Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱ ...

 

18.07.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ


3 հուլիսի 2025 թվականի N 55-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3.4-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2025-2026 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:

 

 7/3/2025

Ժ. Անդրեասյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի
2025 թվականի հուլիսի 3-ի
N 55-Ն հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

 

1. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:

2. Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:

3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից` կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:

4. Առարկաների և դասաժամերի քանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

5. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները:

6. Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:

7. Դպրոցի սովորողների (այսուհետ` սովորող) գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով յուրաքանչյուր կիսամյակի վերջում կազմակերպվող տարբերակված ստուգարքներով, ինչպես նաև քննություններով, որի ժամանակացույցը ներկայացված է համապատասխան աղյուսակներում:

8. Տարբերակված ստուգարքների, քննությունների, ինչպես նաև վերաքննության և ավարտական քննությունների անցկացման համար Դպրոցի տնօրենի հրամանով հաստատվում է քննաշրջանի ժամանակացույցը և հանձնաժողովների կազմը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առնվազն ոլորտային երեք մասնագետ:

9. Քննությունը գնահատվում է գնահատման 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար` 3, 4, 5, լավ` 6, 7, 8 և գերազանց` 9, 10 միավորների դեպքում:

10. Փոխադրական քննությունը և տարբերակված ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, տվյալ առարկայի համար կազմակերպվում է վերաքննություն` նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ` օգոստոսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում: Սույն դրույթը չի վերաբերում «Համույթ», «Երգչախումբ», «Նվագախումբ», «Մարմնամարզություն» առարկաներին, որոնց ստուգարքը գնահատվում է «ստուգված»` նշված առարկաների հաճախումների առնվազն 75 տոկոսի դեպքում:

11. Վերաքննության, ինչպես նաև ավարտական քննությունների քննական հանձնաժողովի կազմը և ժամանակացույցը Դպրոցը համաձայնեցնում է Դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի (այսուհետ` Լիազոր մարմին) հետ` քննությունների անցկացումից առնվազն 10 օր առաջ:

12. Փոխադրական քննությունը կամ ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի, կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

13. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:

14. Դպրոցի և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ` սովորողի անհատական պարապմունքների անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել` Դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:

15. Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և Լիազոր մարմնի թույլտվության դեպքում:

16. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

17. Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը` Դպրոցի երկրորդ կամ երրորդ դասարաններում, Լիազոր մարմնի համաձայնությամբ, տվյալ դասարան փոխադրվելու համար նախատեսված ստուգարքներն ու քննությունները հանձնելու դեպքում:

18. Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում` համապատասխան Լիազոր մարմնի համաձայնությամբ:

19. Սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա սովորողին կարող է տրամադրվել երկարաժամկետ (ակադեմիական) արձակուրդ` մեկ տարի ժամկետով:

20. Դպրոցի ավարտական վկայական ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները, հաճախել են ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70%-ը: Սույն դրույթը չի վերաբերում 16-րդ կետի համաձայն դպրոց ընդունված շրջանավարտներին:

21. Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն: Դասավանդվող առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

22. Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

23. Լիազոր մարմնի որոշմամբ` Դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:

24. Օրինակելի ուսումնական պլանի աղյուսակներում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար, եթե «Լրացուցիչ պարզաբանումներ» բաժնում այլ բան նախատեսված չէ:

25. Օրինակելի ուսումնական պլանի «Լրացուցիչ պարզաբանումներ» մասում ներկայացված է տվյալ բաժնում ուսուցման կազմակերպման գործընթացի մանրամասն նկարագիրը:

 

Աղյուսակ 1

 

ԴԱՇՆԱՄՈՒՐ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII  
Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII
Երաժշտական գրականություն       1.5 1.5 1.5 1.5 VII
Երգչախումբ 1 1 1 1 2 2 2  
Ընտրովի   1 1 1 1 1 0.5  
Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8  

 

Աղյուսակ 2

 

ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

(Ջութակ, թավջութակ)

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII  
Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII
Երաժշտական գրականություն       1.5 1.5 1.5 1.5 VII
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 1 1 2 2 2  
Ընտրովի   1 1 1 1 1 0.5  
Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8  

 

Աղյուսակ 3

 

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(դասական, ժողովրդական, էստրադային)
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII  
Հիմնական առարկա 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 2 IV, VII
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII
Երաժշտական գրականություն       1.5 1.5 1.5 1.5 VII
երգչախումբ   1 1 1 2 2 2  
Ընտրովի 1 1 1 1 1 1 0.5  
Ընդամենը շաբաթական 4 5 5 6.5 7.5 8 8  

 

Աղյուսակ 4

 

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ
(դասական, ժողովրդական, էստրադային)
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V  
Հիմնական առարկա 1.5 1.5 1.5 2 2 III, V
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 2 III, V
Երաժշտական գրականություն   1.5 1.5 1.5 1.5 V
երգչախումբ   1 2 2 2  
Ընտրովի 1 1 1 1 0.5  
Ընդամենը շաբաթական 4 6.5 7.5 8 8  

 

Աղյուսակ 5

 

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII  
Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII
Երաժշտական գրականություն       1.5 1.5 1.5 1.5 VII
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 1 1 2 2 2  
Ընտրովի   1 1 1 1 1 0.5  
Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8  

 

Աղյուսակ 6

 

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԼՏ, ԿՈՆՏՐԱԲԱՍ, ՏՈՒԲԱ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V  
Հիմնական առարկա 2 2 2 2 2 III, V
Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 2 III, V
Երաժշտական գրականություն   1.5 1.5 1.5 1.5 V
Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 2 2 2  
Ընտրովի   1 1 1 0.5  
Ընդամենը շաբաթական 4.5 7 8 8 8  

 

2. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Երաժշտարվեստի բաժիններում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:

2. «Հիմնական առարկա» և «Ընտրովի» առարկաների ուսուցումը կազմակերպվում է անհատական, իսկ «Սոլֆեջո», «Երաժշտական գրականություն» և «Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ» առարկաների ուսուցումը` խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ «Ազգային նվագարաններ» բաժնի «Դհոլ» երաժշտական գործիքի «Հիմնական առարկա» դասաժամերի, որի 50%-ը հատկացվում է անհատական, 50%-ը` 3-6 սովորողից բաղկացած խմբային պարապմունքների համար:

3. «Երգեցողություն» բաժնի «Հիմնական առարկա» դասաժամի տևողությունը սահմանվում է 40 րոպե:

4. «Համույթ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 3-12, «Նվագախումբ»-ը` 13-25, իսկ «Երգչախումբ»-ը` 20-35 սովորողներից բաղկացած խմբային պարապմունքներով:

5. Ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից, ինչպես նաև «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքների առանձնահատկություններից` «Համույթ» առարկայի համար 12 և «Նվագախումբ» առարկայի համար 19 սովորողներից բաղկացած խմբի պարապմունքների համար կարող է սահմանվել մեկ միավոր համույթի և նվագախմբի ղեկավարների համար (նշված թվաքանակից ցածր կամ բարձր կազմերի դեպքում` համամասնորեն նվազեցնելով կամ ավելացնելով հատկացվող միավորը): Նույն հիմքով և սկզբունքով` 27 սովորողից բաղկացած երգչախմբի ղեկավարի և նվագակցողի համար սահմանել համապատասխանաբար 1 և 0.5-1 միավոր: Նշված գործընթացը կազմակերպվում է Լիազոր մարմնի համաձայնությամբ:

6. «Համույթ», «Նվագախումբ» կամ «Երգչախումբ» առարկայի բաշխումն ըստ սովորողների իրականացվում է Դպրոցի կողմից: «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքները 7-ամյա կրթության պարագայում իրականացվում են 3-րդ, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 2-րդ դասարանից:

7. «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են հետևյալ առարկաների պարապմունքների համար` այլ երաժշտական գործիք, երգեցողություն, ընդհանուր դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, ինչպես նաև նվագակցություն և գործիքային դուետ (բարձր դասարանների սովորողների համար): «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

8. Ելնելով դպրոցի շենքային պայմաններից, ինչպես նաև` դպրոցի նյութատեխնիկական համապատասխան հագեցվածության պարագայում` «Ընտրովի» առարկայի 0.5 դասաժամը կարող է հատկացվել «Ընդհանուր դաշնամուր» առարկայի պարապմունքների համար: «Երգեցողություն» բաժնի համար նախատեսված «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են «Ընդհանուր դաշնամուր» առարկային:

9. «Հիմնական առարկա» (բացի դաշնամուր, տավիղ, ակորդեոն, դհոլ, կիթառ երաժշտական գործիքներից) դասաժամի անցկացման համար հատկացվում են դաշնամուրային նվագակցության ժամեր` ուսումնական տարվա համար` 20-40 ժամի չափով: «Դաշնամուր» բաժնում նվագակցության դասաժամերը (կոնցերտային նվագակցություն/ իլյուստրացիա) տրամադրվում են 4-7-րդ դասարանների սովորողների համար` ուսումնական տարվա համար` 20 ժամի չափով:

10. Լրացուցիչ վարձավճարով երաժշտարվեստի բաժնի սովորողները կարող են ստանալ հավելյալ ուսումնառություն` այլ հիմնական առարկայի (երկրորդ գործիք/ երգեցողություն) գծով:

11. «Ալտ», «Կոնտրաբաս», «Տուբա» երաժշտական գործիքների ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել բարձր դասարանների սովորողների համար, կամ 5-ամյա կրթության դեպքում` 12-13 տարեկան երեխաների ընդունելության կազմակերպման միջոցով:

 

Աղյուսակ 7

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII  
Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն 2 2 2          
Կիրառական արվեստի հիմունքներ 2 2 2          
Ծեփագործություն 2 2 2          
Գծանկար       3 3 4 4 VII
Գունանկար       3 3 3 3 VII
Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ
նկարչություն) հաստոցային/կիրառական
      2/1 2/1 2/1 2/1 VII
Քանդակ կամ կիրառական արվեստ       2 2 1 1 VII
Արվեստի պատմություն. Կերպարվեստ       1 1 1 1  
Ընդամենը շաբաթական 6 6 6 12 12 12 12  

 

Աղյուսակ 8

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV  
Գծանկար 3 3 4 4 IV
Գունանկար 3 3 3 3 IV
Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ
նկարչություն) հաստոցային/կիրառական
2/1 2/1 2/1 2/1 IV
Քանդակ կամ կիրառական արվեստ 2 2 1 1 IV
Արվեստի պատմություն.Կերպարվեստ 1 1 1 1  
Ընդամենը շաբաթական 12 12 12 12  

 

3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Կերպարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 4-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար

2. Դպրոցի հայեցողությամբ «Կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:

3. Խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`

1) դասաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 0.25 դասաժամի հաշվարկով.

2) պլեներային աշխատանքի դասաժամեր` յուրաքանչյուր խմբի համար շաբաթական մինչև 1,5 դասաժամի հաշվարկով:

5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, ֆինանսական և նյութատեխնիկական հագեցվածության հնարավորություններից` բարձր դասարաններում յուրաքանչյուր խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա: «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

 

Աղյուսակ 9

 

ՊԱՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII  
Դասական պար     4.5 4.5 4.5 4.5 4.5 VII
Հայկական ժողովրդական պար     2 2 2 2 2 VII
Ժամանակակից պար       1 1 1 1 VII
Պատմակենցաղային պար     2          
Ժողբնորոշ պար         1.5 1.5 1.5 VII
Ռիթմիկա և պար 4 4            
Մարմնամարզություն 1.5 2 1 1 1 1 1  
Երաժշտական գրագիտություն     1 1 1 1 1  
Արվեստի պատմություն. Պարարվեստ       1 1 1 1  
Ընդամենը շաբաթական 5.5 6 10.5 10.5 12 12 12  

 

Աղյուսակ 10

 

ՊԱՐԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V  
Դասական պար 4.5 4.5 4.5 4.5 4.5 V
Հայկական ժողովրդական պար 2 2 2 2 2 V
Ժամանակակից պար   1 1 1 1 V
Պատմակենցաղային պար 2          
Ժողբնորոշ պար     1.5 1.5 1.5 V
Մարմնամարզություն 1 1 1 1 1  
Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1  
Արվեստի պատմություն. Պարարվեստ   1 1 1 1  
Ընդամենը շաբաթական 10 10.5 12 12 12  

 

4. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Պարարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-8 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:

2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:

3. «Դասական պար», «Հայկական պար», «ժամանակակից պար», «Պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «Ռիթմիկա և պար», «Մարմնամարզություն» /պարտեր/ առարկաների խմբերում` 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված` տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`

1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.

2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար` շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.

3) նվագակցության ժամեր` «Բեմական փորձառություն», Աղյուսակ 9-ի 1-7-րդ կետերի և Աղյուսակ 10-ի 1-6-րդ կետերի առարկաների պարապմունքների համար` նշված դասաժամերին համապատասխան.

5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից` բարձր դասարաններում յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), ստեպ, դերասանի վարպետություն (խմբային): «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

 

Աղյուսակ 11

 

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V VI VII  
Դերասանի վարպետություն 2 2 2 2 2 3 3 IV, VII
Բեմական խոսք 1 1 1 1.5 1.5 1.5 1.5 IV, VII
Բեմական շարժում       1 1 1 1  
Արվեստի պատմություն. Թատրոն       1 1 1 1  
Ռիթմիկա 1 1            
Պար     1 1 1 1 1  
Երաժշտական գրագիտություն     1 1 1 1 1  
Ընդամենը շաբաթական 4 4 4.5 7.5 7.5 8.5 8.5  

 

Աղյուսակ 12

 

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ
(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

 

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն
Շաբաթական դասաժամերի քանակը
I II III IV V  
Դերասանի վարպետություն 2 2 2 3 3 V
Բեմական խոսք 1 1.5 1.5 1.5 1.5 V
Բեմական շարժում   1 1 1 1  
Արվեստի պատմություն. Թատրոն   1 1 1 1  
Ռիթմիկա 1          
Պար   1 1 1 1  
Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1  
Ընդամենը շաբաթական 5 7.5 7.5 8.5 8.5  

 

5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Թատերարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար` 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում` 9-12 տարեկան երեխաների համար:

2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:

3. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`

1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար` շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.

2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար` շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.

3) Նվագակցողին հատկացվող ժամեր` շաբաթական առնվազն 0.25 ժամի չափով` «Ընտրովի» առարկայի համար (բացի դաշնամուր, ակորդեոն, դհոլ, կիթառ գործիքների):

5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից` յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, (խմբային) և այլն: «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հուլիսի 2025 թվական:

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
03.07.2025
N 55-Ն
Հրաման