Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10.2-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական           Սնանկության գործ թիվ ԿԴ/0013/04/18     

դատարանի որոշում     2023 թ.    

Նախագահող դատավոր Լ. Հովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

Նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2023 թվականի մարտի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանին ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) 05.05.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Ն. Կարապետյան, դատավորներ Ա. Մխիթարյան, Ա. Մկրտչյան) 08.09.2020 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ սնանկության դատարանի 05.05.2020 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 22.04.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 30.04.2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սամվել Մանուկյանը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) 01.04.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը բավարարվել է` թույլատրվել է հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը բավարարվել է` ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.06.2022 թվականի որոշմամբ «Յունիվերսալ Կրեդիտ ՈՒՎԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` նաև Ընկերություն) վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 25.04.2022 թվականի «Հրապարակային սակարկություններով գույքի իրացումը ընդհատելու մասին» որոշումը վերացվել է:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանը (ներկայացուցիչ Գորիկ Միրզոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը և 47-րդ հոդվածը:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Վահագն Սարգսյանի սնանկության վերաբերյալ գործը հարուցվել է 12.12.2019 թվականին, իսկ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնել 15.04.2020 թվականին, և սնանկության գործով հրապարակային սակարկությունները դադարեցվել են, քանի որ Վահագն Սարգսյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված և աճուրդի ներկայացված գույքը ենթակա էր իրացման նրա սնանկության վարույթի շրջանակներում:

Այս գործը և Վահագն Սարգսյանի սնանկության վերաբերյալ գործն Ընկերության պահանջի մասով փոխկապված են, քանի որ երկու դեպքում էլ խոսքը գնում է միևնույն պարտավորության մասին, որտեղ Վահագն Սարգսյանը հանդես է գալիս որպես վարկառու, իսկ Հայկանուշ Սարգսյանը` գրավատու: Հետևաբար Վահագն Սարգսյանի սնանկության վերաբերյալ գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը կիրառելի լինելու պարագայում այն կիրառելի է նաև սույն սնանկության գործով:

Թեև Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պարտատերերը պետք է հնարավորություն ունենան իրենց դիրքորոշումը հայտնելու այն գույքի հետ կապված, որի կազմի փոփոխությունն ազդելու է պարտավորությունների բավարարում ստանալու հավանականության վրա և որ այդ պահանջի չկատարումը իրական ռիսկ է ստեղծում մրցակցության սկզբունքի խախտման առումով, այս գործով պարտատիրոջ նշված իրավունքը պահպանված է: Սնանկության կառավարչի կողմից ամենախոշոր հինգ պարտատերերն անհապաղ տեղեկացվել են հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դատարանի որոշման մասին, և պարտատերն էլ նշված հարցի շուրջ իր դիրքորոշումը հայտնել է` վերաքննիչ բողոք ներկայացնելով:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.06.2022 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանին սնանկ ճանաչելու մասին, վարույթ է ընդունվել ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) 04.05.2018 թվականի որոշմամբ (հավելված, գ.թ. 1):

2. 10.06.2021 թվականին Դատարանում մուտքագրվել է պարտապանի նկատմամբ Ընկերության գրավոր պահանջը` 271.978,30 ԱՄՆ դոլարի և 3.499.185 ՀՀ դրամի չափով, որպես ապահովված պահանջ գրանցելու մասին: Պահանջի հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները`

Ընկերության, որպես վարկատուի, և անհատ ձեռնարկատեր Վահագն Սարգսյանի, որպես վարկառուի, միջև 19.12.2014 թվականին կնքված թիվ ՎԼ02625 վարկային պայմանագրով Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վարկառուին տրամադրել 244.000 ԱՄՆ դոլարի չափով գումար:

Ընկերության, որպես վարկատուի, անհատ ձեռնարկատեր Վահագն Սարգսյանի, որպես վարկառուի, և Հայկանուշ Սարգսյանի, որպես գրավատուի, միջև 19.12.2014 թվականին կնքված գույքի գրավի հիփոթեքի թիվ 02625-Հ/Ա պայմանագրով Վահագն Սարգսյանին և Հայկանուշ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը գրավադրվել է` ի ապահովումն 19.12.2014 թվականի թիվ ՎԼ02625 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարման (հավելված, գ.թ. 21-23):

3. Դատարանի 11.11.2021 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որում Ընկերության 271.978,30 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցվել է որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով գրավով ապահովված պահանջ (հավելված, գ.թ. 24-31):

4. 11.08.2020 թվականին Ընկերությունը ներկայացրել է Վահագն Սարգսյանին սնանկ ճանաչելու մասին դիմում, որը ՀՀ սնանկության դատարանի (դատավոր Տ. Փոլադյան) 12.08.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, և 27.05.2021 թվականի վճռով բավարարվել է (հավելված, գ.թ. 44-46):

5. Հայկանուշ Սարգսյանի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանը 15.04.2022 թվականին դիմել է սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանին` հայտնելով, որ 27.05.2021 թվականին Վահագն Սարգսյանը ճանաչվել է սնանկ, ուստի ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի հիման վրա չի մտնում սույն գործով պարտապանի գույքի կազմի մեջ (հավելված, գ.թ. 42):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

i

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի կիրառման հարցին` այն դեպքում, երբ պարտապաններից մեկի սնանկության վարույթը հարուցվել է մինչև 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, իսկ մյուսի սնանկության վարույթը` այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

i

Մինչև 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքով գործող խմբագրությամբ (այսուհետ` Նախկին խմբագրությամբ) Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում ապահովված իրավունք ունեցող պարտատիրոջ ապահովված իրավունքի առարկայի վրա, եթե դատարանը սույն օրենքով սահմանված կարգով պարտատիրոջը թույլատրել է դրա իրացումը արտադատական կարգով:

i

Նախկին խմբագրությամբ Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

i

Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին: (...):

i

Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում, ապա նա իր ապահովված պահանջների բավարարումը ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

i

Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը կարող է պահանջել` ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել ապահովված իրավունքի առարկայի վաճառքից ստացված միջոցների հաշվին:

i

Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը Նախկին խմբագրությամբ Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի մեկնաբանության շրջանակներում անդրադարձել է նաև իրավական այն հարցադրմանը, թե արդյոք ի ապահովումն սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման երրորդ անձին պատկանող գրավադրված գույքը կարող է սնանկության վարույթի շրջանակներում ընդգրկվել պարտապանի գույքի կազմում:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես արձանագրել է, որ (...) ընդհանուր կանոնի համաձայն` գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին: Այսինքն` օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռելով ապահովված պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարումը գրավադրված գույքի հաշվին` շրջանցելով սնանկության գործով վարույթը, միաժամանակ սահմանել է այն պարտադիր պայմանը, որի պահպանման դեպքում միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը կարող է գործել: Նշված պայմանի չպահպանման դեպքում` գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը դրանից բավարարում կարող է ստանալ բացառապես սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում: Ընդ որում, վերը նշված կարգավորումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերում, երբ սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների ապահովման համար գրավադրվել է երրորդ անձին պատկանող գույք: Նման եզրահանգումը բխում է ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի իրավակարգավորումից, այնպես էլ գրավի ինստիտուտի էությունից: Հետևաբար` այն դեպքում, երբ ի ապահովումն սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման` գրավադրված է երրորդ անձին պատկանող գույք և պարտատերը դատարանին չի ծանուցել մորատորիում չտարածելու մասին, վերջինս չի կարող գրավադրված գույքից բավարարում ստանալ ընդհանուր կարգով` շրջանցելով սնանկության վարույթը: Նմանատիպ փաստական հանգամանքների դեպքում ապահովված պարտատերը կարող է բավարարում ստանալ միայն սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ «Կալաչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԿԴ/0469/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Նախկին խմբագրությամբ Օրենքի կարգավորումների և դրանց կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովված պարտատիրոջ պահանջը երրորդ անձի գույքով ապահովված լինելու դեպքում պարտապանի և երրորդ անձ գրավատուների միաժամանակյա սնանկության դեպքում պարտատիրոջ պահանջի բավարարման, ինչպես նաև երրորդ անձ գրավատուի սնանկության պայմաններում այդ գույքի իրացման հարցերը Նախկին խմբագրությամբ Օրենքով կարգավորված չէին: Նշված կարգավորումներով միայն սահմանված էր, որ գրավի առարկան ներառվում է պարտապանի գույքի կազմում` բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքի, երբ պարտատերը դատարանին ծանուցել է մորատորիում չտարածելու մասին, և դատարանը թույլատրել է արտադատական կարգով դրա իրացումը: ՀՀ վճռաբեկ դատարանն էլ իր որոշմամբ արձանագրել էր, որ նույն կարգավորումը գործում է երրորդ անձին պատկանող գրավի առարկայի դեպքում նույնպես:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքում 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում կարգավորվեցին սնանկ ճանաչված պարտապանի և սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի գրավի առարկա գույքի վաճառքի հետ կապված հարցերը, և լուծում ստացավ պարտապանի և երրորդ անձի միաժամանակյա սնանկության դեպքում ապահովված իրավունքի առարկայի իրացման հարցը:

12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով «Սնանկության մասին» ՀՀ օրենքը լրացվեց հետևյալ բովանդակությունն ունեցող 10.1-10.4-րդ մասերով`

«(...) 10.2. Եթե պարտապանը և երրորդ անձ գրավատուն ճանաչվել են սնանկ, ապա սույն հոդվածի 10-րդ մասում նշված գույքի իրացումը կատարվում է պարտապանի սնանկության վարույթում, իսկ եթե գույքը ծանրաբեռնված է տարբեր պարտապանների սնանկության վարույթներով ապահովված պահանջներով, ապա այն իրացվում է սնանկության այն վարույթում, որտեղ այդ գույքով ապահովված իրավունքն առաջնային է: Սնանկության որևէ վարույթում գույքի իրացվելուց և ապահովված պահանջները բավարարելուց հետո պահանջների չափի և գույքի իրացման արժեքի տարբերությունը փոխանցվում է երրորդ անձի սնանկության վարույթի հատուկ հաշվին: (...)»:

i

12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:

Սույն սնանկության գործով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը` անհատ ձեռնարկատեր Հայկանուշ Սարգսյանին սնանկ ճանաչելու մասին, Դատարանի 04.05.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:

10.06.2021 թվականին Դատարանում մուտքագրվել է պարտապանի նկատմամբ Ընկերության գրավոր պահանջը` 271.978,30 ԱՄՆ դոլարի և 3.499.185 ՀՀ դրամի չափով, որպես ապահովված պահանջ գրանցելու մասին: Պահանջի հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները`

Ընկերության, որպես վարկատուի, և անհատ ձեռնարկատեր Վահագն Սարգսյանի, որպես վարկառուի, միջև 19.12.2014 թվականին կնքված թիվ ՎԼ02625 վարկային պայմանագրով Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վարկառուին տրամադրել 244.000 ԱՄՆ դոլարի չափով գումար:

Ընկերության, որպես վարկատուի, անհատ ձեռնարկատեր Վահագն Սարգսյանի, որպես վարկառուի, և Հայկանուշ Սարգսյանի, որպես գրավատուի, միջև 19.12.2014 թվականին կնքված գույքի գրավի հիփոթեքի թիվ 02625-Հ/Ա պայմանագրով Վահագն Սարգսյանին և Հայկանուշ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը գրավադրվել է` ի ապահովումն 19.12.2014 թվականի թիվ ՎԼ02625 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորության կատարման (հավելված, գ.թ. 21-23):

Դատարանի 11.11.2021 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որում Ընկերության 271.978,30 ԱՄՆ դոլարի չափով պահանջը գրանցվել է որպես Օրենքի 43-րդ հոդվածով գրավով ապահովված պահանջ (հավելված, գ.թ. 24-31):

Դատարանի 01.04.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը` գույքի վաճառքի ծրագիրը հաստատելու և ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառել թույլատրելու մասին, բավարարվել է:

Դատարանը 25.04.2022 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի միջնորդությունը` ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատելու մասին, բավարարել է գործող խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի հիման վրա` այն փաստերի վկայակոչմամբ, որ «Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 27.05.2021թ. վճռով Վահագն Վարդանի Սարգսյանը ճանաչվել է սնանկ և այն, որ «Յունիվերսալ Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ապահովված պահանջ է ներկայացրել նաև հիմնական վարկառու Վահագն Վարդանի Սարգսյանի սնանկության գործով, (...)»:

Վերաքննիչ դատարանը 13.06.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է` վերացրել է Դատարանի 25.04.2022 թվականի որոշումն այն պատճառաբանությամբ, որ «(...) թիվ ՍնԴ/0013/04/18 սնանկության գործով դիմումը Դատարան է ներկայացվել 19.04.2018 թվականին և 04.05.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքը ուժի մեջ է մտել 15.04.2020 թվականին, որպիսի պայմաններում »»Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019 թվականի թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները կիրառելի չեն սույն սնանկության գործի նկատմամբ, (...):

(...) քանի որ տարբեր դիմումներով հարուցված սնանկության վարույթները հանդիսանում են առանձին դատավարություններ, ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքում նշված հարցի կապակցությամբ հատուկ կարգավորման բացակայության պայմաններում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով, իսկ նշված կանոնից որևէ բացառություն, այդ թվում` փոխկապակցված երկրորդ գործի առկայությամբ պայմանավորված, սահմանված չէ: (...)»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրահանգման, որ «(...) անկախ սույն սնանկության վարույթի հարուցումից հետո պարտավորաիրավական հարաբերություններում փոխկապակցված անձի սնանկ ճանաչված լինելուց, գրավադրված գույքը սույն սնանկության գործով արդեն իսկ հանդիսացել է Պարտապանի գույքի կազմում ներառված գույք, ուստի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի կիրառելի խմբագրությամբ նորմերի հիման վրա, այն ենթակա էր իրացման սույն սնանկության վարույթում, ինչը և թույլատրվել էր Դատարանի կողմից 01.04.2022 թվականին կայացված որոշմամբ: (...)»:

Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վահագն Սարգսյանի սնանկության վարույթը հարուցվել է, Ընկերության հարկադրված սնանկության դիմումը ՀՀ սնանկության դատարանը վարույթ ընդունել է 12.08.2020 թվականին:

Հայկանուշ Սարգսյանի սնանկության վարույթը հարուցվել է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկադրված սնանկության դիմումը ՀՀ սնանկության դատարանը վարույթ ընդունել է 04.05.2018 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության հանդեպ ստանձնած նույն պարտավորության շրջանակներում գրավատու հանդիսացող անձի սնանկության վարույթը հարուցվել է 04.05.2018 թվականին, երբ 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքը դեռևս ուժի մեջ չէր մտել (ուժի մեջ է մտել 15.04.2020 թվականին), մինչդեռ հիմնական պարտապան Վահագն Սարգսյանի սնանկության վարույթը հարուցվել է այդ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 12.08.2020 թվականին:

i

Տվյալ դեպքում Ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորության շրջանակում պարտապան Վահագն Սարգսյանի և երրորդ անձ գրավատու Հայկանուշ Սարգսյանի սնանկության վարույթները ժամանակագրական առումով հարուցվել են այնպես, որ սույն գործով սնանկության վարույթի նկատմամբ կիրառելի է Նախկին խմբագրությամբ Օրենքը, իսկ հիմնական պարտապանի սնանկության վարույթի նկատմամբ` 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքով լրացված և փոփոխված Օրենքի խմբագրությունը: Սույն գործով սնանկության վարույթի նկատմամբ Նախկին խմբագրությամբ Օրենքի դրույթները կիրառելու արդյունքում ապահովված առարկա ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրը պետք է ներառվի Հայկանուշ Սարգսյանի գույքի կազմում` որպես նրան պատկանող գույք, մինչդեռ Վահագն Սարգսյանի սնանկության վարույթի շրջանակներում Օրենքի 43-րդ հոդվածի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի հիման վրա այն պետք է իրացվի այդ սնանկության վարույթում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովված առարկայի` ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի, իրացման հարցը սնանկության երկու վարույթների միջև փոխադարձ կապվածություն լինելու պայմաններում չպետք է մեկուսի քննարկվի և լուծվի: Տվյալ դեպքում պետք է առաջնորդվել որոշակիության, կանխատեսելիության պահանջները պահպանելու, մատչելի և արդյունավետ ընթացակարգերի կիրառման առաջնահերթությունն ապահովելու կանոնով: Հիմնական պարտապանի և երրորդ անձ գրավատուի սնանկության վարույթները թեև առանձին վարույթներ են, այդուհանդերձ առնվազն ապահովված առարկայի մասով դրանք փոխկապակցված են, ուստի առաջանում է զուգահեռ ընթացող սնանկության վարույթների հարաբերակցությունը և հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտություն: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ անհրաժեշտությունը բխում է Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված` իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության պահանջից, որի ապահովման գլխավոր պահանջներից է իրավական որոշակիության սկզբունքը:

i

Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` ՀՀ Սահմանադրական դատարանը 02.04.2019 թվականի թիվ ՍԴՈ-1452 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձևակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձևավորելու իր վարքագիծը, այլև կանխատեսելու, թե ինչպիսին կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ինչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում:

i

ՀՀ Սահմանադրական դատարանը 03.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշմամբ արձանագրել է, որ նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս և Վահագն Սարգսյանի սնանկության վարույթների միջև հավասարակշռված և որոշակի հարաբերակցություն ապահովելու պահանջը միտված է նաև երաշխավորելու վարույթների ընթացքի կանխատեսելիությունը և արդյունավետությունը, քանի որ պարտապանների գույքի կազմը որոշակի և հստակ լինելու պայմաններում վարույթի մասնակիցները, առավելապես պարտատերերն ի վիճակի կլինեն կանխատեսել վրա հասնող հնարավոր հետևանքները և դրսևորել համապատասխան վարքագիծ` ապահովելով ողջամիտ հավասարակշռություն իրենց իրավունքների և օրինական շահերի միջև:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի փաստերը մեկուսի գնահատելու դեպքում թեև իրավաչափ է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն կիրառելի է Վահագն Սարգսյանի սնանկության վարույթի նկատմամբ, իսկ սնանկության երկու վարույթների միջև կանխատեսելի և ողջամիտ հարաբերակցություն ու հավասարակշռություն ապահովելու կանոնը պահանջում է այդ հանգամանքի գնահատում: Ավելին` ապահովված առարկայի իրացման հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը խախտել է նաև Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածը և անտեսել է գրավի` որպես իրային իրավունքի, առանձնահատկությունները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները` (...) 4) գրավի, (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:

Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գրավի իրավունքը կամ գրավը պարտավորությունների` իրային-իրավական ապահովման միջոց է, որը գրավառուին իրավունք է վերապահում հիմնական պարտավորության չկատարման դեպքում գրավատուի այլ պարտատերերի հանդեպ նախապատվության իրավունքով բավարարում ստանալու գրավի առարկայի արժեքից: Վերոգրյալ բնորոշումից բխում է, որ գրավով ապահովված պարտավորության պարտատերը գրավի առարկայի արժեքից իր պահանջի բավարարման նախապատվության իրավունք ունի մյուս պարտատերերի նկատմամբ, այսինքն` գրավով ապահովված պարտավորության պարտապանի մյուս պարտատերերի համեմատությամբ գրավով ապահովված պարտավորության պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման նախապատվության իրավունքով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին բնորոշ են իրային իրավունքներին ներհատուկ հետևյալ առանձնահատկությունները.

- «բացարձակ իրավունքը». գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը` ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

i

- «հետևելու իրավունքը». գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ) (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վերոշարադրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի` ապահովված պարտավորությանը հետևելու և նախապատվության հիմքով ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարմանն ուղղվելու սկզբունքն ամրագրված էր թե՛ Նախկին և թե՛ գործող խմբագրությամբ Օրենքով: Երկու դեպքում էլ գրավով ապահովված պահանջի առկայության դեպքում ապահովված պարտատերը պարտապանի այլ պարտատերերի նկատմամբ նախապատվության իրավունքով գրավի առարկայի հաշվին բավարարում ստանալու իրավունք ուներ: Այսինքն` Նախկին խմբագրությամբ Օրենքի 43-րդ հոդվածն այս սնանկության գործի նկատմամբ կիրառելու պայմաններում անգամ Վերաքննիչ դատարանն անտեսել է գրավի, այս դեպքում` ՀՀ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի 23 փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի, Վահագն Սարգսյանի ստանձնած վարկային պարտավորությանը հետևելու կանոնը:

Մինչդեռ սույն գործով վարույթի շրջանակներում ապահովված առարկայի իրացման հարցի լուծումը կանխորոշելու է մյուս` հիմնական պարտապան Վահագն Սարգսյանի սնանկության վարույթում իրավական նորմի կիրառման հնարավորությունը և նույն առարկայի իրավական ճակատագիրը: Հետևաբար` սույն գործով գնահատման է ենթակա Վահագն Սարգսյանի սնանկ ճանաչելու ժամանակահատվածը և գրավի իրավահարաբերությունների առկայությունը, ուստիև կիրառման է ենթակա այդ ժամանակահատվածի նկատմամբ կիրառելի Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ եթե դատարանը երկու իրավաչափ հնարավորություն ունի մեկնաբանելու նորմը, ապա դատարանը պետք է նախընտրություն տա նորմի այնպիսի մեկնաբանությանը, որով ավելորդ չի դարձնի երկու նորմերից որևէ մեկի գործողությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վարույթի շրջանակներում ապահովված առարկան պարտապանի գույքի կազմում ներառելու և հրապարակային սակարկությունների միջոցով դրա իրացումը թույլատրելու դեպքում Վահագն Սարգսյանի սնանկության վարույթի շրջանակներում Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասի կիրառումն օբյեկտիվորեն դառնալու է անհնար` վտանգելով իրավակարգավորման և դատավարության կանխատեսելիությունն ու սնանկության վարույթի մասնակիցներին զրկելով համապատասխան վարքագիծ դրսևորելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն անտեսել է սնանկության երկու վարույթների փոխկապակցվածության հարցը և չի գնահատել դրանց միջև հարաբերակցությունն ու հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունը, ինչի հետևանքով հանգել է սխալ եզրահանգման:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավական պետությունում անթույլատրելի է, որ հստակ և որոշակի շարադրված իրավանորմը, տվյալ դեպքում` պարտապանի և երրորդ անձ գրավատուի միաժամանակյա սնանկության դեպքում ապահովված առարկան պարտապանի սնանկության վարույթում իրացնելու մասին Օրենքի 43-րդ հոդվածի 10.2-րդ մասը, կորցնի իր կիրառելիությունը` վտանգելով իրավական որոշակիության պահանջը:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 13.06.2022 թվականի որոշումը վերացնելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումը հանգեցրել է հարցի սխալ լուծման, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 13.06.2022 թվականի դատական ակտի վերացման հետևանքով օրինական ուժի մեջ է մտնում ՀՀ սնանկության դատարանի 25.04.2022 թվականի «Հրապարակային սակարկություններով գույքի իրացումը ընդհատելու մասին» որոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2022 թվականի որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Մկրտչյան

Ա. Բարսեղյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 մարտի 2023 թվական:

 

http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=16325548649283816

 

Միասնական կայք` 27.11.23-10.12.23

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.03.2023
N ԿԴ/0013/04/18
Որոշում