Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱ ...

 

 

020.1231.061015

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 196-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 հոկտեմբերի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ վարչական դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վարչական դատարանի` 2015 թվականի հունիսի 1-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013թ. դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 7-ից:

Ընդունման պահից ի վեր օրենսգիրքը փոփոխվել և լրացվել է չորս անգամ /ԱԺ 21.06.2014 ՀՕ-99-Ն, ԱԺ 21.06.2014 ՀՕ-89-Ն, ԱԺ 17.12.2014 ՀՕ-250-Ն, ԱԺ 18.05.2015 ՀՕ-66-Ն օրենքներով/, բայց 196-րդ հոդվածը մնացել է անփոփոխ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի կազմը» վերտառությամբ 196-րդ հոդվածը սահմանում է.

«1. Սույն գլխով նախատեսված գործերը, ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

12.11.2014թ. Հ. Մարությանը, Ա. Տեր-Հովհաննիսյանը, Մ. Ստեփանյանը, Մ. Աղաջանյանը, Ն. Սահակյանը և Գ. Ասոյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 29.05.2009թ. թիվ 604-Ն որոշման առաջին կետի 5-րդ ենթակետը` Երևանի Մ. Մաշտոցի պողոտա թիվ 48 շենք հասցեում գտնվող թիվ 78 տարածքի մասով, ինչպես նաև այդ որոշման հիման վրա թիվ 78 տարածքի նկատմամբ կատարված` Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Երևանի քաղաքապետարանի կողմից 14.06.2014թ. նշված տարածքը վաճառելու համար հայտարարված աճուրդը և այդ աճուրդի արդյունքում Երևան համայնքի և քաղ. Ն. Հարությունյանի միջև 18.07.2012թ. կնքված պայմանագիրը: Հայցվորները միջնորդել են նաև վերականգնել նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու համար օրենքով սահմանված և բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վարչական դատարանի 19.11.2014թ. որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

Նշված որոշումների դեմ հայցվորները 03.12.2014թ. վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:

19.12.2014թ. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի հիմքով բողոքի ընդունումը մերժվել է և նշված որոշումը սահմանված ժամկետում չի բողոքարկվել:

30.01.2015թ. հայցվորները վերաքննիչ բողոքը ներկայացրել են ՀՀ վարչական դատարան:

09.02.2015թ. որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ:

Վերոնշյալ բողոքի քննության արդյունքում 2015թ. մայիսի 22-ին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել կասեցնել վերը նշված դատական գործով վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

3. Դիմողը գտնում է, որ գործի լուծումը հնարավոր է միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի կիրառմամբ և այդ նորմի` «ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները» արտահայտությունը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների և 92-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխանության տեսանկյունից:

Ըստ դիմող դատարանի` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բողոքների քննությունը վարչական դատարանին լիազորելը ոչ միայն պատճառաբանված չէ, այլև խնդիրներ է ստեղծում ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով երաշխավորված աստիճանակարգության տեսանկյունից:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումը` դիմողը գտնում է, որ գործող իրավակարգավորման արդյունքում չի ապահովվում արդյունավետության և օբյեկտիվության լրացուցիչ երաշխիքը, քանի որ վարչական վերաքննիչ դատարանի առկայության պայմաններում վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը վերանայում է այդ ակտն ընդունած դատարանը` այն էլ դատավորների նույն թվով:

Դիմողի պնդմամբ` վիճարկվող իրավադրույթը խառնաշփոթ է ստեղծում վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման իրավունքի իրացման հարցում, քանի որ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ գլխով վերաքննիչ վարույթը հստակ կանոնակարգված է, իսկ խնդրո առարկա նորմը դրան տրամագծորեն հակառակ կարգավորում է տալիս` առաջացնելով անորոշություն:

Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով կարգավորված չեն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննող դատարանի լիազորությունները, քննության կարգը և դրա արդյունքում ընդունվելիք ակտերի բնույթը:

Դիմողի կարծիքով` ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում վիճարկվող նորմի հիման վրա վարչական դատարանը պետք է քննության ընդունի վերաքննիչ բողոքները, սակայն հետագա գործողությունների համար որևէ լիազորություն չունի, ինչը վտանգում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված` անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրագործումը` դարձնելով այն անիրական:

4. Ըստ պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում գործող եռաստիճան դատական համակարգի պայմաններում դատական ատյաններից յուրաքանչյուրն ունի իր գործառույթները` առաջին ատյանի դատարանը գործերի ըստ էության քննության և լուծման միջոցով իրականացնում է անձանց խախտված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, վերաքննիչ դատարանը դատական սխալներն ուղղելու գործառույթի միջոցով իրականացնում է անձանց իրավունքների պաշտպանությունը, իսկ վճռաբեկ դատարանը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:

Պատասխանողի կարծիքով` օրենսդիրը տարբեր դատական ատյանների միջև գործառնական կապ ստեղծելով նպատակ ունի ապահովել դատական ակտերի օրինականությունը և հիմնավորվածությունը, անձանց խախտված իրավունքների լիարժեք պաշտպանությունը: Եռաստիճան դատական համակարգի առկայության պայմաններում վարչական դատարանի կողմից իր կայացրած դատական ակտերի վերանայումը շեղվում է դատական պաշտպանության եռաստիճան համակարգի ընդհանուր տրամաբանությունից և նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով միջանկյալ դատական ակտերի բողոքարկումը պետք է իրականացվի ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոքարկելու միջոցով:

Պատասխանողը նաև նշում է, որ վերը նշված խնդիրը լուծելու նպատակով ՀՀ Ազգային ժողովում պատրաստվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:

5. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը գնահատել.

- ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական ատյանների աստիճանակարգությունը պահպանելու տեսանկյունից,

- անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Հայաստանում գործում է եռաստիճան դատական համակարգ` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները և վարչական դատարանը, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը: ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն` դատարանների լիազորությունները, կազմավորման ու գործունեության կարգը սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:

Դատական ատյանների աստիճանակարգությունն առաջին հերթին կոչված է ապահովելու դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության վերահսկողությունը վերադաս դատարանների կողմից, դատական սխալների ժամանակին ուղղումը, որն էլ երաշխավորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց օրինական շահերի և իրավունքների առավել պաշտպանությունը:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանի ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:

Նույն օրենսգրքի` «Վերաքննիչ դատարանի իրավասությունը» վերտառությամբ 39-րդ հոդվածը սահմանում է դրույթ, համաձայն որի` վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ միջանկյալ դատական ակտերը` որպես այդպիսին, չեն կարող դիտվել որպես որոշիչ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների առումով և, որպես կանոն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածով չեն պաշտպանվում, եթե, իհարկե, միջանկյալ որոշման բացառիկությունը դա չի պահանջում / Markass Car Hire Ltd v. Cyprus, (dec.), no. 51591/99, 23 October 2001/:

Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, դիտարկելով որպես նման բացառիկ դեպք, օրենսդիրն այն ընդգրկել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վարույթը վերաքննիչ դատարանում» վերտառությամբ 22-րդ գլխի 131-րդ հոդվածում թվարկված վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի ցանկում:

ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը և վարչական վերաքննիչ դատարանը մասնագիտացված դատարաններ են, այնուամենայնիվ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ 23-րդ գլխի 153-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկության կարգով վճռաբեկ դատարանում:

Օրենսդիրը, ըստ էության, պահպանելով աստիճանակարգության տրամաբանությունը` նախատեսել է միջանկյալ դատական ակտերի` վերադաս դատարաններում բողոքարկման հնարավորություն, որը, սակայն, չի տարածվում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վրա:

Մասնագիտացված դատարանների առնչությամբ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «Մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Սակայն դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացմանն արգելք հանդիսանալ»:

Ի լրումն վերը նշվածի, սահմանադրական դատարանը վերահաստատում է իր ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ` «Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը` ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում` մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը»:

6. Անդրադարձ կատարելով դատարանի մատչելիության երաշխիքն ապահովելու պետության պարտականությանը` սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-765 որոշմամբ վկայակոչել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետևյալ մոտեցումը. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` հստակ ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել է, պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված` արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում` նաև քաղաքացիական իրավունքների և պարտականությունների կապակցությամբ դատարանի մատչելիությունը»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի գործնական և արդյունավետ իրագործմանը, գտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածն ինքնին չի նախատեսում ստորին դատական ատյանի որոշումն ավելի բարձր ատյանում գանգատարկելու իրավունքը, սակայն, երբ նման իրավունք նախատեսված է ներպետական օրենսդրությամբ, ապա 6-րդ հոդվածը կիրառելի է դատական իրավասություն ունեցող վերադաս ատյանների նկատմամբ (Delcour v. Belgium, «25, Application no. 2689/65, 17.01.1970):

Վիճարկվող իրավադրույթի կիրառման պրակտիկան վկայում է այն մասին, որ վարչական վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ իրավասու չէ այն քննելու: Ստեղծված իրավիճակում վարչական դատարանն ստիպված է իրականացնել վերաքննության գործառույթը, որն ի սկզբանե իրենը չէ` խախտելով դատական համակարգի աստիճանակարգությունը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ նույնաբովանդակ փաստական հանգամանքներով ՎԴ/6478/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2015թ. հուլիսի 27-ի նախադեպային որոշմամբ ձևավորվել է վիճարկվող դրույթով նախատեսված նորմի այնպիսի իրավակիրառ պրակտիկա, որը բացառում է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով միջանկյալ դատական ակտերի բողոքարկումը ՀՀ վարչական դատարանում: Մասնավորապես, վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նաև սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով` վարչական վերաքննիչ դատարան:

Վերը նշված գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ասված է` «... դատավարության մասնակիցները պետք է հնարավորություն ունենան վիճարկելու ... որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, և նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքից»:

7. Սահմանադրական դատարանը կարևորում է նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները նույն դատարանի կողմից քննելու պարագայում դատարանի անկողմնակալության գնահատման խնդիրը: Գործի քննությունն անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հանդիսանում է Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված արդար դատաքննության իրավունքի հիմնարար երաշխիքներից մեկը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը տարբերակում է անկողմնակալության սուբյեկտիվ չափորոշիչ` դատավորի անձնական առնչությունը տվյալ գործին, և օբյեկտիվ չափորոշիչ` այդ հարցում ողջամիտ կասկածները բացառող բավարար երաշխիքների առկայությունը /Gautrin and others v. France, ՄԻԵԴ-ի 1998թ. մայիսի 20-ի գործը/:

Ելնելով վերոգրյալից` սահմանադրական դատարանը վիճահարույց է համարում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով ամրագրված իրավադրույթը դատարանի կողմնակալությունը գնահատելու տեսանկյունից` արդյո՞ք կարող է անկողմնակալ լինել դատարանն իր իսկ կայացրած դատական ակտի վերանայման հարցում:

Քննության առարկա գործով առաջադրված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում ՀՀ վարչական դատավարության նախկին օրենսգրքի /28.11.2007թ./ և ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի իրավակարգավորումների համեմատական վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

ա. 2010 թվականի հոկտեմբերի 29-ի` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն 2010 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը և վարչական արդարադատությունն իրականացվում է եռաստիճան համակարգի շրջանակներում, նախկինում գործող երկաստիճանի փոխարեն,

բ. սույն գործով վիճարկվող իրավադրույթը, որը նախատեսում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերանայումը նույն դատարանի կողմից, փաստորեն շարունակել է գործել նաև ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ստեղծումից հետո:

Ինչ վերաբերում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրագործման հարցին, ապա հարկ է մատնանշել, որ սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները հաճախ դիտարկում է որպես մեկ միասնական իրավական երևույթ և բազմիցս դրանց անդրադարձել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-719, ՍԴՈ-780, ՍԴՈ-936, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1190 և այլն):

ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները երաշխավորում են յուրաքանչյուրի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Դատական օրենսգրքի 7-րդ հոդվածը նույնպես ամրագրում է դրույթ, համաձայն որի` ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

Նման մոտեցումը համապատասխանում է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների ոլորտում միջազգային իրավական պահանջներին, որոնք իրենց արտացոլումն են գտել, մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդվածներ 7, 8 և 10), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (հոդված 14), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում (հոդվածներ 6, 13) և այլն:

Անդրադառնալով սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրագործման խնդրահարույց լինելու հարցին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խախտված լինելու դեպքում այդ իրավունքների վերականգնումը որոշակի կառուցակարգի և ընթացակարգերի հաստատման միջոցով պետության պարտականությունն է: Պետությունն է պարտավոր նաև ապահովել ստեղծված կառուցակարգի կողմից խախտումների արդյունավետորեն կանխումը և վերացումը:

Իրավիճակը, երբ գործող օրենսդրությունը և իրավակիրառական պրակտիկան անհնարին են դարձնում ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա առանձին իրավական ակտերի` օրենքին համապատասխանության հարցի դատական վերահսկողությունը, անհամատեղելի է իրավական պետության կողմից որդեգրված սկզբունքներին և մոտեցումներին:

Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-936 որոշման մեջ կարևորել է դատական ակտերի վերանայման ապահովման հնարավորությունը` «...սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման` անձի իրավունքն է (դատական բողոքարկումը): Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է` որոշակի ընթացակարգի, այդ թվում` դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը»:

8. Անդրադառնալով դիմողի այն փաստարկներին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում իրավակարգավորման ենթարկված չեն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննության կարգը և դրա արդյունքում ընդունվելիք ակտերի բնույթը, քննության իրականացման եղանակը և քննության արդյունքում` վարչական դատարանի լիազորությունները, սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի վերոնշյալ փաստարկներն ըստ էության հանգում են օրենսդրական բացի առկայության և դրանով պայմանավորված` ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների երաշխավորման գործընթացի խաթարման հարցերին: Դա իր հերթին խոչընդոտ է ստեղծում դատարանի մատչելիության իրավունքն իրագործելու հարցում և դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության տեսանկյունից:

Վիճարկվող դրույթի հիման վրա նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների` վարչական դատարանի կողմից վարույթ ընդունվելու հնարավորության նորմատիվ առկայությունը վերոնշյալ գործերով միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի շրջանակներում անձանց դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումն ապահովելու համար բավարար չէ:

Հայաստանի Հանրապետությունում սահմանված դատական համակարգի յուրաքանչյուր ատյանում գործերի հարուցումը, նախապատրաստումը, քննությունը, գործի լուծման փուլերի հաջորդականությունը, և այլն, պետք է հստակորեն կարգավորված լինեն համապատասխան դատավարական օրենսգրքերով և օրենքներով:

Ավելին, Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործով (Galstyan v. Armenia, Application no. 26986/03) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված բողոքարկման ընթացակարգը պետք է հստակ ձևակերպված լինի, ունենա կիրառության հետևողական պրակտիկա և անձին պետք է ընձեռի բողոքարկելու հստակ և մատչելի իրավունք:

Ամփոփելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը խնդրահարույց է ինչպես օրենսդրորեն ամրագրված դատական աստիճանակարգության համապատասխանության տեսանկյունից, այնպես էլ օրենքի հստակության առումով, և, հետևաբար, բավարար չափով չի ապահովում դատական պաշտպանության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքների լիարժեք իրագործման հնարավորությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի` «ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները» դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների և 92-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր:

i

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 հոկտեմբերի 2015 թվականի

ՍԴՈ-1231

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.10.2015
N ՍԴՈ-1231
Որոշում