Սեղմել Esc փակելու համար:
ԼԱԼԱ ԱՍԼԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԱԼԱ ԱՍԼԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱ ...

 

 

020.1268.260416

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԼԱԼԱ ԱՍԼԻԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 132-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 136-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 ապրիլի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Լ. Ասլիկյանի և նրա ներկայացուցիչ Տ. Սաֆարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լալա Ասլիկյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Լալա Ասլիկյանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը» վերտառությամբ սույն գործով վիճարկվող 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը սահմանում են.

«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

...

4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է»:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ` սույն գործով վիճարկվող 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է.

«1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

...

3) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին»:

Սույն գործով վիճարկվող հոդվածներում փոփոխություն և (կամ) լրացում չի կատարվել:

2. Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով Լալա Ասլիկյանին ենթարկել վարչական պատասխանատվության: Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լալա Ասլիկյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների` 05.03.2014թ. գործողությունները: Դատարանի 27.04.2015թ. որոշմամբ վարչական գործի վարույթն ըստ հայցի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ընդդեմ Լալա Ասլիկյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, կարճվել է` հայցից հրաժարվելու հիմքով, իսկ ՀՀ վարչական դատարանի 16.07.2015թ. վճռով հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի նշված վճռի դեմ Լալա Ասլիկյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ վերջինս 04.09.2015թ. որոշմամբ ներկայացված բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ «... բաց է թողնվել բողոքարկման 1-ամսյա ժամկետը և չկա միջնորդություն այն վերականգնելու մասին: ... Նման պայմաններում, նկատի ունենալով, որ վճիռը կայացվել է 2015թ. հուլիսի 16-ին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2015թ. օգոստոսի 18-ին և ... չի ներկայացվել միջնորդություն` բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ... բողոքը ենթակա է վերադարձման»:

Նշված որոշման դեմ Լալա Ասլիկյանի ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Վճռաբեկ դատարանը 28.10.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու` դատարանների պարտականությունը, հակասում են ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 18-րդ և 19-րդ հոդվածներին:

Դիմողը, վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները, նշում է, որ այն դեպքերում, երբ ակտն իր բովանդակային մասով բողոքաբերին հասանելի է դառնում հրապարակման օրվանից հետո որոշ ժամանակ անց, բողոքաբերը հրապարակման պահից սկսած մինչև ամբողջական դատական ակտն ստանալու պահը չունի այն բողոքարկելու իրական հնարավորություն, քանի որ իր տրամադրության տակ չկան բողոքի արդյունավետության համար անհրաժեշտ կարևոր տվյալներ: Դիմողը նշում է նաև, որ վիճարկվող դրույթների բովանդակությունը հանգում է նրան, որ նույնիսկ բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (օրինակ` դատական ակտը փոստային առաքմամբ ուշ ստանալու պատճառով) վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի համարելու, վերաքննիչ բողոքը դատական ակտն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոքաբերը պետք է առանձին միջնորդությամբ խնդրի վերաքննիչ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ վերջինիս հայեցողության սահմաններն ու շրջանակները որևէ կերպ սահմանված չեն օրենքով: Դիմողը գտնում է նաև, որ դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը նշանակում է, որ բողոքաբերը կարող է իր բողոքը ներկայացնել այդ ժամկետում` ցանկացած օր, այդ թվում` ժամկետի վերջին օրը: Տվյալ դեպքում բողոքաբերը, բացի բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու, բողոքի հիմնական թեզերը վստահորդի հետ քննարկելու, մշակելու, համաձայնեցնելու գործողություններից, կախված իր աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներից, ինքն է որոշում այդ հանգամանքների հաշվառմամբ բողոքարկման մեկամսյա ժամկետում բողոքը ներկայացնելու հնարավոր օրը, որը որոշակի դեպքերում կարող է լինել նաև սահմանված ժամկետի վերջին օրը: Մինչդեռ, բողոքաբերի կամքից անկախ պատճառով, ինչպիսին է հանդիսանում փոստային առաքմամբ բողոքարկվող դատական ակտն ուշ ստանալը, իր բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետը փոքրանում է, եթե բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվի ակտի հրապարակման, այլ ոչ թե դրա ստացման օրվանից: Ընդ որում, այս դեպքում որևէ նշանակություն չունի, թե քանի օր ուշացումով է բողոքաբերն ստանում դատական ակտը:

ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխանաբար մի շարք որոշումներում և վճիռներում ամրագրված իրավական դիրքորոշումների տրամաբանության վրա հիմնվելով` դիմողը կարծում է, որ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված մեկամսյա ժամկետի փոխարեն ավելի քիչ ժամկետում այդ գործողությունը կատարելու պարտականություն սահմանելը և դա բողոքաբերի վրա դնելը դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակում է:

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկներին` գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Ըստ պատասխանողի` վիճարկվող իրավակարգավորմամբ սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետը ողջամիտ է, այն լիովին բավարար է սովորական հանգամանքներում արդյունավետորեն իրականացնելու համապատասխան բողոք ներկայացնող անձի դատական պաշտպանության իրավունքը:

Պատասխանող կողմը նշում է, որ անձի կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված բողոքարկման մեկամսյա ժամկետի բացթողման հանգամանքը տվյալ հիմքով գնահատելու համար անհրաժեշտ է որոշակի ապացույցների առկայություն, որոնք կհավաստեն, որ անձն իր կամքից անկախ, օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել իրացնելու իր բողոքարկման իրավունքը: Ընդ որում, այդ ապացույցները ենթակա են իրավական գնահատականի դատարանի կողմից:

Պատասխանող կողմն իրավական որոշակիության պահպանման նկատառումներով կարևորում է միջնորդության պահանջի առկայությունը և ընդգծում, որ «...առանց միջնորդության և միջնորդության հիմքում ընկած ապացույցների դատարանը չի կարող գնահատել, թե ինչ պատճառներով է անձը բաց թողել օրենքով սահմանված ժամկետը, առավել ևս, դա հնարավոր չէ ժամկետն ինքնին երկարացված համարելու օրենքի ուժով առանց դատարանի իրավական գնահատականի»:

Ըստ պատասխանողի` օրենսդիրը նկատի ունենալով հասարակական հարաբերությունների խիստ բազմազանությունը և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում փաստական հանգամանքների ինքնատիպությունը, չի կարող սպառիչ սահմանել, թե որ դեպքերում է դատարանը պարտավոր բաց թողնված ժամկետը հարգելի համարել: Օրենսդիրն այս հարցում դատարանին օժտել է հայեցողության որոշակի շրջանակով: Պատասխանողը նաև նշում է, որ միջնորդությունը պետք է բոլոր դեպքերում բավարարվի, եթե անձն ապացուցի, որ հարգելի պատճառով է բաց թողել ժամկետը: Դատարանը, որպես ընդհանուր կանոն, հայեցողություն ունի հանգամանքները հարգելի կամ ոչ հարգելի ճանաչելու հարցում, սակայն այն հանգամանքները, որոնք հարգելի համարելը կասկածից վեր է, ինչպիսին դատական ակտի գրավոր տեքստը անձի կամքից անկախ հանգամանքներում որոշակի ժամկետից հետո ստանալը, դատարանին որևէ այլընտրանք չեն թողնում, և նա բոլոր դեպքերում պարտավոր է բավարարել նման միջնորդությունները:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ միջնորդությամբ բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, կիրառված միջոցի և հետապնդվող նպատակի միջև առկա է ողջամիտ հարաբերակցություն, իսկ «միջնորդության մեխանիզմի առկայության պայմաններում դատարանի մատչելիությունն արդյունավետ է, քանզի անձն ունի հստակ և գործնական հնարավորություն բողոքարկելու իր իրավունքները շոշափող դատական ակտը»:

5. ՀՀ սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է համարում ելնել.

- հանրային իշխանության կողմից մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա արդյունավետ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3 և 81-րդ հոդվածներ),

- 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերում ամրագրված` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից` հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ.

ա) սույն գործով վիճարկվում են գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի, այդ ժամկետից հետո բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, ինչպես նաև վերաքննիչ բողոքը վերադարձնելու վարչական դատավարական իրավակարգավորումները: Այդ իրավակարգավորումները բովանդակային առումով համարժեք են գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու ժամկետի, այդ ժամկետից հետո բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վարչական դատավարական իրավակարգավորումներին, որոնց սահմանադրականության հարցը քննության առարկա է դարձել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1254 որոշմամբ,

բ) սույն գործով քննության առարկա դիմումի հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք, ըստ էության, վերաբերում են ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասին` ամբողջությամբ, այլ միայն այդ մասի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը ...» դրույթին,

գ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ (114-րդ հոդվածի 2-րդ մաս), հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին: Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան (114-րդ հոդվածի 7-րդ մաս), վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (127-րդ հոդվածի 1-ին մաս),

դ) սույն գործով քննության առարկա դիմումի մուտքագրման պահին գործել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը, և դիմողը վիճարկվող իրավակարգավորումները վիճահարույց է համարել ՀՀ Սահմանադրության այդ խմբագրությամբ 18 և 19-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-3-րդ գլուխներն ուժի մեջ են մտել 2015 թվականի դեկտեմբերի 22-ից, ուստի սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը քննության առարկա է հանդիսանում 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի համատեքստում:

6. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ.

ա) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-1052 որոշմամբ քննության առարկա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՍԴՈ-1062 որոշմամբ քննության առարկա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի և ՍԴՈ-1254 որոշմամբ քննության առարկա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների տրամաբանության հետ,

բ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-1052 որոշմամբ քննության առարկա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և ՍԴՈ-1254 որոշմամբ քննության առարկա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումների տրամաբանության հետ,

գ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-1249 որոշմամբ քննության առարկա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և ՍԴՈ-1254 որոշմամբ քննության առարկա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումների տրամաբանության հետ:

Հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումներով քննության առարկա իրավակարգավորումների և սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների բովանդակային համարժեքությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով քննության առարկա իրավակարգավորումների առնչությամբ:

i

7. Նկատի ունենալով դատական ակտերի բողոքարկման ժամկետների, և այդ ժամկետներից հետո բերված բողոքները վարույթ ընդունելու, դրանք վերադարձնելու կամ առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերի իրավակարգավորումների բովանդակային համարժեքությունը, այդ իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների միասնականությունը, սույն գործի շրջանակներում ևս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական պրակտիկայի առկա վիճակի ուսումնասիրությանը: Հիշյալ ուսումնասիրության արդյունքներով, մասնավորապես, արձանագրվում է.

1) ՀՀ վճռաբեկ դատարանը 2016 թվականի մարտի 31-ի ԵՇԴ/0133/01/14 քրեական գործով կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում, մասնավորապես նշելով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը հրապարակվել է 2016 թվականի հունվարի 14-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշումը ստացվել է 2016 թվականի փետրվարի 4-ին, իսկ վճռաբեկ բողոքը բերվել` 2016 թվականի մարտի 4-ին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետն անցնելուց հետո: Վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ վճռաբեկ բողոքը ներկայացվել է բողոքարկվող դատական ակտը ստանալու պահից 27-օրյա ժամկետի խախտմամբ, հետևաբար` բողոքարկվող ակտը 2016 թվականի փետրվարի 4-ին ստանալու վերաբերյալ բողոք ներկայացրած անձի հիմնավորումը չի կարող բավարար համարվել վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին բողոքաբերի միջնորդությունը բավարարելու համար:

Հիշատակված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է միայն բողոքաբերի կողմից բողոքարկվող դատական ակտն ստանալու փաստը և չի արձանագրել այդ ակտի ամբողջական տեքստը բողոքաբերին տրամադրելու, նրան պաշտոնապես հասանելի դարձնելու այլ փաստ: Հարկ է ընդգծել, որ բողոքարկվող դատական ակտի հրապարակման օրվա (14.01.2016թ.) և այդ ակտը բողոքաբերի ստանալու օրվա (04.02.2016թ.) համադրումը ցույց է տալիս, որ բողոքարկվող դատական ակտը բողոքաբերին չի տրամադրվել (հասանելի չի դարձվել) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1062 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ սահմանադրությանը համապատասխանող` այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jսre) ճանաչվում է հարգելի: Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1052 որոշմամբ որպես երաշխիք ճանաչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածն այնքանով, որքանով այդ հոդվածի 2-րդ մասի «ուղարկվում է» եզրույթը երաշխավորում է եռօրյա ժամկետում դատական ակտի ամբողջական տեքստի տրամադրումը (հասանելիությունը) բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին:

Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների ուժով իրավակիրառական պրակտիկան պետք է առաջնորդվի այն ընկալմամբ, որ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից` այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1062 որոշմամբ ամրագրել է և ՍԴՈ-1249 որոշմամբ կրկին արձանագրել այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «... գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ: Ինչպես արդեն նշվեց, սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի (հասանելի դարձվի) անձին: Այսինքն, համաձայն գործող օրենսդրության` անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար»:

Վկայակոչված իրավական դիրքորոշմամբ նշված «առնվազն 27 օր ժամանակը» չի կարող դիտարկվել բողոք ներկայացնելու համար հաշվարկման ենթակա ինքնուրույն և առավելագույն ժամկետ: Միայն այն դեպքում, երբ դատական ակտի հրապարակման պահից օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) պետք է ունենա առնվազն 27 օր ժամանակ, որպես նվազագույն ժամկետ, հիմնավոր բողոք ներկայացնելու համար,

2) ՀՀ վճռաբեկ դատարանը 2016 թվականի մարտի 25-ի ԵՇԴ/0129/01/14 քրեական գործով կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում, մասնավորապես նշելով, որ բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պետք է մերժել, քանի որ այն պատճառաբանված չէ:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1249 որոշմամբ ամրագրել է և ՍԴՈ-1254 որոշմամբ կրկին արձանագրել, մասնավորապես, այն իրավական դիրքորոշումները, համաձայն որոնց` «...երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը: ... երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով»:

Այսինքն` բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության պատճառաբանվածության այլ պայման Սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումներով չի ամրագրել: Տվյալ իրավակարգավորման սահմանադրաիրավական բովանդակությունից բխող պայմանն այն է, որ այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված եռօրյա ժամկետից հետո, ապա պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները:

Վերոհիշյալ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ դատական պրակտիկայում ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները դեռևս լիարժեքորեն հաշվի չեն առնվում` դրանով իսկ ստեղծելով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման արգելափակման վտանգ:

8. ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ իր ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումների ընդունումից հետո դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը դեռևս համապատասխան օրենսդրական համալիր և միասնական կանոնակարգումների չի ենթարկվել և այս հանգամանքը չի արտացոլվել պատասխանող կողմի ներկայացրած բացատրության մեջ:

Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կրկին շեշտադրել իր որոշումներում արտահայտված, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) «... մի կողմից, օրենսդրորեն օբյեկտիվորեն հնարավոր չէ թվել բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքում ընկած հանգամանքների հարգելիության բոլոր դեպքերը, մյուս կողմից, սակայն, ելնելով դատական հայեցողության իրավաչափ սահմանափակման անհրաժեշտությունից` նպատակահարմար կլինի հարգելիության որոշակի խումբ հիմքեր օրենսդրորեն ամրագրել» (ՍԴՈ-1249),

բ) «... բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու որոշ հիմքերի իրավական ամրագրումը կնպաստի տվյալ իրավահարաբերության արդյունավետության, ինչպես նաև դատարանների հանրային-իրավական վարքագծի կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը» (ՍԴՈ-1249),

գ) «... քննության առարկա հարցով օրենսդրական կանոնակարգումներն անհրաժեշտ են, մասնավորապես, քրեական դատավարական, քաղաքացիական դատավարական և վարչական դատավարական միասնական քաղաքականության շրջանակներում դատական ակտերի վերաբերյալ բողոք ներկայացնելու նախապայմանների մասով համարժեք լուծումներ գտնելու նպատակով» (ՍԴՈ-1254):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը...» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062 և ՍԴՈ-1254 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի:

i

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:

i

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 և ՍԴՈ-1254 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

26 ապրիլի 2016 թվականի

ՍԴՈ-1268

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.04.2016
N ՍԴՈ-1268
Որոշում