04.01.2024 -
(Օրենքը խմբ. 07.12.22 ՀՕ-522-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից "25" մայիսի 1994թ. Հ.Ն-1058-I
Օրինագիծը ՀՀ նախագահի առարկություններով
ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից "11" հոկտեմբերի 1994թ. Հ.Ն-1109-I
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Մթնոլորտային օդը շրջակա բնական միջավայրի կենսականորեն կարևոր հիմնական տարրերից է:
Ելնելով ներկա և ապագա սերունդների շահերից` Հայաստանի Հանրապետությունը կիրառում է գիտականորեն հիմնավորված միջոցառումներ, որոնց նպատակն է կանխել և վերացնել մթնոլորտային օդի աղտոտումը, դրա վրա վնասակար ներգործությունները, ինչպես նաև իրականացնել միջազգային համագործակցություն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում:
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է`
1) մթնոլորտային օդի պահպանության իրավական և կազմակերպական հիմքերը` ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը.
2) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով` մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունները:
Հոդված 2. |
Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը |
1. Մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
Հոդված 3. |
Օրենքի նպատակներն ու խնդիրները |
1. Սույն օրենքի նպատակներն են`
1) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովումը այն աղտոտումից (բնական և տեխնածին) պաշտպանելու միջոցով.
2) մթնոլորտի օզոնային շերտի քայքայման, ինչպես նաև եղանակի և կլիմայի, մարդու առողջության, բուսական ու կենդանական աշխարհի վրա բացասաբար ազդող ներգործությունների կանխարգելումը:
2. Սույն օրենքի խնդիրներն են`
1) մարդու առողջության և շրջակա միջավայրի համար բարենպաստ մթնոլորտային օդի որակի ապահովման նպատակով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում հասարակական հարաբերությունների կանոնակարգումը.
2) մթնոլորտային օդի վրա վնասակար քիմիական, կենսաբանական և այլ ներգործությունների կանխումը և նվազեցումը.
3) շրջակա միջավայրի վրա մթնոլորտային օդի աղտոտվածության անդառնալի հետևանքների բացառումը.
4) մթնոլորտային օդի աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվության լիարժեքության և հասանելիության ապահովումը:
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) մթնոլորտ` երկիր մոլորակը շրջապատող գազային թաղանթ, որի ստորին սահմանը շփվում է երկրի ջրային և ցամաքային մակերեսի հետ, տարածվում է մինչև մերձերկրային տիեզերական տարածություն և պտտվում երկրի հետ որպես ամբողջություն.
2) մթնոլորտային օդ` բնական միջավայրի կենսականորեն կարևոր բաղադրամաս, որը մթնոլորտը կազմող գազերի բնական խառնուրդ է և գտնվում է շենքերից ու շինություններից դուրս.
3) մթնոլորտային օդի պահպանություն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) կողմից մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունը կանխելու, վերացնելու կամ նվազեցնելու նպատակով իրականացվող միջոցառումների համակարգ.
4) վնասակար ներգործություն` մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումներ.
5) աղտոտող (վնասակար) նյութ` քիմիական կամ կենսաբանական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որն առկա է մթնոլորտային օդում և որոշակի կոնցենտրացիաների դեպքում վնասակար ազդեցություն է ունենում մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.
6) մթնոլորտային օդի աղտոտում` աղտոտող (վնասակար) նյութերի թափանցումը մթնոլորտային օդ կամ այնտեղ դրանց առաջացումն այնպիսի կոնցենտրացիաներով, որոնք գերազանցում են մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները.
7) մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտում` այլ պետությունների տարածքում գտնվող աղտոտման աղբյուրներից աղտոտող (վնասակար) նյութերի տեղափոխման հետևանքով մթնոլորտային օդի աղտոտում.
8) օդերևութաբանական անբարենպաստ պայմաններ` օդերևութաբանական պայմաններ, որոնք նպաստում են աղտոտող (վնասակար) նյութերի կուտակմանը մթնոլորտային օդի գետնամերձ շերտում.
9) արտանետման աղբյուր` տեխնոլոգիական սարքավորում կամ օբյեկտ, որից աշխատանքի ընթացքում աղտոտող (վնասակար) նյութն արտանետվում (թափանցում) է մթնոլորտային օդ.
10) արտանետման անշարժ աղբյուր` որոշակի տարածքում ամրակայված անփոփոխ տարածական դիրքով արտանետման աղբյուր.
11) արտանետման շարժական աղբյուր` տարածական տեղադիրքը փոփոխող` շարժման մեջ գտնվելու ընթացքում կամ կանգնած ժամանակ արտանետում կատարող աղբյուր (այդ թվում` տրանսպորտային միջոց).
12) տնտեսական օբյեկտ` սույն օրենքի իմաստով` արտանետման անշարժ աղբյուր ունեցող տնտեսական գործունեություն իրականացնող օբյեկտ.
13) մթնոլորտային օդի մոնիտորինգ` մթնոլորտային օդի վիճակի, նրանում կատարվող բնական երևույթների, աղտոտման և ֆիզիկական ներգործությունների դիտարկման համակարգ, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի և աղտոտման գնահատման գործընթաց.
14) կոնցենտրացիա` ֆիզիկական մեծություն, որը բնութագրվում է տվյալ նյութի քանակական հարաբերությամբ այն ծավալին, որում դա առկա է.
15) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա` սույն օրենքի իմաստով` մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութի այն առավելագույն պարունակությունը, որը չգերազանցելու դեպքում այդ նյութը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգործելիս բացասական ազդեցություն չի գործում մարդու առողջության և բնական ու մարդածին շրջակա միջավայրի վրա.
16) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութի սահմանային թույլատրելի արտանետման նորմատիվ` յուրաքանչյուր աղտոտման անշարժ աղբյուրի համար սահմանված արտանետման առավելագույն չափաքանակ, որի դեպքում արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման հետևանքով (ցրման անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ չի գերազանցում տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
17) շահագործվող տրանսպորտային միջոցների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակներ` տրանսպորտային միջոցներից արտանետվող գազերում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության նորմեր.
18) արտանետման չափաքանակ` սույն օրենքի իմաստով` աղտոտման անշարժ աղբյուրի համար փաստացի արտանետումների չափով սահմանված քանակ.
19) արտանետման թույլտվություն` սույն օրենքի իմաստով` աղտոտող անշարժ աղբյուրի համար սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծի հիման վրա սահմանված որոշակի քանակի արտանետման իրավունքի տրամադրում.
20) լավագույն հասանելի տեխնոլոգիա` գիտատեխնիկական ժամանակակից նվաճումների վրա հիմնված արտադրական տեխնոլոգիական լուծումներ, գործընթացներ և ռեժիմներ, որոնք հաստատել են իրենց գործնական կիրառելիությունը, և որոնց կիրառումը նպաստում է բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, կանխարգելում է, իսկ երբ դա հնարավոր չէ` նվազեցնում է շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունը.
21) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն` մթնոլորտում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ.
22) մաքուր օդ` օդ, որը չի պարունակում կոշտ, հեղուկ կամ գազային նյութեր կամ գազային խառնուրդներ, որոնք փոխում են նրա բնական կազմը.
23) օդի պահանջվող օգտագործում (այսուհետ` ՕՊՕ)` մաքուր օդի այն ծավալը, որն անհրաժեշտ է աղտոտող (վնասակար) նյութի արտանետումը մինչև սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մակարդակը նոսրացնելու համար.
24) աղտոտման աղբյուրների խումբ` որոշակի տարածքում տեղաբաշխված մեկից ավելի անշարժ աղբյուրներ, որոնցից աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների վերադրման հետևանքով մթնոլորտի գետնամերձ շերտում ձևավորվում է միասնական աղտոտում.
25) աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղտոտման աղբյուր կամ աղբյուրների խումբ` աղբյուր, որի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում գերազանցում է երկու տրիլիոն (2x1012) խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու միլիոն խորանարդ մետր չափանիշը.
26) աղտոտող (վնասակար) նյութի արտանետումների տեխնիկական նորմատիվներ` լավագույն հասանելի տեխնոլոգիաների կիրառմամբ անշարժ և շարժական աղբյուրների, տեխնոլոգիական պրոցեսների և սարքավորումների համար սահմանված արտանետման չափաքանակ, որն անշարժ աղբյուրների համար հաշվարկված է միավոր արտադրանքի, իսկ շարժական աղբյուրների համար` տրանսպորտային միջոցի մեկ կիլոմետր վազքի կամ շարժիչի հզորության կամ փաստացի ծախսված վառելիքի հիման վրա.
27) աղտոտվածության մակարդակ` մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության բացարձակ կամ հարաբերական մեծություն.
28) աղտոտվածության կրիտիկական մակարդակ` մթնոլորտային օդում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակության մակարդակ, որը գերազանցելու դեպքում անմիջական վնասակար ներգործության կենթարկվեն մարդիկ, բույսերը և էկոհամակարգերը.
29) կրիտիկական բեռնվածություն` մեկ կամ մի քանի աղտոտիչների ազդեցության քանակական գնահատման շեմ, որից ցածր արժեքների դեպքում շրջակա միջավայրի զգայուն կոնկրետ տարրերի համար չեն առաջանա վնասակար հետևանքներ.
30) ֆոնային կոնցենտրացիա` սույն օրենքի իմաստով` մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութի պարունակությունը/կոնցենտրացիան (մգ/մ3), որը ձևավորվում է տվյալ վայրում այդ նյութը արտանետող բոլոր աղբյուրներից, բացառությամբ դիտարկվողի.
31) ջերմոցային գազեր` մթնոլորտի ինչպես բնական, այնպես էլ արհեստական ծագում ունեցող գազային բաղադրիչներ, որոնք կլանում և վերարտացոլում են ինֆրակարմիր ճառագայթումը.
32) արտադրական հսկողություն (ինքնահսկում)` չափագրման և հաշվարկային մեթոդների հիման վրա դիտարկումներով իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից արտադրական պրոցեսի վիճակի, այդ թվում` հումքի օգտագործման, դրա ընթացքում առաջացած աղտոտող (վնասակար) նյութերի որակի ու քանակի, օգտագործվող բնական պաշարների որակի ու քանակի և բնապահպանական օրենսդրության պահանջներին շրջակա միջավայրի վիճակի համապատասխանության գնահատման գործընթաց.
33) գոտի` սույն օրենքի իմաստով` տարածք, որն առանձնացվել է օդի որակի գնահատման և կառավարման նպատակով.
34) ագլոմերացիա` սույն օրենքի իմաստով` տարածք, որը ներառում է մի քանի հարակից բնակավայրեր, որտեղ մեծ թվով արդյունաբերական ձեռնարկություններ են տեղակայված, և միահյուսված են տնտեսական, բնապահպանական, սոցիալական և այլ շահեր.
35) լիազոր մարմին` «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով շրջակա միջավայրի պահպանության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին.
36) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ` իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտն աղտոտող աղբյուրների և դրանցից արտանետվող աղտոտող (վնասակար) նյութերի որակական և քանակական բնութագրերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ:
37) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատում` իրավաբանական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կողմից մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման հետևանքով մարդկանց առողջությանը, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի այլ օբյեկտներին պատճառված բացասական ներգործության արժեքային գնահատում, որն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
(4-րդ հոդվածը փոփ. 11.12.23 ՀՕ-396-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 2
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 5. |
Կառավարության լիազորությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում |
1. Մթնոլորտային օդի ահպանության բնագավառում Կառավարության լիազորություններն են`
1) մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ռազմավարական փաստաթղթերի, հայեցակարգերի, համալիր միջոցառումների ծրագրի հաստատումը.
2) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների սահմանումը և վերանայումը.
2.1) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի հաստատումը.
3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի հաստատումը.
4) մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգի հաստատումը.
5) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի հաստատումը.
6) տնտեսական օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվների հաստատումը.
7) մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգի և մոնիտորինգի ցուցանիշների հաստատումը.
8) մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգի հաստատումը.
9) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման կարգի հաստատումը.
10) մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգի հաստատումը.
11) Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող շարժական աղբյուրների արտանետումների սահմանային թույլատրելի մակարդակների հաստատումը.
12) մթնոլորտ արտանետումների կազմի նորմերի և հսկման մեթոդների հաստատումը.
13) վթարային իրադրության հետևանքով և այլ պատճառներով գերնորմատիվային աղտոտվածություն առաջացնող պատճառները և հետևանքները վերացնելու կարգի հաստատումը.
14) մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգի հաստատումը.
15) գոտիների և ագլոմերացիաների դասակարգումը.
16) օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(5-րդ հոդվածը փոփ. 11.12.23 ՀՕ-396-Ն օրենք)
Հոդված 6. |
Լիազոր մարմնի լիազորությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում |
1. Մթնոլորտային պահպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են`
1) մթնոլորտային պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակումը.
2) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների մշակումը.
2.1) մթնոլորտային օդի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգի մշակումը.
3) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգի մշակումը.
4) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրումը կամ մերժումը.
5) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց տրամադրված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությունների ուժը կորցրած ճանաչելը.
6) սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման ժամանակ կիրառվող համակարգչային ծրագրերի հաստատումը.
7) մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգի մշակումը.
8) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման կարգի և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգի մշակումը.
9) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառումը և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը,
10) մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող պետական հաշվառման ենթակա գործող կազմակերպությունների ցանկի մշակումը և հաստատումը.
11) «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված աղտոտող (վնասակար) նյութերի մասին» ձև N2-ՏԱ (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևի և «Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված աղտոտող (վնասակար) նյութերի մասին» ձև N2-ՏԱ (օդ) (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի հաստատումը.
12) մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի կազմակերպումը և իրականացումը.
13) մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանքների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգի մշակումը.
14) օբյեկտների, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցի որոշումը.
15) արտանետման աղբյուր հանդիսացող տնտեսական օբյեկտների կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվների մշակումը.
16) գոտիների և ագլոմերացիաների դասակարգման կարգի մշակումը.
17) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման կարգի մշակումը.
18) մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու կարգի մշակումը.
19) վթարային իրադրության հետևանքով և այլ պատճառներով գերնորմատիվային աղտոտվածություն առաջացնող պատճառները և հետևանքները վերացնելու կարգի մշակումը.
20) մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգի մշակումը.
21) միջազգային համագործակցության իրականացումը.
22) օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(6-րդ հոդվածը փոփ. 11.12.23 ՀՕ-396-Ն օրենք)
Հոդված 7. |
Տարածքային կառավարման մարմինների լիազորությունները մթնոլորտային օդի պահպանության բնագավառում |
1. Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`
1) մարզերում մթնոլորտային պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացման ապահովումը.
2) մարզերի բնապահպանական ծրագրերի կազմում մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների մշակումը և իրականացման ապահովումը.
3) մարզերի ազդակիր համայնքներում մթնոլորտային օդի պահպանության բնագավառում միջհամայնքային համագործակցության կազմակերպումը.
4) մթնոլորտ արտանետումների ցրման համար օդերևութաբանական անբարենպաստ պայմանների դեպքում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին ուղղված սպառնալիքների վերացման միջոցառումների իրականացումը.
5) մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացման համակարգումը մարզերում.
6) մարզերի բնակչությանը մթնոլորտային օդի վիճակի և աղտոտվածության մասին տեղեկատվության տրամադրումը.
7) օրենքով սահմանված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 3
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
Հոդված 8. |
Մթնոլորտային օդի որակի նորմատիվները |
1. Մարդկանց, բույսերի և կենդանիների, բնության հատուկ պահպանվող տարածքների և օբյեկտների վրա քիմիական և կենսաբանական ազդեցության գործոնների անվտանգության կամ անվնասության չափանիշների որոշման, ինչպես նաև մթնոլորտային օդի վիճակի գնահատման նպատակով սահմանվում են մթնոլորտային օդի որակի սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվներ:
2. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվներն են մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակը, մթնոլորտային օդի կրիտիկական բեռնվածությունը:
3. Մթնոլորտային օդի որակի գնահատման նորմատիվները միասնական են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար: Առանձին տարածքների (առողջարանների կամ հատուկ պահպանվող կամ զբոսաշրջային տարածքների) համար սահմանվում են առավել խիստ նորմատիվներ:
4. Մթնոլորտային օդի որակի գնահատումն իրականացվում է աղտոտվածության չափման, ստանդարտացված չափման կամ մոդելավորման մեթոդներով, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանքների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշներով:
ԳԼՈՒԽ 4
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Հոդված 9. |
Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանումը և կարգավորումը |
1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական կարգավորման նպատակով սահմանվում են`
1) աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ.
2) աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվներ:
2. Աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակները սահմանվում են`
1) պետական հաշվառման ենթակա իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար: Պետական հաշվառման ենթակա են այն իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, որոնց գործունեության հետևանքով առաջացող աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների առավելագույն նախագծային ցուցանիշների հիման վրա հաշվարկված ՕՊՕ-ն տարեկան կտրվածքով գերազանցում է երկու հարյուր միլիոն խորանարդ մետր չափանիշը.
2) այն իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց ՕՊՕ-ն մեկ տարում կազմում է երկու հարյուր միլիոնից մինչև երկու միլիարդ խորանարդ մետր, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներ են դրանց գործունեության հետևանքով առաջացած փաստացի արտանետումները` արտանետման չափաքանակները.
3) այն իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց ՕՊՕ-ն մեկ տարում գերազանցում է երկու միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վայրկյանում գերազանցում է երկու հազար խորանարդ մետր չափանիշը, սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները որոշվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի հիման վրա: Այդպիսի իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմինը տալիս է արտանետման թույլտվություններ: Արտանետման թույլտվություններով սահմանվում են սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները և դրանց ապահովման պայմանները.
4) աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուր կամ աղբյուրների խումբ ունեցող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց համար, որոնց արտանետման թույլտվությունները սահմանվում են տեխնիկական նորմատիվներին համահունչ և դրանց հասնելուն ուղղված հստակ միջոցառումների ծրագրով ու ժամանակացույցով: Այդպիսի իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` Կառավարության սահմանած կարգով լիազոր մարմինը տալիս է արտանետման թույլտվություններ:
3. Օրենքով սահմանված արտանետման թույլտվությունների բացակայության դեպքում արտանետումներ առաջացնող իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեությունը կամ գործողությունը կասեցնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Գործունեության կամ գործողության կասեցման կարգը նախատեսված է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով:
4. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են այնպես, որ արտանետված աղտոտող (վնասակար) նյութի ցրման հետևանքով (ցրման անբարենպաստ օդերևութաբանական պայմաններում) առաջացած գետնամերձ կոնցենտրացիան տվյալ տարածքում տվյալ նյութի ֆոնային կոնցենտրացիայի հետ չգերազանցի տվյալ նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
5. Աղտոտող (վնասակար) արտանետումների տեխնիկական նորմատիվները սահմանվում են աղտոտման բարձր պոտենցիալ ունեցող աղբյուրի կամ աղբյուրների խմբի համար, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող աղբյուր հանդիսացող տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների, սարքավորումների համար:
Հոդված 10. |
Սահմանային թույլատրելի արտանետումների նախագծերի հիման վրա տրամադրված անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելը |
1. Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը լիազոր մարմին արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում, եթե անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետման թույլտվությամբ սահմանված սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների գերազանցման դեպքում իրավաբանական կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է վարչական պատասխանատվության և վարչական տույժ նշանակվելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել է նույն խախտումը: Լիազոր մարմինը միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում արտանետման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
2. Արտանետման թույլտվության ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազոր մարմնի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11. |
Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված պահանջները կազմակերպությունների, շենքերի և շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և շահագործման ընթացքում |
1. Նոր, վերակառուցվող և ընդլայնվող աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների, շենքերի և շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, դրանց օգտահանումը կամ վնասազերծումը` ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող և ապագայում կառուցվող օբյեկտների արտանետումները չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցման:
2. Շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ կատարող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են`
1) ցանկապատել շինարարական հրապարակները, շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով.
2) շինարարական հրապարակից դուրս եկող տրանսպորտային միջոցների անվադողերը լվանալ.
3) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով.
4) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս.
5) հղկման աշխատանքներ կատարելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ.
6) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով.
7) շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով:
3. Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:
4. Արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում:
5. Բնակելի տարածքներում մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր կազմակերպությունների տեղի ընտրության, գործող կազմակերպությունների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիներ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների կառուցման նախագծերում պետք է նախատեսվեն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների նվազեցմանը և վնասազերծմանն ուղղված միջոցառումներ:
7. Նոր կամ վերակառուցված տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների գործարկման ընթացքում աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումները չպետք է գերազանցեն դրանց համար սահմանված տեխնիկական և սահմանային թույլատրելի նորմատիվները:
8. Արգելվում են մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցների և այլ օբյեկտների կառուցումը և շահագործումը:
9. Արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների: Սույն մասում նշված հետևանքների հավանականությունը հաստատվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությամբ` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. |
Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կարգավորումը տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների արտադրության կամ շահագործման ընթացքում |
1. Արգելվում են տրանսպորտային և այլ փոխադրամիջոցների արտադրությունն ու շահագործումը, եթե դրանց արտանետումներում աղտոտող (վնասակար) նյութերի պարունակությունը գերազանցում է սահմանված չափաքանակները:
2. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցները, որոնց արտանետումները վնասակար ազդեցություն ունեն մթնոլորտային օդի վրա, ենթակա են պարբերական ստուգման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 13. |
Մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտվածությունը |
1. Կառավարությունն ապահովում է մթնոլորտային օդի անդրսահմանային աղտոտումը կանխարգելող, ինչպես նաև միջազգային պայմանագրերով սահմանված` մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված այլ միջոցառումների իրականացումը:
Հոդված 14. |
Միջոցառումների իրականացում կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում կամ մթնոլորտային օդի այնպիսի վիճակի դեպքում, որը սպառնում է մարդկանց առողջությանն ու կյանքին |
1. Կանխատեսվող օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում, երբ մթնոլորտային օդում սպասվում է աղտոտող (վնասակար) նյութերի քանակի մեծացում, մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են արտանետումների նվազեցման միջոցառումներ:
2. Եթե օդերևութաբանական անբարենպաստ պայմաններում մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և մթնոլորտային օդի վիճակի վրա այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի և առողջության համար, ապա մթնոլորտային օդն աղտոտող օբյեկտներ ունեցող կազմակերպությունները և շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության և վերահսկողության ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են մարդու կյանքի ու առողջության սպառնալիքների վերացմանը նպատակաուղղված ազդարարման ու արձագանքման միջոցառումներ:
ԳԼՈՒԽ 5
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎՐԱ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ
Հոդված 15. |
Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործությունների և դրանց աղբյուրների պետական հաշվառումը և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումը |
1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք, ինչպես նաև մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների քանակները և բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են պետական հաշվառման` Կառավարության սահմանած կարգով:
2. Ջերմոցային գազերի արտանետումների քանակները և բաղադրությունը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում լիազոր մարմնի կողմից ենթակա են գույքագրման` Կառավարության սահմանած կարգով:
3. Հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը ամփոփվում, վերլուծվում և արխիվացվում է Կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 6
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ և ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 16. |
Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգը |
1. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգը շրջակա միջավայրի պետական մոնիտորինգի բաղկացուցիչ մասն է:
2. Մթնոլորտային օդի աղտոտման հսկման, համապարփակ գնահատման և մթնոլորտային օդի վիճակի փոփոխության կանխատեսման նպատակով կազմակերպվում և իրականացվում է մթնոլորտային օդի պետական մոնիտորինգ:
3. Մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի տվյալները սահմանված կարգով տրամադրվում են շահագրգիռ մարմիններին, ինչպես նաև հանրությանը հասանելի դարձնելու նպատակով աղտոտման վերաբերյալ ընթացիկ և հրատապ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով:
Հոդված 17. |
Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունը |
1. Մթնոլորտային օդի պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են`
1) մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետման սահմանված չափաքանակների և պայմանների պահպանումը.
2) մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ստանդարտների, նորմատիվների, կանոնների և այլ պահանջների, ինչպես նաև մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության պահանջների պահպանումը.
3) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված` մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարման ապահովումը:
2. Մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
3. Հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման (այդ թվում` տեղադրման) նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
(17-րդ հոդվածը փոփ. 11.12.23 ՀՕ-396-Ն օրենք)
Հոդված 18. |
Մաքրման կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը |
1. Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող (վնասակար) նյութերից մաքրող կառույցների, սարքավորումների և սարքերի նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:
Հոդված 19. |
Մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողությունը |
1. Մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողություն` օրենքով սահմանված կարգով:
2. Մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր և տեղական ինքնակառավարման մարմիններ` Կառավարության սահմանած կարգով:
ԳԼՈՒԽ 7
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ), ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 20. |
Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների իրավունքները |
1. Ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող), իրավաբանական անձինք և հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն`
1) տեղեկատվություն ստանալու մթնոլորտային օդի վիճակի, ինչպես նաև մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրների մասին.
2) մասնակցելու մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև ֆինանսավորելու դրանք.
3) մասնակցելու մթնոլորտային օդի որակի վրա վնասակար ազդեցություն ունեցող` նախատեսվող տնտեսական կամ այլ գործունեության վերաբերյալ տարբեր մակարդակների քննարկումների.
4) քննարկելու մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված ծրագրերը և առաջարկություններ ներկայացնելու դրանց բարելավման համար:
2. Հասարակական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և իրենց կանոնադրություններին համապատասխան` իրավունք ունեն մասնակցելու մթնոլորտային օդի պահպանության միջոցառումների իրականացմանը:
Հոդված 21. |
Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի և ջերմոցային գազերի անշարժ և շարժական աղբյուրներ ունեցող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձանց պարտականությունները |
1. Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութեր և ջերմոցային գազեր արտանետող անշարժ աղբյուրներ ունեցող իրավաբանական անձինք և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք պարտավոր են`
1) ապահովել մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվառումը, ինչպես նաև սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակումը.
2) լիազոր մարմնին տրամադրել տեղեկատվություն ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման համար.
3) իրականացնել գործունեություն` սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերին համապատասխան, որոնց համար տրվել է արտանետման թույլտվություն.
4) հետևողականորեն բարելավել տեխնոլոգիական պրոցեսները` ներդնելով լավագույն հասանելի տեխնոլոգիաներ.
5) իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումը, ինչպես նաև այդ արտանետումների կրճատմանը կամ բացառմանն ուղղված միջոցառումներ.
6) իրականացնել վթարային արտանետումների կանխմանը, ինչպես նաև վթարի պատճառով առաջացած աղտոտման վերացմանն ուղղված միջոցառումներ.
7) իրականացնել աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների հաշվառումը, ինչպես նաև աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների սահմանված չափաքանակների արտադրական հսկողությունը.
8) հետևել սարքերի, մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների մաքրման և հսկման համար նախատեսված սարքավորումների շահագործման կանոններին.
9) ապահովել տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների տարածքներից մթնոլորտային օդն աղտոտող թափոնների ժամանակին և անվտանգ հեռացումը` դրանց պահեստավորման կամ թաղման համար նախատեսված կամ որպես հումք օգտագործելու համար համապատասխան վայրեր.
10) իրականացնել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումը վերացնելու նպատակով մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի հրահանգները.
11) անհապաղ տեղեկացնել մարդկանց կյանքին կամ առողջությանն սպառնացող կամ նման ներուժ ունեցող մթնոլորտային օդի աղտոտում առաջացնող վթարային արտանետումների մասին մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:
12) հատուցել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով սահմանված կարգով գնահատված վնասը:
2. Տրանսպորտային և այլ փոխադրամիջոցներ շահագործող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել այդ միջոցների համար սահմանված արտանետումների տեխնիկական նորմատիվները` օրենսդրությամբ սահմանված կարգով:
(21-րդ հոդվածը փոփ. 11.12.23 ՀՕ-396-Ն օրենք)
Հոդված 22. |
Մթնոլորտային օդի պահպանությանը ներկայացվող պահանջները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման դեպքում պատասխանատվությունը |
1. Մթնոլորտային օդի պահպանության կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը հատուցելը չի բացառում իրավախախտում թույլ տված անձին վարչական կամ այլ պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:
ԳԼՈՒԽ 8
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 23. |
Մթնոլորտային օդի պահպանության վիճակի հաշվառումը քաղաքների և այլ բնակավայրերի տեղաբաշխումն ու զարգացումը ծրագրելիս |
1. Քաղաքների և այլ բնակավայրերի տեղաբաշխման ու զարգացման ծրագրերում պետք է հաշվի առնվեն մթնոլորտային օդի վիճակը, դրա փոփոխության կանխատեսումը և վնասակար ներգործություններից մթնոլորտային օդի պահպանությունը:
ԳԼՈՒԽ 9
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԻՍ
Հոդված 24. |
Մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումը բույսերի պաշտպանության միջոցներ և այլ պատրաստուկներ կիրառելիս |
1. Տնտեսության մեջ կիրառման համար թույլատրվող բույսերի պաշտպանության միջոցների, դրանց աճի խթանիչների, հանքային պարարտանյութերի և մյուս պատրաստուկների ցանկը, ինչպես նաև դրանց կիրառման եղանակները պետք է համաձայնեցվեն համապատասխան ոլորտը կարգավորող լիազոր մարմինների հետ` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 25. |
Մթնոլորտային օդի պահպանությունը բույսերի պաշտպանության միջոցները փոխադրելու, պահելու և կիրառելու դեպքում |
1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու նպատակով ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք պարտավոր են պահպանել բույսերի պաշտպանության միջոցները, դրանց աճի խթանիչները, հանքային պարարտանյութերը և մյուս պատրաստուկները փոխադրելու, պահելու և կիրառելու ոլորտը կարգավորող լիազոր մարմինների սահմանած կանոնները:
ԳԼՈՒԽ 10
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՊԱՀՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 26. |
Մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումն օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցման աշխատանքների, արտադրության ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրման, պահման և պահեստավորման ժամանակ |
1. Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրումը, պահումը և պահեստավորումը պետք է իրականացվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմնի հետ համաձայնեցված` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 27. |
Բնակավայրերում արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրման, պահման և պահեստավորման արգելումը |
1. Արգելվում են բնակավայրերում արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների տեղադրումը, պահումը և պահեստավորումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ 11
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 28. |
Մթնոլորտային օդի պահպանության հարցերի վերաբերյալ վեճերի լուծման կարգը |
1. Մթնոլորտային օդի աղտոտման հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ 12
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29.
|
Միջազգային համագործակցությունը |
1. Պետությունը, միջազգային պայմանագրերով սահմանված սկզբունքներին համապատասխան, իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում միջազգային համագործակցություն:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան պարունակում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: