաս, Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված դատական ակտերի մասով` 406-րդ հոդվածի 3-րդ մաս)` մատնանշելով այդ պահանջի պարտադիր բաղադրիչները: Միաժամանակ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու, վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների նկատմամբ սահմանված է, որ դրանք պետք է համապատասխանեն Օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջներին, որոնք, ի թիվս այլնի, նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանի կողմից առանձին դատական ակտի ձևով կայացվող որոշումների համար պարտադիր են համարում դրանցում ներառել «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ»: Այսինքն` Օրենսգրքի` սույն գործով դիմողի կողմից վիճարկվող, ինչպես նաև Օրենսգրքի որևէ այլ դրույթով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանված լինելու ընդհանուր կանոնից որևէ շեղում նախատեսված չէ:
i
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության պահանջի վերը նշված ընդհանուր նկատառումներից բացի, այն ուղղակիորեն կիրառելի է նաև այն հանգամանքի հաշվառմամբ, որ այս որոշմամբ դատավարական կողմը, իր վճռաբեկ բողոքը Օրենսգրքով նախատեսված ընթացակարգային կանոններին համապատասխան ներկայացնելով, սպառում է իր իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգում` այլևս չունենալով իր իրավունքի ենթադրյալ խախտման դեմ դատական պաշտպանության այլ միջոց: Հետևաբար` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ ուղղակիորեն տարածվում է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքից բխող` պատճառաբանվածության պահանջը, որից որևէ շեղում օրենսդրի կողմից նախատեսված չէ:
i
Վերը նշվածի հետ մեկտեղ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Վճռաբեկ դատարանը, հանդես գալով Սահմանադրության 171-րդ հոդվածով նախատեսված սահմանադրական կարգավիճակով որպես Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյան, որի խնդիրը օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելը և մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները վերացնելն է, նկատի ունենալով նաև, որ իր սահմանադրական լիազորությունների իրականացման բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում իր քննությանը ներկայացված իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը, պետք է բնականորեն ունենա իր կողմից կայացվող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանության խորության և ծավալի որոշման լայն հայեցողություն, որը Վճռաբեկ դատարանին կապահովի իր սահմանադրական գործառույթների արդյունավետ իրականացում` հաշվի առնելով արդարադատության արդյունավետության համար անհրաժեշտ գործոնների համադրումը:
Ամեն դեպքում, եռաստիճան դատական համակարգում նույնիսկ այլ դատական ատյանների համեմատ առանձին դատական ակտերի ձևով կայացվող որոշումների պատճառաբանվածությանն առաջադրվող պահանջի ապահովման առնչությամբ պատճառաբանությունների ծավալը և խորությունը որոշելու հարցում Վճռաբեկ դատարանին վերապահված լայն հայեցողությամբ հանդերձ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ պատճառաբանությունների կամ դատողությունների կամ հիմնավորումների սոսկ եզրահանգումների արձանագրումը չի կարող համարվել դատական ակտի պատճառաբանություն, եթե դատական ակտում շարադրված չէ նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը:
i
5.4. Կիրառելով Սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումը սույն սահմանադրաիրավական վեճի նկատմամբ` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում Դատական դեպարտամենտից պահանջված և ստացված թիվ ԵԴ/19367/02/18 քաղաքացիական գործի ուսումնասիրությամբ պարզվում է, որ վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանմամբ, որ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ` որպես դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում, ի թիվս այլնի, նշված` (1) վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման կայացման և հրապարակման հարցում ենթադրյալ խախտումների և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումների կիրառության, (2) վիճարկվող գործարքում դիմողի կողմից վկայակոչված իր շահագրգռության, (3) դիմողի ներկայացրած ապացույցների` իր պնդմամբ բավարարության (4) և խնդրո առարկա ապացույցի արժանահավատության, (5) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դիմողի ներկայացրած ապացույցներից դիմողի պնդմամբ ընտրողաբար մեկի գնահատման, միաժամանակ` մյուսների անտեսման, (6) վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվող վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալու մասին փաստարկներին ի պատասխան` 2021 թվականի փետրվարի 19-ի որոշումը պարունակում է միայն դատական ակտի հնարավոր պատճառաբանության եզրահանգումների արձանագրումն առ այն, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն եղել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար` առանց շարադրելու այդ եզրահանգման հիմքում ընկած դատողությունների ընթացքը: Այսինքն` առանց անդրադառնալու դիմողի կողմից վճռաբեկ բողոքում նույն բողոքը վարույթ ընդունելու համար նշված փաստարկների վերաբերելիության և բավարարության մասին Վճռաբեկ դատարանի կողմից 2021 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ կատարված եզրահանգումների իրավաչափությանը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում: Հետևաբար` դիմողի գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթները մեկնաբանվել և կիրառվել են Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
i
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը` դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը:
i
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
i
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 փետրվարի 2022 թվականի
ՍԴՈ-1628
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԱՂԱՍԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ԵՎ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ՍԴՈ-1628 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմամբ (հրապարակվել է 2022 թվականի փետրվարի 4-ին) որոշել է.
i
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը` դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը (...)»:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ իմ հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
i
Հարկ եմ համարում ընդգծել, որ Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-18 աշխատակարգային որոշմամբ «Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 6-րդ և 9-րդ հոդվածների, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի և 397-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասնակի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 3-րդ մասի, 381-րդ հոդվածի 7-րդ մասի և 397-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, կարճվել է:
i
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասից հետևում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի կողմից հատուկ կարծիք կարող է ներկայացվել օրենքների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ կայացվող որոշումների կապակցությամբ: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-18 աշխատակարգային որոշման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածին վերաբերող մասը, իմ գնահատմամբ, անմիջականորեն կապված է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշման հետ (հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 397-րդ հոդվածների կարգավորման առարկաները), սույն հատուկ կարծիքում ՍԴՈ-1628 որոշման պատճառաբանություններին և եզրահանգումներին անդրադարձ կկատարվի ՍԴԱՈ-18 աշխատակարգային որոշման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածին վերաբերող մասի հետ համակցության մեջ:
1. Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում ներդրվեց անհատական սահմանադրական դիմումի (գանգատի) ինստիտուտը, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար ապահովեց սահմանադրական արդարադատության անմիջական հասանելիություն: Նշված ինստիտուտը Սահմանադրությունում տեղ գտավ նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Միաժամանակ ներկայումս Սահմանադրական դատարան դիմում (գանգատ) ներկայացնելու իրավունքի իրականացման և դրա հիման վրա գործի քննության կանոնները սահմանված են Սահմանադրությամբ (168-րդ և 169-րդ հոդվածներ) և դրա հիման վրա ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Հետևաբար վերոնշյալ իրավունքն անձի կողմից չի կարող իրականացվել ցանկացած միջոցի և ընթացակարգի ընտրությամբ, այլ այն կարող է իրականացվել բացառապես Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված կարգավորումների շրջանակում:
i
Այսպես` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերը նշված կարգավորումից հետևում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան անհատական դիմումի ներկայացումը թույլատրվում է, եթե, ի թիվս այլ պահանջների, այն վերաբերում է նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությանը` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումում առկա հիմնավորումները պետք է վերաբերեն վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանն անհամապատասխանությանը, իր` Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը, ինչպես նաև դրանց միջև պատճառահետևանքային կապի առկայությանը:
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ոչ թե ամբողջական, այլ` նորմատիվ սահմանադրական գանգատի ինստիտուտը, ինչը, մասնավորապես, ենթադրում է, որ թեև սահմանադրական գանգատը կապված է կոնկրետ գործի հետ, սակայն այն կարող է միայն վերաբերել դատական ակտի հիմքում ընկած նորմատիվ իրավական ակտի, և ոչ թե դատական ակտի սահմանադրականությանը: Հետևաբար անձը չի կարող Սահմանադրական դատարանի առջև բարձրացնել, իսկ վերջինս էլ իրավասու չէ անդրադառնալ նորմատիվ իրավական ակտի կիրառման իրավաչափության հարցին(1):
___________________________________
1) Առավել մանրամասն` տե՛ս, օրինակ, European Commission for Democracy through Law (Venice Commission), Revised report on individual access to constitutional justice, CDL-AD(2021)001, 22.02.2021.
Վերոգրյալով պայմանավորված` Սահմանադրական դատարանում ենթակա չեն քննության նաև անհատական այն դիմումները, որոնք կապված են ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են դրանց կիրառման իրավաչափության հարցին, նույնիսկ եթե դիմողը Սահմանադրական դատարանին ըստ ձևի ներկայացնում է վիճարկվող դրույթները` իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք(2): Ընդ որում, Սահմանադրական դատարանն իր հերթին կրում է պարտականություն` չանդրադառնալու վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարցին:
___________________________________
i
2) Տե՛ս, օրինակ, Սահմանադրական դատարանի 22.11.2011 թվականի ՍԴՈ-998, 19.05.2015 թվականի ՍԴՈ-1205, 11.04.2017 թվականի ՍԴՈ-1361 որոշումները, 17.03.2009 թվականի ՍԴԱՈ-21, 22.02.2019 թվականի ՍԴԱՈ-17 աշխատակարգային որոշումները:
Նման պայմաններում Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ` դառնալով Վճռաբեկ դատարանի վերադաս` չորրորդ դատական ատյան, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը:
i
Տվյալ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների առնչությամբ դիմողը նշել է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի առանձին հոդվածում ուղղակիորեն ներկայացրել է դատական ակտի պատճառաբանվածության էությունը և նշել, որ այդ չափանիշին համապատասխանելու համար դատական ակտը պետք է արտացոլի ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Օրենսդիրը սահմանել է դատական ակտի պատճառաբանվածության հասկացությունը, և այն պետք է պահպանվի նաև Վճռաբեկ դատարանի կողմից որոշումներ կայացնելիս: Օրենսդիրը նման կերպ փորձել է ապահովել յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքը, որը տվյալ պարագայում գործող իրավակիրառ պրակտիկայում ուղղակիորեն չի պահպանվում (դիմումի 17-րդ և 18-րդ էջեր):
Վերոգրյալից հետևում է, որ տվյալ դեպքում դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող խնդիրն իրականում վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառությանը: Մասնավորապես` դիմողը, ուղղակիորեն փաստելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի առկայությունը, պնդում է, որ նշված պահանջը Վճռաբեկ դատարանի կողմից իր գործով չի պահպանվել: Այլ կերպ` դիմողը, չհամաձայնելով իր մասնակցությամբ գործով վիճարկվող դրույթի կիրառմամբ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմանը, այն համարելով չպատճառաբանված (ի հակադրումն օրենքի պահանջների), ըստ էության քողարկված ձևով բարձրացնում է այնպիսի խնդիր, որը վերաբերում է ոչ թե նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությանը, այլ` Վճռաբեկ դատարանի դատական ակտի օրինականության, այդ դատական ակտով նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառման իրավաչափության հարցին:
i
Փաստորեն, դիմողը Սահմանադրական դատարանին ըստ ձևի ներկայացնելով վիճարկվող դրույթները` իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու խնդրանք, ըստ էության բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց, ինչը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ:
2. Նման պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը, քննելով սույն գործը, ըստ էության քննարկման առարկա է դարձրել Վճռաբեկ դատարանի կողմից կայացված «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուղղակիորեն ամրագրված դատական ակտի պատճառաբանվածության պահանջին համապատասխանությունը: Դրա մասին են վկայում, ի թիվս այլնի, Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշման մեջ տեղ գտած հետևյալ դատողությունները.
- «(...) ցանկացած ակտ կայացնելիս դատարանը կաշկանդված է դրա պատճառաբանվածությունն ապահովելու օրենսդրական պահանջի սկզբունքով և չի կարող դատական ակտ կայացնել առանց այն պատճառաբանելու, եթե [ՀՀ քաղաքացիական դատավարության] օրենսգրքով նախատեսված չէ պատճառաբանվածության ընդհանուր պահանջից բացառություն»,
i
- «(...) վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու, վճռաբեկ բողոքը առանց քննության թողնելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների նկատմամբ սահմանված է, որ դրանք պետք է համապատասխանեն [ՀՀ քաղաքացիական դատավարության] օրենսգրքի 200-րդ հոդվածի պահանջներին, որոնք, ի թիվս այլնի, նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանի կողմից առանձին դատական ակտի ձևով կայացվող որոշումների համար պարտադիր են համարում դրանցում ներառել «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ»,
- «(...) [ՀՀ քաղաքացիական դատավարության] օրենսգրքի` սույն գործով դիմողի կողմից վիճարկվող, ինչպես նաև [ՀՀ քաղաքացիական դատավարության] օրենսգրքի որևէ այլ դրույթով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանված լինելու ընդհանուր կանոնից որևէ շեղում նախատեսված չէ»:
Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրական դատարանը ՍԴՈ-1628 որոշմամբ ևս ուղղակիորեն փաստել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է դատական ակտերը պատճառաբանելու պահանջ և միաժամանակ արձանագրել, որ այդ պահանջն օրենքը կիրառելի է համարում նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների դեպքում: Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրական դատարանն ըստ էության գնահատական է տվել կոնկրետ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտը պատճառաբանելու օրենսդրական պահանջը պահպանելու հարցին, որը չի բխում Սահմանադրությամբ ամրագրված` Սահմանադրական դատարանի լիազորություններից:
i
Ավելին, ՍԴՈ-1628 որոշմամբ Սահմանադրական դատարանի կողմից բացառապես նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափությանն անդրադառնալու հանգամանքի մասին է վկայում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներին Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը:
i
Այսպես` Սահմանադրական դատարանը որոշման եզրափակիչ մասում նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը` դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը»:
i
Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածում բացահայտվում է դատական ակտի պատճառաբանվածության բովանդակությունը: Մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը» վերտառությամբ 397-րդ հոդվածի ուսումնասիրությունից հետևում է, որ այն նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատճառաբանվածության պահանջից որևէ բացառություն չի նախատեսում: Սակայն նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի նույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է, որ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրն ամրագրել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանված լինելու պահանջ, որպիսի օրենսդրական կարգավորման առկայությունը ՍԴՈ-1628 որոշմամբ փաստել է նաև Սահմանադրական դատարանը: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ գործող իրավակարգավորումների համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանումը ենթադրում է, որ Վճռաբեկ դատարանը, իր որոշման մեջ վկայակոչելով համապատասխան օրենքներն ու այլ իրավական ակտերը, պետք է նշի իր հետևությունների հիմքում ընկած հիմնավորումները:
i
Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներին Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը դիտարկելով վերը վկայակոչված իրավական նորմերի լույսի ներքո` կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իր որոշման եզրափակիչ մասում ըստ էության վերարտադրել է այն, ինչն արդեն իսկ օրենքով ուղղակիորեն ամրագրված է: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածը, որին հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմանը վերաբերող 397-րդ հոդվածի 2-րդ մասը, արդեն իսկ դատարանին պարտավորեցնում է դատական ակտում նշել այն հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:
i
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը ոչ թե մեկնաբանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները, այլ ընդամենը վերարտադրել է հենց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում արդեն իսկ ամրագրված կանոնը: Նշվածը ևս վկայությունն է այն իրողության, որ Սահմանադրական դատարանն ըստ էության ստուգել է ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականությունը, այլ Վճռաբեկ դատարանի որոշման համապատասխանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին:
Ընդ որում, հարկ եմ համարում նաև ընդգծել, որ դատական ակտի պատճառաբանվածության գնահատումը սուբյեկտիվ ընկալման տիրույթում է: Որևէ անձի կամ մարմնի կողմից պատճառաբանված համարվող դատական ակտը մեկ այլ անձի կամ մարմնի կողմից կարող է որակվել ոչ բավարար չափով պատճառաբանված կամ որևէ կերպ չպատճառաբանված: Ուստի նշված տիրույթում դատողություններ կատարելով, որպիսի պարագայում գնահատական տալով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության աստիճանին` Սահմանադրական դատարանը դուրս է գալիս իր առաքելության դաշտից:
i
3. Միաժամանակ ընդունելի չեմ համարում սույն գործի շրջանակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները Սահմանադրական դատարանի կողմից մեկնաբանելն ընդհանրապես: Հարկ եմ համարում ընդգծել, որ նշված դրույթները ներառված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հիմնական դրույթներ» վերտառությամբ գլխում և որպես հիմնական դրույթ ամրագրում են դատական ակտի պատճառաբանվածության պահանջը (6-րդ հոդված) և բացահայտում դրա բովանդակությունը (9-րդ հոդված): Օրենսդիրը նշված պահանջը մանրամասնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` առանձին դատական ակտերին վերաբերող դրույթներում, տվյալ դեպքում` 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում` փոխկապակցված 397-րդ հոդվածի 2-րդ մասի հետ:
i
Մինչդեռ Սահմանադրական դատարանը 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴԱՈ-18 աշխատակարգային որոշմամբ կարճել է սույն գործի վարույթը նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի մասով` Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը ենթադրաբար չպատճառաբանելու վերաբերյալ դիմողի բարձրացրած խնդիրը համարելով նշված դրույթի կարգավորման առարկայից դուրս և արձանագրելով, որ այն ենթակա է քննության ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 6-րդ և 9-րդ հոդվածների սահմանադրականության ստուգման շրջանակում:
i
Նախ` կարծում եմ, որ պարզ չէ, թե ինչպես է Սահմանադրական դատարանը եկել այն եզրահանգման, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության հարցը դուրս է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի կարգավորման առարկայից այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասն է սահմանում (հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածին), թե ինչ պահանջների պետք է համապատասխանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը: Իմ գնահատմամբ` քննարկվող որոշումների պատճառաբանվածության հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով, ուստի տվյալ դեպքում ներկայացված դիմումի հիման վրա գործի ըստ էության քննության դեպքում անընդունելի եմ համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներից նույն օրենսգրքի 397-րդ հոդվածի առանձնացումը և այդ մասով սույն գործի վարույթի կարճումը Սահմանադրական դատարանի նշած պատճառաբանություններով առ այն, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության հարցը դուրս է նշված դրույթի կարգավորման առարկայից:
i
Ավելին, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ և 397-րդ հոդվածների կարգավորման առարկաները` գտնում եմ, որ նույնիսկ եթե Սահմանադրական դատարանը դիմողի կողմից բարձրացված խնդրի շրջանակում անհրաժեշտ էր համարում մեկնաբանել համապատասխան դրույթը, ապա դա կարող էր լինել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ոչ թե 6-րդ կամ 9-րդ հոդվածը, այլ` հենց նույն օրենսգրքի 397-րդ հոդվածը: Վերոգրյալ եզրահանգումը բխում է այն հանգամանքից, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների, որոնք վերաբերում են քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի շրջանակում կայացվող ցանկացած դատական ակտի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում), նույն օրենսգրքի 397-րդ հոդվածը վերաբերում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմանը ներկայացվող պահանջներին, որոնց թվին է դասվում դրա պատճառաբանվածության պահանջը: Կարծում եմ, որ նման պայմաններում սույն որոշմամբ Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը կարող էր վերաբերել(3) ոչ թե ընդհանուր, այլ հատուկ նորմին, տվյալ դեպքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասին:
___________________________________
i
3) Սույն գործի ըստ էության քննության իրավական հնարավորության հարցին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածներին տրված մեկնաբանությանը բովանդակային առումով արդեն իսկ անդրադարձ կատարվել է սույն հատուկ կարծիքի 1-ին և 2-րդ կետերում:
i
4. Ամփոփելով սույն հատուկ կարծիքում ներկայացված դիրքորոշումները` կարծում եմ, որ սույն գործի վարույթը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ինչպես 6-րդ և 9-րդ հոդվածների, այնպես էլ 397-րդ հոդվածի մասով, անհրաժեշտ էր կարճել` դիմումում առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Մինչդեռ Սահմանադրական դատարանը, ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների մասով քննելով սույն գործը, ըստ էության անդրադարձել է վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարցին` գնահատական տալով Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման` ընդհանրապես որևէ պատճառաբանություն ունենալու կամ չունենալու հարցին, արդյունքում և քննարկելով Վճռաբեկ դատարանի գործողության իրավաչափությունը, որպիսի իրավասություն Սահմանադրական դատարանին տրված չէ:
Սույն դիրքորոշման հիմքում ընկած են նաև այն բազմաթիվ դեպքերը, երբ Սահմանադրական դատարանի առջև բարձրացվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումների պատճառաբանվածության հարց, սակայն Սահմանադրական դատարանում այն ըստ էության չի քննվել` Վճռաբեկ դատարանի որոշման իրավաչափության, դրանով օրենքի պահանջները պահպանված լինելու հարց բարձրացված լինելու հիմնավորմամբ(4): Հատկանշական է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանվածության հարցը որոշ գործերով բարձրացվել է հենց ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համատեքստում, սակայն այն ևս Սահմանադրական դատարանում ըստ էության քննության առարկա չեն դարձել(5):
___________________________________
i
4) Տե՛ս, օրինակ, ի թիվս այլնի, Սահմանադրական դատարանի 21.07.2009 թվականի ՍԴՈ-817, 28.07.2009 թվականի ՍԴՈ-818 որոշումները, Սահմանադրական դատարանի դատական կազմի 10.12.2013 թվականի ՍԴԴԿՈ/1-31, 17.05.2019 թվականի ՍԴԴԿՈ-23, 29.05.2019 թվականի ՍԴԴԿՈ-26 որոշումները:
5) Տե՛ս, օրինակ, Սահմանադրական դատարանի դատական կազմի 10.02.2020 թվականի ՍԴԴԿՈ-6, 06.08.2021 թվականի ՍԴԴԿՈ-50, 25.08.2021 թվականի ՍԴԴԿՈ-54 որոշումները:
ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
10 փետրվարի 2022 թ.
________________________________
Սույն որոշման հատուկ կարծիքի պաշտոնական հրապարակման օրը ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am) նշված չէ, մինչդեռ բուն որոշումը հրապարկվել է փետրվարի 4-ին, իսկ Միասնական կայքում հատուկ կարծիքի պաշտոնական հրապարակման օրը նշված է փետրվարի 14-ին: