ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
15 սեպտեմբերի 2026 թ. |
i
2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի (զեկուցող), Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Կառավարության,
ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
Կառավարության` 2026 թվականի հունիսի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2026 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2026 թվականի հունիսի 25-ի N 890-Ա որոշմամբ հավանություն է տվել «2026 թվականի փետրվարի 5-ին ստորագրված «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը (այսուհետ նաև` Համաձայնագիր) ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին` տեխնոլոգիայի փոխանցումը խթանելու և ծառայությունների առևտուրն ու ներդրումներն ընդլայնելու նպատակով:
2. Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կադաստրի կոմիտեն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեն, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը և Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը:
3. Համաձայնագիրն ունի 9 հավելված. Հավելված I. «Ծառայությունների առևտրի մասով Արաբական Միացյալ Էմիրությունների հատուկ պարտավորությունների ժամանակացանկ», Հավելված II. «Ծառայությունների առևտրի մասով Հայաստանի Հանրապետության հատուկ պարտավորությունների ժամանակացանկ», Հավելված III. «ԱՄԷ-ի ԱԱԲՌ բացառությունների ցանկ», Հավելված IV. «Հայաստանի Հանրապետության ԱԱԲՌ բացառությունների ցանկ», Հավելված V. «Ֆինանսական ծառայություններ», Հավելված VI. «Հեռահաղորդակցության ծառայություններ», Հավելված VII. «Կոլեգիայի ընթացակարգային կանոններ», Հավելված VIII. «Կոլեգիայի անդամների և սույն համաձայնագրի շրջանակներում վեճերի կարգավորման վարույթներում ներգրավված այլ անձանց վարքագծի կանոնակարգ», Հավելված IX. «Էներգետիկ ռեսուրսների ոլորտ»:
4. Ըստ Համաձայնագրի 7.1-ին հոդվածի` Համաձայնագրի հավելվածներն(*) ու ծանոթագրությունները կազմում են Համաձայնագրի անբաժանելի մասը:
________________________
*Ավելի ստույգ` Համաձայնագրի և Հավելվածների դրույթների միջև ցանկացած անհամապատասխանության դեպքում գերակայում են Համաձայնագրի դրույթները, եթե Հավելվածում հստակորեն այլ բան նշված չէ:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
5.1. ստեղծել ծառայությունները և ներդրումները ներառող ազատ առևտրի գոտի` Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի (ԾԱԳՀ) V հոդվածին համապատասխան (հոդված 1.2),
5.2. հաստատել մյուս Կողմի նկատմամբ Հայաստանի Հանրապետության առկա իրավունքներն ու պարտավորությունները` ԱՀԿ համաձայնագրի և այլ համաձայնագրերի համաձայն, որոնց կողմ են երկու Կողմերն էլ (հոդված 1.4, պարբերություն 1),
5.3. Համաձայնագրի և այլ համաձայնագրերի միջև, որոնց կողմ են երկու Կողմերն էլ, որևէ անհամապատասխանության դեպքում անհապաղ խորհրդակցել մյուս Կողմի հետ` երկուստեք բավարարող լուծում գտնելու նպատակով (հոդված 1.4, պարբերություն 2),
5.4. հրապարակել կամ այլ կերպ հանրայնացնել Հայաստանի Հանրապետության այն օրենքները, կանոնակարգերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ազդել Համաձայնագրի գործողության վրա (հոդված 1.6, պարբերություն 1),
5.5. չհակասելով Համաձայնագրի 1.7-րդ հոդվածին` ողջամիտ ժամկետում պատասխանել կոնկրետ հարցերի և պահանջի դեպքում մյուս կողմին տրամադրել տեղեկություններ Համաձայնագրի 1.6-րդ հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված հարցերի վերաբերյալ (հոդված 1.6, պարբերություն 2),
5.6. Հայաստանի Հանրապետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան` պահպանել մյուս Կողմի կողմից որպես գաղտնի սահմանված տեղեկությունների գաղտնիությունը (հոդված 1.7, պարբերություն 1),
5.7. Հայաստանի Հանրապետության Հատուկ պարտավորությունների ժամանակացանկում սահմանել Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի 2.5, 2.6 և 2.7-րդ հոդվածներին համապատասխան ստանձնած հատուկ պարտավորությունները (հոդված 2.3, պարբերություն 1),
5.8. բացառությամբ Համաձայնագրի IV հավելվածում (Հայաստանի Հանրապետության ԱԱԲՌ բացառությունների ցանկ) պարունակվող` Հայաստանի Հանրապետության ԱԱԲՌ բացառությունների ցանկով նախատեսված դեպքերի` անմիջապես և անվերապահորեն ծառայությունների մատուցմանն առնչվող բոլոր միջոցների առնչությամբ մյուս Կողմի ծառայություններին ու ծառայություն մատուցողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է կողմ չհանդիսացող ցանկացած պետության համանման ծառայություններին և ծառայություն մատուցողներին (հոդված 2.4, պարբերություն 1),
5.9. Համաձայնագրի 2.4-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված պարտավորությունները չկիրառել նույն հոդվածի 2-րդ պարբերությունում սահմանված դեպքերի նկատմամբ (հոդված 2.4, պարբերություն 2),
5.10. Համաձայնագրի 2.1-ին հոդվածում պարունակվող «ծառայությունների առևտուր» սահմանման մեջ նշված մատուցման եղանակների միջոցով շուկայի հասանելիության առնչությամբ մյուս Կողմի ծառայությունների և ծառայություն մատուցողների նկատմամբ կիրառել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը նախատեսված է Հատուկ պարտավորությունների Հայաստանի Հանրապետության ժամանակացանկում համաձայնեցված և նշված ժամկետներով, սահմանափակումներով ու պայմաններով (հոդված 2.5, պարբերություն 1),
5.11. Եթե որևէ Կողմ շուկայի հասանելիության մասով պարտավորություն է ստանձնում 2.1-ին հոդվածի (i) պարբերության մեջ պարունակվող «ծառայությունների առևտուր» սահմանման մեջ նշված մատուցման եղանակի միջոցով ծառայության մատուցման կապակցությամբ, և եթե կապիտալի միջսահմանային տեղաշարժն ինքնին ծառայության էական մաս է, ապա այդ Կողմը դրանով պարտավոր է թույլատրել կապիտալի այդպիսի տեղաշարժը: Եթե Կողմը շուկայի հասանելիության մասով պարտավորություն է ստանձնում 2.1-ին հոդվածի (iii) պարբերության մեջ պարունակվող «ծառայությունների առևտուր» սահմանման մեջ նշված մատուցման եղանակով ծառայություն մատուցելու առնչությամբ, ապա նա դրանով պարտավորվում է թույլ տալ կապիտալի հարակից փոխանցումները դեպի իր տարածք:
5.12. Հատուկ պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության ժամանակացանկում ներառված ծառայությունների ոլորտների կապակցությամբ և հաշվի առնելով դրանում սահմանված ցանկացած պայման ու վերապահում` ծառայությունների մատուցմանն առնչվող բոլոր միջոցների առնչությամբ մյուս Կողմի ծառայություններին ու ծառայություն մատուցողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը Հայաստանի Հանրապետությունը տրամադրում է իր սեփական համանման ծառայություններին և ծառայություն մատուցողներին (հոդված 2.6, պարբերություն 1),
5.13. պահպանել կամ հնարավորինս շուտ ստեղծել դատական, արբիտրաժային կամ վարչական տրիբունալներ կամ ընթացակարգեր, որոնք ազդեցության ենթարկված ծառայություն մատուցողի պահանջով ապահովում են ծառայությունների առևտրին առնչվող վարչական որոշումների արագ վերանայում և հիմնավորված լինելու դեպքում` իրավական պաշտպանության համապատասխան միջոցներ, իսկ եթե այդպիսի ընթացակարգերն անկախ չեն այն մարմնից, որին վերապահված է նշված վարչական որոշումը, ապա ապահովել, որ ընթացակարգերը փաստացի նախատեսեն օբյեկտիվ և անկողմնակալ վերանայում (հոդված 2.9, պարբերություն 2, ենթապարբերություն «ա»),
5.14. նպատակ ունենալով ապահովելու, որ որակավորման պահանջներին և ընթացակարգերին առնչվող միջոցները, տեխնիկական ստանդարտները և լիցենզավորման պահանջները ծառայությունների առևտրի համար չստեղծեն անհարկի խոչընդոտներ, փորձել ապահովել, որ այն ոլորտներում, որտեղ հատուկ պարտավորություններ են ստանձնվել, այդ միջոցները հիմնված լինեն օբյեկտիվ և թափանցիկ չափորոշիչների վրա, ինչպիսիք են ծառայություն մատուցելու իրավասությունը և կարողությունը, չլինեն պարտավորություններով ավելի ծանրաբեռնող, քան անհրաժեշտ է ծառայության որակն ապահովելու համար, և լիցենզավորման ընթացակարգերի դեպքում որպես այդպիսին չսահմանափակեն ծառայության մատուցումը (հոդված 2.9, պարբերություն 4),
5.15. այն ոլորտներում, որտեղ մասնագիտական ծառայությունների վերաբերյալ հատուկ պարտավորություններ են ստանձնվել, նախատեսել համապատասխան ընթացակարգեր մյուս Կողմի մասնագետների կոմպետենտությունը ստուգելու համար, ինչպես նաև մյուս Կողմի հետ համատեղ ուսումնասիրել ներպետական կարգավորման կանոնների շուրջ բանակցությունների արդյունքները` համաձայն ԾԱԳՀ-ի VI.4 հոդվածի` դրանք Համաձայնագրի 2-րդ գլխում ներառելու նպատակով (հոդված 2.9, պարբերություններ 6 և 7),
5.16. չհամաձայնել ճանաչմանն այնպիսի ձևով, որը կհամարվի մյուս Կողմի և կողմ չհանդիսացող պետությունների միջև խտրական միջոց` ծառայություն մատուցողներին թույլտվություն տրամադրելու, նրանց լիցենզավորման կամ հավաստագրման ստանդարտների կամ չափորոշիչների կիրառման հարցում, կամ ծառայությունների առևտրի թաքնված սահմանափակում (հոդված 2.10, պարբերություն 3),
5.17. համաձայնել հնարավորության դեպքում խրախուսել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համապատասխան մարմիններին, որոնք պատասխանատու են պրոֆեսիոնալ և մասնագիտական որակավորումների տրամադրման և ճանաչման համար, որ ամրապնդեն համագործակցությունը և ուսումնասիրեն համապատասխան պրոֆեսիոնալ և մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչման հնարավորությունները և հետամուտ լինեն Կողմերի համար փոխադարձ կարևորություն ունեցող ծառայությունների ոլորտներին առնչվող լիցենզավորման և հավաստագրման փոխադարձաբար ընդունելի ստանդարտներին և չափորոշիչներին (հոդված 2.10, պարբերություն 4),
5.18. սահմանափակումներ չկիրառել Հայաստանի Հանրապետության հատուկ պարտավորություններին վերաբերող ընթացիկ գործարքների համար կատարվող միջազգային փոխանցումների և վճարումների նկատմամբ` բացառությամբ Համաձայնագրի 2.14-րդ հոդվածով (Վճարային հաշվեկշռի պաշտպանության նպատակով կիրառվող սահմանափակումները) նախատեսված հանգամանքների առկայության դեպքերի (հոդված 2.11, պարբերություն 1),
5.19. ձգտել խուսափել վճարային հաշվեկշռի պաշտպանության նպատակով սահմանափակումներ կիրառելուց (հոդված 2.14, պարբերություն 1),
5.20. մյուս Կողմի հետ ծառայությունների առևտրի հետագա ազատականացման նպատակով համաձայնել մյուս Կողմի հետ համատեղ վերանայել իրենց Հատուկ պարտավորությունների ժամանակացանկերը և իրենց ԱԱԲՌ բացառությունների ցանկերը` հաշվի առնելով ծառայությունների ազատականացման ցանկացած զարգացում, որը տեղի է ունենում ԱՀԿ-ի հովանավորության ներքո իրականացվող շարունակական աշխատանքի արդյունքում (հոդված 2.16, պարբերություն 1),
5.21. հաստատել գրավիչ ներդրումային միջավայրը խթանելու և ապրանքների ու ծառայությունների առևտուրն ընդլայնելու Հայաստանի Հանրապետության ցանկությունը և ձեռնարկել համապատասխան միջոցներ` խրախուսելու և դյուրացնելու առևտուրը և ապահովելու բարենպաստ պայմաններ` երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական զարգացման և առևտրի բազմազանեցման համար (հոդված 3.2),
5.22. բացառությամբ այն դրույթների, որոնց համաձայն իրավունքներն ու պարտավորությունները նաև տրամադրվում կամ սահմանվում են ԱՀԿ համաձայնագրի շրջանակներում, ապահովել, որ Համաձայնագրում որևէ դրույթ չկիրառվի հարկման միջոցի նկատմամբ, ինչպես նաև ապահովել, որ Համաձայնագրում որևէ դրույթ չազդի որևէ Կողմի` որևէ հարկային կոնվենցիայով նախատեսված իրավունքների և պարտավորությունների վրա (հոդված 4.3),
5.23. ձգտել համաձայնություն ձեռք բերել Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ և համագործակցության միջոցով գործադրել հնարավոր բոլոր ջանքերը` միմյանց գործունեության վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցում փոխադարձաբար բավարարող լուծում գտնելու համար (հոդված 5.2),
5.24. նշանակել կոնտակտային անձ` Համաձայնագրի 5-րդ գլխի շրջանակներում նախաձեռնված ցանկացած վեճի մասով Կողմերի միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար, ինչպես նաև ապահովել, որ Համաձայնագրի 5-րդ գլխի համաձայն ներկայացված ցանկացած պահանջ, ծանուցում, գրավոր հայտարարություն կամ այլ փաստաթուղթ մյուս Կողմին տրամադրվի այդ Կողմի նշանակած կոնտակտային անձի միջոցով (հոդված 5.4),
5.25. ապահովել Համաձայնագրի 5.6-րդ հոդվածով սահմանված խորհրդակցություններին ներկայացվող պահանջների կատարումը (հոդված 5.6),
5.26. ապահովել, որ բարի ծառայություններ, միջնորդություն կամ հաշտարարություն ներառող վարույթները և այդ վարույթների ընթացքում Կողմերի արտահայտած կոնկրետ դիրքորոշումները լինեն գաղտնի և չսահմանափակեն որևէ Կողմի իրավունքները Համաձայնագրի 5-րդ գլխի համաձայն ցանկացած հետագա վարույթում կամ Կողմերի կողմից ընտրված որևէ հարթակում իրականացվող ցանկացած այլ վարույթում (հոդված 5.7, պարբերություն 2),
5.27. Կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում մյուս Կողմի հետ հավասարապես կրել կոլեգիայի աշխատանքի հետ կապված ծախսերը և դրա վարույթների իրականացման հետ կապված մյուս ծախսերը, ինչպես նաև կրել կոլեգիայի վարույթների մասով Հայաստանի Հանրապետության սեփական ծախքերն ու իրավաբանական ծախսերը (հոդված 5.27),
5.28. ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Համաձայնագրի 5.28-րդ հոդվածով սահմանված փոխհամաձայնեցված լուծումը համաձայնեցված ժամկետում իրականացնելու համար (հոդված 5.28, պարբերություն 3),
5.29. որպես իրագործող Կողմ` ոչ ուշ, քան համաձայնեցված ժամկետի ավարտին, մյուս Կողմին գրավոր տեղեկացնել փոխհամաձայնեցված լուծման իրականացման համար ձեռնարկված ցանկացած միջոցի մասին (հոդված 5.28, պարբերություն 4),
5.30. նշանակել կոնտակտային անձ` Համաձայնագրին վերաբերող ցանկացած հարցով Կողմերի միջև պաշտոնական հաղորդակցությունն ապահովելու և դյուրացնելու համար (հոդված 6.2, պարբերություն 1),
5.31. իրականացնել համապատասխան միջոցներ` առանձին կամ միասին խոշոր օպերատոր հանդիսացող մատակարարների կողմից հակամրցակցային գործելակերպում ներգրավվելը կամ այն շարունակելը կանխելու նպատակով (Հավելված VI, հոդված 2, պարբերություն 1),
5.32. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային հեռահաղորդակցության ցանցերի կամ ծառայությունների մատակարարները ձեռնարկեն համապատասխան քայլեր` պաշտպանելու, inter alia` անհատների անձնական կյանքը` կապված անձնական տվյալների մշակման և տարածման հետ, անհատական գրառումների գաղտնիությունը, և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների և վերջնական օգտագործողների կամ նրանց վերաբերող առևտրային առումով զգայուն տեղեկությունների գաղտնիությունը, ինչպես նաև երաշխավորել, որ հեռահաղորդակցության ծառայություն մատուցողի կողմից ստացված տվյալներն ու տեղեկությունները կօգտագործվեն միայն այդ ծառայությունները մատուցելու նպատակով (Հավելված VI, հոդված 4, պարբերություն 1),
5.33. ապահովել Համաձայնագրի Հավելված VI-ի 5-րդ հոդվածով սահմանված համընդհանուր ծառայությանը ներկայացվող պահանջների կատարումը (Հավելված VI, հոդված 5),
5.34. ապահովել Համաձայնագրի Հավելված VI-ի 6-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ընթացակարգի պահպանումը (Հավելված VI, հոդված 6),
5.35. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ծառայությունների կարգավորող մարմինը առանձին լինի հիմնական հեռահաղորդակցության ծառայությունների ցանկացած մատուցողից և հաշվետու չլինի նրան, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության կարգավորող մարմնի որոշումները և դրա կողմից կիրառվող ընթացակարգերը լինեն անկողմնակալ շուկայի բոլոր մասնակիցների համար (Հավելված VI, հոդված 7),
5.36. ապահովել, որ հեռահաղորդակցությունների բնագավառում սահմանափակ ռեսուրսների, այդ թվում` հաճախականությունների, թվերի և սերվիտուտի բաշխման և դրանք օգտագործելու Հայաստանի Հանրապետության ընթացակարգերն իրականացվեն օբյեկտիվ, ժամանակին, թափանցիկ և ոչ խտրական ձևով, ինչպես նաև հրապարակել բաշխված հաճախականությունների միջակայքերի ընթացիկ իրավիճակի մասին տեղեկությունները (Հավելված VI, հոդված 8, պարբերություն 1),
5.37. ոչ պետական ռադիոէլեկտրական հեռահաղորդակցության ծառայությունների համար տիրույթ հատկացնելիս ձգտել, որպես կանոն, հիմնվել շուկայական մոտեցումների վրա` ամբողջությամբ հաշվի առնելով հանրային շահերը (Հավելված VI, հոդված 8, պարբերություն 2),
5.38. հեռահաղորդակցության բնագավառում ծագած վեճերը լուծել Համաձայնագրի Հավելված VI-ի 9-րդ հոդվածով սահմանված կարգով (Հավելված VI, հոդված 9),
5.39. ապահովել հանրային հեռահաղորդակցության ցանցերի և ծառայությունների հասանելիության և դրանց օգտագործման վերաբերյալ պայմանների մասին համապատասխան տեղեկությունների հանրամատչելի լինելը, ներառյալ` սակագները և ծառայությունների այլ պայմաններ ու դրույթներ, նման ցանցերի և ծառայությունների տեխնիկական միջերեսների մասնագրերը, այդպիսի հասանելիությանն ու օգտագործմանը վերաբերող ստանդարտների մշակման և ընդունման համար պատասխանատու մարմինների մասին տեղեկությունները, տերմինալի կամ այլ սարքավորումների հանրային հեռահաղորդակցության ցանցին միացման նկատմամբ կիրառելի պայմանները և առկայության դեպքում` ծանուցումները, թույլտվությունները, գրանցման կամ լիցենզավորման պահանջները (Հավելված VI, հոդված 10),
5.40. չխոչընդոտել հանրային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողներին ճկուն կերպով ընտրելու իրենց ծառայությունները մատուցելու համար օգտագործվող տեխնոլոգիաները, ներառյալ առևտրային շարժական անլար ծառայությունները` հանրային քաղաքականության օրինական շահերը բավարարելու համար անհրաժեշտ պահանջներին համապատասխան, պայմանով, որ նման ընտրությունը սահմանափակող որևէ միջոց չի մշակվում, ընդունվում կամ կիրառվում այնպես, որ ստեղծվեն ավելորդ խոչընդոտներ առևտրի համար (Հավելված VI, հոդված 11, պարբերություն 1),
5.41. ապահովել Համաձայնագրի Հավելված VII-ում ամրագրված Կոլեգիայի ընթացակարգային կանոնների պահպանումը (Հավելված VII):
5.42. Համաձայնագրի 1.7-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ Համաձայնագրի որևէ դրույթով չի կարող նախատեսվել Կողմի կողմից այնպիսի գաղտնի տեղեկություններ հրապարակելու պահանջ, որոնց հրապարակումը կխոչընդոտի Կողմի օրենքի կատարման ապահովումը կամ որևէ այլ կերպ կհակասի հանրային շահին, կամ ինչը կարող է սահմանափակել որևէ տնտեսավարող սուբյեկտի իրավաչափ առևտրային շահերը:
6. Համաձայնագրի 3.3-րդ և 6.1-ին հոդվածներով Կողմերը ստեղծում են Ներդրումների հարցերով Արաբական Միացյալ Էմիրություններ-Հայաստանի Հանրապետություն խորհուրդ (Խորհուրդ), ինչպես նաև Համատեղ կոմիտե:
7. Համաձայնագրով սահմանվում է, որ մենաշնորհների և ծառայության բացառիկ մատուցողների մասով Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները կարգավորվում են ԾԱԳՀ-ի VIII հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, որոնք ներառվում են Համաձայնագրում և վերջինիս մասն են կազմում, իսկ բիզնես գործելակերպերի մասով Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները կարգավորվում են ԾԱԳՀ-ի IX հոդվածով, որը ներառվում է Համաձայնագրում և վերջինիս մասն է կազմում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2026 թվականի փետրվարի 5-ին ստորագրված` «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող Ա. Դիլանյան
15 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴՈ-1839
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում` (concourt.am) 16 սեպտեմբերի 2026 թվական: