Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԱՅՑ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՐՏԱՎՈՐ ԱՆՁԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Սնանկության գործ

    դատարանի որոշում                            թիվ ՍնԴ/3049/04/22

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/3049/04/22         2025 թ.

    Նախագահող դատավոր` Լ. Սարգսյան

    Դատավորներ`        Ի. Բաղմանյան

                                      Լ. Հովհաննիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի հունիսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության («Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է) (այսուհետ` Բանկ) դիմումի` Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2024 թվականի որոշման դեմ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արտյոմ Ավինյանին ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.08.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 26.02.2024 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության` «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ` 47.142.556,4 ՀՀ դրամ` ապահովված, 6.331.145,3 ՀՀ դրամ` չապահովված «է» հերթ, Ընկերություն` 5.426.909 ՀՀ դրամ` չապահովված «է» հերթ, «Արարատբանկ» ՓԲԸ` 20.468,8 ՀՀ դրամ` չապահովված «է» հերթ, «Ամերիաբանկ» ՓԲԸ` 14.862.058 ՀՀ դրամ` չապահովված «է» հերթ, «Ինեկոբանկ» ՓԲԸ` 1.861.820,5 ՀՀ դրամ` չապահովված «ը» հերթ», Ընկերության` 158.201.537 ՀՀ դրամի չափով պահանջի մասով սնանկության գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2024 թվականի որոշմամբ Արտյոմ Ավինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 26.02.2024 թվականի «Պարտապանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը մասնակիորեն վերացվել է, ու Բանկի հանդեպ պարտապանի 47.142.556,5 ՀՀ դրամի չափով ապահովված պարտավորություն և 6.331.145,3 ՀՀ դրամի չափով չապահովված վճարային պարտավորություն ունենալու մասով հարցն ուղարկվել է նոր քննության, իսկ Ընկերության 5.426.909 ՀՀ դրամի չափով պահանջի գրանցումը մերժվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան)

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 58-րդ, 60-62-րդ, 66-րդ և 77-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը 21.08.2021 թվականին դիմում է ներկայացրել Սնանկության դատարան` Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու պահանջով, 25.08.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, ինչից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է: Բացի այդ, պարտապանը թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործով հայցի հիմքը և առարկան փոփոխելու վերաբերյալ 02.06.2021 թվականի միջնորդությամբ ընդունել է 4.125.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունն Ընկերության նկատմամբ, հետևաբար հայցային վաղեմության ժամկետը կրկին ընդհատվել է 02.06.2021 թվականին` ավարտվելով 03.06.2024 թվականին, իսկ պահանջը Դատարան է ներկայացվել 04.09.2023 թվականին` հայցային վաղեմության ժամկետի ընթացքում:

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հայցային վաղեմության ժամկետի երկրորդ ընդհատմանը, չի ուսումնասիրել Դատարան ներկայացված պահանջին կցված թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.08.2024 թվականի որոշումը` Ընկերության 5.426.909 ՀՀ դրամի չափով պահանջի գրանցումը մերժելու մասով, և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 26.02.2024 թվականի «Պարտապանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության` որպես փոխատուի և Արտյոմ Ավինյանի` որպես փոխառուի միջև 19.05.2018 թվականին կնքվել է 27.10.2017 թվականի թիվ 27/10/17-01 նպատակային փոխառության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին թիվ 19/05/18-01 համաձայնագիրը, որով կողմերը փոխադարձ համաձայնությամբ փոխառության պայմանագրում կատարել են հետևյալ փոփոխությունները. «1. Փոխառության պայմանագրով Փոխառուին տրամադրվել է 28.900.000 ՀՀ դրամ: 2. Սույն համաձայնագրի կնքման պահին Փոխառուի պարտքը Փոխատուի հանդեպ կազմում է 28.125.000 ՀՀ դրամ: 3. Փոխառուն ցանկանում է վաճառել նպատակային փոխառությամբ գնված և Փոխատուի մոտ գրավադրված (...) ավտոտրանսպորտային միջոցը 24.000.000 ՀՀ դրամ գումարով (...): 4. Փոխառուն պարտավորվում է ավտոմեքենայի վաճառքի գումար 24.000.000 ՀՀ դրամը փոխանցել որպես Փոխառության պայմանագրի մասնակի մարում: 5. Սույն համաձայնագրի 4-րդ կետով սահմանված պարտավորությունը կատարելուց հետո Փոխառուի պարտքը կկազմի 4.125.000 ՀՀ դրամ, որը Փոխառուն պարտավորվում է վերադարձնել մինչև 19 նոյեմբերի 2018 թ.-ը» (հավելված 1-ին, գ.թ. 156).

2) 19.10.2022 թվականին Բանկն Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է ներկայացրել Դատարան: Դատարանի 14.08.2023 թվականի վճռով Արտյոմ Ավինյանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ.թ. 11-17).

3) 05.09.2023 թվականին Դատարանում ստացվել է Ընկերության 5.426.909 ՀՀ դրամի (3.460.808 ՀՀ դրամը` որպես փոխառության գումարի մնացորդ, 1.966.101 ՀՀ դրամը` որպես տոկոսներ) պահանջը գրանցելու դիմումը` հայտնելով, որ

- 27.10.2017 թվականին իր` որպես փոխատուի և Արտյոմ Ավինյանի` որպես փոխառուի միջև կնքվել է նպատակային փոխառության պայմանագիր` 25.400.000 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով, փոխառության գումարը տրամադրվել է առանց տոկոսի, փոխառության գումարի վերադարձման ժամկետը սահմանվել է մինչև 20.10.2023 թվականը,

- 19.05.2018 թվականին փոխառության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրով կողմերն ամրագրել են, որ համաձայնագրի կնքման պահին փոխառուի պարտքի մնացորդը կազմում է 28.125.000 ՀՀ դրամ: Փոխառուն ցանկություն է հայտնել վաճառել նպատակային փոխառության պայմանագրով ձեռքբերված տրանսպորտային միջոցը 24.000.000 ՀՀ դրամով և պարտավորվել է վաճառքի գումարը` 24.000.000 ՀՀ դրամը, ուղղել որպես փոխառության պայմանագրով պարտքի մասնակի մարում: Նույն համաձայնագրի 5-րդ կետով սահմանվել է, որ 24.000.000 ՀՀ դրամի չափով պարտքը մարելուց հետո փոխառուի պարտքը կկազմի 4.125.000 ՀՀ դրամ, որը փոխառուն պարտավորվում է վերադարձնել մինչև 19.11.2018 թվականը,

- թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Արտյոմ Ավինյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` իր և Արտյոմ Ավինյանի միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված` իր հանդեպ Արտյոմ Ավինյանի կողմից վճարման ենթակա 4.125.000 ՀՀ դրամ պարտավորությունն Արտյոմ Ավինյանի հանդեպ իր ունեցած 664.192 ՀՀ դրամ պարտավորության հետ հաշվանցելու հիմքով իր ու Արտյոմ Ավինյանի միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրով նախատեսված պարտավորությունը 664.192 ՀՀ դրամի մասով ճանաչվել է դադարած, և վերը նշված որոշման հիման վրա Արտյոմ Ավինյանի պարտքը կազմել է 3.460.808 ՀՀ դրամ (հավելված 1-ին, գ.թ. 138-142).

4) պարտապան Արտյոմ Ավինյանը 11.10.2023 թվականին առարկություն է ներկայացրել Դատարան` հայտնելով, որ 5.426.909 ՀՀ դրամի չափով պահանջի մասով Ընկերության իրավունքները խախտվել են 20.11.2018 թվականից, հետևաբար հայցային վաղեմության ժամկետը լրացել է 20.11.2021 թվականին (հավելված 2-րդ, գ.թ. 128-131).

5) Ընկերությունը 5.426.909 ՀՀ դրամի չափով պահանջի մասով Արտյոմ Ավինյանի առարկության վերաբերյալ հայտնել է, որ դեռևս 19.08.2020 թվականին Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու մասին դիմում է ներկայացրել դատարան, որը մերժվել է (սնանկության գործ թիվ ՍնԴ/2054/04/20): Հետևաբար հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է դեռևս 19.08.2020 թվականին: Բացի այդ, թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում Արտյոմ Ավինյանը պարտքի ճանաչումը վկայող գործողություն է կատարել` ընդունելով իր հանդեպ 4.125.000 ՀՀ դրամի չափով պարտքի առկայությունը (հավելված 2-րդ, գ.թ. 42-49).

6) Արտյոմ Ավինյանն ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1121/02/21): Հայցադիմումը վարույթ է ընդունվել 03.05.2021 թվականի որոշմամբ: Արտյոմ Ավինյանը 03.06.2021 թվականին ներկայացրել է հայցի առարկայի և հիմքերի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, որը դատարանի 07.10.2021 թվականի արձանագրային որոշմամբ բավարարվել է:

Միջնորդությամբ Արտյոմ Ավինյանը, հայտնելով, որ 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրով իր և Ընկերության միջև կնքված նպատակային փոխառության պայմանագրում կատարվել են փոփոխություններ, որի 5-րդ կետի համաձայն` «5. Սույն համաձայնագրի 4-րդ կետով սահմանված պարտավորությունը կատարելուց հետո Փոխառուի պարտքը կկազմի 4.125.000 ՀՀ դրամ (...)», միջնորդել է` - կատարել Ընկերության կողմից իրեն չվճարված աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների հաշվարկ ու սահմանել, որ իր հանդեպ Ընկերության ունեցած դրամային պարտավորությունը կազմում է ընդհանուր առմամբ 4.637.882,5 ՀՀ դրամ, - Ընկերության և իր միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված` Ընկերության հանդեպ իր կողմից վճարման ենթակա 4.125.000 ՀՀ դրամն իր հանդեպ Ընկերության ունեցած 4.637.882,5 ՀՀ դրամի հետ հաշվանցելու հիմքով իրենց միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրով նախատեսված պարտավորությունները ճանաչել դադարած:

Գործի քննության ընթացքում Արտյոմ Ավինյանը հայտարարել է, որ գումարի բռնագանձման նպատակ չի հետապնդում և ցանկանում է հաշվանցման միջոցով դադարեցնել Ընկերության նկատմամբ իր պարտավորությունը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, արձանագրելով, որ «Ընկերության նկատմամբ Արտյոմ Ավինյանի գումարային պարտավորության առկայության մասով հիմնավորված է միայն 332.096 դրամի չափով պարտավորությունը, (...): «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն և Արտյոմ Ավինյանը միմյանց նկատմամբ ունեն միատեսակ հանդիպական պահանջներ, այն է` «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն Արտյոմ Ավինյանի նկատմամբ ունի 332.096 դրամի չափով աշխատավարձի և վերջնահաշվարկի գումարի վճարման պարտավորություն, իսկ Արտյոմ Ավինյանը «Գրանդ Տոբակո»-ի նկատմամբ` 4.125.000 դրամի չափով պարտավորություն, որոնց կատարման ժամկետները լրացել են, հետևաբար 4.125.000 դրամ պարտավորության մասով 332.096 դրամի չափով հաշվանցի պահանջը հիմնավոր է և այդ չափով Արտյոմ Ավինյանի պարտավորությունը պետք է համարել դադարած», 17.06.2022 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն` Ընկերության և Արտյոմ Ավինյանի միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված` Ընկերության հանդեպ Արտյոմ Ավինյանի կողմից վճարման ենթակա 4.125.000 ՀՀ դրամ պարտավորությունն Արտյոմ Ավինյանի հանդեպ Ընկերության ունեցած 332.096 ՀՀ դրամ պարտավորության հետ հաշվանցելու հիմքով Ընկերության և Արտյոմ Ավինյանի միջև համաձայնագրով նախատեսված պարտավորությունը 332.096 ՀՀ դրամի մասով ճանաչել է դադարած:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի որոշմամբ Արտյոմ Ավինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.06.2022 թվականի վճիռը` հայցը մասնակիորեն մերժելու մասով, բեկանվել և փոփոխվել է` Արտյոմ Ավինյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերության ու Արտյոմ Ավինյանի միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված` Ընկերության հանդեպ Արտյոմ Ավինյանի կողմից վճարման ենթակա 4.125.000 ՀՀ դրամ պարտավորությունն Արտյոմ Ավինյանի հանդեպ Ընկերության ունեցած 664.192 ՀՀ դրամ պարտավորության հետ հաշվանցելու հիմքով Ընկերության և Արտյոմ Ավինյանի միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրով նախատեսված պարտավորությունը 664.192 ՀՀ դրամի մասով ճանաչվել է դադարած, վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ (հավելված 2-րդ, գ.թ. 1-7, հավելված 1-ին, գ.թ. 158-163).

7) Ընկերությունն Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը Սնանկության դատարան է ներկայացրել 21.08.2020 թվականին, դիմումը վարույթ է ընդունվել 25.08.2020 թվականի որոշմամբ (սնանկության գործ թիվ ՍնԴ/2054/04/20): Սնանկության դատարանի 11.02.2022 թվականի վճռով դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նյութաիրավական վեճի (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1121/02/21) տեսակով պայմանավորված, սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորությունները կատարման ուժով դադարած ճանաչելու պահանջի քննարկումը մեկ այլ գործի վարույթում բավարար հիմք է պարտապանի կողմից նույն սնանկության դիմումի դեմ առարկելու համար: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2022 թվականի որոշմամբ վճիռը թողնվել է անփոփոխ (հիմք` «datalex.am» դատական տեղեկատվական համակարգ):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ սահմանված կարգով հայց հարուցելու կամ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելու արդյունքում հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հարցին` միաժամանակ վերահաստատելով հայցային վաղեմության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Հայցային վաղեմության գործնական կիրառության համար կարևոր նշանակություն ունի հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելը (տե՛ս Հարություն Ղարագոզյանն ընդդեմ Կարեն Ղազարյանի և Կարեն Ղազարյանն ընդդեմ Հարություն Ղարագոզյանի թիվ ԵՄԴ/0529/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված կանոնների համաձայն մեկնաբանելով վերը նշված նորմերը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հայցային վաղեմություն է համարում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, որի ընդհանուր ժամկետը, ի տարբերություն հատուկ ժամկետների, երեք տարի է: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որպես կանոն, սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, իսկ այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ (տե՛ս Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):

i

Օրենսդիրը, խախտված իրավունքների պաշտպանության համար հայցային վաղեմության ժամկետներ նախատեսելով, միաժամանակ սահմանել է այդ ժամկետների ընդհատման ու կասեցման կարգը և հիմքերը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 339-րդ և 340-րդ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար անհրաժեշտ է հայցը սահմանված կարգով (օրենքով սահմանված կարգով) հարուցած լինելու հանգամանքի առկայությունը, այսինքն` երբ հայցը հարուցվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջներին համապատասխան և ընդունվել է դատարանի կողմից (տե՛ս «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն ընդդեմ Կարեն Մկրտչյանի և Նարինե Ավետիսյանի ու Կարեն Մկրտչյանը և Նարինե Ավետիսյանն ընդդեմ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0526/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

i

Իր հերթին Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ հայց հարուցելն իրենից ներկայացնում է այնպիսի իրավական փաստ, որն ի հայտ է գալիս հայցադիմում ներկայացնելով և դատարանի կողմից համապատասխան որոշմամբ այն ընդունելով: Հետևաբար` սահմանված կարգով հայց հարուցելը փաստվում է հայցադիմումն ընդունելու մասին դատարանի կայացրած որոշմամբ, և եթե դատարանը կայացրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում, որը չի բողոքարկվել կամ բողոքարկվել է, սակայն չի վերացվել և ուժի մեջ է մտել, ապա դատավարական տեսանկյունից նշանակում է, որ սահմանված կարգով հայց չի հարուցվել (տե՛ս Սահմանադրական դատարանի 19.04.2016 թվականի թիվ ՍԴՈ-1265 որոշումը):

Օրենսդրի կողմից նախատեսված հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմքերից է նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելը: Այլ կերպ ասած` ինչպիսի ձևով էլ պարտապանն ընդունի իր պարտքը, պարտքի ընդունման օրվանից տեղի է ունենում հայցային վաղեմության ժամկետի ընդհատում, և հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է նորից: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ պարտավոր անձի այն գործողությունը, որը կատարվել է բացառապես հայցային վաղեմության ժամկետում:

i

Հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման էությունը կայանում է նրանում, որ օրենքով մատնանշված հիմքերի առկայության դեպքում հայցային վաղեմության արդեն իսկ անցած ժամանակահատվածն այլևս հաշվի չի առնվում և հայցային վաղեմության ժամկետը սկսում է հոսել վերստին (տե՛ս «Տեմպո Լիբերո» ՍՊԸ-ն ընդդեմ «Էն Ուայ Սթայլ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0006/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում օրենսդիրը սահմանափակվել է ընդամենը նշում կատարելով այն մասին, որ ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է նորից` որոշակիորեն չկոնկրետացնելով, թե սահմանված կարգով հայց հարուցելուց կամ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություններ կատարելուց հետո ե՞րբ է նորից սկսվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ժամկետների վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումները, արձանագրել է, որ պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողություն կատարելու բոլոր դեպքերում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվելիս այն պետք է նորից սկսվի այդ ժամկետի ընդհատման հաջորդ օրվանից:

Անդրադառնալով սահմանված կարգով հայց հարուցելու դեպքում հայցային վաղեմության ժամկետների ընթացքը նորից սկսվելու առումով կոնկրետ օրը որոշելու հետ կապված հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ դրա անհրաժեշտությունը, բացառությամբ` հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը կարճելու դեպքերի, բացակայում է այնքանով, որքանով հայցը բավարարվելու դեպքում, ըստ էության, դատական կարգով վերացվում է անձի խախտված իրավունքը, որը պաշտպանելու անհրաժեշտությունն այլևս վերանում է, իսկ հայցը մերժվելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ արդեն առկա է լինում դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, որն արգելք է հանդիսանալու իրավունքը խախտված անձի կողմից կրկին նույն հայցը դատարան ներկայացնելու համար (տե՛ս Վարդան Ասատրյանն ընդդեմ Սմբատ և Վահան Մինասյանների ու Գայանե Վարդանյանի թիվ ԵԷԴ/2089/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.11.2023 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է նաև, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռքբերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը (...) պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը): Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Ընկերության` որպես փոխատուի և Արտյոմ Ավինյանի` որպես փոխառուի միջև 19.05.2018 թվականին կնքված համաձայնագրով Ընկերության նկատմամբ 4.125.000 ՀՀ դրամ վճարելու պարտականությունը կատարելու վերջնաժամկետ է սահմանվել 19.11.2018 թվականը:

Կողմերի միջև ծագած փոխառության իրավահարաբերությունից բխող 5.426.909 ՀՀ դրամի չափով (3.460.808 ՀՀ դրամը` որպես թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Ընկերության և Արտյոմ Ավինյանի հանդիպական պարտավորությունները հաշվանցելու հիմքով վճարման ենթակա փոխառության գումար, 1.966.101 ՀՀ դրամը` որպես հաշվեգրված տոկոսներ) պահանջը գրանցելու վերաբերյալ Ընկերության դիմումը Դատարանում ստացվել է 05.09.2023 թվականին:

Պարտապանն առարկել է Ընկերության պահանջի դեմ` հայտնելով, որ Ընկերության իրավունքները խախտվել են 20.11.2018 թվականից, հետևաբար հայցային վաղեմության ժամկետը լրացել է 20.11.2021 թվականին:

Իր հերթին Ընկերությունը նշել է, որ`

- 19.08.2020 թվականին Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու մասին դիմում է ներկայացրել դատարան, որը մերժվել է, հետևաբար հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է դեռևս 19.08.2020 թվականին,

- թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում Արտյոմ Ավինյանը պարտքի ճանաչումը վկայող գործողություն է կատարել` ընդունելով իր նկատմամբ 4.125.000 ՀՀ դրամի չափով պարտքի առկայությունը:

Անդրադառնալով Ընկերության 5.426.909 ՀՀ դրամի չափով պահանջի հիմքերին և հիմնավորումներին` Դատարանն արձանագրել է, որ

- «համաձայնագրով պարտապանը պարտավորությունը պետք է կատարեր մինչև 19.11.2018 թվականը: «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն 21.08.2020 թվականին սնանկության դիմում է ներկայացրել Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, դիմումի հիմքում դրվել է պարտապանի կողմից չկատարված 4.125.000 ՀՀ դրամի պարտավորությունը, Սնանկության դատարանի 11.02.2022 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՍԴ/2054/04/20 վճռով դիմումը մերժվել է: Վճռով հաստատվել է, որ Արտյոմ Ավինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի` չվճարված աշխատավարձի և չօգտագործված արձակուրդի, ինչպես նաև կետանցման համար վճարման ենթակա տուժանքի գումարները բռնագանձելու պահանջի մասին: Դատարանի 03.05.2021 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1121/02/21): Այնուհետև, կատարելով հայցի առարկայի և հիմքերի փոփոխություն, խնդրել է կատարել հաշվարկ և սահմանել, որ Արտյոմ Ավինյանի հանդեպ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի ունեցած դրամային պարտավորությունը կազմում է 4.637.882,5 ՀՀ դրամ, «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի և Արտյոմ Ավինյանի միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված` Ավինյանի կողմից վճարման ենթակա 4.125.000 ՀՀ դրամը վերջինիս հանդեպ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի ունեցած 4.637.882,5 ՀՀ դրամի հետ հաշվանցելու հիմքով 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրով նախատեսված պարտավորությունները ճանաչել դադարած»,

- «թիվ ՍնԴ/2054/04/20 սնանկության գործով դիմում ներկայացնելով և դիմումի հիմքում դնելով սույն պահանջի հիմքում դրված պարտավորությունը, պարտատեր «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն ըստ էության օրենքով սահմանված 3 տարվա ժամկետում ձեռնամուխ է եղել իր իրավունքների պաշտպանությանը, որպիսի պայմաններում հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է և սկսվել է 11.02.2022 թվականից, որից հետո կրկին պահպանելով օրենքով սահմանված ժամկետը պարտատերը սույն գործով ներկայացրել է իր պահանջը»:

Դատարանի 26.02.2024 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության` (...) Ընկերություն` 5.426.909 ՀՀ դրամ` չապահովված «է» հերթ, (...):

Անդրադառնալով Ընկերության 5.426.909 ՀՀ դրամի չափով պահանջի հիմքերին և հիմնավորումներին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը.

- «հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվել է 20.11.2018 թվականից (նշված փաստը անվիճելի է): (...) Դատարանը հայցային վաղեմության ժամկետի ընդհատումից հետո այդ ժամկետի վերսկսման սկիզբ է համարել 11.02.2022թ., այսինքն` թիվ ՍնԴ/2054/04/20 վճռի կայացման օրը: (...) Համաձայն գործի փաստերի` թիվ ՍնԴ/2054/04/20 սնանկության գործով «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն 21.08.2020 թվականին դիմում է ներկայացրել սնանկության դատարան` Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու պահանջով, որը սնանկության դատարանի 25.08.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի դիմումի հիմքում դրվել է սույն գործով «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի ներկայացրած 5.426.909 ՀՀ դրամ պահանջի հիմքում դրված պարտավորությունը (նշված փաստը անվիճելի է): (...) սահմանված կարգով հայց հարուցելը փաստվում է հայցադիմումն ընդունելու մասին դատարանի կայացրած որոշմամբ, նշված պահանջով հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է հայցադիմումն ընդունելու մասին դատարանի կայացրած որոշմամբ, այն է` 25.08.2020թ., որից հետո հայցային վաղեմության վերսկսված ժամկետը սկսել է հոսել հաջորդ օրվանից` 26.08.2020 թվականից: Վերաքննիչ դատարանը գալիս է այն հետևության, որ Դատարանը եկել է ոչ իրավաչափ եզրահանգման` արձանագրելով, որ հայցային վաղեմության ժամկետն ընդհատվել է և սկսվել է նորից հոսել 11.02.2022 թվականից, որից հետո կրկին պահպանելով օրենքով սահմանված ժամկետը պարտատերը սույն գործով ներկայացրել է իր պահանջը: Դատարանի նման հիմնավորումները չեն բխում Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից և հակասում են հայցային վաղեմության ինստիտուտի տրամաբանությանը: Ինչ վերաբերում է հայցվորի` քննվող դատական ակտի ելքով պայմանավորված ակնկալիքներին` ապա հարկ է նշել, որ հայցվորը, ելնելով իր տնօրինչականության սկզբունքից, ինքն է ընտրել դատական պաշտպանության եղանակը, մինչդեռ վերջինս զրկված չի եղել այլ կարգով, մասնավորապես` գումարի բռնագանձման պահանջով հայց հարուցելու իրավունքից, հետևաբար հայցվորն ինքն է կրում իր ընտրած դատական պաշտպանության եղանակի ռիսկերը: Ելնելով վերոգրյալից` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն բաց է թողել 5.426.909 ՀՀ դրամ գումարի չափով պահանջի ներկայացման հայցային վաղեմության ժամկետները, որպիսի պայմաններում սույն պահանջի գրանցումը ենթակա է մերժման, հետևաբար այդ մասով դատական ակտը պետք է վերացնել` մերժելով «Գրանդ Տոբակո» ՍՊ ընկերության 5.426.909 ՀՀ դրամ գումարի չափով պահանջի գրանցումը»:

Վերաքննիչ դատարանի 02.08.2024 թվականի որոշմամբ Արտյոմ Ավինյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 26.02.2024 թվականի որոշումը մասնակիորեն վերացվել է, և Ընկերության 5.426.909 ՀՀ դրամի չափով պահանջի գրանցումը մերժվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

 

Սահմանված կարգով հայց հարուցված լինելու առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վիճելի պարտավորության կատարման համար կողմերի միջև կնքված համաձայնագրով սահմանվել է որոշակի ժամկետ, նախ արձանագրում է, որ Արտյոմ Ավինյանի կողմից փոխառության համաձայնագրով ստանձնած պարտավորությունը կատարելու Ընկերության պահանջի իրավունքը ծագել է առնվազն 20.11.2018 թվականին (տե՛ս փաստ 1, կողմերի միջև կնքված համաձայնագրով Ընկերության հանդեպ 4.125.000 ՀՀ դրամի չափով պարտքը մարելու վերջնաժամկետ է սահմանվել 19.11.2018 թվականը), այսինքն` դատարան դիմելու եռամյա ժամկետը սկսել է հոսել 20.11.2018 թվականից, ինչն իրավաչափորեն արձանագրել են նաև ստորադաս դատարանները: Հետևաբար այդ օրվանից սկսած հաշվարկելու դեպքում հայցային վաղեմության երեք տարին պետք է լրանար 20.11.2021 թվականին:

Ընկերությունն Արտյոմ Ավինյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումը Սնանկության դատարան է ներկայացրել 21.08.2020 թվականին, դիմումը վարույթ է ընդունվել 25.08.2020 թվականի որոշմամբ, ինչով փաստվում է դիմումը սահմանված կարգով ներկայացված լինելը: Հետևաբար դիմումը դատարանի կողմից վարույթ ընդունվելու պայմաններում 21.08.2020 թվականին տեղի է ունեցել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում:

Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելու փաստի ուժով նույնպես կարող է տեղի ունենալ հայցային վաղեմության ժամկետի ընդհատում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ պահանջատերն ազատ է իր իրավունքի պաշտպանության եղանակն ընտրելու հարցում, որպիսի պայմաններում, տնօրինչականության սկզբունքից ելնելով, ինքն է որոշում` գումարի բռնագանձման պահանջով հայց, թե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հատկանիշների առկայության դեպքում հարկադրված սնանկության դիմում ներկայացնել դատարան: Ըստ էության, սնանկ ճանաչելու պահանջով պահանջատիրոջ ներկայացրած դիմումը հետապնդում է միևնույն պահանջի իրավունքը պաշտպանելու նպատակ:

Հայցային վաղեմության ժամկետների ընդհատման հաշվարկները չեն կարող այն աստիճան տարաբնույթ լինել և էապես տարբեր հետևանքներ առաջացնել անձի համար (պայմանավորված իրավունքի պաշտպանության ընտրված եղանակով ու միջոցներով), որ խաթարեն այդ իրավունքի էությունը: Այս առումով անհիմն է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ «հայցվորը, ելնելով իր տնօրինչականության սկզբունքից, ինքն է ընտրել դատական պաշտպանության եղանակը, մինչդեռ վերջինս զրկված չի եղել այլ կարգով, մասնավորապես` գումարի բռնագանձման պահանջով հայց հարուցելու իրավունքից, հետևաբար հայցվորն ինքն է կրում իր ընտրած դատական պաշտպանության եղանակի ռիսկերը»:

 

Պարտքի ճանաչումը վկայող գործողություն կատարելու հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընդհատման առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Դատարան ներկայացրած` 5.426.909 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցելու դիմումի հիմքում Ընկերությունը վկայակոչել է նաև թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշումը: Առարկելով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պարտապանի միջնորդության դեմ` Ընկերությունը հայտնել է նաև, որ թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում Արտյոմ Ավինյանը պարտքի ճանաչումը վկայող գործողություն է կատարել` ընդունելով իր հանդեպ 4.125.000 ՀՀ դրամի չափով պարտքի առկայությունը: Այսպես` թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործի քննության ընթացքում Արտյոմ Ավինյանը 03.06.2021 թվականին ներկայացրած` հայցի առարկայի և հիմքերի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդությամբ հայտնել է, որ 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրով իր ու Ընկերության միջև կնքված նպատակային փոխառության պայմանագրում կատարվել են փոփոխություններ, որի 5-րդ կետի համաձայն` «5. Սույն համաձայնագրի 4-րդ կետով սահմանված պարտավորությունը կատարելուց հետո Փոխառուի պարտքը կկազմի 4.125.000 ՀՀ դրամ (...)»: Վերջինս միջնորդել է նաև համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված` Ընկերության հանդեպ իր կողմից վճարման ենթակա 4.125.000 ՀՀ դրամն իր հանդեպ Ընկերության ունեցած 4.637.882,5 ՀՀ դրամի հետ հաշվանցելու հիմքով Ընկերության և իր միջև 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրով նախատեսված պարտավորությունները ճանաչել դադարած: Գործի քննության ընթացքում Արտյոմ Ավինյանը հայտարարել է նաև, որ գումարի բռնագանձման նպատակ չի հետապնդում և ցանկանում է հաշվանցման միջոցով դադարեցնել Ընկերության նկատմամբ իր պարտավորությունը (տե՛ս փաստ 6):

Հաշվի առնելով վկայակոչված փաստերի համակցությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում պարտապան Արտյոմ Ավինյանը հայցի հիմքը և առարկան փոփոխելու միջնորդությամբ, ըստ էության, ճանաչելով 19.05.2018 թվականին կազմված համաձայնագրով Ընկերության նկատմամբ իր ստանձնած պարտավորության առկայությունը` կատարել է նման ճանաչումը վկայող գործողություն, որը տվյալ դեպքում արտահայտվել է այդ Ընկերության հանդեպ իր ունեցած պարտքն իր հանդեպ Ընկերության ունեցած ենթադրյալ պարտքով հաշվանցելու եղանակով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ օրենքով սահմանված իրավունքի պաշտպանության երեք տարվա ժամանակահատվածում` 03.06.2021 թվականին, նույն` 4.125.000 ՀՀ դրամի չափով պարտքի ճանաչումը վկայող գործողություն կատարելու ուժով տեղի է ունեցել հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատում:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել հայցային վաղեմության ժամկետի ընդհատման տվյալ հիմքին, քննարկման առարկա չի դարձրել թիվ ԵԴ/1121/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում պարտքի ճանաչումը վկայող վերը նշված գործողությունը կատարված լինելու հարցը:

Միաժամանակ նկատի ունենալով, որ թիվ ՍնԴ/2054/04/20 սնանկության գործի հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընդհատման վերաբերյալ սույն որոշման պատճառաբանությունները բավարար են Ընկերության պահանջը հայցային վաղեմության ժամկետում ներկայացված լինելու փաստն արձանագրելու համար, որպիսի իրավաչափ հետևության է հանգել նաև Դատարանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում է Ընկերության պահանջը գրանցելու հարցի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 02.08.2024 թվականի որոշումը վերացնելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի 02.08.2024 թվականի որոշումը մասնակիորեն` «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 5.426.909 ՀՀ դրամ գումարի պահանջի գրանցումը հայցային վաղեմություն կիրառելու հիմքով մերժելու մասով, վերացնել և կայացնել նոր դատական ակտ` վերացված մասով սույն որոշման պատճառաբանություններով օրինական ուժ տալով Դատարանի 26.02.2024 թվականի «Պարտապանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմանը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2024 թվականի որոշումը մասնակիորեն` «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` 5.426.909 ՀՀ դրամ գումարի պահանջի գրանցումը հայցային վաղեմություն կիրառելու հիմքով մերժելու մասով, վերացնել և այդ մասով օրինական ուժ տալ Սնանկության դատարանի 26.02.2024 թվականի «Պարտապանի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշմանը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=46161896180565561

 

pin
Վճռաբեկ դատարան
02.06.2025
N ՍնԴ/3049/04/22
Որոշում