ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 հունիսի 2018 թվականի N 593-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի կանոնադրությունը համաձայն Հավելվածի:
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2018 թվականի հունիսի 12-ի
N 593-Լ հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեն (այսուհետ` ԲՈԿ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը (այսուհետ` նախարարություն) ենթակա մարմին է:
2. ԲՈԿ-ը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. ԲՈԿ-ը գործում է Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Նախարարությանը ենթակա մարմնի անվանումն է`
1) հայերեն` բարձրագույն որակավորման կոմիտե/ԲՈԿ/,
2) ռուսերեն` Վիսշիյ Ատտեստացիօննիյ Կօմիտետ /ՎԱԿ/,
3) անգլերեն` Supreme Certifying Committee /SCC/
5. ԲՈԿ-ն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: ԲՈԿ-ը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. ԲՈԿ-ը կազմված է ղեկավարից, ղեկավարի տեղակալից, ղեկավարի օգնականից, կառուցվածքային ստորաբաժանումներից:
7. ԲՈԿ-ին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. ԲՈԿ-ի գտնվելու վայրն է` ք. Երևան, Կիևյան 16:
II. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. ԲՈԿ-ի նպատակներն են`
1) գիտական աստիճանաշնորհման համակարգի աշխատանքի կազմակերպումը.
2) գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորումը:
10. ԲՈԿ-ի խնդիրներն են`
1) գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման պետական չափանիշների մշակումը և պահպանումը.
2) Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը, դրանց աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը:
III. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. ԲՈԿ-ի գործառույթներն են.
1) մշակում է գիտական աստիճանաշնորհման և գիտական կոչումների շնորհման կանոնակարգերը և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
2) կազմում և հաստատում է այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնցով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ.
3) մշակում և հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը.
4) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդները /այսուհետ` խորհուրդ/.
5) հաստատում է ատենախոսությունների թեմաներ հաստատող գիտական կազմակերպությունների ցանկն` ըստ սահմանված չափանիշների.
6) հաստատում է ատենախոսության պաշտպանության համար անհրաժեշտ որակավորման քննությունների ծրագրերը և այն հանձնաժողովները, որոնք ընդունելու են քննություններ.
7) ուսումնասիրում է որակավորման գործերը, որի արդյունքում` ա/ հաստատում է խորհրդի որոշումը և հանձնում գիտական աստիճանի վկայագիր, բ/ վերադարձնում է որակավորման գործը խորհուրդ` քննարկման, գ/ մերժում է խորհրդի որոշումը գիտական աստիճան շնորհելու մասին.
8) հաստատում է այն գիտական պարբերականների ցուցակը, որտեղ կարող են հրապարակվել ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները` սահմանելով այդ ցուցակում ընդգրկվելու չափանիշներ.
9) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագիր.
10) համապատասխանեցնում է օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրին.
11) հաստատում կամ մերժում է գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական խորհուրդների որոշումները գիտական կոչումների շնորհման մասին` սահմանված չափանիշների համաձայն.
12) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.
13) մասնակցում է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի կազմակերպման գործընթացին.
14) կազմակերպում է խորհրդակցություններ, համաժողովներ.
15) սահմանված կարգով մասնակցում է գիտնականների որակավորման համակարգի գործունեության համար անհրաժեշտ բյուջետային հատկացումների բաշխմանը և իրականացնում պաշտպանությունների ֆինանսավորումը,
16) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանությունը, ատենախոսությունների թվայնացումը,
17) հրատարակում է տեղեկագրեր:
IV. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. ԲՈԿ-ը կառավարում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ` նախարար):
13. Նախարարը`
1) հաստատում է ԲՈԿ-ի կանոնադրությունը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է ԲՈԿ-ի գործունեության հիմնական ուղղությունները.
3) իրականացնում է ԲՈԿ-ի գործունեության վերահսկողությունը.
4) լսում է ԲՈԿ-ի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.
5) վերահսկողություն է իրականացնում ԲՈԿ-ին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
14. ԲՈԿ-ը ղեկավարում է ԲՈԿ-ի նախագահը:
15. ԲՈԿ-ի նախագահին անմիջական հաշվետու են ԲՈԿ-ի նախագահի տեղակալը, օգնականը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
16. ԲՈԿ-ի նախագահը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և նախարարին:
17. ԲՈԿ-ի նախագահը`
1) պատասխանատու է ԲՈԿ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
3) օրենքով կամ ԲՈԿ-ի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.
5) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
6) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի հանձնարարականները.
7) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
8) իր իրավասության սահմաններում տալիս է հրամաններ և ցուցումներ.
9) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
18. ԲՈԿ-ի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալը:
19. ԲՈԿ-ի հաստիքացուցակը ԲՈԿ-ի նախագահի առաջարկությամբ հաստատում է նախարարը:
20. ԲՈԿ-ի նախագահի տեղակալը`
1) գործում է ԲՈԿ-ի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված ոլորտում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ԲՈԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է ԲՈԿ-ի նախագահի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն և արդյունքների մասին տեղեկացնում ԲՈԿ-ի նախագահին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ԲՈԿ-ի նախագահին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է ԲՈԿ-ի նախագահի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
V. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
21. ԲՈԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) Բնական և տեխնիկական գիտությունների բաժին.
2) Հասարակական գիտությունների բաժին.
3) Տեղեկատվության և արձանագրությունների բաժին:
22. ԲՈԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է ԲՈԿ-ի նախագահը` հաստատելով դրանց կանոնադրությունները:
VI. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ
23. ԲՈԿ-ն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
24. ԲՈԿ-ի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով ԲՈԿ-ի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
25. ԲՈԿ-ը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
26. ԲՈԿ-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
27. ԲՈԿ-ի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: