09.09.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(11-րդ մաս)
2) Ըստ երկաթի պարունակության առանձնանում են բնական հարուստ և աղքատ (հարստացման կարիք ունեցող) հանքաքարեր:
3) Հարուստ հանքաքարերը դասակարգվում են` դոմնային (հրահալոցային) և մարտենյան:
4) Դոմնային հանքաքարերը օգտագործվում են անմիջապես դոմնային շիխտա (բովախառնուրդ) ներմուծման համար և պետք է ներկայացված լինեն 80%-ից ոչ պակաս 10-100 մմ խոշորության դասերով: Երկաթի պարունակությունը մագնետիտային և հեմատիտային հանքաքարերում պետք է լինի 50%-ից ավելի, հիդրոհյոտիտային հանքաքարերում` 45%-ից ավելի, իսկ վնասակար խառնուրդները չպետք է գերազանցեն` ծծումբ` 0.3%-ը, ֆոսֆոր` 0.3%-ը, պղինձ` 0.2%-ը, մկնդեղ` 0.07%-ը, ցինկ և կապար` յուրաքանչյուրը 0.1%-ը, անագ` 0.08%-ը: Նիկել, կոբալտ, մանգան, քրոմ, մոլիբդեն, վոլֆրամ, վանադիում և այլ լեգիրող (որակը բարելավող) բաղադրիչներ կարող են պարունակվել երկաթի հանքաքարի վերամշակման արգասիքների հիմնական հատկությունները չվատթարացնող քանակությամբ:
5) Մարտենյան վերամշակման համար անմիջապես պիտանի մարտենյան հանքաքարերը պետք է ներկայացված լինեն 75%-ից ոչ պակաս 10-250 մմ խոշորության դասերով. երկաթի պարունակությունը մագնետիտային, հեմատիտային, հիդրոհյոտիտային և խառը հանքաքարերում պետք է լինի 57%-ից ավելի, վնասակար խառնուրդները չպետք է գերազանցեն` սիլիկահող` 5%-ը, ծծումբ և ֆոսֆոր` 0.15%-ը, պղինձ, մկնդեղ, ցինկ, կապար, նիկել, քրոմ` յուրաքանչյուրը 0.04%-ը, մանգան` 0.5%-ը:
6) Հանքաքարերը, որոնց 80-92%-ը ներկայացված է 10 մմ և 8-20%-ից ոչ ավելի 10-20 մմ խոշորության դասերով, անհրաժեշտ է ենթարկել նախնական տեսակավորման ըստ կտորների դասերի:
7) Հարուստ հանքաքարերի որակական բնութագրման համար կարևոր նշանակություն ունեն ոչ հանքային խառնուրդների պարունակությունը և հարաբերակցությունը խարամաառաջացնող բաղադրիչներին, որոնք արտահայտվում են հիմնայնության գործակցով և սիլիկատային մոդուլով:
8) Հիմնայնության գործակիցը (ՀԳ) արտահայտում է ալկալիական հողերի օքսիդների (կալցիում և մագնեզիում) պարունակությունների գումարի հարաբերությունը թթվային բաղադրիչների (սիլիցիում և ալյումին) օքսիդների պարունակությունների գումարին: Ըստ այս գործակցի մեծության երկաթի հանքաքարերը և դրանց խտանյութերը ստորաբաժանվում են թթվայինների. հանդիսանում է առավել հաճախ հանդիպողը (ՀԳ 0.7-ից փոքր), ինքնաֆլյուսացվողների (ինքնաօքսիդալուծվողների) (ՀԳ 0.7-1.1) և հիմնայինների (ՀԳ 1.1-ից մեծ): Լավագույնը հանդիսանում են ինքնաֆլյուսացվող հանքաքարերը:
9) Ըստ սիլիկատային մոդուլի (սիլիցիումի օքսիդի պարունակության հարաբերությունը ալյումինի օքսիդին պարունակությանը) սահմանափակվում է 2-ից ցածր մոդուլով երկաթի հանքաքարերի օգտագործումը:
10) Հարստացում պահանջող երկաթի հանքաքարերը տոկոսային հարաբերակցությամբ գերակշռում են երկաթի համաշխարհային արտադրության մեջ և բաժանվում են հեշտ հարստացվող և դժվար հարստացվող տեսակների, որը պայմանավորված է դրանց միներալային կազմից և մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկություններից: Հեշտ հարստացվողներին են պատկանում մագնետիտային կազմի երկաթի հանքաքարերը` առաջին հերթին մագնետիտային քվարցիտները:
11) Դժվար հարստացվող են հանդիսանում նրբահատիկ բազմամիներալ երկաթի հանքաքարերը, որոնցում երկաթը մտնում է մի քանի ոչ մագնետիտային միներալների (հյոտիտ, հիդրոհյոտիտ) կազմի մեջ կամ հանքային միներալները (հյոտիտ, հիդրոհյոտիտ) կազմում են փոշենման, օոլիտային (ձվաքարային) թաքնված բյուրեղային և կոլոիդալ զանգվածներ: Այս հանքաքարերի մանրացման ժամանակ չի հաջողվում բացել միներալները` դրանց չափազանց փոքր չափերի և ոչ մետաղական միներալների հետ դրանց նուրբ սերտաճման պատճառով: Դժվար հարստացվող հանքաքարերի առավել բնութագրական օրինակներ են Կրիվոյ Ռոգի և Կուրսկի մագնիսական անոմալիայի օքսիդացած երկաթային քվարցիտները, գորշ երկաթաքարային հանքաքարերի բոլոր տեսակները:
12) Հարստացման եղանակների ընտրությունը որոշվում է հանքաքարերի միներալային կազմից, դրանց մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային) առանձնահատկություններից, ինչպես նաև ոչ մետաղական միներալների բնույթից և հանքաքարերի ֆիզիկամեխանիկական հատկություններից կախված:
13) Մագնետիտային հանքաքարերը հարստացվում են մագնիսական եղանակով: Մագնետիտային հանքաքարերի հարստացման չոր և թաց մագնիսական սեպարացիայի (զատման) կիրառումը ապահովում է կոնդիցիոն խտանյութերի ստացում անգամ ելակետային հանքաքարում երկաթի համեմատաբար ցածր պարունակության պարագայում: Հանքաքարում մագնետիտի հետ արդյունաբերական քանակությամբ հեմատիտի առկայության դեպքում կարող է կիրառվել մագնիսաֆլոտացիոն (նրբացանավոր հանքաքարերի համար) կամ մագնիսագրավիտացիոն (խոշորացանավոր հանքաքարերի համար) հարստացման եղանակները: Կրիվոյ Ռոգի, Կուրսկի մագնիսական անոմալիայի և Կոլսկի թերակղզու մագնետիտային քվարցիտների հարստացման սխեմաները ներառում են ջարդում, աղում (մանրացում) և թույլ մագնիսական դաշտում մագնիսական հարստացում:
14) Օքսիդացած երկաթային քվարցիտների հարստացումը կարող է իրականացվել ուժեղ մագնիսական դաշտում մագնիսական, թրծում-մագնիսական և ֆլոտացման եղանակներով:
15) Եթե մագնետիտային հանքաքարերում պարունակվում են արդյունաբերական քանակությամբ ապատիտի կամ կոբալտի, պղնձի և ցինկի սուլֆիդներ, բորի և այլ միներալներ, ապա դրանց կորզման համար կիրառվում է մագնիսական սեպարացիայի թափոնների ֆլոտացիա: Այդպիսի սխեմաներ կիրառվում են Կովդորսկու, Վիսոկոգորսկու և Սոկոլովկու-Սարաբայսկու ԼՀԿ-ներում:
16) Տիտանոմագնետիտային և իլմենիտ-տիտանոմագնետիտային հանքաքարերի հարստացման սկզբունքային սխեմաները ներառում են բազմափուլ թաց մագնիսական սեպարացիա: Տիտանի խտանյութում իլմենիտի առանձնացման նպատակով իրականացվում է թաց մագնիսական սեպարացիայի պոչերի հարստացում ֆլոտացման կամ գրավիտացիոն եղանակով` բարձր ինտենսիվությամբ մագնիսական դաշտում հետագա մագնիսական սեպարացիայով:
17) Տիտանի ցածր պարունակությամբ երկաթ-վանադիումային հանքաքարերը (Կաչանարսկու, Գուսեվոգորսկու, Պուդոժգորսկու և այլ հանքավայրեր) կարող են օգտագործվել դոմնային գործընթացի տեխնոլոգիայում` թուջի ստացման ժամանակ կրկնակի կոնվերտում` խարամից վանադիումի կորզմամբ: Կարող է կիրառվել նաև իլմենիտային և տիտանոմագնետիտային խտանյութերի ստացմամբ` հանքաքարերի նախնական հարստացման տեխնոլոգիան. եթե TiO(2)-ի պարունակությունը դրանում չի գերազանցում 4%-ը, ապա այն անմիջականորեն ենթարկվում է դոմնային գործընթացի, իսկ ավելի բարձր պարունակությունների դեպքում այդ խտանյութը խառնվում (շիխտովկա) է տիտան չպարունակող երկաթի հանքաքարերի հետ: Ներկայումս մշակված է նաև պիրոհիդրոմետալուրգիական տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս տնտեսապես նպատակահարմար կերպով կորզել տիտանը տվյալ տեսակի հանքաքարերից (դոմնային գործընթաց` էլեկտրահալում, հիդրոմետալուրգիա, երկաթային ձուլահատիկի ընտրողական կռագուլմամբ (կօագուլյացիեյ) և ուղեկցող բաղադրիչների խարամային թաղանք անցմամբ` տիտանամագնետիտային բովագնդիկների խորը մետաղապատում):
18) Մետալուրգների մոտ լուրջ տեխնոլոգիական խնդիրներ են առաջանում տիտանի բարձր պարունակությամբ վանադիում պարունակող տիտանամագնետիտային հանքաքարերի և խտանյութերի վերամշակման ժամանակ, քանի որ տիտանը և վանադիումը ավանդական տեխնոլոգիայի դեպքում չեն կարող կորզվել առանձին արտադրատեսակներում և բարդացնում են մետալուրգիական գործընթացի կառավարումը: ՌԴ ԳԱԱ Ուրալյան ստորաբաժանման կողմից մշակվել է ըստ պարունակության կոնդիցիոն առանձին արտադրանքներում ուղեկցող բաղադրիչների առանձնացմամբ` համալիր խտանյութերի հարստացման պիրոմետալուրգիական եղանակ, որոնք կարող են օգտագործվել ավանդական տեխնոլոգիայով: Ըստ այդ տեխնոլոգիայի, նուրբ մանրացված համալիր խտանյութը գնդավորվում է պինդ վերականգնիչով, հում բովագնդիկները ենթարկվում են վերականգնող թրծման, որի ընթացքում բովագնդիկները ձեռք են բերում «ընկույզի» կառուցվածք` միջուկում կուտակվում է մետաղական երկաթը և վանադիումը, վանադիումով լեգիրված պողպատը, իսկ տիտանի օքսիդը ձևավորում է խարամային թաղանթը: Բովագնդիկների հետագա ջարդմամբ և մանրեցմամբ ապահովվում է երկաթային ձուլահատիկի բացումը, որը չոր կամ թաց մագնիսական սեպարացման (զատման) եղանակով առանձնացվում է առանձին արտադրանքում: Հիմնականում տիտանի օքսիդից կազմված խարամային բաղկացուցիչը ենթարկվում է հետագա վերամշակման: Երկաթի կորզումը ձուլահատիկներ և տիտանինը` խարամային թաղանթ, կազմում է առնվազն 92%:
19) Հիդրոհյոտիտ-լեպտքլորիտային օոլիտային (ձվաքարային) գորշ երկաթաքարերի հարստացման համար օգտագործվում են գրավիտացիոն կամ գրավիտացիոն- մագնիսական (ուժեղ մագնիսական դաշտերում) եղանակները: Կավային հիդրոհյոտիտային և մարտիտային (գլաքարային) հանքաքարերը հարստացվում են լվացմամբ: Երկաթասպաթային (սիդերիտային) հանքաքարերի հարստացումը սովորաբար կատարվում է հետագա թրծմամբ բարդ միջավայրում սեպարացիայի միջոցով:
20) Երկաթային քվարցիտների և սկառնամագնետիտային հանքաքարերի վերամշակման արդյունքում սովորաբար ստացվում է երկաթի 62-66% պարունակությամբ խտանյութ: Էլեկտրամետալուրգիական զտման և տաք-կաղապարման երկաթի արտադրության համար թողարկվում են երկաթի 69.5%-ից ոչ ցածր, սիլիկահողի` 3.0%-ից ոչ բարձր, ծծմբի 0.06%-ից ոչ բարձր պարունակություններով խտանյութեր: Ապատիտ-մագնետիտային և մանգանամագնետիտային հանքաքարերի թաց մագնիսական սեպարացման կոնդիցիոն խտանյութերում երկաթի պարունակությունը կազմում է 62-64%:
21) Օոլիտային (ձվաքարային) գորշ երկաթաքարերի գրավիտացիոն և գրավիտացիոն-մագնիսական հարստացման խտանյութերը ներկայումս համարվում են կոնդիցիոն երկաթի` 44-49%, սիլիկահողի` 18-11%, կավահողի` 4-5%, ֆոսֆորի հնգօքսիդի` 0.6-0.8% պարունակությունների դեպքում:
22) Երկաթի հանքաքարերի տարբեր տեսակների վերամշակման տեխնոլոգիայի կատարելագործման հեռանկարային ուղղություններն և գործընթացներն են հանդիսանում.
ա. տրանսպորտային տարողությունների էքսպրես անալիզների արդյունքներով, հանքավերահսկող կայաններում մեծամասշտաբ ռադիոմետրական տեսակավորումը, որպես արդյունահանվող հումքի որակի կառավարման համակարգի էլեմենտ` հանքավայրի պաշարների ռացիոնալ օգտագործման և հարստացման արդյունավետ տեխնոլոգիա ստեղծելու համար:
բ. խոշոր ջարդումից (-200 մմ) հետո կույտային նյութի ռադիոմետրական սեպարացիա. որոշ տեսակի հանքաքարերի համար, օրինակ տիտանամագնետիտային (լցակույտային պոչերի հեռացում, տեխնոլոգիական սխեմայի պարզեցում` գրավիտացիոն ցիկլի բացառման հաշվին) և ապատիտ-մագնետիտային (լցակույտային պոչերի հեռացում, կալցիտային արտադրանքի առանձնացում, կարբոնատային մոդուլի լավարկում):
գ. մանրացված հանքաքարերի գրավիտացիոն եղանակով հարստացում` հիդրոցիկլոնում ծանր սուսպենզիաների (կախույթի) հիման վրա:
(52-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
53. Երկաթի հանքաքարերը որոշ դեպքերում պարունակում են արժեքավոր ուղեկից բաղադրիչներ, որոնց օգտագործումը բարելավում է օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունների տեխնիկատնտեսական ցուցանիշները և թույլ է տալիս ստանալ դեֆիցիտային (քիչ քանակությամբ արտադրվող) ապրանքային արտադրանք:
1) Հարստացման ենթարկվող հանքաքարերից, առանձին միներալներում պարունակվող տիտանը, պղինձը, կոբալտը, ոսկին, պլատինը, ապատիտը, հազվագյուտ մետաղները և այլ բաղադրիչները, որպես կանոն, կարող են կորզվել առանձին խտանյութեր: Արդյունաբերության մեջ ներկայումս կիրառվում է, համալիր հանքաքարերի մագնիսական հարստացման պոչերից, ապատիտի, իլմենիտի և պղնձի խտանյութերից արդյունաբերության պահանջներին բավարարող, կոբալտ-պիրիտային խտանյութի ստացման տեխնոլոգիա, որը հետագայում պիտանի է հիդրոմետալուրգիական վերամշակման` դրանում կոբալտի 0.12%-ից ոչ պակաս պարունակության դեպքում: Համալիր հանքաքարերի թաց մագնիսային սեպարացիայի պոչերից ֆլոտացման միջոցով կարող են ստացվել ոսկի-սուլֆիդային և բորատային խտանյութեր: Բնածին ոսկու կորզումը հնարավոր է երկաթային քվարցիտների հարստացման պոչերից:
2) Երկաթի հանքաքարերում և խտանյութերում պարունակվող ուղեկից օգտակար բաղադրիչները կորզվում են թուջի և պողպատի մեջ կամ անցնում են խարամի մեջ, որտեղից կարող են մասամբ կորզվել: Լեգիրող բաղադրիչներ հանդիսացող, այնպիսի օգտակար խառնուրդները, ինչպիսիք են նիկելը, կոբալտը, մանգանը, թուջից մասամբ անցնելով պողպատի մեջ, հնարավորություն են տալիս ստանալ տրված հատկություններով հատուկ պողպատներ: Տիտանամագնետիտային խտանյութերի մետալուրգիական զտման խարամներից կորզվում է վանադիում, իսկ ֆոսֆոր պարունակող խարամները օգտագործվում են որպես պարարտանյութ: Տիտանամագնետիտային հանքաքարերի հարստացման պիրօքսենային պոչերից կարող է կորզվել սկանդիում:
3) Հեռանկարային է հանդիսանում երկաթի հանքաքարերից և դրանց վերամշակման արգասիքներից գերմանիումի և այլ հազվագյուտ մետաղների կորզման տեխնոլոգիայի մշակումը:
54. Հանքաքարերի քիմիական և միներալային կազմի, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկությունների և ֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքում որոշվում են դրանց բնական տարատեսակները և կանխապես, մոտավոր ճշտությամբ, նախանշվում վերջիններիս ընտրովի արդյունահանում և առանձին վերամշակում պահանջող արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը:
1) Հանքաքարերի վերջնական ստորաբաժանումն ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների կատարվում է հանքավայրում հայտնաբերված բնական տարատեսակների տեխնոլոգիական հետազոտությունների արդյունքներով:
55. Հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունները, որպես կանոն, ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում` միներալատեխնոլոգիական, փոքր տեխնոլոգիական, լաբորատոր, խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական նմուշներով: Արդյունաբերական վերամշակման փորձից ելնելով, հեշտ հարստացվող հանքաքարերի համար թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված համանմանության (անալոգիայի) տվյալների օգտագործումը: Դժվար հարստացվող կամ նոր տիպի հանքաքարերի համար, որոնց վերամշակման փորձը բացակայում է, հանքաքարերի և դրանց վերամշակման արգասիքների տեխնոլոգիական հետազոտությունները, տեխնիկական պայմաններին դրանց չհամապատասխանելու դեպքում, պետք է իրականացվեն շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված հատուկ ծրագրով:
1) Երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում տեխնոլոգիական հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացման նպատակով` հետազոտությունների համար անհրաժեշտ ծավալներով, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ թիվ 01-Ն հրամանի հավելվածով:
56. Որոշակի խտության ցանցով վերցված միներալոգատեխնոլոգիական և փոքր տեխնոլոգիական նմուշներով պետք է բնորոշվեն հանքավայրում հայտնաբերված հանքաքարերի բնական (միներալային) բոլոր տարատեսակները: Դրանց փորձարկման արդյունքներով կատարվում է հանքավայրի հանքաքարերի տեխնոլոգիական տիպայնացում` առանձնացնելով հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակները, ուսումնասիրվում է դրանց նյութական կազմի, ֆիզիկամեխանիկական և տեխնոլոգիական հատկությունների տարածական փոփոխականությունն առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի սահմաններում և կազմվում են երկրաբանատեխնոլոգիական քարտեզներ, հատակագծեր ու կտրվածքներ:
1) Լաբորատոր և խոշոր-լաբորատոր նմուշներով ուսումնասիրվում են հանքաքարերի առանձնացված բոլոր արդյունաբերական տիպերի տեխնոլոգիական հատկությունները` դրանց վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմայի ընտրության և հարստացման հիմնական տեխնոլոգիական ցուցանիշների և ստացվող արտադրանքի որակի որոշման համար անհրաժեշտ աստիճանով:
2) Կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները ծառայում են լաբորատոր նմուշների արդյունքներով մշակված տեխնոլոգիական սխեմաների ստուգման և հանքաքարերի հարստացման ցուցանիշների ճշտման համար:
3) Արտադրական փորձարկումները կատարվում են հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընդերքօգտագործողի հետ նախապես համաձայնեցված ծրագրով: Նմուշարկումը կատարվում է ուսումնասիրման ծրագրին համապատասխան:
57. Խոշորալաբորատոր և կիսաարդյունաբերական տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական և միներալային կազմով, ներկառուցվածքային-մակատեսքային առանձնահատկություններով, ֆիզիկական և ուրիշ հատկություններով պետք է համապատասխանեն տվյալ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպի հանքաքարերի միջին կազմին` հնարավոր աղքատացման հաշվառմամբ:
58. Հարուստ հանքաքարերի տեխնոլոգիական ցուցանիշների ուսումնասիրման ժամանակ պետք է որոշվեն հումքի համալիր հատկությունները, որոնք կանխորոշում են դրա մետալուրգիական արժողությունը. վնասակար ու օգտակար խառնուրդների և խարամաառաջացնող բաղադրիչների միներալային, քիմիական կազմերը, հիմնայնությունը ու սիլիկատային մոդուլը, ֆիզիկական հատկությունները, ինչպես նաև դրանց որակի բարձրացման նպատակահարմարությունը և հարստացման ռացիոնալ սխեման:
59. Աղքատ հանքաքարերի ավանդական մեթոդներով խորը հարստացման եղանակների` մագնիսական սեպարացում, գրավիտացում և ֆլոտացում, տեխնոլոգիական ուսումնասիրությունները իրականացվում են այնպիսի մանրամասնությամբ, որը բավարար կլինի որպես ռացիոնալ ընտրված հարստացման սխեմայով աշխատող ձեռնարկության նախագծման, շահագործական ծախսերի խոշորացված հաշվարկման, կապիտալ ներդրումների որոշման, ինչպես նաև հանքաքարի կորզվող արժողության վրա ազդեցություն ունեցող բոլոր ցուցանիշների հստակ սահմանման համար: Հանքաքարերի հարստացվելիությունը որոշող հատկությունների` միներալային կազմ, մակատեսքային-ներկառուցվածքային առանձնահատկություններ, միներալների և դրանց համալիրների ֆիզիկական հատկություններ, հանքաքարերի օքսիդացման աստիճան, հիմնական միներալների հետ չկապակցված երկաթի քանակ և այլն, ուսումնասիրման համար կիրառվում են ժամանակակից մեթոդները և տեխնոլոգիական մեներալաբանության հնարքները:
1) Բնական (միներալային) բոլոր տեսակների համար, տեխնոլոգիական քարտեզագրման համալիր աշխատանքների հաշվառմամբ, պետք է.
ա. որոշված լինեն միներալային կազմը, երկաթի կորզվող միներալային տարատեսակների հարաբերակցությունը, մուտքային հանքաքարի և հարստացման յուրաքանչյուր փուլի վերջնական արտադրանքների քիմիական կազմերը, ներկայացված լինեն մուտքային հանքաքարի և հարստացման արգասիքների խտության, լիրքային զանգվածի և խոնավության, հանքաքարերի ջարդելիության և մանրելիության պարամետրերի վերաբերյալ տեղեկություններ:
բ. բնութագրված լինեն խոշոր և մանր ջարդումից, նուրբ մանրացումից հետո հատիկաչափական կազմը, հիմնավորված լինեն հանքաքարերի փուլային հարստացման անհրաժեշտությունը, դրանցից յուրաքանչյուրում խարամների հետ կորուստների նվազեցման հաշվառմամբ, նախապատրաստված նյութի օպտիմալ խոշորությունը (այսինքն հանքային միներալների բացումը), ապրանքային և լացակույտային (պոչանքների) խոշորությունը:
գ. բերված է մեթոդների և գործընթացների ընտրությունը (կամ դրանց զուգակցումը) դրանց պարամետրերի բնութագրով և որոշված են հարստացման սխեմայի ցուցանիշները, որոնք միտված են երկաթի կոնդիցիոն խտանյութերի ստացմանը և ուղեկից բաղադրիչների կորզմանը (այդ թվում, ինքնուրույն արտադրատեսակներում):
դ. հիմնավորված լինի հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տեսակների առանձնացումը, արդյունավետ կերպով դրանց համատեղ կամ առանձին վերամշակման անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը կամ հնարավորությունը:
60. Կատարված հետազոտությունների արդյունքում պետք է ապահովվեն հանքաքարերի տեխնոլոգիական հատկությունների ուսումնասիրումը` օբյեկտիվ տեխնիկատնտեսագիտական վերլուծության, տեխնոլոգիական կանոնակարգի մշակման և հանքաքարերում արդյունաբերական նշանակության բաղադրիչների համալիր կորզմամբ հանքային հումքի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:
1) Հանքաքարի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների առանձնացման համար պետք է մշակվեն և որոշվեն.
ա. հարստացման ողջ գործընթացի օպտիմալ տեխնոլոգիական սխեման, հարստացման գործընթացների ցուցանիշները, սարքավորումների շղթայի սխեման և համալիր վերամշակման որակաքանակական սխեման` հետգործընթացային ցուցանիշներով:
բ. հարստացման միջանցիկ տեխնոլոգիական ցուցանիշները (արտադրատեսակների ելքը, դրանցում երկաթի և ուղեկից բաղադրիչների պարունակությունը և կորզումը):
գ. խտանյութերի քիմիական կազմը, որով որոշվում են դրանց մետալուրգիական հատկությունները:
դ. հարուստ հանքաքարերի մետալուրգիական զտման բնութագիրը (դոմնային, մարտենյան, առանց կոքսի) և ապրանքային արտադրանքների ըստ որակի նախնական կույտավորման անհրաժեշտությունը:
2) պետք է պարզաբանվեն ուղեկից բաղադրիչների գոյաձևերը և հարստացման ու խտանյութերի լրացուցիչ վերամշակման արտադրանքներում դրանց բաշխման հաշվեկշիռը, ինչպես նաև որոշվեն ուղեկից բաղադրիչների կորզման հնարավորությունը և տնտեսական նպատակահարմարությունը.
3) պետք է ապահովվի հանքաքարերի վերամշակման հնարավորինս անթափոն և շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն ունեցող տեխնոլոգիական սխեմայի նախագծման հնարավորությունը:
61. Կատարված հետազոտությունների արդյունքում հանքաքարերի վերամշակման ընտրված տեխնոլոգիան պետք է ապահովի հանքաքարի առավելագույն կորզվող արժողությունը:
6. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԻԴՐՈԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ, ԼԵՌՆԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
62. Հիդրոերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, հայտնաբերվեն առավել ջրակալված տեղամասերն ու գոտիները և որոշվեն հանքարանային ջրերի օգտագործման կամ հեռացման հարցերը: Անհրաժեշտ է որոշել յուրաքանչյուր ջրատար հորիզոնի հզորությունը, քարաբանական կազմը, ամբարիչների (կոլեկտորների) տիպերը, սնուցման պայմանները, փոխադարձ կապն ուրիշ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորերկրյա ջրերի մակարդակների դիրքը և այլ պարամետրեր: Պետք է որոշել հնարավոր ջրաներհոսները դեպի շահագործական լեռնային փորվածքներ, որոնց անցումը նախատեսված է կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ և մշակել առաջարկներ փորվածքները ստորերկրյա ջրերից պաշտպանելու համար: Անհրաժեշտ է նաև.
1) Ուսումնասիրել հանքավայրի ջրակալմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը և մանրէաբանական (բակտերիաբանական) վիճակը, դրանց ագրեսիվությունը բետոնի, մետաղների, պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար և վնասակար խառնուրդների պարունակությունը. շահագործվող հանքավայրերում որոշվում են հանքարանային ջրերի և արտադրական հոսքաջրերի քիմիական կազմերը.
2) Գնահատել այդ ջրերի օգտագործման հնարավորությունը ջրամատակարարման կամ դրանցից օգտակար բաղադրամասերի կորզման համար, ինչպես նաև դրանց ցամաքուրդի (դրենաժի) հնարավոր ազդեցությունը հանքավայրի շրջանում գործող ստորերկրյա ջրհանների վրա.
3) Առաջարկություններ ներկայացնել առաջիկայում անհրաժեշտ հատուկ հետազննական (որոնողական) աշխատանքներ իրականացնելու համար, գնահատել հանքարանային ջրերի բացթողման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա.
4) Տալ օգտակար հանածոների արդյունահանման և հանքային հումքի վերամշակման ապագա կազմակերպությունների պահանջմունքներն ապահովող խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը.
5) Ցամաքուրդային ջրերի օգտահանման նպատակով գնահատել դրանց շահագործական պաշարները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1480-Ն որոշման 1-ին կետով հաստատված ստորերկրյա ջրերի շահագործական պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման համաձայն.
6) Լեռնային ձեռնարկության նախագծման համար, հիդրոերկրաբանական հետազոտությունների արդյունքում առաջարկություններ ներկայացնել երկրաբանական զանգվածի ցամաքեցման, ջրատար ուղիների, ցամաքուրդային ջրերի օգտահանման, ջրամատակարարման աղբյուրների, շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ.
63. Հանքավայրերի հետախուզման ժամանակ ինժեներաերկրաբանական հետազոտությունները անհրաժեշտ են արդյունահանման նախագծման (բացահանքի, ստորգետնյա լեռնային փորվածքների ու բնամասերի, հորատապայթեցման ու ամրակապման աշխատանքների անձնագրերի հիմնական պարամետրերի հաշվարկ) և լեռնային աշխատանքների իրականացման անվտանգության բարձրացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով:
1) Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն` հանքաքարերի, հանքատեղակալող (հանքապարփակող) ապարների և ծածկող նստվածքների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնորոշում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակներում, հանքավայրի ապարների զանգվածի ինժեներաերկրաբանական առանձնահատկությունները և դրանց անիզոտրոպիան, ապարների կազմը, դրանց ճեղքավորվածությունը, տեկտոնական խախտվածությունը, մակատեսքային առանձնահատկությունները, կարստայնությունը, քայքայվածությունը հողմահարման գոտում, ժամանակակից երկրաբանական պայմանները, որոնք կարող են բարդացնել հանքավայրի շահագործումը:
2) Ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում պետք է ստացվեն տվյալներ` լեռնային փորվածքների կայունության և բացհանքի հիմնական պարամետրերի հաշվարկի կանխատեսումային գնահատման համար:
3) Հանքավայրի շրջանում համանման հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններում գտնվող` գործող հանքահորերի կամ բացհանքերի առկայության դեպքում, հետախուզվող տարածքի բնութագրման համար անհրաժեշտ է օգտագործել այդ հանքահորերի և բացհանքերի տվյալները վերջիններիս ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների մասին:
64. Նոր հայտնաբերված հանքավայրերի շրջանում անհրաժեշտ է պարզել օգտակար հանածոների հանքակուտակներից զերծ մակերեսների տեղադրությունը, որտեղ կարող են տեղաբաշխվել արտադրական և բնակելի քաղաքացիական նշանակման օբյեկտներ, դատարկ ապարների թափոնակույտեր: Հողամասերի վերականգնման (ռեկուլտիվացիա) հետ կապված հարցերի լուծման համար անհրաժեշտ է որոշել հողածածկույթի հզորությունը և իրականացնել փխրուն ապարների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև պարզել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկություն) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:
65. Երկաթի հանքավայրերը շահագործվում են բաց և ստորգետնյա եղանակներով: Մշակման եղանակի ընտրությունը կախված է հանքամարմինների տեղադրման լեռնաերկրաբանական պայմաններից, ընդունված լեռնատեխնիկական ցուցանիշներից, արդյունահանման սխեմայից և հիմնավորվում է հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերում:
1) Ստորգետնյա եղանակին է վերագրվում նաև, նոր` հեռանկարային համարվող, երկաթի հանքաքարերի հորատանցքային հիդրոարդյունահանման մշակման համակարգը: Հիդրոարդյունահանման մշակման համակարգը կարող է կիրառվել երկաթի փխրուն հանքաքարերի արդյունահանման համար: Նշված համակարգի փորձնական և փորձարարաարդյունաբերական աշխատանքները ապահովել են այդ համակարգի բարձր արդյունավետությունը, որը պահանջում է փոքր ժամանակ և կապիտալ ներդրումներ և հանդիսանում է ավելի բնապահպանական:
66. Հանքապարփակող ապարներում ինքնուրույն հանքակուտակներ առաջացնող մյուս օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն դրանց արդյունաբերական արժողությունը և կիրառման հնարավոր բնագավառները որոշելու մանրամասնությամբ:
67. Պետք է որոշել մարդու առողջության վրա ազդող գործոնները (պնևմափոշավտանգավորություն, բարձր ռադիոակտիվություն, երկրաջերմային պայմաններ և այլն):
68. Հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական և այլ բնական պայմանները պետք է ուսումնասիրված լինեն հանքավայրի շահագործման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումը ապահովող մանրամասնությամբ: Շահագործման հիդրոերկրաբանական և լեռնատեխնիկական հատկապես բարդ պայմանների դեպքում, որոնք պահանջում են հատուկ աշխատանքների առաջադրում, անցկացվող հետազոտությունների ուղղություն, ծավալներ, ժամկետներ և կարգ, համաձայնեցվում է լիազոր մարմինների հետ:
69. Բնապահպանական (էկոլոգիական) հետազոտությունների հիմնական նպատակը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովելն է.
1) Էկոլոգիական ուսումնասիրություններով պետք է սահմանվեն շրջակա միջավայրի վիճակը բնորոշող ֆոնային պարամետրերը (ճառագայթման աստիճանը, մակերևութային ու ստորերկրյա ջրերի և օդի որակը, հողածածկույթի բուսական և կենդանական աշխարհի բնութագիրը և այլն), որոշվեն շինարարության համար նախատեսվող հանքարդյունաբերական կազմակերպության ֆիզիկական և քիմիական հնարավոր ներգործությունը շրջակա բնական միջավայրի վրա (հարակից տարածքների փոշոտվելը, մակերևութային և ստորերկրյա ջրերի ու հողերի աղտոտումը հանքարանային ջրերով և արդյունաբերական կեղտաջրերով, օդի կեղտոտվելը մթնոլորտ արտանետվող նյութերով և այլն), ինչպես նաև բնաշրջանառությունից հանված և արտադրական նպատակներով հատկացված բնական ռեսուրսների (անտառային զանգվածների, տեխնիկական ջրերի և հողերի) ծավալները, գնահատվեն աղտոտման աղբյուրների բնույթը, ուժգնությունը (ինտենսիվությունը), ազդեցության աստիճանը և վտանգավորությունը, գործունեության տևողությունն ու փոփոխությունը և դրանց ազդեցության գոտիների սահմանները, տրվեն շրջակա միջավայրի պահպանությանը միտված առաջարկություններ:
2) Շրջակա միջավայրի վրա երկաթի հանքավայրերի ազդեցության տեխնածին աղբյուրների առանձնահատկությունները որոշվում են արդյունահանման եղանակից (բաց և ստորգետնյա), հանքաքարերի հարստացման եղանակից, ինչպես նաև մթնոլորտը ու ջրերը աղտոտող, մետալուրգիական գործընթացների արդյունքում առանձին բաղադրիչների ամբողջական հավաքման անհնարինությունից կախված:
3) Հողերի ռեկուլտիվացման հետ կապված հարցերի որոշման համար անհրաժեշտ է որոշել հողաբուսական շերտի հզորությունը և կատարել փխրուն նստվածքների ագրոքիմիական հետազոտություններ, ինչպես նաև բացահայտել մակաբացման ապարների թունավորության (տոքսիկության) աստիճանը և դրանց վրա բուսածածկույթի առաջացման հնարավորությունը:
4) Պետք է որոշվի հարստացման պոչերի պահպանման տեխնոլոգիան` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմամբ, գնահատվի փակ շրջանառու ջրամատակարարման համակարգի կիրառման հնարավորությունը, առաջարկվող սխեմայով հանքաքարերի հարստացման թափոնների հնարավոր օգտագործման ուղղությունները:
5) Շրջակա միջավայրի պահպանության, աղտոտման կանխարգելման և հողերի ռեկուլտիվացման անհրաժեշտ միջոցառումների մշակման նպատակով պետք է տրվեն առաջարկություններ:
70. Առանձնահատուկ մասնագիտական աշխատանքներ պահանջող` շահագործման խիստ բարդ հիդրոերկրաբանական, ինժեներաերկրաբանական և այլ բնական պայմանների դեպքում, հետազոտությունների իրականացման ծավալները, կատարման ժամկետներն ու կարգը համաձայնեցվում են ընդերքօգտագործողների և նախագծային կազմակերպությունների հետ:
7. ԵՐԿԱԹԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
71. Երկաթի հանքավայրերի պաշարների հաշվարկը և որակավորումը ըստ հետախուզվածության աստիճանի կատարվում է Դասակարգման պահանջներին համապատասխան` երկաթի հանքավայրերին բնորոշ առանձնահատկություններով:
72. Պաշարները հաշվարկվում են հաշվարկային բլոկներով, որոնցում ընդգրկված հանքամարմինների առանձին մասերը պետք է բնորոշվեն`
1) հետախուզվածության և պաշարների քանակն ու որակը որոշող պարամետրերի ուսումնասիրվածության միատեսակ աստիճանով.
2) երկրաբանական կառուցվածքի համասեռությամբ կամ հանքամարմինների հզորության, ներքին կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի, որակի հիմնական ցուցանիշների և տեխնոլոգիական հատկությունների փոփոխականության մոտավորապես միատեսակ աստիճանով.
3) հանքամարմինների տեղադրման պայմանների կայունությամբ, միասնական կառուցվածքային տարրի (ծալքի թև, փականային մաս, խզումնային խախտումներով սահմանափակված տեկտոնական բլոկ) նկատմամբ հաշվարկային բլոկի որոշակի տեղադրվածությամբ.
4) շահագործման լեռնատեխնիկական պայմանների ընդհանրությամբ.
5) հանքամարմինների անկման ուղղությամբ հաշվարկային բլոկները նպատակահարմար է տարանջատել լեռնային աշխատանքների կամ հորատանցքերի հորիզոններով` պաշարների մշակման հաջորդականության հաշվառմամբ: Հանքամարմինների կամ հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերն ու տեսակներն երկրաչափացման և եզրագծման անհնարինության դեպքում հաշվարկային բլոկում հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարների քանակը և որակը որոշ չափազանց բարդ դեպքերում կարող է որոշվել վիճակագրական եղանակներով:
73. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև երկաթի հանքավայրերի առանձնահատկությունները արտացոլող հետևյալ լրացուցիչ պայմանները:
1) A կարգի պաշարները հետախուզման ժամանակ հաշվարկվում են միայն 1-ին խմբի հանքավայրերի բոլոր կողմերից հետախուզական փորվածքներով եզրագծված բլոկներում` առանց արտարկման: Դրանց են վերագրվում մանրամասն հետախուզված տեղամասերում կամ հանքամարմինների այլ մասերում` հաշվարկված պաշարները, որոնց հետախուզվածության աստիճանը բավարարում է Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 33-րդ կետի պահանջներին:
ա. Այն հանքավայրերում, որտեղ հանքաքարերի քանակը որոշվում է հանքաբերության գործակցի կիրառմամբ, A կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մեծ է հանքաբերության կրիտիկական գործակցից և հիմնավորվել է դրանց արդյունահանման համախառն եղանակը:
բ. Շահագործվող հանքավայրերում A կարգի պաշարները հաշվարկվում են շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում նախապատրաստված և հանույթին պատրաստ հաշվարկային այն բլոկների պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 33-րդ կետի պահանջներին:
գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը մինչև +-10 տոկոս է:
2) B կարգի պաշարները հաշվարկվում են միայն 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում: Դրանց են վերագրվում մանրամասն հետախուզված տեղամասերում կամ հանքամարմինների այլ մասերում առանձնացված պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 33-րդ կետի պահանջներին:
ա. B կարգի պաշարների եզրագիծը պետք է անցկացվի հետախուզական փորվածքներով, ընդ որում 2-րդ խմբի հանքավայրերում` առանց արտարկման: Հանքամարմինների հիմնական երկրաբանական բնութագրերը և հանքաքարերի նյութական կազմն ու որակը այդ եզրագծի սահմաններում պետք է որոշվեն բավարար ծավալի հատկանշական տվյալներով, որոնց ստացումն ապահովում է սույն հավելվածի 33-րդ կետում բերված (աղյուսակ 3) հետախուզական փորվածքների խտությամբ և 4-6 գլուխներում հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, հանքաքարերի նյութական կազմի ու որակական հատկությունների և այլ պայմանների ուսումնասիրությանը ներկայացվող պահանջներով:
բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում բերված` առանձին կարգերի պաշարների հաշվարկային նորմատիվները (ըստ ծառայման-օգտագործման տարիների) փոփոխական մեծություններ են ոչ միայն հանքավայրերի տարբեր խմբերի համար, այլև յուրաքանչյուր խմբի շրջանակներում և կախված են օգտակար հանածոյի արժողության գործակցից (Գա` միավոր հանքաքարի կորզվող արժողության հարաբերությունը դրա արդյունահանման ու վերամշակման բերված ծախսերին) և բոլոր կարգերի հետախուզված ու նախնական գնահատված պաշարներով հանքարդյունաբերական կազմակերպության ապահովվածության ժամկետներից:
գ. Դասակարգման դրույթների կիրառումն ապահովում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացում, հետախուզման տևողության կրճատում և ռիսկի ցածր աստիճան (B կարգի պաշարների քանակի էական կրճատում):
դ. Հանքաբերության գործակցի կիրառմամբ հանքաքարերի քանակը որոշելիս` 1-ին խմբի հանքավայրերում B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը բարձր է հանքավայրի համար այդ գործակցի միջին մեծությունից, հաստատվել են հանքաբերության փոփոխականության բնույթը հատակագծում և խորքում, պարզաբանվել են կոնդիցիոն հանքաքարերի տեղամասերի տարածական դիրքի օրինաչափությունները, դրանց տիպական ձևերն ու բնորոշ չափերը` վերջիններիս ընտրովի արդյունահանման հնարավորության գնահատման համար անհրաժեշտ աստիճանով, իսկ 2-րդ խմբի հանքավայրերում` B կարգին կարող են վերագրվել այն բլոկները, որոնց սահմաններում հանքաբերության գործակցի մեծությունը մեծ է հանքաբերության կրիտիկական գործակցից և հիմնավորվել է դրանց արդյունահանման համախառն եղանակը:
ե. Շահագործվող հանքավայրերում B կարգի պաշարները հաշվարկվում են, լրահետախուզման, շահագործական հետախուզման և լեռնանախապատրաստական փորվածքների տվյալներով: Դրանց են վերագրվում պաշարները, որոնք ուսումնասիրվածության աստիճանով բավարարում են Դասակարգմամբ այդ կարգին ներկայացվող և սույն հավելվածի 33-րդ կետի պահանջներին:
զ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-10-ից մինչև +-25 տոկոս է:
3) C(1) կարգի պաշարներին են վերագրվում հանքավայրերի այն տեղամասերի պաշարները, որոնց սահմաններում անցած լեռնային փորվածքների և հորատանցքերի միջև եղած հեռավորությունները համապատասխանում են այդ կարգի համար ընդունված հետախուզացանցին, իսկ ստացված տեղեկատվության հավաստիությունը հաստատվել է մանրամասն հետախուզման համար առանձնացված տեղամասերի արդյունքներով կամ մշակվող հանքավայրերի շահագործման տվյալներով:
ա. C(1) կարգի պաշարներ կարող են հաշվարկվել ըստ բարդության բոլոր խմբերի հանքավայրերում, ընդ որում դրանց եզրագծերը 3-րդ և 4-րդ խմբի հանքավայրերում որոշվում են հետախուզական փորվածքներով և երկրաֆիզիկական հետազոտությունների տվյալներով, իսկ 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում կամ առավել արտահայտիչ և խոշոր հանքամարմինների համար, նաև երկրաբանական տվյալներով հիմնավորված սահմանափակ արտարկմամբ, հաշվի առնելով ձևաբանական առանձնահատկությունների, չափերի, հանքամարմինների հզորությունների և հանքաքարերի որակի փոփոխությունները:
բ. Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջներով սահմանվում է հետախուզված և նախնական գնահատված պաշարներով, երկաթի 3-րդ խմբի հանքավայրում հետախուզման ենթակա C(1) կարգի պաշարների անհրաժեշտ (նվազագույն) քանակությունը:
գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-25-ից մինչև +-40 տոկոս է:
4) C(2) կարգի պաշարները հաշվարկվում են կոնկրետ հանքամարմիններում, որոնց եզրագծերը որոշված են երկրաբանական ու երկրաֆիզիկական տվյալներով և հավաստված են կոնդիցիոն հանքաքարեր հատող հատուկենտ հորատանցքերով կամ լեռնային փորվածքներով, կամ ավելի բարձր կարգի հետախուզված պաշարների տարածման և անկման ուղղություններով արտարկման միջոցով կամ բացահայտված երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիա) սահմաններում, որոնց հանքային բնույթը հավաստված է առանձին հորատանցքերով:
ա. Հանքարդյունաբերական կազմակերպության ընդունելի (նորմատիվ) շահութաբերության պայմաններում (Գա=1), C(2) կարգի պաշարների պահանջվող նորմատիվ քանակությունը, ըստ Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի պահանջների, 3-րդ խմբի հանքավայրերում կկազմի 30%-ից (10 տարով ընդհանուր պաշարներով ապահովվածության դեպքում) մինչև 70% (25 և ավելի տարով պաշարներով ապահովվածության դեպքում), իսկ 4-րդ խմբի հանքավայրերում` համապատասխանաբար 60%-ից մինչև 75%:
բ. C2 կարգի պաշարների եզրագծերը անհրաժեշտ է որոշել հաշվի առնելով հանքավայրի ծագումնաբանական տեսակը, շրջանի երկրաբանական կառուցվածքում դրա տեղը, հանքավայրում հանքամարմինների տեղադրման պայմանների և հանքամարմինների հզորության, ձևի, չափերի և հանքաքարի որակի հավաստված օրինաչափությունները:
գ. Հիմնական հաշվարկային պարամետրերի որոշման ժամանակ թույլատրելի սխալանքը +-40-ից մինչև +-60 տոկոս է:
(73-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
74. Պաշարները հաշվարկվում են առանձին` ըստ դրանց հետախուզվածության աստիճանի, շահագործման և բացման եղանակների, հանքաքարերի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի ու տեսակների և տնտեսական նշանակության (հաշվեկշռային, արտահաշվեկշռային):
1) Արդյունաբերական տարբեր տիպերի և տեսակների հանքաքարերի եզրագծման անհնարինության դեպքում դրանց հարաբերակցությունը որոշվում է վիճակագրական եղանակով:
2) Հանքաքարի պաշարները հաշվարկվում են առանց հաշվի առնելու դրանց խոնավությունը (չոր հանքաքար)` նշելով թաց հանքաքարի բնական խոնավության մեծությունը: Խոնավատար ծակոտկեն հանքաքարերի դեպքում կատարվում է նաև թաց հանքաքարի պաշարների հաշվարկ:
3) Արտահաշվեկշռային պաշարները հաշվարկվում և հաշվառվում են այն դեպքում, երբ կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորման մեջ ապացուցված է հետագա կորզման համար ընդերքում դրանց պահպանելու հնարավորությունը կամ ապագայում օգտագործելու համար այդ պաշարների զուգընթաց կորզման, պահեստավորման ու պահպանման նպատակահարմարությունը:
4) Դասակարգման 30-րդ կետի 1-ին աղյուսակի համաձայն` կախված արժողության գործակցից և հաշվեկշռայինի վերածման սպասվող ժամանակից (t, տարի), արտահաշվեկշռային պաշարներն ըստ օգտագործման հեռանկարայնության ստորաբաժանվում են երեք ենթախմբի` առանձնակի հեռանկարային (t<15), հեռանկարային (t=15-30 տարի) և քիչ հեռանկարային (t=30-50 տարի): Արտահաշվեկշռային պաշարները ստորաբաժանվում են նաև ըստ դրանք արտահաշվեկշռայինների վերագրման պատճառների (տնտեսական, տեխնոլոգիական, ջրաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն):
75. Շահագործվող հանքավայրերում բացված, նախապատրաստված և հանելու պատրաստ, ինչպես նաև լեռնակապիտալ և լեռնանախապատրաստական փորվածքների ապահովիչ բնամասերում գտնվող հանքաքարերի պաշարները հաշվարկվում են առանձին` ուսումնասիրվածության աստիճանին համապատասխան կարգերի ստորաբաժանմամբ:
76. Բնակավայրերի, կապիտալ կառույցների, գյուղատնտեսական օբյեկտների, արգելոցների, բնության, պատմության և մշակույթի հուշարձանների, խոշոր ջրամբարների ու ջրահոսքերի ապահովիչ բնամասերում և Հայաստանի Հանրապետության սահմանային վիճելի տարածքներում գտնվող հանքաքարերի պաշարները վերագրվում են հաշվեկշռայինի կամ արտահաշվեկշռայինի` հաստատված կոնդիցիաների պարամետրերի հիման վրա, որոնց տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ հաշվի են առնվել կառույցների տեղափոխման ծախսերը կամ պաշարների մշակման հատուկ եղանակները:
77. Պաշարները հաշվարկելիս պետք է բացահայտվեն երկաթի և այլ օգտակար բաղադրամասերի արտակարգ բարձր (մրրկային) պարունակությամբ նմուշները, պարզաբանվի դրանց ազդեցությունը հետախուզական հատումներում և հաշվարկային բլոկներում միջին պարունակության մեծության վրա և անհրաժեշտության դեպքում սահմանափակվի դրանց չհիմնավորված ազդեցությունը: Հանքամարմինների` բարձր պարունակությամբ և մեծ հզորությամբ մասերը պետք է առանձնացվեն ինքնուրույն հաշվարկային բլոկների և հետախուզվեն ավելի մանրամասն:
78. Շահագործվող հանքավայրերում նախկինում հաստատված պաշարների լիարժեք մշակման վերահսկողության և նոր հաշվարկված պաշարների արժանահավատության հիմնավորման համար անհրաժեշտ է համադրել հետախուզման և շահագործման տվյալներն ըստ պաշարների քանակի ու որակի, հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության, հզորության, ներքին կառուցվածքի, օգտակար բաղադրամասերի պարունակության
1) Համադրման նյութերում պետք է բերվեն.
ա. պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից նախկինում հաստատված և մարված (այդ թվում` արդյունահանված և բնամասերում թողնված) ու իբրև չհավաստված դուրս գրված պաշարների եզրագծերը,
բ. պաշարների հավելաճի մակերեսների եզրագծերը, ինչպես նաև տեղեկություններ Պետական հաշվեկշռում հաշվառված պաշարների (այդ թվում` նախկինում հաստատված պաշարների մնացորդի) մասին,
գ. պաշարների շարժը լուսաբանող աղյուսակներ (ըստ պաշարների կարգերի, հանքամարմինների և ամբողջ հանքավայրի),
դ. մարված պաշարների եզրագծում հանքաքարի և մետաղի հաշվեկշիռը` լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված պաշարների փոփոխությունը, հանքաքարերի արդյունահանման, տեղափոխման ու վերամշակման գործընթացներում դրանց կորուստները, ինչպես նաև վերամշակման ժամանակ ապրանքային արտադրանքի ելքը արտացոլող տվյալները: Համադրման արդյունքները լուսաբանվում են հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանների վերաբերյալ պատկերացումների փոփոխություններն արտացոլող գծագրական նյութերով:
2) Եթե հետախուզման արդյունքներն ամբողջությամբ հավաստվում են շահագործման տվյալներով կամ եղած աննշան տարբերությունները չեն ազդում հանքարդյունահանող կազմակերպության տեխնիկատնտեսական ցուցանիշների վրա, ապա հետախուզման և շահագործման տվյալների համադրման համար կարող են օգտագործվել երկրաբանամարկշեյդերական հաշվառման արդյունքները:
3) Այն հանքավայրերում, որտեղ ընդերքօգտագործողի կարծիքով պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից հաստատված պաշարները կամ հանքաքարերի որակը չեն հավաստվում շահագործման ժամանակ, կամ անհրաժեշտ է ուղղիչ գործակիցներ մտցնել նախկինում հաստատված պարամետրերում կամ պաշարներում, պարտադիր պետք է իրականացվի պաշարների հատուկ հաշվարկ` լրահետախուզման և շահագործական հետախուզման տվյալներով և տրվի այդ աշխատանքների կատարման ժամանակ ստացված արդյունքների արժանահավատության գնահատականը:
4) Համադրման արդյունքների վերլուծության ընթացքում անհրաժեշտ է որոշել պաշարների շահագործման և լրահետախուզման ժամանակ նախկինում հաստատված հաշվարկային պարամետրերի (հանքամարմինների հզորություններ, հանքաբերության գործակիցներ, օգտակար բաղադրիչների պարունակություններ, հաշվարկային մակերեսներ, ծավալային զանգվածներ և այլն), պաշարների քանակի և հանքաքարերի որակի փոփոխությունների մեծությունները, ինչպես նաև պարզել այդ փոփոխությունների պատճառները:
79. Վերջին տարիներին, համակարգչային տեխնիկայի զարգացման շնորհիվ, արտասահմանյան պրակտիկայում մետաղական հանքավայրերի պաշարների հաշվարկի ժամանակ լայն կիրառություն է ստացել երկրավիճակագրական մոդելավորման մեթոդը, որը հնարավորություն է տալիս օգտագործել կրայգինգի ընթացակարգը` ուսումնասիրվող հայտանիշների (օգտակար բաղադրամասի պարունակություններ, հանքային հատումների հզորություններ, գծային պարունակություններ և այլն) տարածական տեղաբաշխման օրինաչափությունների հետազոտման և դրանց գնահատման համար` հնարավոր սխալների ամպլիտուդի որոշմամբ:
1) Կրայգինգի կիրառման արդյունավետությունը նշանակալիորեն պայմանավորված է ելակետային հետախուզական տեղեկատվության քանակով ու որակով, հետախուզվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների համապատասխանող` առաջնային տվյալների և մոդելավորման վերլուծության մեթոդաբանությամբ (հաշվարկային պարամետրի տեղաբաշխման օրենքներ, տրենդի և անիզոտրոպիայի բնույթ, կառուցվածքային սահմանների ազդեցություն, փորձարարական վարիոգրամների կառուցվածք ու որակ և այլն): Կրայգինգի ընթացակարգի օգտագործման ժամանակ հետախուզական հատումների քանակն ու խտությունը պետք է բավարար լինի օպտիմալ միջարկման բանաձևերի հիմնավորման համար (երկչափ մոդելավորման համար` մի քանի տասնյակ հետախուզահատումներից ոչ պակաս, եռաչափի համար` մի քանի հարյուր նմուշից ոչ պակաս): Տարածական փոփոխականների հատկությունների ուսումնասիրությունն առաջարկվում է կատարել մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում:
2) Վարիոգրամները կառուցվում են հանքային միջանցուկ հատումների տվյալներով, որոնց երկարությունը համապատասխանեցվում է հանքաստիճանի և նմուշարկման միջակայքի հետ:
3) Հանքավայրի երկրավիճակագրական բլոկ մոդելի կառուցման ժամանակ պարզագույն բլոկի հնարավոր առավելագույն չափերը ընտրվում են ելնելով արդյունահանման տեխնոլոգիայից, իսկ նվազագույն չափերը որոշվում են դիտարկումների հետախուզացանցի խտությամբ (չի թույլատրվում պարզագույն բլոկի կողերի չափերը ընտրել հետախուզացանցի միջին խտության Զ-ից ավելի փոքր):
4) Պաշարների հաշվարկման արդյունքները կարող են ներկայացվել հետևյալ կերպ.
ա. Հավասարակողմնորոշված միանման բլոկների ցանցով հաշվարկման դեպքում կրայգինգի դիսպերսիայի մեծությունների հետ համատեղ կազմվում են հաշվարկային պարամետրերի աղյուսակները` ըստ յուրաքանչյուր պարզագույն բլոկների:
բ. խոշոր երկրաբանական բլոկների մեթոդով հաշվարկման դեպքում` անհատական երկրաչափությամբ յուրաքանչյուր բլոկ պետք է տեղորոշված լինի տարածության մեջ և ունենա իր ազդեցության գոտում ներառված նմուշների անվանացանկը:
5) Թվային տվյալների բոլոր զանգվածները (նմուշարկման տվյալները, նմուշների կամ հանքային հատումների կոորդինատները, կառուցվածքային վարիոգրամների վերլուծական արտահայտությունները և այլն) պետք է ներկայացվեն փորձաքննության համար մատչելի, լայն տարածում ունեցող ծրագրային համալիրների ձևաչափով: Կերպափոխումները, միտումները (տրենդները) և վարիոգրամները համաչափացնող մոդելները ներկայացվում են վերլուծական և նկարագրական տեսքով:
6) Համարվում է, որ պաշարների հաշվարկի երկրավիճակագրական եղանակը հնարավորություն է տալիս առավելագույն ճշտությամբ որոշել օգտակար բաղադրիչի միջին պարունակությունները շահագործական բլոկներում, հանքամարմիններում և ամբողջ հանքավայրում: Այն հնարավորություն է տալիս նաև նվազեցնել շատ բարդ ձևաբանություն և ներքին կառուցվածք ունեցող հանքամարմինների եզրագծման ժամանակ թույլ տրվող սխալները: Միաժամանակ, պաշարների հաշվարկի երկրավիճակագրական մեթոդների կիրառումը պետք է խիստ վերահսկելի լինի և ենթարկվի հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով թելադրվող պայմաններին: Բոլոր դեպքերում երկրավիճակագրական մոդելավորման և գնահատման արդյունքները պետք է ստուգվեն (համեմատվեն) պաշարների հաշվարկի ավանդական մեթոդների արդյունքներով:
7) Համակարգիչների օգնությամբ ավանդական մեթոդներով պաշարների հաշվարկի ժամանակ առաջարկվում է օգտագործել ծրագրային համալիրներ, որոնք հնարավորություն են տալիս դիտարկել, ստուգել և ճշտել ելակետային տվյալները (հետախուզակ փորվածքների կոորդինատները, թեքումնաչափության կամ հորատանցքերի ուղղության շեղման տվյալները, քարաբանական շերտագրական սահմանների նիշերը, նմուշարկման արդյունքները, նմուշարկման հատակագծերը, կոնդիցիաների պարամետրեր և այլն), միջանկյալ հաշվարկների արդյունքները (կոնդիցիաների պահանջներին համապատասխան առանձնացված հանքային հետախուզահատումների անվանացուցակը (կատալոգը), երկրաբանական կտրվածքները կամ հատակագծերը` արդյունաբերակահան հանքայնացման սահմաններով, հանքամարմինների պրոյեկցիաները հորիզոնական կամ ուղղաձիգ հարթությունների վրա, հաշվարկային պարամետրերի անվանացուցակն ըստ հաշվարկային բլոկների, հանքաստիճանների ու կտրվածքների) և պաշարների հաշվարկի ամփոփ արդյունքները: Ելքային փաստաթղթերը և մեքենայական գծագրերը ըստ կազմի, կառուցվածքի ու ձևի պետք է համապատասխանեն այդ փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:
80. Հիմնական բաղադրիչների պաշարների հաշվարկմանը զուգընթաց հաշվարկվում են նաև ուղեկից օգտակար հանածոների և բաղադրիչների պաշարները:
8. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿԱԹԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ) ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
81. Արդյունաբերական յուրացման համար երկաթի հետախուզված (վերագնահատված) հանքավայրերի նախապատրաստվածությունը որոշվում է Դասակարգման VIII բաժնի պահանջներին համապատասխան:
82. 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հանքավայրերում տարբեր կարգերի հաշվեկշռային պաշարների նորմատիվ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համաձայն, ընդ որում, 1-ին և 2-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)` A և B կարգով, իսկ և 3-րդ խմբի հանքավայրերում (տեղամասերում)` C(1) կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (կամ ապագա բյուջետային մուտքերի) հաշվին հետախուզված պաշարների քանակների գերազանցումը Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակում նշվածների համեմատությամբ, առանց բավարար հիմնավորման, չի թույլատրվում:
1) 1-ին և 2-րդ խմբի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կարող են հաստատվել (վերահաստատվել) նաև C(2) կարգի պաշարներ, որոնց լրիվ կամ մասնակի օգտագործման հնարավորությունը սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը:
2) Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի 2-րդ աղյուսակի տվյալների համեմատությամբ հետախուզվածության ավելի ցածր աստիճանի դեպքում երկաթի 1-3-րդ խմբերի նոր հետախուզված կամ շահագործվող հանքավայրերի (տեղամասերի) արդյունաբերական յուրացման հնարավորությունը` պաշարների հաշվարկի նյութերի փորձաքննության հիման վրա, սահմանում է պետական ընդերքաբանական փորձաքննության մարմինը` պաշարների հաստատման (վերահաստատման) ժամանակ, հաշվի առնելով Դասակարգման 44-րդ կետի 4-10-րդ ենթակետերում շարադրված պահանջները:
83. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:
(83-րդ կետը լրաց. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
(5-րդ հավելվածը լրաց. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)
--------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում