ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ Վարչական գործ թիվ ՎԴ/4109/05/10
դատարանի որոշում 2013 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4109/05/10
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
Դատավորներ` Ա. Աբովյան
Ա. Առաքելյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի
Վ. Աբելյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2013 թվականի դեկտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Արեն-Մեկ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.08.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արեն-Մեկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 18.09.2010 թվականի թիվ 2329514 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 18.09.2010 թվականի թիվ 2329514 ստուգման ակտը (այսուհետ` Ստուգման ակտ):
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) 06.08.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.12.2011 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական դատարանի 06.08.2011 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան)13.03.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2013 թվականի որոշմամբ Տեսչության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 13.03.2013 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի «գ» կետը, 34-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ Տեսչության կողմից ստուգումն իրականացնելիս թույլ են տրվել օրենսդրությամբ սահմանված մի շարք խախտումներ: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տեսչությունը չի ապացուցել այն հանգամանքը, որ 16քմ մակերեսով տարածքը չի նշվել Ընկերության կողմից ներկայացված հայտարարության մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.03.2013 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Ընկերությունը Երևանի Կիևյան թիվ 15 հասցեում իրականացնում է հանրային սննդի ոլորտում գործունեություն, որի համար Տեսչություն է ներկայացրել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն` 2010 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար 46քմ մակերեսի համար (հատոր 1-ին, գ.թ. 28):
2) Տեսչության պետի 17.09.2010 թվականի թիվ 2329514 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում (ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջան` 01.06.1995 թվականից մինչև ստուգման ավարտ), ինչպես նաև վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտության ստուգում (ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջան` 28.12.2007 թվականից մինչև ստուգման ավարտ): Ստուգման արդյունքում 18.09.2010 թվականին կազմվել է թիվ 2329514 ստուգման ակտը, որով Ընկերությանը հաստատագրված վճարների գծով առաջադրվել է 265.000 ՀՀ դրամի պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 21-23):
3) Ստուգման ակտի 3-րդ կետով արձանագրվել է, որ «...կազմակերպությունը ք. Երևան, Կիևյան թիվ 15 հասցեում իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որի համար ՀՏ է ներկայացրել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն հուլիս-դեկտեմբեր ամիսների համար 46քմ: Միաժամանակ պարզվեց, որ կազմակերպությունը ՀՏ ներկայացրած ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հայտարարության մեջ չի ներառել 16քմ տարածք, որով խախտվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը: Նույն օրենքի 34-րդ, 35-րդ, 36-րդ հոդվածների համաձայն` կազմակերպության մոտ տեղի է ունենում ուղղիչ գործակցի փոփոխություն նախկին 0,75 փոխարեն 1 (50քմ ավելի դեպքում) և հաշվարկվում է հաստատագրված վճարի գումար` 124.000 ՀՀ դրամ` մեկ ամսվա համար (62,2քմ x 2000 x 1): Այսպիսով ենթակա է վճարման բյուջե պակաս վճարված հաստատագրված վճարի գումար` 165.000 ՀՀ դրամ (3 ամիս (62,2քմ x 2000 x 1) -(46,2քմ x 2000 x 0,75)): Ինչպես նաև համաձայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ կետի` տուգանք` պակաս հաշվարկված հաստատագրված վճարի 50% -ի չափով` 82.500 ՀՀ դրամ (165.000 x 50%): Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` հաշվարկվում է տուգանք` 11.000 ՀՀ դրամ` հուլիս-օգոստոս ամիսների համար: Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հաշվարկվում է տույժ` 2.000 ՀՀ դրամ: Այսպիսով ենթակա է պետական բյուջե գանձնման հաստատագրված վճար` 265.000 ՀՀ դրամ» (հատոր 1-ին, գ.թ. 20-23):
4) Համաձայն թիվ 2506673 սեփականության իրավունքի վկայականի «Շենքի հատակագիծը» բաժնում նշված հատակագծի` Երևանի Կիևյան փողոցի 15-րդ շենքի թիվ 35 շինության թիվ 6, 7, 10 և 1 սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է 64,1քմ, այդ թվում թիվ 6, 7, 10 սենյակների մակերեսը կազմում է 29,6քմ, թիվ 1 սենյակի մակերեսը` 34,5քմ: Ընկերության կողմից Տեսչություն է ներկայացվել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն 46քմ մակերեսի վերաբերյալ, որն իր մեջ ներառել է թիվ 6, 7, 10 սենյակների մակերեսներն ամբողջությամբ և թիվ 1 սենյակի մի մասը` 16,4քմ մակերեսով» (հատոր 1-ին, գ.թ. 17-19):
5) Ստուգման ակտում նշված և հայտարարության մեջ չներառված 16քմ մակերեսով տարածքը կազմում է Ընկերության կողմից վարձակալված բնակելի տարածքի թիվ 1 սենյակի (ըստ սեփականության իրավունքի գրանցման վկայականի 34,5քմ մակերես) մի մասը, որից Ընկերությունը որպես սպասարկման սրահ օգտագործում է 16,8քմ մակերեսը, մնացած` 12,3 և 9 քմ մակերեսներով տարածքները, համապատասխանաբար ընդգրկում են բարի տարածքը և միջանցքը, որով հաճախորդները ելք ու մուտք են գործում մյուս սենյակներ (հատոր 1-ին, գ.թ. 17-19, 65-67):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել հաստատագրված վճարների մասին օրենսդրության մեջ կիրառվող` «սպասարկման սրահ» հասկացության բովանդակությունը:
i
Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «գ» ենթակետի համաձայն` հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը հանդիսանում է հաստատագրված վճարով հարկվող գործունեություն:
Վերոնշյալ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի իմաստով`
i
ա) հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը.
բ) խոհարարական արտադրանք է համարվում կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսաֆաբրիկատների համախումբը.
գ) հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը.
դ) բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:
Նույն օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք..., իսկ 34-րդ հոդվածը սահմանում է, որ հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով:
i
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի հիմքով ընդունված` ««Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգչական նամակը հաստատելու մասին» ՀՀ հարկային տեսչության 30.12.1998 թվականի թիվ 01/60 հրամանի 4.2 կետի 1-ին պարբերության համաձայն` հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը, քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված, հատուկ կահավորված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառման և հանրային սննդի գործունեության իրականացման վայրում նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները (մասնավորապես` բեմահարթակների, պարահրապարակների, առանձնասենյակների և այլն):
Վերոնշյալ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը հանդիսանում է հաստատագրված վճարով հարկվող գործունեություն, իսկ հանրային սննդի ոլորտում գործունեություն է համարվում խոհարարական պատրաստի արտադրանքի` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսաֆաբրիկատների սպառման և իրացման կազմակերպումը համապատասխան տարածքում` հանրային սննդի սպասարկման սրահում: Մասնավորապես` հաստատագրված վճարի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով, իսկ հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսը` քառակուսի մետրերով արտահայտված, պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված, հատուկ կահավորված այն տարածքն է, որը ներառում է սպառողների կողմից պատրաստի խոհարարական արտադրանքի սպառում և կազմակերպում, ինչպես նաև նրանց ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածքները` բեմահարթակներ, պարահրապարակներ, առանձնասենյակներ:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը գործունեություն է իրականացրել հանրային սննդի ոլորտում և հանդիսացել է հաստատագրված վճար վճարող, որի համար Տեսչություն է ներկայացրել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն 2010 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար` 46քմ մակերեսի չափով: Տեսչության պետի 17.09.2010 թվականի թիվ 2329514 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում իրականացվել է հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում, որի արդյունքում 18.09.2010 թվականին կազմվել է թիվ 2329514 ստուգման ակտը, համաձայն որի` Ընկերությանը հաստատագրված վճարների գծով առաջադրվել է 265.000 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Մասնավորապես` Ստուգման ակտում նշվել է, որ Ընկերության կողմից ներկայացված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հայտարարության մեջ չի ներառվել 16քմ մակերեսով տարածքը, որով խախտվել է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, դրա հիման վրա էլ հաշվարկել է պակաս վճարված հաստատագրված վճարի գումարը, տուգանքները և տույժերը:
Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Ստուգման ակտով արձանագրված 16քմ մակերեսով տարածքը, որը չի ներառվել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության մեջ, հանդիսանում է վերը նշված հասցեում գործող հանրային սննդի օբյեկտի թիվ 1 տարածքի մի մասը` ընդգրկելով բարի և միջանցքի տարածքը, որտեղից մուտք է բացվում սեփականության իրավունքի գրանցման վկայականում ներառված հատակագծով նշված թիվ 6, 7, 10 սենյակները: Տվյալ դեպքում Դատարանի գնահատմամբ թիվ 1 սենյակի` բարի համար օգտագործվող տարածքը և միջանցքը չեն կարող դիտվել հանրային սննդի սպասարկման սրահ և համարվել հաստատագրված վճարով հարկվող օբյեկտ, քանի որ այն չի համարվում օրենքով սահմանված պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածք: Մասնավորապես` բարի սեղանի առջև տեղադրված չեն աթոռներ, իսկ միջանցքում հնարավոր չէ իրացնել պատրաստի խոհարարական արտադրանք, քանի որ չկան տեղադրված սեղաններ և աթոռներ, հնարավոր չէ դիտել որպես ժամանցը կազմակերպելու համար նախատեսված տարածք, քանի որ այնտեղ տեղադրված չէ բեմահարթակ կամ չի կարող ծառայել որպես պարահրապարակ: Վարչական մարմինը չի հիմնավորել, որ ակտով արձանագրված, հայտարարության մեջ չնշված 16քմ մակերեսով տարածքում Ընկերությունը խոհարարական արտադրանքի իրացում է կազմակերպել, այսինքն` իրականացրել է հանրային սննդի ոլորտում գործունեություն, որպիսի պարագայում միայն Ընկերությանը կարող էր վերագրվել ակտով արձանագրված խախտումը և առաջադրվել 265.000 ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Վերաքննիչ դատարանը բողոքը բավարարելիս իր պատճառաբանությունների հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից վարձակալվել է 131,5քմ ընդհանուր մակերեսով տարածք, որը բաժանված էր առանձին սրահների: Ընկերության կողմից Տեսչություն է ներկայացվել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն` նշված շինության թիվ 6, 7, 10 սենյակների և թիվ 1 սենյակի տարածքի մի մասի` ընդհանուր 46քմ մակերեսի վերաբերյալ, որն իր մեջ ներառել է թիվ 6, 7, 10 սենյակներն ամբողջությամբ և թիվ 1 սենյակից 18,5քմ մակերեսը, և հայտարարության մեջ չի ընդգրկվել թիվ 1 սենյակից 16քմ մակերեսով տարածքը: Նշված 16քմ մակերեսով տարածքում տեղադրված են բազմոցներ և սեղաններ, սրահի մնացած մասով ելակետային տվյալների հայտարարություն չի ներկայացվել այն չօգտագործելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով գործով հավաքված ապացույցները, ներկայացված լուսանկարները, գտել է, որ նշված տարածքն Ընկերությունը պետք է ընդգրկեր Տեսչություն ներկայացված հայտարարության մեջ, քանի որ այն հանդիսանում է սպասարկման սրահ` տարածք, որտեղ կազմակերպվում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացումը և սպառումը: Հետևաբար առկա չեն հիմքեր ստուգման ակտն անվավեր ճանաչելու համար:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ բողոքարկվող որոշման մեջ առկա չէ որևէ իրավական հիմնավորում խնդրո առարկա 16քմ մակերեսով տարածքի` սպասարկման սրահ հանդիսանալու վերաբերյալ այն պայմաններում, երբ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` հանրային սննդի սպասարկման սրահն իրենից ներկայացնում է հատուկ կահավորված այնպիսի տարածք, որն անմիջականորեն նախատեսված է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար: Իսկ սույն գործով Ստուգման ակտում նշված 16քմ մակերեսով տարածքն իր մեջ ներառում է բարի և միջանցքի տարածքները, որոնք ունեն սահմանափակ նպատակային նշանակություն և նախատեսված չեն պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար: Տվյալ դեպքում բարը բարմենի աշխատավայրն է, այն հարմարեցված չէ սննդատեսակ իրացնելու և սպառելու համար, քանի որ բացակայում են հաճախորդների համար նախատեսված աթոռները, իսկ ինչ վերաբերում է այլ սենյակներ մուտքի և ելքի համար նախատեսված տարածքին` միջանցքին, ապա օրենքի իմաստով այն նույնպես չի կարող համարվել սպասարկման սրահ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ խնդրո առարկա 16քմ մակերեսով վերոնշյալ տարածքը, անմիջականորեն նախատեսված չլինելով արտադրանքի իրացման և սպառման համար, հաստատագրված վճարով հարկման օբյեկտ չէ, և ըստ այդմ Ընկերության կողմից նշված տարածքը ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարության մեջ չներառելը եղել է իրավաչափ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, որևէ կերպ չի պատճառաբանել իր այն համոզմունքի ձևավորումը, թե որ ապացույցների գնահատումից և հետազոտությունից է հաստատել այն փաստը, որ բարի և միջանցքի տարածքները հանդիսանում են սպասարկման սրահ, քանի որ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ բարի և միջանցքի տարածքներն օրենքի իմաստով կարող են համարվել սպասարկման սրահ` տարածք, որտեղ կազմակերպվում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացում և սպառում, ինչպես նաև այն, որ այնտեղ տեղադրված է բեմահարթակ, կամ այն կարող է ծառայել որպես պարահրապարակ, որպիսի հանգամանքների ապացուցման բեռն էլ կրում էր սույն գործով վարչական մարմինը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.08.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 13.03.2013 թվականի վճռին:
2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունից հօգուտ «Արեն-Մեկ» ՍՊԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան