ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2019 թվականի N 416-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲԵՐԴԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ (այսուհետ` հոսպիտալ):
2. Հոսպիտալի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Բերդ, Ա. Մանուկյան 25:
3. Սահմանել, որ հոսպիտալի`
1) գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների և քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության հասանելիությունն ապահովելն է.
2) խնդիրներն են`
ա. օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը (տրամադրումը),
բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի` իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.
3) գործառույթներն են`
ա. օրենքով սահմանված կարգով զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը,
բ. օրենքով սահմանված կարգով ավագ և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին մասնակցությունը,
գ. օրենքով սահմանված կարգով կրտսեր բուժաշխատողներին անհրաժեշտ հմտությունների և փորձի փոխանցումը,
դ. փոխգործակցության իրականացումն առողջապահության ոլորտի մարմինների, քաղաքացիական բժշկական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ,
ե. հետազոտական, գիտական և փորձարարական աշխատանքների իրականացումը, գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների ներմուծումն ու կիրառումը,
զ. ռազմական բժշկագիտության ոլորտում միջազգային փորձի օգտագործումը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի
Երևան